ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

հայտարարությունը Ազգային ժողովում

28.02.2006թ.

Հարգելի գործընկերներ. Հոգս չէ, որ փետրվարի 24-ին Վիեննայում կայացած Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության կազմակերպության լիագումար նիստում մեծ արձագանք գտած իմ ելույթը հայկական հեռուստալրատվամիջոցների ու թերթերի կողմից լռության մատնվեց: Լավ, գոնե Վահան Հովհաննիսյանի լուրջ, հիմնավորված և հայանպաստ ելույթը պրոպագանդեիք, ժողովուրդն էլ իմանար, որ մենք իբրև զբոսաշրջիկ չենք գնում ստրասբուրգներ ու վիեննաներ: Թեպետ, իշխանական լրատվամիջոցների նման պահվածքը բնական եմ համարում, դա նրանց ճաշակի խնդիրն է: Էս մարդիկ սիրում են գովազդել չարաճճի, միևնույն ժամանակ խիստ դատապարտելի մանկություն ունեցող այսօրվա զառամյալ ծերուկների երազանք դարձած մերկ կանանց «Օմեգա» ակումբը, «կազինո» կոչված ղումարբազանոցները, «կուսական» մաքրությամբ ներկայացվող ընտանեկան զառերը և զանազան լոտոները:

Մտորումներիս խնդիրն այլ է: Վտանգելով անձս, ելույթ ունենալով միջազգային ամենահեղինակավոր ամբիոններից արդյո՞ք ազերիներից ու թուրքերից է, որ պետք է պաշտպանեմ ազգս: Միգուցե ավելի ազնիվ ու հրատապ կլիներ մեր ժողովրդին սեփական իշխանություններից պաշտպանելու ելույթներով հանդես գայի՞:

Հիմա էլ աչքակապության նոր դրսևորում. Արցախի, ինչ խոսք, արժանավոր ազատամարտիկներին 11 տարի անց հանկարծ հիշեցին, բռերով մեդալներ ու փողեր են բաժանում: Ճիշտ այն մարդկանց, ում զոհված ընկերների ծնողներին լույսի վարձ չմուծելու համար դատական կատարածուների միջոցով մինչև վերջերս տնից հանում` փողոց էին նետում, ում այրիները պարտադրված էին կիսաքաղց դռնեդուռ ընկնել և ապրուստի միջոց կամ հիվանդ որբուկի համար դեղեր գնելու փող մուրալ: Հենց նույն ազատամարտիկներին են մեդալ շնորհում, ում ընկեր-բարեկամների` Բուզանդի, Արամի փողոցների տները, օջախներն էլ հետը քարուքանդ արեցին, որ տեղում լափած գումարներով իրենց համար ապարանքներ կառուցեն: Տեղները նեղն է, որ էլի Արցախը հիշեցին: Եթե, իրոք, սրտացավ եք դարձել, դե մի հետաքրքրվեք` այդ ո՞ր սրիկայի պատվերով սպանվեցին Արցախի քաջարի ազատամարտիկ Վանուշ Թորոսյանը (մեր Կոնդի, «Դվինի» Վանիկը) կամ էլ Արցախին զենք ու զինամթերքով օգնած Դիոնիս Մարգարյանը:

Սրտացա՞վ եք, մի հատ հետաքրքրվեք, թե ինչպես է, որ անպատիժ մնացին Արցախի ազատագրման գործում գեներալ Լեբեդի հետ լուրջ դերակատարում ունեցած Լևոն Գրիգորի Հովհաննիսյանին 17 մլն դոլարի կողոպուտի ենթարկողները: «Լևոն Մարկոս» ֆիրմայի վրա բարդեցին Կրեդիտ - Երևան բանկի` իշխանությունների թելադրանքով մսխված գումարների լուծը: Ավելին, Լևոնի հանդեպ այստեղից պատվիրված և չհաջողված մահափորձերից հետո 2 մլն 355 հազար դոլար էլ կողոպտեցին, որը նա անսալով սրանց մուրացկանությանը հայթայթել էր Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը սնանկությունից փրկելու համար: Տղերքը փողը կերան, կոմբինատն էլ անվճարունակ ճանաչեցին, որ պարտքը ետ չվերադարձնեն: Հպարտ երևանցուն` Լևոն Գրիգորիչին էլ լռեցնելու համար, նրա վրա գործ սարքեցին, «Ինտերպոլով» հետախուզում հայտարարեցին: Տղերքը կատու են ճղում: Ասենք, որ չի ստացվի, նա ձեր սատանայական բարքերն ընդունող ղզիկներից չէ:

Հիրավի, մտաբերում ես իրավիճակ, երբ հանցագործն ինքն է լեղապատառ բղավում. «Բռնի՜ր հանցագործին»:

Պարոններ Քոչարյան-Սարգսյան, «Ինտերպոլով» հետախուզում հայտարարեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատների հանցագործ իրական սեփականատերերին ջրի երես հանելու համար: Եթե անմասն եք այդ հանցավոր սեփականաշորթությանը, ապա տագնապելու ի՞նչ ունեք, ինքներդ դիմեք «Ինտերպոլին»: Եթե վերջինս դժվարանա, կօգնենք, չնայած սեփական կաշիները փրկելու համար մի երկու նախարար առաջ կընկնեն ու մատնացույց կանեն թալանչիներին:

Հարգելի գործընկերներ, Վիեննայում ելույթս ավարտեցի` նշելով. «Գալիք սերունդները մեր դարաշրջանի մասին կասեն. աշխարհը ղեկավարում էին ամենևին ոչ հերոսներ, առավել ևս ոչ իմաստուններ»:

Ավելացնեմ, որ այսօրվա Հայաստանը բնութագրելիս, ավա՛ղ, ցավով կարձանագրեն. «Երկիրը ղեկավարում էին ղարաբաղյան հանցավոր կլանը և հայաստանյան նրանց խամաճիկները»: