ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԳՐՉԱԿԸ

06.09.2011, Հայոց աշխարհ

Օրերս ռուսաստանյան REGNUM դաշնային լրատվական գործակալությունը, ինչպես նաեւ «Հայոց Աշխարհ», «ծՏՉՏպ ՉՐպՎ'» եւ «Իրավունք» թերթերը տպագրեցին Արտաշես Գեղամյանի հեղինակած «Ռուսաստանի մասնատման ռազմավարությունն արդեն թեժ փուլ է մտել» վերտառությամբ վերլուծական հոդվածը:

Արձագանքներն իրենց երկար սպասել չտվեցին: Հաշված օրերի ընթացքում ինտերնետային որոնողական Yandex, Rambler, Google հանրահայտ կայքերում ընդհանուր առմամբ շուրջ 50.000 հղում, հիշատակում ու անդրադարձ եղավ Գեղամյանի սույն հոդվածին: Ըստ որում, անգամ իսկ ադրբեջանական այն լրատվամիջոցները, որոնք հայտնի են հայ հեղինակների հրապարակումների հանդեպ իրենց «վերաբերմունքով», ձեռնպահ են մնացել էժանագին գնահատականներ տալուց, քանզի այս հոդվածում արված հարցադրումները խիստ արդիական, փաստարկված եւ մտահոգիչ են: Ձեռնպահ են մնացել նաեւ անտեսելով այն հանգամանքը, որ Արտաշես Գեղամյանի այս հոդվածում անողոք կերպով բացահայտված է թուրք-ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը:

Ուստի միանգամայն սպասելի էր, որ վերջիններս, որպես փորձաքար եւ մեր զգոնության ստուգաքայլ, պետք է գործի դնեին մեր երկրում թուրք-ադրբեջանցիների շահերը անթաքույց պաշտպանող, փեշերը վաղուց այրված, «թուրքի լամուկ», իրենց համար պատվաբեր բնութագրմանն արժանացած գրչակներին:

 

Այս դեպքում, հերթական անգամ, այդ ի սկզբանե դավաճանին հատուկ դերակատարությունը ստանձնեց ԱՆՏԱԿ /Տ/ ԴՀՈԼ Լեւոն Ջավախյանը: Քավ լիցի, չէինք ցանկանա, մեր այս բնութագրականով նմանվել սակավամիտ այն մարդկանց, ովքեր քաղաքական պայքարում զերծ լինելով հիմնավորված փաստարկներից, անցնում են հայհոյախոսության:

Ուղղակի սույն չհաջողված ադրբեջանահաճո գրողին` Լեւոն քիրվային, այդպես է ներկայացրել ընթերցողին «Հրապարակ» օրաթերթը, որն իր սեպտեմբերի համարում այս գրողի լուսանկարի անմիջապես ներքեւում ԱՆՏԱԿ/Տ/ ԴՀՈԼ մակագրությամբ պատկերում է թուրք-ադրբեջանցիների հայատյաց գրողների հայաստանյան մեծ ջատագով Լեւոն Ջավախյանին:

«Ազգային Միաբանություն» կուսակցությունում երկմտում էինք. արժե՞ կարեւորել ադրբեջանագով այս «հեղինակի» գրածը: Չէ՞ որ ակնհայտ է` դրանով մենք կգովազդենք այս անբովանդակ մարդուն եւ այն լրատվամիջոցը, որում նա տպագրվել է: Սակայն ուշագրավ է, որ այս դեպքում Արտաշես Գեղամյանին մեղադրում են առ այն, որ նա իր հոր` Հայաստանի անվանի քաղաքական եւ պետական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի հասցեին գովեստի խոսքեր է ասել տեսաֆիլմում, որը հեռարձակվել էր դեռ 2003 թվականին, Մամիկոն Գեղամյանի մահվան տարելիցի օրը:

Կուսակցությունում ակամայից մտածում էինք. ի՞նչ աստիճանի տականք պետք է լինեն Գեղամյանի եւ մեր ընդդիմախոսները, որ ընկնավորվեն անգամ իսկ հայերիս համար սրբությունների սրբոց ` մեր ծնողների կամ զավակների հասցեին մի դեպքում երախտագիտության, մյուսում` գովասանքի խոսքեր ասելիս:

Լսիր, դու, Լեւոն ԱՆՏԱԿ/Տ/ ԴՀՈԼ Ջավախյան, Արտաշես Գեղամյանը արժանապատիվ ծնողներ է ունեցել եւ երախտագիտությամբ թե ինքը եւ թե մենք` նրա ընկերներն ու զինակիցները, մշտապես հիշում ու հպարտանում ենք իրենցով, ինչպեսեւ բոլորիս ծնողներով, որովհետեւ իրենց գործերով ու անբասիր կենսագրությամբ նրանք հայտնի են թե մեզ, թե մեր ժողովրդին:

Այ, քո ծագումնաբանությունը լուրջ կասկածանքի տեղիք է տալիս, քանզի հայ տեսակին հարիր չէ նախատել մարդուն նրա համար, որ նա արտահայտում է իր զգացմունքները առ ծնող եւ երեխա:

Ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանի եւ «Ազգային Միաբանություն» կուսակցության պասիվությանը, ապա, այո, մենք կտրականապես հրաժարվում ենք ապատեղեկատվություն տարածող, խիստ կողմնակալ, բովանդակային առումով անհետաքրքիր թերթերին հարցազրույցներ եւ հոդվածներ տալուց:

Իսկ ինչ վերաբերում է Գեղամյանի «պասիվությանը», ապա ասեմ, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, առ այսօր, հրատարակվել է նրա հեղինակած չորս գիրք` հայերեն, ռուսերոն, անգլերեն, ավելի քան 1800 էջ ընդհանուր ծավալով: Այդ գրքերում զետեղված են ճիշտ այդ ժամանակահատվածում Գեղամյանի հրապարակային ելույթները, հոդվածներն ու հարցազրույցները:

Պարզապես մտահոգիչ է, որ լրագրողական հանրության մի հատվածը եւ դրանց խմբագիրները սովորություն չունեն լուրջ, հեղինակավոր հայկական լրատվամիջոցներում ընթերցել վերլուծական արժեքավոր հոդվածներ, որոնցում միջազգային չափանիշների մակարդակի վերլուծություններ են ներկայացված: Սակայն դա թող դառնա իրենց մտահոգության առարկան:

Իսկ Արտաշես Գեղամյանի որդիներից մեկի՝ Մեղրիի մաքսատան պետ աշխատելու մասին ապատեղեկատվության վերաբերյալ, որն արդեն հինգ տարի շարունակ պարապ մնացած լրագրողների բուռն քննարկումների առարկա է դարձել, ասենք հետեւյալը. ողորմելի եք, շատ եք ողորմելի... Ձեր «հավաստի» աղբյուրներն էլ են ողորմելի, հետն էլ թամբալ ու ծույլ, որ այս հինգ տարիների ընթացքում այդպես էլ չկարողացաք տարրական հարցեր ճշտել եւ ընթերցողին ճշմարտացի լրատվություն հաղորդել:

Չստացվի այնպես, որ «Հրապարակ» օրաթերթի Լեւոն ԱՆՏԱԿ/Տ/ ԴՀՈԼ Ջավախյանի հոդվածը միայն բացասական երանգներ ունի: Ամենեւին: Հերթական անգամ մեզ համար ակնհայտ դարձավ, որ Արտաշես Գեղամյանի հեղինակած լրջագույն վերլուծությունները, իրենց փաստարկվածությամբ եւ հիմնավորվածությամբ, անխոցելի ու անհերքելի են: Ավելին՝ դրանք օգնում են բացահայտել Հայաստանի Հանրապետության ներսում գործող ինչպես թուրք-ադրբեջանական, այնպես էլ այլ օտարածին հակահայկական կենտրոնների դրածոներին:

Ինչ խոսք, այս ամենի համար, վերջիններիս ինքնաբացահայտելու գործում մեզ օգնելու համար, հերթական անգամ ինքնաբացահայտվելու եւ իր տերերին մերկացնելու համար շնորհակալություն ենք հայտնում հայի ազգանվան տակ քողարկվող Լեւոն Ջավախյանին:

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆ «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ