ԼԵՎՈ՛Ն, ԴՐԱՆՑ ՄԻ՛ ՆՄԱՆՎԵՔ...

16.02.2011, Հայոց աշխարհ


Օրեր առաջ բլուրի այն կողմից առատորեն ֆինանսավորվող, հայրենական մամուլում լրտեսության մեջ քանիցս մեղադրվողները` ի դեմս Սարո Արմանի Գիրագոսյանի, նույն ինքը` Եղիազար Այնթապցին, հերթական անգամ ցնցումների մեջ ընկան:
Եվ ի՞նչ եք կարծում, պատճառը ո՞րն էր... Այո՛, ճիշտ գուշակեցիք. պատճառը Արտաշես Գեղամյանի` «Հայոց Աշխարհ» օրաթերթում փետրվարի 8-9-ը տպագրված «Երբ Հայաստանի բարեկամներին զրպարտելը հրամցնում են իբրեւ հայրենասիրություն» հոդվածն էր, որը փետրվարի 10-ին տեղադրվեց «Regnum» ռուսական լրատվական գործակալության կայքում:
Հիշեցնեմ, որ իր վերլուծական հոդվածում Ա. Գեղամյանն առարկայորեն եւ հիմնավոր բացահայտել էր այն վնասակարությունը եւ դավաճանության հասնող վտանգավորությունը, որոնցով հագեցած է օտարամոլների անմիջական ղեկավարությամբ հրատարակվող հակառուսաստանյան «Ժամանակ» թերթը:
Իհարկե, կարելի էր չանդրադառնալ այն հոդվածին, որի տակ դրված է Եղիազար Այնթապցու ստորագրությունը: Չէ՞ որ դրանով իսկ հոդվածագիրը խոստովանում է Ա.Գեղամյանի այն պնդման ճշմարտացիությունը, ըստ որի նրանք թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի վուվուզելներն են: Հակառակ պարագայում իրենք չէին տպագրվի 17-րդ դարում Թուրքիայում գործող փառամոլ եւ իշխանատենչ հոգեւորականի` Եղիազար Այնթապցու անվան ներքո:
Այո՛, սարոարմանիկներ, անգամ իսկ ձեր հոգեւոր հայրիկ Ռիչարդն այլեւս անզոր է պաշտպանել ձեզ: Դուք կամովին եք ընտրել Եղիազար Այնթապցի կոչվելը, այն է` ձեզ կուռք եք դարձրել մի սրիկայի, որը կաշառքի ու խարդավանքների միջոցով հաջողացրել էր հռչակվել թրքահայության կաթողիկոս` լրջագույն վտանգի տակ դնելով հայոց եկեղեցու եւ հայ ժողովրդի միասնությունը: Ձեր ռուսատյաց հոդվածներով այսօր էլ վտանգում եք շուրջ 1,5 մլն մեր հայրենակիցներին, ովքեր բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, փորձում եք անվստահության մթնոլորտ սերմանել նրանց եւ Հայաստանում ու Արցախում բնակվող հարյուր հազարավոր իրենց բարեկամ - հարազատների միջեւ:
Ի դեպ, արմանիկ-սարո ռիչարդովիչներին կարելի էր չանդրադառնալ, եթե հիմա էլ ՀԱԿ-ը չկախվեր Արտաշես Գեղամյանից: Այսպես, օրեր առաջ իրենց տարածած թռուցիկում` «Ինչպես ճանաչել կեղծ ընդդիմությունը» հոդվածում, հերթական անգամ անդրադարձ կար 2003թ. նախագահական ընտրություններին: Կրկին ու կրկին խեղաթյուրվել էր իրականությունը:


Իսկ իրողությունը հետեւյալն էր. ընտրությունից երկու օր առաջ` փետրվարի 17-ին, իրեն ընդդիմադիր հորջորջողներից մեկը եթերից հայտարարեց, որ Ա. Գեղամյանը հանում է իր թեկնածությունը, իսկ փետրվարի 18-ի երեկոյան եւ ընտրությունների օրը` փետրվարի 19-ին, իշխանությունների լռակյաց կեցվածքի պայմաններում (համաձայն Ընտրական օրենսգրքի` ընտրություններին նախորդող եւ նույն օրը քարոզչությունն արգելված է) երկրով մեկ թռուցիկներ տարածվեցին, այն էլ ընտրատեղամասերում, թե Ա.Գեղամյանը հանել է իր թեկնածությունը հօգուտ Ս.Դեմիրճյանի:
Ավելին, ընտրության ավարտից դեռ ժամեր առաջ նախագահի վեց թեկնածուներն էլ` Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը, Գառնիկ Մարգարյանը եւ Արամ Սարգսյանը, ստորագրել էին հայտարարություն, որտեղ, մասնավորապես, գրված էր. «ընտրությունների ընթացքը միտումնավոր խեղաթյուրվել է, եւ նրա արդյունքները չեն կարող ճանաչվել օրինական»: Այդ հայտարարությունը 2003թ. փետրվարի 19-ին, ժամը 17։00-ին, պաշտոնապես հանձնվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Սակայն նույն տերպետրոսյանական թիմի կարկառուն ներկայացուցիչների ճնշումների արդյունքում, որը պայմանավորված էր նաեւ օտարների ազդեցությամբ, մինչ ընտրությունների ավարտը ոմանք հրաժարվեցին իրենց ստորագրությունից: Թե ինչ փոխվեց այդ մեկ ժամվա ընթացքում, թողնենք այդ մարդկանց խղճին:
Ինչեւէ, երբ ուշադիր ծանոթանում ես տերպետրոսյանական լրատվամիջոցների հրապարակումներին, ապա ակնհայտ է դառնում նրանց բուն նպատակը` երկրում ամեն գնով ապակայունացնել իրավիճակը: Այդ ճանապարհին եւ ոչ մի բանի առաջ նրանք կանգ չեն առնում, ազդարարելով, որ երկրում միակ եւ իսկական ընդդիմությունն իրենք են:
Այո՛, կասկածից վեր է, որ նրանք ընդդիմություն են, բայց` հայոց պետականությունը խարխլող ընդդիմություն: Ահա սա է պատճառը, որ նրանց կատաղի հարձարկումները, վայրահաչությունն ուղղված է հայրենասիրական այն բոլոր ուժերի դեմ, ովքեր մեր պետության շահերը, ի տարբերություն լեւոնսարոարմանիկների, մշտապես վեր են դասել անձնական եւ կուսակցական շահերից, ովքեր կուսակցության հիմնադրման առաջին իսկ օրերից ընտրությունը կատարել են հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ` հանուն իշխանատենչության ծարավը հագեցնելու:
Այնպես որ, սարոսարոյաններին, արմանբաբաջանյաններին եւ այլեւայլ Եղիազար Այնթապցի սրիկաներին ու քեզ՝ Լեւոն, վերստին հաստատում ենք` «Ազգային Միաբանություն կուսակցությունը» ձեր նկատմամբ ամենաիսկական ընդդիմություն է: Ընդդիմություն է նաեւ իշխանությանը, որը երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակը հաղթահարելու փոխարեն որդեգրել է դրությանը ծայրաստիճան անհամարժեք տնտեսական քաղաքականություն, արդյունքում ձեր բերանը լեզու է դրել:
Լեւո՛ն, դրանց մի՛ նմանվեք...

 


ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ