«ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ»

29.06.2012, Իրավունք

Հունիսի 26-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած ՀԱԿ սակավաթիվ հանրահավաքի ժամանակ, ՀՀՇ վարչության նախագահ եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը, իր հերթական, չինքնահաստատված ելույթի ժամանակ հայտարարել է, որ այսուհետ իրենք չեն պատասխանելու ԱԺ պատգամավորներ` ԱՄ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի եւ «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի ելույթներին: Դե բնականաբար, որտեղի՞ց պատասխանեն, եթե պատասխան չունեն: Այնուամենայնիվ, այս կապակցությամբ պարոն Գեղամյանը կարծում է. «Սա խոսում է նրա մասին, որ անցած ժամանակահատվածում, մայիսի 6-ից հետո, Արամ Մանուկյանը բավականին ճիշտ հետեւություններ է արել: Արձագանքելու համար Հայկ Բաբուխանյանի, Խոսրով Հարությունյանի եւ Արտաշես Գեղամյանի ելույթներին, առնվազն մեր կրթվածության գոնե 10 տոկոսի չափով պետք է պատրաստված լինի գործիչը, որպեսզի գոնե ելույթներում բերված բառերի բովանդակային իմաստն իմանա: Ուստի ես ողջունում եմ  պարոն Մանուկյանի ինքնաքննադատական այդ գնահատականը եւ կարծում եմ, որ, այո, եթե նա ուշադիր հետեւի մեր ելույթներին, աշխատի իր վրա, ապա 2017թվականին, երբ 5-րդ գումարման Ազգային ժողովն արդեն իր աշխատանքները ավարտած կլինի, նա գոնե 40-45 տոկոսով կհասկանա մեր երեք պատգամավորների ելույթների բովանդակությունը: Ես ողջունում եմ իր այդ ողջամիտ, իրատեսական մոտեցումը»: