Եվրոպայի հիվանդ մարդուն զսպել ի զորու է միայն Ռուսաստանը

30.09.2020, Ռեգնում

https://regnum.ru/news/3078203.html

30.09.2020, Իրավունք

https://iravunk.com/?p=182866&l=am

30.09.2020, Shame.am

http://www.shame.am/news/view/68616.html

Անոտացիա

Այսօր, բնավ չվախենալով սխալվելուց, Թուրքիան կարող ենք անվանել «Եվրոպայի հիվանդ և չափազանց վտանգավոր մարդ»։ Չեմ թաքցնի, որ «Եվրոպայի հիվանդ և չափազանց վտանգավոր մարդուն» արդի աշխարհում զսպաշապիկ հագցնել ի զորու է միայն Ռուսաստանը։

Արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանի զինված ուժերը թուրք բազմաթիվ զինվորական խորհրդականների ուղղակի հրահանգավորմամբ արյունալի սպանդ են սանձազերծել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ինքնապաշտպանության բանակի հետ շփման ողջ գծում։ Ասել, թե դա անսպասելի էր, ազնիվ չէր լինի։ Այսպես, 2020թ. օգոստոսի 4-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց տողերիս հեղինակի հոդվածը՝ «Անդրկովկասում պատերազմը կանխել ի զորու է միայն Ռուսաստանը» վերնագրով։ Նորից մանրամասներ չեմ ներկայացնի այդ հոդվածից, այլ ընդամենը հղում կկատարեմ անոտացիայից. «Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները մտել են փակուղի։ Ոչ Ալիևը, ոչ Փաշինյանն այսուհետ ի վիճակի չեն գալ որևէ խաղաղ պայմանավորվածության, ինչը, Թուրքիայի հրահրմամբ, կվերածվի արյունահեղ պատերազմի, որը կընդգրկի ոչ միայն Ադրբեջանը, Հայաստանն ու Արցախը, այլև ողջ Անդրկովկասը։ Հարավային Կովկասում պատերազմը կանխել ի զորու է միայն Ռուսաստանը։ Եվ սա անվիճելի ճշմարտություն է»։

Իսկ այժմ ներկայացնենք թուրքական սուլթանության պաշտոնական անձանց արտահայտած մտքերը։ Այսպես, ս.թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 10։00-ին, Ադրբեջանի ԶՈւ հարձակումից 2,5 ժամ հետո, Թուրքիայի նախագահ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը գրել է Twitter-ում. «Մենք վճռականապես դատապարտում ենք Հայաստանի հարձակումն Ադրբեջանի դեմ։ Հայաստանը խախտել է հրադադարը՝ հարձակվելով քաղաքացիական բնակավայրերի վրա և մեկ անգամ ևս ցուցադրելով, որ դեմ է խաղաղությանը և կայունությանը» (IbrahimKalin@ikalin1)։ Ժամեր անց Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի մամուլի ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ. «Սեպտեմբերի 27-ին Թուրքական Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարեց Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։ Թուրքիայի նախագահն այսօր ցավակցություն հայտնեց Ադրբեջանի պետության ղեկավարին և ժողովրդին Հայաստանի ռազմական սադրանքի հետևանքով Ադրբեջանի խաղաղ բնակիչների և զինծառայողների զոհվելու կապակցությամբ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծեց, որ Թուրքիան, ինչպես միշտ, աջակցում է Ադրբեջանին...»։ Այդ ժամանակ էլ հենց Էրդողանը հայտարարեց. «Եկել է ժամանակը վերջ տալու Հայաստանի օկուպացիային, ժամանակն է վճարելու հաշիվները։ Այլապես Հայաստանն այսուհետ ևս կանի ինչ ուզում է։ Նա պետք է հեռանա օկուպացված հողերից։ Բոլորը գիտեն, որ դրանք Ադրբեջանի հողերն են... 30 տարում նրանք (ԵԱՀԿ Մինսկի խումբը – Ա.Գ.) չկարողացան լուծել այդ հարցը։ Եվ ամեն ինչ արեցին, որպեսզի այն չլուծվի (ԵԱՀԿ ՄԽ ուղղակի մեղադրանք՝ ղարաբաղյան հակամարտության գոտում պայթյունավտանգ իրավիճակի պահպանման մեջ – Ա.Գ.)։ Հիմա նրանք (Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ֆրանսիան – Ա.Գ.) մեզ սովորեցնում են, իսկ երբեմն էլ սպառնում։ Նրանք հարցնում են. կա՞ն այնտեղ (Ղարաբաղում – խմբ.) թուրք զինվորականներ։ Արդյո՞ք Թուրքիան զենք մատակարարում է։ Նրանք, ովքեր սա հարցնում են, իրենք Սիրիայի հյուսիս են ուղարկել զենքի հազարավոր բեռնատարներ»։ Սա հայտարարելով՝ Էրդողանն, ըստ էության, չժխտեց իր լիակատար ներգրավվածությունն Ադրբեջանի ռազմական գործողություններում։ «Թուրքիան այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանին։ Մեկ անգամ ևս դատապարտում եմ Հայաստանին» (polit.ru/news/2020/09/28/erdogannkr)։ Նույն օրը՝ ս.թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 14։09-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ադրբեջանցի պաշտոնակցի՝ Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարեց. «Երևանը պետք է անհապաղ հրաժարվի ագրեսիվ գործողություններից, որոնք տանում են դեպի իրավիճակի լայնածավալ թեժացման տարածաշրջանում։ Դատապարտում ենք Հայաստանի ստոր սադրանքները։ Թուրքիան մինչև վերջ կաջակցի Ադրբեջանին երկրի ամբողջականության պահպանման համար մղվող պայքարում» (haqqin.az/news/190402)։ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը նորից նույն օրը՝ ս.թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 14։34-ին Twitter-ում գրեց. «Խաղաղ բնակիչների վրա վերջին հարձակումները ցույց տվեցին, որ Հայաստանը սպառնալիք է ոչ միայն Ադրբեջանի համար, այլ նաև անուղղելի ահաբեկչական պետություն է ամբողջ տարածաշրջանում խաղաղության տեսակետից և լիակատար պատասխանատվություն է կրում հետևանքների համար»։ Արդեն ս.թ. սեպտեմբերի 29-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց. «Կա այդ խնդրի միայն մեկ լուծում։ Հայաստանը պետք է հեռանա Ադրբեջանի տարածքից։ Եթե դա տեղի չունենա, խնդիրը չի լուծվի։ Մենք պատրաստ ենք աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտադաշտում» (tass.ru/mezhdunarodnaya-panorama/9579009)։ Ես հատուկ այսքան մանրամասն ներկայացրի նորահայտ թուրք սուլթան Էրդողանի ու նրա արնատենչ համախոհների այս բոլոր զրպարտչական հարձակումները, որպեսզի ցույց տամ, թե որքան օպերատիվ ու սինքրոն ձևով նրանք հանդերձավորվեցին իբր խաղաղաղարների պատմուճանով, միաժամանակ չգիտակցելով, որ իրենց միաժամանակյա հնչեցրած գնահատականներով ապացուցեցին, որ ս.թ. սեպտեմբերի 27-ին ափշերոնյան սուլթանի սանձազերծած ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ նախապես մանրակրկիտ պլանավորված ակցիա էր, որի հանգամանքները մշակվել էին 2020թ. հուլիսի 29-ին ադրբեջանա-թուրքական զինվորականության սկսած զորավարժությունների ընթացքում։ Ընդ որում՝ դեռևս այն ժամանակ այդ արարի տեղեկատվական ապահովումը նպատակ ուներ բարձրացնել թուրք զինվորական մասնագետների կողմից մանրակրկիտ ուսուցանվող ադրբեջանցի վայ-մարտիկների ոգին։

Ս.թ. օգոստոսի 4-ին REGNUM տեղեկատվական գործակալության հրապարակած վերոնշյալ՝ «Անդրկովկասում պատերազմը կանխել ի զորու է միայն Ռուսաստանը» հոդվածում կան նաև այսպիսի տողեր. «Ուշադիր վերլուծելով թուրքական և ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և թուրք ու ադրբեջանցի սուլթանների կողմից պատվիրված կանխակալ հոդվածները ռուսաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ներում՝ բավական հետաքրքիր քաղաքական պատկեր է ուրվագծվում։ Բոլոր հրապարակումների միջով կարմիր թելի պես անցնում է միտքը Ադրբեջանի և հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պատերազմի անխուսափելիության մասին։ Այնուհետև ընդգծվում է այդ պատերազմին Թուրքիայի պարտադիր մասնակցությունը, բնականաբար, Ադրբեջանի կողմում։ Ընդ որում՝ նշված հրապարակումներն ուղեկցվում են, հանկարծ պատերազմ սկսվելու դեպքում, Ռուսաստանի դիրքորոշման մասին տասնյակ հոդվածներով։ Ավելին, ռուսաստանցիների հանրային կարծիքի հարցումներ են արծարծվում, թե ում պետք է Ռուսաստանն աջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև կոնֆլիկտում»։

Ուշադիր վերլուծելով Ռուսաստանի առաջատար հեռուստաալիքների աշխատանքը՝ կարելի է փաստել, որ տեղեկատվական պատերազմի թուրք-ադրբեջանական ստրատեգների նենգ մտահղացումները ռուսական հեռուստատեսության հեղինակների և հաղորդավարների՝ Վլադիմիր Սոլովյովի, Օլգա Սկաբեևայի, Եվգենի Պոպովի, Արտյոմ Շեյնինի, Անատոլի Կուզիչովի և անաչառ շատ այլ պրոֆեսիոնալների, անվիճելիորեն՝ Ռուսաստանի հայրենասերների արհեստավարժության շնորհիվ խափանվել են։ Ես հատուկ եմ ընդգծում՝ Ռուսաստանի հայրենասերների, քանի որ թուրք բազեների ռազմական սադրանքը, որ իրականացվում և ղեկավարվում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի «կրթյալ շրջանավարտի» կողմից (ինչի մասին հեռուստաեթերում դեմքի տենչալից արտահայտությամբ ու փայլն աչքերում չի դադարում կրկնել պոպուլյար ռուսական թոք-շոուների հաստիքային հյուրերից մեկը, նույն ինքը՝ Москва-Баку.RU ադրբեջանական ինտերնետ-պորտալի՝ ափշերոնյան սուլթանի խոսափողի մշտական հեղինակը), առաջատար հեռուստաալիքների ռուսաստանցի պրոֆեսիոնալներին, այնուամենայնիվ, հաջողվում է չեզոքացնել։ Ավելին, հաջողվում է բացահայտել այս արյունահեղ արկածախնդրության բեմադրիչ-ռեժիսորին՝ Թուրքիային։ Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական զինվորականության սանձազերծած պատերազմի ռեժիսորին։ Իսկ ինչո՞ւմ է Թուրքիայի այսքան մեծ շահագրգռվածությունը։ Միանգամայն իրավացիորեն կարող է հարցնել հարգելի ընթերցողը, և հարցն ավելի քան տեղին կլինի։ Դրան պատասխանելու համար դիմենք ոչ վաղ անցյալի իրադարձություններին։

Եվ այսպես, 2020թ. հունվարի 8-ին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես բացեցին «թուրքական հոսք» գազատարը։ Արարողությունը տեղի ունեցավ Ստամբուլում։ Մասնակցում էին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը։ Նշենք, որ գազատարի արժեքը կազմում էր մոտ €7 մլրդ, հզորությունը՝ տարեկան 31,5 մլրդ մ3 (երկու ճյուղ)։ 2020թ. հուլիսի 23-ին Expert.ru-ում լույս տեսավ Աննա Կորոլյովայի հոդվածը՝ «Թուրքական հոսքը» դադարի վրա են դրել» վերնագրով, որում կարդում ենք. «Իսկ գլոբալ առումով խնդիրը Թուրքիայում ռուսական գազի պահանջարկի բացակայությունն է։ Ռուսական գազն այդ երկիրը փոխարինում է հեղուկացված գազով, որը գետի պես հորդում է եվրոպական շուկա և անհամեմատ ավելի էժան արժե։ Արդյունքում՝ Թուրքիան առաջին եռամսյակի արդյունքներով կրճատել է ռուսական գազի գնումը 70%-ով 2019թ. համեմատ և գրեթե 14 անգամ, եթե համեմատենք երկամյա վաղեմության ցուցանիշների հետ։ Արդյունքում՝ Ռուսաստանը դադարեց առաջինը լինել երկրին խողովակաշարային գազի խոշոր մատակարարողների շարքում։ 1,87 մլրդ խորանարդ մետր գազի կեսը Թուրքիային մատակարարեց Ադրբեջանը (924 մլն խորանարդ մետր), երկրորդ տեղում հայտնվեց Իրանը (557 մլն խորանարդ մետր), իսկ ՌԴ-ն հետ մղվեց երրորդ հորիզոնական՝ 389 մլն խորանարդով...»։ Այնուհետև հոդվածում կատարվում է հղում TeleTrade-ի գլխավոր վերլուծաբան Մարկ Գոյխմանին. «Գազպրոմը չի կարող իջեցնել իր գները, քանի որ դրանք արդեն վնասաբեր են նրա համար։ Իսկ Թուրքիան օգտվում է փաստորեն միակ գնորդի և Հարավային Եվրոպա միակ տարանցողի իր դիրքից։ Տնտեսության մեջ դա կոչվում է «մոնոպսոնիա»՝ իրավիճակ, երբ որպես մոնոպոլիստ հանդես է գալիս ոչ թե արտադրողը, այլ գնորդը, որն այդ պատճառով կարող է պայմաններ թելադրել։ Մանավանդ որ մատակարարների թվի պակաս չկա... Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջին ամիսներին, հենց «հոսքի» մեկնարկից հետո, տեղի է ունենում հարաբերությունների կտրուկ սառեցում։ Նախ՝ Սիրիայում, Լիբիայում հակամարտություններին կողմերի փաստացի մասնակցության պատճառով։ Այժմ «Թուրքական հոսքը» կարող է հանդես գալ որպես Մոսկվայի վրա ճնշում գործադրելու որոշակի տարր։ Բացի այդ, Անկարայի համար շատ ավելի կարևոր ու հոգեհարազատ է երկնագույն վառելիք գնել էթնիկապես ու աշխարհագրորեն մոտ Ադրբեջանից։ Այդ երկրից մատակարարումներն այժմ առաջինն են Թուրքիայում՝ 2,4 անգամ գերազանցելով ռուսականը։ Եվս մեկ կարևոր գործոն կարող է հանդես գալ այն, որ ԱՄՆ-ն էլ է  խստացնում պատժամիջոցներն ընդդեմ «Թուրքական հոսքի»։ Մասնավորապես, դա նախատեսում է հուլիսի 22-ին Ներկայացուցիչների պալատի հավանությանն արժանացած՝ երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը» (yandex.ru/turbo/expert.ru/s/2020/07/23/turetskij-potok/)։

Այժմ ընթերցողներին հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 23-ին Ռուսաստանը և Թուրքիան «Բանակ-2020» համաժողովում ստորագրեցին պայմանագիր ՀՕՊ С-400 համակարգերի երկրորդ գնդի մատակարարման մասին։ Նշենք, որ 2019թ. Ռուսաստանը կատարել էր Թուրքիային С-400-ների չորս դիվիզիոնի մատակարարման առաջին գործարքը 2,5 մլրդ դոլար գումարով։ Չեմ ներկայացնի ռազմական մասնագետների փաստարկները, որոնք հանգամանալիորեն բացատրել են, թե ինչու Թուրքիան գերադասեց ռուսական ՀՕՊ С-400 համակարգերն ամերիկյան 3PK Patriot-ներից։ Սա բոլորովին այլ վերլուծության թեմա է։ Իսկ այստեղ կարևոր եմ համարում խորհել այն բանի շուրջ, թե ինչով են պայմանավորված թուրք սուլթանի՝ Էրդողանի առաջին հայացքից իրենց տրամաբանությամբ փոխբացառող գործողությունները՝ մերթ «Թուրքական հոսքի» շահագործման դադարեցումը հօգուտ այդ թվում ԱՄՆ շահերի; մերթ ՀՕՊ С-400-ների գնումը, ինչը հակասում է ԱՄՆ և ՆԱՏՕ շահերին; մերթ սիրիացի ահաբեկիչների հավաքագրումն ու դրանց ուղարկումը Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծած ադրբեջանական զինված ուժերի մարտական գործողությունների գոտի; մերթ թուրքական ՌՕՈւ F-16 կործանիչով Հայաստանի տարածքում հայկական Սու-25 գրոհիչի խոցում։ Այդ ի՞նչ նպատակներ է հետապնդում սուլթան Էրդողանը։

Որպեսզի ընթերցողների մեջ հարցեր չառաջանան Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներին Ադրբեջան ուղարկելու հետ կապված, մեջբերում կատարեմ «ԶԼՄ. Թուրքիան Ադրբեջանին օգնություն է ուղարկել 1,5 հազար «գլխակեր» Սիրիայից» վերնագրով հոդվածից՝ հրապարակված 2020թ. սեպտեմբերի 27-ին МК.RU կայքում (https://yandex.ru/turbo/mk.ru/s/politics/2020/09/27/smi-turciya-poslala-v-pomoshh-azerbaydzhanu-15-tysyachi-golovorezov-iz-sirii.html). «Թուրքիան Ադրբեջան է նետել 1,5 հազար գրոհային Սիրիայից, նրանք մասնակցելու են Հայաստանի հետ զինված հակամարտությանը, տեղեկացնում է War Gonzo Telegram-ալիքը։ Խոսքը իդլիբյան թուրքամետ խմբավորումների մարտիկների և, մասնավորապես, «Սուլթան Մուրադ դիվիզիայի» մասին է։ Տեղեկացվում է, որ այս գրոհայիններն իրենց երաշխավորել են Հալեպի քրիստոնեական թաղամասերի հրետակոծումից և ռազմական հանցագործություններին մասնակցությունից հետո։ Սիրիական հատուկ ծառայությունները համոզված են, որ «Սուլթան Մուրադ դիվիզիայի» զոհեր 2015-2016թթ. կարող էին դարձած լինել մոտ հազար խաղաղ սիրիացիներ։ Այս կազմավորման գրոհայինները  մասնակցել են նաև  քրդական ջոկատների դեմ պատերազմին։ «Ավելի պարզ ասած՝ Էրդողանը հայ-ադրբեջանական ճակատ է ուղարկել փորձառու գլխակերների»,- հավաստիացնում է War Gonzo-ն։ Սիրիացի գրոհայիններին Ադրբեջան ուղարկելու փաստը դեռևս սեպտեմբերի 22-ին հաստատեց լրագրող Լինդսի Սնելը, որն էլ հրապարակել է նրանց լուսանկարները»։ Ամերիկացի լրագրողուհի Լինդսի Սնելը, որին մի անգամ առևանգել էին Թուրքիայի կողմից աջակցվող ահաբեկիչները Սիրիայի հյուսիսում, իսկ հետո երկու ամսով նետել թուրքական բանտ Սիրիայից նրա փախուստից հետո, Թվիթերում գրել է, որ Հազմա դիվիզիայի գրոհայինները եկել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու Թուրքիայով, և հրապարակել է ահաբեկիչ գրոհայինների լուսանկարները (https://politikus.ru/events/131595-turciya-perebrasyvayut-v-azerbaydzhan-svoih-boevikov-iz-sirii.html

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ՌՕՈւ՝ թուրքական F-16-ից խոցված Սու-25 գրոհիչին, ապա այսօր՝ ս.թ. սեպտեմբերի 30-ին, Հայաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է խփված Սու-25-ի լուսանկարները։ Այս մասին տեղեկացնում է «Sputnik Ближнее зарубежье» Telegram-ալիքը (t.me/sputniklive/10081)։ Զոհված օդաչուի անունը Վալերի Դանելին է։

Թուրք սուլթան Էրդողանի գործողությունները, մանրակրկիտ ուսումնասիրության պարագայում, հանգեցնում են այն եզրակացության, որ նա Հարավային Կովկասում իր վտանգավոր քաղաքականությամբ ջանում է ներկայանալ որպես թյուրքական ժողովուրդների նորահայտ առաջնորդ։ Կասկած չի հարուցում այն, որ եթե նրան չկանգնեցնեն Լեռնային Ղարաբաղում, ապա նրա հետագա ծավալապաշտական նկրտումների օբյեկտ կդառնան Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։ Գուցե նաև թյուրքալեզու ույղուրները, որոնք ապրում են Սինցզյանում (ՉԺՀ)։

Մյուս կողմից՝ 2017թ. սահմանադրական փոփոխությունների ընդունումը, որոնցով լուծարվեց խորհրդարանական Թուրքիան և ընդլայնվեցին նախագահի լիազորությունները, ինչպես նաև Էրդողանի իրականացրած արտաքին քաղաքականությունը Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, հիմք են տալիս պնդելու, որ ներկայում նեոօսմանիզմը, ըստ էության, Թուրքական Հանրապետության պաշտոնական գաղափարախոսությունն է։ Պարադոքսն այն է, որ Թուրքական Հանրապետությունն առաջացել և կարողացել է պահպանվել Օսմանյան կայսրության փլատակների վրա շնորհիվ մի գաղափարախոսության, որը կտրականապես հակադիր է օսմանյան կայսերական գաղափարին՝ քեմալականությանը։ Դա զուտ ազգային աշխարհիկ պետության գաղափարախոսություն է, և հենց քեմալականության քաղաքականության ու գաղափարախոսության շնորհիվ էլ Թուրքիան կարողացավ վերականգնվել։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի տնտեսական և քաղաքական ամրապնդումը հանգեցրեց կայսերական հավակնությունների վերականգնմանը, որոնցով տոգորված է գործող նախագահ, սուլթան Էրդողանը։ Ի՞նչ է սա, եթե ոչ նեոօսմանիզմի վառ դրսևորում։ Թուրք սուլթան Էրդողանի լիակատար բնութագրման համար մեջբերում կատարենք Ալեքսանդր Սամսոնովի «Կարմիր սուլթան» Էրդողանը «խելամիտ» է անվանել հայ ժողովրդի ցեղասպանությունը» հոդվածից՝ հրապարակված 2019թ. ապրիլիի 29-ին ВОЕННОЕ ОБОЗРЕНИЕ կայքում։ Դրանում հեղինակը, մասնավորապես, գրում է. «Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիան շրջադարձ է կատարել աշխարհիկ պետության քաղաքականությունից դեպի «չափավոր» իսլամականի։ Գաղափարախոսության հիմքը պանթյուրքիզմն ու նեոօսմանիզմն է։ Թուրքիան փորձում է վերածնել Օսմանյան կայսրության նման մի բան։ Մեծապետական քաղաքականություն է վարում։ Միջամտում է Սիրիայի և Իրաքի գործերին, փաստացի պատերազմ է վարում ինքնիշխան պետությունների տարածքում (և առանց հրավերի)։ Հակամարտում է Իսրայելի հետ՝ հանդես գալով մահմեդական աշխարհի առաջնորդի դիրքից։ Ամրապնդում է դիրքերը Բալկաններում, Կովկասում և Միջին Ասիայում։ Բանն այնտեղ է հասել, որ Էրդողանի «կարմիր խալիֆայությունը» հակամարտում է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ, թեև Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է։ Բանն այն է, որ Էրդողանի «խալիֆայությունը» հավակնում է մահմեդական աշխարհի մեծ մասի առաջնորդությանը և սկսում է հանդես գալ բոլոր մահմեդականների անունից։ Այստեղից՝ շահերի կոնֆլիկտը Իսրայելի և ԱՄՆ-ի հետ։ Այստեղից՝ Անկարայի այդքան ցավագին արձագանքը հայկական և քրդական հարցերին։ Չէ՞ որ պատմականորեն թուրքերը ավելի քիչ հիմքեր ունեն հավակնելու Փոքր Ասիայի (Անատոլիայի) ներկայիս հողերին, քան, օրինակ, հայերը, հույները, քրդերը և սլավոնները։ Այդ ժողովուրդները Անատոլիայի տարածքը բնակեցրել են Բյուզանդական կայսրության (Արևելահռոմեական կայսրության) ժամանակներում և ավելի վաղ։ Անատոլիայի զգալի մասը (Արևմտյան Հայաստանը) ավելի վաղ մտել է հնագույն հայկական պետության կազմի մեջ։ Սելջուկ թուրքերը և օսման թուրքերը զավթեցին Անատոլիան, ոչնչացրին Բյուզանդիան, ստեղծեցին Օսմանյան կայսրությունը։ Սակայն Թուրքական կայսրության բնակչության մեծ մասը երկար ժամանակ կազմում էին հույները, հայերը, քրդերը, սլավոնները, կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչները և այլք։ Ուծացման, թյուրքացման, իսլամացման և մշտական ցեղասպանությունների, կոտորածների մի քանի հարյուրամյակները միայն հանգեցրին թյուրքալեզու բնակչության գերակշռությանը» (https://topwar.ru/157396-krasnyj-sultan-jerdogan-nazval-razumnym-genocid-armjanskogo-naroda.html

Լիահույս եմ, որ ժամանակակից Թուրքիայի նախապատմության և իրողությունների  մասին այսքան հանգամանալից շարադրանքը լույս կսփռի թուրք սուլթան Էրդողանի քաղաքականության վրա։ Պարզ է մի բան, որ «Եվրոպայի հիվանդ մարդ» հրապարակախոսական շտամպը, որն օգտագործվում էր (գերազանցապես անգլիալեզու ավանդույթում) համալիր տնտեսական և քաղաքական խնդիրներ ունեցող եվրոպական պետություններին նշելու համար և կիրառության մեջ է մտել XIX դարակեսին Օսմանյան կասրության վերաբերյալ, պահանջված է նաև մեր օրերում։ Ընթերցողներին հիշեցնենք, որ այդ շտամպը առաջին անգամ օգտագործել է Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ը Ղրիմի պատերազմի (1853-1856թթ.) նախօրեին բրիտանացի դեսպան Սեյմուրի հետ «արևելյան հարցի» քննարկման ժամանակ։ Կայսրը նեխող Օսմանյան կայսրությունն անվանել էր «Եվրոպայի հիվանդ մարդ»։ Կարծում ենք, որ այսօր, բնավ չվախենալով սխալվելուց, Թուրքիան կարելի է անվանել «Եվրոպայի հիվանդ և չափազանց վտանգավոր մարդ»։ Չեմ թաքցնի, որ «Եվրոպայի հիվանդ և չափազանց վտանգավոր մարդուն» արդի աշխարհում զսպաշապիկ հագցնել ի զորու է միայն Ռուսաստանը։ Ռուսաստանը, որը իր հզորության լիակատար գիտակցումով և ռուս ժողովրդի մեծահոգությունից ելնելով՝ հետևողականորեն և համբերատար կոչ է անում սուլթան Էրդողանին խելքը գլուխը հավաքել, հանդարտվել և բանը չհասցնել տասնչորսերորդ ռուս-թուրքական պատերազմի, որը, դեռ հազիվ սկսված, կվերածվի ոչ միայն «Եվրոպայի հիվանդ և չափազանց վտանգավոր մարդու», այլև նրա ավազակային շրջապատի լիակատար ոչնչացմանը, որոնք հույսը դրել են Սիրիայի, Լիբիայի, Իրաքի խաղաղ բնակչությանն ահաբեկած վարձու «գլխակերների» վրա, «գլխակերներ», որոնք ծարավի են քրիստոնեական քաղաքակրթության հնագույն ներկայացուցիչների՝ հայերի արյանը։ Բարիք է, որ վարձու արնախումների անպարտելիության մասին առասպելը ցրեցին մեր քաջարի քսանամյա նորակոչիկները՝ իրենց երիտասարդ կյանքի գնով պաշտպանելով ոչ միայն իրենց պատմական Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախությունը, այլև անձնուրաց կենդանի պատնեշ դառնալով Էրդողանի կողմից նոր արյունալի խալիֆայություն ստեղծելու ճանապարհին Մեծ Ռուսաստանի՝ քրիստոնեական քաղաքակրթության միակ և հուսալի պահապանի հարավային մատույցներում, որը միաժամանակ գորովագին պաշտպանում է ռուսաստանցի մուսուլմաններին իսլամիստ արմատականների և նորահայտ նեոօսմանների ու պանթյուրքիստների վտանգավոր հավակնություններից։ 

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ