Կորյուն Առաքելյանի ելույթը

Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանում

07.02.2006թ.

Պատերազմի հարաբերական զինադադարի պայմաններում Հայաստանի կաթվածահար տնտեսությունը վերականգնելու, համատարած աղքատությունը հաղթահարելու, արտագաղթը կասեցնելու, ազգը միաբանելու, ժողովրդի ոգին բարձրացնելու, երկրի բարոյահոգեբանական հիվանդագին մթնոլորտը առողջացնելու, վերջապես, արցախյան հիմնահարցի կարգավորման այս բախտորոշ փուլում հնարավոր ջանքերը մոբիլիզացնելու փոխարեն` իշխանական կլանը զարմանալիորեն դարձյալ մտածում է հասարակությունը մասնատելու, իր զվարճասիրությունների բավարարման, սեփական ուռկանը ձուկ գցելու մասին: Նորանոր խարդավանքներ են սարքում, բանուգործները թողած` մեկ դարդ են անում, թե ընդդիմությունը չի միավորվում, մեկ էլ իրենք իրենց քաջալերելով` հանիրավի հրճվանք են ապրում, թե ընդդիմությունը պարտվեց: Միթե՞ իշխանության համար առնվազն անբարոյական չէ, երբ իրենց ողջ գործունեությամբՙ ասես թե, գերագույն նպատակ են դրել սեփական ժողովրդին պարտության մատնելը: Մի բան, որը չի հաջողվել որևէ բռնակալի:

«Ազգային Միաբանություն կուսակցությունը» նաև այս ամբիոնից բազմիցս զգուշացրել է իշխանությունների կողմից վարվող ներքին ու արտաքին անհեռատես և վտանգավոր քաղաքականության հետևանքների մասին: Դրան ի պատասխան նոր որոգայթներ են լարել «Ազգային Միաբանության» դեմ, փորձել մեզ ներքաշել ամենատարբեր խարդավանքների ու իրենց կողմից վերահսկվող խմբավորումների մեջ, շուրջբոլորը ականապատել, որպեսզի փոքր-ինչ սայթաքելու դեպքում` ականները պայթեն: Սակայն ապարդյուն: Բնականաբար, նման հոգեբանություն ու գործելակերպ որդեգրած իշխանությունները պետք է նյարդայնանային, ջղաձգվեին, երբ իրենց մերկապարանոց ու ստահոդ լուրերն ու հրապարակումներն ընդդիմության պարտության մասին բախվում էին տարբեր մարզկենտրոններում ու քաղաքներում Արտաշես Գեղամյանի ամենաջերմ հանդիպումների` լեփ-լեցուն դահլիճների իրականությանը և ջարդուփշուր լինում: Միջազգային ամենահեղինակավոր ամբիոններից այս էլ որերորդ անգամ Արտաշես Գեղամյանն է, որ ճկուն դիվանագիտությամբ ու համարձակությամբ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մեր ժողովրդի ամենահրատապ հարցերի լուծման վրա, իսկ իշխանական լրատվամիջոցները կամ լռում, կամ էլ խեղաթյուրում են իրականությունը: Այդպես եղավ և վերջերս Ստրասբուրգում Հին Ջուղայում ազերիների կողմից իրականացված հայկական խաչքարերի ջարդի, վանդալիզմի վերաբերյալ Գեղամյանի խիստ փաստարկված ելույթից հետո:

Երկիրը պետք է ոչ թե օկուպացնել և այլասերել, այլ ազգային ողջ պոտենցիալը ներդնել այն զարգացնելու, ժողովրդին ապրեցնելու, երկրի անվտանգությունն ապահովելու համար: Քաղաքական դաշտի արհեստական վերաձևումներն ու ինտրինգները չեն, որ պետք է լուծեն պետության ազգային անվտանգության խնդիրները` անվտանգության քարտուղար պարոն Սերժ Սարգսյան:

«Ազգային Միաբանություն կուսակցությունը» ճանապարհ անցած, կայացած ու ինքնաբավ քաղաքական ուժ է, և իշխանությունների կողմից նյութվող ոչ մի խարդավանք, ոչ մի արհեստածին խոչընդոտ չի կարող կոտրել նրա կամքը, նրան շեղել մայր նպատակից:

Սիրելի ժողովուրդ, այս իշխանությունների գնացքն արդեն գնացել է, համախմբվենք, գոտեպնդվենք, և երկիրը կազատագրենք բախտախնդիրներից: