ИРАВУНК

ՈՒՐԵՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓԱ՞Յ ՈՒՆԵՆ . . .

03-09.11.2009

Հարգելի ընթերցող, Ձեր դատին ենք ներկայացնում ս/թ հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի նիստում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի բանավոր խոսքի շարադրանքը:

Հարգելի գործընկերներ, հոգեբանների շրջանում կա ընդունված մի տեսակետ: Եթե երկրում կատարվել է շատ ծանր հանցագործություն, որն իշխանություններն ուզում են քողարկել, ապա դրան որպես կանոն հաջորդում է մեծ հնչեղություն ունեցող որևէ ուրիշ գործ, ցանկալի է, որ վերջինս առնչվի կատարված այդ ծանր հանցագործության հետ: Խնդիրը մեկն է. մարդկանց ուշադրությունը շեղել այլ ուղղությամբ: Երբ ուշադիր հետևում ենք այն իրարանցմանը, որը պայմանավորված է այս օրինագծի («Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին») անընդմեջ քննարկումն Ազգային ժողովի վզով փաթաթելու հանգամանքով, ճիշտ և ճիշտ հիշում ու մտովի համաձայնվում ես հոգեբանների վերը նշված հայտնի տեսակետին:

Այժմ անդրադառնանք քննարկվող բուն հարցին: Ի՞նչ ի նկատի ունեմ՝ ասելով տեղի է ունենում ծանր հանցագործություն: Ի նկատի ունեմ այն, որ ճիշտ այս ամբիոնից էլ քանիցս թմբկահարվել է, թե Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՀՆԱ-ի աննախադեպ աճ և դրա առանցքը կազմում է շինարարության ոլորտը, ուր, մասնավորապես, 2005 թ. 2004 թ. նկատմամբ արձանագրվել է 134,2% աճի տեմպ: Սակայն գրանցված աճի տեմպը չէ, որ մտահոգիչ է, այլ դրա հետևում թաքնված անօրինակությունների շարքը: Բնականաբար, հետաքրքվում ես՝ այդ ինչի՞ արդյունքում և ինչպե՞ս է գրանցվել այդ աճը: Եվ երբ խորանում ես այդ հարցում, ապա հանդիպում ես զավեշտալի մեկ այլ փաստի, ըստ որի վնասով աշխատող կամ եկամուտ չունեցող շինարարական կազմակերպությունների տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ 2005 թ. ամփոփ տվյալների համաձայն կազմել է 34,5%: Կրկնում եմ, խոսքը տեսակարար կշռի մասին է:

Այսինքն՝ ստացվում է, որ շինարարական կազմակերպությունների միայն 65,5%-ն են ցույց տալիս, որ աշխատում են շահույթով: Մասնավորապես, 2005 թ. Ազգային վիճակագրական ծառայության՝ շինարարությունում գործող կազմակերպությունների ամփոփ ֆինանսական արդյունքների վերլուծության համաձայն տարեկան շահույթը կազմել է ընդամենը 2 մլրդ 206 մլն դրամ, իսկ ուղղակի վնասով աշխատող շինարարական կազմակերպությունների կրած վնասն էլ 587,7 մլն դրամ է եղել: Եվ ակամայից մտածում ես, թե մեր շինարարներին ֆինանսավորողներն ինչքան անձնազոհ ու հայրենասեր են, որ ավելի քան 425 մլրդ դրամի կատարած շինարարական ծավալների պայմաններում բավարարվել են ընդամենը 2 մլրդ 206 մլն դրամ շահույթով: Նկատենք, որ շինարարական այդ ծավալների 81,16%-ը բաժին է ընկնում Երևան քաղաքին, իսկ մենք Ձեզ հետ քաջ գիտակցում և տեսնում ենք, որ Երևան քաղաքում էլ այդ ամենը, փաստորեն, պայմանավորված է, այսպես կոչված, էլիտար շենքերի կառուցմամբ: Ցանկացած շինարարի եթե հարցնես, ապա կասի (բարեբախտաբար, մեր խմբակցությունում կա այդպիսինը՝ Ալեքսան Կարապետյանը), որ մասնագիտական վերլուծություններն վկայում են, որ Երևան քաղաքում մեկ քառակուսի մետր բնակարանային մակերեսի կառուցումը շինարարի վրա անգամ իսկ շուկայական ամենաթանկ գներով նստում է 250-ից 300 դոլար: Մինչդեռ դրանց վաճառքի շուկայական գները կազմում են ոչ ավել, ոչ պակաս նվազագույնը 750-ից 1500 դոլար: Այսինքն՝ մեկ քառակուսի մետր բնակելի մակերեսից ամենաքիչը ունեն 500-ից 1200 դոլար մաքուր շահույթ: Հիմա անցնենք պարզ թվաբանությանը:

Подробнее...

ԵՐԲ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՐ ԿԿԱՆԳՆԻ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ

03-09.11.2006

… Հռոմեացիները ընկալեցին

հաղթելու արվեստը և պարտվողին

գթություն պարգևելը…

Ա.Աբրահամյան - Հաղորդման նպատակն է ներկայացնել կուսակցությունների մոտեցումները մեր ներքին և արտաքին քաղաքականության հրատապ խնդիրների շուրջ: Այսօր մեր հաղորդման հյուրն է «Ազգային Միաբանություն կուսակցության»  նախագահ Արտաշես Գեղամյանը: Նրա հետ բանավիճում են քաղաքագետ Աղասի Ենոքյանը և «168 ժամ»  թերթի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը: Հաղորդմանը մասնակցում են նաև Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի ու Երևանի պետական համալսարանի ուսանողները, ինչպեսև «Ժողովուրդն է տերը երկրի»  միավորման ներկայացուցիչները:

Եվ այսպես, պարոն Գեղամյան, ես չեմ կարող չհիշեցնել, որ 2003 թ. բանավիճելով Սերժ Սարգսյանի հետ Դուք առաջարկեցիք, որ Հայաստանը մտնի ռուբլու գոտու մեջ և հանրահավաքներից մեկի ժամանակ դիմեցիք անձամբ Վ.Պուտինին: Ձեր վերաբերմունքն այս երեք տարվա ընթացքում փոխվե՞լ է, սառե՞լ է ռուսների նկատմամբ, թե մնացել է նույնը:

Ա.Գեղամյան - Նախ, շնորհակալություն հայտնեմ Ձեր տված հարցում թաքնված գովազդի համար: Կնշանակի, 2003 թ. իմ բանավեճը Սերժ Սարգսյանի հետ այնքան տպավորիչ է եղել, որ երեքուկես տարի անց Դուք այդ բանավեճից դրվագներ եք մեջբերում: Հիշում եք նաև, որ ես հանրահավաքներից մեկի ժամանակ ռուսերեն լեզվով դիմեցի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, դիմեցի ռուսերենով, որովհետև իմ տեղեկություններով նա հայերենին չի տիրապետում և, բնական է, որ իր համար հասկանալի, մայրենի լեզվով դիմեցի: Ինչ վերաբերում է՝ մոտեցումներս փոխվել են, թե չէ, փորձեմ հարցին փոքր-ինչ ընդարձակ պատասխանել: Այս կամ այն երկրների միջև առկա հարաբերությունները բնութագրելիս մենք նախևառաջ պետք է հարց տանք, արդյոք այդ հարաբերությունները բխո՞ւմ են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության հայեցակարգից և շահերից, տեղավորվո՞ւմ են դրանք հայեցակարգային սկզբունքներում ու ձևակերպումներում, թե ոչ: Ցավոք, 8 տարիների ընթացքում, խոսքս իշխանափոխությունից հետո ընկած ժամանակահատվածի մասին է, մեր երկիրն այդպես էլ չունեցավ Ազգային անվտանգության հայեցակարգ: Հիմա խոստանում են, որ մոտ ժամանակներս կունենանք դա, քանզի արդեն փորձագիտական քննություն է բռնել: Չունենալով նման հայեցակարգ, ասել, թե հայ-ռուսական հարաբերությունները դրական միտում և դրական հեռանկար են խոստանում, թե ոչ, կլինի ոչ պրոֆեսիոնալ: Բայց, բնականաբար, իմ վերաբերմունքը ես պարտավոր եմ ներկայացնել: Մտովի վերհիշենք Հայաստանի աշխարհագրական դիրքը. մենք հարևան ենք Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի հետ:

Подробнее...

ԵՐԲ ՎՏԱՆԳՎԱԾ Է ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

31.10-20.11.2006

Հարգելի ընթերցող, ձեր դատին ենք ներկայացնում Արտաշես Գեղամյանի բանավոր զեկուցման շարադրանքը, որը հնչել է ս/թ հոկտեմբերի 16-ին «Հակակրիմինալ շարժման» կողմից կազմակերպված հասարակական լսումների ժամանակ: Զեկուցում, որը, իրավամբ, իշխանությունների վարած տնտեսական ու դրամավարկային արատավոր քաղաքականության դատավճիռը դարձավ: Ա.Գեղամյանի ելույթում համոզիչ բացահայտված է երկրում իրականացվող աննախադեպ կողոպուտի մեխանիզմը, որը ծանր հարված է հանրապետության գրեթե յուրաքանչյուր բնակչի և երկրի էկոնոմիկայի համար:

Հարգելի գործընկերներ, այսօր քննարկվող հարցը, թերևս, այն եզակիներից է, որը, ասես թե, լուսապատճենում է երկրի ողջ տնտեսությունը: Ստորև փորձեմ ներկայացնել խնդրո առարկա հարցի էությունը:

Եվ, այսպես, ի՞նչ են ասում մեր իշխանավորները, երբ ճգնում են հիմնավորել դոլարի արժեզրկումը և դրամի արժևորումը: Նախևառաջ պնդում են, որ դա պայմանավորված է տնտեսության դինամիկ զարգացմամբ ու օտարերկրյա մեծածավալ ներդրումներով: Մի խոսքով, ուզում են ժողովրդին համոզել, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց առողջ է և դրա պտուղն էլ այն է, որ ազգային դրամն արժևորվում է: Մինչդեռ պաշտոնական վիճակագրությունը վկայում է ճիշտ հակառակը՝ տնտեսության լուրջ հիվանդ լինելու մասին: Տնտեսությունը բնութագրող ցուցանիշները, որ այժմ բերելու եմ, վերցված են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ու Կենտրոնական բանկի պաշտոնագրքերից:

Իշխանությունները, մասնավորապես, նշում են, որ դոլարի արժեզրկումն ու դրամի արժևորումը ՀՆԱ-ի աննախադեպ աճի հետևանք են: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հետևյալ թվերը. 2001 թ. մեկ դոլարի փոխարժեքը պաշտոնապես հայտարարված է եղել 555 դրամ: 2001 թ. ՀՆԱ-ի աճի տեմպերը նախորդ տարվա նկատմամբ եղել է 109,6%: 2002 թ. մեկ դոլարի փոխարժեքն աճել և դարձել է 573,35 դրամ, ՀՆԱ-ի աճի տեմպն էլ երկանիշ թվով է բնութագրվել. այն նախորդ տարվա նկատմամբ եղել է 112,9%: Շարունակեմ. 2003 թ. դոլարը կրկին արժևորվել է, մեկ դոլարն արժեցել է 578,77 դրամ և նույնպես արձանագրվել է ՀՆԱ-ի երկանիշ աճ, այն է՝ 113,9%: Այսինքն՝ պնդումը, թե դրամի արժևորումը պայմանավորված է տնտեսական աճով, վերը բերածս 3 տարվա ցուցանիշները փաստում են, որ դա ոչ այլ ինչ է, քան մեր իշխանությունների կողմից հրապարակ իջեցված ապատեղեկատվություն, բլեֆ: Իսկ երբ 2004 թ. արձանագրվում է արդեն ՀՆԱ-ի ավելի ցածր աճի տեմպ (եթե 2003 թ. 113,9% էր, ապա 2004 թ.՝ 110,1%), դոլարն արժեզրկվում է՝ դառնալով 533,40 դրամ: Նույն միտումն արձանագրվել է 2005 թ. և 2006 թ. ութ ամիսների ընթացքում: Իսկ ի՞նչպես կարելի է բացատրել այս ամենը. չէ՞ որ ՀՆԱ-ն ավելի դինամիկ էր աճում այն տարիներին, երբ աճ էր գրանցվել դոլարի փոխարժեքում: Պարզապես, 2003 թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող տղերքն ընտրողներին կաշառք տալու համար ահագին ծախս էին քաշել և կրած «նյութական վնասը»  վերականգնելու համար գտել էին եզակի ճանապարհը, այն է՝ ժողովրդից հետ վերցնել իրենց տված գումարները: Ինչո՞ւ եմ ժողովրդից ասում, որովհետև բնակչության զգալի մասն օգտվում է դրսից ստացվող դոլարային օգնությունից, այսպես կոչված, տրանսֆերտներից, ինչն էլ կողոպուտի ենթարկեցին: Անգամ իսկ հաշվի չառան այն, որ եթե դրսից ստացվող դոլարային օգնությունը չլինի, ապա բոլորս գիտենք, որ ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը սովի կմատնվի:

Подробнее...

ԽՓԻՐ ՅՈՒՐԱՅԻՆԻԴ, ՈՐ ՕՏԱՐՆԵՐԸ ՎԱԽԵՆԱՆ

27.10-02.11.2006

«Ազգային Միաբանություն» խմբակցության անունից Արտաշես Գեղամյանի ելույթը՝ «Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» հարցի քննարկման ժամանակ (Ազգային ժողովի արտահերթ նիստ, 13.10.2006 թ.)

Ներքաղաքական իրավիճակի վերջին օրերի վայրիվերումների վերաբերյալ մեր թղթակցի հարցադրմանն ի պատասխան Արտաշես Գեղամյանը ներկայացրեց մայիսի 10-ին և 12-ին «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցը:

Հարգելի գործընկերներ, այս արտահերթ նիստը, ըստ էության, նշանակում է, որ մեր գործընկեր, պատգամավոր Հակոբ Հակոբյանը տարիներ շարունակ (1991 թ. սկսած), իբր, խուսափել է հարկեր մուծելուց, հետո ծեծկռտուքն է, որ պատճառ է դարձել այս քննարկման համար: Եվ սա կատարվում է այն հանրապետությունում, որտեղ, դիմում եմ պարոն գլխավոր դատախազին, օրը ցերեկով հարյուր միլիոնավոր դոլարների կողոպուտ է իրականացվում: Ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ո՞ր ամբիոնից, ո՞ւմ դիմելիս, ի՞նչ եմ ասում: Ասածս որ մերկապարանոց չլինի, անդրադառնամ փաստերին: Եվ, այսպես, դեռ 1999 թ., երբ որոշվում էին էլեկտրաէներգիայի սակագները, հաշվարկային հաշիվ վերցվեց 1 դոլարը 552,5 դրամին համարժեք, և սահմանվեց 1 կիլովատժամ էլեկտրաէներգիայի սակագին՝ 4,52 ԱՄՆ ցենտին համարժեք դրամ: Դրանից հետո, ինչպես գիտեք, սակագների փոփոխություն տեղի չի ունեցել, բայց դոլարային առումով միայն 2006 թ. 8 ամիսների ընթացքում սահմանված սակագնի գնաճի տեմպը դոլարային արտահայտությամբ կազմել է 145,5%՝ 1999թ. նկատմամբ: Արդյունքում՝ 2006 թ. առաջին կիսամյակի պաշտոնական տվյալներով հավելյալ շահույթը կազմել է 23,1 մլն դոլար (կամ՝ 10 մլրդ 253 մլն դրամ. 2 մլրդ 82 մլն կվտ.ժX (5.63-4,52) ցենտ=23,1 մլն դոլար): Դրա հետ մեկտեղ նշենք, որ 2004 թ. դոլարի արժեզրկման հետևանքով հավելյալ շահույթը կազմել է 3 մլրդ 401 մլն դրամ, իսկ 2005 թ., համապատասխանաբար, 17 մլրդ 978 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, անցած 2 տարի 6 ամիսների ընթացքում Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ-ում կամ չի հարկվել 31 մլրդ 632 մլն դրամի հասնող հավելյալ շահույթ, կամ գրպանվել է: Այս անօրինականությունների առաջն առնելու համար, ի՞նչ արեցին. սեփականատիրոջը փոխեցին, վաճառեցին էլեկտրացանցերը: Հիմա ի՞նչ, հարց եմ տալիս Ձեզ, գնանք Գլադունչիկի (Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ-ի գործադիր տնօրեն) հետ կռիվ սարքենք, որ այս հարցն էլ ԱԺ-ի քննարկման առարկա դառնա՞:

Հանգամանք երկրորդ՝ կապի բնագավառից: «Արմենտելի»  հետ կապված դոլար-դրամ վայրիվերումների արդյունքում դարձյալ մի զարմանահրաշ թվաբանության ականատեսն ենք դառնում, որը զետեղված է ոչ այլուր, այլ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2004 թ. հունվար-դեկտեմբեր»  և «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2005 թ. հունվար-դեկտեմբեր»  պաշտոնագրքերում: Կարդում ենք, 2005 թ. հունվար-դեկտեմբերին հեռախոսային խոսակցություններից ստացված հասույթը կազմել է 42 մլրդ 739,7 մլն դրամ (էջ 49): Եվ կողքն էլ գրված է՝ համադրելի գներով 2004 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցված է 116,4% աճ: Նկատենք, որ 2004 թ. հեռախոսային խոսակցություններից ստացված հասույթը կազմել է 45 մլրդ 461,3 մլն դրամ (էջ 56): Պարոն Հովսեփյան, կրկնեմ, որ թվերը բերված են 2005 թ. ազգային վիճակագրական ծառայության ժողովածուի էջ 49-ից և 2004 թ. նույն ժողովածուի էջ 56-ից: Կնշանակի, որ, պաշտոնական թվաբանության համաձայն, 42 միլիարդը կազմում է 45 միլիարդի 116,4%-ը: Ո՞րն է այս թնջուկի բանալին: Պատասխանը մեկն է՝ կրկնակի թվաբանությունը: Ակնհայտ է, որ 2004 թ. հեռախոսային խոսակցություններից գանձված 45 մլրդ 461,3 մլն դրամ հասույթը 116,4% աճի տեմպի դեպքում, ինչպես արձանագրված է 2005 թ. պաշտոնագրքում, պետք է կազմեր 52 մլրդ 916,9 մլն դրամ, այլ ոչ թե արձանագրված 42 մլրդ 739,7 մլն դրամը: Այսինքն՝ 2005 թ. ավելի քան 11 մլրդ դրամի նշված տարբերությունը (52 մլրդ 916,9 մլն – 42 մլրդ 739,7 մլն) կամ գրպանվել է, կամ հարկային դաշտից որպես հավելյալ շահույթ դուրս է մղվել: Բա էս թվերի հետևում թաքնված հանցագործությունները թողած, պարոն գլխավոր դատախազ, մենք ի՞նչ ենք ընկել ու առաջնահերթություն տալիս հարկումից, իբր, դուրս մնացած 270 մլն դրամից հարկեր չվճարողի հետևից: Կրկնում եմ, իբր, և հիմա կասեմ դրա պատճառը: Բա ես ինչպես հավատամ այն մարմնին, որը 2004 թ. ապրիլի 13-ին, ասես որպես հանցագործի տուն, եկավ մեր բնակարանը խուզարկության: Է, այդ նույն դատախազությունն էր, չէ՞: Քավ լիցի, ես գիտեմ, որ նրանք հանձնարարություն են կատարել՝ Ռոբերտի և Սերժի: Հիմա ես ո՞նց հավատամ այդ դատախազությանը, ասեք, կամ ո՞րս հավատա: Այս քննարկումը հիշեցնում է Աստվածաշնչում նկարագրված Մարիամ Մագդաղենացու էն հայտնի դատը, երբ Տերն ասում է. թող Մարիամ Մագդաղենացու վրա քար շպրտի նա, ով անմեղ է: Հիմա պրն Քոչարյանը ստիպում է, որ քարը շպրտի կոալիցիան, որը պակաս մեղքեր չունի: Լավ է անում, տղե՛րք, հասնում է ձեզ. «Бей своих, чтобы чужие боялись!» -  էս ա սրանց որդեգրած սկզբունքը:

 

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги