31 պատգամավոր հերթագրվել է, ինչ է թե աշխատավարձի մասին հարց ունի. Արտաշես Գեղամյան

23.10.2013, tert.am

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը նկատեց, թե իրենք պետք է քննարկումները ենթարկեցնեն այն հարցադրումներին, որով հանդես է եկել ՀՀ նախագահը և Հանրապետական կուսակցությունը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ստանձնած պարտավորությունների ընթացքում։

«Հիմա պրոֆեսիոնալ Վաչե Գաբրիելյանի փաստարկները և ընդդիմախոսների փաստարկները չէին հակասում Սահմանադրությանը, բայց դե հանձնարարված է այդկերպ հարցը ներկայացնել, ինչն էլ որ արվեց։ Խնդիրը կայանում է նրանում, որ մեր հանրությունը և, ինչու չէ, ընդդիմությունը կասեն ժողովրդի խնդիրները տեսեք, և հիմա 31 պատգամավոր հերթագրվել են, ինչ է թե իրենց աշխատավարձի մասին հարց ունեն»,- հայտարարեց նա։

Արտաշես Գեղամյանը խնդրեց՝ նման խոցելի իրավիճակում հանդես գալուց առաջ պետք է քաղաքական շահարկումները կանխատեսել և կանխարգելել դրանք։ «Կարևոր փաստ պետք է արձանագրել, որ, այնուամենայնիվ, հնարավոր դարձավ 2014թ-ից ՀՀ ամենատարբեր խավերի ներկայացուցիչների աշխատավարձերի բարձրացումը, ինչն իր հերթին կհանգեցնի աղքատության կրճատման, ինչն էլ իր հետևից կբերի արտագաղթի փոքր-ինչ մեղմանն ու աշխատատեղերի ստեղծմանը»,- նշեց նա։

Գեղամյանը հիշեցրեց, Կառավարությունը փորձում է կյանքի կոչել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այն երեք հիմնական հարցադրումները, որոնցով նա հանդես էր եկել նախագահական ընտրություններից առաջ։

«Քննարկումն այս հունով պետք է գնար, և ոչ թե այն հունով, որ գնաց, ինչ էլ բերեց տարընթերցումների»,- նշեց նա՝ ընդգծելով, թե ընդդիմադիր պատգամավորների կողմից նույնպես ճիշտ հարցադրումներ արվեցին։