«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵՌ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԷՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ. «ՍԱՏԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»

23.12.2012, Իրավունք

«Իրավունքի» նախորդ համարում ներկայացրել էինք «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ խոսքը մեր երկրի անցնող տարվա արտաքին քաղաքականության վերաբերյալ: Իսկ այսօր ներկայացնում ենք ներքին քաղաքական տարվա գնահատականը:

Ռուսլան Թաթոյան – Պարոն Գեղամյան, ներքաղաքական տարին ինչպե՞ս կգնահատեք:

Արտաշես Գեղամյան – Փորձեմ բնութագրել, թե ինչպիսի զարգացումներ են եղել մեր երկրի սոցիալ-տնտեսական ոլորտում և հասարակության շրջանում: Այս  հարցերը գտնում եմ շատ կարևոր, քանի որ մենք թևակոխում ենք Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումների համար բախտորոշ մի ժամանակաշրջան: Ես նկատի ունեմ այն, որ 2012 թ.  մայիսի 6-ին տեղի են ունենալու Ազգային ժողովի, իսկ 2013 թ. փետրվարին` Հանրապետության Նախագահի ընտրություններ: Ուստի, կարծում եմ, արդարացված կլինի ներքաղաքական զարգացումները վերլուծելիս համառոտ անդրադառնալ 2008 թ. ապրիլի 28-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության  կառավարության ծրագիր (2008–2012 թթ.)» թիվ 980 - Ա որոշման կատարման ընթացքին: Չէ՞ որ այս որոշման կատարումն ուժեղ լիցք կհաղորդեր 2012 թ. նախագահական ընտրություններին գործող Նախագահ Սերժ Սարգսյանին և նրան սատարող քաղաքական ուժերին, իսկ «Ազգային Միաբանություն կուսակցությունը» դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ նախագահական առաջիկա ընտրություններում պաշտպանելու է Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը: Եվ կուսակցության ընդունած սկզբունքային այդ որոշումը պարտադրում է մեզ անաչառորեն վերլուծել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը` խնդիր ունենալով կատարված դիտարկումներով օգնել  կառավարությանը շտկելու  իրավիճակն այն ոլորտներում, որոնք հետ են մնում ծրագրային նպատակների կատարումն ապահովելուց:

Եվ այսպես, կառավարության վերը հիշատակված ծրագրում կարդում ենք. «Ազգային անվտանգության և ակտիվ տնտեսական քաղաքականության միջոցով կայուն զարգացման ապահովումը կառավարության հիմնական գերակայությունն է»: Իսկ ինչպիսի՞ արդյունքներ են արձանագրվել այս, միանգամայն արդարացի ձևակերպված, գերակայության կատարման ուղղությամբ:  Նշենք, որ 2008 թ. ՀՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)  դրամական արտահայտությամբ կազմել էր 3 տրլն 650 մլրդ 49.8 մլն դրամ կամ 11 մլրդ 929 մլն 436 հազար դոլար: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը` 1 մլն 128 հազար 579 դրամ կամ 3689 դոլար: Գիտակցաբար չենք ներկայացնում 2009 թ. համապատասխան ցուցանիշները` հաշվի առնելով այն, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում ՀՀ –ի տնտեսությունում այդ տարի արձանագրվել էր ՀՆԱ-ի  14.1  % անկում և տնտեսության բոլոր ոլորտներում տեղի էր ունեցել գահավիժում: 2010 թ. հունվար-դեկտեմբերին ՀՆԱ-ն կազմել էր 3 տրլն 509 մլրդ 624.8 մլն դրամ կամ 9 մլրդ 392 մլն 562 հազար դոլար:  Մեկ շնչի հաշվով 2010 թ. ՀՆԱ-ն կազմել էր 1 մլն 77 հազար 961 դրամ կամ 2885 դոլար: Հաշվի առնելով ՀՆԱ-ի այս շարժընթացը` հիշենք, որ 2011 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված է, որ ընթացիկ տարում արձանագրվելու է  2010 թ. նկատմամբ ՀՆԱ-ի 4.6 %  աճ: Ս. թ դեկտեմբերի 20-ին  Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2011 թ. նոյեմբերին» մամուլի հաղորդագրության մեջ բերված տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա  համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 102,4 %, իսկ հոկտեմբերի նկատմամբ` 92,7  %: Հիշեցնեմ, որ 2011 թ. հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատ այդ ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար` 102,4 %  և 82 %: Հաշվի առնելով այս միտումը` կարելի է եզրակացնել. լավագույն դեպքում, կարող ենք ակնկալել, որ 2011 թ., այնուամենայնիվ, կհաջողվի ապահովել 2010 թ. ՀնԱ-ի նկատմամբ 4,6 % աճ: Լավատեսական այս սցենարի իրականացման պայմանում տարեվերջին ՀՆԱ-ի ծավալը կկազմի  3 տրլն 671 մլրդ 67.5 մլն դրամ կամ դոլարային արտահայտությամբ 9 մլրդ 75 մլն 910 հազար դոլար (դոլարի փոխարժեքը հունվար- հոկտեմբերին արձանագրված միջինն է` 370,4 դրամ` մեկ դոլարի համար), իսկ  մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը կկազմի 3045 դոլար: Եթե շարունակենք այս  հաշվարկները համաձայն 2012 թ. պետ բյուջեում հաստատված ցուցանիշների, ապա 2012 թ. նախատեսված է, որ 2011 թ. նկատմամբ արձանագրվելու է ՀՆԱ-ի 4,2 %  աճ:  Այս կանխատեսումն իրականանալու դեպքում 2012 թ. արդյունքում ՀՆԱ-ի ծավալը կկազմի 3 տրլն 825 մլրդ 252.3 մլն դրամ կամ 10 մլրդ  327 մլն 355 հազար դոլար, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը` 3173 դոլար: Դոլարի փոխարժեքը` 370,4 դրամ մեկ դոլարի համար, կարծում ենք, եթե անգամ իսկ 2012 թ. փոփոխության ենթարկվի, ապա  չնչին հավանականությամբ դա կլինի դրամի արժևորման ուղղությամբ (այս պնդումը դժվար չի լինի հիմնավորել, սական դա այլ վերլուծության նյութ է): Իմի բերելով վերը շարադրվածը կարող ենք արձանագրել, որ 2012 թ. բյուջետային ծրագրերի կատարման պայմաններում 2012 թ. բյուջեով նախատեսված ՀՆԱ-ի ծավալը, դոլարային արտահայտությամբ կազմելով 10 մլրդ 327 մլն 355 դոլար, կլինի 2008 թ. ՀՆԱ-ի ծավալի (այն է` 11 մլրդ 929 մլն 436 հազար դոլար) ընդամենը 86.57 %  -ը , իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը 2012 թ. կկազմի 2008 թ. համապատասխան ցուցանիշի (որը կազմել էր 3689 դոլար) ընդամենը 86 % -ը:  Մինչդեռ, հիշեցնենք, որ կառավարության ծրագրի «Կառավարության գործունեությունից ակնկալվող հիմնական արդյունքները» թիվ 3 բաժնում կարդում ենք. «Սույն ծրագրի իրականացմամբ  կառավարությունը 2008–2012 թթ. ընթացքում ակնկալում է` համախառն ներքին արդյունքի  տարեկան 8-10 տոկոս իրական աճ»:

 

Ես գիտակցաբար այսքան մանրամասն անդրադարձա այս հարցին` խնդիր ունենալով հուշել մեր կառավարության ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուներին` մանրակրկիտ վերլուծել սեփական ծրագրային որոշումների կատարման ընթացքը: Գտնում եմ, որ անհրաժեշտ է բնագավառ առ բնագավառ վեր հանել արգելափակող այն բոլոր գործոնները, որոնք խոչընդոտում են սեփական  ծրագրերի կատարումը: Դրանից հետո հարկ է անհապաղ մշակել այդ գործոնների վերացմանն ուղղված միջոցառումներ, հաստատել դրանց կատարման պատասխանատուներին, նշել ընդունված որոշումների կենսագործման ժամկետները: Եվ, որը պակաս կարևոր չեմ համարում, այդ հարցերի շուրջ երկրում ծավալել լայն քննարկումներ` խնդիր ունենալով պարզաբանել, թե կառավարության ծրագրերի չկատարման պատճառներից որո՞նք էին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանք, որո՞նք էին պայմանավորված դրանց իրականացման համար պատասխանատուների անիրազեկությամբ: Եվ այդ նույն մոտեցումն անհրաժեշտ է դրսևորել նաև կառավարության գործողություններից ակնկալվող այլ հիմնական արդյունքների կատարումը վտանգված ոլորտներում: Հատկապես պետք է լուրջ  մտորումների առարկա դառնան այն ուղղությունները, որտեղ անցած 4 տարիների  ընթացքում ոչ թե աճի միտումներ են արձանագրվել, այլ առկա է եղել զգալի հետնահանջ: Մասնավորապես, կառավարության 2008–2012 թթ. ծրագրում նախատեսված էր, որ ներդրումների տարեկան ծավալներն առնվազն 10 %-ով պետք է աճեին: Ավա՜ղ, ոչ միայն չեն աճել, այլև արձանագրվել է ներդրումների անկում, հատկապես եթե հաշվի ենք  առնում շուրջ 1,8 մլրդ դոլարի հասնող  ՀՀ-ի արտաքին պետական պարտքի աճը: Չի կատարվել ծրագրով նախատեսված մեկ այլ ակնկալիք ևս. անցած 4 տարիների ընթացքում չի արձանագրվել պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ` տարեկան համախառն ներքին արդյունքի 0,3 – 0,4 տոկոսային կետի չափով: Ցավոք, այստեղ նույնպես արձանագրվել է անկում, հատկապես եթե հաշվի առնենք, որ ըստ 2012 թ. բյուջեի` ՀՆԱ-ի ծավալը տարվա արդյունքում կազմելու է, ինչպես վերը նշվել է, 2008 թ. ՀՆԱ-ի 86,5%-ը:

Կարծում եմ, որ ՀՀ կառավարության լուրջ և սկզբունքային քննարկման առարկան պետք է դառնա նաև այն, որ նրա գործունեությունից ակնկալվող հիմնական արդյունքների շարքում, փաստորեն, տապալվել է կարևորագույն այնպիսի ոլորտ, ինչպիսին է աղքատության էական հաղթահարումը, որով, ըստ ծրագրի, պետք է ապահովվեր 11,2 %-ից ցածր ընդհանուր աղքատության և 1,6 %-ից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ: Այսպես, 2010 թ. 2008 թ. նկատմամբ աճել է թե՛ աղքատության մակարդակը, թե դրա խստությունն ու սրությունը: 2010 թ. բնակչության ավելի քան ամեն երրորդը (35,8%-ը) եղել է աղքատ, նրանցից մոտ ամեն հինգերորդը` 21,3 %-ը շատ աղքատ, իսկ 3,0%-ը եղել է ծայրահեղ աղքատ: Եվ դա այն պարագայում, երբ կառավարության գործունեության հիմնական ուղղություններով նախատեսված էր աղքատության հիմնարար կրճատում: Աղքատության ընդհանուր մակարդակը 2010 թ. պետք է հասցվեր 13,6%, ծայրահեղ աղքատների տեսակարար կշիռը` 1,9 %-ի, իսկ 2012 թ. համապատասխանաբար` 11,2 % և 1,6%: Հարկ է նշել, որ անգամ իսկ 2012 թ. պետական բյուջեով նախատեսված սոցիալական ոլորտի բոլոր ցուցանիշների կատարումը ապահովելու պայմաններում մեր երկրի բնակչության առնվազն 30%-ը դասվելու է աղքատների շարքին: Ավելին, անցած երեք տարվա ընթացքում մոտ 270 հազար մարդ դարձել է աղքատ` այդ ցուցանիշը հասցնելով 1 մլն 200 հազար մարդու, մոտ 290 հազար մարդ այդ ընթացքում դարձել են շատ աղքատ` շատ աղքատների թվաքանակը  հասցնելով 694 հազարի: Միայն 2009–2010 թթ. ընթացքում մոտ 46 հազար մարդ դարձել է ծայրահեղ աղքատ` շատ աղքատների թվաքանակը հասցնելով 98 հազարի: Նշենք, որ Համաշխարհային բանկի դասակարգմամբ աղքատ են համարվում այն մարդիկ, ովքեր ամսական կտրվածքով ծախսում են 33517 դրամից կամ 90 դոլարից պակաս, շատ աղքատ են համարվում նրանք` ում ամսական ծախսերը չեն գերազանցում 27410 դրամը կամ 74 դոլարը, ծայրահեղ աղքատների ծախսերը` 19126 դրամից կամ 51,2 դոլարից պակաս են:

Կարծում եմ, մտահոգիչ է նաև այն իրողությունը, որ չի կատարվելու նաև կառավարության ծրագրից բխող այն ակնկալիքը, ըստ որի` կենսաթոշակների ամենամյա բարձրացման արդյունքում 2012 թվականին` կենսապահովման նվազագույն բյուջեի 100 %-ին համապատասխան պետք է ապահովվեր միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի չափը: Ավա՜ղ, չի կատարվել նաև ոչ գյուղատնտեսական ոլորտում ակնկալվող զբաղվածության 10 % աճը: Սակայն այս չիրականացած ակնկալիքների պատճառները, դրանց վերացման ուղիներն այդպես էլ չդարձան կառավարության կողմից խորը ուսումնասիրման առարկա:

Անշուշտ, կարելի էր անդրադառնալ նաև կառավարության ծրագրով ակնկալվող այլ ցուցանիշների կատարման փոքր հավանականության հարցերին, սակայն, կարծում եմ, որ վերը նշված փաստերը, որոնք բացառապես վերցված են Ազգային վիճակագրական ծառայության տեղեկագրքերից, հնարավորություն են ընձեռում անել մեկ դիտարկում: Հարկ է, որ կառավարությունն ավելի հետևողական գտնվի սեփական որոշումների, այն էլ` ծրագրային որոշումների կատարման թե՛ կազմակերպման, թե՛ այդ աշխատանքների վերահսկման գործում: Այլապես կառավարությունը նորանոր ծրագրերի, գերակայությունների, առաջնահերթությունների մշակումով և ընդունելով, դրանք նախորդելով լայնածավալ քննարկումներով, մարդկանց մոտ կարող են ընկալվել որպես տեսական մտավարժանքներ կամ նախորդ որոշումների չկատարելու փաստից հասարակության ուշադրությունը շեղելու միջոց:

Տրված գնահատականների հետ, հարկ եմ համարում նշել, որ ներքին քաղաքականության ոլորտում, ինչքան էլ վերը շարադրվածի ֆոնին հակասական հնչի, կան նաև ձեռքբերումներ: Մասնավորապես` 2011 թ. հնարավոր դարձավ որակական նոր մթնոլորտ ձևավորել երկրի ներսում` արմատական ընդդիմություն ինքնահռչակած և իշխանական ուժերի շրջանում: Խոսքն ամիսներ առաջ նրանց միջև ծավալված երկխոսության մասին է: Երկրորդ դրական հանգամանքն այն էր, որ իշխանություններն անցած երեքուկես տարիների ընթացքում կարողացան կայունացնել 2008 թ. մարտի 1-ից հետո հանրապետությունում ստեղծված բարդ, պայթյունավտանգ իրավիճակը: Նրանց հաջողվեց երկիրը զերծ պահել ներքին լուրջ ցնցումներից: Հարկ է նաև նշել, որ երկրում իրավիճակի կայունացումից հետո իշխանություններն ազատ արձակեցին մարտի 1-ի դեպքերի առնչությամբ դատապարտվածներին:  Այսինքն` դրանով իսկ, ասես, մեսիջ ուղարկվեց ոչ թե արմատական ընդդիմությանը, այլ ՀՀ  քաղաքացիներին առ այն, որ իշխանությունն երբեք չի գործելու պարտադրանքով կամ թելադրանքով, ճնշման ներքո երբեք որոշումներ չի կայացնելու: Ըստ էության, ասվեց, որ երբ այդ ճնշումները և թելադրանքը իսպառ կբացակայեն, միայն այդ ժամանակ իշխանությունները պատրաստ կլինեն տարբեր հարցերին տալ հավասարակշռված լուծումներ: Այս իրողությունը համարում եմ շատ կարևոր, քանզի առաջիկայում, շատ հավանական է, ականատեսը դառնանք մեր երկրի ապակայունացմանը միտված դրսևորումների: Դրանց հրահրողները, կարծում եմ, լուրջ հետևություններ կանեն վերը նշվածից: Սակայն այս ամենն այլ վերլուծության առարկա է:

Ընթերցողի ուշադրությունն առանձնահատուկ ուզում եմ հրավիրել ևս մեկ հարցի վրա, որը հավասարաչափ արտաքին ու ներքին քաղաքականության ոլորտներին է վերաբերում: Անցած երեքուկես տարիներին ականատեսն ենք երկրի աշխարհիկ քաղաքական իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու ներդաշնակ համագործակցությանը: Պատմական զուգահեռներն այստեղ միգուցե չափազանցություն թվան, բայց, վերլուծելով ՀՀ Նախագահ – Վեհափառ Հայրապետ համագործակցությունը, ակամայից հիշում ես մեր ժողովրդի համար հոգևոր, ինչու չէ, նաև ճակատագրական առումով շրջադարձային նշանակություն ունեցող Ավարայրի ճակատամարտը: Պատմական այն ժամանակներում զորավար Վարդան Մամիկոնյանն ու Հովսեփ I Վայոցձորցի կաթողիկոսը միասնաբար էին գործում և կռում էին բարոյահոգեբանական հաղթանակը: Մեր փոթորկահույզ ժամանակներում այդպես ներդաշնակ են գործում երկրի Նախագահը ու Ամենայն Հայոց կաթողիկոսը: Եվ ամենևին պատահական չէ, որ մեր երկրի, Հայոց պետականության ոխերիմ «բարեկամները» ջանք չեն խնայում` խնդիր ունենալով ամեն կերպ ստվեր գցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և ՀՀ Նախագահի վրա, փորձելով կրոնական երանգներ հաղորդել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատագրական պայքարին: Ինքնին հասկանալի է, որ դա օտարների կողմից իրականացվող քաղաքականություն է, և դրա հեղինակները, քաղաքական ստրատեգները, պետք է ասել` որպես մեր երկրի թշնամի, իրենց հաշվարկներում ճիշտ են գործում: Նրանք լավ էլ հասկանում են ու գիտակցում այն իրողությունը, որ երբ կա աշխարհիկ քաղաքական իշխանությունների ու հոգևոր դասի մեջ այնպիսի ներդաշնակություն, որն առկա է և հաստատվել է Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի միջև, ապա այդ պարագայում անսասան կմնա Հայոց պետականությունը:

Ես այս հարցին հատուկ անդրադարձա, որովհետև վերջին շրջանում շատ վտանգավոր միտումներ են նկատվում համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնների կողմից վերահսկվող և մեր երկրում գործող լրատվամիջոցների առանձին հրապարակումներում: Հրապարակումներ, որոնցում փորձ է արվում արատավորել Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներին, անհարկի վատաբանել երկրի քաղաքական ղեկավարությանը, նրանց ու հոգևորականների միջև ստեղծված գործնական հարաբերությունները, որոնք միտված են հայանպաստ համագործակցության:

Այս համառոտ դիտարկումներն անելով` նշեմ, որ դրանք, ինչ խոսք, հեռու են Հայաստանի Հանրապետությունում վարվող ներքին քաղաքականության համակողմանի ծավալուն վերլուծությունից: Վերլուծություն, որն «Ազգային Միաբանություն կուսակցությունը» կներկայացնի իր կուսակիցների քննարկմանը 2012 թ. փետրվարին կամ մարտին կայանալիք կուսակցության հերթական համագումարի ժամանակ:

Զրուցեց`

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ