ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԹԵ՞Ժ ՓՈՒԼ

14.01.2011, Հայոց աշխհար

Ավելի քան մեկ ամիս է անցել դեկտեմբերյան այն տագնապալի օրերից, որ ցնցեցին Մոսկվան եւ, ընդհանրապես, ողջ Ռուսաստանը։ Խոսքն այն իրադարձությունների մասին է, որոնք հաջորդեցին 2010թ. դեկտեմբերի 6-ին «Սպարտակի» մոլի երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությանը։ Այն անկարգությունների, որ տեղի ունեցան դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում, Կիեւյան կայարանի մոտ դեկտեմբերի 15-ին չարտոնված հանրահավաքը ցրելու, Ռուսաստանի այլ քաղաքներում քաղաքացիների ելույթների մասին։ Անցած ժամանակաշրջանում կատարվածի վերաբերյալ իմ զգացումների եւ անհանգստությունների մասին, կարծում եմ, կարիք կա արտահայտվելու:

Կասկածից վեր է, որ առաջին, բնական զգացողությունը, որ ունեցա, ցավն էր մարդկանց մահվան, ծեծկռտուքի համար, որին ենթարկվեցին Ռուսաստանի քաղաքացիները դեկտեմբերի 6-ին, 11-ին եւ 15-ին Մոսկվայում տեղի ունեցած միջադեպերի ընթացքում։ Ափսոսանք, որ ջարդուխուրդ արվեցին զանազան տեսակի առեւտրային կետերը, որոնք գոյության աղբյուր են Ռուսաստանի շատ քաղաքացիների, ինչպես նաեւ այնտեղ աշխատող բազմաթիվ լեգալ ներգաղթյալների համար։ Այնուհետեւ եկավ այդ բախումները իմաստավորելու ժամանակը։ Եվ ահա հենց այդ ժամանակ մեջս ձեւավորվեց կատարվածի երկակի ընկալում. նախ՝ տագնապ Մեծ Ռուսաստանի, ասել է թե՝ նաեւ իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաեւ ցասումով համակվեցի այն գիտակցությունից, որ թվում է, թե պատմության աղբանոցը նետված, Արեւմուտքի կողմից մշակված՝ Ռուսաստանի մասնատման ռազմավարությունը մեր օրերում ոչ միայն վերակենդանանում, այլեւ ասես թե թեժ փուլ է մտնում։ Եվ նման իրողությունների գիտակցումն ինձ մղեց ներկայացնել մտորումներս եւ տագնապս այս ամենի շուրջ։

Եվ այսպես. վերադառնանք պատմական չափորոշիչներով ոչ հեռավոր անցյալին՝ սառը պատերազմի տխրահռչակ տարիներին՝ 1959թ. հուլիսի 17-ին։ Հենց այդ ժամանակ ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Public Law 86-90 (P.L.86-90)՝ «Ստրկացված ազգերի մասին» օրենքը։ Դրա երկրորդ անվանումն է՝ Օրենք Ռուսաստանի մասնատման մասին։ Այդ օրենքի տեքստից հետեւում էր, որ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության քաղաքականությունը հանգեցրել է, իբր, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Հայաստանի, Վրաստանի... մի խոսքով՝ միութենական բոլոր հանրապետությունների ստրկացմանը եւ ազգային անկախությունից զրկելուն։

Ավելին, այդ օրենքի տեքստում գրված էր. «Քանի որ այդ ստրկացված ազգերը ի դեմս Միացյալ Նահանգների տեսնում են մարդկային ազատության պատվարին, նրա առաջնորդությունն են փնտրում իրենց ազատագրման եւ անկախության ձեռքբերման գործում եւ քրիստոնեական, հուդայական, մահմեդական, բուդդայական եւ այլ հավատքի կրոնական ազատությունների, ինչպես նաեւ անձնական ազատությունների վերականգնման գործում, եւ քանի որ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար կենսականորեն անհրաժեշտ է աջակցել հնազանդեցված ազգերի ժողովուրդների դրսեւորած ազատության եւ անկախության ձգտումներին... հենց մենք պետք է հարկ եղած պաշտոնական ձեւով հստակորեն ցույց տանք նման Ժողովուրդներին այն պատմական փաստը, որ Միացյալ Նահանգների Ժողովուրդը կիսում է վերստին ազատություն եւ անկախություն ձեռք բերելու նրանց ակնկալիքները»։ Այս օրենքի ընդունմանը հաջորդած 50 տարիների ընթացքում ԱՄՆ նախագահներից յուրաքանչյուրը երդվել է կատարել այն։ Փորձագետների գնահատականներով՝ դրա իրագործումն ամերիկացի հարկատուների վրա ավելի քան 4 մլրդ դոլար է նստել։ Խորհրդային Միությունը փլուզվեց, սակայն Public Law 86-90 օրենքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել, այն շարունակում է գործել մինչ օրս։

Հենց այս օրենքի իրագործման պրիզմայի միջով պետք է դիտարկել քսանամյա վաղեմության իրադարձությունները, երբ Խորհրդային Միության տարբեր կետերում ժամանակի ոչ մեծ տարբերությամբ բռնկվում էին ազգամիջյան բախումներ՝ արյունալի հետեւանքներով։

Այսպես. 1989թ. մայիսի 23-ից մինչեւ հունիսի 8-ը Ուզբեկստանում, Ֆերգանայում տեղի ունեցան էթնիկ բախումներ ուզբեկների եւ մեսխեթցի թուրքերի միջեւ։ Այդ շրջանում այրվեց 757 տուն, սպանվեց 103 մարդ, այդ թվում՝ 52 մեսխեթցի թուրք, 36 ուզբեկ, վնասվածքներ ստացավ եւ հաշմվեց ավելի քան 1000 մարդ։ Ընդունվեց որոշում 17 հազար մեսխեթցի թուրքերի (այսինքն՝ Ֆերգանայի հովտի մեսխեթցի թուրք ողջ բնակչությանը) Ռուսաստանի եվրոպական մասի կենտրոնական մի շարք մարզեր տեղափոխելու մասին։ Բայց դա էլ չօգնեց։ 1990թ. փետրվար-մարտին էթնիկ հողի վրա նոր ջարդեր տեղի ունեցան, բայց արդեն Տաշքենդի մարզում։

Հատկանշական է, որ, մեկնաբանելով այս արյունալի իրադարձությունները, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի նախագահ (Ուզբեկստանի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար) Ռաֆիկ Նիշանովը հայտարարեց, որ տեղի ունեցածի պատճառը եղել է շուկայական վեճը ելակի համար. իբր գնի հարցում համաձայնության չեն եկել։ Այն ժամանակ, չգիտես ինչու ո՛չ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյում, ո՛չ ԽՍՀՄ Գերագույն խորհրդում ոչ ոք չհիշեց 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթում կատարված արյունալի իրադարձությունները։ Չէ՞ որ ադրբեջանական նացիոնալիստների գազազած ամբոխի հրահրած հայերի ջարդը Սումգայիթում նշանային իրադարձություն էր եւ շրջադարձային կետ Անդրկովկասում ազգամիջյան հակամարտությունների սրման առումով, ինչն առաջ էր բերել հայ փախստականների հոսք Սումգայիթից դեպի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մայրաքաղաք Ստեփանակերտ եւ Հայաստան։ Չէ՞ որ դեռ այն ժամանակ, 1988թ. փետրվարի 29-ին, Մոսկվայում, ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի նիստում, պաշտոնապես ընդունվեց, որ զանգվածային ջարդերը եւ սպանությունները Սումգայիթում իրականացվել են ազգային հատկանիշից ելնելով։ Սակայն ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ Ֆերգանայի իրադարձություններից հետո, ջարդերի ժամանակին չհետաքննված հանգամանքների, 26 հայերի մահվան եւ ավելի քան հարյուր վիրավորների համար բոլոր մեղավորների չհաստատված եւ չապահովված անխուսափելի պատիժների պատճառով հնարավոր դարձավ 1990թ. հունվարի 13-20-ը Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդը, որի ընթացքում զոհվեց Բաքվի մոտ 300 հայ բնակիչ։ Եվ սա այն պայմաններում, երբ ջարդերը տարերային չէին, քանի որ ջարդարարները նախապես ունեին հայերի ցուցակները եւ նրանց հասցեները։

Հենց Բաքվի ողբերգությունը ցնցեց ողջ Հայաստանը եւ Սփյուռքը, Խորհրդային Միության բոլոր ազնիվ մարդկանց՝ գիտության եւ մշակույթի համաշխարհային համբավ ունեցող գործիչներին, Խորհրդային Միության տարբեր ազգությունների եւ տարբեր դավանանքների շարքային քաղաքացիների, որոնք իրենց ձայնը բարձրացրին ի պաշտպանություն հայերի։ Հենց այս ողբերգական իրադարձություններից հետո էր, որ էլ ավելի սրվեց Ղարաբաղյան հակամարտությունը։ Բայց դա այլ խոսակցության թեմա է։

Դրանից հետո, հայկական ջարդերից շատ չանցած, միասնական խորհրդային երկրի քաղաքական քարտեզին մերթ այս, մերթ այլ տեղում ի հայտ եկան այսպես կոչված թեժ կետեր, որոնք Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության հիմքի տակ դրված ական դարձան։ Մեծ երկիրը փլուզվեց։ Որքան էլ տարբերվում էին ՍՀՄ փլուզման պատճառների մասին հետազոտությունները, որքան էլ ընդգծվում էին այդ գործընթացի, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի պատկերավոր արտահայտությամբ՝ «աշխարհաքաղաքական աղետի», իբր, անխուսափելիության մասին օբյեկտիվ պատճառները, մի բան անվիճելի է. ԽՍՀՄ մասնատումը հնարավոր դարձավ միայն Արեւմուտքի հստակ մտածված, պետության հիմքերը խարխլող գործողությունների արդյունքում։ Դրանց հիմքում բազմազգ երկրում ազգամիջյան երկպառակության շիկացումն էր, ամեն տեսակ «օտարի» հանդեպ անհանդուրժողության մթնոլորտի սերմանումը, երկիրը բնակեցնող այս կամ այն ազգի ազգային բացառիկության մասին նսեմ զգացումների ներարկումը։

Եվ միայն այժմ, ԽՍՀՄ փլուզումից տասնամյակներ անց, հրապարակայնության առարկա դարձավ այսպես կոչված Հարվարդյան եւ Հյուսթոնյան նախագծերի առկայությունը։ Հիմա արդեն գրում են, որ 20-րդ դարի 80-ական թթ. սկզբին խորհրդային հետախուզությանը հաջողվեց հայթայթել այսպես կոչված «Հարվարդյան նախագծի» նյութերը՝ բաղկացած երեք հատորից. «Վերակառուցում», «Բարեփոխում», «Ավարտ»։ Հիմա արդեն միանգամայն նորովի են ընկալվում նախագահ Ջիմի Քարթերի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական, ոչ անհայտ Զբիգնեւ Բժեզինսկու աշխարհաքաղաքական փնտրտուքները, որը «ստեղծագործաբար» էր զարգացնում տխրահռչակ Public Law 86-90 օրենքի իրագործման մոտեցումները՝ աշխատություններ գրելով այս թեմայի շուրջ։ Զ.Բժեզինսկին զարգացրեց այս օրենքի այն մասը, որի համապատասխան՝ ԽՍՀՄ-ը պետք է մասնատվեր 22 մասի։ 15 մասերի մասնատումը (միութենական հանրապետությունները) արդեն կատարված էր, մնում էր Ռուսաստանը մասնատել եւս 7 մասի, ինչի մասին նա բացեիբաց գրում է իր «Աշխարհառազմավարություն Եվրասիայի համար» գրքում։

Ըստ Բժեզինսկու՝ ենթադրվում է Ռուսաստանի մասնատում մասերի միջեւ ներպետական հարաբերությունների համակարգի համադաշնայնացման միջոցով։ Ընդ որում՝ Ռուսաստանը զրկվում է դեպի ծովեր ելքից, բացի Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից։ Համաձայն «անակոնդայի հանգույց»՝ արդեն ոչ առաջին թարմության այս ռազմավարության, Ռուսաստանի ելքը դեպի Բալթիկ ծով (Սանկտ Պետերբուրգի հետ միասին) անցնում է ԳԴՀ վերահսկողությանը, ելքը դեպի Սեւ ծով՝ Թուրքիայի վերահսկողությանը (Ղրիմով եւ Կովկասով), ելքը դեպի Խաղաղ օվկիանոս հանձնվում է Ճապոնիայի վերահսկողությանը հարավում եւ ԱՄՆ վերահսկողությանը հյուսիսում։

Եվ ահա ռազմավարական այս մշակումների լույսով 2007թ. լույս է տեսնում Զբիգնեւ Բժեզինսկու նոր՝ «Երկրորդ շանս» գիրքը, որում նա նախազգուշացնում է ամերիկյան հաջորդ նախագահին այն մասին, որ «երրորդ շանս չի լինի»։ Գրքի վերջում հեղինակը գրում է. «Հարկավոր է, որ Ամերիկան անհապաղ արտաքին քաղաքականություն ձեւավորի, որն իսկապես համապատասխանի սառը պատերազմի ավարտից հետո ստեղծված իրավիճակին։ Այն դեռ կարող է անել դա՝ պայմանով, որ ամերիկյան հաջորդ նախագահը գիտակցի, որ մեծ տերության ուժը նվազում է, եթե դադարում է ծառայել գաղափարին»։ Բժեզինսկուն մտահոգում է աշխարհի ճակատագիրը, որը կարող է ճակատագրական սխալի հետեւանքով զրկվել «կայունացնողից», բոլորի կողմից ընդունված առաջնորդից, որն ի վիճակի է լուծել «քաղաքականապես արթնացած մարդկության» կոնֆլիկտները՝ թույլ չտալով, որ դրանք վերածվեն բոլորը բոլորի դեմ պատերազմի։ Արդեն պարզ է, որ Բժեզինսկու պատկերացումներում Ամերիկայի «հաջորդ նախագահը» Բարաք Օբաման է, որին Զբիգնեւ Բժեզինսկին այսօր էլ խորհուրդներ է տալիս, եւ որի անունը զուգորդվում է քաղաքական նորացման հետ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհում ընդհանրապես։ Մարդ, որի հետ են կապվում Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի հարաբերությունների «վերաբեռնավորման» իրագործման հույսերը։

Ի՞նչն է արգելակում Արեւմուտքի ռազմավարական պլանների իրականացումը, եւ ինչպե՞ս կարելի է դա հաղթահարել նրանց կարծիքով։ «Չարի կայսրությունն» ավերողների զինանոցում կա հաջող կիրառված եւ գործնականում իրեն արդարացրած մի զենք. բազմազգ Ռուսաստանում ազգամիջյան հակամարտությունների հրահրումը, քաոսի իրավիճակում երկիրն անկայունության մղելը մշտապես հաջողություն են բերել այս ռազմավարությունը կազմողներին։ Եթե Լենինգրադյան պողոտայի, Մանեժնայա հրապարակի եւ Կիեւյան կայարանի իրադարձությունների շղթայում դիտելու լինենք ամերիկյան սենատոր, ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Մակքեյնի ելույթը Ջոնս Հոփկինսի համալսարանի Հեռանկարային միջազգային հետազոտությունների դպրոցում, ապա շատ բան մեզ նոր լույսով կներկայանա։ Ելույթում Մակքեյնը չի թաքցնում իր իսկական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ եւ առաջարկում է. «Մենք պետք է դադարենք գերագնահատել համագործակցության (նկատի ունի Ռուսաստանի հետ- Ա.Գ.) հաջողությունները։ Եվ մենք պետք է սկսենք Ռուսաստանի հետ վարվել իբրեւ երկրորդ կարգի տերության, ինչպիսին է այն այժմ, այլ ոչ թե ինչպես մեծ տերության, ինչպիսին եղել է։ Դա մասնավորապես նշանակում է, որ մենք պետք է ավելի համառորեն պաշտպանենք մեր շահերը եւ արժեքները։ Սկզբի համար անհրաժեշտ է վերսկսել պաշտպանական սպառազինության վաճառքը Վրաստանին... Մեր դաշնակիցները Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում Վրաստանը կդիտարկեն որպես այն բանի ցուցիչ, թե պաշտպան կկանգնի՞ Միացյալ Նահանգներն իրենց, թե՞ ոչ։ Ռուսաստանը նույնպես Վրաստանը դիտարկում է որպես ցուցիչ, որը թույլ է տալիս հասկանալ, թե որքանով կարող է անպատիժ մնալ այս երկրում, նշանակում է՝ նաեւ նրա սահմաններից դուրս... Սա պետք է փոխել»։ Այնուհետեւ նա առաջարկում է հրաժարվել «ծիծաղաշարժ նախաձեռնություններից», ինչպիսին է ռուս-ամերիկյան աշխատանքային խումբը (նկատի ունի «Մաքֆոլ-Սուրկով» հանձնաժողովը- Ա.Գ.), որը գլխավորում է «Պուտինի մերձավորագույն դաշնակիցներից եւ գլխավոր գաղափարախոսներից մեկը՝ (նկատի ունի ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիսլավ Սուրկովին- Ա.Գ.)։ Մակքեյնը չի էլ թաքցնում, որ Ներկայացուցիչների պալատում նոր՝ հանրապետականների մեծամասնության եւ Սենատում առկա աջակողմյան մեծամասնության օգնությամբ Կոնգրեսն ի վիճակի կլինի Բարաք Օբամայի վարչակազմին մղել ավելի ընդունելի ուղղության եւ, ինչպես գրում է «The Washington Post»-ը (http://inosmi.ru/usa/20101212/164858558.html). «Ներքին քաղաքականությունում նախագահը հիմա պաշտպանողական դիրք է զբաղեցրել, եւ դա նշանակում է, որ միջազգային քաղաքականության մեջ ժամանակն է, որ նա (եւ Ամերիկան) հարձակման անցնի։ Ռուսաստանը կատարյալ վայր է՝ դա անել սկսելու համար»։ Այսպիսին է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների «վերաբեռնավորման» ստվերային կողմը։ Հատկանշական է, որ Մակքեյնը Սուրկովին «վրա տվեց» Վաշինգտոնում Նեմցովի ելույթից հետո, որը նույնպես բարձրացրեց Սուրկովի պաշտոնանկության հարցը։ Ըստ երեւույթին, այս երկու քաղաքական գործիչներն իրատեսորեն են գնահատում Սուրկովի դերն արդի Ռուսաստանի քաղաքական համակարգի կայունության եւ հաստատունության ապահովման գործում, որը զրոյի է հավասարեցնում արտահամակարգային ընդդիմության՝ պետության հիմքերը սասանելու, փողոցային ջարդերով ու բռնությամբ ուղեկցվող ազգամիջյան բախումներին դիմակայելու գործում իշխանությունների փաստացի անգործունակությանը հասնելու ջանք ու ճիգերը։ Պատահական չէ, որ Մակքեյնը, Վ.Սուրկովին բնութագրելով որպես «Պուտինի մերձավորագույն դաշնակիցներից մեկը եւ գաղափարախոսը», խորամանկաբար հակադրում եւ սահմանազատիչ գիծ է անցկացնում Մեդվեդեւ-Պուտին տանդեմի միջեւ։ Սենատորի հետին միտքը տանդեմի մեջ սեպ խրելն է՝ մի քանի օր հետո ձայնակցում է Զ.Բժեզինսկին։ Այսպես. լեհական Newsweek-ին տված հարցազրույցում Զբիգնեւ Բժեզինսկին հայտարարել է, որ թեեւ բոլորին է հայտնի, թե ինչպես է նախագահ Մեդվեդեւը հայտնվել այդ պաշտոնին, «այնուամենայնիվ, առավել ակնհայտ փաստ է այն, որ նախագահն սկսում է մտածել այլ կերպ, քան Պուտինը, համենայն դեպս՝ Ռուսաստանի ապագայի հարցում»։ Պուտին-Մեդվեդեւ քաղաքական տանդեմը պառակտելու հերթական ճարտար փորձ: Տանդեմ որը, ինչպես վստահաբար ցույց է տվել ժամանակը, արդի Ռուսաստանի քաղաքական ողջ համակարգի կայունության հուսալի երաշխիքն է, հզոր պատնեշ նրա մասնատման ճանապարհին։ Ամերիկյան սենատորի այս արտահայտությունների ֆոնին խիստ համոզիչ են հնչում այն գնահատականները, որ Մոսկվայի դեկտեմբերյան իրադարձություններին տվել է Վլադիսլավ Յուրեւիչը 2010թ. դեկտեմբերի 16-ի «Իզվեստիայի» հարցազրույցում. «Իսկ ի՞նչ է, նորից ինչ-որ հեղափոխությո՞ւն է պետք։ Նորից ամեն ինչի եւ ամեն բանի ինչ-որ փլուզո՞ւմ։ Որպեսզի մեզ մոտ միշտ եւ ամենուր լինի դեկտեմբերի 11 Մանեժնիո՞ւմ։ Չէ՞ որ դա ոնց որ «լիբերալ» հանրությունն է, որ համառորեն մոդայիկ է դարձնում չարտոնված ակցիաները, իսկ նացիստները եւ ժլոբները հետեւում են այդ մոդային։ 11-ն առաջանում է 31-ից։ Թվում է, թե մանրուքից. ամենեւին էլ մանրուք չէ։ Բայց չէ՞ որ մինչեւ Մանեժնայայի ջարդը եղել էր ջարդ Խիմկիում, եթե ինչ-որ մեկը մոռացել է դա»։ Վերը շարադրվածը թույլ է տալիս փաստել, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը կատարելապես գիտակցում է Արեւմուտքի հետ շարունակվող աշխարհաքաղաքական դիմակայության ողջ բարդությունը, որը ո՜չ ԱՄՆ-ի հետ «վերաբեռնավորումը», ո՜չ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների դրական տեղաշարժերը չեն վերացրել։

Թե՛ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, թե՛ վարչապետ Վլադիմիր Պուտինի արձագանքը եւ գնահատականները, որոնք տրվել էին ֆուտբոլային ֆանատ Եգոր Սվիրիդովի սպանությանը հաջորդած՝ Մոսկվայի եւ Ռուսաստանի այլ քաղաքների դեկտեմբերյան իրադարձություններին, ե՛ւ կոշտության առումով, ե՛ւ կշռադատվածությամբ միանգամայն արդարացված էին։

Այսպես. 2010թ. դեկտեմբերի 27-ին, ելույթ ունենալով Պետական խորհրդի եւ Գերակա ազգային նախագծերի իրագործման հանձնաժողովի համատեղ նիստում, Դմիտրի Մեդվեդեւը, ըստ էության փոխելով նիստի օրակարգը, հայտարարեց. «Մենք կխոսենք... գլխավոր ազգային գերակայության մասին, թե՛ Պետական խորհրդի, թե՛ պետական կառույցների համար կարեւորագույն խնդրի մասին, առանց որի լուծման անհնար է հենց իր՝ պետության պահպանումն ու զարգացումը։ Դա քաղաքացիական խաղաղության, ազգամիջյան եւ միջդավանական համաձայնության պահպանումն է մեր երկրում... Ռուսաստանի համար ազգամիջյան հակամարտությունները մահացու վտանգավոր են։ Մահացու վտանգավոր։ Որտեղ էլ որ դրանք տեղի ունենան՝ Կովկասում, Պովոլժիեում, Սիբիրում, թե Մոսկվայում, դրանք խարխլում են մեր հասարակության հիմքերը»։

Խիստ արդիական եւ զգաստացնող էին նաեւ վարչապետի՝ 2010թ. դեկտեմբերի 16-ին «Խոսակցություն Վլադիմիր Պուտինի հետ» հեռուստահաղորդման ժամանակ ասված խոսքերը. «Իրականում հարկավոր է կասեցնել ծայրահեղականության բոլոր դրսեւորումները բոլոր կողմերից, որտեղից էլ որ բխելու լինեն դրանք։ Եվ չի կարելի նույն գույնով սվաղել ոչ կովկասցիներին, ոչ այլ ազգության մարդկանց, թեեւ այնպիսի ազգություն, ինչպիսին կովկասցին է, չկա։ Բայց հարկավոր է խստորեն կասեցնել ծայրահեղականության ցանկացած դրսեւորում։ Եվ մեր հասարակությունը, այդ թվում եւ լիբերալ հասարակությունը, պետք է հասկանա... կարգուկանոն պետք է լինի, եւ այն պետք է պահպանել...

Բայց պայքար մղելով բացասական դրսեւորումների դեմ իրավակարգի մարմիններում, այդ թվում եւ ոստիկանությունում, այստեղ չի կարելի բոլորին սեւացնել... այլապես մեր լիբերալ մտավորականությունը ստիպված կլինի ինքը մորուքը սափրել եւ սաղավարտ հագնել ու, հայդա, հրապարակ՝ կռվելու արմատականների հետ»։

Եվ երբ մտովի վերլուծում ես դեկտեմբերին տեղի ունեցած աղետների ժամանակագրությունը, մասնավորապես կատարված սադրանքների բնույթը, այն է՝ զանազան ազգայնական կարգախոսների առկայությունը, որոնց էությունը Ռուսաստանը ռուսների եւ ոչ ռուսների բաժանելն է՝ նպատակ ունենալով ատելություն, վախի մթնոլորտ բորբոքել ազգային հողի վրա, երբ վերլուծում ես Ռուսաստանում ժողովրդավարության հաստատման տխրահամբավ բարերարների արտահայտած մտքերը, գալիս ես հետեւյալ եզրահանգման. նրանց հարկավոր է այնպիսի ժողովրդավարություն, որն անխուսափելիորեն կհանգեցնի քաոսի, նման նրան, ինչը կար Գորբաչովի նախագահության վերջին տարիներին։

Ընդ որում՝ վերստին համոզվում ես, որ Լենինգրադյան պողոտայում կամ Մանեժնայա հրապարակում հավաքված մարդկանց ընդվզման բնույթը միայն տարերային չէր։ Համոզվում ես նաեւ, որ իրականում հազարավոր մարդկանց օբյեկտիվ բողոքն ի պատասխան ոստիկանության եւ հետաքննչական մարմինների անհամարժեք գործողությունների, որոնք ազատ էին արձակել Եգոր Սվիրիդովի սպանությանը մասնակցելու եւ այն կատարելու համար կասկածվող անձանց, հմտորեն օգտագործվեց ազգային անհանդուրժողության բորբոքման համար, որը վերաճեց ջարդերի, ինչը մանրակրկիտ մտածված էր դրանց կազմակերպիչների կողմից։

Նախ՝ ինչ-որ մեկին չափից ավելի էր պետք ձեռքի տակ պահել զարկերակը, կրքերի հնարավոր շիկացումը, որին կարելի էր հասնել՝ ազգային հողի վրա բորբոքելով մթնոլորտը, քաղաքացիների օբյեկտիվ դժգոհությունը փոխադրելով ազգամիջյան դիմակայության հարթություն։ Ստուգել իրավապահ մարմինների ամրությունը, նրանց պրոֆեսիոնալիզմը, ծայրահեղ պայմաններում վճռական գործելու նրանց պատրաստակամությունը։
Հիմա Հայաստանում շատերն իրենց հարց են տալիս` կարո՞ղ են Ռուսաստանի դեկտեմբերյան իրադարձություններն ազդել այն գործընթացների վրա, որոնք այսօր տեղի են ունենում հայ հասարակության մեջ, մասնավորապես՝ սրել օտարալեզու (հատկապես ռուսական) դպրոցների բացման հիմնախնդիրը կամ մեծացնել դժգոհությունը ռուսական բրենդներով հայկական տնտեսությունը, հայկական շուկան (էներգետիկայի, կապի, գազի ոլորտներում) մենաշնորհելուց: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Հայաստանի համար Ռուսաստանի դեկտեմբերյան իրադարձությունները զգոնության կոչող խիստ լուրջ ազդանշան են։

Ի՞նչ նկատի ունեմ։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ Ռուսաստանում մոտ երկու միլիոն ադրբեջանցի եւ ավելի քան մեկուկես միլիոն հայ ներգաղթյալ է ապրում։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, ենթադրենք, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ հրահրելու դեպքում, ահռելի ի՛նչ արյունահեղությամբ կսպառնա դա Ռուսաստանում ապրող հայ եւ ադրբեջանական սփյուռքին։ Այդ ժամանակ մենք անխուսափելիորեն կդառնանք հայերի եւ ադրբեջանցիների ծավալուն բախումների վկան Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Եկատերինբուրգի փողոցներում, ամենուր, որտեղ այսօր միանգամայն համերաշխ ու համատեղ ապրում են ինչպես հայեր, այնպես էլ ադրբեջանցիներ։

Վտանգն այն է, որ իրադարձությունների նման զարգացման պարագայում դրանից անհապաղ կօգտվեն արմատապես տրամադրված տարատեսակ տարրերը, որոնց թիկունքում Մանեժկայի փորձն է։ Հավանաբար նախախնամության կամքով տուժած ֆուտբոլային ֆանատների մեջ էր նաեւ Եգոր Սվիրիդովի ընկերը՝ հայ Սերգեյ Գասպարյանը (որը ծանր վնասվածքներ էր ստացել եւ հիվանդանոց ընկել)։ Այնտեղ նրա ներկայության փաստը վկայում է, որ իրենք՝ ֆանատները, ի սկզբանե ծայրահեղ ազգայնականորեն չէին տրամադրված, պարզապես նրանց ցասումն ու վրդովմունքը հմտորեն օգտագործեցին արմատականները։

Եվ այս առնչությամբ չի կարելի պատշաճը չմատուցել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մարգարեական խորաթափանցությանը, որը ողբերգական այս իրադարձություներից հետո ասաց իմաստուն այս միտքը. «Միջէթնիկական հարաբերությունները հաղորդակից անոթներ են։ Չի կարելի մատնացույց անել այդ անոթի մի կողմը՝ անտեսելով անոթի մյուս կողմը։ Արմատականության առաջացումն էթնիկ առումով համերաշխ խմբերում, հատկապես քրեական արմատական էթնիկ խմբերի առաջացումը, անմիջապես սադրում է մեծամասնության նույնպես արմատական արձագանքը։ Մենք ունենք արմատականությունների բախում։ Ո՞վ է տառապում դրանից։ Տառապում են հասարակ մարդիկ»։ Թերեւս ավելի լավ չէր կարելի նկարագրել անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցածը։

Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսալեզու դպրոցների բացման հետ կապված հիմնախնդրի սրման հարցին, ապա այստեղ մենք մի փոքր այլ երեւույթ ունենք, բայց որն այս կամ այն կերպ կապված է Ռուսաստանի մասնատման ռազմավարական պլանի հետ։ Գաղտնիք չէ, որ հայկական դպրոցներն այսօր սովորողներ են պատրաստում այն կյանքի համար, որը գոյություն չունի։ Դպրոցական կրթության արդիականացումը մեր երկրում, գլոբալացման պայմաններում, ամենահրատապ խնդիրն է անկախ հայկական պետականության պահպանման համար։ Եվ նման պնդումը չափազանցություն չէ։

Մեր դպրոցական կրթության արդիականացման հնարավոր ուղիներից մեկը, առաջին ծիծեռնակն այս ճանապարհին պետք է լիներ մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանի՝ «Տրոյկա դիալոգ» ընկերության նախագահի մտահղացման իրագործումը։ Իսկ գաղափարն այն էր, որ Հայաստանում, «Սկոլկովո» մոսկովյան կառավարման դպրոցի օրինակով, ստեղծվի կրթական կենտրոն։ Այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ էր որոշ փոփոխություններ մտցնել «Լեզվի մասին» օրենքում։ Եվ ահա այստեղ սկսվեց բոլորովին չարդարացված քաղաքականացված գինարբուք, որի վերջնանպատակը ռուսալեզու կրթության «վտանգի պսակազերծմանն» ուղղված ազգայնական կրքերի բորբոքումն էր, ինչն, իբր, խարխլում է հայկական պետականության հիմքերը։

Սա նույնպես օրգանապես ներգրվում է ազգամիջյան երկպառակության հրահրման մեջ։ Չէ՞ որ հակառուսական նման հիստերիայի կազմակերպիչները, ռուսատյաց տրամադրություններ հրահրողները Հայաստանում հիանալի կերպով իրենց հաշիվ էին տալիս, որ դա անպայման կանդրադառնա նաեւ ռուսաստանցիների, ռուս մարդկանց՝ հայ ներգաղթյալների նկատմամբ ունեցած տրամադրությունների վրա։ Ինչպես տեսնում ենք, համապատասխան արտասահմանյան կենտրոններն աշխատում են համակարգված, եւ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ հետխորհրդային ամբողջ տարածքում։ Ընդ որում՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օգտագործում են հետխորհրդային պետություններին բնորոշ «թարախախոցերը»։

Իսկ ինչ վերաբերում է ռուսական բրենդների ճնշիչ ազդեցությանը Հայաստանի տնտեսությունում, ապա այստեղ ես դրա հետ չեմ համաձայնի։ Ավելի շուտ կարելի է կշտամբել ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմերին նրա համար, որ բավարար չափով չեն օգտագործում այն հսկայական, դեռ չբացահայտված ներուժը, որ ունի տնտեսական ինտեգրացիան։ Այդ ներուժը մինչեւ վերջին ժամանակներս, բացեիբաց ասենք, ընդհանրապես թերագնահատվում էր։ Եվ այդ բացը մեր հարաբերություններում ակնհայտ դարձավ, երբ ռուս-հայկական տնտեսական ինտեգրման հարցերը դարձան Ռուսաստանի՝ մեկուկես տարի առաջ նշանակված արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի եւ դեսպանության խորհրդական, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովի սեւեռուն ուշադրության առարկան։ Հիմա արդեն, շնորհիվ նրանց հետեւողական աշխատանքի, կոնկրետ նախադրյալներ կան մեր տնտեսությունների ինտեգրման մեջ լուրջ բեկում մտցնելու համար։

Հայաստանում այսօր արդեն ոչ ոք թող չանրջի ԵՄ-ին մեր պետության անդամակցության մասին։ Մենք նրանց պետք չենք, իսկ մեր հանրապետության ապագան, իմ խորին համոզմամբ, մեր երկրի ակտիվ անդամությունն է ձեւավորվող միասնական տնտեսական տարածքում, որը միավորում է ԱՊՀ պետությունները, որտեղ տեսնում եմ Հայաստանի ապագան։

Եվ պետք է ասել, որ առաջին, ընդ որում՝ բավական հաջող քայլն այս ուղղությամբ արվեց անցած տարի՝ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի մաքսային միության ստեղծմամբ։ Ուստի անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ քաղաքական կայունությունը Ռուսաստանում մեր կյանքի փոփոխության անհրաժեշտ պայմանն է, այո, ես չսխալվեցի. դեպի լավը հայ հասարակության կյանքի փոփոխության։ Հայաստանում ոչ մի էական հասարակական բարիք չենք ունենա, եթե Ռուսաստանում, Աստված չանի, ազգամիջյան բախումներ եւ միջդավանական դիմակայություն հրահրվեն։

Ուստի, Հայաստանի Հանրապետության գիտակից բոլոր քաղաքացիները պետք է խորապես շահագրգռված լինեն կայուն եւ բարգավաճ Ռուսաստանով։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ մեր 1,5 միլիոն հայրենակիցներ ապրում են Ռուսաստանում։ Օրինապաշտ քաղաքացիներ լինելով՝ նրանց մեծամասնությունը ռուս ժողովրդի, բազմազգ երկրի մյուս ժողովուրդների հետ միասին կերտում է Ռուսաստանի վեհությունը։

Ավելին՝ դժվար է գերագնահատել նյութական այն օգնության նշանակությունը, որ նրանք ցուցաբերում են Հայաստանում ապրող իրենց հարազատներին եւ մերձավորներին։ Բավական է ասել, որ 2010թ. հունվար-հոկտեմբերին միայն մեր երկրների բանկային համակարգով ոչ առեւտրային նպատակներով Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիներին է փոխանցվել 838 մլն 738 հազար դոլար, ինչը մեր հանրապետություն կատարվող համապատասխան դրամական փոխանցումների ողջ ծավալի 88%-ն է։ Ընդ որում՝ հիանալի հասկանում ենք, որ Ռուսաստանից Հայաստան երրորդ անձանց միջոցով (ծրարներով) դրամական մուտքերի իրական ծավալը շատ ավելին է։

Սակայն, բացի տնտեսական բաղադրիչից, իմ կարծիքով, շատ ավելի կարեւոր բաղադրիչ է ազգամիջյան համաձայնության հաստատումը ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ԱՊՀ տարածքում։

Չչարաշահելով ընթերցողների համբերությունը՝ 2010թ. դեկտեմբերին Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների մասին վերջում կուզենայի մեջբերել պատրիարք Կիրիլի խոսքերը. «Միջէթնիկ երկպառակության ցանկացած սադրանք մարտահրավեր է մեր բազմազգ եւ մեծ հայրենիքի գոյությանն իսկ»։

Ահա այսպիսին է արդիականության մեծ հումանիստի ճշմարիտ եւ բախտորոշ նախազգուշացումը։ Այս զգուշացումն անտեսելը հավասարազոր է ազգային շահերին դավաճանելուն։

Մեր պարագայում՝ Հայաստանի Հանրապետության եւ ողջ հայ ժողովրդի շահերին դավաճանելուն, որի ավելի քան երկու երրորդն ապրում է իր պատմական հայրենիքի սահմաններից դուրս։

 

Խմբագրության կողմից.- Հաշվի առնելով թերթային սահմանափակ ծավալը, մենք, հեղինակի համաձայնությամբ, կրճատել ենք հոդվածի առաջին մասը, որտեղ խոսվում է Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին։ Հոդվածի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ մեր օրաթերթի էլեկտրոնային կայքում։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության»

նախագահ