ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

ելույթը Հանրային հեռուստատեսությամբ

«Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով

19.02.2006թ.

Սիրելի ժողովուրդ, փետրվարի 16-ին Եվրամիության խորհրդարանը` Եվրոպառլամենտը, իր լիագումար նիստում լսեց Հին Ջուղայի հայկական գերեզմանոցների նկատմամբ ազերիների կողմից իրականացված բարբարոսությունների մասին հարցը: Եվրամիության պառլամենտը դատապարտեց և ընդունեց համապատասխան որոշում: Հռետորներից երկուսը հատուկ նշեցին, որ այդ հարցը ամենայն սրությամբ բարձրացվել էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայ պատգամավորների կողմից: Հայ պատգամավորների ձայնը լսելի է դառնում Ստրասբուրգում, Եվրամիությունում, բայց ճիշտ այդ նույն ձայնը այստեղ լռեցվում է իշխանությունների կողմից: Եվրոպառլամենտը անդրադառնում է Հին Ջուղայի հարցերին, մինչդեռ ելույթիս այդպես էլ չանդրադարձավ Հանրային հեռուստաալիքը, 2-րդ հեռուստաալիքը: Ավելին, «Հայաստանի Հանրապետություն»  պաշտոնաթերթը հանդիմանեց, թե ինչու Գեղամյան Արտաշեսը Ստրասբուրգում օրակարգից դուրս հարցերի մասին է խոսում, ավելին, քննադատեցին և հաճույք ստացան, որ նիստը վարող Էնտոնի Լոյդը, այդ հիասքանչ լորդը, վերջին 10 վայրկյանին ընդհատել էր ինձ: Ինչո՞ւ է սա արվում: Սա բայցի ազերիներից և թուրքերից, ինչո՞ւ է ձեռնտու իշխանական բուրգում գտնվող այն մարդկանց համար, ովքեր արգելք են դնում, որովհետև իրենք ձախողում են միջազգային ասպարեզում ցանկացած բանակցային գործընթաց, իսկ ընդդիմադիր պատգամավորները և գործիչները վառ են պահում Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի պատիվը և թասիբը: Բայց չստացվի, որ իշխանություններում բոլորն են այդպիսին, օգտվելով առիթից ուզում եմ իմ շնորհակալությունս հայտնեմ «Արմենիա»  հեռուստաընկերությանը, ինչու չէ նաև «Երկիր Մեդիա»  հեռուստաընկերությանը, որոնք, այո, կարևորելով Հին Ջուղայի գերեզմանաքարերի պղծողներին անարգանքի սյունին գամելու հանգամանքը ցույց տվեցին ելույթս:

Սիրելի ժողովուրդ, այս բախտախնդիր իշխանությունների ճամարտակությունները արդեն արդյունքի չեն հասնում, որովհետև ընդդիմության ձայնը այն է հայ ժողովրդի ձայնը արդեն իսկ լսելի է աշխարհով մեկ` նույն Եվրամիությունում, առհավատչյան վերջերս Եվրամիության խորհրդարանի կողմից ընդունված հայտնի որոշումը:

Մենք միևնույնն է հաղթելու ենք, որովհետև մեր ճանապարհն ազնիվ է, բռնած գործը արդար: