Ալեքսան Կարապետյանի ելույթը

Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանում

07.02.2006թ.

Սիրելի հայրենակիցներ, 1998 թ. պետական հեղաշրջումից հետո տեղի ունեցավ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների քաղաքական այլասերում, այն է` վերջիններս նախագահական արտահերթ ընտրությունների ժամանակ ոչ միայն կաշառվեցին մի պարկ ալյուրով կամ պարարտանյութով, այլև մասնակից դարձան պետական հանցագործության` իրենց ստորագրությունները դնելով լկտի և ցինիկաբար կեղծված ընտրությունների արձանագրությունների տակ:

Թերթերի հրապարակումների համաձայն, որոնցում բերված փաստերը այդպես էլ չեն հերքվել պետական որևէ պաշտոնյայի կամ գերատեսչության կողմից, վառելիքի շուկայի հիմնական մասնակիցների կայացումը տեղի է ունեցել 1997-1998 թվականներին, որոնք իրենց ազդեցությունը պահպանում են մինչ օրս:

1998 թ. իշխանափոխությունից հետո շեշտակի նվազել է վառելանյութ ներմուծողների թիվը` 20-25 սուբյեկտների փոխարեն իրականում մնացել է 2-3 սուբյեկտ: Կրճատվել են նաև հարկվող վառելիքի ներմուծման ծավալները. եթե 1996-1997 թթ. ներմուծվում էր տարեկան միջինը 350.000 տոննա բենզին, ապա 2003-2004 թթ. հարկվել է միջինը 190-200 հազար տոննա բենզին: Այսինքն, մեզ ուզում են համոզել, որ ավտոմեքենաների քանակը, և, հետևաբար, բենզինի ծախսի ծավալը նվազել է 43 %-ով: Ընդ որում, հետաքրքիրը նաև այն է, որ փորձագետները գտնում են, որ նույն ժամանակաշրջանում այդ բնագավառում ստվերը կազմել է 30-40 %:

Հարց է ծագում` իսկ ու՞մ միջոցով է իրականացվում միլիոնավոր դոլարների հասնող պետական բյուջեի այդ թալանը: Առանց երկմտելու ասենք, որ «Միկա-Արմենիա» և «Ֆլեշ» մասնագիտացված կազմակերպությունների, որոնք հիմնականում ստեղծվել էին այդ վառելիքը ներմուծողների անձնական գրպանների ուռճացման նպատակով: Նկատենք, որ հենց «Ֆլեշ»-ն էր 1997-1999 թթ. ՀՀ ազգային անվտանգության նախարարության, հետագայում պաշտպանության նախարարության բենզինի և դիզելային վառելանյութերի կարիքները հոգացող հիմնական մատակարարը: Իհարկե, կազմակերպված ֆիկտիվ տենդերների արդյունքում:

Սիրելի ժողովուրդ, հիմա ճիշտ այդ նույն մարդիկ տարեկան կտրվածքով մաքսանենգ ճանապարհով առնվազն 25-30 միլիոն դոլարի կողոպտում են պետական բյուջեն: Այս անձինք բնավ ոչ մի ամագ չունեն մեր երկրի ու ազգի վրա: Նրանք տնտեսական վամպիրներ են:

Հայ ժողովրդի մեծ «բարերարներիս» նայեք` հիմա էլ կանգնել ու ընդդիմությանը դասեր են փորձում տալ, գնահատականներ են նշանակում, շառուշուռ են անում` անպատիժ մնալով միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն իրենց հովանավորն է:

Տեղներդ իմացե՜ք, պարոնայք, հանկարծ մտքներովդ չանցնի, որ ձեր անազնիվ փողերով ու բանսարկություններով կկարողանաք «Ազգային Միաբանությանը» լռեցնել: Ավելին, քթներդ մի մտցրեք քաղաքական դաշտ, առավել ևս դուք` պարոն «Միկա»: Լինելով Ռուսաստանի քաղաքացի` ձեր կողմից ֆինանսավորվող թերթերում վերջ տվեք հակառուսական հիստերիային: Հանկարծ դուք և ձեր հովանավորները չսխալվեք ձեր հաշվարկներում` կարծելով, որ դրանով ավելի պաշտպանված կլինեն Ամերիկայում տեղավորված ձեր շուրջ 35 միլիոն դոլարի թալանված միջոցները: Հատկապես հիմա, երբ հունվարի 31-ին Կոնգրեսին ուղղած ուղերձում նախագահ Ջորջ Բուշը անողոք պայքար է հայտարարել կոռուպցիայի և սև փողեր լվացողների նկատմամբ:

Մի խառնվեք իրար, մենք թե՜ ձեր, և թե՜ ձեր հովանավորների նման նենգ ու բանսարկու չենք, առավել ևս` վրեժխնդիր: Ձեր հանցանքների գնահատականը կտրվի օրենքի սահմանում, դատարանի դահլիճում` ժողովրդի հսկողության ներքո: