ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ

09.03.2005

Սիրելի՛ ժողովուրդ, կոնֆերանսի պատվիրակներ են ընտրվել 617 մարդ, բայց, ինչպես տեսնում եք, եռակի ավելի մարդ է եկել ներկա լինելու մեր աշխատանքներին: Ով ոտքի վրա է հարկադրված լինելու մասնակիցը դառնալ համաժողովին, նրանցից խոնարհաբար ներողություն եմ խնդրում:

Սիրելի՛ ժողովուրդ, «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և «Ազգային Միաբանություն կուսակցության» խնդիրները» հարցը դարձել է օրակարգային, քանի որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը հայտնվել են ծայրաստիճան վտանգավոր զարգացումների նախաշեմին: Եվ ամենևին պետք չէ լինել Սողոմոն իմաստուն, որ գիտակցես այն վերահաս վտանգները, որոնք ծառացած են մեր ազգի, մեր ժողովրդի, հայության և հայոց պետականության առջև: Դրա ամենավառ ապացույցներն այն բոլոր հանդիպումներն ու քննարկումներն են, որոնց մասնակիցը դարձան «Ազգային Միաբանություն կուսակցության» Ազգային Ժողովի այն պատգամավորները, ովքեր ականատեսն են եղել թե՛ Եվրախորհրդում, թե՛ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, թե՛ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում ծավալված քննարկումներին: Բնականաբար, ելույթ ունենալուց առաջ մտածում էի՝ լավ, ստեղծված իրավիճակը ո՞ր իրավիճակի հետ համեմատեմ, ի՞նչ զուգահեռներ անցկացնեմ, որն ընդունելի ու հասկանալի դառնա ոչ թե մեր ժողովրդի համար, ժողովուրդը բնազդով զգում է այդ վտանգները, այլ ըմբռնելի լինի իշխանությունների համար, ովքեր ինքնահանգստության թմբիրից մինչ օրս դուրս չեն եկել, ովքեր առիթը բաց չեն թողնում ասելու, որ տնտեսական աննախադեպ աճ կա, երկիրն էլ իր ապրուստով արդեն մոտենում է շվեյցարական կոնֆեդերացիային: Ասես թե այս մարդիկ Հայաստան աշխարհի հետ բացարձակապես և ոչ մի առնչություն չունեն: Իրողություն, որը մեզ համար պարզ ու հասկանալի էր դեռ տարիներ առաջ: Այդ մարդկանց պորտալարը հայոց հողի հետ և ոչ մի առնչություն չունի: Կրկնում եմ, հայոց հողի հետ՝ Արցախը ներառյալ…

Եվ ակամայից մտորումները տանում-հասցնում են 1915 թ., Եղեռնի զարհուրելի օրերը, որի 90-ամյա տարելիցը ձեզ հետ այս տարի պետք է նշենք: Հիշում ես մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, որը տեղ ու դադար չուներ, անքուն գիշերներ էր անցկացնում, Թիֆլիսից գնում էր Ալաշկերտ, Արդահան, գնում էր Սարիղամիշ, որբուկ մանչուկներին հավաքում, Իգդիրի վրայով բերում Էջմիածին, տեր կանգնում նրանց: Կինը՝ Օլգան, նամակ էր գրում Հովհաննեսին՝ տրտնջում, ասելով. 4-5 տարեկան որբուկներին տեր ես կանգնել, չէ՞ որ քո տղաները 18-19 տարեկան են և տասը երեխայի հայր ես: Քո որդուն, ավագին՝ Համլիկին, տանում են ռազմաճակատ, որովհետև ուսման վարձը չի կարողացել տալ, իսկ դու օտարի երեխային ես տեր կանգնում: Այդ դժնդակ օրերին ամենուր համաճարակ էր՝ տիֆ էր, խոլերա էր, տրախոմա էր, դիզինտերիա էր, դիակները չէին հասցնում հողին հանձնել, ջրերն էլ վարակված էին: Մեծ բանաստեղծը ջրկիրների հետ կում-կում երեխաներին ջուր էր տանում: Ո՞ւր է և ո՞վ է այսօր այդ բանաստեղծը, չէ՞ որ վտանգված է մեր ազգը: Ունենք բարոյականությունը բարձր պահած մի կին՝ Սիլվա Կապուտիկյան, որի ծննդյան 85-ամյակը այդպես էլ պետականորեն չնշեցին: Ո՞վ է այն Թումանյանը, որ վաղը մյուս օրը վերահաս վտանգի ժամանակ կոչով դիմի ժողովրդին, վերջինս էլ անսա նրան, իմանա, որ այդ կոչի հետևում ոչ թե սեփական երեխաների բարեկեցությունն ապահովելու տենչանքն ու ցանկությունն է, այլ ժողովրդին ամոքելու, ժողովրդին փրկելու, ճիշտ ճանապարհը ցույց տալու մղումը… Եվ պատահական չէ, որ ակամայից մտաբերում ես բարոյալքության այն դրսևորումները, որոնք հետագայում բերեցին ավելի մեծ բարոյալքության: Արդեն իսկ Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը 1921 թ. խռովության ժամանակ, փետրվար ամսին, ի՞նչ եք կարծում, ո՞ւմ է դիմում օգնության համար: Դիմում է Մուստաֆա Քեմալին՝ ասում է, զորքերդ բեր իշխանությունս պահեմ…

Ինչո՞ւ եմ պատմական այս զուգահեռները տանում, որովհետև այսօր ազգը պառակտված է: Պառակտել են ոչ թե ժողովրդին, այլ ժողովրդի երբեմնի ընտրանուն: Ազգի մտավորականությանը տարան Ազգային ակադեմիայի դահլիճ, ստիպեցին, պարտադրեցին, որ երդվեն հավատարմության մեջ առ պարոն Քոչարյանը, ասեն, որ խելքներն իրենցը չի, ուզում են հենց նա դառնա երկրի նախագահը: Կարիքից կքված, հարկադրված, ստիպված էին դա անել մեր ազգի երևելիները: Իսկ այնտեղ կային բոլորիս համար դեռ մինչ այդ օրերն ընդունելի մարդիկ, հայի անունը բարձր պահող, բարոյական բարձր չափանիշներ ունեցող մարդիկ: Ո՞ւր են այժմ նրանք, չկան, անգամ իսկ անհարմար են զգում փողոց դուրս գալ, որովհետև հայ մարդը՝ պարկեշտ լինելով, խոհեմ լինելով, կարող է երեսներին չթքել, բայց գլուխը հաստատ կթեքի:

Եվ, ահա, այստեղ է, որ «Ազգային Միաբանություն կուսակցությունը»՝ կրելով այդ անունը, պարտավոր է, այո՛, պարտավոր է, փնտրել միաբանության այն եզրերը, որոնք կհամախմբեն ժողովրդին, ուժ, վճռականություն և կամք կհաղորդեն նրան՝ վերահաս վտանգները դիմակայելու, դիմագրավելու համար: Եվ մեր այս կեցվածքը, չգիտես ինչու, խանդ է առաջացնում մեր գործընկերների մոտ, և թշնամանք՝ հին ու նոր իշխանավորների շրջանում: Երկու տարվա ընթացքում հազիվ կարողացանք ինֆորմացիոն շրջափակումը ճեղքել և երկու օր առաջ վերջապես ուղիղ եթեր տվեցին: Այն էլ հարկադրված էին գնալ այդ քայլին այն պարզ պատճառով, որովհետև Ստրասբուրգում հնչած իմ ելույթներն այլևս լռեցնել չէին կարող, և ոչ մեկի համար հասկանալի ու պարզ չէր դառնա՝ պատճառն ի՞նչ է: Եվ այդ ընթացքում անամոթաբար ասում են՝ Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն չկա, Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր քաղաքական ուժ չկա: Դե եկեք ու նայեք, աչքերդ էլ կպնի, կա, թե՞ չկա: (Բուռն ծափահարություններ):

Բնականաբար, այսօր իշխանություններին փնովելու ժամանակը չէ, տեղից վարկաբեկված են. մի երկու նախշ ավել, մի երկու նախշ պակաս, մեկ է՝ սատանան հրեշտակի տեղ չի կարող անցնել: Ուստի, եկեք հասկանանք, գիտակցենք՝ տնտեսապես և սոցիալապես ի՞նչ իրավիճակում է հայտնվել Հայաստանի Հանրապետությունը, արդյոք այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհները տեսանելի՞ են իշխանությունների համար և կա՞ն արդյոք դրանք: Իհարկե, կան: Հենց վերջերս՝ 3 օր առաջ, լույս տեսավ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկագիրքը: Պարզ է, նույն օրը փորձեցի խորին վերլուծության ենթարկել այնտեղ նշված փաստերն ու թվերը: Եվ ի՞նչ եք կարծում՝ ավելի ողբալի վիճակ, քան այսօր Հայաստանում է նկարագրել հնարավոր չէ: Մի քանի թվերով ու փաստերով հիմնավորեմ ասածս, որ վաղը, մյուս օրը հանկարծ, ավա՜ղ, շատ ազնիվ լրագրողներ ստիպված չլինեն իրենց տերերի կողմից թելադրված՝ հարկադրաբար գրելու և ասելու, որ Գեղամյանը մերկապարանոց հայտարարություններ արեց: Ահա, այսպես, անցյալ տարի 700 աշխատատեղեր են կրճատվել Հայաստանի Հանրապետությունում: Թվերն էլ ասեմ, ուշադիր գրեք, որ վաղը, մյուս օրը շառ չանեք. 1 միլիոն 111 հազար 600 մարդ զբաղված է եղել 2003 թ., 1 միլիոն 110 հազար 900 մարդ՝ անցյալ տարի՝ 700-ով աշխատատեղերը կրճատվել են: Բայց խնդիրը դա չէ, գրում են, որ ոչ բյուջետային յուրաքանչյուր հիմնարկում աշխատողի միջին աշխատավարձը ամսական կտրվածքով կազմում է 54-ից 56 հազար դրամ: Մինչդեռ ոչ բյուջետային ոլորտում աշխատում են ընդամենը 890 հազար 900 մարդ, որոնք իրենցից բացի պետք է կերակրեն 2 միլիոն 300 հազար մարդու: Այսինքն՝ 2 աշխատող ապահովում են 5 հոգու ապրուստ: Եթե անգամ իսկ այդ գումարը կարողանանք հավասարաչափ բաշխել ազգաբնակչության միջև, յուրաքանչյուրին ամսական բաժին է ընկնում 21 հազար դրամ: Դա էլ այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղը 28 հազար է: Բայց մենք գիտենք չէ՞, որ հավասար չի բաշխվում: Մի ամբողջ ազգ սովի է մատնված, մի ամբողջ ազգ թերսնված է: Երբ կարմրուկի, վարակիչ մյուս սուր հիվանդությունների վտանգավոր աճի մասին հայտարարեցի խորհրդարանական 3 րոպեանոց հնարավոր հեռուստաեթերով, ի՞նչ եք կարծում, վիճակագրական ծառայության պաշտոնական տարեկան տեղեկագրքից այդ տվյալներն արդեն հանել են: Փոխանակ հիվանդին դարմանեն, հիվանդին բուժեն՝ տողերն են հանել:

Մի ամբողջ ազգ թերսնված լինելու պայմաններում ի՞նչ են անում իշխանությունները: Իշխանություններն իրենց լրատվամիջոցներով դիմում են մեզ՝ ընդդիմությանը, ասում են, Դուք միայն Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին եք քննադատում, ինչո՞ւ չեք ասում՝ թալանը որտեղից է: Երեկ չէ առաջին օրը հեռուստատեսությամբ հուշեցի՝ որտեղից է : Արձագանք չկա, բայց չէ, որ հասցեներ տվեցի: Բա կանգնեք ասեք՝ կամ ես զրպարտիչ եմ, կամ գողին աշխատանքից անհապաղ հեռացրեք: Գողերին: Որպեսզի հանկարծ չստացվի, որ մեր իշխանավորները, որևէ մեկը պատճառաբանեն, որ այդ հաղորդումը չեն լսել, բարեբախտաբար, այստեղ ամենատարբեր հեռուստաալիքներից լրագրողներ կան, թվային որոշ փաստեր հիմա էլ ներկայացնեմ բոլորիդ դատին և ուշադրությանը: Ուրեմն, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ, 2003 թ. ցորենի ռեսուրսը 151 հազար տոննայով ավելի պակաս է եղել Հայաստանում, քան 2004 թվականին: Մոտավորապես ճիշտ այդքան ավելի պակաս է եղել ցորենի ռեսուրսը 2002 թվականից նույնպես: Բա էդ ո՞նց է ստացվում: Ստացվում է շատ պարզ, որովհետև մաքսային կետերում այդ խմբաքանակները չեն գրանցվում: Իսկ 151 հազար տոննան, սիրելի ժողովուրդ, երեք հազար վագոն է, մեկը չի, երկուսը չի, որ արանքում պլստացնեն: Երեք հազար վագոն ո՞ւր է գնացել: Ամեն տոննայից պարտավոր էին 22% ավելացված արժեքի հարկ մուծեին, 10% էլ՝ մաքսային տուրք, այսինքն՝ 32% գանձվեր բյուջե: 140 դոլար էլ մեկ տոննայի արժեքն է՝ հստատագրված: Տասնյակ միլիոններ գրպանվել են: Այդ ինչո՞ւ 2003 թվականին գրպանվեցին, որովհետև ճիշտ 2 տարի առաջ՝ հենց այս նույն օրը՝ փետրվարի 19-ին, նախագահական ընտրություններ էր: Բա տղերքը փող են ծախսել չէ՞, կաշառել են չէ՞ մեր, ցավոք սրտի, խեղճ ու կրակության գիրկը նետված տասնյակ հազարավոր մարդկանց: Փողեր են չէ՞ բաժանել ընտրական հանձնաժողովին, բա պետք է հետ բերեն չէ՞ տղերքը:

Մի քանի օր առաջ պարոն Քոչարյանը հանդիպեց հարկային ծառայության պետի հետ: Նշվեց, որ 2005 թ. հունվար ամսին բյուջեն հավելյալ 2 միլիարդ դրամ է մուտքագրվել, սոցիալական ապահովության հիմնադրամ հավելյալ 1 միլիարդ 100 միլիոն դրամ՝ 2004 թ. հունվար ամսվա համեմատ: Է, մենք էլ գիտենք՝ նոր հարկատուներ չեն գոյացել, աշխատատեղերն էլ, ասացի, դեռ 700-ով պակասել են: Որտեղի՞ց այդ փողերը: Թալանը մի քիչ կտրեցին, որովհետև տեսան՝ թալանի գլխում կանգնածների հետ ոնց է վարվում ժողովուրդը Վրաստանում և Ուկրաինայում, վախեցան: Ախորժակները մի փոքր սահմանափակեցին, համ էլ հիվանդություն ստանալու վտանգը կար՝ արդեն սրտի յուղակալում կարող է ստանային այդքան ուտելու պայմաններում: Այ, սա է ճշմարտությունը: Եվ եթե տարրական թվաբանության հիմքերին տիրապետում են, իսկ տղերքը գումարել ու բազմապատկել գիտեն (անօրեն դիզած հարստությունը վկա), հանել ու բաժանել չգիտեն, ապա պետք է քաջատեղյակ լինեն, որ միայն այս պարագայում տարեկան կտրվածքով 70 միլիոն դոլարին համարժեք գումար շրջանցել է Հայաստանի Հանրապետության բյուջեն: 70 միլիոն դոլարի հետ խա՞ղ ենք անում: Հետո էլ ասում ենք, չհասկացա՞նք, այս ոնց է, որ դոլարի փոխարժեքը Հայաստանում ընկնում է, մինչդեռ եվրոյի նկատմամբ աճում: Անշուշտ, այդ 70 միլիոն չհաշվարկված գումարը տղերքը հո դրամով ադեի բալիշի տակ չեն դնում պահում, չէ՞: Դոլարի են վերածում, Հայաստանից դուրս հանում: 70 միլիոն դոլար: Տասնյակ միլիոններ էլ, ասացի, գրպանվում է ցորենի հետ կապված: Է, հիմա, էլի եմ դիմում Ձեզ՝ լրագրողներ, ասածս տեսագրեք, հեռուստատեսությամբ էլ ցույց տվեք, պրն Քոչարյանն էլ թող տեսնի. եթե ի զօրու է հիմա պայքար ծավալել համատարած կոռուպցիայի դեմ, գնանք կողքը կանգնենք՝ միայն կաշառակեր գողերին բռնենք, թալանչիներին դնենք համաժողովրդական դատի, որ մնացած բոլորի համար խրատ լինի՝ ինչ է նշանակում թերսնված 3 միլիոն ժողովրդին կողոպուտի ենթարկել: Թերթերին էլ՝ ասացի հասցեները, բա մի հետաքրքրվեք, ցորենը կա՞րող է Գեղամյանը, Կարապետյանը, Առաքելյանն են ներկրում Հայաստան կամ Մուրադխանյան Սաքոն՝ իր քաղաքային ակտիվով, կամ էլ ընդդիմադիր մյուս դաշտի մեր գործընկերները: Իհարկե, ոչ: Դե թող ընդդիմադիրներից մեկը փորձի բիզնեսով զբաղվի՝ տեսեք գլխին ինչ օյիններ կբերեն: Ի՞նչ, կարծում եք մոռացել ենք, թե ինչպիսի զարհուրելի հաշվեհարդար տեսան մեր անվանի բիզնեսմենների նկատմամբ: Մտաբերենք երջանկահիշատակ Վանիկ Թորոսյանին, Դիոնիս Մարգարյանին՝ դաժանաբար սպանված Հայաստանից դուրս, բայց, անկասկած, հայաստանյան պատվերով: Հիշենք Ռաֆիկ Շահմուրադյանին, որը վերջերս դարձյալ սպանվեց Հայաստանից դուրս՝ հայաստանյան պատվերով: Նրանք բոլորն էլ ազնիվ բիզնեսով էին զբաղվում, իրենց «կտուր» կոչեցյալն էր մենք էինք, ժողովուրդն էր և ոչ թե բարձրաստիճան առանձին չինովնիկներ կամ նրանց քաղաքական սազանդարները: Հրաշքով մազապուրծ եղավ անվանի ձեռներեց, «Լևոն Մարկոս» ֆիրմայի տնօրեն Լևոն Գրիգորի Հովհաննիսյանը: 17 միլիոն դոլարի չափով «քցեցին» մարդուն: Հետո էլ գրասենյակի վրա գրանատամյոտով կրակեցին: 17 միլիոն օրը ցերեկով: Մաքուր հայ մարդ է, արդարության հասնելու հույսը դեռ չի կորցրել՝ պրեզիդենտին բաց նամակներ է գրում: Էլ ինչ շառ, շուռ ասես չկպցրեցին մարդուն: Է, եթե այդքան շառ ու շուռ եք անում, պարոնայք իշխանավորներ, իսկ այդ ո՞նց է նրա բիզնեսը Ռուսաստանում ծաղկում: Իսկ ի՞նչպես է ծաղկում մեր մյուս հայրենակիցների բիզնեսը, նրանց բոլորի անունները հատիկ-հատիկ կարող եմ տալ, բայց այստեղից այնտեղ կարող է իրենց վնասեն: Այնուամենայնիվ, մի երկուսինը նշեմ, որ չասեն՝ էդ ինչո՞ւ է միայն Լևոն Մարկոսինը տալիս: Կրասնոյարսկում, Խաբարովսկում՝ Ալեքսանդր Միկոյանը, փառահեղ բիզնեսմեն է: Առիթ է եղել հարցրել, հետաքրքրվել եմ, լավ, տղերք, այս ո՞նց հասկանանք, ինչո՞ւ չեք գալիս, չեք շենացնում մեր հայրենի ոստանը: Ասում են՝ Լյովայի գլխին բերածը բոլորիս դաս եղավ: Նույնն ասում են Կալինինգրադի մեր ընկերները: Նույնն ասում են Արևմտյան Եվրոպայի երկրներում հայ ձեռներեցները: Է, որովհետև նրանք սովոր են բնականոն զարգացող բիզնեսի, որովհետև սովոր են պաշտպանված լինել ոչ թե զանազան «կռիշաներով», որոնց երբ գործից հանում են, իրենց հովանու ներքո գտնվող ձեռներեցների սպանությունն անհապաղ տեղի է ունենում, այլ սովոր են պաշտպանված լինել օրենքով:

Այնուհետև, բոլորս գիտենք, երկրում տնտեսական ահավոր հիվանդություններ կան. բերեմ հետևյալ խոսուն փաստը: Անցյալ տարի, համաձայն դատական որոշումների, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և սոցիալական ապահովության հիմնադրամ պետք է բռնագանձվեր 37 միլիարդ դրամ, այնինչ գանձվել է ընդամենը լուրջ 6 միլիարդ դրամ: 31 միլիարդ դրամը, որը պետությանն էր, որը թոշակառուներինն էր, 520 հազար թոշակառուներինը, չի գանձվել: Համատարած չի գանձվում: Արդյունքում՝ ի՞նչ. ով, ժողովրդական լեզվով ասած, պետական «թավանի» տակ է, հարկադրված է փակել իր բիզնեսը կամ էլ մտածում է ոնց անի այն դուրս բերի Հայաստանի Հանրապետությունից: Իսկ առավել համարձակները մտածում են, ինչպես անեն, որ կարողանան բիզնեսը պահպանելով՝ սեփական դեմքը չկորցնեն, որովհետև եթե իշխանավորների ստրուկն ես՝ ճանապարհ ունես, եթե իրենց ստրուկը չես՝ բացարձակապես հույսդ կտրի, որ Հայաստանում կարող ես ձեռներեցությամբ զբաղվել:

Ահա, այսպես, բյուջե չմուտքագրված 70 միլիոն դոլարը այնտեղ, տասնյակ միլիոններ բյուջեն շրջանցած ցորենի գործով գրպանված գումարներ, 31 միլիարդ չբռնագանձված միջոցներ, երբ այս բոլորը գումարում ենք, թիվ է անում: Բյուջեին համահավասար թիվ: Ահա սա է, որ ասում էինք՝ կարելի է բյուջեն կրկնապատկել, միայն թե թալանչիների առաջն առնենք: Հարցնում էին աղբյուրը որն է, ասում եմ աղբյուրը: Տե՛ր կանգնեք: Նեղն եք ընկել արդեն, վաղը, մյուս օրը դիմելու եք ժողովրդին, պաշտպան էլ չունեք Ձեր թիկունքին կանգնած, հարկադրված եք արդեն 19-րդ դարից տղա բերել Ձեզ պաշտպան, հեռուստաեթերով էլ ասում են՝ միաբանվեք իշխանությունների շուրջ: Հարցազրույցներ են տալիս, խրատներ անում… Այս ասածս էլ գրեք, ամեն թվի համար պատասխանատու եմ, ամեն ասածիս տերն եմ: Իհարկե, չեն անի: Իսկ կա՞ն վիճակը շտկելու ուրիշ ռեզերվներ: Բազմաթիվ են: Եվ, այսպես, կարելի է դրա մասին ժամերով խոսել: Բայց արդյոք դա իշխանավորներին հետաքրքրո՞ւմ է: Իհարկե, ոչ: Ինձ հուշեցին, ասացին. գիտես, իշխանություններին կրակն ես գցել ԱԼՄ-ի քո ելույթով: Հարցրի՝ ինչո՞ւ, նրանց համար, ի՞նչ է, դա պարզ չէր: Չէ, ասում են, կողոպտելով պետությանը, իրար էլ էին տղերքը «քցել»: «Քցվածները» չգիտեին, որ թվերն այդքան մեծ են: Այ, սա է վիճակը: (Ծափահարություններ):

Տնտեսական վերլուծություններով չծանրաբեռնեմ ձեզ, անդրադառնամ դրսից եկող վտանգներին: Բայց մինչ այդ, բերեմ մի քանի թիվ և փաստ, որ իմ հարցազրույցներում նշեցի, սակայն ցավով եմ ուզում ասել, որ և ոչ մի թերթ այդպես էլ չտպագրեց, մինչդեռ ես չէ որ խնդրել էի հարցազրույց ունենալ: Հունվարի 26-ին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, ելույթ ունեցավ Միխայիլ Սահակաշվիլին: Նա հաշվետու էր լինում եվրոպացիներին, թե իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ինչպիսի հաջողություններ և ինչպիսի դժվարություններ են եղել ու որոնք են դրանք: Մի քանի թիվ: Ուշադիր լսելով՝ գրում էի, ոմանք էլ նեղսրտեցին, հարցրեցին՝ Սահակաշվիլու ասածը ինչո՞ւ ես կոնսպեկտավորում: Վիրավորվել էին: Ես էլ ուսման ծարավ մարդ եմ, ասի, գրեմ էլի: Ուրեմն ի՞նչ եք կարծում. Վրաստանի Հանրապետության բյուջեն մինչև «Վարդերի հեղափոխություն» կազմել է 380 միլիոն դոլար: Մի տարվա ընթացքում, և ոչ մի նոր հզորություն շահագործման չհանձնելու պայմաններում, բյուջեն դարձել է 1 միլիարդ 780 միլիոն դոլար: Դե, թվերը համեմատեք: Եվրոպացիները հետաքրքրվեցին՝ որտեղի՞ց, ո՞րն էր հնարը, ո՞րն էր էդ կախարդական փայտիկը, ասա, էնտեղ էլի քամբախ երկրներ կան, լսեն, սովորեն, ականջներին էլ օղ անեն: Պատասխանեց՝ թալանն է կրճատվել: Սա է: Դե համեմատեք 380 միլիոնը 1 միլիարդ 780 միլիոնի հետ: Ավելին, անկախ հետազոտական փորձագիտական կենտրոնները հարցախույզ են արել. եթե մինչև «Վարդերի հեղափոխություն» իշխանություններին և հատկապես ոստիկանությանը Վրաստանի ազգաբնակչության 4-ից 5%-ն է վստահել, ապա մեկ տարվա ընթացքում արդեն իսկ 90%-ը վստահում է իր երկրի իշխանություններին, վստահում է իր երկրի ոստիկանությանը: Եվ այդ երկիրը, անշուշտ, կծաղկի, ինչքան էլ մենք ընդունենք, թե ոչ Վրաստանի այս կամ այն դրվածքն ու ներքին կյանքը, որովհետև մարդիկ չեն թալանում: Իսկ թալանը, այն էլ համատարած, գիտենք ինչ ողբերգական հետևանքների է հասցրել հենց մեր Հայաստանում: Հիմա Դուք ինքներդ ասեք, Դուք, ձեզանից յուրաքանչյուրը ձեռքը դնի սրտին, խղճին ու ասի՝ ո՞նց կարող է վստահի այն ոստիկանին, որը ապրիլի 12-ին ծեծուջարդի ենթարկեց անզեն հայ մարդուն: Կամ էլ՝ որի աչքի առաջ ապրիլի 5-ին, հենց ձեր իսկ, մեր բոլորի ուժերով, բոլորիս ջանքերով կազմակերպված հանրահավաքի ժամանակ, երբ խուժան սափրագլուխը ծեծի, ջարդի էր ենթարկում մեր համարձակ լրագրողներին և օպերատորներին, 250-300 ոստիկանների աչքի առաջ և նրանցից ոչ մեկը չարձագանքեց: Դրա պտուղները զգացինք սրանից 1 ամիս առաջ «ՏԷՑ-ի կռուգում», երբ ճիշտ այդ խուժանը, սափրագլուխը արդեն ավտոմատային կրակահերթերով մի քանիսի կյանքը խլեց: Դե արի ու այս ոստիկանությանը վստահի: Ո՞նց կվստահես: Ի՞նչ, անպայման պետք է իրար մեջ այդ ռազբոռկաները լինեին, մարդ սպանվեր, որ նոր հասկանայիք, թե ինչ է նշանակում, որ երբ ոստիկանի աչքի առաջ մարդ են ծեծում, մարդ են ջարդում ու նա չի արձագանքում, ապա դրա հետևանքները ինչպիսին կլինեն…

Արտաքին վտանգների մասին: Մեծ են այդ վտանգները, և տարիներ շարունակ առիթի դեպքում դրանց մասին ասել եմ, մինչև դանակը ոսկորին չհասավ այս մարդիկ բացարձակապես չհասկացան ու չգիտակցեցին որն է: Մեռա ասելով, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան կառուցվող նավթի այդ խողովակաշարը քյալակ է բերելու մեր ժողովրդի գլխին, հոգնեցի ասելով, բացատրելով, որ եթե միլիարդների գումար են ներդնում Ադրբեջանում, հետո այդ գումար դնողը տեր է կանգնելու նրանց պայքարին, անկախ նրանից, որ անարդարացի պայքար է: Ասած ռուսի՝ “ծՌ Չ ջցո վՏչՏռ”: Բացարձակապես ոչ մեկի պետքը չէ: Հիմա գործը հասավ դիվանբաշուն, հիմա ականատեսն ենք, երբ երկուշաբթի օրվա «Նեզավիսիմայա գազետա»-ում Իլհամ Ալիևն արդեն լոթիաբար ասում էր. Հայաստանը մեզ համար ոչ հոգս է, ոչ էլ մտածմունքի առարկա, որովհետև այս տարի մենք ակնկալում ենք համախառն ներքին արդյունքի 15%-անոց աճ, էլ չեմ ասում, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմական բյուջեն երկու անգամ ավել է, քան Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն: Դե, պատկերացրեք, թե մի քանի տարի հետո ինչ է լինելու: Վստահ ու լկտի ասում է: Է, լավ, մինչև երբ իշխանավորների անխելքության զոհ պետք է դառնա քաջարի հայ ազատամարտիկը, մինչև երբ մեր իշխանությունների ընչաքաղցության հետևանքով ավերածություններ պետք է լինեն երկրում: Երբ այս ամենի մասին ասում ես, ճիշտ այն նույն մարդիկ, ովքեր պապանձվում են միջազգային ասպարեզում, երբ օրումեջ հնարավորություն ունեն ելույթ ունենալու, ասում են՝ Գեղամյանն Ադրբեջանի գովքն է անում: Բախտիցս էր երևի, որ Ստրասբուրգում ելույթներ ունեցա, թե չէ հիմա էլ շառ կանեին՝ մտածում է, բայց տեղն եկած ժամանակ չի ասում: Է, կասեն, նրանց լեզուն անոսկոր է: Դե թող մի օրինակ բերեն, ես չեմ ասել, դրա համար եմ ասում, մի օրինակ բերեն, որ միջազգային ամենաբարձր ամբիոններից ասվեր: Ասվեր, որ 1915 թ. ապրիլի 24-ին հայ մտավորականությունը գլխատվեց Կոստանդնուպոլսում: Թող ասվեր, որ 1896 թ. բրիտանական կայսրության վարչապետ Ռոբերտ Սոլսբերին ասաց՝ «Բրիտանական նավերը չեն կարող մագլցել Արարատ լեռը և հայկական լեռնաշխարհ»: Է, ասեիք, այդքան էլ ելույթներ եք ունենում, ամեն ելույթն էլ, հեռուստացույցը, երբ միացնես, օրը 10 անգամ ցույց են տալիս: Բա այդ ասելը, ի՞նչ, կարծում եք, հեշտ է, կարծում եք, հե՞շտ եմ մարսել: Իհարկե, ո՛չ: Իսկ ով չգիտի, որ ադրբեջանցիները և նրանց հովանավորները միլիարդներ են ծախսում աշխարհին ապատեղեկացնելու համար, դու էլ մերկացնում ես իրենց, այն էլ եվրոպական ամբիոնից: Կանգնում Կիպրոսի թասիբն ես պահում, որ վաղը հույնը հայի թասիբը պահի, գոնե իմանանք, որ հարևաններից մեկը բարոյական պարտավորվածություն կունենա: Ամենաջերմ խոսքով հիշում ես ֆրանսիացուն: Հիմա էլ առիթը բաց չեմ թողնի, նորից կհիշեմ, շնորհակալությունս կհայտնեմ: Շնորհակալությունս կհայտնեմ այն ֆրանսիացիներին, ովքեր ողջ են, ում նախնիները 1915 թ. ռազմական հածանավով քաջարի մուսալեռցիներին փրկեցին, տարան հասցրեցին Մարսել: Խոնարհաբար շնորհակալությունս կհայտնեմ, որ թե՛ 1915 թ. մեր թասիբը պահեցին և թե՛ մեր թասիբը պահեցին՝ Եվրոպայում առաջիններից մեկն իրենց ազգային ասամբլեայով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և կազմակերպիչներին դատապարտելու փաստով: Շնորհակալությունս կհայտնեմ այն պարզ պատճառով, որ հենց Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման ժամանակ Ստրասբուրգում 45 երկրներից ընդամենը մեկ երկրի ներկայացուցիչ թասիբներս պահեց, այն է՝ Ռոժ Բլուանը, ֆրանսիացի, ողջունենք՝ ծափերով: (Բուռն ծափահարություններ):

Երբ լսում ենք Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Վարդան Մինասիչին, Օսկանյանին, ըստ որում, որպես մարդ ազնիվ է, ուրեմն, հայերի գլխին ինչ փորձանք գալիս է, բանից պարզվում է, դա մեր դիվանագիտության հաղթանակն է, ժողովուրդ: Մնում է խղճները կորցնեն, մեզ էլ, ուրեմն, անգրագետի տեղ դնեն, ասեն, ժողովուրդ ջան, էն, որ ցունամիից միայն Ինդոնեզիան ու Թայլանդը, մասամբ էլ Հնդկաստանը տուժեցին, Հայաստանը չտուժեց, դա էլ է մեր արտաքին դիվանագիտական լուրջ հաղթանակը: (Ծիծաղ դահլիճում): Բա էս ժողովրդին կարելի՞ է այդքան միամիտի տեղ դնել: Դիվանագիտական ասպարեզում էլ տեղ չմնաց, որ, ցավոք սրտի, պարտություն չկրեն: Վերցրեք, ուրեմն, Պուտրաջայան՝ Մալազիայի ադմինիստրատիվ կենտրոնը, որտեղ սրանից մոտ մեկ տարի առաջ իսլամական բոլոր երկրներն իրենց «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» համաժողովում բավական չէ միաձայն որոշում ընդունեցին, որի համաձայն ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև Հայաստանին ագրեսոր համարեցին, ղարաբաղցիներին՝ զավթիչ-անջատողական, միաժամանակ արձանագրեցին, թե, իբր, Ադրբեջանում 1 միլիոն փախստականներ կան և տարածքի 20% էլ ագրեսորի, այն է՝ մեր կողմից զավթված է: Եվ այդ փաստաթղթի տակ ստորագրողների շարքում էին նաև մեր դաշնակիցները, «Կոլեկտիվ անվտանգության պայմանագիր կազմակերպության» անդամ երկրները՝ Ղազախստանը, Ղըրղզստանը, Տաջիկստանը: Բա, ստացվում է, որ դաշնակիցդ էլ է մեջքից դաշույնով խփում, բա, էս գովվական արտաքին քաղաքականությանդ, դիվանագիտությանդ հաղթանակն էլ ո՞րն է, մի ասեք, բացատրեք՝ հասկանամ: Էդ ո՞ր հաղթանակն է: Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի օրակարգ են մտցնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Էթնիկ զտումների հարցը, որոնք, իբր, իրականացրել ենք մենք՝ խոհեմ, ուշիմ, շինարար, ռանչպար, շինական հայերս, ադրբեջանցիների նկատմամբ: Հարցը միաձայն մտնում է օրակարգ: Գոնե մի երկիր՝ նմուշի համար, ձեռք բարձրացներ, ասեր՝ էս ի՞նչ եք անում, ես դեմ եմ: Վերջերս՝ հունվարի 25-ից 28-ը Ստրասբուրգում կայացած Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ, ցավոք, ծայրաստիճան վտանգավոր բանաձև ընդունվեց: Մեր իշխանավորները կանգնում, ասում են՝ ոչ մի երկիր, այն էլ խոշոր երկիր, իբր, չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: 100%-անոց սուտ: Որ երկրի առաջին դեմքն առիթ է լինում, անպայման հարկ է համարում նշել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Բա այս պարագայում, երբ աշխարհը, փաստորեն, այս հարցում մեջքով է շուռ եկել մեզ, ի՞նչ են մտածում մեր իշխանավորները: Այս պարագայում, երբ, ցավոք, գնալով շիկանում է իրավիճակը հարևան Իրանի շուրջ, ո՞րն է մեր պաշտոնական պետական քաղաքականությունն այս գործում: Եկեք ձեզ հետ մտորենք. Իրանը մեր հարևանն է, մեծ գաղութ ունենք այնտեղ, 1992-94 թվականներին, երբ պարտադրված էինք պատերազմել, համատարած շրջափակման մեջ էր Հայաստանը, կյանքի ճանապարհը Իրանով էր գնում, ցորենը, սննդամթերքը հիմնականում գալիս էր Պարսկաստանով: Մյուս կողմից ԱՄՆ-ը նույնպես մեր բարեկամն է: Ցրտի, մթի տարիներին, նավթն էլ, բենզինն էլ, հիշում եք, ալյուրն էլ, երբ մեզ ընդհանրապես խեղդել էին, 7 օրվա հացի պաշար էր մնացել Հանրապետությունում, ԱՄՆ-ը ապահովեց, որ Թուրքիայով քարավաններով հաց եկավ: Էլ չեմ ասում, որ 1,5 միլիոն հայ էլ բնակվում է այնտեղ, էլ չեմ ասում, որ անկախության տարիներին 2 միլիարդ դոլարից ավել օգնություն են ցույց տվել մեզ ամերիկացիները: Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մեկ շնչին ցույց տված օգնությամբ Հայաստանը աշխարհում գտնվում է երկրորդ տեղում: Առաջինն Իսրայելն է: Ո՞րն է մեր քաղաքականությունը: Բա երկիր ենք՝ մտածեք, իշխանությունն էլ, ոչ բարով-խերով, Դուք եք՝ խորհեք: Վաղը, մյուս օրը, արդեն հայտարարվել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգությունը ապահովելու համար ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը գալու են անվտանգության գոտի ստեղծեն և պարսկական սահմանը վերահսկեն: Դա նրանց որոշումն է: Եվ դրա մասին մամուլում հայտարարվել է: Ես չեմ խորանում՝ հիմքեր կան, թե չկան, որովհետև ես այդ հարցի գիտակն ու մասնագետը չեմ: Իսկ ո՞րն է այդ սահմանը: Փորձենք դա էլ վերհիշել, մտովի պատկերացնենք աշխարհագրական քարտեզը: Այսպես, Իրանը հարևան Ադրբեջանի հետ էլ սահման ունի, Թուրքիան է՝ ԱՄՆ-ի դաշնակիցը, Իրաքն է, որտեղ հակաահաբեկչական կոալիցիայի 28 երկրների զորքերն են տեղակայված՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Մյուս կողմից, համապատասխանաբար, Պակիստանն է (գիտեք, Փերվեզ Մուշարաֆը Ամերիկայի հետ վարում է մերձեցման քաղաքականություն), մյուսից՝ Աֆղանստան է (այդտեղ էլ նույն ՆԱՏՕ-ի զորամիավորումներն են), մյուս կողմից՝ Կասպից ծովով գնացող սահմանն է, որը անվերահսկելի չէ, որովհետև 5 երկրներ են այդտեղ խաչվում: Եվ Հայաստանի սահմանն է, ոչ միայն 46 կմ Մեղրու հատվածը, այլ նաև ազատագրված այն, երկարաձիգ ասենք, սահմանը, որն այսօր վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի կողմից: Այսինքն՝ Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի… Իսկ եթե մեքենայացված արձագանքման զորամիավորումները գան սահմանի անվտանգությունը պաշտպանելու, ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք անելու, ո՞րն է քաղաքականությունը: Պրն Օսկանյան, էդ հաղթանակների շարանի հետ՝ Դուք Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ասեք, ո՞րն է մեր քաղաքականությունը ստեղծված իրավիճակում: Ասեք, մարդիկ իմանան: Բա որ վտանգն արդեն ավելի առարկայական դարձավ, ի՞նչ ենք անելու: Հիմա էլ, ի՞նչ, ողջ աշխարհին եք թշնամացնելու ձեր ապիկար, անհեռատես քաղաքականության արդյունքում: Ակնհայտ է, որ իշխանություններն ընկել են կրակը, եթե հիշել ու խոսում են ազգային միաբանության անհրաժեշտության մասին: Լավ, այսքան տարի մենք ինչ էինք ասում, այսքան տարի ահազանգում էինք, բա ո՞ւր էիք, հիմա էլ չենք չարախնդում, որովհետև մեր երեխաների ապագան այստեղ է որոշվելու, այստեղ հարազատների շիրիմներ ունենք, այստեղ ենք առաջին անգամ «Դլե յամանը» լսել:

Եվ, ահա, այս իրողությունների պայմաններում, երբ միացնում ենք հեռուստա¬ալիքները, դիտում պաշտոնական հանդիպումների մասին հաշվետվությունները, ապա մնում ես շիվար: Կամ էլ կարդում ես թերթերն ու զարհուրում. ինչպե՞ս կարելի է այդ աստիճան մակերեսորեն մոտենալ հարցերին, ինչպե՞ս կարելի է այս վտանգները չզգալ, չհասկանալ, ինչպե՞ս կարելի է չգիտակցել, որ վտանգված է ոչ թե պրն Քոչարյանի պաշտոնը, այլ` Հայաստանի Հանրապետությունը: Ինչպե՞ս չեն հասկանում ու չեն գիտակցում, որ երկիրը կանգնած է պայթյունավտանգ զարգացումների շեմին, որ այդ հեղափոխություն ասածը Հայաստանում կատարվելու է այն պարզ պատճառով, որովհետև ժողովուրդն էլ համբերելու, էլ դիմանալու հնար ու հունար չունի: Ո՞նց դա չեն գիտակցում, ի՞նչպես չեն գիտակցում, որ սելավի պես այդ հեղափոխություն ասածը կքշի ոչ միայն իրենց, այլ նաև հայոց պետականությունը: Ո՞նց չեն գիտակցում, որ հենց այդ ժամանակ գլուխը կբարձրացնի ասքյարը: Եվ այդ վիճակում, ասես, թե հաճույք են ստանում, որ թերթը բացում ես` նախկին իշխանությունների կերակրատաշտից սնվող թերթերը ձայնակցելով գործողներին, անթաքույց հրճվանքով ավետում են ժողովրդին, թե, իբր, ընդդիմությունը մեռած է: Այդ ֆոնին էլ՝ մարդիկ ականատեսն են լինում նաև, որ կոալիցիան էլ իրար միս է ուտում Ազգային ժողովում բոլորի աչքի առաջ: Լավ, հին ու նորեր, բա չեք մտածում, թե ի՞նչ եք անում, այս ժողովուրդը գնա կորի՞: Ո՞ւմ հավատա, ինչի՞ն հավատա, ո՞ւմ հետևից գնա: Ի՞նչ անի: Ո՞ւմ լսի: Իրենց՝ իշխանավորներին, չի լսի, չի էլ հավատա, որովհետև տեսել ու համոզվել է, որ նրանց խոսքը գործի հետ ոչ մի առնչություն չունի, որովհետև ճաշակել է 2003 թ. փետրվարի 19-ի Հանրապետության Նախագահի ու մայիսի 25-ի Ազգային Ժողովի խայտառակ ընտրությունները: Որովհետև նա տեսել ու ճաշակել է այս կեղծավորությունը, որը կա, երբ 2004 թ. ապրիլի 12-13-ի ծեծուջարդից հետո կոալիցիայի մաս կազմող կուսակցություններն առանձին-առանձին մեղայականով են եկել, անվերջ մեզ համոզելով, որ մեղավորը Ռոբերտն ու Սերժն էին, տղերք, մենք կապ չունենք: Հիմա, ես էլ ասում եմ, հիշեմ էլի Բրունո Յասենսկու իմաստուն խոսքերը` «Անտարբերների դավադրությունը»: Ասում է. այն, որ մարդասպանը մարդ պետք է սպանի, մի զարմացեք, դրա համար էլ մարդասպանի պիտակը դաջված է ճակատին: Այն, որ գողը պետք է գողանա, մի զարմացեք, այն, որ պոռնիկը պոռնիկություն պետք է անի, դարձյալ մի զարմացեք: Դուք զարմացեք ու զարհուրեք անտարբերներից, որոնց անտարբերության պայմաններում հնարավոր են սպանությունները, պոռնկությունը և գողությունը: Եվ այս ամենը, երբ գիտես, իսկ ես գիտեմ, և դա իմանալով հանդերձ, համոզված ես և ասում ես` աչքի լույս, եթե ունեմ, աչքիս լույսը՝ հայոց պետականությունն է և ոչ թե սեփական նկրտումներս, կանգնում, անամոթաբար վերադարձնում են ինձ՝ ասելով. էս չլինի՞ «Ազգային Միաբանություն կուսակցության» ղեկավարների հետ իշխանությունները լեզու են գտել, բան-ման են խոստացել: Ուրեմն, հերթական անգամ ուզում եմ ասել. պրն Ռոբերտ Քոչարյան, պրն Սերժ Սարգսյան, պարոններ կոալիցիա. իմացեք Դուք և հուշեք Ձեր գովքն անող լրատվամիջոցներին, որ այն, ինչ ես եմ ուզում, ոչ Դուք, ոչ ձեր իմացած մարդիկ տալ չեն կարող: Ես ուզում եմ` ժողովրդի նվիրվածությունը և աջակցությունը, որն էլ ունեմ: (Բուռն, երկարատև ծափահարություններ):

Սիրելի՛ ժողովուրդ, փորձեմ կրքերը դնել մի կողմ, սակայն առանց կրքի խոսելն էլ, կնշանակի սիրտ չունես, հոգի չունես: Իսկ ես, ցավոք, գիտեմ, որ վիճակը ծանր է, ուստի լռելը կրկնակի հանցագործություն է, ուզում եմ բղավել, իրենց կպնել, ուզում եմ գութը շարժեմ, բայց գիտեմ, որ այսօրվա իշխանությունների դեպքում դա անօգուտ զբաղմունք է: Իրենց թասիբի գցելով՝ ուզում եմ այս խայտառակությունների առաջ պատնեշ կանգնեն: Խայտառակություններ, որոնք հենց իրենցից է գալիս: Իշխանությունների անզորությունն ու չկամությունը, ասես թե, հուշում են մեզ, որ երկրի փլուզման առաջն առնելը միայն զենքով է հնարավոր: Իսկ այսօր սխալ է, որ Հայաստանում հայը հայի դեմ զենք օգտագործի: Թե հիշեցնեմ 1908 թ. պատմությունը Ռուբեն Տեր-Մինասյանի՝ Ռուբեն փաշայի հետ կապված: Դաշնակցական հատուկ հանձնաժողովը, որի կազմում էին Զավարյանը, Սմբատ զորավարը՝ Մախլուտոն, բժիշկ Հայկը և ուրիշ հեղինակավոր դաշնակցականներ, ժողովուրդ ջան, ապացուցեցին, հիմնավորեցին, որ Ռուբեն Տեր-Մինասյանը կրակել ու սպանել է Գևորգ Չաուշին: Անցան տարիներ` Ռուբեն փաշան Առաջին Հանրապետության ռազմական նախարարը դարձավ: Լավ, այս բոլորի հետ մենք զուգահեռներ չպե՞տք է անցկացնենք: Այս ամենը իմանալով հանդերձ` չպե՞տք է գիտակցենք, որ դա այժմ էլ կործանարար ճանապարհ է: Խորհեք ինքներդ, չեմ ուզում անուններ տալ: Մտածեք ինքներդ, մենք դա տեսել ենք, մենք դա անցել ենք: Մենք ականատեսը, եթե անգամ իսկ չենք եղել, ապա այսօր էլ հասկանում ենք և գիտակցում` ի՞նչ է նշանակում որբ մանչուկը, ի՞նչ է նշանակում բորոտ երեխան, որոնք հազարներով անցյալ դարասկզբին Էջմիածնի վանքի պատերի տակ էին: Եվ մի ուշագրավ հուշ, որի մասին գրում է Նվարդ Թումանյանը` մեծն լոռեցու դուստրը: Ասես, թե երկինքն էլ էր երես թեքել այն ժամանակ հայերից, կնճռոտվել, ամպոտվել էր Էջմիածնի երկինքը, տեղատարափ անձրև էր տեղում և որբ երեխաները կոչ էին եկել եկեղեցիների պատերի տակ: Ամենայն հայոց բանաստեղծը դիմեց Ամենայն հայոց կաթողիկոսին` ասելով. բացե՛ք բոլոր եկեղեցիների դռները: Վեհափառն անսաց բանաստեղծի խոսքին` բացվեցին եկեղեցիների դռները, բացառությամբ Վեհարանի, որը նոր էր կառուցվել: Մեծ բանաստեղծն ասաց. Վեհարանի դուռն առաջինը պետք է բացվեր: Եվ ենթարկվեց կաթողիկոսը Մեծ բանաստեղծին, որովհետև նրա հեղինակությունը շատ էր բարձր: Եվ Վեհարանում անձրևից պատսպարվեցին երեխաները, փրկվեցին երեխաները: Ինչո՞ւ եմ կրկին անդրադառնում Թումանյանին: Նրան եմ մտաբերում, որովհետև հայ ժողովուրդն այդ արհավիրքներից կարողացավ դուրս գալ, քանի որ ուներ այդպիսի մարդիկ, որովհետև ուներ բարոյականության փարոսներ: Որովհետև Թումանյանի օրինակն ունենալով, հաջորդ` սովետական իշխանությունը պետք է գոնե փորձեր առաջնորդվել այդ բարոյական չափանիշներով, որովհետև հասկանում էր, որ հայ մարդը միայն նման չափանիշներ է ընդունում, միայն նման չափանիշների է ենթարկվում: Իսկ ի՞նչ ունենք այսօր: Միթե՞ պատերազմում մեծ կորուստների գնով հաղթանակ տարած ժողովուրդը արժանի էր այս ճակատագրին: Երբ հայ մարդը ականատեսը դարձավ, թե ինչպես են իշխողները իրենց վարքուբարքով, ցոփ կյանքով, թալանով, անբարոյականությամբ հայոց պետականության պատվանդանը պղծում…

Սիրելի՛ ժողովուրդ, այնուամենայնիվ, ո՞րն է բանալին: Բանալին ժողովրդավարության հաստատումն է, որովհետև այսօր աշխարհը դա է ճանաչում: Որովհետև աշխարհի քաղաքական քարտեզի վրա Դուք այսօր չեք գտնի և ոչ մի պետություն, որը, իրոք, ժողովրդավարական է և որը, հանկարծ, միջազգային հանրության կողմից պաշտպանված չէ: Իսկ այդ ժողովրդավարություն ասվածը Հայաստանում կա՞ արդյոք: Իհարկե, չկա: Չորս հիմնական բաղկացուցիչ մաս ունի ժողովրդավարություն ասվածը, չորս հենասյուներ, որոնք եթե կան, ժողովրդավարություն կա: Եթե ժողովրդավարություն կա, ուրեմն զարգացում ու փրկություն կա: Եվ որո՞նք են դրանք:

Նախ և առաջ, ժողովրդավարության քաղաքական հենարանը կարող է խարսխվել և կառուցվել միայն մի պարագայում, եթե այդ երկրում իշխանությունները ձևավորվում են ազատ, արդար, ժողովրդավարական, թափանցիկ ընտրությունների արդյունքում: Մեզանում, ավա՜ղ, դա չկա: Դրա ամենավառ ապացույցը 2003 թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններն էին:

Երկրորդ հենասյունը ազատ շուկայական տնտեսության ձևավորումն է: Ի՞նչ, դա կա՞ Հայաստանում: Իհարկե, չկա: Ի՞նչ ազատ շուկայական տնտեսության մասին կարելի է խոսել, երբ կենսաապահովման բոլոր ոլորտները Հայաստանի Հանրապետությունում մենաշնորհային կարգավիճակում են: Եվ դրա ամենապարզ օրինակը յուրաքանչյուրդ ձեզ վրա տեսել եք և յուրաքանչյուրդ ճաշակել: Դրամը, իբր, արժևորվում է, դոլարն՝ արժեզրկվում, բայց գները բարձրանում են, ինչո՞ւ: Որովհետև հիմնական ներկրողները 5-6 հոգի են, այն էլ իշխանական կլանից, իրենք էլ կամայականորեն սահմանում են գները: Իսկ որտեղ օլիգարխիկ տնտեսություն է, այնտեղ չի կարող լինել ազատ մրցակցություն, չի կարող լինել ազատ գնագոյացում, չի կարող լինել մեկնարկային հավասար պայմաններ ձեռներեցություն ծավալելու համար: Այսինքն` ժողովրդավարության երկրորդ բաղկացուցիչ մասն էլ, երկրորդ հենասյունն էլ է բացակայում մեզանում:

Երրորդը դատական համակարգն է, նրա անկախ գործելը: Իսկ ի՞նչ անկախ դատական համակարգի մասին կարելի է խոսել, կարելի է հիշատակել, երբ բոլորիդ աչքի առաջ էր, որ զանգվածային ընտրակեղծիքների արդյունքում` թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունների, և ոչ մի մարդ չպատժվեց: Նմուշի համար մեկին պատժեին: Իսկ փոխարենը, ճիշտ հակառակը, քաղաքական պատվեր կատարելով` տղերքը եկան, 9 հոգով էլ լցվեցին մեր տուն` խուզարկության: Թնդանոթներ էին ման գալիս, «CC-300» հրթիռներ էին որոնում: Սա է դատական համակարգի անկախ լինելը: Մտան Ալեքսան Կարապետյանենց տուն: Երկու անգամ ձերբակալեցին Արմավիրից Թադևոսյան Մյասնիկին, տասնյակ հարյուրավոր ուրիշ մարկանց: Պատվեր չէր, ի՞նչ էր: Եվ ինչպե՞ս կարող է դատական համակարգն անկախ լինել, եթե «Արդարադատության խորհուրդ» ասվածը պրն Քոչարյանի համար գրպանային ինչ-որ մի կազմակերպություն է: Ինքը նշանակում է այդ խորհուրդը նշանակողին: Ուրեմն, երրորդ հենասյունն էլ է բացակայում մեզանում:

Եվ, վերջապես, չորրորդ իշխանության անկախ գործելը: Ի՞նչ անկախության մասին կարող է խոսք գնալ, այն էլ չորրորդ իշխանության, երբ, կրկնում եմ, շուրջ երկու տարի անընդմեջ ինֆորմացիոն շրջափակում ասեմ, էմբարգո ասեմ, դրված է իմ հրապարակային ելույթները ուղիղ եթերով հեռարձակելու վրա: Մեկ անգամ հրավիրեցին, որ «Կենտրոն»-ով ելույթ ունենամ` այն էլ մոնիտորինգային խմբի սուր քննադատության արդյունքում: Ես չեմ ասում, որ «Կենտրոն»-ի ստեղծագործական կոլեկտիվը չէր ուզում, իհարկե, ուզում էր: Բայց Եվրախորհրդում հարցը պետք է լսվեր, Խորհրդարանական վեհաժողովում հարցը պետք է քննարկվեր, արդյունքում մի զարմանալի իրողության ականատեսն էին դարձել ուսումնասիրողները: Ո՞րն է այդ իրողությունը: Երբ նայում են քաղաքական ընդդիմադիր գործիչներին եթերաժամ տալու ժամաքանակին, տեսնում են, որ վերջիններիս ավելի շատ եթերաժամ են տրամադրել, քան իշխանավորներին: Բայց երբ ասացի` այնտեղ մեկն էլ կա՝ Արտաշես Գեղամյան, նրա ժամերն էլ նայեք, նայեցին տեսան՝ ոչ մի րոպե: Իշխանություններն իրենք ծնում են ընդդիմություն, իրենց ծնած ընդդիմությանն ամբիոն են տալիս, օրը 12 ժամ խոսում են, քննադատում են իրենց: Թող ներվի ասելը, այս դեպքում նրանց համար հաչան շունը կծան չի: (Ծիծաղ դահլիճում): Այս է իրականությունը: Այսինքն` չորրորդ իշխանություն ասածն էլ չի կայացել:

Վերջերս տեղի ունեցավ մի զավեշտալի հրապարակում: Ո՞րն էր դրա մեխը: Սրանից 25 օր առաջ այստեղ էր գտնվում շատ պատկառելի մի հանձնախումբ, այն է` Մարշալի կազմակերպության ամերիկյան մասնաճյուղի 12 սենատորների և կոնգրեսականների խորհրդականների խումբը, որին հանդիպեցինք ընդդիմադիր դաշտի մյուս գործիչների հետ՝ «Երևան» հյուրանոցում: Հանգամանքի բերումով այնպես ստացվեց, որ «Ազգային Միաբանություն»-ից այդ օրը ներկա էի միայն ես: Մեր գործընկերները փոքր-ինչ ավելի մեծ կազմով էին, թվով 7-8 հոգի: Բնականաբար, տրամաբանական կլիներ, ասացի, սկզբից լսեն իմ գործընկերների կարծիքը, որից հետո իմը, որովհետև իմ և խմբակցության կարծիքը նույն է, ոչ թե մարդ-ֆրակցիա եմ, այլ այդ բոլոր հարցերը վաղուց ի վեր քննարկել ենք, թե՛ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության, թե՛ մեր խմբակցության նիստերում: Այդպես էլ ստացվեց, վերջում խոսեցի: Փոքր-ինչ երկար էր իմ խոսքը, որովհետև քննարկվող հարցերը յոթն էին և բավականաչափ սուր: Ես հարկ համարեցի այդ բոլոր հարցերի վերաբերյալ իմ տեսակետները հաղորդել: Եվ, ի՞նչ եք կարծում, 10 օր հետո ընդդիմադիր թերթերից մեկը գրում է. էս Գեղամյանն էլ դրանց զահլեն էնքան տարավ, որ երբ սկսեց շատ երկար խոսել, նրանք սկսեցին մենյուն նայել: Ասեմ, որ հանդիպմանը թղթակիցներ չկային, այդ ապատեղեկատվությունը ո՞ր սրիկան էր տարածել, դա էլ թող մնա նրա խղճին: Այ, գլխներիդ ձյուն գա, այ, թղթակիցներ, այնտեղ մենյու ընդհանրապես չկար, և երբ ես իրենց հետաքրքրող հարցերին էի պատասխանում, արդեն իսկ կերել, խմել պրծել էին, կոֆե էին խմել, իհարկե: Ոմանց մեջ թույնը եռում է, եռում… Լավ է, որ այնտեղ համապատասխան դեսպանատան շատ հեղինակավոր մարդիկ կային: Բնականաբար, հենց հոդվածը կարդացի, զանգահարեցի նրանց, ասացի, այ, տեսնո՞ւմ եք, ընդհանրապես, ցավոք սրտի, մամուլն ազատ չի, կարդացեք այսինչ հոդվածը, բարեբախտաբար, Դուք եղել եք այդ հանդիպման անմիջական մասնակիցը, տեսել եք ցուցաբերված հետաքրքրությունը և, վերջին հաշվով, կարող եք գնահատել: Անշուշտ, կարդացել էին և զարմացել նենգափոխված ապատեղեկատվությունից… Ահա դրա համար էի ասում, որ հեռուստաալիքներից շատ լրագրողներ կան այստեղ, և, բացառված չէ, որ նրանցից ոմանք մեր հանդիպումը ներկայացնեն իրենց ուզած մեկնաբանություններով: Հիմա ես տեսնում եմ, որ այստեղ բոլորը համակ ուշադրությամբ լսում են, հեչ որ չէ, սրանից 2 ժամ հետո փողոցից մեկին կգտնեն, կբերեն, կնստացնեն, կասեն՝ խռռացրու: Հեռուստացույցով էլ ցույց կտան, կասեն՝ Գեղամյանի ասածներից այնքան էր հոգնել, որ խռռացնում էր: Մի 100 մանեթ էլ փող կտան, կասեն մի երկու քննադատական խոսք էլ ասա: Էս է սրանց լրատվությունը, էս է սրանց չորրորդ իշխանությունը: (Ծափահարություններ):

Օգտվելով այսօրվա մեր հանդիպումից՝ ուզում եմ ընդամենը մի նախադասություն ասել բոլոր տեսակի իշխանավորներին, թե՛ ստվերային և թե՛ ի պաշտոնե: Ուշքի եկեք, մենք արդեն ի վիճակի չենք լինի կանգնեցնել համաժողովրդական ցասումը: Իսկ ժողովուրդը, որ ոտքի կանգնեց, հանկարծ մի վայրկյան չկասկածեք, դրոշակն առաջից բռնած կգնանք, բայց արյունահեղության համար ողջ պատասխանատվությունը ձեզ վրա է ընկնելու: (Բուռն, երկրարատև ծափահարություններ):