ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԹԵԺ ՓՈՒԼ Է ՄՏԵԼ

30.08.2011, Հայոց աշխարհ

Հունվարի 15-ին REGNUM լրատվական գործակալությունը հոդված էր տպագրել «Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի մասնատման ռազմավարությունը թեժ փո՞ւլ է մտնում» վերնագրով։
Վերնագրում հարցական նշան դնելով՝ ես, այնուամենայնիվ, տարակուսում էի այս հաշվով։ Ավա՜ղ, այդ ժամանակվանից հետո անցած՝ պատմական չափանիշներով ոչ երկարատեւ ժամանակը (յոթուկես ամիս) ցույց տվեց, որ ներկա պահին հարցական նշանը վերնագրից կարելի է հանել։
Նման եզրահանգում անելու համար, ցավոք, բավականաչափ հիմնավորումներ կան։ Վերջին տարակույսները ցրվեցին այն բանից հետո, երբ Եվրամիության երկրների արդարադատության նախարարները 2011թ. օգոստոսի 23-ին Վարշավայում ընդունեցին Հռչակագիր տոտալիտար ռեժիմների զոհերի հիշատակի օրվա առիթով։ Այն առանձնակի վտանգն ու հեռուն գնացող հետեւանքները, որոնցով հղի է այս փաստաթղթի իրականացումը, փայլուն, փաստարկված, համոզիչ եւ մատչելի կերպով պարզաբանել է քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։
Ինձ գրիչ վերցնել դրդեց այն փաստի գիտակցումը, որ Վարշավյան հռչակագիրը պարարտ հող է ստեղծում այնպիսի կազմակերպությունների ապամոնտաժման համար, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն, Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ԵվրԱզԷս), Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի մաքսային միությունը եւ, իհարկե, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (այսուհետ՝ ՀԱՊԿ) ռազմաքաղաքական միությունը։
Չէ՞ որ գաղտնիք չէ, որ ԱՊՀ անդամ պետությունների ժողովուրդների հոգեւոր մերձեցման շաղախիչ հիմքն այն սերնդին պատկանելու հարազատության եւ մերձավորության զգացումն է, որն ահռելի զոհերի եւ զրկանքների գնով կարողացավ Եվրոպան փրկել ֆաշիզմի դարչնագույն ժանտախտից։ Իսկ նրանց հաջորդ սերունդները դաստիարակվում էին միասնական երկրի հաղթանակողների, Հին աշխարհամասի փրկարար երկրի որդիների ու թոռների ոգով։
Ներկա պահին 2011թ. օգոստոսի 23-ի Վարշավյան հռչակագրի իրագործումը կհանգեցնի նրան, որ ավելի քան վեց հարյուր հազար հայերի՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների (որոնց կեսը չվերադարձավ ռազմաճակատից) զավակների ու թոռների հոգիները շփոթմունքի մեջ կընկնեն։ Հայտնի է, որ արդեն ավելի քան 20 տարի նրանց ուղեղները լվանում են իբր «դեմոկրատիայի» եւ «լիբերալիզմի» գաղափարներով, իսկ իրականում փոխում են նրանց հոգեբանությունը, ֆաշիզմին հաղթած ժողովրդի հոգեբանությունը, որը նրանք ժառանգել են իրենց հայրերից եւ պապերից։ Ավելին՝ ջանում են երիտասարդ սերնդին պարտադրել զղջման սինդրոմը, արդարացող սերնդի հոգեբանությունը նրա համար, որ, ինչպես գրված է Վարշավյան հռչակագրում, «Եվրոպան տառապում էր տոտալիտար ռեժիմների (իմա՝ ԽՍՀՄ- Ա.Գ.) իշխանության տակ, անկախ նրանից՝ կոմունի՞զմ էր դա, թե՞ նացիոնալ-սոցիալիզմ...»։

 


Հայաստանի Հանրապետության պարագայում հաշվարկը պարզ է։ Հայ ժողովուրդը, Վարշավյան հռչակագրի նախաձեռնողների տրամաբանությամբ, որն ապրել է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում ցեղասպանության սարսափները, եւ որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ կազմում, կրկին ահռելի զոհերի գնով, հասել է հաղթանակի, պարզվում է, պետք է զղջա նրա համար, որ «Եվրոպան տառապում էր տոտալիտար ռեժիմների իշխանության տակ», իսկ մեր ծնողները եւ մենք ոչ միայն չէինք ընդվզում այդ ռեժիմի դեմ, այլեւ մեր ուժերի ներածին չափով եւ ազնիվ աշխատանքով բազմապատկում էինք երկրի՝ մեր մեծ Հայրենիքի հզորությունն ու հարստությունը։ Սա կարոտախտ չէ խորհրդային ժամանակների, առավել եւս՝ 20-րդ դարի 80-ականների վերջի զառամախտավոր ու ապաշնորհ առաջնորդների հանդեպ։ Սա ընդամենը այն փաստի գիտակցումն է, որ արդեն արդի պայմաններում վարվում է խիստ մտածված համակարգային աշխատանք՝ Ռուսաստանին պարտադրելու «Նյուրնբերգ ընդդեմ Ռուսաստանի», ինչպես արդարացիորեն նշել է Մոդեստ Կոլերովն իր վերոնշյալ հոդվածում։
Ընդ որում՝ ԱՊՀ մյուս երկրներին վերապահվում է ճորտերի՝ տոտալիտարիզմի հանցագործությունները մերկացնողների դեր։ Այնուհետեւ պետք է սպասել, որ այս հիմքի վրա կծավալվի լայնածավալ տեղեկատվական պատերազմ տոտալիտար ԽՍՀՄ-ի իրավահաջորդի՝ Ռուսաստանի դեմ։ Այդ պատերազմի առաջին ծիծեռնակները՝ հակառուսական հիստերիայի տեսքով, արդեն ի հայտ են եկել Ռուսաստանի դաշնակից երկրների ԶԼՄ-ներում։ Այս նպատակների համար միջոցներ չեն խնայում՝ շռայլորեն ֆինանսավորելով ամեն տեսակի ոչ կառավարական կազմակերպությունների, որոնք նպատակաուղղված հակառուսական քարոզչություն են իրականացնում՝ հաճախակի եւ միտումնավոր Ռուսաստանի փոխարեն ռուսներ բառն օգտագործելով։
Այս հմուտ ռուսատյաց քարոզչությունը հստակորեն զուգակցվում է ազգամիջյան երկպառակության հրահրման այն անսանձ զրպարտչության եւ ապատեղեկատվության հետ, որը վարվում է բուն Ռուսաստանում։ Կրկնում եմ, նպատակը մեկն է՝ թշնամանքի հրահրում պետականակերտ ազգ հանդիսացող ռուսների եւ Ռուսաստանի քաղաքացի ավելի քան հարյուր այլ ժողովուրդների ու ազգությունների ներկայացուցիչների միջեւ։
Այս ներածականից հետո փորձենք պարզել՝ արդյոք կապ գոյություն ունի՞ այն ամենի միջեւ, ինչը տեղի է ունենում Մեծ Մերձավոր Արեւելքի տարածքում, եւ ինչպե՞ս կարող է դա անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի եւ ընդհանրապես Ռուսաստանի վրա։ Կապ գոյություն ունի՞ ս.թ. օգոստոսի 23-ին ընդունված Վարշավյան հռչակագրի եւ այն իրադարձությունների միջեւ, որոնք տեղի են ունենում Լիբիայում եւ Սիրիայում։ Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Հռչակագիրը ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված հետխորհրդային պետությունների՝ Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի համար։
Հասկանալու համար Լիբիայում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների էությունը՝ մեջբերում անենք Պոլ Կրեյգ Ռոբերտսի՝ Press TV հեռուստաընկերությանը տված հեռուստահարցազրույցից (http://www.presstv.ir/detail/176776.html.)։ Հիշեցնենք, որ նա Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի ֆինանսների փոխնախարարն էր, որին ԱՄՆ նախագահն անվանում էր «ռեյգանոմիկայի իսկական հայր», հետագայում եղել է «The  Wall  Street  Journal»-ի խմբագիրը։
Եվ այսպես, վերոնշյալ հարցազրույցում Փոլ Կրեյգ Ռոբերտսը հայտարարում է. «Մենք ուզում ենք տապալել Քադաֆիին Լիբիայում եւ Ասադին Սիրիայում, որովհետեւ ուզում ենք վռնդել Չինաստանը եւ Ռուսաստանը Միջերկրածովից»։ Հետո՝ է՛լ ավելին է։ «Ո՞րն է մեր շահը Սիրիայի բողոքներից»,- հարց է տալիս Փոլ Կրեյգ Ռոբերտսը եւ այսպես է պատասխանում. «Բողոքների հետեւում ամերիկացիներն են կանգնած։ Մենք շահագրգռված ենք դրանում, որովհետեւ ռուսները ռազմածովային հանգրվան ունեն, որն ապահովում է նրանց ներկայությունը Միջերկրական ծովում։ Այնպես որ, դուք տեսնում եք, Վաշինգտոնը միջամտել է Լիբիայում եւ էլ ավելի մեծ ջանքեր է գործադրում Սիրիայում միջամտելու համար, որովհետեւ մենք ուզում ենք ազատվել ռուսներից եւ չինացիներից»։
Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Դատելով տեղեկատվության ամենատարբեր աղբյուրների հաղորդումներից՝ Մուամար Քադաֆիի ռեժիմը դատապարտված է։ Կհաջողվի՞ Ազգային անցումային խորհրդին (ԱԱ ) պահպանել միասնական Լիբիան եւ չթողնել, որ այն բաժանվի երեք պետությունների՝ պատմականորեն գոյություն ունեցող մարզերի սահմաններին համապատասխան՝ Տրիպոլիտանիայի հյուսիս-արեւմուտքում, Կիրենաիկայի հյուսիս-արեւելքում եւ Ֆեցանի (Ֆեզան) հարավում, ցույց կտա ժամանակը։ Խաղաղություն կհաստավի՞ Լիբիայի հողում, որն իր տարածքով (1 մլն 759540 քառ. կմ, որի 90%-ն անապատ է) Աֆրիկայի չորրորդ երկիրն է եւ տասնյոթերորդն աշխարհում։ Սա առանձին վերլուծության թեմա է։
Անվիճելի է մի բան, որ Լիբիայի վերջին իրադարձություններից հետո ուժի համաշխարհային կենտրոնների հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի Սիրիայի վրա։ Սիրիայում լարվածության հետագա թեժացման պարագայում անխուսափելի է այդ երկրի ներքին կոնֆլիկտին հարեւան երկրի՝ Թուրքիայի ներգրավումը։
Եվ այս ամենը տեղի կունենա Հայաստանին սահմանակից պետություններում՝ Թուրքիայում, Իրանում, ինչպես նաեւ Սիրիայում, որտեղ ահա արդեն մոտ հարյուր տարի ավելի քան երկու հարյուր հազարանոց հայ համայնք է ապրում։ Հարկ չկա կասկածելու, որ կառավարելի քաոսի քաղաքականությունը, որը հաջողությամբ իրականացվում է «Արաբական գարուն» ֆիրմային անվան տակ, կարող է տարածվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։
Ինչ վերաբերում է ադրբեջանցի ժողովրդի համար նման քաղաքականության ողբերգական հետեւանքներին, ապա թող դրա մասին մտահոգվեն ադրբեջանցի քաղաքական գործիչները, որոնք իրենց ապակառուցողականությամբ տորպեդահարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Ավելին՝ այսքան անհանգիստ ժամանակաշրջանում այնպիսի պետական քաղաքականություն են վարում, որի էությունը հակահայկական տրամադրությունների հրահրումն է, ադրբեջանցի ժողովրդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծմանը նախապատրաստելը։ Այս պայմաններում զարմանք չի հարուցում այն սրբապղծությունը, որ ազգային հերոսի կարգավիճակի է բարձրացվում տխրահռչակ մարդասպան, ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը, որը կացնահարեց քնած հայ սպային Հունգարիայում, ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող սեմինարի ժամանակ։ Ադրբեջանում ընդօրինակման արժանի հերոս է հայտարարվել մի հանցագործ, որն առ այսօր ցմահ բանտարկություն է կրում Հունգարիայում։
Այս ամենը միայն ադրբեջանցի ժողովրդի խնդիրը չէ, սակայն, բնականաբար, ինձ խիստ հուզում եւ տագնապեցնում են հենց Հայաստանում եւ նրա շուրջ ծավալվող իրադարձությունները։ Այսպես, 2008թ. մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո, որոնք հանգեցրին մեր տասը քաղաքացիների մահվան, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ, հաջողվեց իր կշռադատված ներքին քաղաքականությամբ կանխել երկրում նոր արյունահեղության տանող իրավիճակը։ Եվ սա՝ այն պայմաններում, երբ 2008-2010թթ. եւ ընդհուպ մինչեւ ս.թ. մայիսը Հայաստանի առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի (այսուհետ՝ ԼՏՊ - Ա.Գ.) մերձավոր շրջապատը, արտաքին ուժերի պատկառելի ֆինանսական աջակցությամբ, հետեւողականորեն սրում էր արմատական տրամադրությունները երկրում։
Ընդ որում՝ ԼՏՊ-ի ողջ գաղափարախոսական մեքենան, տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ների լայն ցանցի, ինտերնետի հնարավորությունների օգտագործման միջոցով, Հայաստանի քաղաքացիներին խիստ հմտորեն մատուցում էր իր գլխավոր գաղափարախոսական դրույթն այն մասին, որ «ՀՀ ատելի ավազակապետության» հենարանը Ռուսաստանն է։ Այս պայմաններում ԼՏՊ-ի եւ նրա համախոհների համար նվեր էին Հայաստանում ծավալված բուռն քննարկումները կառավարության՝ «Լեզվի մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրենսդրական նախաձեռնության շուրջ։ Այս օրինագծերի ընդունմամբ հնարավորություն էր տրվում Հայաստանում բացել 8-10 ռուսալեզու եւ օտարալեզու դպրոց։ ԼՏՊ-ի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների հրապարակումները լեփլեցուն էին հակառուսական վերնագրերով, եւ իրադրությունն արհեստականորեն շիկացվում էր, թեեւ վերոնշյալ օրենքների ընդունմամբ ենթադրվում էր բացել ռուսալեզու դասավանդմամբ ոչ ավելի, քան երկու դպրոց։
Խիստ տագնապալի է, որ բացի «Ազգային միաբանություն» կուսակցությունից՝ Հայաստանի քաղաքական եւ ոչ մի կուսակցություն, ոչ մի հասարակական կազմակերպություն այդպես էլ չհայտնեց իր դիրքորոշումն այսքան սկզբունքային հարցի վերաբերյալ։ Իր սկզբունքային դիրքորոշումը սույն հարցի վերաբերյալ «Ազգային միաբանություն» կուսակցությունն արտահայտեց «Արտաշես Գեղամյան. Հայկական դպրոցը կյանքի է պատրաստում, որը գոյություն չունի» հոդվածում՝ տպագրված 2010թ. մայիսի 26-ին, REGNUM լրատվական գործակալությունում։

ԼՏՊ քարոզչամեքենայի կողմից ռուսատյաց տրամադրությունների հետագա շիկացումը գագաթնակետին հասավ 2010թ. օգոստոսի 9-10-ը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցից հետո։
Հիշեցնենք, որ այդ այցի շրջանակում Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին թիվ 5 Արձանագրությունը, որի համապատասխան՝ Գյումրիում ռուսական ռազմակայանի հանգրվանելու ժամկետը երկարաձգվում էր 49 տարով։ Եվ այս դեպքում չէր կարող չմտահոգել այն հանգամանքը, որ Ազգային ժողովի կողմից այս փաստաթուղթը վավերացնելիս, 2011թ. ապրիլի 12-ին, սույն հարցի շուրջ մտքերի փոխանակության ժամանակ ելույթ ունեցան ԱԺ ընդամենը երեք պատգամավոր։
Ընդ որում՝ հռետորներից մեկն անկուսակցական, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էր, որը կառուցողական դիրքերից արտահայտեց հայկական կողմի որոշ երկյուղները։ Մտքերի փոխանակության ժամանակ ելույթ ունեցավ նաեւ խորհրդարանի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, որը սուր քննադատության ենթարկեց թիվ 5 Արձանագրությունը եւ «դեմ» քվեարկեց։ Եվ միայն Ազգային ժողովի պատգամավոր Արա Սիմոնյանը («Ազգային միաբանություն» կուսակցության եւ «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության վարչության անդամ) իր ելույթում քաղաքական գնահատական տվեց այդ փաստաթղթին եւ հիմնավորեց թիվ 5 Արձանագրության բախտորոշ նշանակությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար։
Որոշակի խորհրդածությունների տեղիք է տալիս խորհրդարանական այն կուսակցությունների պատգամավորների ցածր հաճախելիությունը, որոնք ներկայանում են իբրեւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության կողմնակիցներ։ Ավելին, մտահոգում է նրանց փաստացի ինքնամեկուսացումն այդ հարցի շուրջ մտքերի փոխանակությանը մասնակցելուց։ Եվ սա՝ այն պայմաններում, երբ 2010թ. օգոստոսի 9-ին թիվ 5 Արձանագրության ստորագրումից հետո, ընդհուպ մինչեւ նոյեմբերի 11-ը, երբ ԱԺ-ը հաստատեց այդ օրինագիծը, տպագրվել է ավելի քան հարյուր հիսուն հոդված, հեռուստաալիքներով տրվել են ոչ քիչ հարցազրույցներ, որոնք ունեցել են հակառուսական, ակնհայտորեն միտումնավոր բնույթ, երբ թիվ 5 Արձանագրության ընդունումը հավասարեցվում էր անկախությունը կորցնելուն։
Փաստորեն, հօգուտ Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու ժամկետի երկարաձգման տպագրվել է մի երկու հոդված ինչպես հանրապետական, այնպես էլ ռուսական ԶԼՄ-ներում։ Եվ միայն REGNUM լրատվական գործակալությունը 2010թ. սեպտեմբերի 1-ին հրապարակեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահի «Արձանագրություն թիվ 5. Հայաստանի անվտանգությունն ընդդեմ ազգային շահերի դավաճանության» հոդվածը, որում պսակազերծվում էին հակառուսական հիստերիայի հեղինակների իրական մոտիվները, որոնք այս փաստաթղթում Հայաստանի անկախության կորուստն էին տեսնում։
Այս առնչությամբ կուզենայի նաեւ նշել, որ, ոչ առանց Հայաստանի քաղաքական ղեկավարության աջակցության, «Ազգային միաբանություն» կուսակցությանը հնարավորություն ընձեռվեց պաշտպանել հանրապետության նախագահի դիրքորոշումը սույն հարցի վերաբերյալ ուղիղ եթերով, Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի ժողովրդականություն վայելող հեղինակային ծրագրերից մեկում (www.amiab.am-տեսաարխիվ)։ Վերոնշյալ փաստերը այսքան մանրակրկիտ ներկայացնելը մի նպատակ է հետապնդում, այն է՝ ցույց տալ, որ հակառուսական ուժերի նպատակաուղղված, համակարգված խափանարար աշխատանքին հակադրվում են քաղաքական գործիչների խիստ սահմանափակ շրջանակի դրվագային ելույթները։ Բնական է, որ նրանց շարքում կարելի է նշել «Սահմանադրական իրավունք միությունը», Դեմոկրատական կուսակցությունը։
Այնինչ այսօր արդեն լայնորեն ներդրվում է ինտերնետ հեռարձակում, որն առատորեն ֆինանսավորվում է ամենեւին էլ ոչ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համախոհների, այլ ուժի համապատասխան կենտրոնների կողմից, որոնք խիստ սպեցիֆիկ են մեկնաբանում Մեծ Մերձավոր Արեւելքի ժողովրդավարայնացումը։ Ավելին, այդ աշխատանքում ներգրավված են գաղափարախոսական պատերազմի պրոֆեսիոնալները, այլ ոչ թե ծախսերի գծով խոշորածավալ ամեն տեսակ միջոցառումների «մասսավիկ»-կազմակերպիչները, որոնք, դրանք կազմակերպողների կարծիքով, կոչված են միավորելու հայ-ռուսական համակողմանի համագործակցության զարգացման կողմնակիցների ջանքերը։ Հակառակ կողմում միասնական ճակատով հանդես են գալիս չափազանց լուրջ ուժեր, եւ դա չնկատելը պերճախոս վկայությունն է քաղաքական ճոռոմաբանության եւ այն գործընթացները չհասկանալու, որոնք տեղի են ունենում Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում։
Պրոֆեսիոնալների հզոր գաղափարախոսական հարձակմանը տեղեկատվական պատերազմների ոլորտում, որոնք օգտագործում են արդի տեղեկատվական տեխնոլոգիաները, ինտերնետի լայն հնարավորությունները, կրկնում եմ, հակադրվում է գաղափարախոսական ոչ մի լիցք չկրող ամեն տեսակ պոլիտմասսովկան։ Գաղափարախոսական առումով այսքան հեղհեղուկ իրավիճակի վտանգն այն է, որ ԼՏՊ-ի շրջապատի պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներին եւ նրանց շահերը սպասարկող, Արեւմուտքից շռայլորեն ֆինանսավորվող հզոր գաղափարախոսական մեքենային հակադրվում է հայ-ռուսական հարաբերությունների կոմերցիոնացումը։ Այդ կոմերցիոնացման էությունն այն է, որ ներդրվում են հսկայական ֆինանսական ռեսուրսներ միայն մի նպատակով. քաղաքացիների ապագաղափարայնացված զանգվածին՝ ամեն տեսակ զանգվածային միջոցառումների մասնակիցներին, ներկայացնել որպես հայ-ռուսական մերձեցման ջատագովների։
Եթե նման բան է արվում, նշանակում է՝ դա ինչ-որ մեկին պետք է։ Եվ դա, հավանաբար, պետք է նրանց, ովքեր ուզում են իրենց ներկայացնել որպես հայ-ռուսական ռազմավարական գործընկերության անսասանության պաշտպանության դիրքերում կանգնած համարյա թե միակ ուժ։ Այնուհետեւ ամեն ինչ ընթանում է հարթված սխեմայով, երբ ռուսական իշխանության որոշակի կառույցների լոբբիստների միջոցով սա մատուցվում է որպես Հայաստանում այնպիսի հզոր կազմակերպության առկայություն, որը պայքարում է հանուն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության։
Խիստ հատկանշական է, որ այդ ուժերի գործունեությունը բոլորովին չի քննադատվում ԼՏՊ քարոզչամեքենայի, նրա մերձավոր շրջապատի կողմից։ Հավանաբար արտասահմանյան վերլուծաբանները, որոնց թելադրանքով է գործում ԼՏՊ-ի շրջապատը, հիանալի հասկանում են, որ վերջնարդյունքում, ժամանակի ընթացքում դա կհանգեցնի ռուս-հայկական ռազմավարական գործընկերության իսկական էության ամլացմանը, հայ եւ ռուս ժողովուրդների, Ռուսաստանի ժողովուրդների բազմադարյա բարեկամության լիակատար վարկաբեկմանը։ Եթե չհասկացվի այն անբեկանելի ճշմարտությունը, որ այդ բարեկամությունը հենվում էր հոգեւոր հարազատության վրա, զանազան կուլտմասսայական միջոցառումների հանգող բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն։ Այո, այսօր էլ հայ ժողովրդի մեծամասնության համակրանքը ռուս ժողովրդի հանդեպ մեծ է եւ որոշ ժամանակ կդիմակայի հայ-ռուսական հարաբերությունների կոմերցիոնացման կործանարար եւ վնասակար հետեւանքներին։
Լուրջ մտահոգություն եւ խոր ափսոսանք է առաջացնում այն, որ հայ-ռուսական հարաբերությունների նման իրավիճակը, մեղմ ասած, աննկատ է մնում ռուսական բարձր կառույցների՝ աշխատանքի այս հատվածի համար պատասխանատուների կողմից։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ խոսքն ամենեւին էլ Հայաստանում աշխատող ռուսական կառույցների մասին չէ։ Փոխարենը՝ նման իրավիճակը լիովին ձեռնտու է Արեւմուտքին։
Այս ֆոնին հատկապես կուզենայինք կանգ առնել որոշակի գործողությունների վրա, որոնք նկատվում են ԼՏՊ-ի շուրջ խմբավորված ուժերի, Հայ ազգային կոնգրեսի կողմից։ ՀԱԿ-ը հիմնադրման օրվանից ներկայանում է որպես արմատական ընդդիմություն, սակայն, դրսից եկած հրահանգների փոփոխման պատճառով, ս.թ. օգոստոսից էական փոփոխությունների է ենթարկվել։ Այսպես, աշխատանքային խմբերի հանդիպումներ են տեղի ունենում Հայաստանի իշխող կոալիցիայի ներկայացուցիչների եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների շրջանակում։
Այնինչ արդեն գաղտնիք չէ, որ կոնգրեսի վարքագծի փոփոխությունը կրկին բեմականացված է դրսից եւ հետապնդում է միանգամայն որոշակի նպատակներ։ Կոնգրեսի տրամադրությունների փոփոխության սկիզբը դրվեց 2009թ. հոկտեմբերին, երբ Ցյուրիխում Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը՝ հանձինս իրենց արտգործնախարարների, երկու արձանագրություն ստորագրեցին. «Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»։ Հայաստանի Հանրապետության նախագահի՝ արիությամբ աննախադեպ արտաքին քաղաքական այս քայլը, որն ամբողջովին վայելում էր Պետդեպարտամենտի հավանությունը (եւ երկար տարիններ լոբբինգի էր ենթարկվում նրա կողմից), արժանացավ նաեւ ռուսական եւ ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչությունների, ինչպես նաեւ ԵՄ ղեկավարության հավանությանը։ Այս արձանագրությունների նախաստորագրումից հետո հայկական կողմին սպասվում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից դրանց վավերացման պատրաստման ոչ միանշանակ եւ քաղաքական հետեւանքներով անկանխատեսելի աշխատանք։
Հենց ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո ԼՏՊ-ի շուրջ համախմբված արմատական ընդդիմությունը հայտարարեց (որոշ պայմանական եւ ձեւական վերապահումներով), որ աջակցում է հայկական ղեկավարության՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերին։ Մի քանի ամիս անց Հայաստանի քաղաքական շրջանակներում սկսեցին համառ լուրեր պտտվել այն մասին, որ Հայոց համազգային շարժման ղեկավարությունն առանձին բանակցություններ է վարում Հայաստանի իշխանությունների հետ։ Բանակցությունների վերջնական նպատակը, դատելով մամուլ սպրդած տեղեկատվությունից, հանգեցվում էր այն բանին, որ ՀՀՇ-ն տեղ ունենա իշխանական կառույցներում՝ իշխանությունների հետ փոխզիջումների, այլ ոչ թե առանց այդ էլ խիստ բարդ ներքաղաքական իրավիճակի արմատականացման ճանապարհով։
Այդ գործընթացները, ինչպես ցույց տվեց իրավիճակի հետագա զարգացման ընթացքը, նախաձեռնվել եւ ուղղորդվում էին անմիջապես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից։

Եթե ՀՀՇ ղեկավարության ջանքերը հաջողությամբ պսակվեին, ԼՏՊ-ի եւ ՀԱԿ հիմնադիր մյուս կուսակցությունների նշանակությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում արմատապես կսասանվեր։
Իրադարձությունների զարգացման նման ընթացք, բնականաբար, ԼՏՊ-ն թույլ տալ չէր կարող։ Ուստի 2010թ. հունիսի կեսին հրավիրվեց ՀՀՇ համագումար։ ԼՏՊ-ն, որը համագումարի պատվիրակների մեջ էր, իր ելույթում ներկաներից շատերի համար անսպասելիորեն հայտարարեց. «Վերջին ժամանակներս Հայաստանի իշխանությունները փորձեցին ազդեցություն գործել ՀՀՇ ներսում եւ պառակտել ՀՀՇ-ն եւ ՀԱԿ-ը։ Սակայն շնորհիվ ՀՀՇ վարչության եւ խորհրդի անդամների մեծ մասի զգոնության այդ վնասարարությունը ժամանակին բացահայտվեց, եւ կոնգրեսի պառակտման վտանգը լիովին չեզոքացվեց»։
ԼՏՊ-ն, իհարկե, հիանալի տեղեկացված էր, որ ՀՀՇ ղեկավարության եւ Հայաստանի իշխանությունների միջեւ շփումների հաստատման նախաձեռնողը ԱՄՆ դեսպանությունն է եւ անձամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը։ ԼՏՊ-ն չէր կարող հանդուրժել եւ ներել, որ այդ գործընթացում նրան երկրորդ պլան էին մղել։ Համագումարի արդյունքներով փոխվեցին ՀՀՇ վարչության նախագահը եւ նրա առաջին տեղակալը, այդ նույն ժամանակ նրա շարքերը լքեցին այդ կուսակցության մի քանի տասնյակ հայտնի ներկայացուցիչներ, կուսակցություն, որը 1990թ. մայիսից ընդհուպ մինչեւ 1997թ. Հայաստանի իշխանության լիակատար տնօրինողն էր։
Քանի որ Արեւմուտքի թիվ 1 խնդիրն այդ ժամանակ դեռ մնում էր ՀՀ Ազգային ժողովի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար նախադրյալների ստեղծումը, Հայաստանում հավատարմագրված Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչության ջանքերն ուղղված էին Հայաստանի իշխող կոալիցիայի եւ ՀԱԿ-ի միջեւ երկխոսության հաստատմանը, ինչն էլ վերջնարդյունքում պսակվեց հաջողությամբ։
Այստեղ հանուն արդարության հարկ է նշել, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու նախօրեին Մարի Յովանովիչը ս.թ. հունիսի առաջին օրերին այցելեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որի հիմնադիրներն էին ՀՀՇ նախկին ղեկավար այն նույն «անջատվողները»։ Այս փաստը հատկանշական է նրանով, որ ամերիկյան դեսպանի հետ հանդիպման պահին հիշյալ կուսակցությունը նույնիսկ գրանցված չէր արդարադատության նախարարության կողմից, այսինքն՝ այն պաշտոնական կարգավիճակ չուներ։
Ամերիկյան դեսպանի ժեստը նպատակ ուներ Հայաստանի քաղաքական դասին ցույց տալ, որ յուրայիններին ամերիկացիները չեն «գցում» եւ չեն դավաճանում, մանավանդ երբ նրանց համագործակցությունը հիմնված է գաղափարական հիմքի վրա եւ կոմերցիոնացման ենթակա չէ։
Մեր օրերում, երբ անկայունության աղեղը Հյուսիսային Աֆրիկայից ձգվեց դեպի Սիրիա, երբ Թուրքիայի նոր գումարման Ազգային մեծ ժողովը ս.թ. օգոստոսի 22-ին խորհրդարանի օրակարգից հանեց ցյուրիխյան արձանագրությունների վավերացման հարցը, մեր տարածաշրջանում որակապես նոր իրավիճակ է ստեղծվում։ Հօգուտ այս պնդման է խոսում նաեւ այն բացառիկ փութկոտությունը, որով թուրքական կողմը շտապեցնում է Ադրբեջանին՝ ստորագրել գազի մատակարարման եւ տարանցման մասին համաձայնագիրը։
Առանձնակի ուշադրության է արժանի նաեւ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադի գեներալ Սեյեդ Հասան Ֆիրուզաբադիի հայտարարությունը, որը Ադրբեջանի իշխանություններին մեղադրեց մահմեդականներին ճնշելու եւ սիոնիստների հետ համագործակցելու մեջ ։
Այս իրադարձությունների խճանկարում միանգամայն այլ լույսով է ներկայանում Լոս Անջելեսի հայկական AMGA հեռուստաալիքի «Վարագույր» ծրագրի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանի ճղճիմ նախաձեռնությունը, որ մեծ փութկոտությամբ նախաձեռնել է ստորագրահավաք հաջորդ հաղորդման համար ԱՄՆ Պետդեպարտամենտում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մուտքն այս երկիր արգելելու նպատակով։ ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց, որ ս.թ. սեպտեմբերին Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նախատեսվում է ՀՀ նախագահի այցը ԱՄՆ։
Հատկանշական է, որ նման ոչ մի բան ԱՄՆ օրինապաշտ այս քաղաքացին եւ հայկական ծագմամբ նրա համագործակցողները չձեռնարկեցին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, երբ ՀՀ նախագահն աշխատանքային այցով եկավ ԱՄՆ եւ այդ նույն Լոս Անջելեսի Beverly-Hills  Hilton հյուրանոցում բավական պատկառելի հանդիպում ունեցավ Կալիֆոռնիայի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների հետ։ Հանուն արդարության նշենք, որ այն ժամանակ էլ ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցների որոշ մասը, մեղմ ասած, առանձնապես հիացած չէր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղափարով եւ նստացույց էր կազմակերպել հյուրանոցի մոտ։ Սակայն արմատական այնպիսի մոտեցում, ինչպիսին է ստորագրահավաքը՝ ՀՀ նախագահի մուտքը ԱՄՆ արգելելու նպատակով, այն ժամանակ ընդհանրապես չկար։
Այստեղ ամենեւին էլ պատահական չէր նաեւ ԱՄՆ Արեւմտյան ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի դեմարշը։ Օրերս նրանք հայտարարություն են տարածել, թե հրաժարվում են մասնակցել Լոս Անջելեսի հանդիսավոր ճաշկերույթին՝ ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի, որը նախատեսվում է անցկացնել ս.թ. սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առիթով։
Ո՞րն է նման դիրքորոշման արմատականացման պատճառը։ Չէ՞ որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հիմնական գրգռիչն էր հայ համայնքի որոշակի հատվածի համար, կանգնեցված է, իսկ Հայաստանի ներքաղաքական իրադրությունը կոշտ առճակատումից անցել է դանդաղընթաց բանակցային գործընթացի իշխանության եւ երբեմնի արմատական արտախորհրդարանական ընդդիմության (հանձին ՀԱԿ-ի) ներկայացուցիչների միջեւ։ Ի՞նչ է թաքնված կալիֆոռնիացի հայերի առանձին ներկայացուցիչների այս հորինված գործողությունների հետեւում, ինչո՞ւ էր պետք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի նախօրեին փորձել ամեն գնով վարկաբեկել հայկական պետությունը՝ հանձին նրա նախագահի։
Արդյոք ո՞չ այն բանի համար, որ ՀՀ նախագահի իրականացրած քաղաքականությունն այս խիստ բարդ ժամանակաշրջանում միանգամայն արդարացված դուրս եկավ։ Ասել է թե՝ 2008թ. մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո իշխանությունների եւ արմատական ընդդիմության դիմակայությամբ պայմանավորված վտանգավոր զարգացումը հիմնականում կասեցված է։
Երկրորդ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի խափանման ողջ պատասխանատվությունն ընկնում է թուրքական կողմի վրա։
Երրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը փակուղում է հայտնվել ադրբեջանական իշխանությունների ապակառուցողական քաղաքականության պատճառով, եւ այս փաստն արդեն անվիճելի է։
Այս իրադարձությունների համատեքստում ակամա գալիս ես այն հետեւության, որ Սերժ Սարգսյանի կշռադատված արտաքին քաղաքականությունը խիստ խառնել է ադրբեջանա-թուրքական ստրատեգների ծրագրերը ղարաբաղյան ուղղությամբ։ Նրանց ճիգերն ուղղված էին այն բանին, որ ՀՀ նախագահին ընդունել տան այնպիսի որոշումներ, որոնք կհանգեցնեին ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության ողջ պարագծով, այսինքն՝ Իրանի հյուսիսային սահմաններին խաղաղարար ուժերի տեղակայմանը։ «Մեկ ազգ, երկու պետության» առաջնորդների նման դիրքորոշումը միանգամայն համահունչ է  ուժի հայտնի համաշխարհային կենտրոնների ռազմավարությանը, որոնք մշտապես ակտուալացրել են «սանիտարական կորդոնի» ստեղծումը իրանական սահմանի ողջ պարագծով։
Իսկ Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժերի համատեքստում, որոնց էպիկենտրոնում այժմ կհայտնվի Սիրիան, խաղաղարար ուժերի առկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, անմիջականորեն Ռուսաստանի սահմաններին մոտ, հղի է վտանգավոր հետեւանքներով։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայում ներքաղաքական իրավիճակի կարգավորման հարցերում հանդես է գալիս կոշտ դիրքերից, որոնք բացառում են արտաքին ուժերի միջամտությունն այդ ինքնիշխան պետության ներքին գործերին։ Եթե դրանով հանդերձ, ոչ առանց արտաքին ուժերի մասնակցության, իրավիճակի միաժամանակյա ապակայունացում լինի Հայաստանում եւ Ադրբեջանում, ապա դա կհանգեցնի քաոսային իրավիճակի ստեղծման եւ կպայթեցնի Հարավային Կովկասը։ Իսկ այնտեղ հերթի մեջ են արդեն ԱՊՀ անդամ Կենտրոնական Ասիայի պետությունները։
Եվ, հետեւելով հյուսիսաֆրիկյան վերջին իրադարձությունների տրամաբանությանը, ուժի համաշխարհային կենտրոնների նման քաղաքականությունը կիրականացվի՝ միաժամանակ փորձելով ապակայունացնել իրադրությունը բուն Ռուսաստանում։ Ռուսաստանը, ՀԱՊԿ թուլացած անդամ պետությունների հետ միասին էլ ավելի քիչ հնարավորություններ կունենա դիմակայելու արեւմտյան ստրատեգների գործողություններին, որոնք «նոր աշխարհակարգ» են սահմանում՝ հիմնված կառավարելի քաոսի վրա։ Այս խնդրին հասնելուն է ուղղված 2011թ. օգոստոսի 23-ի Վարշավյան հռչակագիրը։
Մի կողմից՝ Հռչակագրում ներառված դրույթները, դրանց իրագործման պարագայում, անխուսափելիորեն կխարխլեն ռուսական հանրության միասնության հիմքերը։ Մյուս կողմից՝ Արեւելյան գործընկերության ծրագրի միջոցով Վարշավյան հռչակագրի հեղինակները ՀԱՊԿ (Հայաստան, Բելառուս) եւ ԱՊՀ (Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա) գծով Ռուսաստանի գործընկերներին կներգրավեն այն նյութերի հավաքման աշխատանքին, որոնք մերկացնում են տոտալիտար Խորհրդային Միության հանցավոր գործունեությունը։ Միաժամանակ, համապատասխան քարոզչամեքենան այս ֆոնին տեղեկատվական պատերազմի հերթական պտույտը կծավալի, որը կհետապնդի հակառուսական, ռուսատյաց տրամադրություններ հրահրելու նպատակ։
Դա, իր հերթին, հաղորդակից անոթների սկզբունքով, անհապաղ բուն Ռուսաստան կանցնի։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ այսօր ՌԴ-ում ապրում եւ ոչ միայն իրենց, այլեւ ԱՊՀ-ում իրենց հարազատների գոյությունն են ապահովում բազմամիլիոն հայկական, ադրբեջանական, վրացական, մոլդովական, տաջիկական համայնքները։
Կարելի է նաեւ այլ ծանրակշիռ փաստարկներ բերել, որոնք կհաստատեն Ռուսաստանի եւ ՀԱՊԿ նրա դաշնակիցների պետականության հիմքերի խարխլմանն ուղղված էշելոնացված աշխատանքի փաստը։ Սակայն, կարծում ենք, վերոշարադրյալը թույլ է տալիս անել հետեւյալ եզրահանգումը. Ռուսաստանի մասնատման ռազմավարությունն արդեն մտել է թեժ փուլ։


ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ,
«Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության վարչության նախագահ