ԻՍԿ ՉԷ՞ ՈՐ ԻՄԱՍՏՈՒՆ ԹԱԳԱՎՈՐ ԷՐ ՊԵՏՐՈՍ ՄԵԾԸ...

03-09.06.2005

Օրերս Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական «Ռոսբալթ»  (Մոսկվա) գործակալության թղթակից Յանա Ամելինան հարցազրույց է վերցրել «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանից: Կարծում ենք, մեր ընթերցողներին հետաքրքիր կլինի ծանոթանալ այդ նյութին, որը և ներկայացնում ենք ստորև ամբողջությամբ:

- Մի շարք փորձագետներ Հայաստանը նշում են այն երկրների թվում, որտեղ մոտ ժամանակներս կարող է տեղի ունենալ հերթական «նարնջագույն հեղափոխությունը»: Վրաստանում, Ուկրաինայում և, վերջապես, Ղրղստանում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ, այսպես կոչված, «հեղափոխությունների» համար ընդհանրական է նշված երկրներում ոչ սահմանադրական եղանակով իշխանափոխությունը, որը իրականացվում է Արևմուտքի ակտիվ, երբեմն` որոշիչ աջակցությամբ, ներառյալ ֆինանսական և կազմակերպչական աջակցությունը (ոչ կառավարական կազմակերպությունների և մերձկառավարական կառույցների): Համաձա՞յն եք արդյոք դուք «թավշյա հեղափոխության» այսպիսի գնահատականին, և այս կապակցությամբ ի՞նչ կասեք Հայաստանի վերաբերյալ:

-  Քոչարյան-Սարգսյան վարչակարգին ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենց առջև դրել են ոչ թե հասարակական-տնտեսական հասարակարգի փոփոխման խնդիր Հայաստանի Հանրապետությունում, այլ սահմանադրական կարգի վերականգնման և, իհարկե, դա էլ ոչ թե հակասահմանադրական գործողությունների ճանապարհով: Այն անդառնալի գործընթացները, որոնք կատարվում են հայ հասարակության մեջ, սահմանել որպես «հեղափոխություն»  քաղաքագիտության տեսակետից, այնքան էլ կոռեկտ չէ: Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունների կողմից ոտնահարված սահմանադրական նորմերը վերականգնելու համար կարող են ոտքի ելնել հարյուր հազարավոր մեր քաղաքացիները: Բնորոշել Վրաստանում, Ուկրաինայում, և, վերջապես, Ղրղստանում պատահածը որպես նշված երկրներում ոչ սահմանադրական եղանակով կատարված իշխանափոխություն, նշանակում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն քաղաքական ղեկավարությանը դնել անհարմար դրության մեջ: Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Մոսկվա («ոչ սահմանադրական եղանակով»  իշխանափոխությունից հետո), բարձր մակարդակի բանակցությունները Կրեմլում, իմ կարծիքով, վկայում են հարցի ոչ նման ձևակերպման օգտին: Ձեր տվյալ պնդումը, իմ կարծիքով, կոռեկտ չէ նաև Ուկրաինայի պարագայում: Պետք չէ նաև թերագնահատել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների փոխադարձ այցելությունները: Ղրղստանի պարագայում` ավելի վատ է … Եվ, վերջապես, Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած Մեծ հաղթանակի 60-ամյակի տոնակատարությանը և՛ ուկրաինական, և՛ ղրղզական բարձրաստիճան հյուրերի մասնակցությունը (կամ թեկուզ միայն «հանդիսությանը»  մասնակցելու հրավերը վերոհիշյալ երեք պետությունների ղեկավարներին` «ոչ սահմանադրական եղանակով իշխանափոխություն կատարածներին») վերջնականորեն հաստատում են նման ձևով ներկայացված Ձեր հարցադրմանը իմ պատասխանի անհեռանկարությունը:

Ինչ վերաբերում է «հեղափոխությունների»  իրականացմանը Արևմուտքի ակտիվ, երբեմն էլ որոշիչ աջակցությամբ (ներառյալ ֆինանսական և կազմակերպչական), փորձենք խորամուխ լինել նշված «հեղափոխությունների»  նախապատմության մեջ: Ի՞նչ է, Շևարդնաձեի կամ Կուչմայի վարչակարգերը ժողովրդավարության արժեքների հաստատման ջատագով էին իրենց երկրներում, որն էլ ամրագրված էր նրանց սահմանադրություններով: Իսկ միգուցե այնտեղ սեփականաշնորհման գործընթացները իրականացվել են գործող օրենքներին համապատասխա՞ն, սոցիալական արդարության սկզբունքների պահպանմա՞մբ կամ նկատվել էին դրական տեղաշարժեր հակակոռուպցիոն գործընթացներում, ակտիվ պայքար էր մղվում հանցագործությունների դե՞մ: Ավա՜ղ, հենց ռուսական մամուլի վկայությամբ, ամեն ինչ կատարվում էր ճիշտ հակառակը: Այդ պետություններում իշխանությունները, որոնք աղտոտված էին կոռուպցիայի, պետական գույքի հափշտակման, կաշառակերության մեջ, առաջացնում էին կամ իրենց համաքաղաքացիների անթաքույց ատելությունը, կամ էլ, լավագույն դեպքում, մի իրավիճակ, երբ «ժողովուրդը լռում էր»:

Ով և ինչպես օգտվեց պայթյունավտանգ նման իրավիճակից, երբ իշխանությունները չեն կարող և չեն ուզում ղեկավարել նոր ձևով, իսկ ստորին խավերը չեն ուզում ապրել առաջվա նման, դա արդեն միանգամայն այլ խոսակցության նյութ է:

Ինչ վերաբերում է ոչ կառավարական կազմակերպությունների և մերձկառավարական կառույցների կազմակերպչական և ֆինանսական աջակցությանը, ապա անհրաժեշտ է հարց տալ. իսկ ի՞նչն էր ավելի մեծ չարիք Վրաստանի, Ուկրաինայի, և հենց այդ նույն Ղրղստանի քաղաքացիների համար: Շարունակել դիմանալ կոռումպացված վարչակարգերին, որոնք օրեցօր էլ ավելի են վիրավորում և նվաստացնում իրենց համաքաղաքացիներին, թե՞ նման իշխանություններից ազատվելու նպատակով ընդունել ֆինանսական և կազմակերպչական աջակցություն, թեկուզ և դա ամրագրված չէ իրենց երկրների սահմանադրություններում: Ձեր հարցը նոր հնչեղություն է ստանում, երբ ուշադիր վերլուծում ես նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Ռուսաստանի Դաշնության Ֆեդերալ Ժողովին (25 ապրիլի 2005թ.), ամերիկյան «Սի-Բի-Էս»  հեռուստաալիքի վարող Մ.Ուոլլեսին, ֆրանսիական «Ֆրանս-3»  հեռուստաընկերությանը և, վերջապես, գերմանական «Բիլդ»  թերթին (7 մայիսի 2005թ.) տված նրա հարցազրույցները: Վերոհիշյալ լրատվամիջոցներին նախագահ Վլադիմիր Պուտինի տված պատասխաններում կարելի է հատուկ առանձնացնել հետևյալը: Որպես «գլխավոր քաղաքագաղափարախոսական խնդրի է համարվում Ռուսաստանի համար զարգացումը որպես անկախ, ժողովրդավարական պետություն»: Կամ, երբ համարձակ հայտարարվում է, որ «մենք երախտագիտությամբ կընդունենք կողքից թարմ հայացքը: Եվ, ավելին, անգամ պատրաստ ենք կիրառել խորհուրդները, լրացուցիչ տեղեկատվությունը, այլ երկրների փորձը: Իսկ Միացյալ Նահանգներն անցել են ժողովրդավարության ինստիտուտների զարգացման մեծ ճանապարհ»  և առավել ևս, երբ հայտարարվում է` «… չեմ բացառում, որ ինչ-որ փուլում մեր համագործակցությունը կլինի այնքան սերտ և ամուր, որ քիչ կտարբերվի Եվրամիությանը Ռուսաստանի անդամակցությունից»:

Հայաստանի պարագայում, «թավշյա հեղափոխության»  հավանականության առնչությամբ կարելի է ասել, որ Քոչարյան-Սարգսյան վարչակարգը իրեն լիովին սպառել է և խոչընդոտում է երկրի զարգացմանը՝ իր մեջ վտանգ թաքցնելով՝ անկայունության պոտենցիալ օջախ դառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Դա հղի է ապակայունությամբ, որը կարող է Ադրբեջանին դրդել վերսկսելու ռազմական գործողությունները, ինչն իր հերթին կարող է վերաճել տարածաշրջանային ռազմական լայնածավալ դիմակայության: Նշված հնարավոր հետևանքների գիտակցումն էլ որոշում է «Ազգային Միաբանություն կուսակցության»  մարտավարությունը: Իսկ տարբեր տեսակի հղումները «կենցաղում շրջող կարծիքներին», որոնք կարելի է վստահ ասել տարածվում են բարձրաստիճան չինովնիկների կողմից, դրանք, հիմնականում, սպասարկում և գործում են կոռումպացված վարչակարգին ի հաճույս և հետապնդում են ընդդիմությանը վարկաբեկելու նպատակ: Այդ ամենը հասկացվում է Հայաստանի քաղաքացիների և ոչ թե միայն տեղական քաղաքական վերնախավի կողմից: Այդ ամենը հանրապետության բնակիչների մեծամասնության շրջանում խորը հիասթափություն է առաջացնում ոչ թե ընդդիմության գործողությունների հանդեպ, այլ իրականությունը աղավաղված մեկնաբանող «կենցաղում շրջող կարծիքները», որոնք տարածվում են նաև դրսից պարտադրվելու ճանապարհով:

- Կարծիք կա, որ հայկական ընդդիմությունը, ինչպես ժամանակին վրացականը և ուկրաինականը, ֆինանսավորվում է արտասահմանից: Ֆինանսական միջոցների աղբյուրներ են նշվում Սորոսի Հիմնադրամը, NDI-ի և մի շարք այլ ոչ պետական կազմակերպություններ ու ֆոնդեր: Դա արդյոք այդպե՞ս է:

- Ոչ, դա այդպես չէ: Համենայն դեպս «Ազգային Միաբանություն կուսակցության» մասին կարող եմ միանշանակ ասել, որ այդպես չէ: Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ հասկանում եմ Ձեզ և իմ երախտագիտությունն եմ հայտնում անթաքույց ենթատեքստով հարցի այդքան նրբանկատ ձևակեպման համար: Համաձայնեք, չէ՞ որ նման հարցը իմաստ է ստանում այն ժամանակ, երբ տրվում է ազնիվ մարդու:

- Հայաստանում արդյոք առաջացե՞լ է «հեղափոխական իրավիճակ»: Երկրում արդյոք կա՞ն օբյեկտիվ պատճառներ վաղաժամկետ իշխանափոխության համար: «Ազգային Միաբանությունը» ի՞նչպիսի պահանջներ է ներկայացնում իշխանությանը և անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

-  Կարևոր են ոչ թե «Ազգային Միաբանության»  ներկայացրած պահանջները անձամբ Ռոբերտ Քոչարյանին, այլ կարևոր է իրավիճակի գիտակցումը և Հայաստանում ու նրա շուրջը ստեղծված իրադրության անաչառ գնահատումը: Այն, որ Հայաստանը «դատապարտված է»  զարգանալ ժողովրդավարական ճանապարհով՝ չի վիճարկվում անգամ ծույլերի կողմից: Տարածաշրջանային իրականացվող գործընթացների լույսի ներքո՝ Մեծ Մերձավոր Արևելք, Ընդլայնված Եվրոպա - Նոր Հարևաններ` այստեղ այլընտրանք չկա: Իսկ ի՞նչ ունենք մենք այսօր: Երեք հիմնարար սյուներ կան, որոնց վրա էլ հենվում է ժողովրդավարական ցանկացած հասարակություն. առաջին` քաղաքական այնպիսի համակարգի առկայություն, որը ձևավորվում է բնակչության ազատ կամքի դրսևորման պարագայում, այսինքն՝ օրենսդիր իշխանության մեջ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով, երկրորդ` տնտեսության իրական ազատականացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի և պայմանների ստեղծում, փոքր և միջին բիզնեսի ոլորտում ստարտային հավասար պայմանների ապահովում, տնտեսության մեջ մենաշնորհային կարգավիճակի անթույլատրելիություն, մանավանդ Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանականության ոլորտներում, երրորդ` օրենսդրական բազայի ստեղծում և դատական անկախ համակարգի կայացման համար պայմանների ապահովում և, վերջապես, չորրորդ իշխանության իրապես անկախ գործունեություն:

Հայաստանի Հանրապետությունում կոպտորեն կեղծվել էին 1998 և 2003թթ. նախագահական ընտրությունների արդյունքները, նույնչափ կոպտորեն կեղծվել էին 2003թ. մայիսի 25-ի Ազգային ժողովի ընտրությունները: Հայաստանում այսօր նախագահական և օրենսդիր իշխանությունները լեգիտիմ չեն, և դա կասկած չի հարուցում Հանրապետության բնակչության գերակշիռ մեծամասնության շրջանում: Ոչ լեգիտիմ իշխանությունները պարտքի տակ չեն մնացել իրենց հովանավորների՝ քրեա-օլիգարխիական կառույցների առջև, որոնք կանգնած էին քվեատուփերի մեջ քվեաթերթիկների զանգվածային լցոնումների, ընտրական հանձնաժողովի անդամների զանգվածային կաշառքների և հարյուր հազարավոր ընտրողներին ողորմություն նետողների հետևում, ընտրողներ, որոնք կարիքից և աղքատությունից դրդված կորցրել են Հայաստանի ճակատագրի հանդեպ պատասխանատվության զգացումը:

Վիճակն ավելի անբարվոք է տնտեսության մեջ: ՀՀ կենսապահովման բոլոր հիմնական բնագավառները մենաշնորհված են: Ցորենի, շաքարի, բենզինի, դիզելային վառելիքի, ծխախոտի, սպիրտային խմիչքների մատակարարումը, որը կազմում է ներմուծվող ապրանքների կեսից ավելին, իրականացվում են մենաշնորհային վիճակում գտնվող քրեա-օլիգարխիական կառույցների կողմից: Այստեղ կորզվում են գերշահույթներ, որոնք դուրս են մնում հարկային դաշտից:

Իշխանական վերնախավում կոռուպցիան այնպիսի չափերի է հասել, որ անգամ Ազգային ժողովի ամբիոնից ի լուր ամբողջ Հայաստանի բազմիցս նշվել են կաշառակերների և թալանի կոնկրետ հասցեներ, որոնք հասնում են հարյուրավոր միլլիոնների: Ծախու «ֆեմիդան», բնական է, լռում է, ոչ մի միջոց չի ձեռնարկվում: Վիճակի զավեշտականությունն այն է, որ իշխանության հենարանը հանդիսացող կոալիցիան երբեմն ինքն է նշում կոռուպցիայի աղբյուրը, դրանով, ասես թե, հասկացնելով բնակչությանը, որ իրենք ի զորու չեն որևէ բան ձեռնարկել, բոլորին առանց այն էլ հայտնի է, որ կաշառակերները ոչ թե կոալիցիոն կուսակցությունների հովանու ներքո են, այլ Քոչարյան-Սարգսյանի զույգի: Այս ամենը կարելի է մանրամասնել բերելով կոնկրետ օրինակներ, բայց, կարծում եմ, ավելորդ է: Քաղաքական դիտորդները, որոնք մեր իրականության այս հատվածի գործերի ընթացքով հետաքրքրված են ոչ պարապ հետաքրքրասիրությունից, իրենք կարող են տասնյակ օրինակներ բերել:

Խոսել երրորդի` ժողովրդավարության հաստատման անհրաժեշտ հենասյան` դատական համակարգի մասին, այլևս անիմաստ է: Նախագահական և խորհրդարանական ընտրությունների կեղծարարները, հարկերի վճարումից չարամտորեն խույս տված քրեա–օլիգարխիական կառույցները, հանցագործ խմբավորումները, որոնք հարյուրավոր ոստիկանների աչքի առջև իրականացրեցին լրագրողների զանգվածային ծեծ՝ ջարդելով նրանց ֆոտոապարատներն ու տեսախցիկները, ինչպես նաև ծեծի ենթարկելով 2004թ. ապրիլի 5–ին և 12–ին խաղաղ ցույցի մասնակից անզեն քաղաքացիներին, այդպես էլ չկրեցին որևէ պատիժ: Իսկ մարմնական, ընդ որում լուրջ վնասվածքներ ստացան հարյուրավոր մարդիկ: Դատական համակարգը Հայաստանի քաղաքացիների կողմից ընկալվում է ոչ այլ կերպ, քան դաժան ճնշման գործիք՝ իրենց սահմանադրական իրավունքները պաշտպանող մարդկանց այլախոհության ցանկացած դրսևորման դեմ: Իսկ այդպիսիները և նրանց համակրող անձինք Հայաստանի բնակչության գերակշռող մեծամասնությունն են:

Թերևս անհրաժեշտություն չկա խոսելու լրատվության զանգվածային միջոցների անկախության մասին: «Ազգային Միաբանությունը»  լիովին զրկված է իր միջոցառումները լուսաբանելու հնարավորությունից ինչպես հանրային, այնպես էլ որևէ առևտրային հեռուստաալիքի միջոցով: Խոսքը գնում է վճարովի եթերային ժամի մասին, անգամ «ամենաբարձր»  գներով: Անհեթեթությունը հասել է այնտեղ, որ Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային և աշնանային նիստերում իմ ունեցած ելույթները չի թույլատրվել ցուցադրել:

Այսպիսով, ամփոփելով, կարելի է պնդել, որ Հայաստանում ձևավորված քաղաքական համակարգը խոչընդոտում է տնտեսական համակարգի ձևավորմանը և ազատականացմանը, ինչը բարենպաստ հող է ստեղծում մենաշնորհային-օլիգարխիական հարաբերությունների արմատավորման համար, որն էլ անհնար է դարձնում միջին խավի` երկրի կայունության հիմքի, կազմավորումը: Այն առաջացրել է դատական ողջ համակարգի լիակատար կախվածություն նախագահական և գործադիր իշխանություններից, ինչն իր հերթին բերում է կոռուպցիայի մետաստազների համընդհանուր տարածում, անօրինականություն և անպատժելիություն: Եվ, վերջապես, բնակչությունը զրկված է օգտվելու իր սահմանադրական իրավունքի հնարավորությունից՝ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվություն ունենալ Հանրապետության կյանքի հրատապ հարցերի վերաբերյալ:

Երկրի համար արատավոր և կործանարար այս համակարգը ծնվել ու հիմնավոր պաշտպանվում է Քոչարյան-Սարգսյան երկիշխանությամբ: Այն կարող է քանդվել ինչպես թղթե տնակը, եթե Հայաստանի ժողովրդավարությամբ և բարգավաճմամբ հետաքրքրված ուժերը ցուցաբերեն մեզ բարոյական աջակցություն: Այո, բարոյական աջակցություն մեր կուսակցության գործողություններին, որոնք լիովին համապատասխանում են խոսքի ազատության երաշխիքի, ցույցերի, երթերի, հավաքների անցկացման սահմանադրական կանոններին: Այս աջակցությունը իրավունք ունի ցուցաբերել մեզ և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ, և՛ Եվրամիությունը (Հայաստանի և նշված երկրների կողմից ԵԱՀԿ-ին և Եվրոպայի Խորհրդին անդամության կապակցությամբ ընդունված պարտավորության շրջանակներում): Ես էլ չեմ խոսում Հայաստանի այսօրվա կառավարողներին իշխանությունից հեռացնելու առաջին հայացքից ավելի պարզ ձևերի մասին: Օրինակ, այնպիսի եղանակի, ինչպիսին է նրանց պատկանող ունեցվածքի հրապարակումը, որը հաշվվում է ոչ մեկ հարյուր միլիոն դոլար և, որի տերերը, փաստորեն, բյուջետային աշխատավարձի վրա «նստած»  Քոչարյան-Սարգսյանն են: Ի դեպ, նման տեղեկատվության արտահոսքի հնարավորության մասին գրվել է հայկական մամուլում: Ընդ որում, աղբյուրները նշմարվում էին և վստահություն ներշնչող էին:

- Մեկ տարի առաջ հայկական ընդդիմությունն արդեն անցկացնում էր զանգվածային գործողություններ՝ պահանջելով նախագահի հրաժարականը, բայց հաջողության չհասավ: Արդյոք հիմքեր կա՞ն ենթադրելու, որ այսօր նմանատիպ ելույթները կավարտվեն այլ կերպ` Ռ.Քոչարյանի հրաժարականով, նախագահական և պառլամենտական վաղաժամկետ ընտրությունների նշանակմամբ (հասկանալի է, եթե ընդդիմությունը և կոնկրետ «Ազգային Միաբանությունը» մտադիր են դրանք կրկնել): Մի խոսքով կմնա՞ արդյոք նախագահը մինչև իր ժամկետի վերջը:

- Միակ բանը, որ պահում է մեզ ակտիվ գործողությունների դիմելու հարյուր հազարավոր մարդկանց ներգրավմամբ, դա «դամոկլյան սրի նման»  պետության գլխին կախված Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդիրն է: Արդեն բացահայտ է, որ Վարշավայում Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին Ալիև-Քոչարյան հանդիպման ընթացքում (ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների, Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ) լուծվել է Լեռնային Ղարաբաղին հարակից ազատագրված 7 տարածքները Ադրբեջանի իրավասությանը հանձնելու հարցը: Քոչարյան-Սարգսյան զույգը 1998 թվականին բռնատիրեց իշխանությունը Հայաստանում՝ քողարկվելով «Ազատագրված հողի ոչ մի թիզ չենք հանձնի Ադրբեջանին»  նշանաբանով: Դա էր, որ կասեցնող դեր խաղաց և կանխեց համաժողովրդական ապստամբությունը կամ, համենայն դեպս, քաղաքացիական համընդհանուր անհնազանդությունը: Այժմ դուետը շատ բարդ դրության մեջ է ընկել: Անազնիվ ճանապարհով նրանց կուտակած հարստությունը, ես դեռ չեմ նշում նրանց ղեկավարման տարիներին տեղի ունեցած աղմկալի հանցագործությունների մասին, դրան զուգընթաց ԼՂՀ-ի շուրջ ընթացող բանակցությունների կատարյալ ձախողումը նրանց արդեն իսկ օրենքից դուրս է դրել: Որքան շատ կառչեն իրենց բռնազավթած պաշտոններից, այնքան շատ կխրվեն հակաօրինական գործողություններում, էլ ավելի կբարդացնեն իրենց առանց այդ էլ ծանր իրավիճակը: Նրանց համար հիմա շատ շահավետ է, որ ընդդիմությունը անժամանակ մեկնարկի բողոքի զանգվածային գործողություններ: Այդ ժամանակ հենց իշխանությունները «կօգնեն ընդդիմությանը»  ապակայունացնել իրավիճակը երկրում: Իսկ հետո ժողովրդի հուզումների ալիքից ստեղծված իրավիճակից օգտվելով տեղեկություն «կտարածեն», որ, իբր, ընդդիմությունը ներսից քայքայել, թուլացրել է պետությունը, ինչից և անհապաղորեն օգտվեցին մեր «հավերժ բարեկամները»՝ պարտադրելով երկրին ոչ հայանպաստ որոշումներ: Անդրադառնալով Ձեր հարցի վերջին հատվածին, ես կպատասխանեմ մեզ մոտ՝ Հայաստանում, տարածված թևավոր խոսքով. այն, որ նախագահը կնստի, փաստ է, բայց թե որտեղ, երբ և ինչի վրա, դա է հարցը:

- Միասնակա՞ն է արդյոք ընդդիմությունն իր պահանջներում: Հնարավո՞ր է արդյոք ընդդիմադիր ավելի լայն կոալիցիայի ձևավորումը «Արդարություն» և «Ազգային Միաբանություն» դաշինքի հիման վրա: Ի՞նչ պատճառով Ձեր կուսակցությունը չի մտնում «Արդարություն» դաշինքի մեջ:

- Ընդդիմությունը միասնական է իր պահանջում՝ վերականգնել սահմանադրական կարգը երկրում, ինչի մասին մենք հանդես եկանք համատեղ հայտարարությամբ: Ընդդիմադիր ավելի լայն կոալիցիայի ձևավորումը, իհարկե, հնարավոր է, քանի որ Հանրապետությունում չկա թեկուզև քիչ թե շատ հայտնի քաղաքական ուժ, որը չի ցանկանում «ընկերանալ ընդդեմ»  Քոչարյան-Սարգսյանի: Հարցն ընդդիմության առկա ֆորմատի ընդարձակման նպատակահարմարության մեջ է: Նոր անուններ և տասնյակ նոր կուսակցություններ կարելի է ավելացնել, բայց մարդիկ, որոնք կանգնած են դրանց հետևում, որպես այդպիսիք, պարզապես հատուկենտ են:

«Ազգային Միաբանություն կուսակցության», այս խոսքերի հեղինակի վարկանիշները համաձայն թերթերի և քաղաքական կուսակցությունների, որոնց դժվար է կասկածել մեզ համակրելու մեջ, բազմիցս անցկացրած սոցիոլոգիական հարցումների՝ ամենաբարձրն են (ընդ որում կրկնակի և ավելի անգամ) այսօրվա քաղաքական ուժերի դասակարգման մեջ: Դա, անկասկած, մեծ պատասխանատվություն է մեզ վրա դնում՝ հանդես գալ որպես միջուկ, կոնսոլիդացնող ընդդիմադիր բոլոր ուժերը: Բայց մենք դասեր ենք քաղել ընդդիմադիր դաշինքներում վարչակարգից առատորեն ֆինանսավորվող, դրածո անձանց ներդրման դառը փորձից: Նրանց պարտավորեցրել են ճգնաժամային պահին պառակտում մտցնել ընդդիմադիրների բանակում և սասանել վերջիններիս հանդեպ բնակչության լայն խավերի վստահությունը: «Ազգային Միաբանությունը»  ինքնաբավ քաղաքական ուժ է, որը ղեկավարվում է իր Ծրագրով: Մեր կուսակցությունը բաց է այն կուսակցությունների համար, որոնք դավանում են փիլիսոփայական, քաղաքական և տնտեսական մեզ համար ընդունելի հայացքներ: «Արդարություն»  դաշինքի հետընտրական ժամանակարջանում գործելու փորձը, թերևս, վկայում է մեր մարտավարության ճշմարտացիության մասին: Ավելին, կարծում ենք, որ եթե «Արդարություն»  դաշինքի գործընկերները հետևեին մեր կոչերին, այն է՝ չճանաչել նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները (ի դեպ, համապատասխան փաստաթղթի տակ դրված էին ընդդիմադիր բոլոր թեկնածուների ստորագրությունները), ապա Հայաստանի Հանրապետությունում այսօր կգործեր ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ իշխանություն:

- Կարծիքներ կան, որ Ռոբերտ Քոչարյանը մինչև տարեվերջ «պալատական հեղաշրջման» արդյունքում կարող է հեռանալ իր պաշտոնից՝ վաղաժամկետ վայր դնելով իր լիազորությունները և փոխարինող նշանակելով, որի համար նկատի են առնում Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: Ձեր կարծիքով արդյոք հնարավո՞ր է նման սցենար: Դրական, թե՞ բացասական դա կանդրադառնա երկրի իրավիճակի վրա:

- 1998 թ. պալատական հեղաշրջումը Հայաստանը հասցրեց այսօրվա ծանր սահմանագծին, երբ վտանգված է մեր պետականության գոյությունը: Այսօր միայն քաղաքական ավանտյուրիստները կամ հայ ժողովրդի թշնամիները կարող են խոսել պետական կամ «պալատական»  նոր հեղաշրջման մասին: Կարծում եմ, Ս.Սարգսյանի խելամտությունը կհերիքի, որ իր մանկլավիկներին արգելի խոսել այդ մասին: Հայաստանի բնակչությունը դեռ չի մոռացել գնդակահարությունը Ազգային Ժողովում (27 հոկտեմբերի 1999թ.), երբ զոհվեցին Ազգային Ժողովի խոսնակը, վարչապետը, նախարար և պատգամավորներ: Չի մոռացել և այն, որ այդ ժամանակ Ազգային անվտանգության նախարար էր Սերժ Սարգսյանը, ընդ որում այդ պաշտոնում աշխատանքի բավականին երկար ստաժով … Ցավոք, անհեռատես քաղաքական առանձին գործիչներ կարծում են, որ եթե մեր օրերում հնարավոր է գնել որոշ արտասահմանյան բարձրաստիճան դիվանագետների բարի տրամադրվածությունը, մասնավորապես և բարեկամական երկրների, ապա կաշառակերության հետևանքը պետք է անպայման լինի ամնեզիան (հիշողության կորուստը): Բարեբախտաբար, Հայաստանում այդ երևույթը չի նկատվում և Հայաստանի քաղաքացիներին հիշողության այդպիսի կորուստ՝ ամնեզիա, չի սպառնում: Պաշտպանության նախարարի կադրային «առաջհրումը», իրականում, հիվանդ երևակայության արգասիք է… Մինչդեռ խնդիրն այլ է՝ ինչպե՞ս մեղմացնել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի արդարացի փոխհատուցումը կատարածի համար: Ավա՜ղ, նրանց մեղքերը շատ են, բայց մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի ժամանակ իրենց դրսևորել են արժանավայել… Ինչպե՞ս անել, որ Հայաստանի պետական բարձր պաշտոններում նրանց շատ դեպքերում ոչ ազգանպաստ, անգամ իսկ կործանարար քաղաքականությունը չարատավորի մեր հայրենիքի մի մասի՝ Ղարաբաղի, ազատագրման համար հայ ժողովրդի մղած ազնիվ պայքարը:

- Վերջին ամիսներին Ռուսաստանում տարակուսանքով են հետևում հայ քաղաքական և հասարակական որոշ գործիչների տեսակետների էվոլյուցիային, ովքեր ավելի հաճախ են արտահայտվում հօգուտ Հայաստանի արտաքին քաղաքականության էական սրբագրումների՝ ի նպաստ Հայաստանի, ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հետ մերձեցմանը: Նման մի բան էլ նկատվում է և ձեր արտահայտությունների մեջ: Ինչի՞ հետ են կապված այդօրինակ փոփոխությունները: Պատրաստ է արդյո՞ք Հայաստանը հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր լինելուց՝ այդպիսի գործընկեր դառնալով բացառապես ԱՄՆ-ի համար: Հայտնի է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը Անդրկովկասում ուղիղ հակադիր են: Արդյո՞ք իր դարը չի ապրել կոմպլեմենտարության քաղաքականությունը: Ժամանակը չէ՞, որպեսզի Հայաստանը կատարի աշխարհաքաղաքական միանշանակ ընտրություն:

- Իմ կարծիքով, Հայաստանի քաղաքական գործիչների հայացքների էվոլյուցիան տարակուսանք կարող է առաջացնել միայն քաղաքականությանը մոտ կանգնած Ռուսաստանի այն գործիչների շրջանում, որոնք համառորեն չեն ցանկանում տեսնել հենց Ռուսաստանի քաղաքական ղեկավարության հայացքների էվոլյուցիան: Չէ՞ որ Ռուսաստանի քաղաքական ընտրանին, օբյեկտիվորեն գնահատելով աշխարհաքաղաքական զարգացման վեկտորները, արդեն կատարել է իր սեփական ընտրությունը, որի մասին արդեն վերը նշվեց: Եվ եթե խնդիր է դրված մեղադրել քաղաքական առանձին գործիչների, ապա միայն այն բանի համար, որ նրանց հայացքների էվոլյուցիան դեռ շարունակում է համահունչ մնալ Ռուսաստանի մեր գործընկերների հայացքների էվոլյուցիային: Կանխազգում եմ, որ այսպիսի համընկնման մեկնաբանությունները կարող են լինել շատ տարբեր և միմյանց բացառող:

Իսկ ճշմարտությունը մեկն է: Հայաստանը շատ է շահագրգռված դեմոկրատորեն զարգացող և բարգավաճող Ռուսաստանով, որտեղ ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում: Եթե չլիներ նրանց նյութական օգնությունը, Հայաստանի հարյուր հազարավոր բնակիչներ քարշ կտային իրենց անտանելի, ողորմելի գոյությունը: Հայաստանը նաև շատ է շահագրգռված հաստատելու սերտ կապեր ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների հետ: Միայն ԱՄՆ-ում ապրում են ավելի քան մեկուկես միլիոն հայեր, որոնք նույնպես ակտիվորեն օգնում են իրենց բարեկամներին և հարազատներին Հայաստանում: Դեռ ավելին, մենք բարձր ենք գնահատում 1,5 միլիարդ դոլարի անհատույց մարդասիրական օգնությունը, որը հատկացրել է ԱՄՆ մեր հանրապետությանը անկախության տարիներին: Նույնը կարելի է ասել նաև Եվրամիության երկրների մասին: Ճշմարտությունը սա է, որի մասին էլ բացահայտ խոսում ենք: Գոնե նման դեպքերում փորձենք համբերատար և հանդուժող վերաբերվել ժողովրդավարության այս փոքրիկ դրսևորումներին: Եթե, իհարկե, տվյալ դեպքում գործ չունենք մեզ արդեն հայտնի արատավոր սինդրոմի տարրերի հետ. «Այն ինչ կարելի է Յուպիտերին, դա չի կարելի Ցուլին»: Դեռ ավելին. համաձայն չեմ այն պնդման հետ, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը Հարավկովկասյան տարածաշրջանում ուղիղ հակադիր են: Այդպիսի տպավորություն չի ստեղծվում, երբ ուշադիր վերլուծում ես Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի նախագահների, Թուրքիայի վարչապետի բարձր մակարդակի հանդիպումները: Այդպիսի եզրակացության չես հանգում նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումներից, հատկապես 2005թ. մայիսյան հանդիպումներից: Այդպիսի կարծիք չի ստեղծվում, երբ համեմատում ես Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների գնահատականները, որոնք հրապարակվեցին կապված Իրանի ատոմային Ծրագրերի հետ կամ էլ, երբ վերլուծում ես Ջորջ Բուշի ելույթը Վրաստանում: Վերն ասված ամենը ձեր հարց-հաստատման օգտին չեն խոսում: Եվ առավել ևս նորովի են ընկալվում ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հարցազրույցից քաղվածքները, որը նա տվել էր ՍԻ-Էն-Էն հեռուստաընկերությանը 2005թ. մայիսի 10-ին: Պետքարտուղարը հայտարարել էր. «Ռուսաստանն ունի հարուստ մշակույթ, իսկ նրա ժողովուրդը՝ մեծ ժողովուրդ է, և շատ հաճելի էր գտնվել այստեղ, որպեսզի նորից տեսնել դա և հայացք գցել ավելի ժողովրդավար և տնտեսապես բարգավաճող Ռուսաստանի ապագային, որը կարող է Միացյալ Նահանգների համար դառնալ իրական գործընկեր»:

Հայկական պետության բարձրագույն շահերը անհրաժեշտաբար թելադրում են մեր արտաքին քաղաքականությունը կառուցել՝ ելնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի ընդհանուր շահերից, այն է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը տեսնել դեմոկրատորեն զարգացող, խաղաղ և բարգավաճող: Մի խոսքով, ապարդյուն է սև կատու փնտրել մութ սենյակում, որն այնտեղ ի սկզբանե չի էլ եղել: Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը կլինի անսխալ և հեռանկարային, եթե այն որոշի հանրապետության քաղաքական այն ղեկավարությունը, որը կձևավորվի ազատ, ժողովրդավարական և թափանցիկ ընտրությունների հիման վրա: Եվ եթե առաջնորդվենք միակ ճիշտ այս նախապայմանով, ապա, բնականաբար, հայ ժողովրդի համակրանքը, որն իրական իշխանություն կրողն է, կլինի այն պետությունների կողմը, որոնք գիտակցաբար մեզ կօգնեն Հայաստանը դարձնել մի երկիր, որն ի վիճակի կլինի կատարել պատմական աշխարհաքաղաքական ճիշտ ընտրություն: Ընտրություն պետք է կատարի նաև Ռուսաստանը, այն է՝ ռազմավարական ինչպիսի՞ գործընկերներ կցանկանա ունենալ և, որ՞ պետությունները կարող են լինել Ռուսաստանի իսկապես ռազմավարական գործընկերները: Այն Ռուսաստանի, որն ինքն է ընտրել ժողովրդավարական զարգացման ճանապարհը: Ռուսաստանին որպես ռազմավարական գործընկեր պե՞տք է արդյոք մի պետություն, որի բնակչությունը տառապում է Քոչարյան-Սարգսյան կոռումպացված վարչակարգի ճիրաններում: Կամ էլ ռազմավարական նրա գործընկեր կարող է լինել մի երկիր, որը Ռուսաստանի պես պետք է անշեղ առաջ շարժվի, ինչպես ասել էր Վ.Պուտինը, «ինչ-որ բանում ետ մնալով, ինչ-որ բանում էլ առաջընթաց ունենալով եվրոպական չափանիշներից»:

- ԱՄՆ-ի քաղաքականության նպատակասլացությունը, համառությունը Հայաստանում և ավելի լայն` Անդրկովկասում, անվիճելի փաստ է: Կարո՞ղ եք Դուք նույնն ասել տարածաշրջանում ռուսական քաղաքականության մասին: Ձեր կարծիքով, բավարա՞ր է արդյոք ռուսաստանյան իշխող կառույցների տեղեկացված լինելու աստիճանը տարածաշրջանի և կոնկրետ Հայաստանի իրավիճակի մասին: Ինչպիսի՞ քայլեր կարող էր ձեռնարկել Ռուսաստանը, որ ամրապնդեր նրա դիրքերը Հայաստանում՝ հաշվի առնելով հայ և ռուս ժողովուրդների դարավոր կապերը: Թե՞ Ձեր կարծիքով Մոսկվան գործում է ելնելով իր «կայսերական պատվամոլությունից», որոնք բավարարելը շահեկան չէ հայկական կողմին: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը «Գույք պարտքի դիմաց» պայմանագրի վերաբերյալ, ինչը կոշտ քննադատության է արժանանում Հայաստանում: Նպաստու՞մ է արդյոք ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը և ռազմավարական գործընկերությանը ռուսական բիզնեսի մուտքը Հայաստան:

- Ձեր հարցի առաջին մասը կարելի է գնահատել որպես կշտամբանք այն քաղաքականության, որը Ռուսաստանը վարում է Հայաստանում և, ավելի լայն, Անդրկովկասում: Ինձ իրավասու չեմ համարում գնահատական տալ Ռուսաստանի իշխող կառույցների տեղեկացվածության աստիճանի մասին Հարավային Կովկասի տարածաշրջանում: Հայաստանում գործերին տեղյակ լինելով, առանց վախենալու, որ կսխալվեմ, կարելի է համոզված ասել, որ միայն Ռուսաստանի իշխող կառույցների ապատեղեկացված լինելու մասին (կարծում եմ, որ այս խիստ գնահատականը բխում է նաև Ձեր երկրի շահերից, այլապես մենք ավելի տխուր եզրահանգումների կգանք):

Ռուս և հայ ժողովրդների դարավոր կապերը վերածվել են ամուր բարեկամության միայն այն ժամանակ, երբ մեր ժողովուրդները միասին էին պաշտպանում իրենց ազատությունը և անկախությունը, համատեղ դիմադրում արտաքին սպառնալիքներին: Անկախության տարիներին էականորեն փոխվել է այդ սպառնալիքների բնույթը: Այժմ հայ պետականության համար թիվ 1 սպառնալիքը ավելի շատ դառնում են ներքին սպառնալիքները՝ կոռուպցիան, կաշառակերությունը, ժողովրդավարական ազատության ճնշումը, կլանային տնտեսությունը, բնակչության զգալի մասի աղքատացումը և Հայաստանի քաղաքացիների զանգվածային արտագաղթը մերձավոր և հեռավոր արտասահման, վերջին տաս տարիներին 2,5 անգամ բնակչության բնական աճի նվազեցումը: Այս ամենը իր հերթին հավանական է դարձնում արտաքին սպառնալիքների հնարավորությունը Ադրբեջանի և նրան աջակցող Թուրքիայի կողմից: Այսպես, եթե Հայաստանը արտաքին սպառնալիքներից պաշտպանված է Կոլեկտիվ անվտանգության Պայմանագիր կազմակերպությամբ, ապա ներքին ոչ պակաս վտանգավոր սպառնալիքներից պետության և ժողովրդի պաշտպանվածության մասին ամենևին խոսք լինել չի կարող:

Հայաստանի, նրա ժողովրդի պաշտպանությունը ներքին սպառնալիքներից յուրաքանչյուր ընտանիք կզգա ամեն ժամ, ամեն օր, որովհետև դրանից տառապում է Հանրապետության բնակչության մեծամասնությունը: Պաշտպանել Հայաստանի ժողովրդին ներքին սպառնալիքներից մեր երկրների վավերացված պայմանագրերի և համաձայնագրերի շրջանակներում՝ դա էլ կլինի Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի վստահությունը ամրապնդելու բարեբեր հողը:

Իսկ ռուսական բիզնեսի ընդարձակումը Հայաստանում միայն օգտակար կլինի: Ինչ վերաբերում է «Գույք պարտքի դիմաց»  համաձայնությանը. պետք չէ ողբերգականացնել հարցը պարզապես պետք է հետևենք մի խելացի չինացու հայտնի ասացվածքին. «Կարևոր չէ՝ ինչ գույնի է կատուն, կարևոր է, որ նա բռնի մկներին»: Դրա հետ մեկտեղ արձանագրենք, ավա՜ղ, Սիբիրի կատուն ինչ-որ ծուլանում է Հայաստանում մկներ բռնել …

Ցանկանում եմ հիշել նաև հետևյալ պատմությունը, որը ասույթ է դարձել: Մի անգամ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհավորեց ընդդիմության առաջնորդներից մեկի ծննդյան օրը: Շնորհավորանքը, ի թիվս այլ երկրների ներկայացուցիչների ողջույնների, ընդունված կարգի համաձայն ընթերցվեց կուսակցության ակտիվի առաջ, որն էլ ներկաների կողմից ընդունվեց ջերմ: Այս տեղեկությունը հայտնվել էր «ընդդիմադիր»  համարվող թերթերից մեկում: Այսօր ակնհայտորեն կարելի է պնդել, որ նմանատիպ լուրերի հրապարակման երանգները ուղղորդվում էին Ս.Սարգսյանի կողմից: Հաջորդ օրը այդ կուսակցության գրասենյակում ստացվեց անհանգստացած դեսպանի պատասխանը՝ սույն «տեղեկատվության արտահոսքի»  համար: Այնուհետև՝ ավելին. մամուլում հրապարակում հայտնվեց ՀՀՇ-ի կարկառուն գործչի ստորագրությամբ, որում հիշատակվում էր, որ ռուս դեսպանը հարկադրված է ուղղորդվել իր գործունեության մեջ պաշտպանության նախարարի հրահանգներով: Ոչ մի բողոքի հայտագիր, ոչ մի հերքում դեսպանատան կողմից դրան չհաջորդեց… Իսկ մարդիկ կարդում էին և տարակուսում: Դրան զուգահեռ նշենք, որ Հայաստան գործուղված Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնական անձանց արձանագրային համբույրները և փոխադարձ «քնքշանքը»  Հայաստանի ոչ լեգիտիմ և դրա իշխանավորների հետ պրոպագանդումը լրատվական միջոցներով ամենևին չէին ավելացնում մեր ազգաբնակչության համակրանքը Ռուսաստանի հանդեպ: Երախտապարտ հայ ժողովրդի հիշողության մեջ վերակենդանանում և այսօրվա իրողությանը հակադրվում էր ռուսական մեկ այլ դեսպանի՝ Ա.Գրիբոյեդովի կերպարը:

Առաջին հայացքից սովորական թվացող հարցերը խորքային վերլուծությունների առիթ են տալիս: Ձեր անպատասխան մնացած մյուս հարցերը, իմ կարծիքով, բխում են գլխավորից: Կվերականգնվի Հայաստանում սահմանադրական կարգը՝ այդ ժամանակ մարդիկ կվերադառնան իրենց ակունքներին, նորից կարթնանան լուսավոր հիշողությունները, նորովի կգիտակցվի այն լավագույնը, որ դարերով միացնում էր մեր ժողովուրդներին:

Եվ այս պայմաններում անհրաժեշտ է նորովի իմաստավորել (զերծ մնալով կայսերական պատվամոլության բարդույթից) Պետրոս Մեծի 1724թ. նոյեմբերի 10-ի հրովարտակի հետևյալ խոսքերը. «Սույնով մենք հայ ժողովրդին հանուն քրիստոնեության մեր հաճության և հովանու ներքո ենք վերցնում»: Իսկ չէ՞ որ իմաստուն թագավոր էր Պետրոս Մեծը: Եվ ուզում եմ մտածել, որ ամենևին էլ պատահականություն չէր, որ 2003թ. հոկտեմբերի 6ին Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում ելույթ ունենալով Հայերի համաշխարհային կազմակերպության հիմնադիր համագումարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետրոս Առաջինի հենց վերոհիշյալ նախադասությամբ էլ ավարտեց իր ողջույնի խոսքը: