Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

 

28.07.2020, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3022371.html

29.07.2020, Shame.am

http://www.shame.am/news/view/68521.html

29.07.2020, Իրավունք

https://iravunk.com/news/117488

 

Անոտացիա

Միայն ԵՏՄ և ՀԱՊԿ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ Ադրբեջանի և Արցախի միաժամանակյա մուտքի պայմաններում Անդրկովկասի ինքնիշխան պետությունների՝ Ադրբեջանական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար անվտանգության և բարգավաճման իրական հեռանկարներ կբացվեն։ Եվ այդ ժամանակ, վերջապես, երկար սպասված խաղաղությունը կտիրի Հարավկովկասյան տարածաշրջանում։ Իսկ Հարավային Կովկասում սահմանների վերաձևման նեոօսմանյան նախագիծը ժամանակակից Ռուսաստանի պայմաններում դատապարտված է կործանման։

 

2020թ. հուլիսի իրադարձությունները, իմ խորին համոզմամբ, բախտորոշ կդառնան ոչ միայն Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանների, այլև առհասարակ աշխարհի համար։ Եվ սա մի ինչ-որ առեղծվածային կանխատեսում չէ, այլ ընդամենը անխուսափելի եզրակացություն, որին հանգում ես՝ վերլուծելով անցնող ամսվա իրադարձությունները։

 

ԱՅԱ ՍՈՖԻԱՅԻ ՄԶԿԻԹԸ՝ ՈՐՊԵՍ ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Եվ այսպես, 2020թ. հուլիսի 24-ին 1934 թվականից հետո առաջին անգամ Սուրբ Սոֆիայի տաճարում (այսուհետ՝ Տաճար), որը վերածված է մզկիթի, կատարվեց ուրբաթօրյա նամազ։ Աղոթքի արարողությանը մասնակցեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նամազից առաջ կարդաց Ղուրանի առաջին սուրահը։ Նշենք, որ մուսուլմանական աղոթքները Սուրբ Սոֆիայի տաճարում հնչեցին այն բանից երկու շաբաթ անց, երբ ս.թ. հուլիսի 10-ին այդ երկրի բարձրագույն վարչական դատարանը՝ Թուրքիայի Պետխորհուրդը, որոշում կայացրեց Տաճարը թանգարանի կարգավիճակից զրկելու մասին, իսկ մի երկու ժամ հետո զավթիչ սուլթան Ռեջեփ I-ը հրապարակեց հրամանագիր, որի համապատասխան՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարը բացվելու է այնտեղ մուսուլմանական ալլահասպասարկումների անցկացման համար։ Մի փոքր անդրադառնանք պատմությանը։ Ինչպես գրում է բրիտանացի հայտնի բյուզանդագետ, պատմաբան Սթիվեն Ռասիմենն իր «Կոստանդնուպոլսի անկումը 1453թ.» աշխատությունում, որը հրապարակվել է 1964թ. Լոնդոնում, 1453թ. ապրիլի 5-ին Կոստանդնուպոլսի պատերի տակ հավաքվել էր թուրքական ողջ բանակը՝ քսանմեկամյա սուլթան Մեհմեդ II-ի հրամանատարությամբ։

Չեմ ներկայացնի Կոստանդնուպոլսի պաշարման և զավթման մանրամասների ողջ դրամատիզմը, նշեմ միայն, որ սուլթան Մեհմեդ II-ը իր զինվորներին խոստացել էր երեք օր Կոստանդնուպոլսի լիակատար թալանի համար։ Սակայն բանը միայն թալանով չավարտվեց։ Եվ ինչպես գրում է Սթիվեն  Ռասիմենը. «Զորքերը մեկը մյուսի հետևից հանդիսավոր երթով, ծածանվող դրոշներով անցնում էին Կոստանդնուպոլսի դարպասներով, նվագախմբերի ձայների ներքո։ Բայց հենց որ դրանք հայտնվեցին քաղաքի ներսում, բոլորը վայրի մոլուցքով նետվեցին ավարի հետևից։ Սկզբում դեռ չհավատալով, որ դիմադրությունն արդեն դադարեցված է, նրանք անխտիր սպանում էին բոլորին, ում հանդիպում էին փողոցներում՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին։ Արյան գետեր էին հոսում Կոստանդնուպոլսի թեք փողոցներով՝ Պետրոսի բլուրներից մինչև Ոսկե եղջյուր»։

Եվ ինչպես գրում է ռուս հայտնի միջազգայնագետ լրագրող, կրոնաբան Կիրիլ Պրիվալովը. «Սուրբ Սոֆիայում փորձում էին փրկվել մոտ տասը հազար հավատացյալներ։ Հոգևորականները պատարագ էին մատուցում, քահանան քերովբեական երգ էր երգում։ Մի ակնթարթում աղմուկով, կացնի հարվածներից կործանվեցին դռները, ենիչերիները ներխուժեցին տաճար՝ իրենց ճանապարհին ավերելով ամեն ինչ։ Հեծեծանքներ, օգնության ճիչեր, լաց ու մեռնողների հոգեվարքի ճիչեր... Այն ամենը, ինչ դարեր շարունակ կուտակվել էր ընծաների և նվիրատվությունների շնորհիվ, թալանվեց՝ ոսկի, արծաթ, մարգարիտ, սկահակներ և զարդեր... Օսմանները պոկոտեցին կտավները և թրատեցին սրբապատկերներն ու արձանիկների պատվանդանը։ Կործանվեցին նաև Կոստանդնուպոլսի թանկարժեք գրքային գանձերը. միայն պատմաբանների մոտավոր հաշվարկներով՝ ավելի քան 120 հազար ձեռագիր այրվեց թուրքերի կողմից։ Վերացվեց Բյուզանդիայի ամենաերկրպագելի՝ Օդիգիտրիայի (Ուղեցույց) Տիրամոր սրբապատկերը, որը, ավանդության համաձայն, նկարել է ինքը՝ Ղուկաս առաքյալը»։

Եվ այդ ողբերգական օրերից 569 տարի անց  նորահայտ նեոօսմանյան սուլթան Ռեջեփ I-ը արդեն Ղուրանի առաջին սուրահը կարդաց այդ նույն Սուրբ Սոֆիայի տաճարի մզկիթում՝ Աստծո Բարձրագույն իմաստության տաճարում։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 1934թ. Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը ստորագրեց հրամանագիր Սուրբ Սոֆիան, որը դարձել էր Այա Սոֆիա մզկիթ, Այա Սոֆիայի թանգարանի վերածելու մասին։ Վեհանձն հույները՝ Սոկրատեսի, Պլատոնի, Դիոգենեսի, Արիստոտելի, նրա պանծալի սանի՝ Ալեքսանդր Մակեդոնացու ժառանգորդները, ի նշան երախտագիտության, Սալոնիկի տունը, որտեղ ծնվել էր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը, Սալոնիկի քաղաքային խորհրդի որոշմամբ, նվեր տվեց թուրքական պետությանը, որը 1953թ. այն վերածեց թանգարանի։ 2011թ. Հունաստանի մշակույթի նախարարությունը Աթաթյուրքի տուն-թանգարանը ճանաչեց պատմական հուշարձան։ Այսքան մանրամասն պատմական էքսկուրսը ես միտումնավոր կատարեցի։ Հույս ունեմ, որ այն ոչ քաջատեղյակ ընթերցողին կօգնի, իմանալով սուլթան Մեհմեդ Նվաճողի հոգևոր ժառանգորդների աշխարհայացքի առանձնահատկությունը, ավելի լավ հասկանալ նեոօսմանյան սուլթան Ռեջեփ I-ի շարժառիթները, որը ս.թ. ամռանն այսքան հապճեպ լուծեց Սուրբ Սոֆիայի թանգարանին Այա Սոֆիա մզկիթի կարգավիճակ տալու հարցը։

 

ՍՈՒՐԲ ՊԱԻՍԻ ՍՎՅԱՏՈԳՈՐԵՑՈՒ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ

Դե ինչ, հարգելի ընթերցող, որպեսզի հոդվածիս ներածական մասը չավարտեմ մինորային նոտայով, մեջբերումներ կատարեմ տեր Պաիսի Սվյատոգորեցու մարգարեություններից Թուրքիայի ապագայի և Կոստանդնուպոլսի ազատագրման մասին։

«Այսօր հանուն թուրքերի եվրոպացիները ստեղծում են անկախ պետություններ մուսուլմանական բնակչությամբ (Բոսնիա, Հերցեգովինա)։ Բայց ես տեսնում եմ, որ նրանք ապագայում նրբանկատորեն կբաժանեն նաև հենց Թուրքիան. կապստամբեն քրդերն ու հայերը, և եվրոպացիները կպահանջեն նաև ճանաչել այդ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ու անկախությունը։ Նրանք այդ ժամանակ կասեն Թուրքիային. «Մենք ձեզ արդեն մի ժամանակ լավություն արել ենք, հիմա այդ կերպ պետք է անկախություն ստանան քրդերն ու հայերը, նրանք Թուրքիան մասերի կբաժանեն»։

Հարգելի ընթերցող, խորհեք այն բանի շուրջ, որ, գուցե, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ազգային-ազատագրական պատերազմը հենց սկիզբն է մեծն իմաստուն Պաիսի Սվյատոգորեցու (Աֆոնցի) կանխատեսումների կենսագործման, որը 2015թ. հունվարի 13-ին սրբադասվեց Ուղղափառ եկեղեցու կողմից։ Ներկայացնենք նաև սուրբ Պաիսի Սվյատոգորեցու այլ մարգարեություններ ևս։ Ինչպես նշում է վերոնշյալ աղբյուրը, «Աֆոնիադայի» (արական աստվածաբանական դպրոց Աֆոն Սուրբ լեռան վրա) սաների խումբը որոշեց գնալ Իմաստուն ծերունու մոտ և հարցնել նրան, թե արդյոք հույները կվերցնեն Կոստանդնուպոլիսը, և արդյոք երեխաները կհասնեն այդ օրվան։ Նրանք եկան հայր Պաիսիի մոտ, հյուրասիրվեցին, բայց վախեցան տալ իրենց հարցը։ Մեկը մյուսին նշաններ էր անում, մյուսն էլ՝ երրորդին։ Բայց ի վերջո ոչ ոք չհամարձակվեց հարցնել Ծերունուն։ Այդժամ Ծերունին ինքն ասաց նրանց. «Դե ինչ, ջահելներ։ Ինչի՞ մասին եք ուզում հարցնել։ Կոստանդնուպոլսի՞։ Կվերցնենք մենք այն, կվերցնենք, և դուք էլ կապրեք մինչև այդ օրը։ Թուրքիան կընկնի։ Դրան կնպաստեն հենց իր դաշնակիցները... Պատերազմ կլինի Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Սկզբում թուրքերին կթվա, թե հաղթում են, բայց դա նրանց համար աղետ կլինի։ Ռուսները կհաղթեն և կվերցնեն Կոստանդնուպոլիսը... Սուրբ Սոֆիայի տաճարում նորից տեղի կունենա ուղղափառ ժամերգություն։ ...Թուրքիան կբաժանվի 3-4 մասի։ Նրա համար արդեն սկսվել է հետհաշվարկը։ Մենք կվերցնենք մեր հողերը, հայերն՝ իրենցը, իսկ քրդերն էլ՝ իրենցը»։

Այդ օրերից անցել է քառորդ դարից մի փոքր ավելի ժամանակ, և այսօր, վերլուծելով նորահայտ նեոօսմանյան սուլթան Ռեջեփ I-ի գործողությունները սուրբ Պաիսի Սվյատոգորեցու մարգարեությունների համատեքստում, ակամա միանգամայն այլ լույսով ես գնահատում դրանք։

 

ԷՐԴՈՂԱՆԸ՝ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Այսպես, ս.թ. հուլիսի 14-ին, երբ երկու օր էր անցել Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Տավուշի (Հայաստան) և Թովուզի շրջանում (Ադրբեջան)՝ հայ-ադրբեջանական սահմանին, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց. «Թուրքիան վճռականապես դատապարտում է Հայաստանի գրոհներն ընդդեմ բարեկամական և եղբայրական Ադրբեջանի։ Այս հարձակումը իրադարձություն է, որը դուրս է գալիս Հայաստանի շրջանակներից (Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ինտերնացիոնալացման անթաքույց սադրանք՝ Ռուսաստանին ներգրավելու նպատակով – Ա.Գ.)։ Նպատակն այն է, որպեսզի խոչընդոտվի կարգավորումը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ստեղծվեն հակամարտության նոր օջախներ տարածաշրջանում»։ Հատկանշական է, որ մի քանի ժամ անց նեոօսմանյան սուլթան Ռեջեփ I-ի գաղափարը դեմոնացրեց այդ երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որը հայտարարեց այն մասին, որ Թուրքիան և նրա բանակը պատրաստ են մինչև վերջ աջակցել Ադրբեջանին Հայաստանի ագրեսիայի դեմ պայքարում, որն օկուպացրել է ադրբեջանական հողերի մի մասը, այդ թվում Լեռնային Ղարաբաղը. «Մենք կլինենք Ադրբեջանի ԶՈւ-ի կողքին, կաջակցենք՝ «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքին համապատասխան»։

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ

Բարիք է, որ ս.թ. հուլիսի 17-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության առաջատար տեղեկատվական գործակալությունները, հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, տեղեկացրին Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգների զորքերի, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի ծովային հետևակի և կենտրոնական ենթակայության առանձին միավորումների, ինչպես նաև Օդադեսանտային զորքերի (ՕԴԶ) հանկարծակի ստուգման մասին։ «Ստուգվող զորքերը և ուժերը մասնակցեցին տարբեր մակարդակի ավելի քան 50 զորավարժությունների 35 զորահրաձգարաններում և տեղամասերում, 17 ծովային զորահրաձգարաններում Սև և Կասպից ծովերի ջրավազաններում»,- տեղեկացվում էր ռազմական գերատեսչությունում։ Եվս մեկ ոչ պակաս կարևոր մանրամասն. երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի որոշմամբ զորքերը դուրս բերվեցին տագնապի ազդանշանով, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բացատրեց, որ այդ ստուգումը կարևոր է Զինված ուժերի՝ Ռուսաստանի Դաշնության հարավ-արևմուտքում ռազմական անվտանգության ապահովման կարողությունը գնահատելու համար։ Չէ՞ որ այնտեղ, նախարարի խոսքով, ահաբեկչական բնույթի լուրջ սպառնալիքներ են պահպանվում։ Այս առնչությամբ ընթերցողներին հիշեցնենք, որ, ինչպես տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ին ռազմադիվանագիտական աղբյուրը. «Շաբաթ առավոտյան Բաքվի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հեռախոսազրույցը Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների փոխհարաբերություններին և համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր... Ռուսաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ սույն միջոցառումը պլանային է և ոչ մի կերպ կապված չէ ադրբեջանա-հայկական սահմանի ընթացիկ իրավիճակի հետ»։

Ինչպես ասում են, Զաքիր Հասանովի սիրտը տեղն ընկավ։ Թե չէ՝ դեռ չէր հասցրել նա ուշքի գալ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ Տավուշ-Թովուզ տեղամասում տապալմամբ ավարտված ռազմական ագրեսիայից, հանկարծ ադրբեջանցի բազեների գլխին, անամպ երկնքում ճայթած որոտի նման, տեղաց լուրը Ռուսաստանի ԶՈւ հանկարծակի ստուգման մասին Ադրբեջանի սահմաններին մոտ։ Սա էլ քիչ էր, մեկ այլ տեղեկություն ստացվեց այն մասին, որ մարտական պատրաստության հանկարծակի ստուգման ընթացքում Ինգուշիայում տեղի է ունեցել 58-րդ համազորային բանակի մեծ հզորության հրետանու ստորաբաժանումների տեղակայում, որի դիվիզիոնները դեպի դիրքեր երթ են կատարել առաջադրանքների կատարման համար, դիցուք. «Գործողության մտահղացմամբ՝ միաժամանակ կրակային հարված կհասցնեն համազարկային կրակի «Ուրագան» ռեակտիվ համակարգերի և «Սմերչ» դիվիզիոնի ստորաբաժանումները՝ մեծ հզորության հրետանու ստորաբաժանումների, այդ թվում՝ 240 մմ-անոց «Տյուլպան» ինքնագնաց ականանետերի և 203 մմ-անոց ինքնագնաց «Մալկա» գնդացիրների աջակցությամբ»։ Ընթերցողներին հիշեցնենք, որ սովորական ռազմամթերքից բացի՝ «Տյուլպանի» զինանոցում կան երկու կիլոտոննա հզորությամբ ջերմամիջուկային ականներ։ Կարծում ենք, որ ատոմային ականանետերի առկայությունը Ադրբեջանի հետ Ռուսաստանի սահմանից ոչ հեռու վերջնականապես կսթափեցնի Ռուսաստանի Դաշնության հարավարևմտյան սահմանի ողջ պարագծով անկայունության գոտու ստեղծման սիրահար թուրք-ադրբեջանական բազեներին։ Այս իրադարձությունները սթափեցնող ազդեցություն գործեցին նաև խորհրդային էստրադայի սոխակ, Ադրբեջանի ռազմական ագրեսիայի օրերին (ս.թ. հուլիսի 12-15-ին) բազեի փետուրներ հագած, Ռուսաստանի Դաշնությունում այդ երկրի դեսպան Փոլադ  Բյուլբյուլօղլիի վրա, որը ադրբեջանցի ջահելների, որոնք հաշվեհարդար կազմակերպեցին հայազգի քաղաքացիների դեմ Մոսկվայի, Վորոնեժի և Ռուսաստանի մի քանի այլ քաղաքների փողոցներում, անօրինությունների հանդեպ ռուսաստանյան իշխանությունների օրինական կոշտ գործողություններից հետո նորից սոխակի պես սկսեց դայլայլել՝ խնդրելով ադրբեջանցիներին պահպանել ռուսական օրենքները. «Դուք ապրում եք Ռուսաստանում, ձեզանից շատերն այդ երկրի քաղաքացիներ են (ա՛յդ չէ, այլ Մեծ երկրի, որն ապաստան է տվել Բյուլբյուլի՝ քիչ է մնում ասեմ՝ սոլովեյ-ռազբոյնիկի հարյուր հազարավոր հայրենակիցների – Ա.Գ.)։ Խնդրում եմ Ձեզ, պահպանեք օրենքներն ու կանոնները, որոնք այստեղ կան։ Մենք պետք է միասին լինենք, որպեսզի արժանի հակահարված տանք սադրանքներին, բայց և միաժամանակ չիջնենք փողոցային կռիվների մակարդակին»։ Այսպես հիմա սկսեց երգել սոխակ Բյուլբյուլօղլին։ Այո, այո, հարգելի ընթերցող, այդ նույն ադրբեջանցի դեսպանը, որը ոչ ավելի ուշ, քան ս.թ. հուլիսի 13-ին, կրկնելով իր պատրոնին՝ ափշերոնյան սուլթան Իլհամին, հայտարարել էր. «Բանակցությունները պետք է արդյունքներ տան։ Եթե դրանք արդյունք չեն տալիս, ուրեմն, բնականաբար, կլինեն ռազմական գործողություններ։ Դրա համար էլ պետք է, որպեսզի մեկ անգամ և ընդմիշտ հասկանալի լինի դիրքորոշումը... Մենք այդ մասին բազմիցս ասել ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի համակերպվի իր տարածքների կորստի հետ։ Խոսքը Ադրբեջանի տարածքից օտարերկրյա զորքերը դուրս բերելու մասին է։ Եվ քանի դեռ դրանք գտնվում են Ադրբեջանի տարածքում, նման կոնֆլիկտները կշարունակվեն (սոխակի ուղղամտությամբ Բյուլբյուլօղլին խոստովանեց, թե ով է եղել 2020թ. հուլիսի 12-15-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կազմակերպիչը – Ա.Գ.) և մի օր էլ կարող են վերաճել մասշտաբային պատերազմի, որն աղետ կդառնա ողջ տարածաշրջանի համար»։ Խորհեք, հարգելի ընթերցող, նորահայտ մարգարե Փոլադի խոսքերի շուրջ՝ «կարող են վերաճել մասշտաբային պատերազմի, որն աղետ կդառնա ողջ տարածաշրջանի համար»։ Ես չեմ կարծում, թե այս նախազգուշացումները նախատեսված են «Ֆուդ Սիթիի» ադրբեջանցի լոլիկ ու կանաչի վաճառողների կամ էլ շուկայատերերի ականջների համար, որոնք արգելում են իրենց վերակացուներին ընդունել Հայաստանից եկած մրգերը, և ոչ միայն՝ ընդհանրապես հայկական արտադրանքը։ Չեմ նշի դրանց ազգանուններն ու հասցեները, բարիք է, որ դրանք լավ հայտնի են ռուսաստանյան իշխանություններին, որոնք, համոզված եմ, այսուհետ ևս կոշտ կկասեցնեն ազգամիջյան պառակտում հրահրող ցանկացած սադրանք։ Չէ՞ որ չի կարող գաղտնիք լինել այն, որ երբ պետական սահմանի Տավուշ-Թովուզ տեղամասում կամ Մոսկվայի, Վորոնեժի և Ռուսաստանի այլ քաղաքների փողոցներում հավաքական հարձակումներ էին կազմակերպվում հայերի վրա, ապա այդ ժամանակ, այո, կրակում էին Հայաստանի վրա, բայց նշանակետը Ռուսաստանն էր։ Ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, 2016թ. ապրիլյան քառօրյա (ապրիլի 2-4) պատերազմից հետո հանդես եկավ հոդվածով՝ «Արտաշես Գեղամյան. Կրակում են Հայաստանի վրա՝ նշանակետ ունենալով Ռուսաստանը» վերնագրով։ Մեջբերում կատարեմ այդ հոդվածից. «Վերջաբանի փոխարեն. 2016թ. ապրիլի 3-ին Politikus.ru կայքում բավական խորամիտ լրագրող՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի շրջանավարտ Գրիգորի Իգնատովի հեղինակությամբ  հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղ. նշանակետը Հայաստանն է, կրակում են Ռուսաստանի վրա» հոդվածը»։ Կարծում եմ, որ հոդվածի վերնագիրը լիովին բացահայտում է մեր օրերում նույնպես հրատապությունը չկորցրած միտքը։ Հոդվածի այս մասի ավարտին կցանկանայի անկեղծ երախտագիտություն հայտնել մեր ռուս բարեկամներին, որոնք արդեն Ռուսաստանի քաղաքներում հայերի վրա ադրբեջանցիների սադրիչ հարձակումների տագնապալի օրերին բարձրացրին իրենց ձայնը։ Այսպես, մեջբերում կատարեմ «Ադրբեջանա-հայկական համաձայնությունն ամրապնդել, այն քանդողներին պատժել» հոդվածից, որը հրապարակվել է ս.թ. հուլիսի 27-ին ռուսաստանյան հայրենասիրական REGNUM տեղեկատվական գործակալությունում, որի հիմքում դրված է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության Ռուսաստանյան ընկերության դիմումը՝ հասցեագրված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինին, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Մ.Վ. Միշուստինին, Մոսկվայի քաղաքապետ Ս.Ս. Սոբյանինին։ Հոդվածում, մասնավորապես, ադրբեջանցի ջահելների՝ կռիվ սարքողների հասցեին ռուսաստանցի նշանավոր քաղաքական և հասարակական գործիչների դատապարտման խոսքերն են, դիցուք՝ ՌԼԴԿ առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու («Այստեղ տայգա չէ, տափաստան չէ և ոչ էլ լեռներ՝ ինչ-որ վայրի բարբարոսական միջոցներ պարտադրելու համար. դու կարող ես վաճառել, դու՝ չէ, դու այլ ազգության ես՝ սա անթույլատրելի է»), Վիտալի Տրետյակովի («Այստեղ ձեզ համար Սումգաիթ չէ»), Միխայիլ Դեմուրինի («Ազգային համաձայնությունը խախտողները Ռուսաստանում պետք է խիստ պատիժ կրեն») խոսքերը։ Այս առնչությամբ կցանկանայի հատուկ երախտագիտություն հայտնել Հայաստանի հետ բարեկամության Ռուսաստանան ընկերության նախագահ, Տիեզերական գործունեության մասնակիցների միջազգային ասոցիացիայի նախագահ Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիվոպուսկովին՝ ռուս հայրենասեր-դերժավնիկին, Հայաստանի ու Արցախի մեծ բարեկամին։ Ես հատուկ եմ գրում այս մասին, որպեսզի բոլորն իմանան, որ Վիկտոր Վլադիմիրովիչը այդ Դիմումը պատրաստել է սրտի վիրահատության ենթարկվելուց տառացիորեն մեկ օր հետո։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ Ռուսաստանի հայազգի հարյուր հազարավոր քաղաքացիներ անցած տագնապալի օրերին անհամբերությամբ ու սրտահույզ սպասում էին այդքան կարևոր բարոյական աջակցությանը ռուսաստանյան մտավորականության հարգելի ներկայացուցիչների կողմից։ Հարգելի ընթերցող, երբ գրվում էին այս տողերը, Կրեմլի կայքում 2020թ. հուլիսի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 21։25-ին տեղադրվեց հաղորդում՝ «Հեռախոսազրույց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ» վերնագրով։ Հաղորդման մեջ նշվում էր. « Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքական Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Անդրկովկասի իրավիճակի մասին, հայ-ադրբեջանական պետական սահմանի շրջանում իրադրության սրման համատեքստում։ Վլադիմիր Պուտինն ընդգծեց ցանկացած գործողության անթույլատրելիության կարևորությունը, որը կարող է նպաստել լարվածության թեժացմանը։ Երկու կողմից բացառապես խաղաղ միջոցներով, բանակցությունների ճանապարհով հակամարտային իրավիճակի լուծման շահագրգռություն հայտնվեց։ Ջանքերի համախմբման պատրաստակամություն հայտնվեց՝ տարածաշրջանում կայունության նպատակով։ Ղեկավարները նաև նշեցին միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման անայլընտրանքայնության մասին՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների»։

Կարծում եմ, որ, կարդալով Կրեմլի հաղորդումը, ափշերոնյան սուլթան Իլհամը մտածել է այն բանի շուրջ, թե արժե արդյոք այսուհետ ևս լինել Անդրկովկասում նեոօսմանյան ծավալապաշտական քաղաքականության բութ գործիք թուրք սուլթան Ռեջեփ I-ի ձեռքին, որն իրեն քսանմեկամյա Մեհմեդ Նվաճող է երևակայում, ի տարբերություն որի նա «նվաճել» է Սուրբ Սոֆիայի՝ Սուրբ իմաստության տաճարը։ Չէ՞ որ տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Ռեջեփ I-ի նենգ նեոօսմանյան ծրագրերը Ռուսաստանի հարավարևմտյան մատույցներում ծայրահեղ լարվածություն ստեղծելու ուղղությամբ՝ բուն Ռուսաստանում իրավիճակի հետագա սասանման, լարվածության թեժացման, Ռուսաստանում ապրող հայերի և ադրբեջանցիների միջև թշնամանքի, ազգամիջյան պառակտման հրահրման հեռանկարով, տապալվել են։ Չէ՞ որ, եթե նման փորձանք պատահեր, նեոօսմանականները և տարատեսակ արմատական իսլամիստները, անկասկած, կընդլայնեին հողն իրավիճակի ապակայունացման համար՝ տարածելով մուսուլմանական արմատականության բացիլը այլ դավանանքների վրա։  Հույս ունեմ, որ ափշերոնյան սուլթան Իլհամը, որը բարձրագույն կրթություն է ստացել Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (համալսարանում, ՄՄՀՊԻ), իրեն հաշիվ կտա, որ Թուրքական Հանրապետության հետագա իսլամացումը, ինչը հետևողականորեն իրականացվում է թուրք սուլթան Ռեջեփ I-ի կողմից, անխուսափելիորեն իր հետևից կբերի Ադրբեջանական Հանրապետության իսլամացումը, որտեղ Իլհամ Ալիև-Մեհրիբան Փաշաևա ամուսնական զույգը՝ նեոօսմաններին բնորոշ նենգությամբ, կնետվի պատմության աղբամանը։ Ի դեպ, կասկած չի հարուցում նաև այն, որ կպղծվի նաև նրա հոր՝ Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի քաղաքական ժառանգությունը։ Չէ՞ որ այսօր մենք աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի քաղաքական ժառանգության ոչնչացման վկաներն ենք։ Ավաղ, հայերի համար Թուրքիայի և Ադրբեջանի այդ առաջնորդների անուններն ասոցիացվում են Օսմանյան կասրությունում Հայոց ցեղասպանության և Ադրբեջանում հայկական ջարդերի հետ։

 

ԵՏՄ ԵՎ ՀԱՊԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է

Հարգելի ընթերցողը միանգամայն սպասելիորեն կարող է հարց տալ, դիցուք. ո՞րն է Անդրկովկասում ստեղծվող ծայրահեղ վտանգավոր իրավիճակից ելքը։ Ելք, անշուշտ, կա, և իմ համոզմամբ՝ այն այլընտրանք չունի։ Այսպես, 2019թ. հոկտեմբերի 14-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը՝ «Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միաժամանակյա անդամակցությունը ԵՏՄ/ՀԱՊԿ-ին` նրանց անվտանգության երաշխավորն է. այլընտրանքը պատերազմն է» վերնագրով։ Վերլուծելով  այդ հրապարակումից հետո անցած ինն ամիսների իրադարձությունները, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը տեղի ունեցավ ս.թ. հուլիսի 12-15-ին, ես նորից համոզվում եմ այս մտքի անայլընտրանքայնության հարցում, և այս հոդվածը կցանկանայի ավարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ուղղված կոչով, դիցուք. եթե նա իսկապես կողմնակից է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչում հավաստիացնում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, եթե իսկապես անհանգստանում է Անդրկովկասի կայունությամբ, ապա թող անհապաղ հուշի եղբայր Իլհամին, որպեսզի սա Հայաստանի ու Արցախի Հանրապետության իշխանությունների հետ միասին հանդես գա համատեղ հայտարարությամբ առ այն, որ պատրաստ է սկսել Ադրբեջանական Հանրապետության և Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտների (բնականաբար, նախապես համապատասխան իրավական բազա ստեղծելով Արցախի Հանրապետության համար՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի), Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) մտնելու գործընթաց։ Միայն Ադրբեջանի և Արցախի ԵՏՄ և ՀԱՊԿ միաժամանակյա մուտքի պայմաններում կբացվեն Անդրկովկասի ինքնիշխան պետությունների՝ Ադրբեջանական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության և բարգավաճման իրական հեռանկարներ։ Այդ ժամանակ, վերջապես, կտիրի երկար սպասված խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Իսկ Հարավային Կովկասում սահմանների վերաձևման նեոօսմանյան նախագիծը ժամանակակից Ռուսաստանի պայմաններում դատապարտված է կործանման։ Իսկ տարատեսակ նեոօսմանյան ստրատեգներն ու նրանց անդրօվկիանոսյան ուղեվարները ժամանակն է, որ հասկանան աշխարհաքաղաքական իրողությունը. Արցախի Հանրապետությունը խաղաղության գործոն է Հարավային Կովկասում։ Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ ինչո՞ւ ոչ մի բառով չհիշատակեցի «ժողվարչապետ», իր իսկ սիրեցյալ Նիկոլ Վովայի Փաշինյանին։ Եվ ընթերցողն իրավացի կլինի, բայց մասամբ։ Կարծում եմ, որ թուրքական և ափշերոնյան սուլթանների հաճախորդները՝ հանձին Դյորդ Շորոշի, նույն ինքը՝ Ջորջ Սորոսի և КО-ի, իրենց հովանու տակ կվերցնեն Նիկոլ Վովաևիչին։ Բարիք է, որ նման փորձ նրանք ունեն, և ոչ միայն հանձին փախստական, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու։ Իհարկե, Նիկոլ Վովաևիչի ծառայություններից կարելի կլինի օգտվել միայն հակառուսական միանգամյա հանրահավաքներում, որոնք կկազմակերպվեն Արևմուտքի դեռևս պահպանվող հակառուսական հետնաբակերում։

Վերջաբանի փոխարեն. Հոդվածն արդեն գրված էր, երբ լույս տեսավ Նիկոլ Վովաևիչի հարցազրույցը՝ «Փաշինյանը պատասխանել է Սիմոնյանի գրառմանը անշնորհակալ Հայաստանի մասին» վերնագրով։ Չէի ցանկանա մանրամասն ներկայացնել Նիկոլ Վովաևիչի պատասխանների բովանդակությունը, միայն մեկ ոչ մեծ մեջբերում կատարեմ. «Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը Փաշինյանը չէ (այստեղ հաստատ ազնիվ է Նիկոլ Վովաևիչը – Ա.Գ.), ոչ էլ Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը, Քոչարյանը, դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է»։ Դե ինչ, ի գոհունակություն ինձ նշեմ, որ Նիկոլ Վովաևիչն ինչ-որ բան սովորել է Մարգարիտա Սիմոնյանից, բայց ուղիղ հակառակ առումով։ Նշենք, որ իր telegram-էջի գրառումը Մարգարիտա Սիմոնյանն սկսել է այսպես. «Ես դիմում եմ հայկական իշխանությանը։ Հենց իշխանությանը, այլ ոչ թե ժողովրդին, որի մի մասն եմ հանդիսանում ես (ընդգծումն իմն է – Ա.Գ.)։ Դիմում եմ միայն այն պատճառով, որ ձեր ինտերնետ զորքերը գոմաղբով պատել են իմ սոցցանցերը՝ «իմ դիրքորոշումն արտահայտելու» (անտաշ ու ագրեսիվ ձևով) պահանջներով... Հայերն ազնիվ, վեհանձն ու երախտապարտ ժողովուրդ են։ Միշտ այդպիսին են եղել։ Իսկ դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես (ԱՐԳԵԼՎԱԾ Է ՌՈՍԿՈՄՆԱԴԶՈՐԻ ԿՈՂՄԻՑ)»։

Ասել, թե Մարգարիտա Սիմոնյանը հայրենասեր չէ ու քաղաքացիական դիրքորոշում չունի, չի սիրում պատմական հայրենիքը՝ Հայաստանը, համոզված եմ, ոչ մի սթափ մտածող մարդ, որը ծանոթ է այն ծայրահեղ բարդ դրությանը, որի մեջ գտնվում են հայկական երկու պետությունները՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, վերջապես՝ իր ժողովրդի ապագայի մասին մտածող ոչ մի հայ չի հանդգնի։ Շնորհակալություն Ձեզ   , Մարգարիտա, Ձեր ազնվության և Հայաստանի ու Արցախի հանդեպ Ձեր անկեղծ սիրո համար։ Շնորհակալություն, որ ի տարբերություն որոշ առանձնյակների, որոնք իրենց դասում են արական սեռին, բայց բացահայտ քնքուշ են վերաբերվում ԼԳԲՏ հանրույթին, այն բանի համար, որ Դուք չեք թաքնվում ժողովրդի թիկունքում, այլ, հարվածը վերցնելով Ձեզ վրա, կանգնում եք այդ նույն խաբված ժողովրդի առջևում, որը, ընտրելով Նիկոլ Փաշինյանին կամ էլ հեռանալով քաղաքականությունից, չմասնակցեց ընտրություններին՝ իշխանության բերելով Սորոսի, ԼԳԲՏ հանրույթի ու «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի դրածոյին, դրանով իսկ Հայաստանը գլորեց դեպի անգոյության անդունդի եզրը։ Բարեբախտաբար, դեռևս չեն անհետացել Հայաստանի ու Արցախի սթափ դատող հայրենասերները, որոնք իրենց Հայրենիքի ու ժողովրդի շահերը վեր են դասում քաղքենիական բարեկեցության հարմարվողական պատրանքից, ուստի իրավաչափ կլինի նորից համոզվածություն հայտնել առ այն, որ հենց անկախ, ինքնիշխան Արցախի Հանրապետությունն է դառնալու կայունության գործոն Անդրկովկասում։ Իսկ հոդվածը կցանկանայի ավարտել բարձր նոտայով՝ կրկնելով սրբադասված Պաիսի Սվյատոգորեցու խորաթափանց մարգարեությունները. «Սուրբ Սոֆիայի տաճարում նորից տեղի կունենա ուղղափառ ժամերգություն»։

  

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ