ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՈՒԺ

 

Այսօր տեղի ունեցավ նոր նախաձեռնության հիմնադրումը, որը ըստ ամենայնի վերաճելու է հանրային շարժման եւ հանդես է գալու որպես ինքնուրույն ուժ: Նախաձեռնությունը տարածել է ստորեւ ներկայացվող հայտարարությունը, իսկ վաղը հրավիրել է մամուլի ասուլիս:

 

Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ.

Հանուն նոր Միության

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում կատարված պետական հեղաշրջումը արեւմտյան հատուկ ծառայությունների՝ Հայաստանի Հանրապետությունից և Հարավային Կովկասից Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու ռազմավարական ծրագրի առաջին փուլի իրականացման արդյունքն էր։ Հեղաշրջման իրականացմանը մասնակից եղան Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող բացահայտ ռուսատյացները, «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի  հետևորդները և ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստները։ Նրանք, իրականացնելով գունավոր հեղափոխությունների արևմտյան ստրատեգների պլանները, իշխանության բերեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պաթոլոգիական հակառակորդ, հայ ինքնության թշնամի Նիկոլ Փաշինյանին։

Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեմ ադրբեջանա-թուրքական հրոսակների սանձազերծած պատերազմը լուծեց պետական հեղաշրջման ստրատեգների գլխավոր խնդիրներից մեկը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղի սահմանի 105 կիլոմետրանոց անվտանգության գոտու զավթումը՝ հետագայում այդ տարածքում ՆԱՏՕ անդամ Թուրքիայի զինված ուժերի եւ ահաբեկչական խմբավորումների տեղակայման հեռանկարով։ Բացառապես շնորհիվ Ռուսաստանի, անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի՝ հաջողվեց սանձել ագրեսորին, դրանով իսկ կանխել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ցեղասպանությունը։ Պատերազմում Հայաստանի  պարտությունը ինչպես զինված ուժերի ղեկավարման հարցում, այնպես էլ դիվանագիտական ճակատում հիմնականում Փաշինյանի ու նրա թիմի հանցավոր անհամարժեք գործողությունների հետևանքն էր։ Լիակատար հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանական Հանրապետության նախագահների, Հայաստանի Հանրապետության վարչապետի Հայտարարության ստորագրումից հետո անցած ժամանակը ցույց տվեց, որ թուրք-ադրբեջանական հրոսակները այսուհետ ևս սադրելու են իրավիճակի ապակայունացում Ադրբեջանի և Արցախի Հանրապետության զինված ուժերի սահմանազատման գծում, ինչպես նաև Թուրքիան և Ադրբեջանը, իրենց հայտնի արևմտյան հովանավորների լուռ աջակցությամբ, ռազմական սադրանքներ կսկսեն Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանին Սյունիքի մարզի շրջանում։ Ընդ որում՝ նրանք չեն թաքցնում իրենց զավթողական եւ ցեղասպան պլանները Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։

Հայաստանի  կրած ծանր  կորուստները` թե՛ մարդկային, թե՛ տարածքային բանակին հասցրած վնասը եւ սահմանների նոր  ձեւավորումը  հրատապ են դարձնում մեր անվտանգության նոր համակարգի  կառուցման  հրամայականը:

Հայոց պետականության և հայ ժողովրդի պատմության արդի ծայրահեղ վտանգավոր փուլում մենք հասկանում ենք, որ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգ գոյությունը, ապագան և բարգավաճումը մեր դարավոր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի հետ նոր քաղաքական միության ստեղծման, Ռուսաստանի հետ հզոր Հայաստանի կառուցման մեջ են, ինչը հնարավոր է միայն այն պայմաններում, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի  հետ Միութենական պետության մեջ։ Այս տեսլականը իրականություն դարձնելու համար մենք հիմնում  ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնությունը:

Մենք միաժամանակ հայտարարում ենք մեր համերաշխությունը քաղաքական այն բոլոր ուժերի, հասարակական շարժումների և կազմակերպությունների, աշխատանքային կոլեկտիվների և առանձին քաղաքացիների հետ, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 

Կեցցե՛ ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ, կեցցե՛ ռուս և հայ ժողովուրդների ռազմաքաղաքական եղբայրությունը։

Հանուն նոր Միության

 

Բաբայան Վահան Ռեֆորմիստների կուսակցության նախագահ

Բաբուխանյան Հայկ ՍԻՄ կուսակցության նախագահ

Գեղամյան Արտաշես «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Մարտոյան Արմեն Ղրիմի աշխարազորայինների միության ղեկավար

Մկրտչյան Վահրամ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ

Պետրոսյան Գայ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ

 

ՀԳ. Նախաձեռնությունը բաց է կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների եւ անհատների միանալու համար: