ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ելույթները

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում

31.08.2005թ.

Սիրելի՜ ժողովուրդ, նախ Ձեզ հետ` եղած մի քանի իրողություն արձանագրենք: Իրողություն համար առաջին. այս քննարկումների ժամանակ իշխանությունները տապալվեցին: Դրա ամենավառ վկայությունը, թերևս, այն է, որ ընդդիմության ցանկացած ելույթ ունեցողի տրամաբանական և ոչ մի փաստարկին հակափաստարկ, համարժեք հակափաստարկ ներկայացնել չկարողացան: Դրա վառ ապացույցը նաև այն է, որ փորձեցին քաղաքական բանավեճը տեղափոխել այլ` տղայական «ռազբորկաների» հարթություն: Դա էլ է խոսում այն մասին, որ այս մարդիկ սպառված են: Երկրորդ իրողությունը. ինչո՞ւ կրքերն այսքան բորբոքվեցին հենց վերջին օրը: Որովհետև նախագահականից սաստեցին` էս ի՞նչ եք անում, տարվում-պարտվում եք, խայտառակ եք լինում, ուստի պետք էր դիմել սադրանքի, ժողովրդի առաջ ներկայացում բեմականացնել, որ ժողովուրդն ասի` ո՜չ ընդդիմությունն է մի բան, ո՜չ էլ, դե, որ դիմությունը մի բան չի, արդեն գիտի, ասել էլ պետք չէ:

Դրա հետ մեկտեղ, երբ անձնական վիրավորանքներ էին հնչում, ակամայից մտածում էի` ո՞վ է ուսուցիչը, դասատուն ո՞վ է: Է, ուսուցիչը, ճիշտ այն մարդն է, որը 2000 թ. մարտ ամսին մոլեռանդորեն պրն Քոչարյանի հրաժարականն էր պահանջում, երկու ոտը մեկ էր անում, կուրծք էր ծեծում, պաշտոնը ստացավ` հանգստացավ: Հիմա աշակերտն այս ամբիոնից բարոյականություն է քարոզում: Ուսուցիչը ճիշտ այն նույն մարդն է, որ անցյալ տարվա մարտ-ապրիլ ամիսներին, երբ իշխանությունները երերում էին, կանգնեց, ինչպես կասեին բանակում, «սոլդատսկի պրիչինա» բռնեց և հայտարարեց. եթե հանկարծ պաշտոնից հանեք` ընդդիմություն եմ դառնում: Երիտասարդն էլ, կարծում է, հետը պետք է բանավիճեմ: Տո, սկի դասատուիդ հետ չեմ բանավիճի: Հին Երևանում, եթե որևէ մի դուրսպրծուկ ուզում էր աչքի ընկնել, որ իր մասին խոսեին, հայհոյում էր քաղաքի ամենասիրված և հարգված տղաներին` լիներ դա Սիմոնյան Փայլակը, լիներ` Թադևոսյան Նորիկը: Հետո, երբ դուրսպրծուկին շանսատակ էին անում, գլուխ էր գովում, ասում էր` ես կռիվ եմ տվել Փայլակի կամ Նորիկի հետ: Ճիշտ նույն սինդրոմն է այս դեպքում արդեն` նորօրյա դրսևորմամբ:

Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի մայիսի 1-ի հիշատակած դեպքին, ապա այստեղ գործ ունենք չափազանց վտանգավոր երևույթի հետ: Երիտասարդը կանգնեց և առանց անհարմար զգալու ասաց. ինչ ելույթ ունեցել եք Ստրասբուրգում (խոսքը 2004 թ. ապրիլյան նստաշրջանի մասին է), դե համարձակվեք նույն ելույթն էլ այստեղ ունեցեք: Մինչդեռ անցյալ տարվա գարնանը ես Ստրասբուրգում ելույթ ընդհանրապես չեմ ունեցել: Իսկ վտանգը ամենևին էլ պայմանավորված չէր նրանով, որ «ռազնարյադկայով» վարձկան բոմժերին նստացրեցին «Բոգդան» ավտոբուսները և բերեցին «Զվարթնոց»: Վտանգն այն էր, որ խունվեյբինության ամենավառ դրսևորման հետ գործ ունենք: Այս մարդն անգամ չգիտեր` ինչի՞ համար է գնում, ինչի՞ համար պետք է հայհոյախոսի, ինչի՞ համար պետք է լուտանքներով պաստառներ բռնի: Հետո էլ հեգնում է` պատգամավորականով դուրս չեկավ, ժողովրդի հետ դուրս եկավ: (Բա ես ժողովրդի կողմից եմ պաշտպանված` գայիք այնտեղ Ձեր պաստառներով): Ձեր ճղճիմ հաշվարկները քնած ժամանակ եմ անում:

Սիրելի՜ ժողովուրդ, ինչ վերաբերում է համարձակությանը. չանդրադառնամ մյուս ելևէջներին, միայն ասեմ, որ էդ «համարձակներին» ես լավ էլ տեսել եմ 1990 թ. մայիսի 27-ին: Երբ երկուստեք սադրանք կազմակերպվեց, որի արդյունքում 17 մարդ զոհվեց: Ընդամենը 5 հոգով գնացինք տանկերի դիմաց, փառք Աստծո, վավերացված տեսակադրերը կան: Հիշեմ և շնորհակալությունս հայտնեմ Գևորգյան Ռուբիկին, Մանվել Քոչարյանին, Մացոյին, Վարդանին: Ո՞ւր էին էդ «դուխով» տղերքը: 200 հոգի բոմժ էին բերել, ասլան էին կտրում, առյուծ էին ձևանում: Կամ` Գագիկ Կոստանդյանն ի՞նչ ասաց, որ իրար եք խառնվել. ասաց` գիտենք բոլորդ էլ ով եք: Իսկ ի՞նչ նկատի ուներ Գագիկը: Նկատի ուներ այն, որ երբ ընդմիջմանը դուրս էի գալիս դահլիճից, ցանկացան կռիվ սարքել: Կռիվ անելու տեղ կա, դրան էլ եմ պատրաստ, ով էլ որ անի` մեծ կտորն ականջը կմնա: Իսկ ասվածի իմաստն էլ հետևյալն է. բերդերում «կռիսյատնիկներ» կան, որտեղից առնետին ուղարկում են կռիվ, շամաթա սարքի: Այնպես էլ հիմա փորձեցին կռիվ, շամաթա սարքել, որ այդ կռիվ, շամաթայի արդյունքում էլ ասեն. այ մարդ, էս ընդդիմությունը կռիվներ է սարքում, նա կարո՞ղ է երկիր ղեկավարել: Էդ դասերն էլ ենք վաղուց անցել:

Եվ վերջապես: Սիրելի՜ ժողովուրդ, հարցը շատ պարզ է դրված: Կներեք` Հովհաննես Մարգարյանի խոսքին չանդրադարձա: Եթե ուշադիր լսել էիք ելույթս, ես ասացի` իմ կողմից շատ հարգված, պարկեշտ մարդ: Այսինքն` ես այդ բոլորը գիտեի: Ես ուզում էի ասել, թե ի՞նչ վիճակի է հասել այսօրվա իշխանությունը, որ անգամ իր գործընկերոջը` պարկեշտ ու հարգված մարդուն (Հովհաննես Մարգարյանին), վարկաբեկելու նպատակով հերյուրանքներ է տարածում նրա հասցեին: Սա՜ է իրականությունը:

Սիրելի՜ ժողովուրդ, արդեն ակնհայտ դարձավ, որ այստեղ, իրոք, եթե պաշտոնակռիվ է, ապա դա տալիս են գործող իշխանությունները, որոնք սեփական պատգամավորական մանդատներն ավելի բարձր են դասում, քան սահմանադրական փոփոխությունների ընդունումը:

Եվ վերջին հարցը: Է, լավ, պատմություն գիտենք, հիշողություններս էլ` ոչինչ: Երբ 1936 թ. ընդունվեց ստալինյան Սահմանադրությունը, գովերգվում էր, որ Սովետական Միության պատմության մեջ ամենաժողովրդավարական Սահմանադրությունն է: Դրան հաջորդեց 37 թիվը: Երբեք չեմ ուզում հիշատակել սուլթան Համիդի կողմից ոտնահարվող Սահմանադրությունը, որը հանգեցրեց նրան, որ 1907 թ., երբ երիտթուրքերն արդեն արյունոտին ուզում էին գահընկեց անել, վերջինս խոստացավ, որ ինքը (սուլթան Համիդը) կայսրությունում գործող ժողովրդավարական համարվող Սահմանադրությամբ է առաջնորդվելու: (Այնպես որ, երբ ամեն քայլափոխի կոպտորեն խախտվում է Սահմանադրությունը, ապա ամենևին և ոչ մի նշանակություն չունի, թե այն որքանով է ժողովրդավարական): Սա՜ է իրականությունը, ճշմարտությունը: Դուք ի զորու չեք փոխվելու: Ինքներդ չեք կարող թոթափել այն բեռը, որ կա ձեր շալակին:

Հիշատակվեց նաև, որ 1995 թ. Արցախի հերոսները, որ եկան, Սահմանադրություն էր պետք, թե չէ երկրում քաոս էր լինելու: Փառք Աստծո, հրամանատար ունեին, որի արդյունքում դուք, և որի սկզբունքները դավաճանելով, այսօր այստեղ եք և իշխանության գլխին եք: Ի՞նչ, կարծում եք, մոռացել ենք, կարծում եք, դուխներս չի հերիքի՞ ամեն ինչ ասել:

Սիրելի՜ ժողովուրդ, եթե դուք «ոչ» եք ասում Սահմանադրությանը, իսկ «Ազգային Միաբանությունը» կոչ է անում միարժեքորեն ասել` «ո՜չ», դուք «ոչ» եք ասում հոկտեմբերի 27-ին, դուք «ոչ» եք ասում 1998 թ., 2003 թ. կեղծված նախագահական ընտրություններին, դուք «ոչ» եք ասում 2004 թ. ապրիլի 5-ի և 12-ի բարբարոսություններին: Եվ, վերջապես, դուք ասում եք, որ իրական իշխանությունը պատկանում է ձեզ:

Խնդրում եմ, ուղղակի խնդրում եմ` հանգստացե՜ք: Աստված մի արասցե, որ ասեմ այն` ինչին տիրապետում եմ, կասեմ` անվանական: Եվ, վերջապես, Գագիկ Կոստանդյանի ասածն էլ այն էր, որ համապատասխան մարդը գալիս, մոտենում է ինձ, ասում է` քննադատելու համար պետք է ճանապարհ անցած լինես: Տղե՜րք ջան, ինձ խորհուրդ տվողի պես չեմ նստել, մեղքս դա է, «Ռոսիա» կինոթատրոնի աթոռները բրիտվայով չեմ ճղել, «պիսկովատ» չեմ արել, քաղաքական դատվածություն չունեմ:

31.08.2005թ.

Ելույթս սկսեմ իմ կատակասեր ընկերոջ երեկվա մեկնարկից` հիշեցնելով հետևյալը. եթե ասելիք չունես, ուզում ես գոռա, ուզում ես լռի, միևնույն է տպավորություն չես գործի: Հիմա, ըստ էության. շնորհակալությունս եմ հայտնում հարգարժան պրն Տ. Թորոսյանին, ինչպես նաև հարգարժան պրն Գ. Սահակյանին, որովհետև իրենց ելույթներով շատ ու շատ հեշտացրեցին իմ այսօրվա առաքելությունը: Ինչո՞ւ եմ շնորհակալություն հայտնում: Նախ, ամրագրեցին այն, ինչ ասում էր Շավարշ Քոչարյանը (պրն Թորոսյան, մի խանգարեք, խնդրում եմ, ես ձեզ ուշադիր լսում էի, չնայած դա շատ դժվար էր): Նախ, ինչ ասաց պրն Քոչարյանը (մեր հարգարժան Շավարշի մասին է խոսքը): Նա ասաց, որ սահմանադրական փոփոխությունները կոալիցիայի համար խորթ զավակ են: Եվ իրավամբ: Ակամայից հիշեցի Սողոմոն իմաստունի դատը, երբ երկու կին վիճարկում են իրենց որդուն` երեխային, մեկի հարազատին, մյուսի` ոչ: Եվ վերջում, երբ Սողոմոն իմաստունն ամենաիմաստուն որոշումն է կայացնում` կիսել երեխային, որը բոլորիս հայտնի է, իրական մայրն ասում է` երեխան տվեք խորթ մորը, որովհետև երեխայի կյանքն ինձ համար շատ ավելի թանկ է, քան վիճարկությունը, թե նա ումն է: Բա եթե այս Սահմանադրությունը ձեզ համար այդքան թանկ է, ի՞նչն է պատճառը, որ ձեր մանդատներն ավելի վեր եք դասում, ավելի բարձր եք գնահատում, դե դրեք մանդատները, եթե, իրոք, ձեր խորթ զավակը չէ: Կամ էլ ասում են` ի՞նչ կապ ունի մանդատները վայր դնելը սահմանադրական փոփոխությունների հետ: Հիմա, որ լարվածությունն ընկնի, մի համեմատություն անեմ: Մի չքավոր գետի ափին կանգնած է, նավավարին խնդրում է` այս ափից տար այն ափը, բայց իմացիր` փող չունեմ, չեմ վճարելու: Է, հա, նավավարն էլ պատասխանում է` եթե փող չունես, քեզ համար ի՞նչ տարբերություն` այս ափին ես, թե այն: Հիմա այս «բարեփոխված» Սահմանադրությունն եք, էլի քարոզում. ժողովրդի համար ի՞նչ տարբերություն` հինն եք խախտում, թե՞ նորը:

Եվս մի նոր բացահայտում. եթե ուշադիր լսել եք, ես իմ երկու ելույթների ժամանակ Հանրապետական կուսակցության անունը բացարձակապես չեմ հիշատակել: Բացարձակապես: Ի՞նչ, պատահական էր, իհարկե, ո՜չ: Ինձ հետաքրքիր էր` ի՞նչ զարգացումներ կունենան այս մարդիկ, եթե անունները չես տալիս: Զարգացումները հետևյալն էր, այն էր, որ այս ամբիոնից անթաքույց գովեստի խոսքեր շռայլեցին գործող Սահմանադրությանը, շնորհակալություն հայտնեցին այդ Սահմանադրությանը: Այլ կերպ չէր էլ կարող լինել. չէ՞ որ երբ այդ Սահմանադրությունն էր ընդունվում, գործողը, իրենք ՀՀՇ-ի դաշնակիցներն էին և քարոզում էին, ինչպես հիմա են քարոզում, որ, ժողովուրդ ջան, այս Սահմանադրությունն ընդունում եք, ու Սերգո Երիցյանը սկսում է լավ ապրել: Սա է իրականությունը եղել: Իհարկե, այնքան մռայլ չէ, ինչքան կարելի է պատկերացնել: Երեկ պրն Գալուստ Սահակյանն ավետիս բերեց ժողովրդին, ինչի համար շնորհավորում եմ Ձեզ` ժողովուրդ: Նա ասաց, որ Հանրապետականը պաշտպանում է պրն Քոչարյանին: Ավետիսը պրն Քոչարյանինը չէր, ժողովրդինն էր, որովհետև ճիշտ նույն մարդիկ պաշտպանում էին Լևոն Տեր-Պետրոսյանին և շատ կարճ ժամանակ անց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ թե ինչ կատարվեց, բոլորս ականատեսն էինք: Այնպես որ, դա, իրոք, բարի լուր էր, իրոք, ավետիս էր:

Ինչ վերաբերում է Եվրախորհրդի դռները կոտրելուն: Եղել է այդպիսի դեպք, սիրելի՜ ժողովուրդ, խոստովանեմ: Երբ պատվիրակության անդամներից մեկը կմկմալով մի կերպ տեքստն էր կարդում, ազերիներն ու թուրքերը հեգնանքով նայում էին, ասես թե ասում էին` էս չե՞ք դուք (այդ պահերին մեծ էր ցանկությունը` կոտրել դուռը և փախչել դահլիճից): Եղել է: Այդ դեպքի ականատեսը ես եղել եմ: Մինչդեռ, միթե՞ անհարմար չեք զգում, որ անգամ իսկ Եվրախորհրդի` Ստրասբուրգի 5 ելույթներս և Վաշինգտոնի ելույթս, այստեղ ուզում եք մատուցել, թե, իբր, Եվրախորհրդի դռներն եմ ջարդել: Չեն ջարդում այն դուռը, որն առաջդ բաց է: Սկսենք դրանից: Ուրիշ բան, որ կան մարդիկ, որոնք սովոր են պատուհանից մտնել: Բայց, դե, իհարկե, ընդդիմության շարքերում այդպիսիք չկան: Հիմա եմ հասկանում` ինչի ամեն ինչ արեցին, որ Եվրախորհրդի` Ստրասբուրգի և ոչ մի ելույթս հեռուստատեսությամբ չցուցադրվի: Փառք Աստծո Տիգրան Կարապետովիչին, որը հնարավորություն ընձեռեց գոնե մի երկուսը ցուցադրվեցին: Հիմա եմ հասկանում, թե ինչու, երբ դեռ ելույթ չունեցած` իշխանական թերթերում գրում էին` Գեղամյանը Ստրասբուրգ է գնացել իր իմիջի համար ելույթ ունենալու: Զարմանալին այն է, որ երբ իմ խնդրանքով ինտերնետից թարգմանաբար ինձ ասում էին` ինչ են գրում թուրքական և ադրբեջանական թերթերը, տեսնում էի, որ ելույթներս հավասարապես մերժվում են և այս իշխանությունների կողմից, առավել կատաղի` թուրքերի ու ազերիների կողմից: Դե, հետևությունը, ժողովուրդ ջան, դուք արեք: Մի հատ ուշադիր մտածեք` «ի՞նչ կցուցանե այս առակը»: Եվ լկտիությունը հասավ նրան, որ երբ ելույթներիս տեքստերը «Հայաստանի Հանրապետություն»-ում ամբողջությամբ տպագրվեցին, սկսեցին գրել, ըհը, Գեղամյանը պրն Քոչարյանի հետ լեզու է գտել (ի դեպ, շնորհավորում եմ նրա ծննդյան օրը. սա փաստն եմ արձանագրում), լեզու է գտել պրն Քոչարյանի հետ, թե չէ` չէին տպագրվի: Խելքներիդ ձյուն գա. անգամ պետականամետ ելույթը բյուջեով սնվող թերթում գովազդային եղանակով` փողով ենք տպել: Սա՜ է ճշմարտությունը: Եվ պատահական չէ, որ ելույթներիս Լեռնային Ղարաբաղի հեռուստատեսությամբ բացարձակապես ոչ մի անդրադարձ չեղավ: Լավ, չքնաղ ժողովրդից ինչո՞ւ եք թաքցնում ելույթներիս բովանդակությունը: Չէ՞ որ սկզբից մինչև վերջ իրենց թասիբն եմ պահել, չէ՞ որ սկզբից մինչև վերջ մեր երկրի թասիբն եմ պահել: Է, հասկանալի է, ինչի են անում: Է, վաղը «րտպՓվՈջ»-ին ո՞նց ասեն` Գեղամյանը դավաճան է: Շավարշ Քոչարյանի հետ Ստրասբուրգից գալիս ենք` անամոթաբար պաստառներով են դիմավորում. գրած է. Գեղամյան` դավաճան, Շավարշինն էլ անունով էին գրել` դավաճան, հասկանալի պատճառներով: Ռազնարյադկայով մարդ եք տարել աէրոպորտ, բերել, դե, հիմա էլ, այդ նույն մարդկանց շարան-շարան կանգնեցրեք այստեղ, շարան-շարան կանգնեցնելուց հետո համապատասխանաբար էլ, ասեք` դավաճանն ո՞վ է, որ արդեն տասը ժամ է այս ամբիոնից իմ ու Շավարշի ստրասբուրգյան առաջարկների գովքն են անում: Ձեզ` պարոնայք իշխանավորներ, բացարձակապես ոչ մի բան չի փրկի, առավել ևս` խունվեյբինները:

30.08.2005թ.

Սիրելի՜ ժողովուրդ, մեկ անգամ ևս ուզում եմ պարզաբանել «Ազգային Միաբանություն» խմբակցության առաջարկները` հետևելով հայտնի ասացվածքին, որ կրկնությունը գիտության մայրն է, երևանյան բարբառով հայտնի ֆիլմից, կրկնում եմ, հասկանալի ըմբռնում (բթամիտների-խմբ.) ունեցող մարդկանց համար:

Եվ այսպես, ի՞նչ է առաջարկում «Ազգային Միաբանություն» խմբակցությունը: «Ազգային Միաբանություն» խմբակցությունն առաջարկում է` հաշվի առնելով, որ, այնուամենայնիվ, քննարկվող սահմանադրական փոփոխությունները մի քայլ առաջընթաց են ապահովում գործող Սահմանադրությունից, ասում ենք` «այո» այն պայմանով, եթե այստեղ գտնվող բոլոր մարդիկ վայր են դնում մանդատները, պատգամավորական լիազորությունները: Եվ, ինչպես գովաբանվում է, սահմանադրական փոփոխությունների ընդունման պարագայում երկրում ստեղծվում են ազատ, արդար ընտրություններ անցկացնելու լիարժեք պայմաններ: Քավ լիցի, ժողովուրդը թող ընտրի. կընտրի պատգամավորների այս կազմը, շատ լավ, այս կազմը կաշխատի, կընտրվեն արտախորհրդարանական ուժեր, իրենք կաշխատեն: Նորընտիր Ազգային ժողովը կձևավորի Կառավարություն: Կառավարության կազմավորման 50-րդ օրը առաջարկում ենք, որ Հանրապետության Նախագահի պաշտոնում գտնվող մարդը հրաժարական տա, նշանակվեն արտահերթ նախագահական ընտրություններ: Հիմա այստեղ, ի՞նչն է անընդունելի: Եթե համոզված եք, ինչպես Գալուստ Սահակյանն ասաց, որ ընդդիմության զանգվածը փոքր է, ավելի լավ ձեզ համար, չենք անցնի, դուք կլինեք պատգամավոր: Դե գնացեք այդ քայլին: Հո խոսելով չի: Գործնական առաջարկություն եմ անում: Իսկ ինչո՞ւ եմ դա առաջարկում. առաջարկում եմ այն պարզ պատճառով, որովհետև այս Ազգային ժողովը, այս Կառավարությունը, այս կոալիցիան արդեն իսկ սպառել են վստահության քվեն ժողովրդի կողմից: Ներկայացնեմ հենց ձեր խոսքերը. օգոստոսի 20-ին` Վանաձորում, հարգարժան Արթուր Բաղդասարյանը ելույթ ունեցավ իր համակիրների առջև, ասաց ընդամենը հետևյալը. էս էլ բերել եմ կարդամ, որ վրաս հետո գործ չսարքեն: Ուրեմն, Արթուր Բաղդասարյանի խոսքը. «Իշխանություն էլ կա, իշխանություն էլ: Մեջներն էնքան ավազակներ կան, փողով ձայներն առել են, եկել նստել են, գյուղ կա՞, որ շուն չունենա»: Տղերք ջան, Արթուրն էստեղ չի, հատ-հատ ասեք` այս սա` փողով է անցել, նա` փողով է անցել, նա` Կառավարության միջի շունն է, նա էլ գել ու կատուն են: Բա այս պարագայում ժողովուրդը ո՞նց հավատա ձեր խոսքին, ոնց վստահի ձեզ: Լավ, որ չստացվի միայն Արթուրի ասածն եմ բերում, ՀՅԴ ներկայացուցիչ Շիրակի մարզպետն էլ «Օրինաց երկրի» իմ կողմից հարգված, շատ պարկեշտ անձնավորությանը կանգնեց` ասաց. մարդասիրական օգնությունը` կաթի փոշին, գողանալու համար նստած է եղել: Է, սա է Ձեր կոալիցիան, բնականաբար էլ ձեր մեծամասնությունը: Որ հռետորը բարձրանում է ամբիոն, առանց անհարմար զգալու կանգնում և ասում է. սիրելի՜ ժողովուրդ, այ, կընդունենք սահմանադրական այս փոփոխությունները, այ, կտարանջատվեն իշխանության տարբեր թևերի լիազորությունները, դատական մարմինները անկախ կդառնան, հավասարակշռող մեխանիզմներ կմտցվեն` երկրում վիճակը կբարելավվի: Ի՞նչ է սրա տակ թաքնված: Տղերքը ձեռքերը սիրուն լվանում են, փախչում են Նախագահից: Հասկացնում են ընտրողներին` մենք կապ չունենք, չէ՞ որ սահմանադրական փոփոխությունների մեխն այն է, որ Նախագահի լիազորությունները զգալիորեն կրճատվում են: Ուրեմն, եթե կրճատվում են` երկրի վիճակն էլ բարելավվում է, տրամաբանությունն էլ գալիս է ասելու մի բան, որ չարիքի ողջ կուտակումը Նախագահի տակ է: Հաշվի առնելով այս ամենը` սրտանց շնորհավորում եմ պարոն Քոչարյանին, ասելով, որ հենարան ունես` աշխարհը չունի:

Հաջորդ հարցը: Ի՞նչ է առաջարկում «Ազգային Միաբանություն» խմբակցությունը: «Ազգային Միաբանություն» խմբակցությունն առաջարկում է, որ անպայմանորեն նշված լինի, որ միևնույն անձը 3 անգամ անընդմեջ իրավունք չունի առաջադրվելու Հանրապետության Նախագահ: Ինչո՞ւ ենք սա առաջարկում: Լավ կյանքից չէ, ժողովուրդ ջան: Թե չէ Սահմանադրական դատարանը ոնց 1998 թ. առանց անհարմար զգալու կանգնեց ասաց, որ այս մարդը 10 տարի անընդմեջ Երևանում է ապրում, է, հիմա էլ կասի` այնտեղ` սահմանադրական փոփոխություններում, այս կամ այն բառերը լավ չեք հասկացել, երրորդ անգամ էլ կարող է ընտրվել: Ոնց 2003 թ. Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց` ասելով, որ մեկ տարվա ընթացքում վստահության հանրաքվե պետք է անցկացվի, հետո խոսքից հետ կանգնեց: Ի՞նչ երաշխիք ունենք, որ նույնը չի կրկնվելու. ոչ մի երաշխիք չունենք: Ահա սրա համար ենք անում մեր առաջարկը: Եթե հանկարծ Սահմանադրական դատարանի նախագահն փորձի ինքնուրույնություն դրսևորել, ժողովուրդ ջան, կանեն հետևյալը. բնակարանում, որտեղ ապրում է, նկուղը ռումբ կգցեն: Ռումբ կգցեն կամ էլ կհիշեն, որ սրանից 10 տարի առաջ փեսան ինչ-որ կռիվ էր արել, մարդ էր ծեծել: Այսինքն` մարդուն շանտաժի կենթարկեն: Է, նա էլ կհամաձայնվի: Համաձայնվելու երկրորդ օրը կասեն` ռումբ չէր պայթել նկուղում, նեխած կամպոտ էր, կռիշկան էր թռել, ոնց որ մի քանի տարի առաջ եղավ ռազմական դատախազի հետ: Բարեբախտաբար, վերջինիս թիկունքին կարգին տղերք կային, չթողեցին կուլ տալ Ջհանգիրյանին, թէ չէ վաղուց կուլ էին տվել:

Միանում ենք «Արդարություն» խմբակցության մեր գործընկերների առաջարկներին: Շատ տեղին են, հիմնավորեմ: Առանձնահատուկ ուզում եմ նշել այն նախապայմանը, համաձայն որի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պետք է հանվի իր պաշտոններից: Կարծում եմ, այս առաջարկին սիրով և մեծ ոգևորությամբ կմիանա նաև ՀՅԴ-ն: Ինչո՞ւմ է իմ համոզմունքը: Համոզմունքս պայմանավորված է նրանով, որ 2003 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Գրանդ-Սան» ընկերության դահլիճում հավաքված էր հարգարժան ՀՅԴ-ի վերնախավը և երբ մասնակիցներից առավել աչքի ընկնող մարդկանցից մեկը դիմելով պրն Քոչարյանին, հեռակա դիմելով, ուղղակիորեն ասաց, որ ՀՀ-ում կարգ ու կանոն կհաստատվի այն ժամանակ, կաշառակերությանը, կոռուպցիային վերջ կտրվի այն ժամանակ, երբ պաշտոններից ազատվի պրն Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանը: Եվ, ի՞նչ եք կարծում, այդ առաջարկն առաջացրեց անասելի ոգևորություն և դահլիճը հոտընկայս, որոտընդոստ ծափերով ողջունեց այն: Այնպես որ «Արդարություն» դաշինքին, «Ազգային Միաբանությանը», համոզված ենք, կմիանա նաև ՀՅԴ-ը: Իսկ դա արդեն հաջողության կեսն է:

29.08.2005թ.

Սիրելի՜ ժողովուրդ, Ազգային ժողովի նստաշրջանին ամենայն ուշադրությամբ հետևում էի իմ աշխատասենյակում, հետո դահլիճում: Եթե Ազգային ժողովի պատգամավոր չլինեի և չլսեի հնչած ելույթները, երբեք մտքովս չէր անցնի, որ այս քննարկումները տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում: Երբեք մտքովս չէր անցնի, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ վստահության խորը ճգնաժամ կա, որտեղ թե՜ իշխանություններին, թե՜ ընդդիմությանը, առավել ևս Նախագահին ու Սերժ Սարգսյանին ժողովուրդը չի ընդունում ընդհանրապես: Խոսում են եվրոպական չափանիշներից` մոռանալով մեր իրականությունը: Իսկ ինչո՞վ է պայմանավորված այս համատարած անվստահությունը, որը ճարակել է երկրով մեկ: Պայմանավորված է նրանով, որ Նախագահի թիկնապահները մարդ են սպանում` մի րոպե ամբաստանյալի աթոռին չեն նստում: Պայմանավորված է նրանով, որ 2004 թվականի ապրիլի 5-ին ծեծուջարդի են ենթարկում լրագրողներին, այդ թվում մեր չքնաղ Աննա Իսրայելյանին, հարյուր հազար դրամ տուգանքով են ազատ արձակվում: Ճիշտ նույն մարդիկ 7 ամիս անց մարդասպանություն են անում «ՏԷՑ-ի կռուգում», ամիս ու կես գնում են հանգստանալու գաղութում: Ինչո՞ւ ամիս ու կես` հարց տվեք. որ այդ ընթացքում հասցնեն 200 հազար դոլլարանոց «Խամմերը» բերեն կատարված հանցագործությունների պարագլուխ բանգլադեշցի Համոյին: Սա է երկրի իրավիճակը, ինչի՞ց եք խոսում, ի՞նչ այոյից, ի՞նչ ոչից: Զանգեզուրում` Գորիսում, օրը ցերեկով դատավոր են ծեծում ճիշտ այն նույն մարդու յուրայինները, ովքեր անցյալ տարի բնակելի շենքի շքամուտքում մարդ սպանեցին: Այնտեղ էլ ընդամենը տարի ու կես նստեցին սպանության համար, որովհետև Նախագահի, Սերժի «первый круг» մոտիկներից չէին, մի քիչ ավելի հեռու էին: Երկրում կարգ ու կանոն հաստատել չեք կարող, լավ, հեռու ենք Սյունիքից, Ղարաբաղից «спецназ»-ը բերեք: Չէ՞ որ բերեցիք հասցրեցիք Երևան, ապրիլի 12-ին ծեծուջարդ սարքեցիք, մեր վրա վարժեցվեցին, մարզվեցին, դե թող քթների տակ մարդ սպանողներին կարգի հրավիրեն: Եվ այս պարագայում անամոթաբար կանգնում խոսում ենք բարեփոխումներից, մյուսից, մյուսից: Երկիր ենք կորցնում: Ոչ մեկի արդեն ազգը չի հավատում շնորհիվ նրա, որ հին ու նոր իշխանությունները ձայները մեկ են արել, ուրեմն, մի խնդիր են հետապնդում. գիտակցելով, որ իրենց չեն ընդունում, ամեն ինչ անում են, որ ընդդիմությանն էլ չվստահեն: Հենց այս նույն ամբիոնից հարգարժան Արթուր Բաղդասարյանը կանգնեց` ասաց. քաղաքի կենտրոնի հողերը շան մսի գնով են վաճառում: Ո՞վ արձագանքեց: Եթե չեն արձագանքում, ի պաշտոնե Հայաստանի երկրորդ մարդն է, կնշանակի հենց Քոչարյանը չի թողնում արձագանքեն: Հարգարժան Վահան Հովհաննիսյանը ճիշտ այս նույն ամբիոնից կանգնեց` ասաց. 30 միլիոն դոլլարի ջրային վարկերը կերել են: Ի՞նչ եղավ, ավելի խիստ բաներ էլ ասաց: Եղան նոր քննարկումներ, ավելի` խիստ մեղադրանքներ հնչեցին, սակայն բացարձակապես ոչ ոք ոչ մի պատասխանատվության չենթարկվեց: Բա այս պարագայում ժողովուրդը որի՞դ ձայնը կլսի, որի՞դ կհավատա և կգնա «այո» կասի: Զավեշտը հասել է նրան, որ հասարակությունը, հիվանդ լինելով հանդերձ, երբ իրեն դեղն են տալիս, դեղը չի ուզում վերցնի, որ բուժվի: Չի ուզում այն պարզ պատճառով, որ դեղը տալիս է իրեն հիվանդացնողը, վախենում է արանքում դեղին թույն ավելացնի: Այս հարցերի մասին մտածեք: Հիշատակածս անօրինականություններին տասնյակ, հարյուրավորներ կարելի է գումարել:

Ի՞նչ պայքար է մղվում: Դատախազը շուրջպարեր է պարեցնում, արանքում էլ «Ազգային Միաբանությունն» է փորձում քայքայել: Բացարձակ ամենաթողություն է ամեն բնագավառում: Եվ դրա համար էլ պատահական չէր, որ «Ազգային Միաբանությունը» առաջարկում էր, որ պետք է հաղթահարել նախ անվստահության մթնոլորտը: Աստված մի արասցե, եթե հանկարծ խժդժություն եղավ սահմաններում, որն աչքի առաջ պետք է ունենանք, որովհետև Ալիևը օրը մեջ ասում է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն դարձնելու ենք Հայաստանի բյուջեի չափ: Ո՞վ կգնա կռվի, ո՞ւմ կոչով կգնան,: Ի՞նչ, կարող է երեկվա մեր հերոսական տղերքը, գեներալները «Խամմեր»-ներով գնան պաշտպանեն: Չեն գնա: Այլասերել եք նրանց էլ: Բա այս հարցերի մասին ո՞վ պետք է մտածի, չէ՞ որ երկիր ենք կորցնում, Քոչարյանը, Սերժը գնացող են:

Օգտվելով առիթից, որ նիստը հեռարձակում է, դիմում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, չսխալվեցի` հենց նրան, և Սերժ Սարգսյանին: Մեկդ ձեր բարեկամների գյամը քաշեք, մյուսդ էլ` յուրայինների: Հերիք է աշխարհով մեկ տարածեք, թե Գեղամյանը պայմանավորվածություն ունի Սերժ Սարգսյանի հետ: Դուք` հներդ, ունեք այդ պայմանավորվածությունը նոր իշխանությունների հետ այն պարզ պատճառով, որովհետև իրենք պարտակեցին ձեր օրոք կատարված հանցագործությունները` Ղանդիլյանի, Իսահակյանի սպանությունները, Համբարձում Գալստյանի սպանությունը, տասնյակ ուրիշ մարդկանց սպանություններ: Լևոնենց թիմից, որը գնում է Ամերիկա, ասում է` Գեղամյանը ռուսների գործակալն է, Սերժենք են գնում Մոսկվա, ասում են` Գեղամյանն Արևմուտքի գործակալ է: Գեղամյանն իր ժողովրդի ծառան է, միևնույն է ձեր շառուշուռը ինձ չի կպնելու:

Սիրելի՜ ժողովուրդ, մեկ հարցի մասին ևս: Վերջերս, որ հեռուստաալիքը միացնում ես` քաղաքի նախկին ճարտարապետ Նարեկին ես տեսնում: Ասում է, հիմա, Երևանը սահմանափակենք կենտրոնով: Ազգովի շնորհակալություն հայտնենք, որ չի ասում` Երևանի անունն էլ փոխենք, Նարեկավան դարձնենք: Բա, լավ, անհարմար չէ՞: Մարդ, որ նորմալ հասարակարգում առնվազն պետք է հայտնված լիներ Կոշի գաղութում, այն էլ «հարիֆի» կարգավիճակով, այսօր մեզ խրատներ է տալիս: Եվ այս պարագայում սթափվել է պետք, անգամ իսկ ընդհատել նիստը, մի հատ խելք խելքի տանք` ընդդիմություն, դիմություն, պրեզիդենտ, մյուսները: Երկիր փրկենք, ոչ թե աչքակապությամբ զբաղվենք, որ այստեղ, այս ամբիոնից, Եվրոպայի անունից մաստերովկով մեզ խրատներ չտան: