ԳԱԳԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻ

ելույթը Ազգային ժողովի նիստում

21.03.2006թ.

Հարգելի գործընկերներ, շատ է խոսվում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, հատկապես «Գրեկոյի» հայաստանյան ներկայացուցիչների և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի պարոնների կողմից: Ցավալի է, որ սրանցից որը խոսում է, երկրում ուրիշ կոռուպցիա չի տեսնում, սկսում են ոստիկանությունից, հատկապես պետավտոտեսուչներից և ավարտում են նրանցով: Այո, այս երևույթը կա ոստիկանությունում, իսկ մենք` այստեղ նստածներս և «Գրեկոյի» ու կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի պարոնները, ի՞նչ ենք արել այս օղակում կոռուպցիան վերացնելու ուղղությամբ: Բարձր աշխատավա՞րձ ենք ապահովել ինչպես մաքսային, հարկային ծառայություններում, նյութական խրախուսման ֆո՞նդ ենք օրենքով ամրագրել` տրամադրելով պետության բյուջե գանձված գումարի 10%-ը: Հնարավոր առիթը ձեռքից բաց չեք թողնում, փնովում եք ոստիկանությանը` մոռանալով, որ փնովողներից այստեղ գտնվող քաղաքական որոշ ուժեր հենց ոստիկանության շնորհիվ են բազմել պատգամավորական բազկաթոռներին, հիմա էլ իրենց «շնորհակալությունն» են ուրանալով հայտնում: Քննադատելուց առաջ ձեր շուրջը նայեք, թե կոռուպցիայի համատարած ինչ օրինակներ ունեք:

Չգիտե՞ք, թե ի՞նչ է կատարվում մաքսային ծառայություններում. համատարած կոռուպցիա է` դրսևորման բոլոր ձևերով, մուտքից կաշառքով մտնում ես, ելքից կաշառքով դուրս գալիս: Ի դեպ, պարոն ղեկավարներ, ուզում եմ ձեզ հուշել, որ այս ընկերներին բացատրեք, որ մեր կոնյակն ավելի լավն է, քան 7000 դոլարանոց արտասահմանյան կոնյակները, որից ընդամենը 3 հատ էր ստացվել քաղաքում, մեկը ցերեկը խմելուց, ստամոքսները զարմացնելուց հետո, տղերքը գիշերը 3-ին մարմնավաճառ կանանց զարմացնելու համար խանութը բացել, մյուս երկուսն էլ էին գնել չտեսները:

Իսկ ի՞նչ է կատարվում հարկային ծառայություններում. համատարած պետական շորթում, աշխատես-չաշխատես պետք է տաս, որի արդյունքում արդյունաբերության հերն անիծել են, հանրապետությունը դարձրել են չարչիների երկիր:

Իսկ միգուցե չգիտե՞ք, թե ի՞նչ է կատարվում մեր դատական համակարգում: Գիտեինք, որ ճիշտը մեկն է լինում, իսկ մեր երկրի դատական համակարգում քանի ատյան կա, էնքան էլ ճիշտ կա:

Կոռուպցիայի մասին էլ չասենք: Տեղյակ չե՞ք, ինչպես կոպեկներով վաճառվեցին Մոսկվայի 28000 քառ. մետր, Լենինգրադի` 7 հեկտար և Սարատով քաղաքների բանուկ մասերում գտնվող հայկական կոնյակի գործարանները: Չգիտե՞ք, թե ո՞ր պաշտոնյան ձեռի հետ 300000 դոլար գնորդներից կորզեց կազինոյի իր պարտքը փակելու համար:

Էդ ի՞նչ գումարներով են որոշ նախարարներ և բարձր պաշտոնյաներ Երևանում` Կասկադում, դղյակներ կառուցում: Ախր, սրանք քաղաք որ գյուղերից եկան, սեփական կատու անգամ իսկ չունեին: Չգիտե՞ք, որ տնտեսական անազնիվ մրցակցության պատճառով տարեկան յուրացվում և վատնվում է առնվազն երկրի բյուջեի 30-ից 40%-ը:

Կոռուպցիա չէ՞ այն, որ 2005 թ. հոկտեմբերի 13-ի ՀՀ կառավարության 1377 որոշմամբ 294 կազմակերպություններ և առանձին անհատներ 1300 հեկտար հողակտորներ նվեր ստացան: Շուրջ երկու հեկտար (16636 քառ. մետր) հողակտոր նվեր ստացած թերթի խմբագիրը պատվերով իր ծառայություններն է մատուցում իշխանություններին` փորձելով ցեխ նետել «Ազգային Միաբանության» և նրա ղեկավար Գեղամյանի վրա:

Ասում են` մեր երկրի տնտեսական աճը 13% է: Ոչ, պարոններ, ոչ թե 13, այլ` 113 կամ 1013 տոկոս է, բայց ոչ երկրինը, այլ իշխանություններին մոտ կանգնած մի քանի մարդկանցը:

Կա՞ մի օղակ այս երկրում, որ կոռումպացված չէ, ասեք, մենք էլ իմանանք, որպես սրբատեղի մոմ վառենք: