«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՄԻՇՏ ՍԽԱԼ Է

ՆԱ Ի ԶՈՐՈՒ ՉԷ ԼՈՒԾԵԼ ԵՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ, ՉԴՆԵԼՈՎ ՏԱՍՆՅԱԿ ՆՈՐ ՀԱՐՑԵՐ»

04-05.05.2010

Ջորջ Բեռնարդ Շոուի խոսքերն ամենևին էլ պատահական չենք դրել որպես հոդվածի վերնագիր: Թերևս այս եզրակացությանը կարելի էր հանգել, եթե ուշադիր և անկողմնակալ վերլուծվեր ապրիլի 23-ին Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ընդհանուր հաշվետու ժողովում հնչած վարչապետի ելույթը և դրա բուռն արձագանքները մամուլում ու հեռուստատեսությամբ: Խնդրո առարկայի շուրջ կայացած քննարկումներն առաջացնում են երկակի զգացումներ. մի կողմից, անշուշտ, շատ դրական պետք է համարել, որ գիտությանը վերաբերող հարցերը հանրության կողմից արժանանում են նման ուշադրության, շահագրգիռ խոսակցությունների առիթ տալիս, սակայն, մյուս կողմից, մտահոգիչ է, որ դրանք հիմնականում ունեն մակերեսային բնույթ: Այս հոդվածում պարզապես ընթերցողի դատին եմ ներկայացնելու խնդրո հարցի վերաբերյալ իմ մոտեցումները և փորձելու եմ գնահատել, թե որքանո՞վ էին իրավացի վարչապետի ելույթը ջախջախողները և որքանո՞վ էին ճշմարիտ նրա «թեզերի»  կողմնակիցները: Եվ, այսպես, մինչ քննարկման բուն առարկային անցնելը, վերստին հիշենք` որո՞նք են ակադեմիական գիտության հիմնարար գործառույթներն ու դրանց արդյունավետությունը գնահատող միջազգայնորեն ընդունված չափանիշները:

Արդի ժամանակաշրջանում գիտության հիմնարար գործառույթների շարքին կարելի է դասել` համաշխարհային մակարդակի հիմնարար հետազոտությունների իրականացումը, մարդկային կապիտալի արդյունավետ վերարտադրությունը, պետության կողմից երկրի ազգային անվտանգության, պաշտպանության, կրթության, առողջապահության և պետության համար կենսական նշանակություն ունեցող գործառույթների իրագործումը, երկրի էկոնոմիկայի արդիականացման, գիտելիքահենք ճյուղերի ներդրման համար անհրաժեշտ գիտական պայմանների, միջավայրի ձևավորումը, ինչպեսև փորձագիտական գործունեության ծավալման կարողությունը: Դրա հետ մեկտեղ հարկ է նշել լրացուցիչ գործառույթներ, ինչպիսիք են` կիրառական հետազոտությունների, փորձա-կոնստրուկտուրական և տեխնոլոգիական աշխատանքների, միջազգային համագործակցության կազմակերպում: Ինչ վերաբերում է մեր ԳԱԱ-ի գործունեության արդյունավետության գնահատման չափանիշներին, ապա դրանք նույնպես կարելի է դասակարգել` հիմքում ունենալով վերը շարադրված գործառույթների կենսագործման արդյունավետությունը: Գիտության արդյունավետության գնահատման չափանիշներից կարևորվում են. առաջին, պետության կողմից մշակված ռազմավարական նշանակության գերակայությունների կատարմանն ուղղված հանրապետության գիտական ներուժի մասնակցության առավելագույն մակարդակը:

Երկրորդ. մարդկային կապիտալի զարգացմանը, բարձրագույն կրթության մրցունակության ապահովմանը նպատակամղված, ազգի գիտամշակութային կարողությունների զարգացումը խթանող գործունեության աստիճանը:

Երրորդ. գիտական աշխատանքների արդյունքում բյուջետային մուտքերի աճին միտված քայլերը, գիտելիքահենք արտադրության ծավալների աճը երաշխավորող գործառույթները: Չորրորդ. գիտական ազգային ակադեմիական հաստատությունների արժևորումը համաշխարհային գիտական հանրության կողմից: Թերևս սրանք են պետության կողմից ֆինանսավորվող ԳԱԱ-ի, նրա ենթակայության տակ գործող երեսուն-երեսունմեկ գիտահետազոտական ինստիտուտների, հաստատությունների գործունեության հիմնական ոլորտներն ու դրանց արդյունավետության գնահատման միջազգայնորեն ընդունված չափանիշները: Ուստիև տրամաբանական էին հասարակության այն սպասումները, որ վերը բերված հարցադրումների շրջանակում էլ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովում ծավալվեին քննարկումները: Առավել ևս, մեր հանրապետությանը ճարակած ֆինանսատնտեսական ճգնաժամը երկրի առաջ շատ լուրջ խնդիրներ դրեց, որոնց լուծումները դատապարտված են թերի ու անկատար լինել, եթե չենթարկվեն գիտական փորձաքննության, եթե դրանց մեջ ներառված չլինեն ժամանակակից գիտության նորագույն նվաճումները: Խնդիրներ, որոնց հաղթահարումը շատ դեպքերում ուղղակիորեն բխում է ԳԱԱ-ի հիմնական գործառույթների իրականացումից: Ավա՜ղ, նման հարթության վրա քննարկումներ կազմակերպել այդպես էլ չհաջողվեց: Բնականաբար հարց է ծագում` դա պատահականությո՞ւն էր, ինչ որ հանգամանքների զուգորդման հետևա՞նք: Ցավոք, ոչ:

Կառավարության կողմից գիտության նկատմամբ մեզանում առկա մոտեցումներն այլ ընթացք չէին էլ կարող ունենալ, իսկ թե ինչո՞ւ, փորձենք ստորև հիմնավորել: Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրում, որտեղ պատշաճ կերպով են գիտակցում գիտության դերն ու նշանակությունը պետության առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու գործում, աշխատանքի համաշխարհային շուկայում պետության մրցունակության ապահովման կարևորությունը երկրի զարգացման համար, գիտության ոլորտում պարտադիր մշակվում է պետական քաղաքականություն: Այն պետք է նպատակաուղղված լինի պետության հեռանկարային զարգացումներն ապահովող գերակայությունների իրագործմանը: Հարկ է նշել, որ վերջին տարիներին Հայաստանի կառավարության ղեկավարների կողմից բազմիցս լսել ենք արտադրության գիտելիքահենք ճյուղերի զարգացման, գիտության բացառիկ նշանակության մասին թովիչ եզրույթներ, որոնք այդպես էլ չեն վերածվում գործի: Ավելին` ի հայտ է գալիս մտահոգիչ մի իրողություն, երբ այդ հույժ կարևոր հարցերի լուծումը կառավարությունը փորձում է իր վրայից գցել այլոց վրա` ստանձնելով երրորդական միջնորդ դատավորի դերակատարություն: Հակառակ պարագայում ապրիլի 23-ին ազգային ակադեմիայում ունեցած իր ելույթում երկրի վարչապետը կառավարության անմիջական պարտավորությունները չկատարելու պատասխանատվությունը չէր բարդի ԳԱԱ-ի վրա, որը, անշուշտ, այս հարցում նույնպես ունի որոշ անելիքներ: «Այլևս ավարտվել է այն ժամանակը, երբ Գիտությունների ազգային ակադեմիան բարձրացնում է խնդիրներ: Եկել է ժամանակը, որ մեր ակադեմիան պատասխանի այդ հարցերին, - ասում է վարչապետը և շարունակում, - Դուք պետք է մեզ ներկայացնեք պատասխաններ, թե որո՞նք են Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ո՞րն է մեր օրակարգը, որո՞նք են օրակարգային առաջնահերթ խնդիրները, որո՞նք են այդ խնդիրների լուծումները»: Բա եղա՞վ: Հայաստանի Հանրապետության կառավարության և ոչ թե ԳԱԱ-ի սրբազան պարտքն է որոշել, թե որո՞նք են «Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները»: Այո, հենց կառավարության սրբազան գործն է դրանց դիմակայելու ծրագրերի մշակումը, ինչո՞ւ ոչ, այդ աշխատանքներին ներգրավելով ակադեմիական գիտական ներուժը: Հակառակ պարագայում, հետևելով վարչապետի հարցադրման տրամաբանությանը, կարելի էր ենթադրել, որ 1942թ. ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Լոս Ալամոսում Ռոբերտ Օպենհեյմերի և ամերիկյան ու եվրոպական աշխարհահռչակ Նոբելյան մրցանակի դափնեկիր տասներկու գիտնական-ֆիզիկոսների պնդմամբ է հիմնադրվել ամերիկյան միջուկային կենտրոնը, այլ ոչ թե ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի` որպես երկրի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի անմիջական նախաձեռնությամբ:

Նախաձեռնություն, որը պայմանավորված էր գերմանա-ճապոնական ռազմական սպառնալիքներին դիմակայելու որոշմամբ: Կառավարության հիմնական գործառույթներն են նաև` հրապարակել, թե որո՞նք են երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ մարդկային, ֆինանսական, հումքային ռեսուրսները, այդ հարցերի լուծման գործում ինչպիսի՞ դերակատարություն է ակնկալվում մասնավոր հատվածից, գիտության ոլորտից: Էլ չենք խոսում այդ գործում նախարարությունների ու գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող գիտահետազոտական բազմաթիվ հիմնարկների պատասխանատվության մասին (դա առանձին և լուրջ խոսակցության թեմա է): Ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կառավարության մշակած ծրագրերին, երկրի առաջ ծառացած գերակա խնդիրների լուծմանը միտված միջոցառումներին փորձագիտական գնահատականներ տալն էլ, անշուշտ, արդարացված կլիներ նույնպես հանձնարարել ԳԱԱ-ին: Օրինակ, վերլուծել, թե Լոռու մարզում հանքահումքային արդյունաբերության զարգացման հեռանկարներն ինչպե՞ս կանդրադառնան տարածաշրջանի էկոհամակարգի վրա, դա ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ բնաշխարհի համար: Կամ էլ ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել այն երևույթից, երբ տարիներ շարունակ հանրապետության վարելահողերի ավելի քան 40%-ը չի մշակվում, որքանո՞վ այդ հանգամանքը կանդրադառնա վարելահողերի քիմիական բաղադրության վրա, մե՞ծ է արդյոք դրանց աղակալման վտանգը, այդ տարածքների տափաստանացումն ի՞նչ ազդեցություն կունենա կլիմայի ու բնաշխարհի փոփոխության առումով: Երկրի համար հույժ կարևորություն ներկայացնող խնդիրների շարքը, որոնց ուսումնասիրումը, լուծումներ տալու առաջարկությունների ներկայացումն անմիջականորեն բխում են ԳԱԱ-ին վերաբերող գործառույթներից, կարելի է շարունակել: Սակայն դա ևս առանձին խոսակցության ու վերլուծության նյութ է: Մտահոգիչ է, որ հիմնականում կառավարությանը վերապահված հարցերի պատասխանները տալուց, դրանք ԳԱԱ-ի գործունեության հետ տրամաբանական կապի վերլուծությունից խուսափելով` վարչապետը ելույթում նշում է. «Այդ հարցերի պատասխանները ոչ թե կառավարությունից պիտի պահանջեք, այլ հակառակը` պիտի համարձակություն ունենաք հրապարակային ձևով դրանք մատուցել հանրությանը: Այդ դեպքում կլուծվի բարոյական խնդիրը: Այդ դեպքում մեր հասարակությունն ըստ արժանվույն կգնահատի գիտնականին: Այսօր մենք բարոյահոգեբանական ճգնաժամ ունենք: Մենք պարտավոր ենք բարձրացնել գիտնականի հեղինակությունը: Նաև այստեղ ունենք խորը ճգնաժամ, որովհետև ժամանակակից Հայաստանի հերոսը գիտնականը չէ, հակառակը` գիտնականը շատ հաճախ հանդես է գալիս որպես ծաղրի առարկա»: Ցավալի է, որ մեր իրականության մեջ գիտությանը և գիտնականին տրվող տխուր, բայցև արդարացի գնահատականները հնչեցնելով` վարչապետը դրանց պատճառները չափազանց պարզունակացնում է: Թվում է, որ նման խիստ եզրահանգումներ անելուց հետո, կառավարության ղեկավարը պետք է տրամաբանական հարցադրում աներ ԳԱԱ-ի հումանիտար գիտությունների ոլորտի պատասխանատուների առաջ` պարզաբանել, թե որո՞նք են այն հիմնական պատճառները, որ ներկայիս Հայաստանում ամբողջովին խեղվել է մարդկանց գնահատման արժեհամակարգը:

Արժեհամակարգ, որ ժամանակին ձևավորել էր այնպիսի քաղաքացիներ, ովքեր դիմակայեցին ցրտին ու մթին, սակայն չընկրկեցին դժվարությունների առաջ և հաղթանակած դուրս եկան ադրբեջանցիների կողմից մեզ պարտադրված պատերազմից ու ազատագրեցին Արցախը: Կարծում եմ, կառավարությանը և մեր ժողովրդին, իսկ մեծ հաշվով մեր պետության համար առավել քան պահանջված է իմանալ, թե ինչո՞ւ է մեր հայրենիքում իրեն արտոնյալ զգում զոռբան, ինչո՞վ բացատրել սատանայական այն դրսևորումը, երբ քաղաքի կենտրոնում` Կենտրոնական բանկի դիմաց, հուշարձան են կանգնեցնում ազգային արժույթին` դրամին: Ավա՜ղ, նման հարցադրումներ վարչապետի ելույթում չհնչեցին, փոխարենն ասվեց. «Գիտությամբ զբաղվելն այսօր հեռանկարային չէ, շահավետ չէ, և դա լրջագույն խնդիր է»: Ակամայից ուզում ես բացականչել` երիցս ճշմարիտ եք, դե լուծումներ տվեք այդ հարցերին, ո՞վ է ձեզ խանգարում, ձեր ձեռքը բռնում: Վարչապետի ելույթի «երկրորդ թեզը»  նույնպես լավատեսություն չի առաջացնում. «Երկրորդ թեզն է, որ ուզում եմ ներկայացնել ձեր դատին: Միասին պետք է կարողանանք ժամանակակից մեթոդներով գնահատել մեր գիտական ներուժի տված արդյունքները: Մենք դա չենք անում»: Ճիշտ է ասված, սակայն դա պետք է բնութագրվի ոչ թե որպես ԳԱԱ-ին ուղղված քննադատություն, այլ պարզապես հետևանք, կառավարության աշխատանքների թերացումների արդյունք: Երբ գիտության ոլորտում մշակված չէ պետական քաղաքականությունը, երբ որոշված չեն երկրի առաջ ծառացած գերակա խնդիրները, առաջնահերթությունները, երբ հստակեցված չեն դրանցից և գիտության հիմնական ու լրացուցիչ գործառույթներից բխող խնդիրները, խոսել «գիտական ներուժի»  գնահատման մասին, պարապ զբաղմունք է:

Անտարակույս այս հարցերում ԳԱԱ-ն, ելնելով իրեն վերապահված գործառույթներից, նույնպես պետք է դրսևորի շահագրգռություն` խնդիր ունենալով երկրի առաջ ծառացած մարտահրավերների ողջ շղթայի մեջ առաջարկել լուծումներ, դրանք դարձնելով պետության կողմից իջեցված պետական պատվերներ: Չլիներ գիտնականների նախաձեռնողականությունը, ապա դժվար էր պատկերացնել, որ Խորհրդային Միությունում կստեղծվեր աշխարհում առաջին երկրի արհեստական արբանյակը: Այսպես, 1954 թ. մայիսի 27-ին եթե ակադեմիկոս Սերգեյ Կորոլյովը նամակով չդիմեր ռազմական արդյունաբերության նախարար Դմիտրի Ուստինովին, ապա դրան չէին հաջորդի կառավարության որոշումների ընդունումը, որոնք ուղղված էին երկրի արհեստական արբանյակի ստեղծման աշխատանքների կազմակերպմանն ու ֆինանսավորմանը: Կարծում եմ, ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովից հանրությունը թե՛ գիտնականներից, թե՛ կառավարության ղեկավարից սպասում էր լսել մի շարք հարցերի պատասխաններ, որոնք արդի ժամանակաշրջանում բախտորոշ են մեր երկրի համար: Ի վերջո, մեզ համար պետք է հասկանալի ու պարզ լինի. ԱՌԱՋԻՆ. բյուջետային ֆինանսավորման սահմանափակությունը ի՞նչ չափով է սեղմում (նեղացնում) ԳԱԱ-ի, նրա կառույցների կողմից մեր երկրում գիտելիքի վերարտադրության հնարավորությունները, գիտատեխնիկական գործունեության արդյունքում ստեղծված գիտական արտադրանքի առևտրայնացման հնարավորությունները: ԵՐԿՐՈՐԴ. բյուջետային անբավարար ֆինանսավորումը, որը պետության կողմից ուղղվում է գիտական հետազոտությունների կատարմանը, ինչպիսի՞ ազդեցություն է ունենում գիտական լավագույն կադրերի թե՛ ներքին (երբ գիտնականները երկրի ներսում զբաղված են ոչ գիտական աշխատանքներով), թե՛ արտաքին (երբ գիտնականներն աշխատելու են մեկնում այլ երկրներ) հոսունության վրա: Այդ իրողությունները որքանո՞վ են արագացնում հայրենական գիտության աստիճանական անկման վտանգը, այդ իրավիճակը որքանո՞վ է սրվում երիտասարդ գիտնականների համար տնտեսական և սոցիալական խթանիչների բացակայության իրողության պայմաններում: ԵՐՐՈՐԴ. հիմնարար գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում գործող իրավակազմակերպական նորմերն արդյոք չե՞ն խոչընդոտում գիտական արժեքավոր արդյունքների ներդրմանը բարձրագույն կրթության ոլորտում, հատկապես համալսարաններում: Մենք ակնկալում էինք լսել, թե գիտելիքների վերարտադրության գործում մեր գործադիր իշխանությունն ինչպիսի՞ քայլեր է արդեն իսկ ձեռնարկել, ի՞նչ հիմնահարցեր է դրել իր առաջ, որո՞նք են դրանց իրականացման գործում ակադեմիայի խնդիրները: Կարծում եմ, պակաս կարևոր չէր նաև իրազեկել հանրությանը, թե ի՞նչ մոտեցումներ է որդեգրել ԳԱԱ-ն նախորդ սերունդների, գիտության երախտավորների ստեղծած գիտական կուտակումների և բարի ավանդույթների պահպանման ու զարգացման գործում:

Անշուշտ, կարելի է շարունակել ԳԱԱ-ի գործառույթներից բխող և մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ևս մեկ տասնյակ խնդիրների թվարկումը: Սակայն այսքանն էլ բավական է եզրակացություն անելու համար. առ այսօր մեզանում բացակայում է ազգային գիտության կողմից երկրի համար հեռանկարային խնդիրների լուծմանը նպատակաուղղված ու հստակ ձևակերպված չափանիշների համակարգը: Եվ դրա հիմնական պատճառներից է այն, որ պատվիրատուն` կառավարությունը, լռում է, իսկ կատարողը` Գիտությունների ազգային ակադեմիան, չի դրսևորում պահանջված նախաձեռնողականություն: Արդյունքում ունենում ենք այնպիսի իրավիճակ, երբ ԳԱԱ-ի տարեկան հաշվետու ընդհանուր ժողովում արծարծվում են հարցեր, որոնք, ասած մեր ռուս բարեկամի, «ни уму, ни сердцу». Եթե չլիներ այն խոր պատկառանքը, որ տածում եմ մեր գիտնականների, այո՛, նաև մերօրյա գիտնականների նկատմամբ, ինչպեսև «Հայաստանի Հանրապետության Կառավարություն»  ինստիտուտի հանդեպ, ապա ս.թ. ապրիլի 23-ին կայացած ժողովում կառավարություն-ակադեմիա երկխոսությունը, դրան հաջորդած քննարկումները մամուլում և հեռուստատեսությամբ, ես, որպես ՀՀ քաղաքացի, կգնահատեի ամենայն խստությամբ: Ըստ այդմ, սահմանափակվեմ Ջորջ Բեռնարդ Շոուի` դեռ նախորդ դարի 40-ականներին թևավոր դարձած և մեր կողմից որպես հոդվածի վերնագիր դրված խոսքերով. «Գիտությունը, պարզվում է, միշտ սխալ է: Նա ի զորու չէ լուծել և ոչ մի հարց, չդնելով տասնյակ նոր հարցեր»: Իսկ թե վերը շարադրվածից ո՞րն է հումոր և ո՞րը իրականություն` դրա որոշելը թողնում եմ ընթերցողին:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Երբ վերլուծում ենք կառավարության ղեկավարների վերջին շրջանի ելույթները, ապա դրանցում ակնհայտորեն դիտարկվում են դյութումներ հիշեցնող եզրույթներ` գիտելիքի վրա խարսխված հասարակություն ձևավորելու, գիտելիքահենք տնտեսության հիմնման և, ընդհանրապես, գիտության բացառիկ կարևորության մասին: Այս երևույթն ինքնին ուշագրավ է այնքանով, որքանով որ գործադիր իշխանությունները գիտակցում են իրենց իսկ բարձրացրած այդ, անշուշտ, արդիական հարցերի լրջությունը: Հարցեր, որոնց կենսագործման հետ առնչվում են համակարգային փոփոխություններ ենթադրող բարդություններ, հարցեր, որոնց հաղթահարումը մեր երկրից կպահանջի մարդկային, տեխնոլոգիական և նյութական շատ մեծ ռեսուրսներ: Իսկ մենք ունե՞նք այդ հնարավորությունները: Այս հարցերի պատասխանները կարևոր ենք համարում, որովհետև կառավարության այրերի կողմից արվում են հարցադրումներ, որոնք, ըստ էության, ներառում են նոր հասարակարգի` Նոոկրատիային բնորոշ տարրեր: Նոոկրատիան, ինչպես հայտնի է, իշխանության այնպիսի ձև է, երբ հասարակության կառավարումն իրականացնում են արհեստավարժ, գիտելիքների մեծ պաշարով օժտված մարդիկ, ովքեր իրենց գործունեության մեջ հենվում են բանականության, խելքի և գիտության նվաճումների վրա: Դա այնպիսի իշխանություն է, երբ պետության գործառույթները, քաղաքականությունը որոշվում են սեփական երկրում և համայն աշխարհում ստեղծված սոցիալ-տնտեսական և էկոլոգիական առկա վիճակի վերլուծության հիման վրա: Ահա նման մոտեցումներով առաջնորդվող իշխանություններին ներհատուկ է երկրի հեռանկարային զարգացման ծրագրերը մշակելիս դրանք դիտարկել որպես սոցիալական, բնապահպանատնտեսական գլոբալ համակարգի անքակտելի մաս: Ուստիև, եթե մեր կառավարությունը գիտության կարևորության մասին անվերջ խոսելով խնդիր է դրել Նոոկրատիայի տարրերի ներդրման համար անհրաժեշտ մթնոլորտ և պայմաններ ստեղծել, ապա, ցավոք, նրանք ճիշտ մարտավարություն չեն ընտրել, գործը սխալ տեղից են սկսել: Գործ, որը հեռանկարային առումով, ինչ խոսք, խիստ կարևոր է: Եթե կառավարությունն իր առջև նման խնդիր է դրել, ապա այդ դեպքում առաջին հերթին պետք էր հստակ գիտակցել, որ Նոոկրատիան, ի լրումն վերը շարադրվածի, իրենից ներկայացնելով այնպիսի պետական մարմին, որը երկրի կառավարումն իրականացնում է անցյալի, ներկայի և ապագայի գիտատեսական իմաստավորման հիման վրա, ենթադրում է այդ հարցերի շուրջ գիտական լրջագույն վերլուծությունների և ամփոփումների իրականացում: Այդ պարագայում գիտության դերն ու նշանակությունը ձեռք են բերում բացառիկ կարևորություն: Այնպես որ, գիտություն կամ նույն արմատն ունեցող բառերը ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովում հաճախակիորեն օգտագործելիս տեղին կլիներ ասվածի լույսի ներքո ծավալել համակողմանի քննարկումներ: Առավել ևս հասկանալի կդառնար, եթե ժողովի ժամանակ ԳԱԱ-ի հումանիտար ոլորտի գիտնականների առաջ դրվեին խնդիրներ, այն է` գիտության նվաճումների լայնածավալ կիրառման հիման վրա մշակել մեր երկրում ստեղծված հասարակարգի կատարելագործմանն ու հեռանկարային զարգացմանն ուղղված հիմնահարցերը: Կարծում եմ, նման մոտեցում որդեգրելու դեպքում վարչապետն այդչափ չէր կարևորի այն, որ մենք «չենք կարողանում փաթեթավորել մեր գիտական հետազոտությունների արդյունքները, չենք կարողանում շուկայական տեսք տալ այդ արդյունքներին»: Եվ, վերջապես, նշենք, որ բարձր հնչեղություն ունեցող հարցերի մասին խոսելիս հարկ է մեկ անգամ ևս հիշել` գիտելիքի վրա հիմնված հասարակությանն անցնելը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ երկրում արմատավորված է զարգացած ժողովրդավարական հասարակարգ: Միայն այդ ժամանակ է հնարավոր ժողովրդավարական հասարակարգից անցում կատարել որակապես նոր, ավելի բարձր հասարակարգի` Նոոկրատիայի:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ