ՎԵՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» Վանաձորի տարածքային կազմակերպության անդամ, Վանաձորի թիվ 6 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Ե՞րբ չես հավատում քո երկրի առաջին անձին՝ բարձրագույն իշխանության կրողին…

Մեր օրերում հայ մարդն իրեն տեր չի զգում իր երկրում, իր ապրելու տարածքը չի համարում այն, որովհետև իրավացիորեն չի հավատում իր երկրի թիվ 1 անձին՝ բարձրագույն իշխանության կրողին. ախր, չեն թողնում, որ նախնիներիդ երկիրը քոնն էլ դառնա:

Չես հավատում, որովհետև այդ երկրում ամենաթողություն է, անպատժելիության մթնոլորտ, առկա է ազգադավությունը, համատարած կոռուպցիան ու կաշառակերությունը, սեփականաշնորհման արատավոր գործընթացը, երբ ժողովրդի տասնյակ տարիներով ստեղծածը գրպանում և դրան տիրանում են թալանչիները, ովքեր էլ որ դրանք լինեն:

Երկիր, որից շտապում ես փախչել, որը Հայրենիք չի դառնում քեզ համար, որովհետև սովորական երևույթ են արատները, ուր ոտնահարվում են մարդկանց (ո՛չ «պուզատիների») իրավունքները, խորանում է հասարակության բևեռացումը, բարձր տոկոս է կազմում ստվերային տնտեսությունը, գրպանվում են ահռելի եկամուտներ:

Երկիր, ուր շարունակվում է համատարած աղքատության աճը, ուր կոկորդի չարորակ ուռուցքի պես խեղդում է ազգային ամոթը, հոկտեմբերի 27-ը, և «վերևներում» կատարվող ամեն ինչ արագորեն իջնում է կենսական դաշտ, դառնում սովորական, հենց դրանով իսկ սարսափելի:

Երկիր, ուր քողարկվում են պատվեր-սպանություններն ու դրանց հետքերը, և մեռնում է արդարությունը, ուր բացակայում է պետական մտածողությունն ու առկա է դարերով մասունք առ մասունք հավաքված արժեքների գլխապատառ, անմտածված, իսկ գուցե և մտածված (դրանով էլ ավելի սարսափելի) ոչնչացումը:

Երկիր, ուր անդունդի եզրից կախված պարանի պես տարուբերվում է Արցախի հիմնահարցը, ու ոչ մի հրաշքով սրբազան չի թվում նրա ազատության զոհերի թափած արյունը:

Երկիր, ուր սոցիալական անլուծելի խնդիրների, թշվառ կենսակերպի հիվանդությունների զոհ են դառնում հազարավոր մարդիկ, ու երբ էլ չի ծնվում գիտակցված ցավ. «Ախր, մի բուռ ենք, ու նա՛ էլ, նրա՛նք էլ մեզնից էին»:

Երկիր, ուր վտանգված է ազգային ինքնությունը, բազմաթիվ զոհողությունների գնով ձեռքբերված անկախ պետականությունը:

Երկիր, ուր կոալիցիան՝ «հաղթողների եռապետությունը», իր լոզունգով բաժանեց հաղթական ավար իշխանությունը՝ «Տիրիր, որ բաժանես՝ ձեռքբերված ավարդ ամուր պահելու համար»: Հնարավորինս կառչելով նույն այդ իշխանությունից՝ ավարի մաս դարձնելով կրթության և առողջապահության ոլորտները: Չկա ազատ խոսք, ազատ մամուլ, հաղթարշավում է գռեհիկ խոսքը՝ գռեհիկ մտածողությամբ «զարդարված»:

Երկիր, ուր բարոյալքվում է մարդը, դադարում է հավատալուց, հուսալքվում է նաև վաղվա քաղաքացին, որովհետև նա ապագան վարդագույն չի տեսնում, բնավ պաշտպանված չէ սահմանադրորեն կամ ԱԺ-ում միայն չակերտավոր ամրագրված ու կյանքում քննություն չբռնող օրենքներով: Մեր իշխանությունները մեզ պարտադրել են վախի մթնոլորտում ապրելն ու վաղվա օրվա հարցականը և շարունակում են մեզ այսպես անհեռատեսորեն օտարել դարավոր մշակույթից ու ազգային ինքնատիպ դիմագծից:

Մերօրյա իշխանության բնութագրականն այսպիսին է. սեփական ժողովրդին իրենցից փշալարերով օտարած իշխանություն:

Սեփական ժողովրդին սոցիալական բազմաբնույթ կնճռոտ խնդիրներ առաջադրած, ընտրություններին վաճառվողի հոգեբանություն ներշնչած, ողորմելի նպաստից ու կենսաթոշակից կառչող դարձրած, անուժությունից միայն տվյալ օրվա մասին մտածող, նրան բուսակենդանական մակարդակի տանող իշխանություն:

Սա մեր աշխատասեր ժողովրդին աշխատելու իրավունքից զրկած, նրան սուտ տոկոսներով ու թվաճով կերակրող ազգային բոլոր տեսակի՝ նյութական ու բարոյական արժեքները փոշիացրած իշխանություն է: Հազարամյակների մեջ երբեք օտարի կրունկ ու բռնություն չհանդուրժած արցախցիների հերոսապատումը տարածքային վեճի վերածած ու արժանապատիվ արցախցու սրբազան պայքարը ռասսայական նեղմտության մակարդակի, էթնիկական զտման ըմբռնումի վերածած ու նրա ճակատագիրը հարցականի տակ դրած իշխանություն է: Սա հայ կնոջը «խոպանչի» դարձրած ու հայ տղամարդուն ստորացված արժանապատվությամբ պարապ կեցվածքի պարտադրած, մեր ժողովրդի դարերով ինքնատիպ, բարոյական չափանիշներն ոտնահարելի դարձրած իշխանություն է. չպետք է մոռանանք՝ մենք փոքր ազգ ենք և իրավունք չունենք «ազատ» երկրի բարքերն ընդօրինակելու:

Սա հայ երեխայի, արժանավոր մարդու կերպար դաստիարակողի, նրան կրթելու, մտավոր սնունդ տալու նպատակով ստեղծված, ազգային, մշակութային ու հոգևոր արժեքները, ազգի գենային հզոր դիմադրողականությունը և ոգեղեն ուժի գաղտնիքն ամրագրող, ազգային ավանդույթներով հարուստ դպրոցը քանդող, հայ ուսուցչին վարկաբեկող իշխանություն է:

Կրթության ոլորտի ներկայացուցիչ լինելով՝ առիթից օգտվելով պիտի որոշ երևույթներ մանրամասնեմ: Պետական դպրոցի կորուստը ծանր կորուստ է. արդեն կորցրինք այդ դպրոցը, առավել ևս, երբ մի հարվածով անպետք լաթի պես դուրս շպրտեցին նրա մտավորականին: Երևի քիչ էր թվում, որ անորակ էին ու դպրոցին պարտադրվում էին առանձին առարկաների դասագրքերը, իբր քի՞չ էր, որ խաթարվում էր ազգային դպրոցի դիմագիծը սովորեցնողի հոգեբանությունը: Դպրոցը գլխատելով՝ միանգամից արհեստականորեն դուրս մղեցին ավագ սերնդին՝ թոշակառուներին, փոշիացրին կուտակված հսկայական փորձը, իսպառ վերացրին դպրոցը լավ ուսուցիչներով զինելու սերնդափոխության խնդիրը:

Հայոց դպրոցը քանդելու ծրագրված ոճրագործությանը լծվեցին տնօրենների մեծ մասը՝ նյութական շահագրգռությամբ նեղ, անձնական դրդապատճառներից ելնելով: Կրճատման սպառնալիքն ուսուցչին դարձրեց անդեմ, բնազդորեն թշնամի իր «հացը խլող» գործընկերոջ դեմ, բարոյալքեց ծնողների և աշակերտների մեծ մասին: Սովորեցնելով միայն վատն ու արատավորը՝ նրանց հանեց հարգանքի ու սիրո, ակնածանքի արժանի երբեմնի նվիրյալ ուսուցչի դեմ: Ասենք՝ էլ ի՞նչ մնաց այդ ակնածանքից: Դատարանի դռներին ու դատական քաշքշուքների մեջ հայտնված ուսուցիչը, որին տեսնելիս գլխարկ էին հանում իբրև հարգանքի նշան, դարձավ արհամարհված ու խոցելի: Եվ ստորացման ու արհամարհանքի «գործընթացը» շարունակում են դասի չեկող, միայն «գերազանց» գնահատական պահանջող, երկու ատեստատով տարբեր քաղաքների ԲՈՒՀ-երում քննություն տվող, նաև իրական գնահատականներն ու դրանք նշանակող ուսուցիչների ստորագրությունները կեղծել պահանջող աշակերտների լավ, «хороший» ծնողների «արդար» պահանջին ըմբռնումով մոտեցող, այդ ատեստատներն ու վկայականները «գերազանց»-ով զարդարող, բանսարկություններ հրահրող ու դրանք ղեկավարող տնօրենները: Հիշենք՝ այդ կեղծված փաստաթղթերի նիշերը, որքան են ազդում ընդունելության քննությունների իրական արդյունքների վրա, և իսկական լավագույնները մնում են դրսում՝ անվճարունակության պատճառով: Լավագույն դեպքում նրանցից քչերն են միայն հայտնվում վճարովի համակարգում: Իսկ որքան անարժաններ են ուսանողի կարգավիճակ ձեռք բերում՝ տարրական գիտելիքներ չունենալով: Ազգի ապագա (նաև ներկա) մտավոր ներուժի մի մասը ճարահատ դառնում է մատուցող ու …: Իսկ որքան նվիրյալ ուսուցիչներ, հիասթափված, իրենց ընտանիքներով համալրեցին հայրենիքը լքողների քարավանը: ԿԳ նախարարությունում գիտե՞ն արդյոք՝ ինչպես են վարվում դատը շահած ուսուցչի հետ. նրա դեմ են հանում անչափահասին (քրեորեն պատժելի արարք), նրա ծնողին, էժանագին ինտրիգներով վարկաբեկում են դպրոցաքանդ գործընթացին խոչընդոտել փորձող լավ ուսուցչին:

Իսկ ի՞նչ հեքիաթներ են հնչում ուսուցչի բարձր աշխատավարձի մասին, երբ, ասենք, մայրենի լեզվի և գրականության ուսուցիչն աշխատում է 12-18 դ/ժամով խմբերի չբաժանվող 35-37 աշակերտների հետ և կանգնում ուսումնական տարեկեսից միանգամից 4-ից 8 ուսուցչի ձեռքով անցած ու մի դասարանում չակերտավոր միավորված աշակերտական կոլեկտիվի հետ աշխատելու գերխնդրի առջև: Դաստիարակչական ի՞նչ աշխատանք, հոգածության ինչպիսի՞ սահմաններ են պետք երկրաշարժ, մութ ու քաղց տեսած, այլ ստրեսներից, հոգեբանական բարդույթներից ու նաև այս նոր ստրեսներից ազատվելու համար, որոնց ենթարկվել են թե ուսուցիչը, թե աշակերտն ու նրա ծնողները. հարց է՝ որքանով կստանան հարկավոր ուշադրությունն ու հոգատարությունը, գիտելիքն ու դաստիարակությունը: Կստացվի՞ արդյոք աշխատանքը թույլ հիշողությամբ, հեշտ խոցելի, թերսնված այս սերնդի երեխաների հետ:

Ո՞վ է ստուգում այսօրվա աշակերտների իմացությունը, որոնց նշանակվող գնահատականների մեծ մասը չի համապատասխանում նրանց փաստացի գիտելիքներին: Աշակերտների մի մասը ավարտական դասարաններում դպրոց չի հաճախում, մեկ-երկու ամսով անգամ դպրոցից դպրոց է գնում 10-րդ դասարանի կամ այնտեղ հայտնված (երբեմն տարիներ ընդմիջած) աշակերտների մի մասը: Աշակերտներ, որոնք չեն կարդում, չեն ճանաչում իրենց ազգի մեծերին, տարրական գիտելիքներ չունեն անգամ հայոց պատմությունից ու գրականությունից (միթե՞ ակնհայտ չէ, որ մտքի տգիտությունն անիրազեկության արդյունք է), չունեն բանավոր ու գրավոր հարուստ խոսք, չեն տարբերում աջն ու ձախը, որովհետև մոռացված առարկա է ֆիզկուլտուրան, անիրազեկ են կերպարվեստից ու երաժշտությունից: Մեկ-երկու տարի պարապելով՝ համեմատաբար ընդունակներն էլ ամենագետի թմրանյութ են ընդունում: Եվ այս ամենին նպաստում են այն պաշտոնյաները, ովքեր իրենց դպրոցաքանդ գործելակերպով, պրիմիտիվ դրամաշնորհային ծրագրեր մուտքագրելով դպրոց, կրթօջախները գույքով ու լաբորատոր սարքավորումներով վերազինելու նպատակով (կամ դրա անվան տակ) ստացված հսկայական գումարները սեփականացնելու ու դրանց տիրանալու անհագ ծարավով, հապճեպությամբ արագացրին կադրային ջարդն ու արատների խորացումը դպրոցում:

Ովքե՞ր են փոխարինելու դեռևս թոշակի տարիքի չհասած, 18-28 տարի դպրոցին նվիրված ուսուցիչներին, կա արդյո՞ք նրանց փոխարինող պոտենցիալ ուժը, երբ շրջանավարտը դպրոց չի գնում, ԲՈՒՀ-ն ավարտողն էլ աշխատանք չունի:

Հարց է ծագում. եթե արցախյան պատերազմն օրվա խնդիր լիներ, կունենայինք արդյո՞ք բավարար ֆիզիկական ներուժ կամ կունենայինք արդյո՞ք անձնազոհ խիզախների նոր սերունդ:

Հարցերը գորդյան թնջուկ են դառնում: Այսպես շարունակվելու դեպքում երևի կորցնելու ենք արդեն քարտեզագրված այս մի պատառ հողը, և, Աստված մի արասցե, որ ընտրյալ ժողովուրդներից մեկի երկիրը վերածվի սոսկ տարածքի, և այսպես լուծվի Հայկական հարցը: Ի՞նչ պատասխան է տալու հինգհազարամյա հային ֆիզիկապես ու նրան բոլոր արժեքները տանուլ տալու ակնհայտ փաստի առջև կանգնեցրած այսօրվա նեղմիտ ու անհեռատես պետական և քաղաքական գործիչը: Չէ որ ոչ մի սուլթան Աբդուլ Համիդ այդքան հայ չտարագրեց, որքան սրանք: 1908 թ. թուրքական չակերտավոր հեղափոխությունը հայերին այնքան չխաբեց, որքան այս իշխանությունները:

Սա դավաճանություն էր սեփական ժողովրդին, սատարում հայատյաց ու հայասպան դաժան բռունցքին:

Մոտ երկուհազարամյա հայ քրիստոնյան այսօր կորցնում է դարերով իրեն պահած հավատը, Աստվածաշնչի ու նարեկացիական ապրելու համամարդկային երանիին հասնելու երազանքը: Ո՞վ է լինելու վաղվա քաղաքացին, բժիշկն ու լեզվաբանը, պատգամավորն ու նախագահը, ու՞մ օրինակով: Հոռետեսության կոչ չեմ անում, հոռետեսությունը դեմ է մարդկությանը:

Պարոն Գեղամյան, ելք է պետք գտնել՝ արագ, անհետաձգելիորեն: Ձեզ հավատալով՝ դիմում ենք Ձեզ. Ձեր շուրջը համախմբեք առողջ, քաղաքական ու կուսակցական անկաշառ բոլոր ուժերին, ազգի «հետո»-ով մտահոգ մտավոր ներուժին, զորեղ, հայրենասեր բոլոր անհատներին, այստեղ և Սփյուռքում հայանպաստ, հայափրկիչ առաքելություն իրականացնողներին, բոլոր սփյուռքահայերին, որպեսզի փրկենք երկրի խոշտանգված պետականությունը, յուրաքանչյուր հայ մարդու: Փորձեք փրկել ինչ դեռ հնարավոր է փրկել: Փորձեք անհնարինը դարձնել հնարավոր, կորցրածը վերագտնել: Սա շատ դժվարին, իրոք, անհնարին թվացող մի առաքելություն է, որը կյանքի կկոչվի միմիայն տառապանքով ու նվիրումով, հավատով Ձեր ուժերի նկատմամաբ և կորցրածը հետ բերելու անկոտրում կամքով: