Աղասի Արշակյանի ելույթը

Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանում

07.02.2006թ.

Սույն թվականի հունվարի 26-ի երեկոյան «Ազատություն» ռ/կ տեղեկատվությունը ԵԽԽՎ-ից ունկնդրելիս հպարտություն ապրեցի մեր երկրի համար: Մեր պատմության ողջ ընթացքում առաջին անգամ այդ բարձր ամբիոնից դատապարտող խոսք հնչեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում հայկական մշակութային ցեղասպանության մասին` Հին Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ոչնչացման փաստի հետ կապված: Հպարտություն ապրեցի նաև նրա համար, որ դա արեց հենց իմ խմբակցության ղեկավարը` Արտաշես Գեղամյանը:

Սակայն հաջորդ օրը խոր հիասթափություն զգացի, երբ հայրենի լրատվամիջոցներից «Հայաստանի Հանրապետություն» թերթում ծանոթացա ելույթի անդրադարձներին: Այդտեղ Գեղամյանի ելույթի մասին ոչ միայն չկար դրվատանքի որևէ խոսք, այլև նա քննադատվում էր Հոլանդիայում ապրող փախստականների հարցից շեղվելու մեջ:

Էլ ավելի զայրացուցիչ էր Գեղամյանի ելույթի անդրադարձը, այսպես կոչված, «Լրագիր-am»-ի ինտերնետային տարբերակում` «Ո՞ւմ է ուզում զարմացնել Գեղամյանը» վերնագրով վայրահաչությունը: Այդ փոքրիկ նյութում ճղճիմ «վերլուծությունն» ընդմիջվում է` Գեղամյանը «հարկատուների հաշվին» ստրասբուրգյան հյուրախաղերում «նեղ անձնական… նպակատներ» է հետապնդում արտահայտություններով:

Օրեր անց նայում եմ ստրասբուրգյան ելույթի տեսագրությունը, որտեղ ակնառու է, թե ինչ փութաջանությամբ են թուրք և ադրբեջանցի պատվիրակները թիկունքից փորձում խանգարել Գեղամյանին: Թերևս սրանց հասկանալ կարելի է, չես հասկանում «մերոնց»` առանձին թերթերի ու թերթոնների տերերին, վերջիններիս կրծքով կերակրվող, իրականում հարկատուների հաշվին Ստրասբուրգում զվռնող այդ վայ գրչակներին. միթե՞ այդքան սարսափելի է ձեզ համար Գեղամյան քաղաքական գործիչը, որ նրա վրա անհարկի ցեխ շպրտելու համար թուրքի մակարդակից էլ եք իջնում. էդ դեպքում ի՞նչ տարբերություն ձեր ու, ասենք, Գեղամյանին խանգարող Թուրքիայի պատգամավոր Չավուշօղլու միջև… Ամոթ է:

Ինձ խոր ցավ պատճառեց և ափսոսանք առաջացրեց այն հանգամանքը, որ պարզվում է նրանցից մեկը մեր Արթուր Բաղդասարյանի խորհրդականն էր (խոսքը Հայկազն Ղահրիյանի մասին է): Անցյալ ժամանակով եմ ասում, քանի որ վստահ եմ, որ Արթուր Բաղդասարյանը չէ՜, որ նրան նման հանձնարարություն է տվել, և այդպիսի մեկն էլ Ա.Բաղդասարյանին որևէ նորմալ խորհուրդ տալ չի կարող ու, համոզված եմ, կհեռացվի խորհրդականի պաշտոնից:

Ինչ վերաբերում է օրակարգի հետ Գեղամյանի զեկույցի առնչվել-չառնչվելուն, ապա պետք է ասեմ, որ երբ ելույթները չեն վերաբերում քննարկվող հարցերին, դրանք Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի եզրափակիչ փաստաթղթի մեջ չեն մտնում, իսկ Գեղամյանի զեկույցը տեղ է գտել այդտեղ, այն էլ` ամբողջությամբ: Ահա այն: