ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԻՃԱԿՎԱԾ Է ԿՐԱԿՆ ԱՌԱՋԻՆԸ ՎԵՐՑՆԵԼ ԻՐ ՎՐԱ

Եվ սա է հայ հնագույն քրիստոնեական քաղաքակրթության պատմական առաքելությունը

 

22.01.2018, Իրավունք

2019թ. հունվարի 17-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության VII գումարման Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) առաջին նիստը։ Այդ նիստի արդյունքներով նորընտիր պատգամավորների բանիմացության մակարդակի, էլ չեմ ասում պրոֆեսիոնալիզմի մասին ինչ-որ եզրահանգումներ անելը, կարծում եմ, վաղաժամ կլիներ, ուստի և՝ աննպատակահարմար։ Հիշողությանս մեջ տպավորվել են միայն առանձին դրսևորումներ, դիցուք՝ պատգամավորների բեղուն աշխատանքի մեծ ձգտումը, անմիջականության և ժողովրդավարականության մթնոլորտը։ Վերցնենք, օրինակ, ՀՀ ԱԺ նոր խոսնակ Արարատ Միրզոյանի անապակ դեմոկրատականության և  խանդաղատալից գյուտարարության դրսևորումը։ Համոզվելով, որ ժողովրդի ընտրյալները նույնիսկ երրորդ փորձից հետո չեն կարողանում սանձել անհատական էկրանների վրա տեղադրված քվեարկության երեք կոճակները (կողմ, դեմ, ձեռնպահ), նա շատ օպերատիվ կողմնորոշվեց չլսված-չտեսնված «ֆորս-մաժորի» հարցում, իրավիճակը ձեռքը վերցրեց, ու խորհրդարանը քվեարկեց ձեռքով։ Ընդ որում՝ ձայները հաշվելու ողջ սև աշխատանքն անձամբ ստանձնեց խոսնակը՝ դրանով իսկ ցույց տալով, որ տարատեսակ էլեկտրոնային խարդավանքները արգելք չեն կարող հանդիսանալ ՀՀ ԱԺ բնականոն գործունեության համար։ Մի խոսքով՝ տե՛ս, թե ով ենք մենք, մեզ մերկ ձեռքերով չես վերցնի։ Իմացի՛ր, հարգելի ընթերցող ու... գոտեպնդվի՛ր։

ՀՀ ԱԺ առաջին նիստի արդյունքների այսքան լավատեսական ընկալումից հետո ինձ, այնուամենայնիվ, հանգիստ չէր թողնում Հայաստանի ապագայի համար տագնապի զգացումը, մանավանդ աշխարհում, էլ չեմ ասում Մերձավոր Արևելքում ու Հարավկովկասյան տարածաշրջանում բավական սրացած միջազգային իրադրության պայմաններում։ Սրանից ելնելով՝ իմ պարտքն եմ համարում Հայաստանի քաղաքացիների (առաջին հերթին), մեր երկրի ու հայ ժողովրդի բարեկամների առջև՝ կիսել իմ երկյուղները  Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հնարավոր սպառնալիքների և մարտահրավերների մասին։ Անկախ ՀՀ գործող իշխանությունների հանդեպ իմ վերաբերմունքից ու ընկալումից (ավելի շուտ՝ չընկալումից)՝ նպատակս մեկն է. թույլ չտալ, որպեսզի Հայաստանը գլորվի դեպի այն ճանապարհը, որը կհանգեցնի հայկական պետականության կորստի տանող անդառնալի գործընթացների։

Բնականաբար, հարգելի ընթերցողը կարող է հարց տալ. իսկ ինչո՞վ են պայմանավորված նման տագնապալի տրամադրությունները։ Մի՞թե Ն.Փաշինյանի՝ իշխանության ղեկին գտնվելու անցած 8 ամիսներին ՀՀ կառավարությունն իր գործողություններով, ավելի ճիշտ՝ անգործությամբ, կարողացել է համն այնպես հանել, թույլ տալ սխալների այնպիսի կրիտիկական քանակություն, որոնց ամբողջությունն իմ մեջ այսքան անմխիթարական կանխատեսումներ է առաջացրել։ Եվ ահա, սույն հոդվածի նպատակը այն իրադրության անաչառ իմաստավորումն է, որի մեջ հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո։

Այսպես, դեռևս 2018թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ մտցրեց «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու օրինագիծը, որի համաձայն նախատեսվում է նախարարությունների թվի կրճատում 17-ից 12-ի։ Դե, շատ լավ՝ կմտածի ընթերցողը։ Ի՜նչ կարիք կա ոչ մեծ Հայաստանում պահել «չպահանջարկված» նախարարություններ, ինչպիսին են, օրինակ, մշակույթի կամ սփյուռքի նախարարությունները։ Ախր, հիմա լրիվ ուրիշ ժամանակներ են՝ «թավշյա հեղափոխական»։ Ոչ, բնավ չեմ պատրաստվում բանավեճ սկսել նոր կառավարությունում այս կամ այն նախարարության առկայության նպատակահարմարության մասին։ Բայց և միևնույն ժամանակ տեղին եմ համարում որոշ հարցեր տալ, որոնց պատասխանները կարող են պարզություն մտցնել Ն.Փաշինյանի կառավարության  այս կամ այն կառույցի ընտրության հիմնավորվածության մեջ։ Տարակուսանքի առիթ է տալիս այն, որ ՀՀ կառավարության աշխատանքի 8 ամիսների ընթացքում կառավարության ծրագրային և ոչ մի փաստաթղթում, դիցուք՝ ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 1-ի ծրագրում (N 581-А, այսուհետ՝ Ծրագիր), կառավարության անդամների ելույթներում իսպառ բացակայում է ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունը, ինչը հիասթափությունից և տագնապից զատ ուրիշ որևէ բան առաջացնել չի կարող։ Միակ բանը, որը փոքր-ինչ մխիթարում է, սկզբունքորեն ընդունելի հարցերի թվարկումն է, որոնք տեղ են գտել Ծրագրի գլխացանկում, այո՛, ես չեմ սխալվում՝ ոչ թե Ծրագրում, այլ գլխացանկում։ Լավ է, որ Ծրագիրը կազմողները գոնե որոշ պատկերացում ունեն այն հարցերի մասին, որոնց լուծումը մտնում է Հայաստանի կառավարության իրավասության մեջ։ Իսկ ինչ վերաբերում է գլխացանկում տեղ գտած խնդիրների լուծման ուղիների մասին գործադիր իշխանության տեսլականին, ապա, Ծրագրի կազմողներին հասանելի բառապաշարով արտահայտված՝ Ծրագրի յուրաքանչյուր էջի հետ միասին ավելի ու ավելի ես համոզվում՝ մարազմը խորանում է։ Նման, այսպես ասենք՝ ներողամիտ գնահատական տալով այս փաստաթղթին՝ ակամա հիշեցի, թե ինչպես անցած դարի 70-80-ական թթ. մի անգամ տրտնջաց Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի կուսակցական հայտնի ֆունկցիոներներից մեկը։ Պոլիտեխնիկական ինստիտուտի ընդունելության քննությունների ժամանակ նա խնդրել էր ընդունող հանձնաժողովի անդամ մաթեմատիկոս գործընկերոջից գրավոր քննության ժամանակ օգնել իր զարմիկին։ Քննություն վերցնողը բավական ինքնատիպ էր ընկալել կուսակցական ղեկավարի խնդրանքը. դիմորդի սեղանի առջև ոտքը կախ գցելով՝ նա աննկատ մատնանշել էր քննատոմսի խնդիրների կամ վարժությունների յուրաքանչյուր լուծման մեջ տեղ գտած սխալները։ Բայց նա մոռացել էր հետն էլ հուշել լուծումների հնարավոր տարբերակները՝ հավանաբար ենթադրելով, թե առարկան քիչ թե շատ իմացող դիմորդը թույլ տված սխալների նշումից արդեն անմիջապես գլխի կընկնի ինչ անել։ Բայց չէ՜, այդ տարբերակը չէր։ Արդյունքում՝ դիմորդն արդարացիորեն վաստակեց երկու միավոր մաթեմատիկայի քննությունից, իսկ կուսակցական ղեկավարը խորապես վիրավորվեց գործընկերոջից, որը, կրկնում եմ, սահմանափակվել էր լոկ սխալները նշելով ու ցույց չտալով գլխավորը՝ ինչպես լուծել քննատոմսի խնդիրներն ու վարժությունները։ Որպեսզի ընթերցողները տպավորություն չստանան, թե իրենց խոնարհ ծառան էլ է սահմանափակվում լոկ կառավարության փաստաթղթերը քննադատելով՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով, շտապեմ շտկել նման հարցի գոյության իրավունքը։

Եվ ահա, կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը, նախքան նախարարների կաբինետի կառուցվածքի մասին իր տեսլականը ներկայացնելը, պետք է պարզեր. իսկ որո՞նք են կառավարության գործունեության (կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ) գլխավոր նպատակները; որո՞նք են դրանց իրականացման հնարավոր այլընտրանքները; ո՞ր խնդիրների լուծումն է ներկա պահին առաջնահերթ; որո՞նք են կառավարության գլխավոր գերակայությունները տնտեսական ու սոցիալական քաղաքականությունում; որո՞նք են, կառավարության կարծիքով, ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերներն ու սպառնալիքները և դրանց արդյունավետ դիմակայելու ուղիները, և նման շատ այլ հարցեր։ Ընդ որում՝ կործում եմ, որ որևէ մեկը չպետք է կասկածի, որ այս կերպ կազմված կառավարական ծրագրի իրագործումը պետք է հնարավոր լինի միայն Հայաստանի տնտեսությունը ներառական զարգացման հուն տեղափոխելու պայմաններում։ Իսկ դա, իր հերթին, պահանջում է, որպեսզի ՀՀ կառավարության նոր Ծրագրում, որն առաջիկա երկու շաբաթների ընթացքում ներկայացվելու է ՀՀ ԱԺ քննարկմանը, պետք է հստակ նշված լինեն կոնկրետ բնութագրիչները, օրինակ՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), բնակչության զբաղվածության, աշխատանքի արտադրողականության, բնակչության կյանքի տևողության աճի սպասվող ցուցանիշները։ Անշուշտ, կարևոր է, որպեսզի նոր Ծրագրում գրված լինեն աղքատության և անհավասարության մակարդակի իջեցման թիրախային ցուցանիշները, բնակչության միջին եկամտի ցուցանիշի աճի կոնկրետ մակարդակի (միջին եկամուտը բնութագրում է, թե ինչ մակարդակում բնակչության կեսն ունի միջինից ցածր, իսկ մյուս կեսը՝ միջինից բարձր եկամուտ) ապահովման ուղիները։ Եվ իհարկե, նոր Ծրագրում պետք է սահմանվեն միջսերնդային արդարության և կայունության ապահովման միջոցները, որպեսզի, օրինակ, նշվեն դրան հասնելու նպատակը և ուղիները՝ նկատի ունենալով ժողովրդագրական բեռնվածության օպտիմալ մակարդակը։ Այսինքն, երբ երեխաների ու տարեցների ընդհանուր թվի հարաբերությունը արտադրական տարիքի անձանց հետ լինի կանխատեսելի և հնարավորինս կարգավորելի, միևնույն ժամանակ օպտիմալ՝ Հայաստանի պայմաններում։ Կասկած չի հարուցում, որ նոր Ծրագրում իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև պետական պարտքի կարգավորման, շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի իջեցման և այլ հարցեր։ Վերը նշված հարցերից (որոնք պետք է արտացոլված լինեն Ծրագրում) յուրաքանչյուրի հրատապ լինելու իրավունքը կարելի կլիներ հիմնավորել համապատասխան վիճակագրությամբ, բայց գոնե այդ անհրաժեշտ աշխատանքի իրականացումը թողնենք նոր Ծրագիրը կազմողներին։ Նման մոտեցումն, անկասկած, կօգնի Ծրագրի համապատասխան բաժինները դարձնել և՛ համոզիչ, և՛ արդյունավետ դրանք իրագործելիս։

Հանուն պերճախոսության չէ, որ նշեցի, թե ՀՀ զարգացման նպատակների առաջադրումն ու իրագործումը հնարավոր են լոկ Հայաստանի տնտեսությունը ներառական զարգացման հուն դուրս բերելու պայմաններում։ Հենց այս մոտեցումն է օբյեկտիվորեն պահանջված՝ գտնելու համար կատարյալ հավասարակշռություն հասարակության, պետության ու բիզնեսի միջև։ Ըստ էության, հենց սա է սոցիալական կողմնորոշում ունեցող ցանկացած պետության գործունեության գլխավոր ուղղությունը։ Մեր կառավարության պաշտոնյաները պետք է գիտակցեն, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման լավագույն արդյունքների հասնելը հնարավոր է միայն տնտեսությունը ներառական զարգացման հուն դուրս բերելու պայմաններում։ Միևնույն ժամանակ, ինչ-որ կերպ նշելու համար, թե ինչ աշխատանք պետք է նախորդի այս կամ այն ծրագրային դրույթի սահմանմանը, կոնկրետ օրինակ բերեմ։ Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-նոյեմբերին» տեղեկագրի (էջ 85) համաձայն՝ 2018թ. հունվար-նոյեմբերին առևտրային հաշվեկշիռը եղել է բացասական, և առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է $2 մլրդ 319 մլն 16,8 հազ.։ Համեմատության համար նշենք, որ 2017թ. այդ նույն ժամանակամիջոցում ՀՀ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է $1 մլրդ 635 մլն 308,3 հազ.։ Այսինքն՝ անցած տարի, 2017-ի համեմատ, տեղի է ունեցել առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի աճ $683,7 մլն-ով։ Այնուհետև, ՀՀ Կենտրոնական բանկի 2018թ. N10 ժողովածուի տվյալներով (էջ 12)՝ ՀՀ բանկային համակարգի միջոցով 2018թ. հունվար-հոկտեմբերին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է $505 մլն 192 հազ., այն դեպքում, երբ 2017-ի նույն ժամանակամիջոցում՝ համապատասխանաբար $618 մլն 525 հազ.։ Ընդ որում՝ նշված ժամանակամիջոցում դեպի ՀՀ Ռուսաստանի Դաշնությունից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2017թ. կազմել է $543 մլն 291 հազ., իսկ 2018թ. հունվար-հոկտեմբերին՝ համապատասխանաբար $505 մլն 192 հազ.։ Այսպիսով, 2018թ. հունվար-հոկտեմբերին, 2017թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, տեղի է ունեցել դեպի ՀՀ դրամական փոխանցումների զուտ ներհոսքի կրճատում $113 մլն 333 հազարով։ Այս իրավիճակը բացասաբար է անդրադարձել ինչպես ընթացիկ գործառնությունների հաշվի, այնպես էլ ՀՀ վճարային հաշվեկշռի ֆինանսական հաշվի վրա։ Եթե 2017թ. հունվար-սեպտեմբերին ընթացիկ գործառնությունների հաշիվը կազմել է $21 մլն 72 հազ., ապա անցած տարվա այդ նույն ժամանակամիջոցում, համապատասխանաբար՝ մինուս $730 մլն 580 հազ. («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-նոյեմբերին», էջ 94), իսկ ֆինանսական հաշիվը անցած տարվա նշված ժամանակամիջոցում՝ մինուս $343 մլն 890 հազ. (նույն տեղում, էջ 97)։ Կասկած չի հարուցում, որ նման միտումը (առևտրային հաշվեկշռի և ֆինանսական հաշվի դեֆիցիտի աճ) շարունակվել է նաև 2018թ. IV եռամսյակում, քանի որ որևէ էական փոփոխություն այդ ոլորտներում ժամանակի այդ հատվածում տեղի չի ունեցել։ Այսինքն՝ մենք իրավունք ունենք պնդելու, որ 2018թ. երկրում տեղի է ունեցել արտարժույթի պաշարների էական կրճատում։ Այս եզրահանգումը հաստատող վիճակագրական տվյալներն ամբողջ 2018 թվականի համար կհրապարակվեն 2019թ. փետրվարին։ Կարծում եմ, որ ՀՀ վճարային հաշվեկշռի ցուցանիշների նշված դինամիկային ծանոթանալն իսկ ՀՀ կառավարության Ծրագիրը կազմողներին կբերի առնվազն երկու եզրահանգման։ Առաջին. Ծրագրում հարկ է ՀՀ-ից արտահանման ցուցանիշների էական աճի կոնկրետ միջոցներ նշել, այդ թվում և հիմնականում ի հաշիվ ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու, ինչի մասին համոզիչ վկայում է արտաքին առևտրի դինամիկան։ Այսպես, արտահանման աճի տեմպը 2018թ. հունվար-նոյեմբերին, 2017-ի նույն ժամանակամիջոցի համեմատ, կազմել է 109,8%, այն դեպքում, երբ ներմուծման աճի տեմպն այդ նույն ժամանակահատվածում կազմել է 124,2% («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-նոյեմբերին», էջ 87)։ Այնուհետև, Ծրագրում անհրաժեշտ է նախատեսել միջոցներ ՀՀ միջազգային ներդրումային դիրքի բարելավման, ասել է թե՝  մեր երկրի ներդրումային գրավչության բարձրացման բոլոր պայմանների ստեղծման համար։ Նշված ուղղություններում արդյունավետ միջոցների պլանավորումն ու ընդունումը թույլ կտան մեղմել ՀՀ վճարային հաշվեկշռի լարվածությունը և զերծ մնալ խիստ անցանկալի, բայց, ավաղ, անխուսափելի հետևանքներից (ՀՀ կառավարության անգործության դեպքում)՝ հայկական դրամական միավորի՝ դրամի փոխարժեքի մեծ անկումից կամ էլ պետական արտաքին պարտքի էական ավելացումից, էլ չեմ ասում այն մասին, որ ամենայն հավանականությամբ հնարավոր են դրամի փոխարժեքի էական անկում և պետական արտաքին պարտքի ավելացում միաժամանակ։

Երկրորդ եզրահանգում. կառավարության Ծրագրի կազմման պարտադիր և անխուսափելի պայման պետք է դառնա ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի համակողմանի վերլուծությունը՝ արտադրության, առևտրի և այլ ծառայությունների ոլորտների, աշխատաշուկայի, սոցիալ-ժողովրդագրական հատվածի և, իհարկե, ֆինանսական սեկտորի ընդգրկմամբ։ Միայն նման վերլուծությունից հետո կարելի կլինի ձեռնարկել հաջորդ փուլը՝ կառավարության առաջադրած նպատակների, խնդիրների, պահանջմունքների և առկա ռեսուրսների բալանսային փոխշաղկապվածության կազմումը, ինչպիսիք են՝ նյութական և աշխատանքային ռեսուրսները, արտադրահզորությունները, բնականաբար՝ ֆինանսական հաշվեկշռի միաժամանակյա կազմմամբ։ Երրորդ փուլը, որը կնախորդի Ծրագրի կազմմանը, պետք է դառնա ծրագրային-նպատակային մեթոդի մշակումն ու ներդրումը՝ հիմնված սոցիալական, տնտեսական զարգացման հիմնական նպատակների ընտրման վրա, ինչը ենթադրում է նշված ժամկետներում դրանց հասնելու կոորդինացված միջոցառումների կազմում՝ ռեսուրսներով հավասարակշռված ապահովման պարագայում։ Ես հատուկ այսքան մանրամասն նկարագրեցի կառավարական ծրագրերի կազմման բնավ ոչ ամենաբարդ տեխնոլոգիան, որպեսզի հետո ափսոսանքով փաստեմ, որ այս ողջ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքը կառավարության (ինչպես նախկին, այնպես էլ այժմ ձևավորվող) անդամների, նրանց քաղաքական թիմի կողմից, հասանելիության և դրանց հետագա կիրառման առումով, ավաղ, ֆանտաստիկայի ժանրից է։ Չկա ոչ մի կառավարական փաստաթուղթ, վերլուծական զեկուցում, որում գոնե մակերեսորեն դիտարկվեն վերոնշյալ հարցերը, առանց որոնց քննարկման նախարարների նոր կաբինետի կառուցվածքի փոքրիշատե լուրջ սահմանումը լիակատար անհեթեթություն է։ Իմանալ այս ամենի մասին և դրա հետ մեկտեղ մի կողմ քաշվել ու համբերատար սպասել Ն.Փաշինյանի կառավարության նոր կազմի աշխատանքի լիակատար ձախողմանը՝ վայել չէ ինձ։ Վերամբարձ չհամարեք, հարգելի ընթերցող, բայց Հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, մեկն է թե՛ ինձ, թե՛ զավակներիս ու թոռներիս համար։ Հայրենիքը մեկն է նաև 300 հազար այն հայերի սերունդների համար, ովքեր զոհվեցին Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, Հայրենիքը մեկն է Ղարաբաղյան ազգային-ազատագրական պատերազմի ընթացքում (1992-1994թթ.) ավելի քան 25 հազար զոհվածների ու վիրավորների հարազատների և մերձավորների համար, Հայրենիքը մեկն է Արցախի Հանրապետությանն Ադրբեջանի կողմից պարտադրված Ապրիլյան (2016թ.)  քառօրյա պատերազմում զոհվածների հարազատների ու մերձավորների համար։ Եվ վերջապես, Հայաստանը Հայրենիքն է ութ միլիոնանոց հայկական Սփյուռքի, և նրա պահպանությունը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է։ Իսկ նրա անվտանգության համար պատասխանատու են, առաջին հերթին, նրանք, ում մեր ժողովուրդը ժամանակի տարբեր փուլերում վստահել է ներկայացնել իր ու հայոց պետության շահերն ինչպես ՀՀ Ազգային ժողովում, այնպես էլ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում։ Գրում եմ այս տողերն ու միաժամանակ չեմ կարողանում ազատվել համոզվածության վերածվող ներքին կասկածներից. Հայաստանում պետական հեղաշրջման (2018թ. ապրիլ-մայիս) առաջնորդներին բնորոշ կործանարարի, ապակառուցողականության մենթալիտետի պարագայում վերը նշվածը իշխանության ղեկին գտնվողներին սկզբից ևեթ խորապես խորթ է։ Անցած 8 ամիսներին Ն.Փաշինյանի կառավարության ամբողջ գործունեությունը, նրանց քարոզարշավը 2018թ. նոյեմբեր-դեկտեմբերին՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախօրեին, որևէ կասկած չեն թողել նրանց ապակառուցողականության (քանդարարության) հարցում, որի հիմքում վախն է այլ մարդկանց հանդեպ։ Չէ՞ որ հենց վախն է ստիպել վայ-հեղափոխականներին  պոտենցիալ թշնամի տեսնել ամեն մի հանդիպած մարդու մեջ, ստիպել է հայ հասարակությունը բաժանել «սևերի» ու «սպիտակների»։ Արդեն գրել եմ (REGNUM, 20 օգոստոսի 2018թ., «Նիկոլ Փաշինյանի կառավարության հարյուր օրը»), որ նման կարգի մարդիկ իրենց չիմացությունը որպես ուժ են մատուցում։ Իսկ հիմա կարող եմ դրան ավելացնել, որ հակառակորդների (որպես կանոն՝ երևակայական) դեմ պայքարը ներկայում դարձել է գործող իշխանության գոյության գլխավոր բաղադրիչը, որն անկեղծորեն իրեն համարում է արդարության մարտիկ, ընդ որում՝ այդ հասկացությունը նույնացվում է իր իսկ սեփական՝ սիրելի անձն այդպիսին պատկերացնելու հետ։ Շրջապատող մարդկանց կողմից սպառնալիքի գաղափարով համակված Ն.Փաշինյան և Ընկ.-ը առանձնապես մեծ վախ են զգում ուժեղ անձնավորությունների հանդեպ։ Ապացույցը դատական մարմնի կողմից Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի դեմ արհեստականորեն հարուցված քրեական հետապնդումն է, էլ չեմ ասում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի հարազատների և մերձավորների դեմ անսանձ տեղեկատվական հալածանքի մասին, որի վերջնանպատակը հենց նրան վարկաբեկելն է։ Այս ամենը,  Ն.Փաշինյան և Ընկ.-ի կողմից սեփական սխալները, թերություններն ու աշխատանքի բացթողումներն ընդունելու անկարողության հետ միասին, տագնապալի մտորումների են մղում Հայաստանի Հանրապետության ապագայի մասին։ Ավելին, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ էլ սովորական որևէ քաղաքացի, որքան էլ փնտրի, չի գտնի ոչ մի հրապարակում, հարցազրույց, հոդված կամ հանրային ելույթ Փաշինյանի կառավարության անդամների կողմից՝ ի պատասխան միջազգային փորձագետների (այդ թվում և հիմնականում ռուսաստանյան) քննադատական հոդվածների։ Այնինչ, քիչ չեն եղել անաչառ վերլուծական հոդվածները, որոնցում նշվել են ՀՀ կառավարության ձախողումները, մանավանդ արտաքին քաղաքականության ոլորտում։

Վերստին հատուկ ընդգծենք, որ մինչև վերը նշված մոտեցումների հիման վրա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համապարփակ ծրագիր չկազմվի (այսուհետ Ծրագիր), երաշխավորել ՀՀ Կառավարության այս կամ այն մոդելը, մեղմ ասած, անլուրջ  է: Կառավարության օպտիմալ կառուցվածքը պետք է կոչված լինի ապահովել Ծրագրի առավել արդյունավետ իրագործումը:

Որպեսզի այնպիսի տպավորություն չստեղծվի, թե միայն հոդվածի սկզբում իմիջիայլոց հիշատակեցի նոր կառավարությունում մշակույթի և սփյուռքի նախարարությունների չպահանջվածության մասին, որոշ նկատառումներ հայտնեմ այս առնչությամբ։ Չափազանցություն չի լինի ասել, որ սույն արարքով (մշակույթի և սփյուռքի նախարարությունների չեղարկմամբ) Ն.Փաշինյանը պարարտ հող է նախապատրաստում հայ ազգային ինքնությանը խորտակիչ հարված հասցնելու համար։ Տեսեք, թե ինչ սրբապիղծ մեկնաբանություններ է արել Ն.Փաշինյանը 2018թ. դեկտեմբերին մշակույթի և սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչների բողոքի ցույցերի վերաբերյալ։ «Ինձ անհանգստացրին Մշակույթի նախարարության ներկայացուցիչների արտահայտությունները, երբ նրանք ահազանգում էին՝ ասում են, որ մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: Դա շատ վատ ազդակ է: Այսինքն մշակույթի նախարարությունն իրեն հայ մշակույթի հետ նույնացնո՞ւմ է: Ուզում եք՝ էքսպերիմենտ անենք, 3 ամիս գործադուլ անենք, տեսնենք մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞»,- հարց է տվել Փաշինյանը՝ խեղաթյուրելով մշակույթի աշխատողների պահանջների էությունը: Թերևս, մի բանում նա իրավացի է. եթե մեր կյանքի այդքան կարևոր հատվածը վստահվել էր նրա դրածո Լ.Մակունցին, ապա Մշակույթի նախարարության անգործությունը վերջին ամիսներին սովորական երևույթ էր դարձել, ինչը, սակայն, չի նվազեցնում վտանգն այն բանի, որ դա կարող է հանգեցնել անշրջելի գործընթացների։ Որպեսզի չմտածեն այդ անձի հանդեպ իմ կողմնակալ վերաբերմունքի մասին, նշեմ, որ մշակույթի նախարարի պաշտոնին իր նշանակման առաջին օրն իսկ նա հայտարարեց. «Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, այն իմ մեջ է, ինչպես և մեզանից յուրաքանչյուրի ... Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի»: Պետք է ասել, որ ստերեոտիպեր կոտրելու հարցում Փաշինյանի թիմն առաջադիմել է։ Օրինակները շատ են, չէ՞ որ օրեցօր հետևելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, համոզվում ենք, որ ստերեոտիպեր կոտրողները շատ ավելի լուրջ խնդիր են դրել՝ կոտրել հայ ժողովրդի քաղաքակրթական կոդը։ Ամենամղձավանջային երազում անգամ, մի 5-10 տարի առաջ, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները ոչ մի արտասովոր բան չեն տեսնի այն բանում, որ, ասենք, Երևանի վարչական շրջաններից մեկի (Արաբկիր) ղեկավարը մի տեսահոլովակի հերոս է, որում նա դիտողին ներկայանում է ոչ թե հենց նոր նորոգված դպրոցի կամ մանկապարտեզի մուտքի ժապավենը կտրելիս, կամ էլ, ողորմեա՛, Տեր, բացում է բնակելի զանգվածի նոր բազմաբնակարանի կամ գոնե տան մուտքը։ Միամիտ չլինեք, նա զբաղվում է սեռական այլասերվածությամբ իր նույնքան նողկալի, նույնպես այլասերված սփարինգ-զուգընկերոջ հետ։ Կամ էլ, երբ բուհերի պատվարժան պրոֆեսորներն ընդունելության իրենց հերթին են սպասում պրոֆիլային նախարարի մոտ, որը նրանց ստիպում է սպասել, քանզի անասելի զբաղված է՝ գերադասելով ինչ-որ գերկարևոր հարցեր քննարկել ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցչի հետ։ ՀՀ կրթության և գիտության նախարարի սույն դեմոկրատիզմը (նա քաղաքավարի ընդունել էր իր մոտ ընդունելության եկած, մարմնավաճառությամբ զբաղվող գեյին, որը հայտնի է ինտերնետում բազմաթիվ համապատասխան հրապարակումներով), չէր կարող հիացական արձագանքի չարժանանալ ադրբեջանական ինտերնետ-պորտալներում, օրինակ՝ https://ru.axar.az/news/vmire/321919.html-ում։  Նմանատիպ անբարո սուբյեկտների հանդեպ այսօրինակ բարեհաճ վերաբերմունքը, անկասկած, պարարտ հող կնախապատրաստի այդ անբարո ժանտախտի տարածման համար (եթե գործուն հակամիջոցներ չձեռնարկվեն), ինչը կարող է անուղղելի հետևանքներ ունենալ, մասնավորապես՝ մեր երկրի ու Արցախի Հանրապետության զինված ուժերի համար։

Որպեսզի պայքարն այս չարիքի դեմ արդյունավետ լինի, հարկ է պարզել, թե որտեղից են աճում հայ քաղաքակրթությանը խորթ այս երևույթի ականջները։ Քաղաքակրթություն, որը բազում հարյուրամյակներ, պետականության բացակայության պայմաններում, շնորհիվ հայ ազգային ինքնության պահպանման, պատմության տատասկոտ ճանապարհը հաղթահարելով՝ 1918թ. մայիսի 28-ին կազմավորեց Առաջին Հանրապետությունը, 1920թ. նոյեմբերին ձեռք բերեց իր երկրորդ պետականությունը՝ որպես Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեի օրը հռչակեց նաև երրորդ՝ անկախ Հայաստանի Հանրապետության կազմավորումը։ Եվ ահա, հայկական քաղաքակրթությունն իր ամբողջ պատմության ընթացքում կարողացել է պահպանել իսկական հոգևոր հարստությունը՝ կրոնը, մշակույթն ու ազգային բազմադարյա ավանդույթները, ինչպիսիք են ամուսնության ամրությունը, ավագներին հարգելը, հոգեհարազատ կապերի ամրությունն ու լայն ընդգրկումը, հարազատ ու դրացիական փոխօգնության սովորույթը, հյուրընկալությունը։ Այս ամենը՝ իշխանությունների թողտվությամբ, թե հաճախ նաև նրանց լռելյայն համաձայնությամբ, մեր օրերում ենթարկվում է լուրջ փորձության, դրանով իսկ վտանգավոր փորձության է ենթարկվում հայ ինքնությունն ինքը։ Վերցնենք թեկուզ «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի հստակ ուղղորդվող գործողությունները, որոնք նպատակ են հետապնդում խափանել Հայաստանի և Սփյուռքի քաղաքացիների խոր հարգանքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ, և սա տեղի է ունենում ամեն օր, մեր աչքերի առջև։ Եվ սա տեղի է ունենում անկախ հայկական պետությունում, հայ ժողովրդի աչքի առջև, որին պատմությունից քաջ հայտնի է, թե ինչպես են իր լավագույն զավակները քանիցս հանուն հավատի զոհել իրենց կյանքը։ Կարելի է էլի օրինակներ բերել, որոնք պերճախոս վկայում են հայ ինքնության խարխլման ճանապարհով հայոց պետականության հիմքերի սասանմանն ուղղված աշխատանքի մասին։ Եվ այս զազրելի խափանարար աշխատանքում օտգագործվում է ծանոթ տեխնոլոգիան՝ այսպես կոչված «Օվերթոնի պատուհանը», որի մասին ավելի վաղ արդեն գրել եմ։ Ես հատուկ փոքր-ինչ մանրամասն նկարագրեցի Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, որոնց դիմակայելը վեր է թե՛ առանձին վերցրած մշակույթի նախարարության, թե՛ սփյուռքի նախարարության ուժերից։ Խոսքը պետական քաղաքականության մշակման և իրագործման բացառիկ ակտուալության մասին է, որի նպատակը պետք է լինի հայ ազգի մշակութային կոդի կործանման կանխումը, այն կոդի, որը մշակվել է հանուն գոյատևման մեր ազգի բազմադարյա դաժան պայքարի պայմաններում։ Հենց այս հարցում է դժվար գերագնահատել մշակույթի և սփյուռքի նախարարությունների դերը։ Սակայն սա առանձին, ըստ իս՝ շատ հրատապ վերլուծության թեմա է։

Հոդվածն ամփոփելով՝ ակամա հարց է ծագում. իսկ ինչո՞ւ հենց Հայաստանը դարձավ ազգի քաղաքակրթական կոդի, հայկական ինքնության վերացման միջոցով պետականության քանդման նորագույն տեխնոլոգիաների փորձադաշտ։ Ուշադիր հետևելով Ռուսաստանում, ես չսխալվեցի՝ Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներին, ակամա գալիս ես հետևյալ եզրահանգման. արևմտյան ստրատեգների կողմից հայոց պետականության քանդման տեխնոլոգիաների գործունությունը, անկասկած, մանրակրկիտ կվերլուծվի, կճշգրտվի հետագայում Ռուսաստանի շրջաններում կիրառելու համար։ Եվ սրանում, ավաղ, կասկածել չարժե։ Որպես ասվածի ապացույց կարելի է Հայաստանում կամ Ռուսաստանի առանձին տարածքային կազմավորումներում իրավիճակի ապակայունացման տասնյակ «պատահական» համընկնումներ նշել։ Չափազանցություն չի լինի փաստել անվիճարկելի ճշմարտությունը. հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին և նրա դաշնակիցներին հայտարարված տոտալ հիբրիդային պատերազմի պայմաններում Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա, և սա է մեր հնագույն քրիստոնեական քաղաքակրթության պատմական առաքելությունը։      

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ