ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

ելույթը Հանրային հեռուստատեսությամբ

«Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով

18.06.2006թ.

Հարգելի հայրենակիցներ, ավարտվեց 2006 թ. Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը: «Ազգային Միաբանություն»  խմբակցության պատգամավորներն անցած վեց ամիսների ընթացքում իրենց ելույթներում, հատկապես հայտարարություններում առարկայորեն մատնացույց էին արել մեր երկիրը արյունաքամ անողներին, կոռուպցիայի հովանավորներին: Ըստ որում, անհասցե չէր քննադատությունը: Կազմակերպությունների ճշգրիտ անուններն են տրվել, հրապարակվել են այն մարդկանց ազգանունները և նրանց հովանավորների, ում անօրեն գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հարյուրավոր միլիոն դոլարների վնասներ է կրել և կրում: Ավելին, Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը քննարկելու ժամանակ Ձեր խոնարհ ծառան բերեց փաստեր` թվերով ամրագրված. դրանց համաձայն 2005 թ. Հայաստանի Հանրապետության բյուջեն չի ստացել առնվազն 460 մլն դոլար: Այդ գումարները կողոպտվել են, կողոպտվել եք Դուք, սիրելի հայրենակիցներ: Օտարության մեջ դեգերող ձեր հարազատներից, բարեկամներից ստացված 1 մլրդ 200 մլն դոլարի օգնությունը վերածելով դրամի` դրա 16,3% արհեստական արժեվորման արդյունքում Դուք կորցրել եք առնվազն 192 մլն դոլար: Իշխող տղերքը ընտրությունների են պատրաստվում: Տղերքը մտածում են, որ իրենց կհաջողվի 2007 թ. նույնպես կեղծել Ազգային Ժողովի ընտրությունները, որ 2008 թ. կրկին պահեն իրենց անօրեն իշխանությունը: Մեզ էլ փորձում են բանսարկությունների դաշտ տեղափոխել, որովհետև ինտրիգներում սրանք անգնահատելի են: Զուր են ձեր ջանքերը, պարոնայք իշխանավորներ, միևնույն է, այս անգամ ձեզ մոտ ոչինչ չի ստացվելու: Մեր ուշադրությունն այլևս ձեր և ոչ մի հերյուրանքով շեղել չեք կարողանա: Մենք միշտ մի նպատակակետի ենք խփելու, այն է` շարունակելու ենք մատնացույց անել մարդկանց, ովքեր կողոպուտի են ենթարկում Հայաստանի Հանրապետությունը և նրա ազգաբնակչությանը: Մատնացույց ենք անելու պարոն Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հենարան հանդիսացողներին: Եվ թող հանկարծ իշխանական լրատվամիջոցներով չփորձեն «ինձ կարդալ խրատ ու հորդոր»` ասելով, թե ի՞նչու է Գեղամյանը միշտ միայն այդ երկուսի անունները տալիս: Բա ո՞ւմ անունները տամ: Տալիս եմ այն մարդկանց անունները, ովքեր քաղաքական դաշտ ասածը դարձրել են իրենց ստրուկը` առանձին բացառություններով: Ահա դրա համար է, որ ասել և կրկնելու եմ նրանց անունները:

Սիրելի ժողովուրդ, այս հանցավոր իշխանությունների օրերը հաշված են: Եվ, իրոք, հեռու չէ այն օրը, երբ մենք Ձեզ հետ միասին, ազգովի կպարենք հենց այն նույն պարը, որը շինծու ուրախությամբ պարում էին թե Արագած սարի շուրջ, թե օպերայի բակում: Իսկ մենք, ի տարբերություն նրանց, լիաթոք ուրախությամբ կպարենք մեր հաղթական «Քոչարին», երբ այս ապօրինի իշխանություններին բարով-խերով քշենք այստեղից: