ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԸ

16-18.05.2006

Ներքաղաքական իրավիճակի վերջին օրերի վայրիվերումների վերաբերյալ մեր թղթակցի հարցադրմանն ի պատասխան Արտաշես Գեղամյանը ներկայացրեց մայիսի 10-ին և 12-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ - Կարծիք կա, որ «Օրինաց երկրի» պատգամավորներին խմբակցությունից մեկ առ մեկ տանելով՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեղին քարտ է ցույց տալիս Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին: ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի փոխանցմամբ այս ամենը սպասելի էր՝ հաշվի առնելով «Օրինաց երկրի» ղեկավարի վերջին հայտարարությունները:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ - Այն, որ Ազգային ժողովի ամբիոնից 2001-2003 թթ. սեփականաշնորհման արդյունքների վավերացման ժամանակ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ այդ տարիներին մասնավորեցման քողի ներքո տեղի է ունեցել ազգային հարստության ալան-թալան և միլիոնավոր դոլարների արժեք ունեցող գույքի ջրի գնով վաճառք, դա «Օրինաց երկրի»  պատգամավորներն ընդունեցին հավուր պատշաճի: Դե, ինչ, իրականացված ալան-թալանը գաղտնիք չէր ոչ մեկի համար: Մեր ժողովուրդն այդ ամենի մասին գիտի, որովհետև բոլորիս աչքի առաջ է դա կատարվել: Այնուհետև, ինչպես հիշում եք, ԱԺ խոսնակի տված հարցազրույցում նշվել էր, որ 2003 թ. թե՛ նախագահական և թե՛ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, կեղծվել են նաև 2005 թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: Դա էլ «Օրինաց երկրի»  պատգամավորներն ընդունեցին հավուր պատշաճի, չէ՞ որ այս ամենի մասին էլ լավ գիտեն, թե՛ մեր մարդիկ և թե՛ պատկան միջազգային կառույցները:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ - Ի նկատի ունեք գերմանական թերթին տված Արթուր Բաղդասարյանի հարցազրո՞ւյցը:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ - Միանգամայն ճիշտ եք, այո, ի նկատի ունեմ այդ թերթին տված նրա հարցազրույցը: Բայց «Օրինաց երկրի»  խիստ «քաղաքականացված»  հատվածի տղաների համբերության բաժակը լցվեց այն ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ մենք ազգովի գնալու ենք ՆԱՏՕ, Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ն է: Դե, հիմա ես չէ, Դուք, խորհեք, ինչպե՞ս կարող էր «Ностальгия по СССР» անվանմամբ գինի արտադրող սեփականատերը դա հանդուրժել: Բա ՆԱՏՕ գնալու պայմաններում այդ գինին ո՞նց կխմվեր: Այնպես որ պարոն Բաղդասարյանի «աշխարհացունց»  այդ հարցազրույցը թե՛ խաղողագործների, թե՛ գինեգործների կողմից ընկալվեց որպես իրենց աշխարհայացքի դեմ ուղղված չափազանց լուրջ քաղաքական դեմարշ: Եվ, թերևս, պետք չէ գինեգործության համար նման ճակատագրական նշանակություն ունեցող խնդրի հանգուցալուծմանը (այն է՝ ՕԵԿ-ից դուրս գալը) քննադատորեն մոտենալ: Այդ մարդկանց քաղաքական մոտեցումը և նրանց տեսակետը դա է:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ - Ի դեպ, նշենք, որ պարոն Գեղամյանի հիշատակած «Ностальгия по СССР» գինի արտադրողը «ՄԱՊ» ընկերության ղեկավար Ալեքսան Պետրոսյանն է, որն արդեն դուրս է եկել «Օրինաց երկրից»: Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ «Օրինաց երկրից» պատգամավորների դուրս բերման գործընթացն ավելի լայն թափ ստանա, Արտաշես Գեղամյանը պատասխանեց, թե գումարելիների տեղափոխման հետևանքում արդյունքը նույնն է մնում՝ իրենց խմբակցությունում 10 պատգամավորով ավել կամ պակաս՝ Ազգային ժողովի որակը դրանից չի փոխվելու:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ - Միևնույն է, «Օրինաց երկրում»  մնացած պատգամավորները, ինչպես նաև խմբակցությունից դուրս եկած պատգամավորներն այսուհետև էլ շարունակելու են անել այն, ինչ իրենց կթելադրի պարոն Ռոբերտ Քոչարյանը: Այնպես որ այդ մարդիկ «Օրինաց երկրի»  ներսում կլինեն, թե դրսում՝ վերջնական առումով և ոչ մի էական տարբերություն չկա:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ - Իսկ այդ դեպքում կուսակցության ղեկավարի քայլը ո՞րը պետք է լինի, երբ տեսնում է, որ իր խմբակցության պատգամավորները դուրս են գալիս ինչ-որ մեկի ցուցումով:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ - Դուք, ի՞նչ է, ուզում եք, որ ես ռադիոյով հուշեմ Արթուր Բաղդասարյանին իր հետագա գործողություններում գտնի ամենաճիշտ քա՞յլը: Նա չի դիմել ինձ նման խնդրանքով: Երբ դիմի, անտարակույս, ոչ թե ռադիոյի միջոցով, այլ անմիջական զրույցի ժամանակ կհուշեմ: Իսկ մինչ այդ նշեմ, որ պարոն Արթուր Բաղդասարյանի հարգանքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ այն աստիճան մեծ է, որ եթե վերջինս հավեսով Արթուր Բաղդասարյանին հուշի, որ նա էլ պետք է դուրս գա «Օրինաց երկրից», ես, կարծում եմ, Բաղդասարյանը կհետևի Քոչարյանի խորհրդին և կհարգի նրա առաջարկը: Նրանց միջև, գաղտնիք չէ, որ շատ սերտ, ջերմ հարաբերություններ կան, և Ա.Բաղդասարյանը, այո, նույնպես դուրս կգա «Օրինաց երկրից»:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ - Իսկ թե արդյոք հնարավո՞ր է, որ այս ամենի արդյունքում «Օրինաց երկրում» մնացածներն ընդդիմություն դառնան, «Ազգային Միաբանության» ղեկավարն ասաց, որ եթե Արթուր Բաղդասարյանն ընտրի քավության ճանապարհը և հրապարակայնորեն խոստովանի, որ նաև իր կուսակցության լռակյաց համաձայնության պայմաններում են տեղի ունեցել 2001-2003 թթ. իրականացված ալան-թալանը, ավելին, քաջատեղյակ լինելով ազգային այդ կողոպուտի մասին, նա 2003 թ. նախագահական ընտրությունների ժամանակ կրծքով պաշտպանել է պարոն Քոչարյանի թեկնածությունը, խորհրդարանական կեղծված ընտրությունների արդյունքով ստանձնել ԱԺ խոսնակի պաշտոնը, ինչի համար էլ նա հիմա խորապես զղջում է, ապա այդ պարագայում գուցեև «Օրինաց երկիրը» ընդդիմադիր դաշտում տեղ գտնի:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ - Եթե նա անցնի այս քավարանով, սեփական մեղքերն ընդունի և եթե ժողովուրդն էլ ների, ապա չեմ բացառում, որ նման իրավիճակում «Ազգային Միաբանությունը»  կճանաչի այդ քաղաքական կառույցին որպես իր համար ընդունելի ընդդիմադիր քաղաքական ուժ:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ - Եվ այդ դեպքում հնարավոր համարո՞ւմ եք, որպես արդեն ընդդիմադիր ուժ, «Օրինաց երկրի» և «Ազգային Միաբանության» համագործակցությունը:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ - Ժամանակը ցույց կտա: Որքանով արագացված լինի այդ քավարանով անցնելը, այդքանով հեռանկարները մեծ կլինեն, որ «Օրինաց երկիրը»  և «Ազգային Միաբանությունը»  կկարողանան միասին պայքար մղել երկրում ժողովրդավարություն հաստատելու համար:

* * *

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ - Գաղափարական լուրջ տարաձայնությունների, թե՞ նախապես մշակված սցենարի արդյունք էր կոալիցիայից «Օրինաց երկրի» դուրս գալը: Ի՞նչ զարգացումներ կհետևեն այս քայլին՝ հարցով դիմեցինք «Ազգային Միաբանություն կուսակցության» և ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանին:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ - Ի՞նչ, Ձեզ թվում է, որ կարող է զարգացումներն այնպես ընթանան, երբ այս կամ այն օրինագծի ընդունման ժամանակ «Օրինաց երկիրը»  դեմ լինի այն հրահանգներին, որ տրվեն նախագահական նստավայրի՞ց: Իհարկե, ոչ: Պարզապես իշխանական դաշտում հերթական անգամ խնդիր է առաջացել ապացուցելու, թե ո՞վ է իրականում «միակ տղամարդը»: Եվ «Օրինաց երկրի»  ղեկավարի անգամ իսկ զգուշավոր նկրտումներն անմիջապես կանխվեցին, հեղինակն էլ՝ պատժվեց: Քաղաքական դաշտում մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվի, խնդիրները, որոնք կանգնած են Հայաստանի Հանրապետության առջև դարձյալ կմնան անլուծելի: Այն է՝ կոռուպցիոներներն ավելի լավ կզգան, քանի որ իրենց աչքի առաջ անգամ իսկ ընդդիմադիր, թեկուզև պոպուլիստական փոքր դրսևորումը ճնշվեց տեղում, թալանչիներն ավելի արտոնյալ կզգան, որովհետև իրենք արդեն իսկ կհասկանան, որ 2001-2003 թթ. ալան-թալանը բարեհաջող մարսելու են, Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը իրենց հերթին կզգուշանան՝ տեսնելով «Օրինաց երկրի»  դառը փորձը: Չէ՞ որ, ըստ էության, անգամ իսկ թվացյալ այլախոհությունը խստագույնս պատժվեց: Այս ամենն այնքան տխուր չէր լինի, եթե չասենք՝ ողբերգական, եթե զավեշտական չլիներ: Ողբերգականն այս պատմության մեջ այն է, որ հերթական անգամ պարոններ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Հայաստանի հասարակայնությանը հասկացրին, որ իրենք են ծնում իշխանություն, իրենք էլ այդ նույն իշխանության մեջ ծնում են «ընդդիմություն»  և եթե հանկարծ այդ «ընդդիմությունը»  իրենց սահմանած չափից անգամ իսկ կես քայլ էլ շեղվի, կպատժեն, ականջներն էլ՝ կոլորեն: Զավեշտն էլ այն է, որ իշխանական կոալիցիայից «Օրինաց երկրի»  դուրս գալը հանրապետության քաղաքական կյանքի վրա ամենևին և ոչ մի ազդեցություն ունենալ չի կարող: Ինչպես նաև չի կարող ազդեցություն ունենալ նաև այն, որ, եթե հանկարծ վաղը ՀՀԿ-ն դուրս գա կամ Դաշնակցությունը: Խնդիրն այն է, որ նրանք չունեն ամենակարևորը, ինչն էլ կարող է որոշիչ դերակատարում ունենալ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա. նրանք չունեն ժողովրդի աջակցությունը:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ - Պարոն Գեղամյան, նաև մեկնաբանություններ կան, որ «Օրինաց երկիրը», Արթուր Բաղդասարյանը կարող են հայտնվել ընդդիմադիր դաշտում: Արդյոք մտավախություն չունե՞ք այս առումով:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ - Վերստին նշեմ: Առաջին, եթե Արթուր Բաղդասարյանը քաղաքական հեռատեսություն դրսևորի, խոստովանի, որ ինքը գիտենալով, որ 2001-2003 թթ. սեփականաշնորհման քողի ներքո տեղի է ունեցել ազգային հարստության կողոպուտ, երկրորդ, եթե հայտարարի, որ այդ ալան-թալանը հնարավոր է եղել պարոն Քոչարյանի ստորագրությամբ վավերացված կառավարության որոշումների արդյունքում (մի մարդու, որը նույն՝ Արթուր Բաղդասարյանի մեծ բարերարն է), երրորդ, եթե հետն էլ չմոռանա նշել, որ այդ կողոպուտը չէր կարող իրականացվել առանց Սերժ Սարգսյանի բարձր և անմիջական հովանավորությամբ, ապա միայն այս ինքնախոստովանությունների դեպքում է, որ «Ազգային Միաբանությունը»  պատրաստակամ կլինի քաջալերել քավության ճանապարհ ընտրելու Ա.Բաղդասարյանի վճռականությունը: Այս պարագայում, կասկածից վեր է, որ մտահոգություն պետք է ունենա միայն ու միայն իշխանությունը:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ - Պարոն Գեղամյան, նաև այսպիսի մի հարց: Ձեր կարծիքով արդյոք սա պարզագույն պատի՞ժ է Արթուր Բաղդասարյանին, թե, այնուամենայնիվ, լավ մտածված կոմբինացիա առաջիկա ընտրություններում ընդդիմության ձայների վրա ներազդելու համար:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ - Սա բացարձակապես և ոչ մի կոմբինացիա լինել չի կարող, պատիժ լինել նույնպես չի կարող: Կրկնեմ, եթե պարոններ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը փոքր-ինչ հորդորեն Արթուր Բաղդասարյանին, ապա, համոզված եղեք, որ Արթուր Բաղդասարյանը տղերքի խաթրից դուրս չի գա, այլ ինքն էլ իր հերթին դուրս կգա «Օրինաց երկիր»  կուսակցությունից: Որովհետև, ինչպես նշված էր «Հայկական ժամանակ»  թերթի մայիսի 11-ի խմբագրականում, այդ կուսակցությունը ստեղծվել է Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցության պարագայում և, պատահական չէ, որ կուսակցության առաջամարտիկները եղել են, ինչպես հիշատակում է թերթը, ոչ այլ ոք, քան Ներքին գործերի և Ազգային անվտանգության ծառայությունների գործակալները: Եվ եթե «Օրինաց երկիր»  կուսակցության մեր գործընկերները պատվախնդիր մարդիկ են, ապա, ես համոզված եմ, որ իրենք, անտարակույս, անպայման կդիմեն դատարան, որ թերթի այդ լրջագույն պնդում-մեղադրանքը հանեն իրենց վրայից: Այլապես, ստիպված պետք է լինեն դիմել «Օրինաց երկրի»  այն ձեռներեցներին, ովքեր, աշխարհաքաղաքական հարցերից զատ, խորացած են փականներ արտադրելու, ավտոպահեստամասեր անօրեն վաճառելու մեջ, ու պատվիրեն մի մեծ կողպեք, որն էլ կկախեն իրենց կուսակցության նորակառույց շենքի դռանը՝ «ՓԱԿ»  է, այն է՝ «CLOSE»  ցուցավահանակի տակ: