Արտաշես Գեղամյանին պարգեւատրեցին

11.02.2016, Առավոտ

«Իրավունք» թերթի խմբագրակազմն այսօր պարգեւատրեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին`ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակության շրջանակներում լավագույն գործունեություն ծավալելու համար: Ինչպես իր խոսքում ասաց թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը`«թշնամական պետությունների մայրաքաղաքներում մեր պետության շահերը լավագույնս ներկայացնելու համար»:

 Իր շնորհակալական խոսքում Արտաշես Գեղամյանը հավատարիմ մնալով իրեն` նկատեց. «Առիթ է եղել հանդես գալ ոչ թե տաքուկ լսարաններում, այլ Ստամբուլում: Ունենալ խիստ, անգամ վտանգավոր ելույթներ»: Նա 7-8 ելույթ է ունեցել Ստամբուլում`ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողովի ժամանակ, 13 ելույթ էլ Բաքվում: «Բաքվում, երբ Թուրքիայի դեմ ելույթներ ես ունենում, ավելի հիվանդագին են ընդունում, քան Թուրքիայում թուրքերը»,- իր տպավորությունները փոխանցեց բանախոսը:

Ի դեպ, ԵԱՀԿ վեհաժողովի նստաշրջաններից առաջ Արտաշես Գեղամյանը հոդվածներ է գրում օրախնդիր աշխարհաքաղաքական հարցերի մասին եւ էլեկտրոնային հասցեներով տարածում բոլոր պատվիրակներին: Այդպիսով, ինչպես ինքը ներկայացրեց, նաեւ փորձում է շեղել թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների հակահայկական նախաձեռնությունները, քանի որ վեհաժողովի ժամանակ նրանք էլ արդեն իր գրքի քննարկումների մեջ են մտնում:

Գեղամյանի այդ բոլոր հոդվածները, որոնք թարգմանվում են վեց լեզուներով, տպագրվում են իբրեւ գիրք եւ վեհաժողովի ժամանակ նա դրանք անձամբ է նվիրում բոլոր պատվիրակներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ