ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ՛ ԴԱՌՆԱ ԿՈՒՅՐԵՐԻ ԿՈՒՅՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԶՈՀԸ

18 մայիս, 2018թ., Իրավունք

 

Նկարում՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արտաշես Գեղամյանը, Հերմինե Նաղդալյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Ռուստամյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Դաշնության Խորհրդի անդամներ Կոնստանտին Կոսաչովը, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, Իգոր Չերնիշենկոն, Արամայիս Դալլաքյանը, Ռաֆաիլ Զինուրովը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՌԴ ԱԳՆ IV դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իգոր Գրոմիկոն: Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, 17 հունիսի 2017 թ.:

 

Կրկին ու կրկին իմաստավորելով ս.թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ էլ ավելի ես համոզվում, որ երկրում ոչ թե պարզապես իշխանափոխություն է եղել, այլ՝ պետական հեղաշրջում, որն ըստ էության հանդիսացել է Իրանի Իսլամական Հանրապետությունում և Ռուսաստանի Հարավային «ստորոտում» իրավիճակի ապակայունացման մանրակրկիտ մտածված քաղաքականության բաղկացուցիչ մասերից մեկը։ Ի՞նչ էր նախորդել դրան։

Երիտասարդական ոչկառավարական AEGEE/European Students Forum կազմակերպության՝ Երևանում ս.թ. մարտի 8-12-ը կազմակերպած «Եվրոպական պլանավորման կոնֆերանս – 2018»-ի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է. «Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա»։ Նկատենք, որ կոնֆերանսի աշխատանքին մասնակցեց մոտ 200 երիտասարդ Եվրոպայի 25 պետություններից և «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրներից։ Հատկանշական է, որ կոնֆերանսի մասնակիցները բավական շահագրգիռ քննարկում էին կազմակերպել երիտասարդության շրջանում գործազրկության դեմ պայքարի հնարավոր տարբերակների, երիտասարդությանն «Արևելյան գործընկերության» երկրներում իրականացվող բարեփոխումներին ներգրավելու և քաղաքացիական հասարակության ամրապնդման հարցերի շուրջ։

Հիշեցնենք ընթերցողներին նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովի պատասխանները Հայաստանի ԶԼՄ-ների հարցերին (2018թ. ապրիլի 8)։

Հարց. «Ինչպե՞ս եք գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացումը վերջին երկու տասնամյակներին»։

Ս.Վ. Լավրով. «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դաշնակցային, ռազմավարական գործընկերության հարաբերություններ են։ Այս տերմիններն ամրագրված են երկկողմ պայմանագրերում, Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) փաստաթղթերում։ Այդ կապերն, անխտիր, ընդգրկում են պետությունների գործունեության բոլոր ոլորտները, մեր ժողովուրդների կենսագործունեության բոլոր ոլորտները՝ անվտանգությունից, արտաքին քաղաքականությունից մինչև մշակույթ, տնտեսություն, տեխնոլոգիական շփումներ, հումանիտար կապեր, կրթություն և այլն։ Հարաբերությունները 10 տարում, անշուշտ, զարգացել են մեր երկրների նախագահներ Վ.Վ. Պուտինի և Ս.Ա. Սարգսյանի միջև ուղղակի, վստահալից շփումների ազդեցության ներքո։ Նրանք կանոնավորապես, տարեկան մի քանի անգամ բարձր մակարդակի հանդիպումներ են ունենում, հանդիպում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության տարածքում, բազմաթիվ միջազգային համաժողովների հարթակներում»։

Այսպիսով, մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ անցած 10 տարիներին, Հայաստանի խորապես մտածված, կշռադատված և ազնիվ արտաքին քաղաքականության շնորհիվ, որն իրականացվել է ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ղեկավարությամբ, մենք վկաներն ենք եղել այն իրողության, որ Հայաստանը 2015թ. հունվարի 2-ից դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրել է «Հայաստան – ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։ Ընդ որում՝ կարևոր է նշել, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատական են տվել Հայաստանի հետ իրենց երկրների դաշնակցությանն ու գործընկերությանը։

Մենք իրավունք ունենք նաև պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններին, որ Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միջև չկան անհաղթահարելի հակասություններ, ավելին, կան սերտ, փոխշահավետ տնտեսական, ինչպես նաև քաղաքական համագործակցության հաստատման ոլորտներ։ Ասվածին պետք է հավելել նաև բարեկամական, բարիդրացիական հարաբերություններն Իրանի և Հայաստանի միջև, որոնք բավական ընդգրկուն ձևով բնորոշել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին 2017թ. դեկտեմբերի 21-22-ին ՀՀ կատարած իր այցելության ընթացքում։ Իրանի նախագահն այդ այցի ժամանակ ասել է. «Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք նույն մշակույթին և քաղաքակրթությանը։ Երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները միշտ ջերմ և բարեկամական են եղել»։ Թերևս, իրանա-հայկական հարաբերություններին շատ խորիմաստ գնահատական է տվել նաև հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն իր «Ինչու Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու եկավ Սարգսյանը և չեկավ Ալիևը» վերնագրով հոդվածում (REGNUM, 6 օգոստոսի 2017թ.)։ «Եվս մեկ պարադոքս։ Մինչև XIX դարի  սկիզբը Անդրկովկասի տարածքը, որտեղ հետո ստեղծվեցին Ադրբեջան և Հայաստան պետությունները, մտնում էր Պարսկական կայսրության կազմի մեջ՝ որպես խանություններ։ Բայց, թերևս, միայն հայերին է հաջողվել պահպանել իրանցիների հետ ընդհանուր պատմության պոզիտիվը, Իրանի հետ իրենց հարաբերությունները վերածել «հատուկ» հարաբերությունների... Երրորդ պարադոքսը։ Քրիստոնեական Հայաստանն աջակցություն է ստանում մի կողմից՝ քրիստոնեական Եվրոպայում, մյուս կողմից՝ Իրանի միջոցով իսլամական աշխարհում, մինչդեռ Բաքուն ավելի շատ ներկայանում է որպես «իսլամական» պետություն։ Հեռանկարը Հայաստանի համար միանգամայն ընդունելի և շահեկան է թվում, ինչը վաղ թե ուշ չեն կարող չընդունել Ադրբեջանում... Այնպես որ, չնայած իրանական ուղղությամբ Երևանի դիվանագիտությունն աշխատում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փչացնելու պոտենցիալ վտանգի մակարդակով, ակնհայտ է, որ Հայաստանն իր պահեստային քայլերն ունի»։ Կարծում ենք, որ իրավունք ունենք պնդելու. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական գիծը ըմբռնում և աջակցություն էր վայելում Ռուսաստանի, Եվրամիության և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Ընդ որում՝ հատկապես կուզենայինք նշել, որ նախագահ Ս.Սարգսյանն արտաքին քաղաքական թեմատիկայի վերաբերյալ իր բոլոր հրապարակային ելույթներում միանշանակ ընդգծում էր հայկական պետության արտաքին քաղաքականության գլխավոր վեկտորը՝ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությանը, մի քանի փաստ նշեմ։ Այսպես, ոչ անհայտ լրագրող Ռասիմ Աղաևը (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության նախկին գլխավոր դատախազի որդին, վերակառուցման տարիներին եղել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը) ադրբեջանական կառավարամետ տեղեկատվական Haqqin.az պորտալում 2016թ. հուլիսի 19-ին հրապարակել է հոդված՝ «Սերժ Սարգսյանը կսպանվի» վերնագրով։ Ահա թե ինչ է այդ նողկալի վերնագրի ներքո գրել հայերի ու հայկական պետության համար «սրտցավ» այդ նորահայտ նախանձախնդիրը. «Ես արդեն կարծես թե մի անգամ գրել եմ. Սերժ Սարգսյանին՝ անկախ Հայաստանի երրորդ նախագահին, կամ կսպանեն, կամ կստիպեն հեռանալ, կամ ինքը կփախչի։ Բայց ավելի շուտ տեղի կունենա առաջինը... «Հիմնադիր խորհրդարան» շարժումը, որի ակտիվիստները հարձակում են գործել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վրա, պատանդներ վերցնելով՝ միայն իշխանության անվերապահ հրաժարական ու իշխանափոխություն չէ, որ պահանջում են։ Այս հուսահատ ակտը կատարվել է հանուն ինքնահռչակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ընդգրկման Հայաստանի կազմում... Մոտ ապագայում Հայաստանին սպասվում է պետական հեղաշրջումների, քաղաքական սպանությունների, հարկադրված հրաժարականների հերթագայություն»։

Ի՞նչ է սա՝ միջազգայնագետ-լրագրողների հանրույթում նորահայտ Դելփյան պատգամախոսի գալո՞ւստ։ Իսկ գուցե սա լոկ ադրբեջանա-թուրքական ստրատեգների վաղուց փայփայած ծրագրերի հնչեցո՞ւմ է։ Այս համատեքստում բավական ոչ միանշանակ է թվում Թուրքիայի ղեկավարության արձագանքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու պաշտոնական Երևանի պատրաստակամության մասին (հայտարարությունն արվել է մայիսի 9-ին Արցախում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում)։ Ընդ որում՝ հատկանշական է, որ սկզբում Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ իրեն չանվանած ներկայացուցիչն ասել էր. «Առանց ադրբեջանական տարածքների ազատագրման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող»։ Բայց շատ չանցած հետևել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի բավական հետաքրքրաշարժ, ինտրիգ պարունակող հայտարարությունը։ Այսպես, թուրքական Hurriet պարբերականի տեղեկացմամբ՝ նա ասել է. «Եթե Հայաստանը հրաժարվի ոչ ճիշտ դիրքորոշումից մեր տարածքային ամբողջականության և սահմանների առումով, եթե ցանկանա նոր էջ բացել, մենք կարող ենք փոխադարձությամբ պատասխանել։ Թուրքիան մտադիր չէ թշնամանք դրսևորել որևէ մեկի, հատկապես հարևանների հանդեպ։ Ուստի, եթե Հայաստանի դիրքորոշման մեջ ինչ-որ մեղմացում լինի, մենք մեր երկրի շահերից ելնելով կարող ենք գնահատել դա»։ Ո՞րն է ինտրիգը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն» և «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն» փաստաթղթերը ստորագրելիս խոսք անգամ չկար թուրքական պետության «տարածքային ամբողջականության և սահմանների» վերաբերյալ Հայաստանի հավակնությունների մասին։ Ավելին, Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հակառակորդների քննադատության ողջ կրակը (նկատի ունենք առանց նախապայմանների կարգավորումը. այն է՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը, բուն հայկական հողերի վերադարձը՝ Սևրի հաշտության պայմանագրին և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Տրապիզոնի վիլայեթների ներառմամբ Հայաստանի սահմանների վերաբերյալ իրավարար վճռին համապատասխան և այլն) ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերցրեց իր վրա, ընդ որում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Սփյուռքում։ Սակայն Թուրքիան մինչև վերջերս որևէ կերպ Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամություն չէր հայտնել։ Հաշվի առնելով Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն այս հարցում՝ ՀՀ իշխանությունները մարտի առաջին տասնօրյակում չեղարկեցին հայ-թուրքական արձանագրությունները։ Իսկ հիմա մենք վկաներն ենք դարձել թուրքական ղեկավարության մոտեցումներում տրամագծորեն հակառակ փոփոխությունների, որոնք ստիպում են մեզ դարձյալ հարց տալ. ուրեմն, ուրիշ էլ ո՞վ էր շահագրգռված Հայաստանում «ոչ բռնի» իշխանափոխությամբ։ Իրավիճակը մի փոքր պարզելու համար ավելի մանրամասն կանգ առնենք Հայաստանում այսպես կոչված «թավշյա հեղափոխության» առանձնահատկությունների վրա։

Փոքրիկ անդրադարձ պատմությանը։ 1993թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում հրատարակվեց Բոստոնի Ալբերտ Էյնշտեյնի ինստիտուտի (ոչառևտրային կազմակերպություն, որը գոյություն ունի նվիրատվությունների հաշվին) աշխատակից Ջին Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» գիրքը։ Այս աշխատության հավելվածն էլ հենց, որը վերնագրված է «Ոչ բռնի գործողությունների մեթոդները» (այսուհետ՝ Հավելված), ինչպես ցույց տվեց վերլուծությունը, դարձել է գործնական ձեռնարկ Հայաստանում ս.թ. ապրիլ-մայիսին ծավալված ընդվզման շարժման ղեկավարների, ավելի շուտ՝ նրանց համար, ովքեր կանգնած էին այդ իրադարձությունների կուլիսներում։ Ընդ որում՝ հարկ է ընդունել, որ բողոքի շարժման ռեժիսուրան շատ պրոֆեսիոնալ էր կազմված։

Այսպես, Հավելվածի I գլխում, որը վերնագրված է «Ոչ բռնի բողոքի և համոզելու մեթոդները», կարդում ենք. 1. Հրապարակային ելույթներ; 4. Հրապարակային հայտարարություններ՝ ստորագրված հայտնի մարդկանց կողմից; 7. Կարգախոսներ, ծաղրանկարներ և խորհրդանիշներ; 8. Դրոշներ, պաստառներ և ցուցադրամիջոցներ; 11. Մագնիտոֆոնային ձայնագրություններ, սկավառակներ, ռադիո, հեռուստատեսություն; 16. Նստացույցեր; 27. Փողոցային նոր նշանների տեղադրում և փողոցների նոր անվանումներ; 28. Խորհրդանշական ձայներ։

Կարծում եմ, որ ոչ բռնի բողոքի և համոզելու այս բոլոր մեթոդների  դրսևորումները հայ ընթերցողը հասցրել է շատ լավ հիշել. ինչ-որ մեկը հիշում է իր անձնական մասնակցությունը բողոքներին, ինչ-որ մեկն ուշադիր հետևել է տեղի ունեցողին ռադիոյով և հեռուստածրագրերով, հրապարակումներով և ինտերնետ-ռեսուրսների տեսանյութերով։ Հետո շատ ավելի հետաքրքիր է։ Կարդում ենք. կետ 31. Պաշտոնական անձանց «հետապնդում» (մասնավորապես, մեր դեպքում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների); 32. Պաշտոնական անձանց ծաղրի ենթարկել (բավական է հիշել ցուցարարների և պետական հաստատությունները պաշարածների ելույթները); 33. Զինվորների հետ եղբայրանալ (օրինակ՝ խաղաղարար բրիգադի զինծառայողների միանալը բողոքին); 34. Հսկումներ («հերթապահություններ». հիշենք ցուցարարների շուրջօրյա հերթապահությունները Ֆրանսիայի հրապարակում և հանրահավաքների անցկացման այլ վայրերում); 37. Երգեցողություն (հատուկ հորինված երգերի և շարժման հիմնի զանգվածային կատարում, ամեն երեկո համերգներ հանրահավաքների ավարտից հետո)։ Կամ էլ օրեցօր կիրառվող գործողությունները, ինչպես նշված է Հավելվածի համապատասխան կետերում. 38. Քայլերթեր; 39. Շքերթներ; 42. Ավտոշարասյուներ; 43. Քաղաքական սգո արարողություններ (զզվելի մահապաստառների տեղադրում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության պատգամավորների կեցության շրջաններում); 44. Խորհրդանշական թաղումներ (նողկալի շոու, որ կազմակերպում էին ընդվզողները Երևանի Հյուսիսային պողոտայում, ասես հենց Ռասիմ Հուսեյնովիչ Աղաևի «Սերժ Սարգսյանը կսպանվի» հոդվածում ներկայացված ցուցումի)։

 «Սոցիալական համագործակցությունից հրաժարման մեթոդներից» (II գլուխ) լայնորեն օգտագործվել են 62 և 63 կետերը՝ ուսանողական դասադուլներ և հասարակական անհնազանդություն։

Հատկանշական է, որ բողոքի շարժման ժամանակ օգտագործվել են նաև Հավելվածի III գլխի («Տնտեսական համագործակցությունից հրաժարման մեթոդները. տնտեսական բոյկոտներ») հրահանգները։ Այսպես, գործի են դրվել՝ «71. Սպառողների բոյկոտ (SAS և Երևան-սիթի սուպերմարքեթներից առևտուր չանելու կոչեր) և 72. Հրաժարում այս կամ այն ապրանքը գնելուց» կետերը։

Հարկ է նաև նշել բողոքի շարժման ղեկավարների կողմից Հավելվածի IV գլխում («Խորհրդանշական համագործակցությունից հրաժարման մեթոդները») պարունակվող հրահանգների լայն կիրառումը։ Մասնավորապես, մենք հետևյալ կետերի իրագործման վկաները դարձանք. 97. Բողոքի գործադուլ; 98. Արագ հեռացում («կայծակ գործադուլ»); 99. Գյուղացիական գործադուլներ (որոնք, ուղեկցվում էին միջհամայնքային ճանապարհների փակմամբ); 117. Համընդհանուր գործադուլ (ընդվզողները պարբերաբար կոչ էին անում համընդհանուր գործադուլ կազմակերպել)։

Կարելի է նաև բողոքողների կողմից Հավելվածի V գլխի («Քաղաքական համագործակցությունից հրաժարման մեթոդները») հրահանգների կիրառման փաստեր նշել, այն է՝ կետ 130. Սեփականության վերաբերյալ և փողոցային նշանների վերացում (այսպես կոչված «կարմիր գծերի» վերաներկումը Երևանում); 135. Ժողովրդական անհնազանդություն; 137. Հավաքը կամ հանրահավաքը ցրելու հրամանի չկատարում (քանիցս բարձրախոսներով, հեռուստատեսության և ռադիոյի տեղեկատվական ծրագրերով ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայության հնչեցրած հայտարարությունները՝ ուղղված ցուցարարներին՝ ցրվելու պահանջով); 141. Անհնազանդություն անարդար (ըստ ցուցարարների) օրենքներին (հրաժարում ճանապարհային երթևեկության կանոնների և «կարմիր գծերի» հետ կապված կանոնների խախտման տուգանքների վճարումից); 144. Հաստատությունների աշխատանքի խոչընդոտում (նախարարությունների և պետական այլ հաստատությունների շենքերի շրջափակումը ամենուրեք կիրառվող գործելաոճ էր դարձել)։

Բողոքների ընթացքում ցուցարարները բարեխղճորեն իրականացրել են նաև այլ հրահանգներ, որոնք ներկայացված են VI գլխում՝ «Ոչ բռնի միջամտության մեթոդները»։ Այսպես, ամենուրեք իրագործվել են այն պահանջները, որոնք ներկայացված են հետևյալ կետերում. 162. Ընդդիմացողը նստած է; 163. Ընդդիմացողը կանգնած է; 172. Իր մարմնով հանգիստ պատնեշում է հակառակորդին (բավական է հիշել սեփական մարմնով դեպի Հանրապետության հրապարակ շարժվող հետևակի մարտական մեքենայի պատնեշումը)։ Էլ չեմ ասում ամենուրեք կիրառվող այն կարգադրությունների մասին, որոնք ներկայացված են 176 կետում՝ Ճանապարհների շրջափակում; 177. Անվերջ ճառեր; 178. Ինքնագործ ներկայացումներ փողոցում։ Եվ վերջապես, 194, 195 և 198 կետերը, ըստ որոնց՝ մերկացվում են գաղտնի գործակալները; ձգտում՝ հայտնվելու բանտում (իրենց հակաիրավական գործողություններով՝ դիցուք, ապօրինի «ներխուժում» Երևանի ռադիոհեռարձակման,  բարձրագույն ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների շենքեր, գործողություններ, որոնցով ցուցարարներն ամեն կերպ սադրում էին ոստիկանությանը՝ դիմելու իրավակարգը չարամտորեն խախտողների կալանման կոշտ միջոցների); երկակի ինքնիշխանություն և զուգահեռ կառավարության ստեղծում (ցուցարարների որոշումը՝ ընդվզողների ճնշմամբ փողոցում վարչապետ նշանակելու մասին)։ Վերը թվարկվածը և նաև Հավելվածում շուրջ տասնյակ առաջարկվող այլ հուշումներ, որոնք նույնպես կիրառվել էին ցույցերի մասնակիցների կողմից, կասկած չեն հարուցում, որ «թավշյա հեղափոխությունը» Հայաստանում՝ քանիցս և ամենատարբեր երկրներում տեղի ունեցած իշխանափոխության սցենարների գործնական իրականացումն էր։

Պատասխանելու համար այն հարցին, թե ո՞վ էր կանգնած Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների թիկունքում, որոշ դիտարկումներ ներկայացնենք։ Հիշենք, որ 2018թ. ապրիլի 13-ից բողոքողների գլխավոր կարգախոսն էր՝ «Քայլ արա՝ մերժի՛ր Սերժին»։ ՀՀ Ազգային ժողովի կողմից արդեն ընտրված Հայաստանի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, թվում էր, որ այդ կարգախոսը պետք է կորցներ իր ակտուալությունը։ Բայց տես, որ չէ, ինչպես ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում։ Հիմա արդեն քննադատության սուր ծայրն ուղղված էր Հանրապետական կուսակցության դեմ, որը 2017թ. ապրիլի 2-ին, Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով, կայուն մեծամասնություն էր ստացել երկրի խորհրդարանում։ Ընդ որում՝ ընտրությունները լեգիտիմ էին ճանաչվել ԵԱՀԿ, ԱՊՀ և միջազգային այլ կազմակերպությունների դիտորդական առաքելությունների, ի դեպ՝ նաև ընդդիմադիր «Ելք» խմբակցության կողմից, որի ղեկավարն էլ գլխավորում էր բողոքի շարժումը։ Այս առնչությամբ կուզենայի նշել, որ հանրահավաքների ժամանակ բողոքի շարժման ղեկավարների կողմից անընդհատ արծարծվող միտքը «թավշյա հեղափոխությունում» աշխարհաքաղաքական բաղադրիչի բացակայության մասին, մեղմ ասած, ոչ մի քննադատության չի դիմանում, դա խոսակցություն է անտեղյակների համար։ Բավական է ասել, որ կարգախոսների և պաստառների զգալի մասը արդեն իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի նախօրեին և դրանից անմիջապես հետո, ինչպես նշում են բազմաթիվ ականատեսներ, պատրաստվել էին Transparency  International միջազգային ոչկառավարական կազմակերպության հայկական բաժանմունքի գրասենյակում։ Չարժե այստեղ խոսել այդ գործողությունների անօրինականության մասին «կոռուպցիայի դեմ պայքարողների» կողմից, որոնք սույն պարագայում իրենք դրսևորեցին գործողություններ՝ քաղաքական կոռուպցիայի հատկանիշներով։ Էլ չենք ասում բողոքի շարժմանը օվկիանոսի այն կողմից շռայլորեն ֆինանսավորվող տարատեսակ «գրանտակերների» ավանգարդային մասնակցության  մասին, որոնց արարքների վերաբերյալ վաղուց միանգամայն ապացուցված ձևով գրվում էր «Իրավունք» և «Հայոց աշխարհ» հայրենասիրական թերթերում։ Այսպես, համաձայն նրանց հրապարակումների՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունն, օրինակ, «Բաց հասարակություն – Հայաստան» ֆոնդից միայն 2017թ. ստացել է 55 հազ. դոլարի դրամաշնորհ։ Կարծում եմ, որ այս և նման կազմակերպությունների ֆինանսավորումն ընթացիկ տարում զգալիորեն կավելանա, չէ՞ որ դրանք ապացուցել են իրենց «մարտունակությունը» և հմտությունը՝ կարճ ժամկետում մոբիլիզացնել և փողոց դուրս բերել իրենց հարյուրավոր «հետևորդների»։ Միևնույն ժամանակ, Հայաստանում տեղի ունեցած բողոքի շարժումը լոկ Ջին Շարփի հրահանգների հաջող կիրառություն համարելը չափից ավելի պարզունակ կլիներ։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ս.թ. ապրիլ-մայիսին, մանրակրկիտ մշակվել և վերջին տարիների  ընթացքում քանիցս փորձարկվել է և ըստ էության դարձել Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած բողոքի բազմաթիվ շարժումների (օրինակ՝ սոցիալական, էկոլոգիական և տնտեսական ուղղվածության) եզրափակիչ գործողությունը, ինչի մասին ս.թ. մայիսի 8-ին ՀՀ վարչապետի պաշտոնում Ն.Փաշինյանի թեկնածության հաստատման քննարկման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ոչ երկիմաստորեն հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը։

Տագնապեցնում է այլ բան. այն, որ իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դեռևս 2018թ. ապրիլի 4-ին ՀՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագիծը քննարկելիս, Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց ըստ էության երկրի տնտեսական քաղաքականության հիմնարար վերանայման անհրաժեշտությունը՝ ասելով. «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն և բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաև մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ հստակ և չափելի միջոցների մշակում, որպեսզի մինչև 2040 թվականը մենք ունենանք չորսմիլիոնանոց Հայաստան... Մենք պարտավորություն ենք վերցրել, և պետք է ծրագրում ներառենք մինչև 2030թ. մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծումը, որոնք բարձր աշխատավարձեր կապահովեն»։ Թե ում էր ձեռնտու իշխանափոխությունը Հայաստանում հենց այս պահին, երբ երկրի նախագահը ի լուր ամենքի հայտարարեց այն մասին, որ ստեղծված են ՀՀ կառավարության աշխատանքի արդյունավետության չափանիշների արմատական վերանայման բոլոր պայմանները և ինքը պատրաստ է համազգային նպատակներին հասնելու պատասխանատվություն ստանձնել՝ կարծում եմ, սա հասկանալու համար մեծ խելք չի պահանջվում։ Կրկնում եմ, ՀՀ կառավարության գործունեության գնահատման չափանիշների հիմքում, Սերժ Սարգսյանի համառ առաջարակով, պետք է դրվեին ներառական աճի (ներառական զարգացման ինդեքսի - Inclusive Development Index; IDI) ցուցանիշները։ Չէ՞ որ մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ այն ժամանակ ՀՀ նախագահի առաջարկած՝ Հայաստանի տնտեսական զարգացման հարացույցի փոփոխությունն ամենակարճ ժամկետում տեսանելի դրական արդյունքներ կտար երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում։ Ընդ որում՝ դրական փոփոխությունները կզգային յուրաքանչյուր հայկական ընտանիքում։ Ավաղ, ինչպես ասում են՝ թշնամին քնած չէ։

Լուրջ տագնապ է հարուցում նաև մեկ այլ հանգամանք, այն է. ժամանակի առումով իշխանափոխությունը Հայաստանում համընկավ մեր տարածաշրջանում ռազմական լարվածության զգալի խորացման հետ՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված՝ Գործողությունների համատեղ, համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։ Այս մասին, մասնավորապես, հայտարարեց ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ալեքսեևիչ Ռյաբկովը՝ ս.թ. մայիսի 15-ին ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի փորձագիտական բանավեճում։ «Ռուսաստանը չէր ուզում, որպեսզի ԱՄՆ-ի դուրս գալը ԳՀՀԾ-ից դառնար Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության հետագա սաստկացման նախերգանքը, թեև դրա վտանգն ակնհայտ է»,- իր ելույթում ասել էր բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ռուս դիվանագետը։

Հաշվի առնելով արդի աշխարհի վերը ներկայացված և շատ այլ մարտահրավերներ՝ կուզենայի անարդարության դեմ իրենց անկեղծ բողոքի, գործազրկության դեռևս պահպանվող բարձր մակարդակի, կոռուպցիայի դեմ պայքարի դանդաղ տեմպերի և մեր կյանքի բացասական այլ դրսևորումների դեմ պայքարի պոռթկման մեջ գտնվող մեր թանկագին համաքաղաքացիներին նախազգուշացնել, որպեսզի հերթական անգամ պատահմամբ չդառնան կույր գործիք համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններից մեկի ձեռքում։ Չէ՞ որ, Աստված մի արասցե, փայփայվող ծրագրերի իրագործումը աղետ և քաոս կբերի ոչ միայն Մերձավոր Արևելքին, Իրանի Իսլամական Հանրապետությանը, այլև Անդրկովկասին, որը հիմա, չգիտես ինչու, անվանվում է Հարավային Կովկաս։

Չէի ուզենա հոդվածս ավարտել ոչ վհատ, ոչ էլ պաթետիկ նոտայով, բայց ավաղ, ինչպես ասում են ֆրանսիացիները, «Noblesse  oblige», կամ՝ կացությունը պարտավորեցնում է անկեղծորեն կիսվել սեփական հույզերով, Հայաստանի համար այս տագնապալի օրերին չափազանց ակտուալ է Մատթեոսի Ավետարանի մեծագույն զգուշացումն իմաստավորելը. «Դրանց թողե՛ք. կույրերի կույր առաջնորդներ են, և երբ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն» (Ավետարան ըստ Մատթեոսի, Գլ. 15,14)։ Մի խոսքով՝ մենք ի զորու ենք այնպես անել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չդառնա կույրերի կույր առաջնորդների զոհը։ Եվ սա հորդոր չէ, այլ Հայոց պետականության պահպանման անայլընտրանք ճանապարհը։

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև

համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի

հայկական մասի համանախագահ,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

                               www.amiab.am

 

Последние видеоматериалы

Новые книги