ԵԼՈՒՅԹ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Վիեննա, 23 փետրվարի 2007 թ.)

Հարգարժան գործընկերներ, առաջին աշխարհամարտի նախօրեին Ծովակալության Առաջին լորդ Ուինսթըն Չերչիլը պատմական որոշում կայացրեց. Արքայական Ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) բրիտանական նավերի համար` ածուխը որպես վառելիք փոխարինել նավթով: Նա մտադրվել էր դա անել, որպեսզի բրիտանական նավատորմն իր արագացությամբ գերազանցեր գերմանականին: Բայց այդ փոփոխությունը նաև ազդարարեց, որ այդուհետ Արքայական ՌԾՈՒ-երը պիտի հույսները դնեին ոչ թե Ուելսի հանքավայրերի աշխի, այլ` անհանգիստ Պարսկաստանից բերվող նավթի մատակարարումների վրա: Դրանով իսկ Մեծ Բրիտանիայի էներգետիկ անվտանգությունը վերածվեց պետական ռազմավարության խնդրի:

Ավելի քան 90 տարի անց էներգետիկ անվտանգության հարցերը ձեռք են բերել գլոբալ բնույթ: Այս առնչությամբ հիշարժան իրադարձություն եմ համարում 2006 թ. Հուլիսի 15-ից 17-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Ութ խմբի» ամենամյա գագաթաժողովի օրակարգի մեջ գլոբալ էներգաանվտանգության հարցը Ռուսաստանի կողմից մտցնելու նախաձեռնությունը: Ամփոփիչ փաստաթղթում «Ութի խմբի» առաջնորդներն ընդունեցին գլոբալ էներգետիկ անվտանգության ամրապնդմ,ան գծով գործողությունների սանկտպետերբուրգյան ծրագիրը: Միջազգային հանրության առջև դրվեց փոխկապակցված երեք խնդիրների, ասել է թե` էներգետիկ անվտանգության, տնտեսական աճի ապահովման և բնապահպանության հարցերի արդյունավետ լուծման միանգամայն կոնկրետ հիմնահարցը: Դրված նպատակներին հասնելու համար սահմանվեցին աշխատանքի յոթ հիմնական ուղղություններ: Նախևառաջ, դա գլոբալ էներգետիկ շուկաների թափանցիկության, կանխատեսելիության և կայունության բարձրացումն է: Երկրորդ ուղղությունը` էներգետիկայի բնագավառում ներդրումային կլիմայի բարելավումն է: Երրորդ ուղղությունը` էներգաարդյունաբերության ու էներգախնայողության բարձրացումն է: Չորրորդը` էներգատեսակների տարբերականացումն է: Հինգերորդը` կենսականորեն կարևոր էներգետիկ ենթակառուցվածքի ֆիզիկական անվտանգության ապահովումն է: Վեցերորդը` էներգետիկ աղքատության ծավալների կրճատումն է, և վերջապես` կլիմայի փոփոխման և կայուն զարգացման խնդիրների լուծումը:

ԵԱՀԿ անդամ-երկրների հանրաճանաչ ԶԼՄ-ներում գլոբալ էներգետիկ անվտանգության վերաբերյալ վերջերս հրապարակված բազմաթիվ հոդվածները, ցավոք, չեն մոտեցել անգամ էներգաանվտանգության ապահովման վերոհիշյալ նպատակային իմաստավորմանը: Որպես կանոն, հրապարակումների մեծ մասի հեղինակները հանիրավի քաղաքականացնում են խնդիրը: Տպավորություն է ստեղծվում, թե նրանք դեռևս էներգետիկ անվտանգության մոդելի այն կարծրատիպի գերին են, որը ձևավորվել է 1973-ի համաշխարհային էներգետիկ ճգնաժամի թեժ հետքերով: Հոդվածները հեղինակների հիմնական ուշադրությունը գլխավորապես սևեռվում է այն հարցի վրա, թե ինչպես է պետք հաղթահարել արդյունահանող երկրներից նավթի կամ գազի մատակարարումների յուրաքանչյուր խափանում: Ընդսմին, էներգառեսուրսների մատակարարման խանգառումների մեջ, որպես կանոն, չար դիտավորություն էին նկատում: Ավելին. Եվրաամերիկյան հանրության մեջ այսօր կարծիք են արմատավորում Ռուսաստանի` իբրև նավթի ու գազի համաշխարհային առաջատար արտահանողներից մեկի կարծեցյալ անհուսալիության մասին: Ի՞նչ է սա, եթե ոչ` գլոբալ էներգաանվտանգության հիմնախնդրի էության անմիջական խեղաթյուրում ԵԱՀԿ առանձին երկրներում: Ռուսաստանին շանտաժի ենթարկելու գայթակղությանը, ավաղ, տեղի տվեցին նաև եվրոպական որոշ պատգամավորներ` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում սույն տարվա հունվարի 23-ին տեղի ունեցած տվյալ հարցի քննարկման ընթացքում: Հարկ է նշել, որ գլոբալ էներգաանվտանգության հարցերը գնահատելիս` քաղաքական ներգրավվածությունը, երկակի ստանդարտների կիրառումը, իսկ հաճախ նաև բանավեճի խնդրո առարկային չտիրապետելու հանգամանքը նշմարվում է և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի որոշ պատգամավորների եկույթներում:

Այժմ` կոնկրետ փաստերի մասին: ԵԱՀԿ անդամ-երկրների քաղաքական գործիչներն ու զանգվածային լրատվության միջոցների մեծ մասը տիեզերածավալ աղմուկ բարձրացրին Եվրամիության երկրներին Ուկրաինայով` գազի (2006 թ. հունվարին) ւ Բելառուսով` նավթի (2007 թ. հունվարին) մատակարարումների կարճատև խանգարումներից հետո: Սակայն, չգիտես ինչու, նրանք միահամուռ լռեցին, երբ հենց այդ նույն ժամանակ մտացածին պատրվակով կտրուկ կրճատվել կամ էլ առհասարակ դադարեցվել էր տարեկան 12 մլն տոննա թողունակությամբ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով նավթի մատակարարումը` Ադրբեջանից: Այստեղ, հավանաբար, կա նաև Ռուսաստանի մեղքը, որը, ի տարբերություն իր եվրաամերիկյան գործընկերների, տեղեկատվական պատերազմ չծավալեց անցտահելի մատակարարների դեմ: Դեռ ավելին. Ռուսաստանը` իբրև կասպիական նավթի տարանցող երկիր, փոխհատուցում չպահանջեց նավթի թերմատակարարման պատճառով իր կրած վնասների դիմաց: Ռուսաստանն իր գործընկերներին չնախատեց նրանց լռության համար, թեպետ գերազանց հասկանում էր, որ այն պայմանավորված էր այդ նույն կասպիական նավթի` այս անգամ արդեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտամղելու ուղղության փոփոխման փաստի` եվրոպացիների կողմից գիտակցելու հանգամանքով: Դեպի Նովոռոսիյսկ նավթի մատակարարման խափանումն արդարացնում էին մի բարեհունչ տերմինով, որ կոչվում է` Եվրոպա էներգառեսուրսների մատակարարման տարբերականացում-դիվերսիֆիկացիա: Բայց չէ որ նման սցենարը նախապատրաստվել էր նախօրոք: Բաքու-Ջեյհան նավթամուղը գործարկելուց դեռ երկու-երեք տարի առաջ թուրքական իշխանությունները` Ստամբուլի նավահանգստի ջրատարծքում բնապահպանական աղետի վտանգը կանխելու վայելուչ պատրվակով սկսեցին կիրառել Նովոռոսիյսկից եկող լցանավերի` Բոսֆոր և Դարդանել նեղուցներով անցումը բարդացնելու մարտավարությունը: Ընդ որում, թուրքական իշխանությունների կանխողական միջոցառումները երբեմն հասնում էին անհեթեթության աստիճանի. Բավական է ծովը թեթևակի ալեկոծվեր կամ փչեր այս տեղանքի համար սովորական քամի, որպեսզի արգելվեր նեղուցներով հատկապես ռուսաստանյան նավթ փոխադրող լցանավերի անցումը: Հատկանշական է, որ այդ նույն ժամանակ մոտակա լողափերը փակ չէին մնում լողացող-հանգստացողների համար: Այսօրինակ կանխակալ ընտրողականությունը ևս մնում էր քաղաքական գործիչների ու մամուլի կողմից չնկատված և նրանց կողմից մատնվում էր լռության: Ըստ որում` դեպի Եվրոպա էներգառեսուրսների մատակարարման ժամկետների խափանման համար տոևգանքներն ու տույժերը Ռուսաստանը բարեխղճորեն վճարում էր: Բաըց բավական էր, որ Ռուսաստանի բնապահպանության նախարարությունը հիմնավորված պահանջներ ներկայացներ «Royal Dutch-Shell» անգլոհոլանդական ընկերությանը` «Սախալին-2» նավթագազային նախագծի շրջանակներում խողովակաշարերի անցման ուղեգծում կուսական անտառները հատելու համար, որպեսզի միաբերան մեղադրանքներ հնչեին, իսկ երբեմն էլ` անթաքույց շանտաժ ուղղված Ռուսաստանի հասցեին: Ինչ վերաբերում է Ռուսաստանի բնապահպանական օրենսդրության կոպիտ խախտումներին, ապա դա հոգ չէ. «յուրայիններին» ամեն բան թույլատրվում է, իսկ, ահա, ռուսաստանյան լցանավերի համար Բոսֆոր և Դարդանել նեղուցներով անցնելու ճամփան փակ է…

Այս բոլոր դրսևորումներում տեսնելով երկակի ստանդարտների կիրառում` մենք Հայաստանում չենք զարմանում, որ ԵԱՀԿ-ն չի դիմել որևիցե գործուն միջոցի, երբ ի հեճուկս Հայաստանով խողովակաշարերի անցկացման տնտեսական նպատակահարմարության մասին փորձագիտական բոլոր եզրակացություններին, քաղաքական նկատառումներով վերջինիս հեռացրին Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ անդամ-երկրների կողմից իրականացվող էներգետիկ խոշոր նախագծերին մասնակցելուց` լինի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կամ Բաքու-Թբիլիսի-Էրզերում գազամուղը: Չգիտես ինչու, այս դեպքերում ևս ոչ ոք այդպես էլ չհիշեց ոչ միայն ադրբեջանական, այլ նաև կենտրոնական-ասիական նավթի ու գազի մատակարարման ուղեգծերի տարաբերականացման-դիվերսիֆիկացիայի մասին, կրկնում եմ` Հայաստանի տարածքով անհամամետ ավելի արդյունավետ նավթա- և գազամուղերի անցկացման միջոցով: Մեզ համար հասկանալի են ԵԱՀԿ-ի մեր գործընկերների «զգոնության» կորստի պատճառները, իսկ նրանց դատողությունների տրամաբանությունը մոտավորապես հետևյալն է. Պետք չէ դրանից պրոբլեմ ստեղծել և փույթ չէ, եթե Հայաստանի համար, թեկուզև այդքան կենսական հարցերը մնան այդպես էլ չլուծված… Այսօրինակ դատողությունների ժամանակ գլխավոր փաստարկը, որ հաճախ կարելի էր լսել, այն էր, թե այդ նախագծերի իրագործման արդյունքում Եվրոպան ձեռք է բերելու տարեկան 50 մլն տոննա ծավալով ղազախստանյան և ադրբեջանական նավթի մատակարարման մի լրացուցիչ աղբյուր` որպես այլընտրանքային ռուսաստանյանին: Իսկ որ էներգառեսուրսների մատակարարման նմանօրինակ տարբերականացումը և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակումը վերածվում է մեր հանրապետության տնտեսության արյունաքամության, ապա կասպիական էներգառեսուրսներ սպառող ԵԱՀԿ անդամ-երկրների համար դա կարևոր չէ, քանզի փոխարենը եվրոպական երկրները մեղմացնում են իրենց կախվածությունը ռուսաստանյան էներգառեսուրսների մատակարարումից:

Հարգարժան գործընկերներ, արդեն ակնհայտ է, որ ԵԱՀԿ բոլոր 56 անդամ-պետությունների կողմից փոքր երկրների տնտեսական շահերն ու ցավերը չեն ընկալվում որպես մի ընդհանուր ցավ: Կարծում ենք, քանի դեռ ԵԱՀԿ խոշոր երկրները` ի վնաս փոքչ երկրների, կհետապնդեն միայն սեփական էներգաանվտանգության ապահովման նպատակները, քանի դեռ ԵԱՀԿ-ն լուռ կդիտի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ 17 տարուց ավելի տևող տնտեսական շրջափակումը, քանի դեռ ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել իմ երկիրը դեպի լիակատար շրջափակում տանող տնտեսական նախագծերին, այդ ամբողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության համար չեն կորցնի իրենց հրատապությունը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս արտահայտած մտավախությունները: Ռուսաստանի նախագահն իրավացի էր, երբ, ելույթ ունենալով Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան 43-րդ կոնֆերանսում, տագնապ հայտնեց` ասելով. «ԵԱՀԿ-ն փորձում են վերածել մեկ կամ մի խումբ երկրների կողմից մյուս երկրների նկատմամբ արտաքին քաղաքական շահերի ապահովման գռեհիկ գործիքի և այս խնդրի վրայով են «ձևել» ԵԱՀԿ բյուրոկրատական աշխատակազմը»:

Ամփոփելով, կցանկանայի հուսալ, որ գլոբալ Էներգետիկ անվտանգության ապահովման փիլիսոփայության հիմքում ԵԱՀԿ-ն կդնի մարդկային պարզ ճշմարտություններ. Չի կարելի սպանել` ի բարիս, չի կարելի գողություն անել` ի բարիս, չի կարելի ստել` ի բարիս, չի կարելի լուռ մնալ` ի բարիս…