Երևանը՝ փողոցային բախումների սպասման մեջ. Փաշինյանի հակառակորդները վճռական են տրամադրված

«Վարչապետի նպատակը Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելն է»

 

01.03.2021, Московский комсомолец

https://www.mk.ru/politics/2021/03/01/erevan-v-ozhidanii-ulichnykh-stolknoveniy-protivniki-pashinyana-nastroeny-reshitelno.html

Գարնան առաջին օրը Հայաստանում լի էր դրամատիկական իրադարձություններով։ Մարտի 1-ին Երևանում ծրագրված էր միանգամից երկու փողոցային ակցիա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ էր արել մասնակցել հանրահավաքին և երթին՝ ի պաշտպանություն Հայաստանում սահմանադրական կարգի և «ժողովրդական իշխանության»։ Հանրահավաք ծրագրել էր նաև ընդդիմությունը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Բայց բուռն իրադարձություններն սկսվել էին ավելի վաղ։ Մի քանի տասնյակ ցուցարարներ ներխուժեցին Երևանի կենտրոնում գտնվող կառավարական համալիրի շենքերից մեկը։ Քաղաքական գործիչները նախազգուշացնում են փողոցային բախումների վտանգավորության մասին։

Ընդդիմադիրները ցույց անցկացրին հենց առաջին հարկի ճեմասրահում՝ գերատեսչությունների ղեկավարներին կոչ անելով չմասնակցել Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքին, ինչից հետո հեռացան շենքից։ Ավելի ուշ ցուցարարները ներխուժեցին Երևանի կենտրոնական համայնքներից մեկի վարչական շենք։ Ակցիայի մասնակիցների մեջ էր Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը, որը կոչ արեց համայնքային իշխանություններին հրաժարվել իրենց աշխատակիցներին Փաշինյանի հանրահավաքին մասնակցել պարտադրելուց։

Սույն նյութը գրելու պահին դեռևս պարզ չէր, թե ինչով կավարտվի Հայաստանի համար տագնապալի այս օրը։ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանի կարծիքով՝ վտանգը, որ իշխանության և ընդդիմության դիմակայությունը կհանգեցնի փողոցային բախումների, այսօր շատ մեծ է։

- Ընդդիմությունն արդեն կառավարական շենքե՞ր է զավթում։ Սա հեղափոխությո՞ւն է։

- Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, չի կարելի զավթում անվանել։ Նրանք պարզապես մտան կառավարական համալիրի մասնաշենքերից մեկը՝ կարգախոսներ վանկարկելով։ Նրանք կոչ արեցին նախարարությունների աշխատակիցներին, որոնք գտնվում էին այդ շենքում, գործիք չլինել Փաշինյանի ձեռքին։ Որովհետև տեղեկություն կա, որ Հայաստանի կառավարության ապարատից զանգահարում են բյուջետային կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի նրանք զոռով ստիպեն իրենց աշխատողներին գնալ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին այսօր, ժամը 18.30-ին Հանրապետության հրապարակում։ Վարչապետի կողմնակիցներն այնտեղից մտադիր են երթով շարժվել դեպի նախագահ Արմեն Սարգսյանի նստավայր։ Դրանից ոչ հեռու՝ Բաղրամյան պողոտայում, տեղադրված են ընդդիմության վրանները։ Այնպես որ՝ բախումները միանգամայն հավանական են...

- Ո՞ւմ են դրանք պետք՝ ընդդիմությա՞նը, թե՞ Փաշինյանին։

- Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մանրակրկիտ ծրագրված է արևմտյան հետախուզությունների կողմից։ Նրանց գլխավոր նպատակը քաղաքացիական պատերազմ հրահրելն է։ Այդ ժամանակ Զանգեզուրի շրջանում, թաքուն, կհետևի հերթական սադրանքն Ադրբեջանի կողմից, ինչը թույլ կտա նրանց հայկական նոր հողեր գրավել։ Փաշինյանը պետք է միջադեպ սադրի ռուսական 102-րդ ռազմակայանի զինվորների կամ Հայաստանում ռուս սահմանապահների հետ, իսկ դրան զուգահեռ՝ արժե սպասել լարվածության ուժեղացման Դոնբասում։ Ամեն ինչ արվում է նրա համար, որպեսզի ՌԴ-ն ներքաշվի պատերազմի մեջ։

- Ընդդիմության ճամբարից հնչում են առաջարկներ նոր ընտրությունների մասին։ Փաշինյանը կարո՞ղ է գնալ դրան։

- Փաշինյանն ինքնուրույն մարդ չէ։ Նրան կառավարում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։ Նա իր գլխավոր առաքելությունը դեռ չի կատարել։ Իսկ նրա գլխավոր առաքելությունը հանրապետությունում Արևմուտքի կողմից կառավարվող քաոսի ստեղծումն է, իրավիճակի ապակայունացումը։

- Հնարավո՞ր է արդյոք քաղաքացիական պատերազմ Հայաստանում։

- Ես կարծում եմ, որ այս ամենը կվերաճի արյունահեղության։ Թե ինչ ձևով այն կընթանա՝ չգիտեմ։ Հիմա երկրում Փաշինյանի մատուցմամբ ծավալվում է հակաբանակային քարոզչություն։ Գլխավոր շտաբի պետի և սպաների դեմ, որոնք հրաժարվել են աջակցել նրան:

- Բանակը կարո՞ղ է ինչ-որ կտրուկ քայլեր ձեռնարկել։

- Առայժմ բանակն իրեն բացառիկ կոռեկտ է պահում։ Բայց խնդիրն այն է, որ ներքին գործերի մարմիններում հայտնվել են մարդիկ, որոնք Փաշինյանի օրոք պաշտոնի են եկել բառացիորեն փողոցից։

- Այսինքն՝ ոստիկանությունը Փաշինյանի կողմի՞ց է։

- Այդպես միանշանակ չի կարելի ասել։ Բայց ոստիկաններն այժմ ամեն օր հսկայական պարգևավճարներ են ստանում։

- Նախագահը հրաժարվեց ստորագրել Գլխավոր շտաբի պետի ազատման հրամանագիրը, ինչից հետո սկսեցին խոսել նրա իմփիչմենթի հնարավորության մասին։ Կարո՞ղ է արդյոք իմփիչմենթ հայտարարվել նախագահին։

- Թող միայն փորձեն։ Կարծում եմ՝ դա նրանց ուժից վեր է։