Արտաշես Գեղամյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է հանձնել Համահայկական հռչակագիրը

23.02.2015, Արմենպրեսս

 Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին է հանձնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: Այս մասին Արտաշես Գեղամյանը տեղեկացրեց ԱԺ նիստի ընթացքում՝ ելույթ ունենալով վարման կարգի վերաբերյալ: «Ես նոր եմ վերադարձել Վիեննայից, որտեղ մասնակցել եմ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Պետք է ասեմ, որ ես անձամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին եմ հանձնել Համահայկական հռչակագիրը՝ կատարելով Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացրեց Գեղամյանը:

Նա նաև ընդգծեց, որ ավելի վաղ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բոլոր պատվիրակների հասցեով 6 լեզուներով ուղարկվել է Համահայկական հռչակագիրը, ինչպես նաև «Թուրքիան պետք է ապաշխարի իր պատմական անցյալի համար» խորագրով գիրքը՝ 7 լեզուներով:

Գեղամյանը վստահեցրեց, որ ԵԱՀԿ ԽՎ-ում բոլորը մեծ հարգանքով են վերաբերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հունվարի 29-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ: