Պահպանե՛լ Հայաստանի և Արցախի Հանրապետության պետականությունը

 

12.02.2020, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/2856889.html

Անոտացիա

Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու «կողմ» կամ «դեմ» քարոզարշավը, անկասկած, երկրորդ շնչառություն կհաղորդի «ժողվարչապետի» հակապետական քաղաքականությանը, որն ուղղված է հայ հասարակության մասնատման, քաղաքացիներին «սևերի» և «սպիտակների», «հեղափոխականների» և «ռևանշիստների» բաժանման հետագա խորացմանը։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն հայոց պետականության հիմքերի հետագա սասանման գործուն միջոց է։

 

Եվ այսպես, 2020թ փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության, որը սպասարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջները (իմա՝ սպասարկում է անդրօվկիանոսյան տիկնիկավարների հանձնարարությունների կատարումը), պատգամավորների նախաձեռնությամբ, խախտելով ՀՀ գործող Սահմանադրությունը, ինչպես նաև շրջանցելով «ԱԺ Կանոնակարգի մասին» և «ՀՀ հանրաքվեի մասին» Սահմանադրական օրենքներով նախատեսված համապատասխան դրույթները, որոնք պարտավորեցնում են սույն օրինագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում ներկայացնելու պարտադիր պահանջ, ընդունվեց օրենք ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագիծը հանրաքվեի դնելու մասին։ Մինչ փաստաթղթի ընդունումը իրավական այս ամենաթողության մասին բազմաթիվ հոդվածներ են գրվել հեղինակավոր իրավագետների, սահմանադրական իրավունքի մասնագետների կողմից։ Ավելին, տրվել են տասնյակ պրոֆեսիոնալ և սպառիչ պարզաբանումներ, որոնք հանգամանալիորեն նկարագրել են նիկոլվովաևիչյան պատգամավորների ընդունած օրինագծի հակասահմանադրականությունը։ Բախտի բերմամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգյսանն այդ օրերին Հայաստանում էր (Նիկոլ Վովաևիչի բախտը բերում է) և իր թանկագին ձեռքով անմահացրեց ՀՀ սահմանադրական կարգի չարաբաստիկ դատավճիռը։ Ինչպես նշվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայության ս.թ. փետրվարի 11-ի հայտարարությունում, «ղեկավարվելով Սահմանադրության 206 հոդվածի դրույթներով, որի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշում ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե», ՀՀ նախագահը ստորագրեց հրամանագիր, որի համաձայն՝ 2020թ. ապրիլի 5-ին նշանակվեց Սահմանադրական փոփոխությունների հարաքվե։

 

 Պետության ղեկավարի մամուլի ծառայության կողմից նյութն այս կերպ մատուցվելուց հետո գործից անտեղյակ ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե ՀՀ նախագահն իբր պարտավոր էր ստորագրել ՀՀ ԱԺ այդ որոշումը։ Գուցե այդպես լիներ, եթե չլիներ մի բավական էական հանգամանք։ Այսպես, ՀՀ ԱԺ-ի կողմից հանրաքվեի անցկացման մասին որոշումն ընդունելու տառացիորեն հաջորդ օրը իրավագիտության ոլորտի 132 բավական հեղինակավոր մասնագետներ հանդես եկան և ստորագրեցին մի հայտարարություն, որում միանգամայն համոզիչ կերպով ապացուցվում էր ՀՀ ԱԺ այս որոշման հակասահմանադրականությունը։ Այդ հայտարարությունը հրապարակվել էր տասնյակ ինտերնետ-պարբերականներում և ժամանակին ուղարկվել ՀՀ նախագահի գրասենյակ։ ՀՀ ԱԺ այդ որոշումն ստորագրելով՝ ՀՀ նախագահը դրանով իսկ իր օրհնությունն է տվել այժմ արդեն սահմանադրական հեղաշրջմանը Հայաստանի Հանրապետությունում։

Ինչո՞ւ եմ օգտագործում «այժմ արդեն» բառերը, արդարացիորեն կարող է հարց տալ ընթերցողը:

Համարձակվում եմ հիշեցնել ընթերցողներին, որ 2019թ. օգոստոսի 4-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակել է իմ «Հապաղումը բռնապետությունը վերացնելու հարցում սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը» հոդվածը։ Այն ժամանակ արդեն ձեր խոնարհ ծառան «հաշվարկել» էր անդրօվկիանոսյան տիկնիկավարների՝ հայոց պետականության հիմքերի խարխլման գործողությունների ալգորիթմը, և բնավ ոչ այն պատճառով, որ նորահայտ քաղաքական մարգարե եմ, այլ պարզապես որովհետև վատ հիշողություն չունեմ ու հիշեցի գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաները, մասնավորապես՝ այսպես կոչված «Վարդերի հեղափոխությունը», որը տեղի ունեցավ 2003թ. նոյեմբերին Վրաստանում, «նարնջագույն հեղափոխությունը» (2005թ. հունվար) Ուկրաինայում, «կակաչների հեղափոխությունը» Ղրղզստանում 2005թ. ապրիլին և, իհարկե, հիշողությանս մեջ դեռ թարմ էին Ուկրաինայում օրինական ընտրված իշխանության տապալման տեխնոլոգիաների մանրամասները Եվրամայդանի հետևանքով (2013թ. նոյեմբեր – 2014թ. հունվար)։ 2018թ. ապրիլ-մայիսին վերոնշյալ սցենարների լիակատար համանմանությամբ տեղի ունեցավ նաև պետական հեղաշրջումը Հայաստանում, բնականաբար՝ հայկական առանձնահատկությամբ։ Բերեմ միայն մեկ մեջբերում REGNUM տեղեկատվական գործակալության վերը նշված հոդվածից. «2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ը արտահերթ նիստում ընդունեց օրենք «Հայաստանի Հանրապետության «Ազգային ժողովի Կանոնակարգ» Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»... Սա ինքնատիպ ապահովագրություն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների ագրեսիվ գործողություններից, որոնք հետապնդում էին վարչապետի ընտրությունների հատուկ նիստերի խափանման նպատակ, ինչպես դա տեղի ունեցավ հետագայում նրա միտումնավոր հրաժարականի ժամանակ, ինչը, կրկնում եմ, այն ժամանակ գործող օրենքի համաձայն՝ հանգեցրեց ՀՀ ԱԺ ցրմանը։ Նշենք, որ արդեն 2018թ. հոկտեմբերի 3-ին նախօրեին ընդունված օրենքը ուղարկվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հաստատմանը։ Այն, որ այդ օրենքն ամբողջովին բխում էր ՀՀ Սահմանադրության պահանջներից, չէր հարուցում ինչպես հեղինակավոր իրավագետ գիտնականների, այնպես էլ ՀՀ ցանկացած սթափ մտածող քաղաքացու կասկածները։ Հաստատման համար սահմանված երեք շաբաթում (21 օր) այդ օրենքն այդպես էլ չհաստատվեց նախագահի կողմից, իսկ սահմանված ժամկետի վերջին օրը ՀՀ նախագահի գրասենյակից ուղարկվեց Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանության եզրակացություն տալու համար»։

Նշենք, որ ՀՀ ՍԴ-ն ընդունեց այդ օրենքի լիակատար համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին։ Սակայն, ինչպես ասում են, գնացքը մեկնել էր, և ՀՀ VI գումարման Ազգային ժողովը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թեթև ձեռքով ցրվեց։ Այստեղ տեղին է նշել, որ ՀՀ VI գումարման ԱԺ ընտրություններից հետո միջազգային կազմակերպությունները միաձայն նշում էին, որ 2017թ. ապրիլին կայացած ՀՀ VI գումարման ԱԺ ընտրությունները ամենադեմոկրատականն էին և անց են կացվել գործող օրենքին լրիվ համապատասխանությամբ։ Բայց ի՛նչ կարևոր էին միջազգային կազմակերպություններն ու դիտորդները, եթե ինքը՝ իր իսկ սիրեցյալ Նիկոլ Վովաևիչն էր դրանք այդպիսին համարում և ՀՀ Սահմանադրական դատարանում առանց որևէ բողոքի կամ առարկության՝ բազմեց պատգամավորական աթոռին։ Սա՝ որպես հիշեցում, հարգելի ընթերցող, և միաժամանակ՝ տեղեկատվություն խորհրդածելու համար 2018թ. հոկտեմբերին ՀՀ նախագահի գործողությունների վերաբերյալ, որոնք հանգեցրին ՀՀ VI գումարման ԱԺ-ի ցրմանը, այն մասին, ինչ արեց նա 2020թ. փետրվարին՝ ստորագրելով հանրաքվեի անցկացման հրամանագիրը։

Նշենք, որ հանրաքվեի անցկացման մասին ՀՀ ԱԺ որոշման շուտափույթ ընդունմանը և նախագահի կողմից ստորագրմանը նախորդել էին կատարվածի վերաբերյալ բավական լուրջ քննադատական դիտողություններ և գնահատականներ ինչպես ԵԽԽՎ Հայաստանի գծով Մոնիթորինգի կոմիտեի համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմո Կիլյունենի, այնպես էլ Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի (Իրավունքի միջոցով հանուն դեմոկրատիայի եվրոպական հանձնաժողով) նախագահ Ջանի Բուքիկիոյի կողմից։ Մեջբերում կատարեմ սինյոր Ջ.Բուքիկիոյից. «2019թ. հոկտեմբերի 29-ի հայտարարությունը շարունակելով՝ ես նախկինի պես մտահոգ եմ Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ բաց հակամարտությամբ։ Այս առնչությամբ կիսում եմ ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունը։ Ես կցանկանայի նորից դիմել առաջարկություններին, որոնք արված են 2019թ. հոկտեմբերին հրապարակված Վենետիկյան հանձնաժողովի եզրակացությունում, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդմաների վաղաժամ թոշակի անցնելու սխեման իսկապես պետք է լինի կամավոր և բացառի ցանկացած քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, և պետք է իրականացվի այնպես, որպեսզի դա չազդի գործերի ելքի վրա։ Վերջին ժամանակների հրապարակային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այդ չափորոշիչներին և չեն կարող նպաստել լարվածության թուլացմանը... Ես նորից կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և թուլացնել լարվածությունն այդ տագնապալի իրավիճակում, որպեսզի ապահովվի Հայաստանի Սահմանադրության բնականոն իրականացումը»։

Մեր «ժողվարչապետը», տիեզերական մասշտաբի ստրատեգ լինելով, բավական անսովոր կերպով ընկալեց Վենետիկյան հանձնաժողովի նախագահի հորդորները և ինքնատիպ ըմբռնում ցուցաբերեց «դեմոկրատական մշակույթին ու հասունությանը» (ինչին կոչում էր Ջ.Բուքիկիոն), ինչը ենթադրում է «մշտական զսպվածության, բարեկրթության և պետական ինստիտուտների միջև փոխադարձ հարգանքի» դրսևորում՝ պետական ինստիտուտների միջև լարվածությունը փոխանցելով արդեն հայ հասարակությունում լարվածության թեժացման, հակասահմանադրական օրենքը դնելով համաժողովրդական հանրաքվեի։ Մեր հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ ի՞նչ վատ բան կա նրանում, որ ՀՀ կառավարությունը, որի ղեկին դեռևս այն նույն մտածողն է՝ անավարտ բարձրագույն կրթությամբ, համաժողովրդական հանրաքվեի է դնում իրեն հուզող հարցը։ Մանավանդ որ ՀՀ ԱԺ-ում հարցի հեղինակն ու հիմնական զեկուցողը սահմանադրական իրավունքի ոլորտի մեկ այլ անառարկելի հեղինակություն է՝ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը (մեծ մասնագետ ռադիոֆիզիկայի ոլորտում, 1991-1993թթ.՝ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող, իսկ 1996-2000թթ.՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանող), դե, ինչ կա նրանում, որ նա այդպես էլ չի ստացել բարձրագույն կրթություն, փոխարենն այնպիսի կյանքի դպրոց է անցել 1999-2012թթ. որպես թղթակից աշխատելով ոչ թե մի ինչ-որ թերթում, այլ նիկոլվովաևիչյան «Հայկական ժամանակ»-ում։

Հարգելի ընթերցող, այս մանրամասները նշում եմ՝ ցույց տալու համար, թե ինչ տագնապալի ժամանակներում է ապրում իմ Հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, երբ պետության ղեկը հայտնվել է զբաղեցրած պաշտոններին լիովին անհամարժեք մարդկանց ձեռքում՝ ստացած գիտելքների, միջակություն լինելու իմաստով։ Եվ սա դեռ դժբախտության կեսն է, իսկ դժբախտությունը, ավելի ճիշտ՝ ողբերգությունն այլ է, դիցուք. այս նորահայտ իշխանավորների, ավելի շուտ՝ նրանց անդրօվկիանոսյան տիկնիկավարների քաղաքական շահերի սպասարկման մեջ է հայտնվել բավական ուսյալ մի մարդ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Վարդանի Սարգսյանը։ Նա, բավական զգույշ և շրջահայաց մարդ լինելով, արդեն հանրաքվեի մասին հրամանագրի ստորագրումից հետո չէր կարող չհասկանալ, որ Նիկոլ Վովաևիչի հետ միասին իր կատարած հակասահմանադրական արարքը վաղ թե ուշ անպայման վնասելու է իր իմիջին։ Բավական պատկառելի մարդու, Մեծ Բրիտանիայի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող (ելնելով անհրաժեշտությունից և հանգամանքներից) հաջողակ բիզնեսմենի իմիջին։ Եվ միանգամայն սպասելի էր, որ հանրաքվեի մասին հրամանագրի ստորագրումից երկու օր հետո ՀՀ նախագահի մամուլի ծառայության արդեն նշված հայտարարությունում կարդում ենք. «Միաժամանակ, կարևորելով սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև օրենքի գերակայությունը պահպանելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը, հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը (ինչը նա հաջողությամբ արհամարհեց իրավունքի ոլորտի 132 մասնագետների ստորագրած հայտարարությունն ստանալու ժամանակ – Ա.Գ.), խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին և փորձագետներին դիմելը»։

Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ կարդալով սա՝ առաջինն, ինչի մասին մտածեցի, այն էր, որ գրվածը «ֆեյք նորություն» խորագրի տակ է։ Չէ, սխալվել էի, դա իսկապես նախագահի մամուլի ծառայության հայտարարությունն էր, ավելին՝ այն հրապարակվել էր վստահություն ներշնչող մի շարք ինտերնետ-պարբերականներում։ Երբ ընթերցում էի հայտարարության այս տողերը, մտաբերեցի կոնֆորմիզմի դասական մարմնացում դարձած պատմությունը, երբ երկու տղամարդ հուզված և բարձրաձայն տալիս են փոխբացառող գնահատականներ նույն երևույթին, մեր դեպքում, օրինակ, ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հանրաքվեի անցկացման նպատակահարմարությանը կամ աննպատակահարմարությանը։ Կողքից այս մարդկանց վեճին հետևում է երրորդ քաղաքացին։ Բուռն վեճերից արդեն խռպոտած վիճաբանողները դիմում են նրան՝ որպես հաշտարար դատավորի, ընդ որում՝ նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր, կրկնում եմ, փոխբացառող փաստարկները։ Լսելով առաջին վիճաբանողին՝ «հաշտարարը» բարձրաձայն հայտարարում է իր դատավճիռը՝ ասելով. դու իրավացի՛ ես։ Այս դատավճռից տարակուսած մյուս վիճաբանողը ներկայացնում է իր փաստարկները։ Մի փոքր մտածելով՝ «հաշտարարը» հայտարարում է, որ երկրորդ վիճաբանողը նույնպես իրավացի է։ Այս տեսարանին հետևելով՝ նրանց խոսակցությանը միջամտում է նաև միկրովոդևիլի երկրորդ ականատեսը, որը տարակուսած հարցնում է «հաշտարարին». ինչպե՞ս հասկանանք ձեր դատավճիռները, երբ վիճաբանողներից յուրաքանչյուրի տրամագծորեն հակառակ փաստարկները դուք ճիշտ եք համարում։ Եվ ի՞նչ եք կարծում, հարգելի ընթերցող, ինչպե՞ս է այս կշտամբանքին արձագանքում մեր «հաշտարար դատավորը»։ Մի փոքր մտածելով՝ նա, խորիմաստ նայելով արդեն իր ընդդիմախոսին, հայտարարում է՝ դու էլ ես իրավացի։ Հենց այստեղ էլ, իմ հերթին, ցանկանում եմ նշել, որ թեև Արմեն Սարգսյանը հագել է հաշտարար դատավորի հանդերձանքը, բայց գորբաչովյան դարաշրջանի հայտնի քաղաքական գործչի օրինակով կասեմ՝ Արմեն, դու իրավացի չես։

Մինչև անգամ սահմանադրական հեղաշրջման գնով պաշտոնից ՀՀ Սահմանադրական դատարանի յոթ անդամներին (որոնք ամեն օր, եթե չասենք՝ ամեն ժամ ենթարկվում են ցինիկ բարոյական ճնշման ՀՀ իշխանավորների ու դրանց կամակատարների կողմից) հեռացնելու՝ «ժողվարչապետի» անզուսպ ցանկության այսքան մանրամասն նկարագրությունը բնավ պատահականություն չէ։ Ինչպես և պատահականություն չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի հաշվեհարդարը, կամ էլ վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ հնչող զազրելի մտավարժանքները ՀՀ երրորդ նախագահ, Արցախ հերոս Սերժ Սարգսյանի դեմ շտապ հաշվեհարդար սկսելու թեմայով։ Վերցնենք թեկուզ վերջին հարձակումը, երբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության խոսափողներից մեկը ս.թ. փետրվարի 11-ին ծրագրի մասնակիցների բերանով հչեցրեց ուղղակի կոչեր՝ անհապաղ ձերբակալել և դատել Սերժ Ազատի Սարգսյանին։ Ընդ որում՝ այս վերջնագիրը մատուցվում էր որպես աններելի բացթողում «թավշյա հեղափոխության», ասել է թե՝ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման իրականացնողների կողմից, որը ՀՀ իշխանությունները, իր իսկ սիրեցյալ Նիկոլ Վովաևիչը հարկ է, որ շտկեն որքան հնարավոր  կարճ ժամկետում։ Կամ էլ անհարգալից, անտաշ հիշատակումները ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին, երբ 1in. am ինտերնետ-հեռուստատեսության եթերից զրպարտում են նրանց՝ «հինգերորդ շարասյուն»-ի տիպի պիտակներ փակցնելով, ՀՀ-ում 102-րդ ռուսական ռազմակայանի ներկայությունը որպես հինգերորդ շարասյան առկայության համոզիչ վկայություն զզվելի ձևով ներկայացնելով։ Էլ չեմ ասում ոչ պակաս անտաշ հարձակումների մասին Արցախի հերոս, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հասցեին, ինչպես նաև զզվելի հարձակումների մասին Արցախի ազգային-ազատագրական պայքարի մյուս հերոսների դեմ։ Նշենք, որ այս հմուտ տեղեկատվական պատերազմի վերջնանպատակը որքան զզվելի, նույնքան էլ պարզունակ է և խիստ պարզ։ Նիկոլ Վովաևիչ և КО-ի անդրօվկիանոսյան ուղեվարները խնդիր են դրել Հայաստանի իշխանավորների նման գործողություններով ստեղծել այնպիսի տեղեկատվական ֆոն, երբ արցախցի ժողովրդի և ողջ հայության ազգային-ազատագրական պայքարի հերոսները միջազգային հանրությանը կներկայացվեն ոչ այլ կերպ, քան որպես մարդիկ, ովքեր խախտել են օրենքը՝ միաժամանակ հետապնդելով միջազգային հանրության գիտակցության մեջ այն միտքը սերմանելու նպատակը, որը քանիցս արծարծել է ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևը. «Պատահական չէ, որ տապալվեց քրեական ռեժիմը, որն ավելի քան 20 տարի ղեկավարում էր Հայաստանը, և այսօր հայ ժողովուրդը ասում է այն, ինչ ասում ենք մենք»։ Այս մասին արդեն գրել եմ, բայց, դատելով Նիկոլ Վովաևիչի հայտարարություններով, ՀՀ իշխանություններն այսօր էլ իրենց գործողություններով փորձում են ապացուցել, որ ափշերոնյան սուլթանը իրավացի էր։

Ուշադիր վերլուծելով վերջին օրերի իրադարձությունները՝ «Ազգային Միաբանություն» կուսակցության, որի ղեկավարը լինելու պատիվն ունեմ ես, վարչության անդամները որոշում ընդունեցին ՀՀ-ում ստեղծված բարդ իրավիճակի հետ կապված՝ խորհրդակցել մեր հետագա գործողությունների մասին կուսակցության մարզային ստորաբաժանումների ղեկավարների հետ, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեում միասնական դիրքորոշում մշակելու վերաբերյալ։ Մարզերում մեր գործընկերների հետ առաջին հեռախոսային խորհրդակցություններից տառացիորեն մեկ ժամ հետո կուսակցության փոխնախագահ, Հայկական ԽՍՀ ներքին գործերի նախկին նախարար Լևոն Հակոբի Գալստյանը՝ սպայի կեցվածքով և ժպիտը դեմքին իմ աշխատասենյակ մտնելով, ասաց. դադարեցրու այդ խորհրդակցությունները։ Ես մի փոքր տարակուսած հարցրի՝ ինչո՞ւ։ Պարզվեց, որ տարածքային կազմակերպությունների ղեկավարներից վեցը, որոնց նա հասցրել էր զանգահարել և կարծիքներ փոխանակել, իհարկե, հարգանքով, բայց ձայնի մեջ ցասման երանգներով, ասես պայմանավորված, միահամուռ հայտարարել էին, թե, ինչ է, ՀՀ իշխանությունների անհամարժեքությունը տարածվել է նաև մեր կուսակցության ղեկավարությա՞ն վրա։ Մեր կուսակից ընկերների տարակուսանքի պատճառների պարզաբանումը միանգամայն հասկանալի էր. երբ մեր Հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակում է, երբ վերջին մեկ տարում երկրի բնակչությունը կրճատվել է 26 հազար մարդով, երբ ֆերմերները մնացել են չվճարված պարտքերի տակ, երբ երկրի յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին ապրում է աղքատության շեմից ցածր վիճակում, իսկ այդ ընթացքում «հեղափոխական» իշխանությունները «ձեռք են առնում» այդ հանրաքվեով, իսկ «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավարությունը, ինչպես նրանց թվացել է, քիչ է, որ դա լուրջ է ընդունել, դեռ մի բան էլ խորհրդակցում է այս հաշվով, ուրեմն, դա, նրանց միահամուռ գնահատականով, արդեն անցնում է բանականի սահմանը։ Մենք ի զորու չէինք առարկելու մեր կուսակից ընկերներին, և դրա կարիքն էլ չկար։ Խոստովանենք, որ դա կարող էր անել միայն Նիկոլ Վովաևիչը՝ մեր անզուգական պոպուլիստը, ընդ որում՝ նշեմ, որ նրանց տարհամոզել չէր կարողանա, բայց զվարճացնել, անկասկած, կկարողանար։

Չեմ կրկնի, որ «ժողվարչապետին» հարմար Սահմանադրական դատարանի ձևավորումը ՀՀ ՍԴ-ի միջոցով տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան առաջ մղելու, իր ժամին սպասող սեփականության վերաբաժանման մասին օրենքի ընդունման, և որ գլխավորն է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման արտասահմանից պարտադրվող պարտվողական համաձայնագրի ընդունման գլխավոր օղակներից մեկն է, որը հետապնդում է կոնկրետ նպատակ՝ ՆԱՏՕ խաղաղարարների (պետք է ենթադրել՝ ԱՄՆ և Թուրքիայի) տեղակայում Արցախի Հանրապետության սահմանի պարագծով և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Զանգելանի, Ջեբրաիլի և Ֆիզուլիի սահմանի երկայնքով 105 կիլոմետրանոց անվտանգության գոտում, որը ներկայում վերահսկվում է Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից։

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների «կողմ» կամ «դեմ» քարոզարշավն ինքը, անկասկած, երկրորդ շնչառություն կհաղորդի «ժողվարչապետի» հակապետական քաղաքականությանը, որն ուղղված է հայ հասարակության մասնատման, քաղաքացիներին «սևերի» և «սպիտակների», «հեղափոխականների» և «ռևանշիստների» բաժանման հետագա խորացմանը։ Կամ էլ, իրերն անվանելով իրենց անուններով՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն հայոց պետականության հիմքերի հետագա սասանման գործուն միջոց է, ինչն ափշերոնյան սուլթանի ու նրա թուրք հովանավորների բաղձալի երազանքն է։ Սակայն կցանկանայի հիասթափեցնել Նիկոլ Վովաևիչին ու ընկերակիցներին, որ հանրաքվեի անցկացման նրանց նախաձեռնած հակազգային մտահղացումը դատապարտված է ձախողման։ Իսկ առողջ դատող ողջ հայության խնդիրն է՝ պահպանել Հայաստանի և Արցախի Հանրապետության պետականությունը օվկիանոսի այն կողմից պարտադրված, հայոց պետականության հիմքերը սասանող դիվերսիայի հնարավոր վտանգավոր կրկնություններից։

Հետգրության փոխարեն. Ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տագնապալի նոտայով։ Լավ է, որ այս անգամ էլ շատ հաճելի անակնկալ ներկայացավ. ս.թ. փետրվարի 14-ին գվարդիայի գնդապետ, «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ռազմական օդաչու», աս օդաչու, «Էրեբունի» ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Գոերգիևիչ Պետրովի 55-ամյա հոբելյանն է։ Իմ կողմից չափից ավելի անհամեստություն կլինի խոսել փառահեղ հրամանատարի, բարձրագույն պիլոտաժի անզուգական կատարողի, Սիրիայում Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի «Հմեյմիմ» ավիաբազայում նրա վերջերս կատարած ազնիվ առաքելության մասին։ Այդ մասին եղել են հեռուստահաղորդումներ ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքներում։ Համոզված եմ նաև, որ հետագայում գվարդիայի գնդապետ Ալեքսանդր Պետրովի պրոֆեսիոնալ մակարդակի և սխրանքի մասին նրա գործընկերները կպատմեն սկսնակ ռազմական օդաչուներին։ Ընթերցողներին ասեմ, որ «Էրեբունի» օդանավակայանը բոլոր կողմերից շրջապատված է 3,5-5 հազար մետր բարձրությամբ լեռներով, էլ չեմ ասում այն մասին, որ այն փաստորեն գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի գծում։ Եվ ահա, մի քանի օր առաջ Արտաշես Մամիկոնի Գեղամյան-կրտսերը, վազելով մտավ իմ սենյակ և կարգադրող, չէ, ավելի շուտ՝ հրամանատարական տոնով ինձ առաջարկեց դուրս գալ պատշգամբ։ Որպեսզի ավելորդ հարցեր չտամ՝ նա շարունակեց. Ալեքսանդր Գեորգիևիչն օդում է, հենց մեր շենքի վերևում։ Բնականաբար, անհապաղ պատշգամբ դուրս գալով՝ ես հիացա տեսածովս. МиГ-29 երեք մարտական կործանիչ՝ եռանկյուն շարված, թռչում էին բազմաբնակարան շենքից ոչ հեռու, որը Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնի մոտ է։ Պապ ու թոռ Գեղամյանները միաժամանակ վեր պարզած ձեռքերով սկսեցինք բարձրաձայն գոչյունով ողջունել մեր ռուս ռազմական օդաչուներին՝ Ալեքսանդր Գեորգիևիչ Պետրովին ու նրա գործընկերներին։ Չեմ բացառում, որ, կողքից մեր բարձրաձայն ողջույններին հետևելով՝ մարդիկ կարող էին մտածել, թե, պարզվում է, Հայաստանում ոչ միայն իշխանավորներն են խելքները թռցրել, այլև, նրանց հետ միասին, նաև ընդդիմությունը։ Այնպես պատահեց, որ հաջորդ առավոտյան տեղի ունեցավ իմ հեռախոսազրույցը Ալեքսանդր Գեորգիևիչի հետ, և ես նրան հաղորդեցի այս տեղեկությունը։ Մեր միջև կայացած խոսակցությունից ես հասկացա, որ այդ երեկո գվարդիայի գնդապետ Ալեքսանդր Պետրովն էլ է եղել МиГ-29-ի կործանիչներից մեկի ղեկանիվին և կատարել պլանային մարզումային թռիչք, այդ ժամանակ էլ զրույցից ես իմացա, որ օրերս լրանում է նրա 55-ամյակը։ Չեմ հոգնեցնի ընթերցողներին, ընդամենը կասեմ՝ շնորհավոր Ձեր 55-ամյա տարեդարձը և երկար տարիների կյանք Ձեզ, հարգելի և թանկագին գվարդիայի գնդապետ, «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ռազմական օդաչու», աս օդաչու, «Էրեբունի» ավիաբազայի հրամանատար, իմ սիրելի Հայաստանի խաղաղ երկնքի հուսալի պաշտպան Ալեքսանդր Գեորգիևիչ Պետրով։                          

  

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ