ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼՈՎ՝ ԿԽՓԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

ԻՆՉՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ԿԳԺՏԵՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՈՒ ԿՎԵՐԱՃԻ ԳԼՈԲԱԼ ԱՂԵՏԻ

06.11.2018, Իրավունք

Փորձելով իմաստավորել Հարավային Կովկասի տարածաշրջանում և նրա շուրջ վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները՝ ակամա գալիս ես այն եզրակացության, որ ուր որ է պատերազմ է սկսվելու։ Ավաղ, սա, հարգելի ընթերցող, ցավոք, չափազանցություն չէ, այլ լոկ արդյունքն է Հայաստանի դեմ հետևողականորեն վարվող տեղեկատվական պատերազմի անաչառ վերլուծության։ Պատերազմ, որի զինանոցում ներառված են պետությունը ներսից քանդելու ամենաարդիական տեխնոլոգիաները։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, բերեմ կոնկրետ, ընդ որում՝ ամենաթարմ օրինակներ։

Եվ այսպես, 2018թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) հատուկ նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ հարցին, պատմեց մի փորձառու դիվանագետի հետ իր հանդիպման մասին. «Ես ասացի, որ երկու սահման, որոնք բաց են թվում, բայց դրանք կիսով չափ են բաց (ընդգծել եմ, որովհետև անհասկանալի է, թե ինչու «են թվում»- Ա.Գ.)։ Հայ-իրանական սահմանը կարող է փակվել ցանկացած պահի՝ ԱՄՆ քաղաքականության հետևանքով, հայ-վրացական սահմանը կարող է փակվել, ասենք, վատ եղանակի պատճառով (հավանաբար, եղանակի մասին նշելով՝ նա նկատի ուներ վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի տեղամասը- Ա.Գ.)։ Հայաստանը պատրաստ է կարգավորել հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների»։ Ընթերցողին առաջին հայացքից կարող է թվալ, թե ինչ արտասովոր բան կա վարչապետի պաշտոնակատարի պատասխանում։ Սակայն ասվածի մեջ փոքր-ինչ խորանալով՝ գալիս ես միակ հնարավոր եզրակացությանն առ այն, որ Ն.Փաշինյանը «չի հասկանում, թե ինչի մասին է խոսում»։ Բայց այս ամենի մասին՝ հերթով։

Առաջին բանը, որ աչքի է զարնում և տագնապի տեղիք է տալիս, այն է, որ Ն.Փաշինյանը ՀՀ ԱԺ ամբիոնից, ըստ էության, բացահայտ հայտարարում է այն մասին, որ այսուհետ Հարավկովկասյան տարածաշրջանում Հայաստանը հանդես է գալիս որպես միջազգային հարաբերությունների օբյեկտ, այլ ոչ թե ինքնուրույն սուբյեկտ, որի սահմանները բարեկամ երկու երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ, կարող են փակվել, և այստեղ Հայաստանի կարծիքը ոչ մի դեր չի խաղում։ Ընդ որում՝ Իրանի հետ սահմանի հնարավոր և թույլատրելի, ըստ Փաշինյանի, փակումը բերում է տագնապալի մտքերի։ Ավելի լավ պատկերացնելու համար այն,ինչի մասին խոսում ենք, հիշենք պատմական չափանիշներով ոչ վաղ անցյալի իրադարձությունները։ Այսպես, 1992թ. մայիսի 7-ին, Իրանի միջնորդական քաղաքական ջանքերի շնորհիվ, Թեհրանում ստորագրվեց Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ղեկավարների Համատեղ հայտարարությունը։ Հիշեցնեմ, որ այդ հայտարարության համաձայն՝ «Կողմերը պայմանավորվեցին, որպեսզի Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մահմուդ Վաեզիի՝ տարածաշրջան գալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում, շահագրգիռ կողմերի հետ բանակցությունների անցկացումից հետո և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների աջակցությամբ իրականացվի հրադադար և միաժամանակ բացվեն հաղորդակցային բոլոր ճանապարհները՝ տնտեսական պահանջմունքների ապահովման նպատակով»։ Իրանի ղեկավարության բարի կամքի դրսևորումն այստեղ ակնհայտ է, այլ բան է, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտեց ձեռք բերված պայմանավորվածությունները և պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Նշենք նաև, որ Ղարաբաղյան հակամարտության կտրուկ սրացման, այսինքն՝ ըստ էության պատերազմն սկսվելու ժամանակ, Իրանի ղեկավարությունը հայտնվեց բավական բարդ իրավիճակում՝ բախվելով իր երկրի հասարակության, հատկապես ադրբեջանական համայնքի (որի թիվն Իրանում ամենահամեստ հաշվարկներով կազմում է ավելի քան 20 մլն մարդ) լուրջ ճնշմանը։ Սակայն իրանական կողմը սկզբից ևեթ հավասարաչափ հեռավորություն պահպանելու դիրք գրավեց հակամարտության կողմերի հանդեպ, դրանով իսկ կարելի է փաստել, որ մարտական գործողությունները հակամարտության գոտում 1992-1994թթ. ծավալվում էին Իրանի հավասարակշռված քաղաքականության ֆոնին։ Ավելին, միջազգային հանրությունը նշեց Իրանի կարևորագույն դերի մասին, որը հայկական կողմի համար Ադրբեջանի դեմ թեժ պատերազմի ամենաբարդ շրջանում որդեգրեց մի դիրքորոշում, երբ Հայաստանի և Իրանի միջև սահմանի նեղ հատվածը դարձավ «կյանքի ճանապարհ» Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, հայ ժողովրդի համար։ Վարչապետի պաշտոնակատարը ոչ միայն հնարավոր է համարում, այլև բարձրաձայնում է, որ «հայ-իրանական սահմանը կարող է փակվել ցանկացած պահի՝ ԱՄՆ քաղաքականության հետևանքով», և թվում է, թե դրանով իսկ Հայաստանի բնակչությանը նախապատրաստում է իրադարձությունների զարգացման նման ընթացքի։ Բնականաբար, հարց է ծագում. իսկ ո՞վ է փակելու այդ սահմանը։ Հայտնի է, որ հայկական կողմից սահմանը պահում են Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Սահմանապահ վարչության ռուսաստանցի սահմանապահները։ Անվիճելի է, որ հայ-իրանական սահմանի փակումն առաջին հերթին թշնամական ակտ կլինի հենց Հայաստանի հանդեպ, ուժգին հարված ՀՀ ազգային անվտանգության շահերին։ Ավելին, դա չի բխում ՀԱՊԿ անդամ պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի և Ղազախստանի արմատական շահերից։ Նշենք նաև, որ իրանական կողմը բոլորովին վերջերս՝ 2018թ. օգոստոսի 12-ին, Աքթաուում (Ղազախստան) ստորագրեց Կասպից ծովի իրավավիճակի մասին կոնվենցիա, որի տակ դրված են նաև Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների ստորագրությունները, որոնք ՀԱՊԿ անդամ են հանդիսանում, ինչը որակապես ավելի բարձր մակարդակի բարձրացրեց գործընկերային հարաբերություններն այդ երկրների միջև։ Նշենք նաև, որ ստորագրված կոնվենցիան լիովին չեղարկում է մինչ այդ առկա վիճելի տնտեսական հարցերը, մասնավորապես՝ Ռուսաստանի և Իրանի միջև։ Էլ չեմ ասում այն մասին, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ են սիրիական կարգավորման հարցում և, ինչպես ս.թ. հոկտեմբերի 23-ին հայտարարեց ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փոխգործակցությունը վճռականորեն փոխել է իրավիճակը Սիրիայում։ Այսինքն՝ կա հարցերի լայն շրջանակ, որոնց լուծումը մերձեցնում է այս երկրներին։ Բնական է, որ այս պայմաններում իրանա-հայկական սահմանի փակումը բնավ չի բխում Իրանի անվտանգության շահերից, ավելին՝ Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական, գործընկերային հարաբերություններից ելնելով՝ հայ-իրանական սահմանի նշանակությունը ձեռք է բերում հատուկ կարևորություն։ Ուրեմն, ո՞ւմ է ակնարկում Ն.Փաշինյանը՝ սահմանի փակման մասին նման վտանգավոր հայտարարություն հնչեցնելով։ Չարժե կասկածել, որ նկատի ունի ԱՄՆ-ը։ Չէ՞ որ բնավ պատահական չէ, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր Հայաստան այցի ժամանակ ասել էր, որ Իրանի վրա ԱՄՆ ճնշման սաստկացման ֆոնին հայ-իրանական սահմանը «կարևոր հարց» կդառնա, և «մենք ճնշում կգործադրենք Իրանի վրա, որովհետև կարծում ենք, որ նրանց պահվածքը Մերձավոր Արևելքում և ընդհանրապես աշխարհում կործանարար է և փոփոխություններ է պահանջում» («Ազատություն» ռադիոյի հայկական ծառայությանը 2018թ. հոկտեմբերի 26-ին Ջ.Բոլթոնի տված հարցազրույցից)։ Այսինքն՝ ըստ էության, վարչապետի պաշտոնակատարը հայ հանրությանը նախապատրաստում է Իրանի հետ Հայաստանի սահմանի փակման հնարավորության մասին վտանգավոր և բացահայտ դավաճանական, ազգային անվտանգության տեսակետից անթույլատրելի մտքի ընկալմանը։ Ի՞նչ է սա՝ լիակատար անձեռնհասության հերթական դրսևորո՞ւմ, ընդ որում՝ ի վնաս իր սեփական սիրելի անձի, թե՞ հայկական կողմից Իրանի հետ կապված ԱՄՆ մտահոգությունը հասկանալու բազմանշանակ ժեստ, հետն էլ՝ ազդանշան ամերիկացիներին, թե Հայաստանի հանրային կարծիքն արդեն պատրաստ է գործնականում իրականացնելու Ջ.Բոլթոնի մյուս պատգամները նույնպես («Ազատություն» ռադիոյի այդ նույն հարցազրույցից), դիցուք. «ներկայիս հանգամանքներն ընդգծում են ղարաբաղյան հակամարտությունում երկու կողմերին բավարարող համաձայնության ձեռքբերման կարևորությունը... Հենց որ դա տեղի ունենա, անմիջապես կբացվի հայ-ադրբեջանական սահմանը... Թուրքական սահմանը, ես կարծում եմ, կբացվի հաստատ»։ Ակնհայտ է, որ վարչապետի պաշտոնակատարը բնավ պատահական չէ, որ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ հարցին՝ անդրադարձավ նաև հայ-իրանական սահմանի հնարավոր փակման թեմային։ Միևնույն ժամանակ, ընթերցողներին հիշեցնենք, որ Ն.Փաշինյանի պատասխանը լիովին տեղավորվում է որպես «Օվերթոնի պատուհան» հայտնի հայեցակարգում։ Այդ հայեցակարգի (տեխնոլոգիայի) օգնությամբ անգամ ամուր ավանդական հիմնարար արժեքներ (ընտանիքի, ամուսնության, ավագների հանդեպ հարգանքի ինստիտուտը, հավատարմության և երախտագիտության զգացումը հայ ժողովրդի իսկական բարեկամների հանդեպ, նվիրվածությունը Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն) ունեցող այնպիսի հասարակության, ինչպիսին հայկականն է, գիտակցության մեջ սերմանվում են հայոց պետականության համար կործանարար գաղափարներ և մտքեր։ Ստիպված ենք փաստել, որ ահա արդեն քանի տարի Սորոսի հիմնադրամից և այլ կառույցներից ֆինանսավորվող ավելի քան 80 տարատեսակ հասարակական կազմակերպություններ Հայաստանում իրականացնում են խափանարար աշխատանք։ Նրանց գործունեությունն ուղղված է հայոց պետականության խարխլմանը հայ հասարակության բարոյական սկզբունքների և ավանդական արժեքների քայքայմանն ու լիակատար ոչնչացմանը։ Տագնապով պետք է փաստենք, որ այս գործում նրանք արդեն զգալի հաջողությունների են հասել։ Անշուշտ, հայոց պետականության քայքայման այդ միտումը, ի դժբախտություն մեզ, կպահպանվի և կզարգանա, թեկուզև այն ծանրակշիռ պատճառով, որ ներկայում սատանայական այդ նախագծի գլխին (գիտակցելով դա, թե ոչ) կանգնած է «ժողվարչապետի» պաշտոնակատար Ն.Փաշինյանը։ Արդեն հստակ երևում է, որ հենց նա և նրա զինակիցներն են իրականացնում բարոյական սկզբունքների քայքայման և ոչնչացման նախագիծը հայ հասարակությունում։ Ընդ որում՝ դա արվում է ԼԳԲՏ հանրույթի գործողություններին անթաքույց սատարման (ընդ որում՝ հանուն արդարության նշենք, որ երկու կողմից էլ), տոտալիտար ագրեսիվ կրոնական շարժմանը լռելյայն հավանություն տալու ճանապարհով։ Շարժում, որը պղծում է մեր կրոնական սրբությունները Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայր իր լկտի ներխուժմամբ՝ «նոր կաթողիկոս նոր Հայաստանին» ստոր կարգախոսների ներքո։ Այդ զզվելի գործողությունները լոկ առաջին հայացքից են ուղղված միայն Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի դեմ, ով իրավամբ Հայաստանում և Սփյուռքում արժանացել է Շինարար կոչմանը։ Նրանց վերջնանպատակն է ամեն գնով սասանել հայերի հավատը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու՝ հայկական քաղաքակրթության և հայոց պետականության անխախտ երաշխավորի հանդեպ։ Ըստ էության, այս դիվոտածները հանդիսանում են «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի ավանգարդը, որը Ն.Փաշինյանի ռեժիմի գլխավոր նեցուկներից մեկն է։

Իսկ ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի լավատեսական այն մտքին, թե «Հայաստանը պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների», որը հնչեցրել է Ջ.Բոլթոնի «Թուրքական սահմանը, ես կարծում եմ, կբացվի հաստատ» խրոխտ հայտարարությունից հետո, ընթերցողը կարող է միանգամայն իրավացիորեն հարցնել. իսկ ի՞նչ վատ կամ նոր բան կա դրանում։ Չէ՞ որ դեռևս 2009թ. հոկտեմբերի 10-ին Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ահմեթ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»։ Այո, այդպես է, բայց տարբերությունն այն է, որ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը հանդես չէր գալիս խղճահարություն և կամազրկություն արտահայտող հրապարակային հայտարարություններով։ Առավել ևս՝ փաշինյանականին նման հայտարարություններով, որոնցից արվող եզրահանգումն այն է, որ Հայաստանը կարող է հայտնվել անելանելի վիճակում, քանի որ «հայ-իրանական սահմանը կարող է փակվել ցանկացած պահի ԱՄՆ քաղաքականության հետևանքով, հայ-վրացական սահմանը կարող է փակվել, ասենք, եղանակի պատճառով»։ Ավելին, 2018թ. մարտի 1-ին, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանն ասաց. «Հայաստանը հնարավոր ամեն բան արել է, որպեսզի գալիք սերունդներին չթողնի մեր հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման բեռը։ Բայց արձանագրությունների ստորագրումից հետո անցած ինը տարվա ընթացքում Անկարան, վերադառնալով իր անհիմն նախապայմաններին, ոչ միայն ոչ մի քայլ չարեց արձանագրությունների վավերացման և ուժի մեջ մտնելու համար, այլև ոչ մի կասկած չթողեց, որ չի էլ պատրաստվում իրականացնել այդ գործընթացը»։ Թուրքիայի ղեկավարներին այսքան կշռադատված և արժանի շշպռանքից հետո տարակուսանք և ցասում է առաջացնում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անսկզբունքային դիրքորոշումն այս հարցում, որը չարագուշակ իմաստ է ստանում, եթե նկատի ունենանք այն, որ Ջ.Բոլթոնը ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական սահմանի բացումը շաղկապեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Բայց մենք հո լավ ենք հիշում, որ հենց Ադրբեջանի ճնշման ներքո է (որի արտաքին գործերի նախարարությունն այդ նույն օրը քննադատության ենթարկեց Թուրքիային առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման համար), որ Թուրքիան նահանջեց՝ այդպես էլ չվավերացնելով դրանք իր երկրի Ազգային մեծ ժողովում։

Կարելի է այլ օրինակներ էլ բերել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ելույթներից, որոնք ցայտուն ցուցադրում են այն փաստը, որ Հայաստանում իշխանության ղեկին գտնվողների վարած քաղաքականությունն իրականացվում է Ջոզեֆ (Իոսիֆ) Օվերթոնի (1960-2003թթ.) հայեցակարգին լիովին համապատասխան, որը նրա վախճանից հետո ստացավ «Օվերթոնի պատուհան» անվանումը։ Այդ հայեցակարգի համաձայն՝ գոյություն ունի հասարակական ինստիտուտների քայքայման և բարոյապես անթույլատրելի գաղափարների լեգալացման մի ամբողջ տեխնոլոգիա։ Միևնույն ժամանակ, առանձնապես անելու բան էլ չկա՝ ընդամենը մի քանի քայլ «ուղեղի լվացման» կամ, ավելի ճիշտ՝ հասարակության կառավարման (իսկ իրականում՝ նրա քայքայման) համար, ստի լավ մշակված մեթոդի ներդրման միջոցով «համընդհանուր ընդունվածը» փոխելու ճանապարհով։

Հանելուկներով չխոսելու համար նշենք այդ քայլերից ընդամենը մի քանիսը, որոնք իրականացվում են մեր աչքերի առջև։

Առաջին քայլերի մեջ հարկ է նշել այն տեխնոլոգիան, որի ժամանակ իրականացվում են՝ մեր դեպքում հայկական հասարակությանը միանգամայն խորթ գաղափարներ, դիցուք. տոտալիտար կրոնական աղանդների անպատկառ գործողություններ, ներողամիտ վերաբերմունք ԼԳԲՏ հանրույթի ագրեսիվ գործողություններին ոստիկանության և արդարադատության մարմինների կողմից, ռեժիմին անհարմար քաղաքացիների սեփական արժանապատվության հրապարակային վիրավորում, ասֆալտին փռում՝ առանց որևէ իրավական հիմնավորման, անմեղության կանխավարկածի սկզբունքի ամենուրեք և գրեթե ամենօրյա ոտնահարում։

Քայլերից հաջորդն այն է, որ լայնորեն կիրառվում է ինչ ասես լեգալացնելու տեխնոլոգիան։ Օրինակներ՝ որքան ուզես։ Վերը ներկայացվածն էլ հենց վկայում է հայտնի տեխնոլոգիայի այս քայլի լայն կիրառման մասին։

Կարելի է, հենվելով կառավարության գործունեության ամենօրյա պրակտիկայի կոնկրետ օրինակների վրա, շարունակել այն փաստերի թվարկումը, որոնք կատարվում են ըստ «Օվերթոնի պատուհանի» հայեցակարգի դրույթների, բայց դրա անհրաժեշտությունը չկա։ Նշենք միայն, որ «Օվերթոնի պատուհան» տեխնոլոգիան հիմնված է գրեթե յուրաքանչյուր անհատի բազային թուլությունների վրա։ Հայաստանի պարագայում նաև պարարտ հող կա, երբ երկրի բնակչության մոտ 30%-ը գտնվում է աղքատության շեմից անդին, իսկ դա անխուսափելիորեն հանգեցրել է այն բանին, որ հայ հասարակության մի մեծ հատված կարիքից կամազուրկ է դարձել։ Այս իրողությունների պատճառով հասարակության մի մասն ավելի ընկալունակ է դարձել տարատեսակ մանիպուլյացիաների հանդեպ, որոնք նրանց մեջ արթնացնում են ուժի զգացողություն «երամին պատկանելությամբ», հեղինակության պատրանք (անպատիժ ներխուժումը ՀՀ Ազգային ժողովի պահպանվող շենք, որը տեղի ունեցավ ս.թ. հոկտեմբերի 2-ին)։ Ասվածին կարելի է հավելել նաև տոտալիտար աղանդների ներկայացուցիչների անօրինական փողոցային քայլերթերը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ անպատկառ կարգախոսների գոռում-գոչյուններով և այլն։ Կրկնում եմ, կատարած ապօրինությունների համար անպատժելիությունն այս տեսակի մարդկանց մեջ առաջ է բերում իրենց գործողությունների օրինականության պատրանք, որին հետևում է կեղծ պատկերացումը, թե իրենց կատարած հակահասարակական արարքները ճիշտ են։

Մտահոգիչ են նաև հարևան բարեկամական Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ օրերս ավարտվեցին նախագահի ընտրությունները, որոնք այդպես էլ առաջին փուլում չպարզեցին հաղթողին։ Նշենք, որ քվեարկության արդյունքներով առաջին տեղում է կառավարող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին՝ ձայների 38,66%–ով։ Երկրորդ տեղում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու հիմնած «Միասնական ազգային շարժում» կուսակցության ընդդիմադիր թեկնածուն՝ ընտրողների 37,77% ձայներով։ Այս առնչությամբ ընթերցողներին հիշեցնենք, որ Վրաստան կատարած այցի արդյունքներով (նախագահական ընտրությունների նախօրեին) ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր բանակցությունները վրաց ղեկավարների հետ «գերազանց» է գնահատել, իսկ Վրաստանն անվանել է «ԱՄՆ-ի համար ամենաբարձր ռազմավարական շահերի» երկիր և հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունները կանցնեն արդար, «լիակատար բաց և թափանցիկ միջավայրում»։ Եվ ահա, արդեն հեղինակավոր վրացի փորձագետներն են միակարծիք այն հարցում, որ «Միասնական ազգային շարժումն» ամենամոտ ժամանակներս կնախաձեռնի հանրահավաքներ, բողոքի շարժումներ՝ վրացական խորհրդարանը (որտեղ մեծամասնությունը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու ստեղծած և գլխավորած «Վրացական երազանքինն» է) ցրելու կարգախոսների ներքո։ Ամեն բան տանում է նրան, որ իրավիճակը բարեկամական Վրաստանում օրեցօր կթեժանա, բնականաբար՝ ոչ առանց մաեստրո Միխայիլ Սաակաշվիլու մասնակցության, որն, անշուշտ, դասեր է քաղել ինչպես իր նախկին գործունեությունից, այնպես էլ իր հայ ֆավորիտ Ն.Փաշինյանի գործողություններից, որին վերջին ամիսներին անընդհատ քաջալերել ու խրատներ է տվել։ Կանխելով ընթերցողների հնարավոր զարմանքը՝ կապված այն բանի հետ, թե Հայաստանն ինքն ինչքան ասես խնդիրներ ունի, իսկ մենք վերլուծում ենք իրադարձությունները Վրաստանում, սրտակցում բարեկամ վրացի ժողովրդին իր երկրում տեղի ունեցողի համար՝ ասենք, որ դրանք պատմականորեն ստեղծված իրողություններ են, որոնք մենք՝ հայերս, պետք է թանկ գնահատենք։ Բավական է հիշել Սպիտակի ողբերգական երկրաշարժը (1988թ.), երբ հաշված ժամեր անց շտապօգնության տասնյակ մեքենաներ, եղբայրական Վրաստանի քաղաքացիներով լի հարյուրավոր մեքենաներ Հայաստան հասան և անգնահատելի օգնություն ցուցաբերեցին աղետի գոտու բնակիչներին՝ անհապաղ բժշկական օգնությամբ, ավերակների տակից վիրավորներին փրկելով, նրանց տաք հագուստով և սննդով ապահովելով։ Նման բանը երբեք չի մոռացվում, և այստեղ, հույս ունեմ, որ անզոր են ամեն տեսակ «Օվերթոնի պատուհանները» և հասարակության ու պետության բարոյական հիմքերի քայքայման այլ տեխնոլոգիաները։ Եվ ահա, Հայաստանի և Վրաստանի վերջին ամիսների իրադարձությունները չեն կարող իրենց կնիքը չթողնել հարևան Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վրա, այո, ես չսխալվեցի Ադրբեջան ասելով։ Ելնելով այն բանից, որ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը հատուկ նշանակություն ունեն Վաշինգտոնի համար, ինչի մասին ուղղակիորեն և քանիցս հայտարարել է Ջ.Բոլթոնը՝ Իրանի հետ դիմակայության համատեքստում, միանգամայն տեղին կլինի ենթադրել, որ Ադրբեջանում նույնպես լիովին սպասելի է այսպես կոչված «թավշյա հեղափոխության» իրականացումը։ Սակայն կասկած չի հարուցում, որ ի տարբերություն Հայաստանի ղեկավարության՝ ափշերոնյան սուլթանը կգնա ցանկացած արյունահեղության։ Բայց ոչ թե Բաքվի կամ Գյանջայի փողոցներում, այլ Ղարաբաղյան ճակատում։ Իսկ դա, ամերիկյան ստրատեգների կարծիքով, կդրդի Ն.Փաշինյանին դրսևորելու իր «առաջնորդական հատկանիշները» և ստորագրելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հաշտության համաձայնագիր՝ «տարածքներ (հողեր) խաղաղության դիմաց» բանաձևով, որը հնչեցրեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը և որն արժանացավ Իլհամ Ալիևի և Ջոն Բոլթոնի հավանությանը։

Բայց ճիշտ չի լինի վերջին ամիսներին ծավալվող իրադարձությունները դիտարկել ԱՄՆ գլոբալ քաղաքականությունից կտրված։ Բավական է նշել Ջ.Բոլթոնի մեսիջներից մեկն Իրանի մասով։ Նորից ու նորից հիշեցնենք այդ մասին. «Մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին (Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու- Ա.Գ.) գործընթացում։ Ուստի ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարության և ԱՄՆ-ի միջև խոսակցությունը շատ կարևոր կլինի։ Բայց, ինչպես ես ասացի վարչապետին, մենք այդ պատժամիջոցները կկիրառենք շատ եռանդուն (հավանաբար, նկատի էր առնվում Հայաստանին ստիպելը՝ փակել Իրանի հետ սահմանը- Ա.Գ.)։ Սա Բարաք Օբամայի վարչակազմը չէ»։ Վստահ եմ, որ այս մեսիջը հասցեագրված է ոչ միայն և ոչ այնքան Հայաստանին, որքան Ռուսաստանին, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետություններին։ Հայ-իրանական սահմանի, ինչպես նաև հայ-վրացական սահմանի փակումը Հայաստանը կնետի լիակատար շրջափակման մեջ։ Անդրօվկիանոսյան ստրատեգների հաշվարկը որքան ցինիկ, նույնքան էլ պարզ է. շրջափակումը Հայաստանի տնտեսությունը կգցի կոլապսի վիճակի մեջ, կտրուկ կվատթարացնի քաղաքացիների առանց այդ էլ ծանր սոցիալական դրությունը՝ Հայաստանի բոլոր դժբախտությունների մեղավորի զուգընթաց «վերհանմամբ», որը, կասկած չի հարուցում, քաղաքականության կեղծ ստրատեգների կողմից նշվելու է Ռուսաստանը։

Չէ՞ որ վերջին կես տարվա փորձը ցույց տվեց, որ բթացման, «ուղեղների լվացման» տեխնոլոգիաները, հանրային կարծիքի մանիպուլյացիաներն անխափան աշխատում են «նոր Հայաստանում»։ Իհարկե, հօգուտ այս պնդման անայլընտրանքայնության կարելի է տասնյակ հիմնավորումներ բերել մեր կյանքից, ավելին՝ դա դարձնել առանձին վերլուծության առարկա։ Բայց կարծում եմ, որ վերը ներկայացվածը համոզիչ կերպով վկայում է անդրօվկիանոսյան ստրատեգների իսկական նպատակի մասին՝ պատերազմ սանձազերծելով Լեռնային Ղարաբաղում՝ խփել Ռուսաստանին։ Իսկ դա անխուսափելիորեն կգժտեցնի Ռուսաստանին և Թուրքիային և կվերաճի գլոբալ աղետի։ Իսկ նման սցենարի հավանականությունը մեծ է, թեկուզև այն պատճառով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անրջում է Օսմանյան կայսրության կորսված վեհությունը վերադարձնելու մասին։ Մի խոսքով, եթե Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքական դասը քաղաքական խորաթափանցություն չցուցաբերի, ապա կդառնա Հարավկովկասյան տարածաշրջանի համար պատրաստվող ավերիչ աղետի ոչ միայն վկան, այլև մեղավորը։

Հետգրության փոխարեն. Ուշադիր հետևելով Հայաստանում և նրա շուրջ վերջին կես տարում տեղի ունեցող իրադարձությունները՝ առաջինը, ինչի մասին մտածում եմ տագնապով, այն հարցի պատասխանի որոնումն է, թե՝ արդյո՞ք ճիշտ եմ ես, որպես ՀՀ Ազգային ժողովի հինգ գումարումների պատգամավոր, Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու (2003թ.), որին իր ձայնն էր տվել ընտրողների 17,6%-ը, կառուցել իմ քաղաքականությունը երկրիս ու ժողովրդիս համար այս բախտորոշ ժամանակաշրջանում։ Այո, ես քանիցս հանդես եմ եկել պետական հեղաշրջման պարագլուխների հասցեին քննադատական հոդվածներով, որն իրենք և իրենց քաղաքական ուղեվարներն անվանում են «թավշյա հեղափոխություն»։ Կարծում եմ, որ իմ հոդվածներում համոզիչ ապացուցողական հիմքի վրա ցույց եմ տվել Հայաստանին արտասահմանից պարտադրված «թավշյա հեղափոխության» ողջ վտանգավորությունը։ «Հեղափոխություն», որը կատարվեց ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, Ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման և տարատեսակ այլ բարեհունչ պատրվակների ներքո։ Ավելին, կոնկրետ օրինակներով ցույց եմ տվել նորահայտ «հեղափոխականների» կարգախոսների ողջ սնանկությունը։ Սակայն, չնայած այս ամենին՝ իմ գիտակցության մեջ արմատանում է միտքը, թե մինչև վերջ չեմ կատարել պարտքս Հայրենիքի հանդեպ։ Որպեսզի ասածս շատ պաթետիկ չհնչի և «ժողվարչապետի» պաշտոնակատարի ոճից բանագողություն չհիշեցնի՝ բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը։ Դեռևս ս.թ. մայիսի առաջին օրերին, վերլուծելով Հայաստանում ստեղծված ռեալ իրականությունը, երբ տասնյակ հազարավոր մարդիկ Երևանում, չդադարող հանրահավաքների ժամանակ պահանջում էին վարչապետ ընտրել Ն.Փաշինյանին, Հայաստանի Հանրապետական կուսակցության (այսուհետ՝ ՀՀԿ) գերագույն մարմնի նիստում ես առաջարկեցի, որպեսզի ՀՀ ԱԺ առաջիկա հատուկ նիստում ՀՀԿ-ն Հայաստանի վարչապետի իր թեկնածուն ներկայացնի։ Փառք Աստծո, ՀՀԿ կադրային ռեզերվում արժանի թեկնածուների պակաս չկա, ովքեր իրենց պրոֆեսիոնալ հմտություններով զգալիորեն գերազանցում են ժողովրդի «թեկնածուին»։ Ավելին, իմանալով տասնյակ հազարավոր ցուցարարներին համակած թեժ կրքերի մասին՝ առաջադրվելու նաև իմ անձնական պատրաստակամությունը հայտնեցի։ Ավաղ, իմ առաջարկությունն աջակցություն չստացավ՝ ինչ-ինչ հանգամանքների բերումով, ինչն առանձին, հույս ունեմ, շատ հետաքրքիր ու կարևոր վերլուծության թեմա է։ Կարևոր՝ այն առումով, որպեսզի հետագա գործողություններում նորից նույն փոցխին չկանգնենք։ Հետո ավելի հետաքրքիր է։ Ն.Փաշինյանը, որն անայլընտրանքային հիման վրա «ընտրվեց» (փողոցի շանտաժի և ճնշման ներքո) ՀՀ վարչապետ, ըստ երևույթին, հավատալով, որ ինքն անփոխարինելի է, իհարկե՝ ոչ առանց իր քաղաքական ուղեվարների հուշման, արդեն ս.թ. հոկտեմբերին նախաձեռնեց «հրաժարական եմ տալիս» անունը կրող ֆարսը։ Սույն արարմունքի գաղափարն այն է, որպեսզի վարչապետի պաշտոնին չընտրվելով հասնի խորհրդարանը ցրելուն՝ միևնույն ժամանակ իր համար լիովին պահպանելով գործադիր իշխանության ողջ լիազորությունը, բայց միայն պաշտոնակատար մակդիրով։ Եվ ահա այս անգամ էլ, ոչ թե նրա համար, որ երազում էի քաղաքական կամիկաձեի դափնիները նվաճել, ես նորից բարձրացրի վարչապետի պաշտոնին ՀՀԿ-ի կողմից իր (բնավ պարտադիր չէր անպայման իմ) թեկնածուի առաջադրման անհրաժեշտության հարցը՝ միևնույն ժամանակ հայտարարելով նաև իմ անձնական պատրաստակամության մասին։ Իմ հետապնդած նպատակը, կարծում եմ, չափից ավելի պարզ էր. ՀՀ ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով իմ ծրագիրը՝ Ն.Փաշինյանի անգամ ամենակողմնակալ զինակիցը հոգու խորքում կգիտակցեր դրա որակապես շատ ավելի բարձր պրոֆեսիոնալ, գիտականորեն հիմնավորված մակարդակը։ Էլ չեմ ասում պատգամավորների հնարավոր հարցերին պատասխանների հիմնավորվածության մասին։ Այս մասին գրում եմ վստահաբար, քանի որ վերջին կես տարվա իմ հոդվածները, որոնք հրապարակվել են ռուսաստանյան REGNUM տեղեկաատվական գործակալության կողմից (այստեղ չեմ կարող իմ խորին երախտագիտությունը չհայտնել գլխավոր խմբագիր, հայրենասեր-դերժավնիկ Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովին), շոշափել են տնտեսության և աշխարհաքաղաքականության ամենասուր հարցերը, դրանցում հնչել է կառուցողական քննադատություն Ն.Փաշինյանի կառավարության հասցեին, իսկ դրանց հրապարակումից հետո այդպես էլ չեն վիճարկվել նրանց կողմից։ Կրկնում եմ, հոդվածներում հասցեական քննադատություն է հնչել ինչպես Ն.Փաշինյանի, այնպես էլ նրա մերձավոր շրջապատի գործունեության մասին։ Իսկ դա իր ամբողջության մեջ, անշուշտ, հայտնի իմաստով կզգոնացներ «ժողվարչապետի» երկրպագուների՝ դեռևս էյֆորիայի մեջ գտնվող որոշակի մասին, էլ չեմ ասում հարյուր հազարավոր մեր այն քաղաքացիների մասին, ովքեր, հավանաբար, ստեղծված իրավիճակի անելանելիության (ըստ իրենց) պատճառով լրիվ ինքնամեկուսացվել են երկրի հասարակական կյանքից։ Մի խոսքով՝ իմ առաջարկը հերթական անգամ աջակցություն չստացավ ՀՀԿ խմբակցության գործընկերներիս կողմից։ Որպեսզի ընթերցողները կեղծ տպավորություն չստանան, թե հող եմ նախապատրաստում մի ինչ-որ անհասկանալի և ՀՀԿ-ի կողմից նեղացվածի պատմուճան հագնելու համար, միանշանակ ասեմ՝ ոչ, ուղիղ հակառակը։ Չէ՞ որ ՀՀ ԱԺ ամբիոնից կարելի կլիներ ասել նաև հարգանքի արժանի, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, բազմաթիվ գործողությունների մասին, որոնք վերջին տարիներին իրագործվել են ՀՀԿ ղեկավարությամբ։ Պարզ է նաև մեկ այլ բան, որ ՀՀ վարչապետի պաշտոնին իրական, այլընտրանքային թեկնածուի, ընդ որում՝ ոչ ֆորմալ առաջադրումը կզինաթափեր առանձին քաղաքական գործիչների, դավադրության տեսության կողմնակիցների, որոնք չափից ավելի են ակտիվացել վերջին ժամանակներս՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատելով որպես մի ինչ-որ նախապես պլանավորված սցենար՝ նախապես պայմանավորված վերջաբանով։

Ի դեպ, այստեղ տեղին է հիշել Նոր Կտակարանի անմահ տողերը. «Մի դատեք, որ չդատվեք։ Որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափում եք, նրանով կչափվի ձեզ» (Ավետարան ըստ Մատթեոսի, 7.1,2)։

Հ.Գ. Մեր Ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի այս նախազգուշացումները չպետք է մոռանան տարատեսակ քաղաքական պատեհապաշտները, ովքեր այս օրերին իսկական հոգեբանական հալածանք են սկսել առողջապահության տաղանդավոր կազմակերպիչ, Հայաստանի և Արցախի Հանրապետության հայրենասեր զավակ, պրոֆեսոր Արա Միքայելի Մինասյանի և նրա անվիճելիորեն տաղանդավոր որդու՝ Միքայել Արայի Մինասյանի դեմ, ով մինչև երեկ Վատիկանում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանն էր։

Չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով, թեև լավատեսության համար, ավաղ, հիմքերը չափից ավելի քիչ են։ Բայց, թերևս, կա մեծ հույս՝ կապված «Լազարյան ակումբի», ինտելեկտուալների, ամենաբարձր որակավորմամբ քաղաքագետների, ակումբի հիմնադիր հայրերի հետ, որոնք, անկասկած, Հայաստանում ստեղծված չափազանց բարդ իրավիճակի իրենց խոր և հիմնավորված վերլուծությամբ կօգնեն հայ ժողովրդին դուրս գալ դեպի Տաճար տանող փրկարար ճանապարհ, որը կուղղորդի դեպի Աստված։                               

Արտաշես Գեղամյան

Պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ խորհրդարանի պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ