ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆԻ ելույթը

ընտրողների հետ ՀՀ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության

պատգամավորների հանդիպման ժամանակ

28.10.2004, Կինոյի տուն

Հարգելի՛ ընտրողներ, հարգելի՛ պատգամավորներ.

Բոլորիս է հայտնի, որ իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանի վարչախումբը երկիրը հասցրել է կործանման եզրին, որ տարվող հակաժողովրդական քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում, որ գործազրկություն է, կոռուպցիա, ժողովրդավարական արժեքների ու մարդկանց իրավունքների ոտնահարում, որ շարունակվում է աղտագաղթը՝ ամեն օր հարյուրավոր հայ մարդիկ լքում են հայրենիքը, դառնում պանդուխտ, օտարական և որ այս ամենին վերջ չկա:

Այո՛, վիճակը բոլորիս է հայտնի, մարդկանց ճնշող մեծամասնության համար մեր չքնաղ հայրենիքում ապրելը դարձել է անհնարին, անտանելի և, որ ամենացավալին ու վտանգավորն է, ապագայի նկատմամբ՝ անհույս:

Այս ամենը, սակայն, դեռևս չարյաց փոքրագույնն է. սև, մութ ամպեր են կուտակվում հայոց երկնակամարում: Ամբողջ աշխարհին հայտնի, կրկնում եմ՝ աշխարհին հայտնի ընտրակեղծիքներով իշխանության եկածների վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ վտանգավոր զարգացումներ են ծավալվում: Հարավկովկասյան տարածաշրջանում տարվող համաշխարհային քաղաքականությունը, մեղմ ասած, հայանպաստ չէ: Հայաստանն արհամարհված և դուրս է մղված տարածաշրջանում իրականացվող միջազգային տնտեսական գործընթացներից: Այն, որ Բաքու-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Էրզրում գազամուղը շրջանցեցին Հայաստանը, մեզ՝ հայաստանցիներիս զրկեց տարին մոտ 1 մլրդ դոլլարին համարժեք լրացուցիչ եկամուտից: Դժվար չէ պատկերացնել, թե Հայաստանի մի քանի սանտիմետրանոց բյուջեի պայմաններում այդ փողերը որքան էին մեզ հարկավոր:

Ձախողում է, իհարկե, ձախողում է, արտաքին քաղաքականության կատարյալ ձախողում: Միայն այս փաստը բավական էր, որ Ռ.Քոչարյանն ու Վ.Օսկանյանը դեռ մի քանի տարի առաջ հրաժարական տային: Իսկ հիշո՞ւմ եք, թե Արտաշես Գեղամյանը սրանից դեռ 6 տարի առաջ որքան էր կարևորում Հայաստանի մասնակցությունը Բաքու-Ջեյհան նավթամուղի կառույցին: Դեռ 1998-99 թթ. երբ նավթի միջազգային գինը 1 բարելի համար 10 դոլլար էր, Գեղամյանը ճշմարիտ կանխատեսում էր, որ մի քանի տարի հետո նավթի գինը 3-ից 4 անգամ աճելու է, և որ Հայաստանն այդ նավթամուղից լուրջ օգուտներ կունենա: Սակայն արի ու տես, որ մեր իշխանությունները, ինչպես Գեղամյանն է ասում՝ ջայլամի նման գլուխները ավազի մեջ են մտցրել ու գետնի տակից են նայում, թե աշխարհի երեսին ինչ է կատարվում:

Եթե 1988,89,90թթ. աշխարհի խոշոր տերություններից շատերը անընդհատ խոսում էին Ղարաբաղի բնակչության ինքնորոշման ճշմարտացիության մասին, ղարաբաղյան շարժումը բնութագրում էին որպես ժողովրդավարական շարժում, ապա այսօր և ԱՄՆ-ը, և՛ Եվրամիության անդամ երկրները, և՛ Ռուսաստանն ու Ուկրաինան, էլ չեմ ասում մահմեդական հսկայական աշխարհի մասին, բոլորը միաբերան խոսում և հայտարարություն են անում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

Ձախողո՞ւմ է, իհարկե, ձախողում է, այն էլ ինչպիսի հետևանքներով, շուտով պարզ կդառնա:

Ես օրինական հարց եմ ուղղում պարոնայք Ռոբերտ Քոչարյանին ու Վարդան Օսկանյանին՝ ո՞վ է Ձեզ իրավունք տվել վիրավորել հայ ժողովրդի արժանապատվությունը, ինչո՞ւ եք լռում, երբ մեզ՝ հայերիս, օկուպանտ են անվանում, ինչո՞ւ չեք բողոքում, երբ մեզ ագրեսոր են համարում, երբ ինքնորոշված ղարաբաղցիներին անջատողականներ են կոչում:

Վախենում ե՞ք, իհարկե, վախենում եք: Որովհետև հենց որ խոսեք, իսկույն դեմ կտան, ինչպես քիչ առաջ ասացի, աշխարհին հայտնի ընտրակեղծիքները, դեմ կտան Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և ձևավորած կառավարության ոչ լեգիտիմ լինելու փաստը:

Եվ այս պայմաններում մեր դիվանագետները միջազգային ասպարեզներում, իհարկե, կուզեկուզ ման կգան, այլ ոչ թե հային արժանի հպարտ կեցվածքով: Իհարկե, ինչպես հարկն է չեն պայքարի Հայաստանի շահերի համար: Իսկ մեր իշխանավորներն էլ կանեն այն ամենը ինչ որ կասեն գերտերությունները, միայն թե իրենց կեղծիքների մասին պաշտոնական հայտարարություններ չանեն, թե չէ, իրենք էլ Շևարդնաձեի կամ Չաուշեսկուի օրը կընկնեն: Հետևաբար, Հայաստանում «Եհովայի վկաների» զարգացման ու տարածման համար էլ պարարտ հող կստեղծեն, ազատագրված տարածքներն էլ կտան, Ղարաբաղն էլ կթողնեն Ադրբեջանի կազմում և քանի դեռ կմնան իշխանության՝ Աստված էլ բեթարից ազատի:

Այո՛, դրությունը տագնապալի է և վճռական գործողությունների դիմելու ժամանակն է:

Կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպությունը գտնում է, որ մեր կուսակցությունն իր բազմահազար անդամներով, հզոր կառույցներով, հարյուր հազարավոր համակիրներով ու Արտաշես Գեղամյանի հեղինակած և այսօր էլ ավելի արդիական դարձած «Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ճգնաժամի հաղթահարման» մեր ծրագրով պատրաստ է և պետք է վերցնի իշխանությունը: Ուստի, կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպության անունից պատգամ եմ հղում պատգամավորներին, կուսակցության նախագահությանն ու անձամբ Ձեզ՝ Արտաշես Մամիկոնովիչ՝ վերցնել իշխանությունը:

Եվ ես կարծում եմ, ժամանակն է, որ «Ազգային Միաբանություն կուսակցությունն» ի լուր համայն հայության, ի լուր աշխարհի հանդես գա հայտարարությամբ՝ իշխանությունը վերցնելու և երկիրը կործանումից փրկելու գործում պատասխանատվությունն իր վրա վերցնելու մասին: