ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

Ստրասբուրգ, 20 հունիսի, 2005

Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ.

Դժվար է գերագնահատել ԵԽԽՎ-ում քննարկվող «Լրատվամիջոցները և ահաբեկչությունը»  հարցի նշանակությունը, որի կարևորությունը առավել մեծ է Հայաստանի համար:

«Զերկալո»  օրաթերթ, 28 փետրվարի 2004թ., Ադրբեջան: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում քաղվածք Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովայի հարցազրույցից. «Ռամիլ Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար»:

«Զերկալո»  օրաթերթ, 6 մարտի 2004թ.: Քաղվածք Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովի հարցազրույցից. «Թուրքիայում ծառայած մեր սպաներին ես միշտ ասել եմ. դուք մեզ պետք եք Ղարաբաղում: Նրանք` հայերը, պետք է սպանվեն Ղարաբաղում և ոչ թե այլ երկրներում»:

Բազմաթիվ նման օրինակներ կան, թե ինչպես են Ադրբեջանի քաղաքական գործիչները մամուլի միջոցով արձագանքել Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի բարբարոս սպանությանը: Գուրգեն Մարգարյանը գազանաբար կացնահարվել է առավոտյան 530-ին, քնած ժամանակ: Նա գտնվում էր Բուդապեշտում և, ինչպես Ռ.Սաֆարովը, ուսանում էր ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության»  ծրագրի շրջանակներում:

Կարդալով ադրբեջանական մամուլը` ակամայից հարց է առաջանում. ո՞վ է ավելի մեծ ահաբեկիչ` Ռամիլ Սաֆարովը, թե Միլի Մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովը կամ էլ Ադրբեջանի մարդու իրավունքերի պաշտպան` օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան: Իսկ արդյոք ահաբեկչությանը մասնակից չե՞ն ադրբեջանական այն թերթերի խմբագրությունները, որոնք մասսայականացնում են վերջիններիս մարդատյաց զառանցանքները: Ո՞վ է ավելի մեծ հանցագործ` ադրբեջանական բանակի զինակոչիկը, որն ընկնում է նշված «պետական գործիչների»  սադրիչ ելույթների ազդեցության տակ և դառնում ահաբեկիչ, թե ահաբեկիչները հենց իրենք` սադրիչներն են: Ո՞վ է պատասխան տալու 18-20 տարեկան ադրբեջանցի զինվորների գործողությունների համար, որոնք, այսօր էլ կատարելով իրենց հրամանատարների հրամանները, Միլի Մեջլիսի պատգամավորների և մարդու իրավունքների պաշտպանի օրհնանքներով, նշանառու հեռահար կրակով սպանում են Ղարաբաղի մարտական գործողությունների զինադադարի գծում գտնվող իրենց հայ հասակակիցներին: Ի՞նչ են զգում սպանված Գուրգենի հարազատները և բարեկամները, մարդասպան Ռամիլի հարազատները, երբ այս օրերին էլ կարդում են հայերի նկատմամբ ատելությամբ լի ադրբեջանական և թուրքական թերթերի հոդվածները: Եվ, ի վերջո, ո՞րն է մեր և ձեր դերը XXI դարի այս չարիքի կանխարգելման գործում, ինչպիսի՞ն է մեր` ԵԽԽՎ-ի պատգամավորների պատասխանատվությունը, և երբ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի մարդու իրավունքների պաշտպանը հերոսացնում է դաժան մարդասպանին, արդյո՞ք դրանով մեզ` պատգամավորներիս, գնահատականը չի՞ տրվում:

Ինչո՞ւ մենք հարց չենք տալիս ինքներս մեզ` ովքե՞ր և որտե՞ղ են նրանք, ժամանակակից Եվրոպայի հումանիստները` մերօրյա Ֆրիտյոֆ Նանսենը և Անատոլ Ֆրանսը, Հովհաննես Պողոս Երկրորդը և Մայր Թերեզան: Ո՞րն է Ձեզ հետ մեր կոչումն այս գործում:

Հարգելի գործընկերներ. ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում 97 պատգամավոր կոչով դիմեց Հայաստանի ղեկավարությանը` ընդունելու համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի առաջարկությունը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի համատեղ ուսումնասիրություններ սկսելու մասին: Փաստաթուղթը ստորագրած պատգամավորները, երևի, հավատացել էին թուրք վարչապետի առաջարկի անկեղծությանը: Էրդողանի կոչին, հավանաբար, հավատացել էին նաև Ստամբուլում անցկացվելիք գիտական համաժողովի նախաձեռնողները: Այն պետք է տեղի ունենար մայիսի 25-27-ին Բոսֆորի համալսարանում` «Հայերը Օսմանյան կայսրության անկման շրջանում. գիտական պատասխանատվություն և ժողովրդավարության հարցեր»  թեմայով: Մինչև համաժողովի սկսվելը թուրքական ազդեցիկ «Միլիեթ»  օրաթերթը դատապարտեց գիտնականների համաժողովը` Բոսֆորի համալսարանը անվանելով այն տեղը, «որտեղ վերաքննության են ենթարկվում 1915 թ. դեպքերը և պետության պաշտոնական տեսակետը»: «Հուրիեթ», «Զաման», «Միլիեթ»  և Թուրքիայի ազդեցիկ այլ թերթեր Գալաթասարայի համալսարանի պրոֆեսոր Իլբեր Օրթայլնի, Թուրքիայի պատմաբանների միության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի, Ազգային մեծ ժողովի պատգամավոր Շյուկրու Էլեկդագի և «Արդարություն ու զարգացում կուսակցության»  (որի առաջնորդը հենց ինքը` Էրդողանն է) անդամ-պատգամավոր Ռամազան Թոփրաքի շուրթերով դատափետեցին և փորձեցին օտարել հասարակությունից համաժողովի կազմակերպիչներին` նրանց հասցնելով անձնական վիրավորանքներ:

Հատկանշական է, որ, հանդես գալով Բոսֆորի համալսարանում Հայկական հարցով համաժողովի անցկացման դեմ, պատգամավոր Թոփրաքը կասկածի տակ վերցրեց ժողովրդավարության առկայությունը Շվեյցարիայում և Ֆրանսիայում` հայտարարելով. «Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ Շվեյցարիայում կամ Ֆրանսիայում կազմակերպվեն գիտական համաժողովներ` թուրքական որևէ թեզ հաստատելու նպատակով»: Այս խոսքերը, հավանաբար, հասցեագրված էին Շվեյցարիայից ԵԽԽՎ-ի պատգամավոր տիկին Զափլ-Գելբինգ Ռոզմարիին` ի նշան շնորհակալության նրա այն ստորագրության համար, որ վերջինս դրել էր ԵԽԽՎ-ի 97 պատգամավորների վերոհիշյալ կոչի տակ:

Թուրքիայի արդարադատության նախարար Ջեմալ Չիչեքն այս հարցում ավելի հեռուն է գնացել և, ինչպես հրապարակվել էր 2005թ. մայիսի 25-ի «Զաման»  և «Միլիեթ»  թերթերում, Ազգային մեծ ժողովի ամբիոնից հայտարարել է. «Անհամբեր սպասում եմ` ինչպես է իր պարտքը կատարելու բարձրագույն կրթության խորհուրդը»: Համաժողովի կազմակերպիչներին հարկ է գամել անարգանքի սյունին, ըստ էության, այսպիսին էր թուրք նախարարի ելույթի առանցքը: Նույն օրը Բոսֆորի համալսարանի ռեկտորատը ստիպված եղավ հայտարարել համաժողովի` անորոշ ժամանակով հետաձգման մասին:

Կամ թե ահաբեկչության հրահրման մեկ այլ դրսևորում ևս: Վերջերս ադրբեջանական թերթերը տարածեցին Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ Հաջիյագ Նուրիևի հայտարարությունը, որում նա կոչ է անում «Հայաստանի դեմ սրբազան պատերազմ սկսել, հայտարարել ջիհադ…»: Եվ այդ նողկալի տեղեկատվությունն ադրբեջանական մամուլը մատուցում էր անթաքույց դրական երանգներով:

Այսօր ԵԽԽՎ-ն պետք է կամք դրսևորի և հանդես գա ահաբեկչություն հրահրող վերը նշված և ցանկացած այլ գործողությունների դատապարտման բանաձևով:

Հարգելի գործընկերներ

Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ խաբեբա ու խորամանկ քաղաքական գործիչները ծնում են անպատասխանատու մամուլ, որն էլ, իր հերթին, պարարտ հող է ստեղծում ժամանակակից ահաբեկչության համար:

Եվ հենց այստեղ` ԵԽԽՎ-ում, ինչպես և հազարամյակներ առաջ ավերված Կարթագենում, պետք է երեք անգամ հերկվի և աղի հաստ շերտով ծածկվի ահաբեկչությունը սնող հողը, որպեսզի մեր համաեվրոպական ընտանիքում, Եվրոպայի ցանկացած անկյունում մեկընդմիշտ արմատախիլ արվեն ահաբեկչությունն ու պատերազմը: Հենց դա է մեր պատմական առաքելությունը:

Եվրոպական ժողովրդական կուսակցություններ/

քրիստոնյա-դեմոկրատներ

ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի պատվիրակության անդամ

 

Ստրասբուրգ, 27 ապրիլի, 2005

Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ.

Հայ ժողովրդի համար միգրացիայի հարցերն ավելի քան մեկուկես դար է, ինչ չեն կորցնում իրենց արդիականությունը:

Ֆրանսիացի հայտնի գրող Անատոլ Ֆրանսը 1916թ. ցասումով դատապարտել է եվրոպական կառավարիչներին` հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ վերջիններիս անգործունյա անտարբերության համար: Նա գրել է. «Արևելքում մահանում է մեր քույրը: Նրա ողջ մեղքն այն է, որ նա կիսում է մեր զգացմունքները, սիրում է այն, ինչ սիրում ենք մենք: Ինչպես և մենք, նա ներառել ու իր մեջ մարմնավորել է իմաստությունը, արդարացիությունը, պոեզիան, արվեստը: Ահա դրանում է և կայանում նրա «աններելի»  հանցանքը: Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այս մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է, թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ»: Մեծ մարդասերն ահա այսպես է բնութագրել 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը:

Հրաշքով ողջ մնացած հայերը փախուստով փրկվեցին արաբական երկրներում: Հարյուր հազարավորները ապաստան և կացարան գտան Ռուսական կայսրությունում, Ֆրանսիայում ու Գերմանիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում: Այդ տարագիրներից շատերի, վերջիններիս զավակների անունները ոսկե տառերով են գրված նրանց երկրորդ Հայրենիքի նորագույն պատմության մեջ: Ֆրանսիայում մեծարանքով են վերաբերվում տաղանդավոր գրող Անրի Թրուայի և կինոռեժիսյոր Անրի Վերնոյի ստեղծագործությանը, սիրում և հպարտանում են Շառլ Ազնաուրով: Եգիպտացիները խորին հարգանքով են արտասանում 19-րդ դարի իրենց լավագույն պրեմիեր-մինիստրներից և արտաքին գործերի նախարարներից մեկի` պետական նշանավոր գործիչ-հումանիստ Նուբար Փաշայի անունը, մարդ, որը փրկեց և կարգավորեց սիրիական Դեր-Զորի մահվան անապատից` թուրքական յաթաղանից փախած իր տասնյակ հազարավոր հայրենակիցներից շատերի կյանքը: Արաբական Արևելքը, ինչու չէ նաև Եվրոպան, և, անշուշտ, լիբանանցիները մշտապես բարի զգացմունքներով պետք է հիշեն հայ գաղթականուհու որդուն, Լիբանանի մեծ զավակին, ահաբեկիչների ձեռքով սպանված Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիին: Երախտապարտ ամերիկացիները հպարտանում են տաղանդավոր գրող Վիլյամ Սարոյանով և նկարիչ Արշիլ Գորկիով, նշանավոր կինոռեժիսյոր Ռուբեն Մամուլյանով և Կալիֆորնիայի նույնքան անվանի նահանգապետ, Ռոնալդ Ռեյգանի մերձավոր բարեկամ ու զինակից Ջորջ Դոքմեջյանով:

Մեր պատմության ողբերգական էջերը ցավով են արձագանքում այսօրվա սերնդի սրտերում, հատկապես ապրիլյան այս օրերին, երբ աշխարհասփյուռ տասներկումիլիոնանոց հայությունը եկեղեցիներում և տաճարներում մոմեր է վառում ի հիշատակ Անատոլիայում անմեղ սպանված մեկուկես միլիոն իրենց հայրենակիցների: Մենք նաև վերապրում ենք նրանց ճակատագիրը, քանի որ հայերին բռնի միգրացիայի ենթարկելու վտանգն իր արդիականությունը չի կորցրել և այսօր:

Մեջբերում անեմ «Բակինսկի ռաբոչի»  թերթի 2002թ. հուլիսի 25-ի համարում «Զանգվածային լրատվական միջոցները պետք է լինեն ճշմարտության ազդարարը...»  խորագրի ներքո հրատարակված մի նյութից: Հեյդար Ալիևը, Ադրբեջանի այն ժամանակվա նախագահը, ի լուր ամենքի հրապարակեց ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ պաշտոնական Բաքվի քաղաքականության մասին: «Ես խոսում եմ այն ժամանակաշրջանի մասին,- իր հարցազրույցում ասում է Ալիևը,- երբ առաջին քարտուղար էի. այդ ժամանակ շատ եմ օգնել Լեռնային Ղարաբաղի զարգացմանը: Միաժամանակ ձգտել եմ փոխել տեղի ժողովրդագրությունը: Լեռնային Ղարաբաղը հարց էր բարձրացրել ինստիտուտ, բուհ բացելու մասին: Մեզ մոտ բոլորը դեմ էին դրան: Ես մտածեցի, որոշեցի բացել: Մերձակա շրջանների ադրբեջանցիներին սովորելու էինք ուղարկում ոչ թե Բաքու, այլ այնտեղ... Հիմնադրեցինք կոշիկի մեծ ֆաբրիկա: Մարզը շրջապատող վայրերից ադրբեջանցիներին ուղարկում էինք այնտեղ: Այս և այլ միջոցներով ես աշխատել եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների թվաքանակը մեծանա, իսկ հայերինը` նվազի»: Ավելի բացահայտ չես ասի: Այդ տարիներին իրականացվող ահա նման քաղաքականության մեջ է թաքնված Ադրբեջանի հայաբնակ տասնյակ քաղաքներից և շրջաններից ավելի քան կես միլիոն հայերի մասսայական տեղահանման պատճառները: Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության բռնի դուրս հանելու հենց նման քաղաքականությունն էլ հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների պայքարին` իրենց ազգային ինքնորոշման համար:

Եթե մենք այսօր ԵԽԽՎ-ում խորապես չուսումնասիրենք Հարավային Կովկասի տարածաշրջանում միգրացիայի պատճառները և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկենք դրանց առաջն առնելու համար, ապա պոտենցիալ վտարանդիներ կարող են դառնալ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 հազար բնակիչները, որը տարածաշրջանում կվերածվի հումանիտար աղետի: Ցավոք, այստեղ` ԵԽԽՎ-ում, ոմանք հող են նախապատրաստում հայերի մասսայական տեղահանության համար` նրանց մատնելով մեր հարյուր հազարավոր այն հայրենակիցների ճակատագրի կրկնությանը, ովքեր XX դարի սկզբին բնակվել են Օսմանյան կայսրությունում և Նախիջևանի ինքնավարությունում, պատմական հայկական նահանգ, որի տարածքը Ադրբեջանը բռնի զավթել է Հայաստանից:

Հարգելի գործընկերներ. ապրիլի առաջին օրերին աշխարհը հրաժեշտ տվեց Հռոմի պապին` Հովհաննես Պողոս Երկրորդին: Պապի մահը սգում էին բոլորը` հրեաները, ուղղահավատ մահմեդականները, ինդուսները, քրիստոնյա-բողոքականները, անգլիականականները, ուղղափառները, լուսավորչականները, ի դեմս իրենց պետության և կառավարության ղեկավարների, հոգևոր առաջնորդների, որոնք Պոնտիֆիկի հուղարկավորության համար ժամանել էին Հավերժական քաղաք: Հրեաները Հովհաննես Պողոս Երկրորդին մեծապես գնահատում էին Հոլոքոստի հանցագործության համար Երուսաղեմում` Լացի պատի մոտ կատարած ապաշխարության համար: Մահմեդականներն արժանին էին մատուցում Պապի արիությանը, որը կաթոլիկության ողջ պատմության ընթացքում առաջինն այցելեց Դամասկոսի իսլամական սրբավայրերը` Օմեյադների մզկիթը և սրբատեղին, Տիրոջ գերեզմանն ազատագրելու համար խաչակիրների արշավանքների ընթացքում մահմեդականների թափված արյան` նրա հրապարակային մեղքերի խոստովանության համար: Ուղղափառ քրիստոնյաները Պապին հարգում էին խաչակիրների կողմից 800 տարի առաջ կատարածի` բյուզանդական սրբությունների, Կոստանդնուպոլսի տաճարի կողոպուտի և ավերածությունների համար խոնարհաբար ապաշխարելու համար:

Մեծ Պապը ինչպես հասարակ մարդկանց, այնպես էլ աշխարհի հզորների սրտերը նվաճել էր այն բանի շնորհիվ, որ ապաշխարում էր այն մեղքերի թողության համար, որ կատարվել էին ո՜չ իր կողմից և ո՜չ էլ իր պապության տարիներին: Նա գիտակցում և սրտով զգում էր իր մեծ կոչումը: Եվ, թվում է, այդ օրերի ապրումներից առաջին դասը պետք է առնեինք մենք` Ազատության և Ժողովրդավարության Տաճարի սպասավորներս, Եվրախորհրդի Պալատի սպասավորներս, ԵԽԽՎ-ի պատգամավորներս: Թվում է, թե մենք պետք է հետևինք նրան` փորձելով գիտակցել մեր սեփական կոչումը: Եվ մեզանից պահանջվում էր, երևի թե, շատ քիչ բան, մեր նստաշրջանի աշխատանքն սկսել ոտքի կանգնելով և մեկ րոպե լռությամբ հարգելով 1915թ. ցեղասպանության զոհերի` մեկուկես միլիոն հայերի հիշատակը: Եվ, թվում է, որ անհրաժեշտ էր դա անել թեկուզև այսօր` XX դարի այդ ահավոր ողբերգության 90-րդ տարելիցի առնչությամբ: Եվ միայն այդ պարագայում խորիմաստ և սրտառուչ այն խոսքերը, որ ասվեցին պետությունների, կառավարությունների և եկեղեցական ղեկավարների կողմից Պապին հրաժեշտ տալու օրերին, ոչ միայն հայերի, այլև աշխարհի ժողովուրդների կողմից կընկալվեին որպես ժամանակակից քաղաքակրթությունների առաջնորդների գիտակցված ապաշխարանք` դեռևս ոչ բոլոր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական դատապարտման, աշխարհում չդադարող պատերազմների, Հողագնդի համարյա մեկ միլիարդ քաղաքացիների` շարունակվող սովի ու ծայրահեղ չքավորության համար: Եվ այդ տատասկոտ ճանապարհին որպես Արիադնայի ուղեցույց թել կարող են ծառայել այն որոշումները, որ մենք ընդունում ենք այստեղ` Եվրոպայի սրտում: Առանց ԵԽԽՎ պատգամավորների կողմից իրենց կոչման գիտակցման` չի լինի ոչ մեր մտադրությունների և գործողությունների Միաբանություն, ոչ մեզ Արդարացում և ոչ էլ Փրկություն:

Ցանկալի չէր լինի, որ մարդասեր-նորվեգացի, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի խոսքերը` ասված մեզ համար ողբերգական այն տարիներին, դառնան մեր նորագույն պատմության վերջաբան:

Վերհիշենք և մեկ անգամ էլ մտորենք, թե ինչի մասին էր նախազգուշացնում մեծ նորվեգացին. «Վայ հայերին, որ նրանք ներքաշվել են եվրոպական քաղաքականության մեջ: Նրանց համար շատ ավելի լավ կլիներ, եթե եվրոպական ոչ մի դիվանագետ Հայաստանի անունը չարտասաներ»:

Եվրոպական ժողովրդական կուսակցություններ/

քրիստոնյա-դեմոկրատներ

ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի պատվիրակության անդամ


Ստրասբուրգ, 27 հունվարի, 2005

Հարգելի գործընկերներ.

Խորապես խորհրդանշական է, որ էթնիկ զտումների զոհերի հիշատակի Եվրոպական կենտրոնի ստեղծման հարցի քննարկումը տեղի է ունենում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 90-ամյակի տարում: Հայ ազգի ընտրանին` ավելի քան 600 հայ մտավորականներ, ճարտարապետներ, բժիշկներ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ, սպաներ, ովքեր ապրում էին Կոստանդնուպոլսում, 1915թ. ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ձերբակալվեցին և գազանաբար սպանվեցին: Այդ վայրագ դաժանությամբ սկսվեց մեկուկես միլիոն հայերի կոտորածը: Դրանով սկիզբ դրվեց թուրքական յաթաղանից հրաշքով փրկված հարյուր հազարավոր հայերի աշխարհով մեկ դեգերմանը: Այդ ժամանակ գրվեց Բրունո Յասենսկու «Անտարբերների դավադրություն»  գրքի էջերից մեկը: Եվրոպան լռեց: Եվ պատահական չէր, որ քառորդ դար անց, 1939թ. օգոստոսին Հիտլերը իր հրեշավոր ռասսայական զառանցանքի մեջ, ելույթ ունենալով իր բանակների հրամանատարների առաջ, հայտարարեց. «Ես հրաման եմ տվել իմ «Մեռյալ գլուխ»  զորամիավորումներին միայն Արևելքում անողոք և առանց որևէ խղճմտանքի մահվան դատապարտել լեհական ծագում ունեցող և լեհերեն խոսող տղամարդկանց, կանանց և երեխաներին: Միայն այդպես մենք կնվաճենք մեզ անհրաժեշտ կենսական տարածություններ: Ո՞վ է դեռ այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: Հետագայում լեհերի ողբերգական ճակատագիրը կիսեցին հրեաները: Տեղի ունեցավ հոլոքոստը:

Էթնիկ զտումների ռեցիդիվները Եվրոպայում իրենց զգացնել տվեցին 80-ական թվականների վերջին- 90-ականների սկզբին, երբ տեղի ունեցան հարյուրավոր և հազարավոր հայերի ջարդերը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Դաշքեսանում, երբ իմ ավելի քան 450.000 հայրենակիցները Սովետական Ադրբեջանից մազապուրծ եղան: Եվ միայն մարդկային մեծ կորուստների գնով, իր հերոսության շնորհիվ կարողացավ փրկվել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը:

Ցավոք, պարոն Մերչանը` մեր գործընկերը Թուրքիայից, երկու օր առաջ ելույթ ունենալով այստեղ ցասումով դատապարտում էր ղարաբաղցիներին այն բանի համար, որ վերջիններս կանխեցին սեփական ժողովրդի ցեղասպանությունը: Քննադատության չեն դիմանում նրա փորձերը զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի դեպքերի և եվրոպական երկրներում անջատողական առանձին դրսևորումների միջև, դրսևորումներ, որոնք խիստ քննադատության են ենթարկվում ճիշտ այդ նույն եվրոպական երկրների ազգաբնակչության ճնշող մեծամասնության կողմից:

Ըստ էության, պարոն Մերչանը բելգիացիներին, ֆրանսիացիներին, անգլիացիներին, լեհերին, ռուսներին, իտալացիներին կոչ էր անում փրկել իրենց` հենց իրենցից: Լավ է, որ Եվրոպայի խորհրդում չկան Կանադայի ներկայացուցիչներ, թե չէ նրանց ոչ մի կերպ չէին ների այն, որ Կանադայի կառավարությունը մի երկու տարի առաջ հնարավորություն ընձեռեց քվեբեկցիներին հանրաքվեի ճանապարհով որոշել իրենց հետագա ճակատագիրը: Մերչանի ելույթում պահպանվել էին բյուզանդական տխրահռչակ քաղաքականության ավանդույթները: Ասես, 1453թ. հրի և սրի մատնելով Կոստանդնուպոլիսը, օսմանները ինչ-ինչ դասեր էին քաղել իրենց կործանած բյուզանդական քաղաքակրթությունից: Հանուն արդարության ասենք, որ նրանք բյուզանդացիներից ընդօրինակել էին ամենևին էլ ոչ ամենալավը: Թուրքիայի մեր գործընկերոջ կողմից չգիտես ինչու չհիշատակվեցին 1974թ. հուլիսյան իրադարձությունները, երբ թուրքական զորամիավորումը մտավ Կիպրոս և բռնանվաճեց ինքնիշխան, անկախ Կիպրոսի Հանրապետության տարածքի գրեթե 40 տոկոսը, պետություն, որի ազգաբնակչության 82 տոկոսը կազմում էին հույները, ինչպես նաև հայերն ու մարոնիթները: Չհիշատակվեց, որ բռնանվաճման հետևանքը եղավ հազարավոր հույն կիպրոսցիների մահը, ավելի քան 200.000 քրիստոնյա կիպրոսցիների բռնի տեղահանումը, որոնք դարձան փախստականներ իրենց սեփական երկրում:

Ակամայից հիշողությանդ մեջ արթնանում են աստվածաշնչյան հետևյալ խոսքերը. «Ինչո՞ւ քո եղբոր աչքի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում. կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես` թո՜ղ որ հանեմ այդ շյուղը քո աչքից, եվ ահա քո աչքում գերան կա: Կեղծավո՜ր, նախ հանի՜ր քո աչքից այդ գերանը, և ապա հստակ կտեսնես քո եղբոր աչքից շյուղը հանելու համար»  (Ավետարան ըստ Մատթեոսի):

Էթնիկ զտումների զոհերի հիշատակի Եվրոպական կենտրոնի ստեղծումը պետք է սկսել մեր սեփական պատմական հիշողության վերականգնումից: Իսկ մեզ համար որպես օրինակ թող ծառայի «Mea Culpa» - «Իմ մեղքը»  խոստովանությունը, որով հանդես եկավ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը 2000 թվականին Քրիստոսի Ծննդից հետո: Նա ներողամտություն հայցեց Աստծուց և մարդկությունից կաթոլիկ եկեղեցու այն գործողությունների համար, որոնք կատարվել են հերետիկոսների և ազատամիտների նկատմամբ, անհանդուրժողականության, կրոնական պատերազմների և Խաչակրաց արշավանքների, ինչպես նաև հրեաների նկատմամբ բազմաթիվ քրիստոնյաների թշնամանքի և անվստահության համար:

Կարծում եմ, որ Եվրոպական կենտրոնի հիմնադրմանը պետք է նախորդի ԵԽԽՎ-ի «Mea Culpa» - «Իմ մեղքը»  հայտարարություն - ինքնախոստովանությունը, քանզի եվրոպական մայրցամաքում էթնիկ զտումների բոլոր զոհերը եղել են քաղաքական գործիչների մեղքով, այլ ոչ թե ժողովուրդների: Իսկ ժողովուրդները սպասում են քաղաքական գործիչների, մեր բոլորի մեղանչմանը:

 

Ստրասբուրգ, 25 հունվարի, 2005

Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ.

Լեռնային Ղարաբաղի դիմակայության հարցի քննարկման բնույթը հիշեցնում է հելենական դարաշրջանի մեծ փիլիսոփաներ Պլատոնի ու Արիստոտելի բանավեճը «Տեսողության կուրությունն ու կուրության տեսողությունը, կամ արդյո՞ք խլուրդն աչքեր ունի»  թեմայով: Երբ այդ վեճը շատ երկարեց, ստրուկ այգեպանն ուղղակի առաջարկեց վերցնել խլուրդին ու տեսնել` նա աչքեր ունի, թե՞ ոչ, բայց փիլիսոփաները պատասխանեցին, որ ճշմարտությունն ի հայտ բերելու համար իրենց խլուրդ պետք չէ…

Այսպես էլ հիմա ԵԽԽՎ-ում ուզում են Լեռնային Ղարաբաղի 140 հազարանոց բնակչության ճակատագիրը լուծել` առանց նրան բանավեճի հրավիրելու: Հայաստանի պատվիրակությունը, որը պնդում էր նրանց պարտադիր հրավիրել, ցավոք, Ադրբեջանի տխրահռչակ հովանավորների ջանքերով, ըստ էության, հայտնվեց ստրուկ այգեպանի դերում: Եվ դա էլ այն դեպքում, երբ Ադրբեջանի մեր գործընկերները իրենց մակարդակով շատ են հեռու Պլատոնից ու Արիստոտելից, էլ չենք խոսում նրանց մանածողների մասին, եթե անգամ չասենք, որ հարգարժան պարոն Դեվիդ Աթկինսոնը, արդեն տաս տարի է, ինչ չի եղել Լեռնային Ղարաբաղում:

Իսկ ո՞րն է հարցի էությունը: Ադրբեջանը ձգտում է իր տիրապետությունը հաստատել Ղարաբաղում բնակվող էթնիկապես օտար, քրիստոնեական բարոյական սկզբունքներ դավանող ժողովրդի վրա: Այստեղ, ԵԽԽՎ-ում համառորեն չեն ուզում տեսնել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության կրթվածության մակարդակը ազատության և անկախության 15 տարիների ընթացքում, կրկնում եմ` ազատության և անկախության 15 տարիների ընթացքում էականորեն գերազանցել է Ադրբեջանի համանման ցուցանիշը: 1000 բնակչի հաշվով ուսուցիչների, բժիշկների, ուսանողների և դպրոցականների թիվը նույնպես բարձր է, քան` Ադրբեջանում, ինչպես նաև բարձր են մեկ շնչին բաժին ընկնող եկամուտները:

Եվ, ամենագլխավորը` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ազատությունը նվաճել է հայերի մեծաթիվ զոհերի և զրկանքների գնով, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մինգեչաուրում, Դաշքեսանում ազերների կողմից կազմակերպած ջարդերի արդյունքում: Էլ չեմ ասում այն բազմահազար նահատակների մասին, որոնք ընկան 8 միլիոնանոց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը պարտադրած պատերազմում:

Այսօր ադրբեջանցի մեր գործընկերները, իրենց կողմից սանձազերծված ռազմական բռնի գործողություններում տապալվելուց հետո համառորեն ջանում են արդեն բռնությամբ նենգափոխել ղարաբաղյան հակամարտության պատմությունը: Այդ ոչ շնորհակալ գործում նրանց եզակի փաստարկը ոչ թե պատմական ճշմարտության վերականգնումն է, այլ սև ոսկու` նավթի ուժին ապավինելը: Այն նույն ադրբեջանական նավթի, որը 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին գերակշռեց Օսմանյան կայսրությունում կոտորված 1,5 միլիոն անմեղ հայերի արյանը: Պատմական ճակատագրերի կամոք, գուցեև Աստվածային նախախնամությամբ, հայերի համար այդ ողբեգական ու խառնակ ժամանակներում Բրիտանական կայսրության վարչապետն էր Ռոբերտ Սոլսբերին: Հենց նա հայերի աղերսանքներին` թուրքական յաթաղանից փրկել Արևմտյան Հայաստանի 2 միլիոնանոց բնակչությունը, 1896թ-ին, լուրջ և ցինիկաբար հայտարարեց. «Անգլիական ռազմանավերը չեն կարող մագլցել հայկական լեռները»: Հավանաբար, այդ ժամանակահատվածում նրանք դեռ չէին հասցրել իջնել Աֆղանստանի Հինդուկուշյան լեռներից: Եվ դա վերածվեց առաջին ողբերգության` հայերի կոտորածին Օսմանյան կայսրությունում սուլթան Համիդի իշխանավարության տարիներին, որին էլ կպավ արյունարբուի պիտակը:

Տարիներ անց Բրիտանական կայսրությունը ունեցավ այլ վարչապետ, դա ականավոր քաղաքական գործիչ և հումանիստ Դեվիդ Լլոյդ-Ջորջն էր, որը բնութագրելով 1919թ-ի փարիզյան խաղաղ կոնֆերանսի մասնակից-պետությունների պաշտոնական դիրքորոշումը, գրել է. «Հայաստանի բնակիչները, թե՜ ռասայական, թե՜ կրոնական սկզբունքով տարբերվում են իշխող թուրք ազգությունից: Հավատքով նրանք քրիստոնյա էին: Տխրահռչակ Աբդուլ Համիդը իրականացրել է այդ հնագույն ժողովրդին արտաքսելու քաղաքականությունը… հայկական մեծամասնությանը վերածելով խղճուկ ու վախեցած փոքրամասնության… Դաշնակից տերությունները (Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Չեխոսլովակիա, Ռումինիա, Սերբա-Խորվաթա-Սլովենական պետություն, Հեջաս և Ճապոնիա) հետամուտ էին այն կարծիքին, որ չի կարելի թույլատրել թուրքերին օգտվել իրենց գազանությունների պտուղներից, իսկ հայ ժողովրդին պետք է լրիվ վերադարձվի նախնիների ժառանգությունը և ընձեռնվի հնարավորություն վերականգնելու իրենց երբեմնի հզորությունը»  (Դեվիդ Լլոյդ-Ջորջ «Ճշմարտությունը խաղաղ պայմանագրերի մասին»):

Գրեթե 90 տարի անց ուզում են պատմությունը կրկնել: Սակայն հուսով ենք, որ ԵԽԽվ-ն գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անպարտելի է, քանզի նա պայքարում է իր ազատության համար, իսկ ազատությունը չի զգուշանում մահից, որովհետև նա չի վախենում Աստվածային դատաստանից, ի տարբերություն ստրկության: Ստրկություն, որը ոմանք ԵԽԽՎ-ում ուզում են վերադարձնել ղարաբաղցիներին:

Ելույթս կուզենայի ավարտել Մեծ Բրիտանիայի պատմության բոլոր ժամանակների առաջին մարդու` ճանաչված Ուինսթոն Չերչիլի խոսքերով. «Պետական գործչի տարբերությունը քաղաքական գործչից կայանում է նրանում, որ քաղաքական գործիչը գործում է` կարևորելով հաջորդ ընտրությունները, իսկ պետական գործիչը գործում է` կարևորելով գալիք սերունդը»:

Եթե ԵԽԽՎ պատգամավորները չանցնեն քաղաքական գործչին պետական գործչից բաժանող Ռուբիկոնը, ապա շատ շուտով գերմանացի տաղանդավոր փիլիսոփա Օսվալդ Շպենգլերի մռայլ կանխատեսումները կիրականան և կսկսվի «Եվրոպայի մայրամուտը»: Եվ դա կծանրանա մեր բոլորի խղճի վրա: