ԱՐԴԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԸ

27.09.2011, Հայոց Աշխարհ

Սեպտեմբերը հագեցած էր իրադարձություններով, որոնք կարող են գլոբալ հետեւանքներ ունենալ համաշխարհային զարգացման համար։

Դրանց թվին, իրավամբ, հարկ է դասել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի աշխատանքը Նյու Յորքում, նստաշրջանի բացման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթները։

Նշանակալի իրադարձություն էր նաեւ Իրանի Բուշեհրի ԱԷԿ-ի գործարկումը՝ կառուցված ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության կողմից, եւ դրան հաջորդած՝ Իրանի նախագահի հայտարարությունն առ այն, թե Իրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ նոր միջուկային ռեակտորներ կառուցելու վերաբերյալ։

Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ատոմային էներգետիկայի բնագավառում հնարավոր գործարքների ծավալները գնահատելու համար նշենք, որ Իրանին անհրաժեշտ է, ի հավելումն առկա հզորությունների, ներառյալ 1000 մգվտ հզորությամբ եւ 1 մլրդ դոլար արժողության Բուշեհրի ԱԷԿ-ը, արտադրել եւս 19 հազար մգվտ էլեկտրաէներգիա։

Հարավային Կովկասի տարածաշրջանի շրջանակներից իր մասշտաբներով դուրս եկող իրադարձությունների թվին պետք է դասել զորահանդեսը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին Երեւանում, Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի կապակցությամբ։

 

Եվ իհարկե, պայթուցիկի նշանակության լուր՝ breaking news էին Ռուսաստանի առաջնորդներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Վլադիմիր Պուտինի ելույթները սեպտեմբերի 24-ին, «Միասնական Ռուսաստան» կուսակցության XII համագումարում։ Նրանց ելույթները հարկ է դիտել որպես օրգանական միասնություն. դրանք փոխլրացնում են միմյանց եւ աշխարհին ներկայացրին, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանը մոտ ապագայում։ Նրանց ելույթները, վստահ եմ, բացառիկ արգասավոր դեր են խաղալու նոր աշխարհակարգի կերտման գործում։ Դրանք վճռորոշ, կայունացնող ազդեցություն են ունենալու այն տագնապալի իրադրության վրա, որում 2011 թվականի սկզբից հայտնվել է Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը։

Որպեսզի խորհրդածություններիս ներածական մասը փոքր-ինչ պաթետիկ չթվա, փորձեմ մանրամասն անդրադառնալ վերոնշյալ իրադարձություններին։

Եվ այսպես. արաբական գարնան ողբերգականությամբ լի իրադարձություններից հետո, երբ հարյուրավոր եւ հազարավոր մարդկային զոհերի գնով ընկան Բեն Ալիի (Թունիս), Մուբարաքի (Եգիպտոս), Քադաֆիի (Լիբիա) ռեժիմները, մենք վկաներն ենք Սիրիայում, Եմենում շարունակվող անկայունության, Թուրքիայում Էրդողան-Գյուլ չափավոր իսլամիստական ռեժիմի աննախադեպ ակտիվացման։

Արդեն ակնհայտ է դառնում, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդները հետեւողականորեն իրականացնում են իրենց բաղձալի երազանքի՝ նեոօսմանիզմի վերածննդի իրականացման քաղաքականություն, ջանում են ցանկացած գնով ներկայանալ որպես ողջ իսլամական աշխարհի նորահայտ հեգեմոն։ Նրանց վերջնական նպատակը նեոօսմանյան կայսրության հզորության վերածնունդն է։

Այդ նպատակին հասնելու ճանապարհին, թվում է, էական ոչ մի խոչընդոտ չկա. Պարսից ծոցի հին միապետությունները, սեփական ռեժիմների սասանված կայունության պատճառով, ոչ մի կերպ չեն ձգում իսլամական աշխարհի առաջնորդ լինելուն։ Այսօր Բաշար Ասադի սիրիական ռեժիմը նույնպես կանգնած է լուրջ, հիմնականում դրսից պարտադրված քաղաքացիական պատերազմ սկսելու մարտահրավերի առջեւ։

Եվ Աստված չանի, որ քաղաքացիական պատերազմ սկսվի Սիրիայում. այն ավելի արյունահեղ կլինի, քան Լիբիայում էր։ Ընդ որում՝ հատկանշական է, որ պաշտոնական Անկարան, հմտորեն խուսանավելով իսլամական երկրների հակաարեւմտյան եւ հակաիսրայելական ակնկալիքների բավարարման միջեւ, միաժամանակ պահպանում է Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ քաղաքական երկխոսության բավական բարձր մակարդակը։

Թուրքական դիվանագիտության ճարտարությունն ու նենգությունն այնտեղ են հասել, որ Թուրքիան հայտարարել է Սիրիայի դեմ պատժամիջոցներին միանալու մասին։ Ս.թ. սեպտեմբերի 22-ին այս մասին հայտարարել է վարչապետ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման արդյունքներով։

Հարկ է նշել նաեւ, որ սեպտեմբերին Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրվել են հուշագիր թուրքական տարածքում եվրոպական հակահրթիռային պաշտպանության (ԵվրաՀՀՊՆԱՏՕ) ռադար տեղակայելու մասին, որը, կասկածելու հարկ չկա, վավերացվելու է Թուրքիայի կառավարության նիստում (հաշվի առնելով այն, որ խոսքը միջազգային պայմանագրի մասին չէ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի թույլտվությունը պարտադիր չէ)։ Ներկայիս թուրքական ղեկավարության նեոօսմանյան նկրտումների մասին ես արդեն գրել եմ («Արտաշես Գեղամյան. վերածնե՞լ Օսմանյան կայսրության հզորությունը», www.regnum.ru/news/1292274.html,nationalidea.am/articles.php?id=290)։

Արեւմուտքի հետ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակն ամենեւին էլ չի խոչընդոտում սրել լարվածությունը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների մերձավոր դաշնակիցներից մեկի՝ Իսրայելի հետ հարաբերություններում։ Այստեղ մեկ այլ բան է զարմացնում. Թուրքիայի ներկայիս ղեկավարների ցինիզմը, որոնք հանուն իրենց կայսերական նպատակներին հասնելու՝ խաղաղարարի պատմուճան են հագել։

Թուրքիայի կողմից հակաիսրայելական հիստերիա հրահրելու պատրվակ է ծառայել 2010թ. մայիսին տեղի ունեցած միջադեպը «Ազատության նավատորմիղի» հետ կապված։ Չենք ցանկանում կրկին անդրադառնալ այդ միջադեպին, որը հանգեցրեց 10 մարդու մահվան, որոնցից 9-ը Թուրքիայի քաղաքացի էին։ Մտահոգում է թուրքական իշխանությունների կեղծավորությունը. Թուրքիայի առաջնորդը եւ նրա ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը մեծամասնություն ունի խորհրդարանում, հրաժարվում են ճանաչել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մեկուկես միլիոն հայերի Ցեղասպանությունը, հանկարծ չափից ավելի սրտացավ դարձան «Ազատության նավատորմիղի» հետ կատարված, անկասկած, ողբերգության հարցում։

Հետո՝ էլ ավելին է։ Չգիտես ինչու Թուրքիայի վարչապետը, հանդես գալով Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, ցասումնալից հարձակվելով Իսրայելի վրա, մեղադրելով այդ երկիրը դաժանության, ստի ու անիրավասության մեջ, ոչ մի կերպ չարձագանքեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի բացման ժամանակ ունեցած ելույթին։ Այնինչ ՄԱԿ-ում արաբական երկրների ներկայացուցիչների միահամուռ կարծիքով՝ ԱՄՆ նախագահի ելույթը գնահատվել է որպես միակողմանի, որն ամբողջովին անտեսում է պաղեստինցիների պահանջները։

Ավելին, դիտորդները համակարծիք են այն հարցում, որ ԱՄՆ նախագահի ելույթն ավելի քան իսրայելամետ էր։ Բերենք միայն մի փոքր հատված Բարաք Օբամայի այդ ելույթից. «Մեր պատասխանատվությունն Իսրայելի անվտանգության համար անառարկելի է, բարեկամությունն Իսրայելի հետ խորն է, ինչպես երբեք։ Պետք է ասել ճշմարտությունը. Իսրայելը շրջապատված է երկրներով, որոնք մեկը մյուսի հետեւից պատերազմ են սկսել նրա դեմ, սպանել նրա քաղաքացիներին։ Ցանկացած խաղաղ կարգավորում պետք է հաշվի առնի Իսրայելի անվտանգության շահերը։ Իսրայելցի երեխաները մեծանում են ահաբեկչության մեջ՝ գիտակցելով, որ մի փոքր հեռվում մեծանում են երեխաներ, որոնց սովորեցնում են սպանել իրենց։ Այս ամենն իրողություն է, որի մասին անհրաժեշտ է հիշել, եւ որի հետ անհրաժեշտ է հաշվի նստել»։

Անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայի վարչապետը ոչ մի կերպ չարձագանքեց ԱՄՆ նախագահի այս ելույթին, բայց փոխարենը նրան ամնեւին դուր չէր եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում։ Այսպես, Իսրայելի հեռուստատեսության Երկրորդ ալիքի հաղորդմամբ.

«Լրջորեն զայրացնում է, երբ լսում ես այս սուտը,- հայտարարել է Էրդողանը։- Իսրայելը պնդում է, որ պաղեստինցիներն սպանում են իսրայելցիներին, եւ որ նրանցից շատերը զոհվել են, բայց դա ճիշտ չէ... Ես կուզենայի ստանալ ճշգրիտ վիճակագրական տվյալներ. ստույգ քանի՞ իսրայելցի է զոհվել պաղեստինյան հրթիռներից։ Ի՞նը։ Քսա՞ն։ Հարյո՞ւր։ Երկո՞ւ հարյուր։ Խնդրում եմ, ներկայացրեք մեզ պաշտոնական տվյալներ, մենք ուզում ենք իմանալ...

Մյուս կողմից՝ մենք գիտենք հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր զոհված պաղեստինցիների մասին Գազայում, իսրայելական գրոհների ժամանակ... Իսրայելցի ժողովուրդն ագրեսիվորեն զբաղված է իր պատմությամբ, որը ներկայացնում է որպես Հրեաների ցեղասպանություն։ Ամեն անգամ Իսրայելն իրեն զոհ է ներկայացնում։ Ընդ որում՝ Գերմանիան վճարել եւ առ այսօր փոխհատուցում է վճարում հրեաներին։ Թուրքիան եւ մահմեդականները երբեք այդքան դաժան չեն եղել։ Իսկ ահա Իսրայելը շատ դաժան է եւ ոչ մի ափսոսանք չի դրսեւորում»,- եզրափակել է Էրդողանը։

Ուշադրություն դարձրեք Էրդողանի՝ «Թուրքիան եւ մահմեդականները երբեք այդքան դաժան չեն եղել» անցմանը, ինչը միանգամայն վայել է իրեն՝ Սուլեյման Սքանչելիին։ Այս առնչությամբ խիստ հետաքրքիր կլիներ լսել Իսրայելի Կնեսեթի պատգամավորների մեկնաբանությունները, որոնք մեկ տասնամյակ չէ, որ արգելակում են իրենց խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։

Այս իրադարձությունների ֆոնին միանգամայն սպասելի էր, որ Թուրքիայի վարչապետի նյարդերը տեղի կտան, եւ նա կլքի Գլխավոր ասամբլեայի դահլիճը, երբ ամբիոն բարձրանա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ինչպես հաղորդում է SalamNews տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, Թուրքիայի վարչապետի դեմարշը պայմանավորված էր նրանով, որ «Էրդողանը չէր ցանկանում լսել Սերժ Սարգսյանի անհիմն հայտարարությունները Ղարաբաղյան անջատական ռեժիմի մասին»։

Միաժամանակ Հայաստանի նախագահի կշռադատված եւ չափավոր կոշտ, բայցեւ կառուցողական ճառը չէր կարող չգտնել իր շարունակությունը։ Դրանում, իհարկե, շոշափվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցերը։ «2008 թվականին այս նույն ամբիոնից հույս էի հայտնել, որ մեր կողմից նախաձեռնված Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը եւ որպես առաջին քայլ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Թուրքիայի կողմից միջազգային իրավունքին անհարիր կերպով փակված սահմանների բացումը հնարավորություն կընձեռեին սկսել երկխոսություն, վերացնել մեր մեջ առկա անվստահության, կասկածանքի եւ անորոշության մթնոլորտը:

Եվ թեեւ մեր նախաձեռնությունը ողջունվեց ու լայն աջակցություն գտավ միջազգային հանրության կողմից, 2009 թվականին ստորագրված արձանագրությունների վավերացումն ու իրականացումն ամեն կերպ վիժեցվում են Թուրքիայի կողմից»,- իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը։

Սեպտեմբերի բոլոր իրադարձությունների խճանկարում, ըստ իս, բացառիկ տեղ է զբաղեցնում «Եդինայա Ռոսիա» կուսակցության XII համագումարը։ Դժվար է գերագնահատել համագումարում ընդունված որոշումները։

«Հաշվի առնելով կուսակցության ցուցակը գլխավորելու, կուսակցական աշխատանքով զբաղվելու առաջարկը եւ ընտրություններին հաջող հանդես գալու պարագայում կառավարությունում գործնական աշխատանքով զբաղվելու իմ պատրաստակամությունը, կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ համագումարը պաշտպաներ կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում»,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը՝ հանդես գալով «Եդինայա Ռոսիայի» համագումարում։

Արդի Ռուսաստանի երկու առաջնորդների այս ընտրության բախտորոշ նշանակությունն աշխարհի համար այսօր դեռ լրիվ չափով շատերը չեն ըմբռնում։ Ըստ էության, աշխարհը հայտնվել է կառավարելի քաոսի վիճակից (որն ընդգրկել է Մեծ Մերձավոր Արեւելքը) կանխատեսելիության եւ կայունության վիճակի անցման նախաշեմին։ Եվ սա չափազանցություն չէ։

Չէ՞ որ գաղտնիք չէ, որ տառացիորեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երդմնակալության օրվանից ուժի համապատասխան միջազգային կենտրոնների կողմից ծավալվել էր աննախադեպ տեղեկատվական պատերազմ, որի նպատակն էր Պուտին-Մեդվեդեւ տանդեմի վարկաբեկումը։ Ընդ որում՝ այն վարվում էր համակարգված, բազմապլան ձեւով ու նենգորեն։

Այդ պատերազմում ներգրավվեցին շատ հայտնի տեղեկատվական գործակալություններ, առաջատար արեւմտյան պարբերականների վերլուծաբաններ։ Այս պատերազմում արճիճե զինվորիկների դերում հայտնվեցին Ռուսաստանի հետ դաշնակից պետությունների էլիտաների ներկայացուցիչները։ Օրինակ, հայոց պետության ղեկավարի գործընկերային հարաբերություններն իր ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդեեւի հետ հայ քաղաքական էլիտայի ամենեւին էլ ոչ երկրորդական ներկայացուցիչների կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում լուսաբանվում էին համարյա թե որպես դիմակայություն Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին։

Ընդ որում՝ այս մոտեցումն էին որդեգրել նաեւ Հայաստանի՝ բացահայտորեն հակառուսական, ես կասեի՝ ռուսատյաց լրատվամիջոցները։ Եվ սա` չնայած այն բանին, որ հենց շնորհիվ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի սկզբունքային դիրքորոշման 2008թ. փետրվար-մարտին` Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, հաջողվեց կանխել քաղաքացիական պատերազմը մեր երկրում։ Ավելին, Ռուսաստանի քաղաքական ղեկավարության նման դիրքորոշումը լավ հիմք հանդիսացավ Հայաստանի նորընտիր նախագահի համար՝ որդեգրելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա խորացման քաղաքականություն։

Այս առնչությամբ կուզենայի մեջբերում անել Ռուսաստանյան դաշնային REGNUM տեղեկատվական գործակալության 2011թ. մայիսի 22-ին հրապարակած «Արտաշես Գեղամյան. մտորումներ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մամուլի ասուլիսի մասին» (regnum.ru/news/fd-abroad/armenia/1407275.html) հոդվածից։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի «Սկոլկովո» կառավարման դպրոցում 2011թ. մայիսի 18-ի մամուլի ասուլիսի արդյունքների վերաբերյալ հոդվածում ասվում է հետեւյալը. «Եվ այսօր, ամփոփելով Ռուսաստանի նախագահի եւ կառավարության նախագահի տանդեմի գործունեության առաջին արդյունքները՝ կարելի է նախնական որոշ ընդհանրացումներ անել։

Առաջին. արդեն ակնհայտ է, որ համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանն այսուհետ հանդես է գալիս որպես ինքնուրույն, իր ուժերին վստահ առանցքային տերություն, որը ոչ միայն բացահայտ հայտարարում է իր պետական եւ ազգային շահերի մասին, այլեւ հաջողությամբ ապահովում ու պաշտպանում է դրանք։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ աշխարհաքաղաքական այս նոր իրողության հետ հարկադրված է հաշվի նստել ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ ԵՄ-ը եւ ընդհանրապես համաշխարհային ողջ հանրությունը։

Երկրորդ. չնայած ռուսական ժողովրդավարության երիտասարդ տարիքին, այն հասել է գլխավորին. երկրի իշխանությունները, հանձինս ՌԴ նախագահի եւ կառավարության նախագահի, վայելում են բնակչության, Ռուսաստանի ժողովուրդների ամենալայն խավերի վստահությունը։

Երրորդ. Ռուսաստանը, նախագահի եւ կառավարության նախագահի քաղաքական տանդեմի ղեկավարությամբ, կարողացավ հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը սոցիալական բնույթի նվազագույն վնասներով եւ կրկին դուրս գալ զարգացման հետագիծ։

Չորրորդ. կառավարության նախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Վ.Պուտինի հայտարարությունը Համառուսական ժողովրդական ճակատ ստեղծելու մասին, հետագայում նաեւ Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւի կողմից այդ նախաձեռնությանը փաստացի հավանություն տալը նշանավորեցին ռուսական քաղաքական ընտրանու, քաղաքական դասի համակարգային նորացման սկիզբը»։

Հիշում եմ, թե ինչպես ռուսական, ինչպեսեւ հայկական որոշ ԶԼՄ-ների պատեց ունտերպրիշիբեեւականության սինդրոմը՝ «հանկարծ մի բան չպատահի», եւ միայն Ռուսաստանյան դաշնային REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր, հարգարժան Մոդեստ Կոլերովը քաջություն ունեցավ տպագրելու Ռուսաստանի իշխանական քաղաքական տանդեմի գործունեության մասին իմ ընկալումը։

Այդ հիշարժան օրերից չորս ամիս անց արդեն բոլորովին չէինք ուզենա մտածել, թե վերոհիշյալ հոդվածն է պատճառ դարձել, որ համապատասխան միանգամայն հեղինակավոր ռուսական կառույցը (որը պատասխանատու է արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի համար) անհասկանալի կերպով հեռանա «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության հետ համագործակցելուց, որը կոչված է բարձրացնելու Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների փոխհարաբերությունների մակարդակը մինչեւ Դմիտրի Մեդվեդեւ եւ Վլադիմիր Պուտին քաղաքական տանդեմի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական փոխգործակցության մակարդակի։ Բայց սա այլ խոսակցության թեմա է։

Ռուսաստանի նախագահի եւ կառավարության նախագահի ելույթները «Եդինայա Ռոսիա» կուսակցության XII համագումարում, անշուշտ, իրարանցում առաջ կբերեն Ռուսաստանի, ինչպես նաեւ դաշնակից երկրների այն քաղաքական շրջանակներում, ուժի միջազգային կենտրոններում, որոնք իրենց քաղաքականությունը կառուցում էին քաղաքական տանդեմի մեջ սեպ խրելու հաշվարկով։

Միաժամանակ, «Եդինայա Ռոսիայի» համագումարում ընդունված քաղաքական որոշումները չեն կարող հզոր ստեղծարար էներգիայի հորդում չառաջացնել ԱՊՀ երկրների քաղաքական գործիչների մեջ, որոնք իրենց պետությունների ինքնիշխանության պահպանման երաշխիքը տեսնում են Եվրասիական միության ստեղծման մեջ։ Հենց Եվրասիական միության հիմնումը՝ միջազգային իրավունքին լրիվ համապատասխան, ինստիտուցիոնալապես կամրապնդի Վլադիմիր Պուտինի՝ 2007թ. փետրվարի 11-ին Մյունխենի միջազգային կոնֆերանսում հնչեցրած գաղափարն անվտանգության քաղաքականության հարցերի վերաբերյալ։

«Կարծում եմ, որ արդի աշխարհի համար միաբեւեռ մոդելը ոչ միայն անընդունելի, այլեւ ընդհանրապես անհնար է... Ինքը՝ մոդելը, չաշխատող է, քանի որ դրա հիմքում չկա եւ չի կարող լինել արդի քաղաքակրթության բարոյական բազան։ Միաժամանակ, այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում մեր անհանգիստ աշխարհում, համաշխարհային գործերում հենց այդ հայեցակարգի՝ միաբեւեռ աշխարհի հայեցակարգի ներդրման փորձերի հետեւանքն է»,- այսպիսին էր Վլադիմիր Պուտինի մյունխենյան ելույթի գլխավոր հետեւություններից մեկը։

Ուստի, «Եդինայա Ռոսիա» կուսակցության XII համագումարում կուսակցության առաջնորդի հնչեցրած հայտարարությունը, թե՝ «հաջորդ՝ 2012թ. հունվարի 1-ից իրողություն կդառնա միասնական տնտեսական տարածքը (Ռուսաստան, Բելառուս եւ Ղազախստան- Ա.Գ.), սա ինտեգրման ավելի խոր աստիճան է։ Իսկ հետո առաջ կշարժվենք Եվրասիական միության ստեղծման ճանապարհով», վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը գործնականում իրականացնում է միաբեւեռ աշխարհի վերջնական խափանման քաղաքական գիծը։

Ավելին, «Եդինայա Ռոսիա» կուսակցության XII համագումարում նշված՝ Ռուսաստանի Դաշնության զարգացման հստակ ու պարզ ուրվագծերը, նախագահի եւ կառավարության նախագահի նպատակների միասնությունը ԱՊՀ անդամ պետությունների համար (որոնք չեն մտնում Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան մաքսային միության մեջ) ձեւավորվելիք Եվրասիական միությանն անդամակցության գաղափարը դարձնում են խիստ հեռանկարային եւ հրապուրիչ։ Չէ՞ որ այն խնդիրները, որ կանգնած են մեր երկրների առջեւ, շատ նման են։ Այսպես, ոչ միայն Ռուսաստանը, այլեւ, օրինակի համար, Հայաստանի Հանրապետությունը եւս պետք է արդիականացնեն տնտեսությունը, կրթության համակարգը, տեխնիկապես վերազինեն արդյունաբերությունը։

Մեր երկրում եւս սուր է դրված ներդրումային մթնոլորտի բարելավման, նորարարությունների համար ենթակառուցվածքի ստեղծման, աշխատանքի արդյունավետության եւ անվտանգության բարձրացման խնդիրը՝ քաղաքացիների կենսապայմանների բարելավման նպատակով։ Չէ՞ որ Հայաստանի համար հրատապ է աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների բարձրացումը, պայքարն աղքատության դեմ, առողջապահության արդիականացումը։

Մեզ մոտ եւս չլուծված են մնում հրատապ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կոռուպցիայի վերացումը, պաշտոնյաների եկամուտների մասին տեղեկությունների հասանելիության ու թափանցիկության համակարգի ներդրումը, դեռեւս քիչ չեն խորամանկությունները պետական գնումների համակարգում։ Տակավին հրատապ է մնում դատական համակարգի ամրապնդման խնդիրը՝ անկախության, թափանցիկության եւ արդարության սկզբունքների հիման վրա։

Ընդհանուր առմամբ, կարելի է անել հետեւյալ եզրահանգումը. խնդիրները, որոնք մոտ ապագայում լուծվելու են Ռուսաստանում, զգալի չափով բնութագրական են նաեւ Հայաստանի համար։ Իսկ այն, որ Ռուսաստանը հաջողությամբ է լուծելու դրանք, կարծում եմ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում ընդունված քաղաքական որոշումների համատեքստում, կասկածի ենթակա չէ։

Միաժամանակ, արդեն ակնհայտ է, որ հայտարարված խնդիրները որքան հրատապ, նույնքան էլ բարդ են։ Միայնակ հաղթահարել վերոնշյալ խնդիրները եւ սույն հոդվածում չներկայացված արտաքին քաղաքական մարտահրավերները, որոնցով լի է մեր անհանգիստ աշխարհը, Հայաստանի Հանրապետության համար դժվար կլինի։ Ուստի հարկադրված ենք հերթական անգամ փաստել, որ Եվրասիական միությունն ինքնիշխանության պահպանման միակ միջոցն է։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ