«ՀՀԿ-ն իր վրա է վերցնում ուրիշների պրավալները» (տեսանյութ)

11.02.2016, a1plus.am

ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը ողջունում է ցանկացած կոալիցիա, համագործակցություն, քանի որ, իր խոսքերով՝ փոթորկահույզ այս աշխարհում ու ծանր իրավիճակում, պետք է յուրաքանչյուր քաղաքական ուժի մտավոր կարողությունները լիարժեք օգտագործել. «ՀՅԴ-ն ունի փորձառություն, նաև կադրային ռեսուրս: Կարծում եմ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ է արել, որ նրանց ներգրավել է երկրի կառավարման գործում: Դրական եմ համարում այդ համագործակցությունը, այդ միությունը կրկնակի կպարտավորեցնի թե ՀՅԴ-ին, թե ՀՀԿ-ին»,- ասաց պատգամավորը:

Պարոն Գեղամյանը ճիշտ չի համարում այն խոսակցությունները, թե ՀՀԿ-ն կոալիցիա ստեղծելով ուզում է պատասխանատվության տակից դուրս գալ. «ՀՀԿ-ն եզակի կուսակցություն է, որ ընդունում է ոչ միայն իր մեղքերը, այլեւ իր վրա է վերցնում ուրիշների պրավալները»:

Հարցին, թե ո՞ր կուսակցության մեղքերն է կոնկրետ վերցրել իր վրա ՀՀԿ-ն, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն կոալիցիա է ունեցել մի քանի կուսակցությունների հետ, բայց սխալներում միշտ նրանց են մատնանշել, իրենք են միշտ թիրախը եղել»: