«ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

29.07.2005

Ս/թ հունիսի 30-ից հուլիսի 12-ը «Ազգային Միաբանություն կուսակցության»  նախագահ Արտաշես Գեղամյանը գտնվում էր ԱՄՆ-ում: Վաշինգտոնում կայացած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հոբելյանական նստաշրջանի լիագումար նիստում նա հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման խնդրում սկզբունքային նոր մոտեցումներ արծարծող ելույթով: Ելույթ, որը միաժամանակ կոչ էր ԵԱՀԿ անդամ-երկրներին՝ տեղի չտալ ԼՂՀ հիմնահարցի լուծման ադրբեջանաթուրքական մոտեցումներին, որոնք հղի են տարածաշրջանի ապակայունացմամբ: Ելույթ, որը նաև նախազգուշացում էր Հարավային Կովկասում քաղաքակրթությունների հնարավոր բախումը կանխելու համար: Ուշագրավը, ի դեպ, այն է, որ Ա.Գեղամյանի ելույթի արձագանքը երկար սպասեցնել չտվեց. ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինտոնը վերջերս կայացած իր հեռուստաելույթում առանձնահատուկ կարևորել է ԵԱՀԿ ԽՎ-ում հնչած այս հարցի հույժ արդիականությունը, որը և դառնալու է սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի պետությունների նախկին նախագահների վեհաժողովի քննարկման հատուկ առարկա:

ԵԱՀԿ շրջանակներում վաշինգտոնյան հանդիպումներին հետևեցին Կալիֆորնիայում և Նյու Յորքում Ա.Գեղամյանի ունեցած քննարկումներն արդեն իսկ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ուղիղ հեռուստաելույթները (ութուկես ժամ տևողությամբ) հայկական տարբեր հեռուստաալիքներով, մամուլի ասուլիսը և հարցազրույցները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ շարքից Ա.Գեղամյանի տված հարցազրույցը Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հրատարակվող «Ավանգարդ»  շաբաթաթերթին (հուլիսի 18-ին):

Օրերս «Ավանգարդ»  շաբաթաթերթը, «Կռունկ», «Մուսա», «Ծիածան», «Առողջություն և գեղեցկություն»  ամսագրերը հրատարակող «ՆՄՄԿ»  հրատարակչական տան հյուրն էր Հայաստանի քաղաքական հայտնի գործիչ, «Ազգային Միաբանություն կուսակցության»  նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա սիրով համաձայնեց հարցազրույց տալ «Ավանգարդին»:

Կ.Բ. - Պարոն Գեղամյան, Դուք համարվում եք Հայաստանում գործող իշխանության ընդդիմադիր շարժման ամենավառ առաջնորդներից մեկը: Հետևաբար, զարմանալի չէ, որ մեր թերթի ընթերցողներից շատերին հետաքրքրում է, թե արդյոք չե՞ք պատրաստվում Ձեր թեկնածությունն առաջադրել նախագահական առաջիկա ընտրություններում:

Ա..Գ. - Լուրջ քաղաքագետի համար Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելը ոչ մի դեպքում ինքնանպատակ լինել չի կարող: Խնդիրը, որ այժմ ծառացել է ընդդիմության առջև և որին այս պահին ու այստեղ ներկայացնում եմ ես՝ լինելով «Ազգային Միաբանություն կուսակցության»  նախագահը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ժողովրդավարական անշրջելի զարգացումների համար բարենպաստ և անհրաժեշտ պայմաններ: Այս մոտեցումն այլընտրանք չունի: Ցանկացած այլ սցենար երկիրը հանգեցնելու է ստագնացիայի և, վերջին հաշվով, Հայաստանի պետականության կորստի:

Ներկա պայմաններում, երբ հստակորեն դիտարկվում են մեր երկրի զարգացման բացասական միտումներ, ակնհայտ է դառնում, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում խորանում է մարդկանց դժգոհությունն արտաքին ու ներքին քաղաքականությունից, ինձ ոչինչ չի մնում, քան այն՝ պատասխանատվություն վերցնել մեր երկրի ու ժողովրդի ապագայի համար:

Կ.Բ. - Այդ դեպքում, պարոն Գեղամյան, ԱՄՆ ուղևորվելու Ձեր նպատակներից մեկն արդյոք այն չէ՞, որ ստանաք մեր ընտրողների աջակցության երաշխիքը:

Ա.Գ. - Բնավ չէի ցանկանա նեղացնել այն մարդկանց, ովքեր այստեղ՝ Կալիֆորնիայում, իմ համակիրներն են, ովքեր նախորդ ընտրությունների ժամանակ քվեարկել են իմ օգտին, բայց, պետք է ասեմ, որ ուղևորությունս Ամերիկա մի փոքր այլ նպատակ է հետապնդում: ԵԱՀԿ-ի պառլամենտական ասամբլեայում, լինելով Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ես մասնակցեցի Ասամբլեայի հոբելյանական նիստին: Հոբելյանական, քանի որ 30 տարի առաջ Հելսինկիում ստորագրվեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության պայմանագիրը: Այս փաստաթուղթը ստորագրեցին Եվրոպայի 33 երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Կանադայի ղեկավարները: Ճակատագրի կամոք ինձ բախտ վիճակվեց ելույթով հանդես գալ Վաշինգտոնում՝ հոբելյանական այդ վեհաժողովի լիագումար (պլենար) նիստում: Տարբեր երկրների բազմաթիվ կոնգրեսականների և պառլամենտների անդամների կարծիքով՝ այդ ելույթի հիմնական դրույթները կարող են ունենալ շատ ու շատ հետաքրքիր զարգացումներ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում ապրող իմ հայրենակիցների աջակցության երաշխիքները ստանալուն, ապա չափազանց բարձր եմ գնահատում այն, քանի որ, ամեն ինչից զատ, ենթադրում եմ, որ հենց ԱՄՆ-ում բնակվող հայ ընտրողն է համարվում «լակմուսաթուղթը», նախագահի այս կամ այն թեկնածուի նկատմամբ ընտրողների իրական մոտեցման դրսևորողը: Համաձայնեք, որ սա կամքի բացարձակապես ազատ արտահայտություն է, քանզի այստեղ բացառվում է ընտրողների նկատմամբ որևէ ճնշում գործադրելու հնարավորությունը:

Իր հերթին, սա արտացոլում է ընտրողների իրական տրամադրությունները Հայաստանում, քանի որ աշխարհի տարբեր երկրներում ու նաև այստեղ՝ Կալիֆորնիայում ապրող հայերին միավորում են ազգակցական զորեղ կապերը մայր հայրենիքի հետ:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ բոլոր ամերիկահայերին շնորհակալություն հայտնել նյութական այն օգնության համար, որ ցույց է տրվում Հայաստանի բնակիչներին: Եթե չլիներ այդ աջակցությունը, ապա, հասկանալի է, թե որքան դժվար ու ծանր էր լինելու մեր հայրենակիցների վիճակն այն պայմաններում, որ ստեղծվել են Հայաստանում՝ հիմնականում կոռուպցիայի և գործող իշխանության անճարակության հետևանքով:

Որպեսզի իմ դիրքորոշումն ավելի մոտ ու հասկանալի լինի ԱՄՆ-ի իմ հայրենակիցներին, ես փորձեցի օգտվել այստեղ գտնվելու հանգամանքից, որպեսզի իմ գնահատականները տամ ոչ միայն բուն Հայաստանում, այլև Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, առաջ քաշելու խնդիրներ, որ ծառացած են մեր երկրի, մեր ժողովրդի առջև: «Մեր ժողովուրդ»  ասելով՝ նկատի ունեմ ողջ հայությանը, քանի որ գտնում եմ՝ եթե չլինի Հայաստանի Հանրապետությունը, սփյուռքն աստիճանաբար կազմալուծվելու, վերանալու է: Մյուս կողմից, եթե չլիներ այն օգնությունը, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանը ստանում է սփյուռքից, ավելի որոշակի՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Արևմտյան Եվրոպայում բնակվող հայերից, հարցականի տակ էր դրվելու հայկական պետականության գոյությունը: Իսկ սա խայտառակ դատավճիռ կդառնար մեր սերնդին՝ ժառանգած հայ քաղաքակրթությունը պահպանել չկարողանալու համար, քաղաքակրթություն, որ իր արմատներով հազարամյակների խորքն է գնում և կարողացել է հաղթահարել պատմության արհավիրքները:

Կ.Բ. - Պարոն Գեղամյան, այն, որ Դուք բազում կողմնակիցներ ունեք ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում՝ կասկած չի հարուցում: Բայց խնդրում եմ պարզաբանեք, թե ինչի վրա է հիմնվում Ձեր այն համոզվածությունը, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի նախագահ դառնալու Ձեր հնարավորությունը շատ ավելի համոզիչ է, առավել հավանական:

Ա.Գ. - Երկու խոսքով դժվար է պարզաբանել բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանամ համոզիչ հիմնավորել Հանրապետության Նախագահի պաշտոնին հավակնելը: Բայց պետական բարձր պաշտոնի հավակնորդի վերաբերյալ կարծիք կազմելու հնարավորություն տվող չափանիշերի մասին կցանկանայի արտահայտվել:

Այսօր գլոբալացվող աշխարհում բոլոր պետություններն այնպես են շաղկապված, որ այս կամ այն երկրի քաղաքական ղեկավարության իմաստությունը (մանավանդ այնպիսի փոքր երկրի, ինչպիսին Հայաստանն է, որ հիմնականում շրջապատված է, ցավոք, ոչ բարյացկամ պետություններով) կազմում են համապարփակ գիտելիքները ոչ միայն սեփական երկրի, այլև հարևան պետությունների զարգացման հեռանկարների մասին: Սա հավասարապես վերաբերում է և այն տերություններին, որոնց աշխարհաքաղաքական շահերն առնչություն ունեն և Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ:

Ժամանակակից քաղաքագետի համար կարևոր է կանխատեսել համաշխարհային պրոցեսների զարգացումները և դրա շնորհիվ սեփական երկիրը հեռու պահել հնարավոր բացասական հետևանքներից: Ու նաև այն, որ հայրենի երկրի համար այս բարդ ու հակասական աշխարհում կարողանաս ընտրել գոյատևման առավել անվտանգ տարբերակներ:

Շատ հարցերի պատասխաններ կարողացա գտնել ապագան կանխատեսող հայտնի մասնագետների ու քաղաքագետների աշխատություններում: Համաշխարհային քաղաքական գործընթացների նկատմամբ համակարգային մոտեցում դրսևորելու հարցում սեփական պատկերացումներ ձևավորելու տեսակետից անգնահատելի օգնություն են ցույց տվել Ֆրենսիս Ֆուկույամայի, Սեմյուել Հանտինգտոնի, Էմանուել Տոդդի, Պատրիկ Բյուքենենի, Հենրի Քիսինջերի, Զբիգնև Բժեզինսկու աշխատությունները: Խորությամբ ուսումնասիրելով վերջերս հրապարակած նրանց աշխատությունները, վերլուծելով պատմության առաջ քաշած մարտահրավերները, որ հառնում են նույնիսկ այնպիսի հզոր երկրների առջև, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, ինձ հաջողվեց կազմել առաջիկա երկու տասնամյակում Հայաստանի միջպետական փոխհարաբերությունների հնարավոր զարգացման մոդելը: Այդ մոդելի հիմքում դրված առանցքային գործոնը երկարատև և կայուն խաղաղության հաստատումն է տարածաշրջանում: Դա էլ պետք է բխի ոչ թե ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության երկրների (պետություններ, որոնք Հարավային Կովկասը համարում են իրենց աշխարհաքաղաքական և կենսական շահերի գոտի)՝ այս տարածաշրջանում առկա որոշակի հակասություններից, այլ պետք է հիմնված լինի այդ երկրների հետ Հայաստանի երկխոսության և համագործակցության գաղափարի անհրաժեշտության վրա՝ ելնելով պատմական այն իրողությունից, որ Հայաստանը քրիստոնեական հին քաղաքակրթություն ունեցող երկիր է, որի պահպանումն ու զարգացումը ոչ միայն մեր՝ հայերիս, խնդիրն է, այլև քաղաքակիրթ ողջ աշխարհի առաքելությունը:

Աշխարհում քաղաքակրթությունները միմյանց դեմ դուրս բերելու ի հայտ եկող միտումը հանգեցրել է հակասությունների ամենասուր ձևերի՝ գլոբալ ահաբեկչության, ինչը երկրագնդի վրա ապրելը դարձրել է մղձավանջային:

Քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտությունը, որը պետք է բացառի քաղաքակրթությունների բախումները, գիտակցում են ամենատարբեր հայացքների տեր քաղաքագետները՝ սկսած Մուհամեդ Խաթամիից մինչև Ջորջ Բուշը: Պատահական չէ, որ ԱՄՆ-ի նախագահն իր վերջին ելույթներից մեկում ներկայացրեց համաշխարհային զարգացումների երեք կարևորագույն ուղղությունները՝ ազատության և դեմոկրատիայի հետ նաև քաղաքակրթությունների երկխոսություն: Այս միտումի կոնտեքստում քրիստոնեական և մահմեդական քաղաքակրթությունների սահմանագծին գտնվող Հայաստանին կարող է հատկացվել չափազանց կարևոր դեր:

Կ.Բ. - Հայաստանի ընդդիմադիր շարժման առաջնորդները հասկանո՞ւմ են, որ նախագահական առաջիկա ընտրություններում ընդդիմությունից ավելի քան մեկ թեկնածուի առաջքաշումը գործող իշխանություններին թույլ կտա իրենց դրածոյին անցկացնել և հասնել նրա հաղթանակին նախագահական հերթական ժամանակաշրջանի համար:

Ա.Գ. - Այստեղ առաջ է գալիս իրարամերժ երկու մոտեցումների բախում: Ի սկզբանե հետևելով Ձեր տված հարցի տրամաբանությանը՝ ընդդիմությունը պետք է հնարավոր համարի, որ Հայաստանում նախագահական ընտրություններում հերթական անգամ չեն բացառվի տարբեր բնույթի խախտումներ, կեղծումներ և ընտրողների սահմանադրական իրավունքների ոտնահարումներ:

Ես կարծում եմ, որ եթե մենք իսկապես հավատում ենք Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների անխուսափելիությանը, եթե մենք իսկապես պատրաստ ենք դրա համար ամենաթանկ գինը վճարել, ընդդիմությունն իր ամբողջ քաղաքականությամբ, իր բոլոր գործողություններով պետք է համոզի ընտրողներին, Հայաստանի բոլոր բնակիչներին, որ մենք ընտրություններին ներկայանալու ենք մի քանի թեկնածուով, բայց նրանք բոլորը լինելու են համախոհներ և ազատ, դեմոկրատական ընտրությունների ապահովման երաշխավորներ: Այլապես մենք ի սկզբանե, փաստորեն, հաշտվում ենք այն մտքի հետ, որ եթե ընդդիմությունից մեկ թեկնածու չլինի, նախագահական ընտրություններում իշխանությունները վերստին դիմելու են խախտումների և կեղծիքների:

Սա հարցի մի կողմն է: Կա և մյուս կողմը՝ թեկնածուներն իրավունք չունեն իրենց պայմանավորվածություններով ճնշում գործադրել շարքային ընտրողի վրա: Այսպես, ասենք, Գեղամյանը կարող է ընդունելի լինել ընտրողների մի մասի համար, և միանգամայն անընդունելի՝ մյուսի: Հանդես գալով իշխանության դեմ՝ ընտրողների այս զանգվածը կկամենա ձայնը տալ ընդդիմության այլ թեկնածուի օգտին: Եթե մենք մեր գործողություններով ստիպում ու զրկում ենք ընտրողին ընդդիմադիր թեկնածուներից ընտրություն կատարելու հնարավորությունից, նա իրավունք կունենա կասկածի տակ առնելու Հայաստանում ժողովրդավարական վերափոխումներին ուղղված մեր սկզբունքային դիրքորոշումը:

Կ.Բ. - Հայաստանի ներկայիս ղեկավարության արտաքին քաղաքականությունում դրսևորվող կոմպլիմենտարությունը նվաստացուցիչ է երկրի համար: Կոմպլիմենտարությունն արտաքին քաղաքականությունում մի գործիք է քաղաքական հավասարակշիռ կառույցների համար: Եվ այս պարագայում, երբ կողմերից մեկը ոչ լեգիտիմ և թույլ իշխանություն է, դա հղի է միակողմանի զիջումներով, ինչը դեմ է ազգի շահերին: Հենց նման միտում է նկատվում այսօր ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Հայաստանի փոխհարաբերություններում: Մինչդեռ Հայաստանի համար ոչ պակաս կարևոր է կարգավորել շփումները նաև հարևանների հետ: Դուք, պարոն Գեղամյան, ընտրվելով նախագահ, ի՞նչ մտադրություններ եք ունենալու մերձավոր հարևանների հետ հարաբերությունները կառուցելու հարցում:

Ա.Գ. -  Ձեր հարցի սկզբնամասը միևնույն ժամանակ և պատասխան է: Դրա տակ ես պատրաստ եմ դնելու իմ ստորագրությունը: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա հարևանների հետ հարաբերություններն անհրաժեշտ է կառուցել՝ հիմնվելով այն կանխադրույթների վրա, որոնք պարզ են ու հասկանալի ոչ միայն քո երկրի բնակիչներին, այլև այն պետություններին, որոնք որոշում են համաքաղաքական զարգացումներն աշխարհում: Այսպիսով, այդ ամենը պետք է հիմնված լինի այն երկրների քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը հարգելու վրա, որոնց հետ դուք մտադիր եք կարգավորել քաղաքական կապերը: Դրանք պետք է բացառեն լարվածության նոր օջախների առաջացման հնարավորությունը և պետք է ուղղված լինեն տնտեսական կապերի ամրապնդմանը, քանի որ առանց տնտեսական կապերի հնարավոր չէ երկրների նորմալ համագործակցություն, երկրներ, որոնք հոգևոր ու բարոյական տարբեր արժեքներ են դավանում: Տվյալ դեպքում ես նկատի ունեմ մեր հարևաններին՝ Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին, բնականաբար, Վրաստանին: Եվ մեր քաղաքականությունը պետք է անմիջականորեն հիմնվի Հայաստանի Հանրապետության կենսականորեն կարևոր շահերի վրա՝ նկատի ունենալով այն, որ այսօր մեր բոլոր հարևանները, բացի Իրանից, հայտարարել են Եվրամիությանն ինտեգրվելու գաղափարին իրենց հակվածության մասին:

Նշանակում է, մենք պետք է ճշգրտենք մեր գործողությունները՝ հաշվի առնելով համագործակցող այս պետությունների պահանջները, որոնց հետ մոտ ապագայում ևս ունենալու ենք բավականին երկարաձիգ սահման: Մեզ համար դա պատմական միանգամայն նոր իրավիճակ է, և անհրաժեշտ է դրանից քաղել որոշակի օգուտ՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական:

Կ.Բ. - Պարոն Գեղամյան, մի առիթով Դուք նշել եք, որ ներկայիս իշխանությունը, պատկերավոր ասած, կտրում է Հայաստանը սփյուռքի հետ կապող պորտալարը: Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում այդ կապն ապագայում:

Ա.Գ. - Այնպիսի փոքր պետության համար, ինչպիսին, ավա՜ղ, այսօրվա Հայաստանն է, հանցանք է, երբ սփյուռքը, որտեղ գործնականում ապրում է հայության 75 %-ը, արհեստականորեն բաժանվում է Հայաստանից, որտեղ բնակվում է մեր ազգի միայն մեկ քառորդը: Եթե առանցքայինը չդառնա հայության պահպանության համընդհանուր գաղափարը, որն ի սկզբանե ներառում է գլոբալիզացիայի մարտահրավերներին հակակշռող բոլոր գործոնները, ապա մենք կդատապարտվենք կամ բացարձակ ինքնամեկուսացման, կամ, վատագույն դեպքում, կանհետանանք աշխարհի քաղաքական քարտեզից: Ուրեմն, Հայաստանը պետք է պետական, քաղաքական իմաստություն ձեռք բերի, որպեսզի օգտագործի սփյուռքի այդ հսկայական ներուժը՝ երկկողմանի զարգացման ու փոխհարստացման համար, որպեսզի յուրաքանչյուր հայ, ասենք, Կալիֆորնիայի բնակիչ, իմանա, որ ԱՄՆ-ում ունեցած իրավունքներից ու պարտականություններից բացի, համապատասխան իրավունքներ ու պարտականություններ ունի նաև իր պատմական հայրենիքի առջև: Եվ այս մոտեցումները կյանքի կոչելը պետք է լինի ոչ թե սփյուռքի, այլ Հայաստանի ղեկավարության պարտականությունը:

Հայաստանի ներկայիս ղեկավարությունը պետք է գիտակցի, որ, ունենալով այդաստիճան չօգտագործված և նույնիսկ իր կողմից չպահանջված հոգևոր, տնտեսական, ինտելեկտուալ վիթխարի ներուժ ունեցող սփյուռք, ի զորու չէ դիմակայելու գլոբալիզացիայի մարտահրավերներին և պետք է հեռանա պատմական ասպարեզից. այդպիսի իշխանությունն արդեն իսկ վտանգավոր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության համար:

Մենք պետք է վերջապես լուծենք երկքաղաքացիության խնդիրը: Համաշխարհային պրակտիկայում նման նախադեպեր արդեն կան, օրինակ՝ Իսրայելում, Հունաստանում, Չինաստանում և այլ երկրներում: Անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ ամրագրել այն դրույթը, որ ազգությամբ հայը ի ծնե համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ նրա իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգվում են համապատասխան օրենքներով:

Կ.Բ. - Մենք բոլորս մեծ հույսեր ենք կապում մեր ընդդիմության հետ: Սակայն բոլորիս մոտ այն զգացողությունն է մնացել, որ անցյալ տարիներին ընդդիմադիր շարժումը որոշակի սխալներ էր թույլ տալիս: Ինչպիսի՞ գլխավոր հետևությունների է հանգել ընդդիմությունն անցած ընտրարշավներից՝ և՛ Հայաստանի Նախագահին, և՛ Ազգային ժողովի պատգամավորներին ընտրելիս:

Ա.Գ. - Առաջին և հիմնական հետևությունը, որ տվյալ դեպքում կատարեց մեր կուսակցությունը, այս էր՝ մենք հազար անգամ իրավացի էինք, երբ խնդրում, համոզում էինք մեր գործընկերներին չգնալ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Ընտրություններ, որոնց մասնակցելով, փաստորեն, լեգիտիմացրեցին առաջին փուլի արդյունքները, ինչը հարյուր տոկոսով կեղծված էր: Այս հետևության էությունն այն էր, որ չի կարելի ապօրինի հիմքի վրա փորձել կառուցել օրինավոր շինություն:

Մեր սխալն այն էր, որ չէինք նախատեսել իրադարձությունների զարգացման նման տարբերակ: Մենք պարտավոր էինք կանխատեսելու դա և ընտրողներին հայտնելու ընտրությունների երկրորդ փուլին նրանց մասնակցության հետևանքները, որպեսզի ընտրողները գիտակցաբար բոյկոտեին երկրորդ փուլը:

Երկրորդ և շատ էական բացթողումը, որն ինձ էլ է վերաբերում, այն էր, որ մենք չկարողացանք նախապես ապահովել միջազգային կազմակերպությունների, ԵԱՀԿ-ի կամ Եվրախորհրդի, առանձին պետությունների աջակցությունը մեկ հարցում՝ Հայաստանի բնակիչների ժողովրդավարական իրավունքների պաշտպանության, որոնք ամրագրված են Սահմանադրությունում: Պետք էր ձգտել հասնելու այն բանին, որպեսզի Հայաստանում նախագահական ընտրությունները գտնվեին համաշխարհային հասարակայնության ուշադրության կենտրոնում:

Երրորդ բացթողումն այն էր, որ մենք անբավարար չափով աշխատեցինք սփյուռքի հետ: Հարցն այն չէ, որ ավելի լավ կազմակերպվեին ընտրությունները Հայաստանի սահմաններից դուրս, այլ այն, որ սփյուռքը, աջակցելով ընդդիմադիր շարժմանը, սա արտահայտելու էր ընտրությունների ժամանակ՝ այս կամ այն թեկնածուին տալով նախապատվությունը, միևնույն ժամանակ դրական ազդեցություն գործելով Հայաստանում բնակվող իր հարազատների, մտերիմների ու ծանոթների վրա: Որպեսզի հայաստանցիները իմանան, որ նրանք պաշտպանության տակ են ոչ միայն ընդդիմության, այլև սփյուռքի, և այն երկրների կառավարությունների ողջ զորությամբ, որտեղ ապրում են մեր հայրենակիցները:

Կ.Բ. - Դուք համաձա՞յն եք, որ Հայաստանը քաղաքականապես պետք է կողմնորոշվի դեպի Միացյալ Նահանգներ: Ի՞նչ կտա այդ կողմնորոշումը Հայաստանին:

Ա.Գ. - Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է առաջնահերթություն համարի սեփական անվտանգությունը և իր ժողովրդի բարգավաճումը: Եթե այսօր Հայաստանի դե յուրե հիմնական ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, որ ռուսական նորելուկ ժողովրդավարությունը շատ բան ունի սովորելու Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որովհետև Միացյալ Նահանգների ժողովրդավարական ինստիտուտները հնագույններն են և տվել են իրենց արդյունքները, այդ պարագայում մենք՝ հայերս, Հռոմի պապից ավելի կաթոլիկ չպետք է լինենք:

Կ.Բ. - Պարոն Գեղամյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հետաքրքիր զրույցի համար:

 

Հ. Գ. Սիրելի ընթերցող. ինչպես և սպասում էինք, հայրենյաց իշխանություններն արգելեցին հեռուստաալիքներով հանրությանն իրազեկել ԱՄՆ-ում Ա.Գեղամյանի կատարած արդյունավետ և ազգանպաստ գործունեությունը: Դե ինչ, կարծում ենք, Ձեզ համար էլ անակնկալ չի լինի, եթե առաջիկայում «խիստ հավաստի աղբյուրները» բոլոր հեռուստաալիքներով և իշխանամետ ռադիոկայաններով ու թերթերով եթեր արձակեն և հրապարակեն Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան կերակրատաշտից լափող գրչակների «հույժ հավաստի» տեղեկատվությունը, ըստ որի Ա.Գեղամյանի աղջիկն ամուսնանում է Ռ.Քոչարյանի որդու հետ, իսկ Գեղամյանն ինքը այս օրերին Ս.Սարգսյանի հետ Մոնտե Կառլոյի կազինոներում տանուլ է տվել վերջինիս պատկանող հայաստանյան ստվերային ողջ տնտեսության հալալ կեսըԵվ ամենևին էլ կարևոր չէ, որ Գեղամյանն ընդհանրապես դուստր չունի, իսկ Մոնտե Կառլոյում էլ երբեք չի եղել… Կամ էլ, աստված մի արասցե, հրապարակ կնետեն մեկ այլ ստոր հնարք, այն է, որ Ա.Գեղամյանը, իբր, գաղտնի պայմանավորվածություն ունի Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյանի հետ՝ վերջինիս նախագահական ընտրություններում աջակցելու համար: Հաշվարկը պարզ է. Հայաստանի Հանրապետության քաղաքական ցանկացած գործչի վարկաբեկելու ավելի գործուն հնարք, քան նրան կապելն այս զույգի հետ , ուղղակի չկա:

Ի վերջո, հասկացեք, որ 1998 և 2003 թթ. նախագահական խայտառակ ընտրությունները Սերժ Սարգսյանի պարագայում ձեզ երբեք ու երբեք կրկնել չի հաջողվի: Դրանց փորձերն անգամ հղի են քաղաքացիական պատերազմի վտանգով: Այնպես որ զուր են ձեր փորձերը Մոսկվայից Կալիֆորնիա մարդկանց գցել թյուրիմացության մեջ՝ անբարոյական կնոջը հատուկ ձևերով շառ անելով, թե Գեղամյանը ձեզ հետ գործարքի մեջ է: Մանգլիզներդ քառասուն օր է… Պարոնա՛յք, թարգեք ձեր ճամարտակությունները:

«Ազգային Միաբանություն կուսակցության»

մամուլի ծառայություն

Հարցազրույցը վարեց Կ.ԲԱԼԱԿԻՐՅԱՆԸ