ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ ՃԱՆԱՊԱՐՀ ԳՆԱՑՈՂԸ ՉԷ

05.11.2010

Արդեն դարձել է օրինաչափություն. երբ Արտաշես Գեղամյանը երկրի առաջ ծառացած խնդիրների վերաբերյալ հանդես է գալիս ծանրակշիռ, լուրջ վերլուծական հոդվածներով, ապա մեկ-երկու օր անց լեւոնապաշտ թերթերը գցում են իրենց հարայ-հրոցը՝ փորձելով անվանարկել, հայհոյախոսել «Ազգային Միաբանության» առաջնորդի հասցեին:

Բնավ նրանց խելքը չի կտրում անդրադառնալ Ա.Գեղամյանի հոդվածների իմաստին եւ ստիպված են լինում բովանդակային բանավեճի փոխարեն հարցը տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ: Իհարկե կարելի էր անուշադրության մատնել այդ ամենը, սակայն, ինչպես կասեր հույն մեծ մտածող Սոկրատեսը. «Պլատոնն ինձ ընկեր է, սակայն ճշմարտությունն ավելի թանկ է»:

Եվ այսպես. օրերս «Հայոց Աշխարհ»-ում Արտաշես Գեղամյանի հեղինակած «Ղարաբաղյան ճակատում փոփոխություններ չկա» հոդվածի հրապարակումից հետո հհշականները հանկարծ հիշեցին, որ իրենք դեռ 2002թ. զգուշացնում էին առ այն, թե Արտաշես Գեղամյանը ական է՝ ներդրված ընդդիմության դաշտում, ինչին հաջորդեցին անձնական վիրավորանքներ Ա.Գեղամյանի հասցեին: Ո՞րն էր նման վայնասունի պատճառը, ինչի՞ վրա էր հիմնված տարիներ առաջ լեւոնականների կողմից այդ զրպարտության տարածումը: Փորձենք վերհիշել:

Ճիշտ այդ տարվա՝ 2002թ. սկզբին, Հայաստան էր ժամանել Ռուսաստանի պաշտոնաթող նախագահ Բորիս Ելցինը: Այցը, ճիշտ է, մասնավոր էր, սակայն նաեւ իր հետեւանքներով շատ կարեւոր: Այցի շրջանակներում Բորիս Ելցինը հանդիպել էր նաեւ Լ.Տեր-Պետրոսյանին եւ նրան բարեկամաբար զգուշացրել, որ առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածությունը ապարդյուն կերպով չառաջադրի: Ի զարմանս բոլորի՝ Լ.Տեր-Պետրոսյանը 2002-ին դեռ վերջնականապես չէր կորցրել ողջամտությունը եւ հետեւել էր Բորիս Ելցինի հորդորին:

Հիշեցնենք ընթերցողներին, որ 2002թ. ամռանը եւ աշնանը մեր կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը աշխարհում իր ոլորտում մեծ համբավ ունեցող «Գելափ» վերլուծական, ինչպես նաեւ հասարակական կարծիքի ուսումնասիրման մի շարք այլ կենտրոնների կողմից ճանաչվել էր Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի ընդդիմադիր գործիչներից ՀՀ նախագահ դառնալու ամենամեծ շանսեր ունեցող թեկնածու: Կրկնում եմ, խոսքը 2002թ. երկրորդ կիսամյակի ժամանակահատվածի մասին է:

Այստեղ հարկ է նշել, որ այն ժամանակվա հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդների կարծիքների վերաբերյալ նույնպես կատարվել էին համապատասխան ճշտումներ: Խոսքը այն մասին էր, թե նրանք պատրա՞ստ են գալիք նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել Արտաշես Գեղամյանի թեկնածությունը: Պատասխանը դրական էր£

Դրան հաջորդեցին ուշագրավ զարգացումներ: Մի կողմից՝ Ռուսաստանի հեղինակավոր թերթերում («Նեզավիսիմայա գազետա», «Իզվեստիա») տպագրվեցին Ա.Գեղամյանի հեղինակած վերլուծական հոդվածները, ինչպես նաեւ կազմակերպվեց «Ռիա Նովոստի» հայտնի տեղեկատվական գործակալության Մոսկվայի կենտրոնական գրասենյակում Գեղամյանի մամուլի ասուլիսը, որը լայնորեն լուսաբանվեց ռուսաստանյան լրատվամիջոցներով եւ հեռուստաալիքներով: Մյուս կողմից՝ այս զարգացումները չէին կարող չանհանգստացնել, այն էլ խիստ կերպով, առաջին հերթին Լ.Տեր-Պետրոսյանին:

Պարզաբանեմ թե ինչու: Արտաշես Գեղամյանը դեռ 1995 թվականից սկսած, ընտրվելով խորհրդարանի պատգամավոր եւ վերադառնալով քաղաքականություն, ԱԺ ամբիոնից, մամուլում, նաեւ հեռուստատեսությամբ չի ունեցել գեթ մեկ հրապարակային ելույթ, որտեղ խստագույնս չքննադատեր Լ.Տեր-Պետրոսյանին եւ նրա հանցավոր վարչակարգը: Սակայն այդ քննադատությունը չէր, որ սարսափեցնում էր Տեր-Պետրոսյանին, ավելին՝ հոգեկան ցնցումների մեջ գցում նրան£ Անհանգստության պատճառը Ա.Գեղամյանի հրապարակավ արտահայտած այն միտքն էր, որ իշխանափոխության պարագայում, միեւնույն է, պետք է բացահայտվեն երեք տասնյակից ավելի ԼՏՊ-ի վարչակարգի եւ իր անմիջական կարգադրությամբ կամ լռակյաց համաձայնությամբ ՀՀ-ում կատարված քաղաքական սպանությունների պատվիրատուները:

Կրկնում եմ, մեր համոզմամբ դրանց հիմնական պատասխանատուն ոչ թե Վանո Սիրադեղյանն էր, այլ այն տարիների երկրի առաջին դեմքը` Լ.Տեր-Պետրոսյանը: Ահա իրենց համար նման մահացու վտանգի գիտակցումով էլ պայմանավորված էր Տեր-Պետրոսյանի հպատակության տակ գտնվող լեղապատառ «մերկացումները»` Արտաշես Գեղամյանի ընդդիմության դաշտում իբր ական լինելու վերաբերյալ:

Արտաշես Գեղամյանին վարկաբեկելու քարոզարշավ սկսելուն զուգահեռ, լեւոնամետ գործիչները բուռն գործունեություն ծավալեցին առանցքային ընդդիմադիր երեք կուսակցությունների՝ դեռ 2002թ. ամռանը ձեռք բերված պայմանավորվածությունների տապալման ուղղությամբ: Վերջիններիս միջեւ ձեռք էր բերվել պայմանավորվածություն 2003թ. նախագահական ընտրություններին հանդես գալ միասնական թեկնածուով: Իսկ այդ ժամանակ ընդդիմության միասնական թեկնածուն, գոնե առանցքային երեք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների կողմից ճանաչվել էր Արտաշես Գեղամյանը: Հետաքրքրական է, որ այդ պայմանավորվածության ձեռքբերման արարողությանը մասնակցում էին նաեւ երկու շատ պատկառելի անձնավորություններ, ովքեր բարեբախտաբար ողջ եւ առողջ են:

Ուշագրավ է, որ սկսած 2002 թ. ամռանից Արտաշես Գեղամյանը լեւոնապաշտ մամուլով ավելի շատ էր քարկոծվում, քան իշխանական մամուլի կողմից: Իշխանությունները պարզապես որդեգրել էին Գեղամյանին արատավորելու գործուն մեխանիզմ: Նրանք պարզապես արտատպում էին ՀՀՇ-ական մամուլի հրապարակումները Արտաշես Գեղամյանի վերաբերյալ, նախաբանում նշելով՝ սա էլ հո մենք չենք ասում, ընդդիմադիրներն են ասում, որ Գեղամյանը ական է:

2003թ. նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունը շատ ծանր քննարկումներից հետո, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետականության պահպանման վեհ գաղափարով, որոշում կայացրեց հանդես գալ կոչով` ուղղված մեր ժողովրդին: Կոչի առանցքն էր` չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին, առավել եւս, որ ընտրությունների օրն իսկ արդեն ստորագրվել էր ՀՀ նախագահի (բացառությամբ մեկի) թեկնածուների կողմից հայտարարություն, ուր առաջին փուլի ավարտից դեռ երկու ժամ առաջ ընտրությունների արդյունքները չէին ճանաչվելու:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ մեր կուսակցությունը չմասնակցեց առաջինից երկրորդ փուլ ընկած ժամանակահատվածում ընթացող բազմահազարանոց միտինգներին, որոնց մասնակիցների թիվը մեր միանալու պարագայում առնվազն կկրկնապատկվեր, ապա դա էլ ունի իր հստակ հիմնավորումը: Մեզ համար բացահայտ էր, որ արդեն իսկ այդ թեժ օրերին խրախճանք անող լեւոնականները կանգ չէին առնի ոչ մի բանի առաջ, քանի որ բացվում էր նրանց համար իշխանության գալու բաղձալի ճանապարհ: Նրանք առանց աչք թարթելու կհրահրեին սադրանք, որն անտարակույս կավարտվեր մեծ արյունահեղությամբ, ինչպիսին տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-ին:

Բավական էր, որ եթե դեռ 2007թ. օգոստոսի վերջին Լ.Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Արտաշես Գեղամյանի հետ կազմակերպած հանդիպման ժամանակ մեր կուսակցության առաջնորդը տար իր համաձայնությունը համագործակցելու ԼՏՊ-ի հետ, ապա հհշական մամուլը աշխարհիս հիացական խոսքերը կտեղար նրա հասցեին: Բայց Արտաշես Գեղամյանը, լինելով աստվածապաշտ, բնականաբար, սատանայի հետ ճանապարհ ընկնողը չէ: Ահա սա է ճշմարտությունն ու իրականությունը:

Սրանից զատ ցանկացած պնդում առ այն, որ «Ազգային Միաբանությունը» եւ նրա առաջնորդ Արտաշես Գեղամյանը իբր ի սկզբանե գործարքի մեջ էին մտել իշխանությունների հետ, ստոր, սրիկայական հերյուրանք է: Եվ այդ սուտը տարիներ շարունակ տարածում են լեւոնականները:

Ինչեւէ, մինչեւ 2007թ. սեպտեմբերի 21-ը «Ազգային Միաբանություն կուսակցությունը» մշտապես եղել է իշխանություններին ընդդիմադիր քաղաքական ուժ: Միաժամանակ երբեք ու երբեք չի առաջնորդվել ամեն գնով իշխանության գալու գաղափարով, առավել եւս՝ տերպետրոսյանականներին հատուկ պետականությունը վտանգելու գնով: Եվ այս պարզ ճշմարտությունը իրավամբ օտարների ձեռքում դատարկ դհոլի դեր ստանձնած Լեւոնը եւ նրա շրջապատը շատ լավ հասկանում են£ Եվ ահա սրանով է պայմանավորված, որ նրանք, ի դեմս Արտաշես Գեղամյանի եւ «Ազգային Միաբանություն կուսակցության», տեսնում են հզոր պատնեշ իրենց ազգակործան քաղաքականության ճանապարհին եւ արդեն իսկ շուրջ մեկ տասնամյակ փորձում են մեր ժողովրդի վզին փաթաթել Ա.Գեղամյանին հասցեագրված իրենց ստոր եւ ստահոդ գնահատականները: Սակայն նրանց ճիգերը դատապարտված են ձախողման:

Իսկ այն, որ «Ազգային Միաբանությունը» իրավամբ մինչեւ 2007 թ. սեպտեմբերը եղել է ամենակոշտ ընդդիմություն իշխանությունների նկատմամբ, գալիս է ապացուցելու թեկուզ այն իրողությունը, որ 2007թ. մայիսի 10-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Ազգային Միաբանություն կուսակցությունը» չհաղթահարեց 5%-ոց շեմը եւ այսօր ներկայացված չէ Ազգային ժողովում: Դա էլ այն պարագայում, երբ ցանկացած լուրջ հարցումները կանխատեսում էին, որ մեր կուսակցությունը շուրջ 10%-ոց վարկանիշ ունեցող քաղաքական ուժ է: Իսկ այն, որ մեր կուսակցության պակասը Ազգային ժողովում երեւում է, արդեն իսկ ակնհայտ է:

Ասվածի վկայությունն է, որ 2010թ. հունվարին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում մեր կուսակցության նախագահության անդամ Արա Սիմոնյանը մեծ առավելությամբ ընտրվեց ԱԺ պատգամավոր:

Իսկ ինչ վերաբերում է «Ազգային Միաբանություն կուսակցության» այժմյան քաղաքականությանը, ապա ներկա աշխարհաքաղաքական փոթորկահույզ ժամանակաշրջանում մենք սատարում ենք նախագահ Սերժ Սարգսյանին, միաժամանակ մեր անհամաձայնությունը հայտնելով կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականության որոշակի դրսեւորումներին: Եվ մեր տեսակետները հայտնում ենք հրապարակավ, միաժամանակ առաջարկելով խնդրո առարկայի վերաբերյալ մեր լուծումները:

ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ