ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ԻՐ ՊԱՐՏՎՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

21-22.07.2010

Եվ այսպես, 2010թ.հուլիսի 17-ին կայացավ ՀՀ առաջին նախագահի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի «վաղուց սպասվածե ելույթը ՀՀՇ 16-րդ համագումարում: Չթաքցնեմ, ելույթը անկեղծ էր եւ լակոնիկ, իսկ բարձրացված հարցերը՝ իրապես խիստ արդիական էին մեր ժողովրդի ու պետության համար: Հայտնում եմ իմ լիակատար համաձայնությունը Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած այն մտքի հետ, որ՝ «առավել կարևոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմությունե: Այս եզրահանգումից էլ ելնելով՝ պարտքս եմ համարում տալ գնահատականներ այն սկզբունքային հարցադրումներին, որոնց հռետորն անդրադարձել է իր ելույթում: Դա համարում եմ խիստ անհրաժեշտ, քանի որ Հայ Ազգային Կոնգրեսն ու նրա առաջնորդն այսօր իրենց են վերապահում Հայաստանում գործող եզակի քաղաքական ընդդիմադիր ուժ լինելու իրավունքը: Ուստի, կարծում եմ, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ հնչեցնի իր տեսակետներն այնպիսի հույժ արդիական խնդիրների շուրջ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա առավել քան պահանջված է այսօր, երբ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծապես շարունակում է լինել մտահոգիչ, եթե չասենք՝ պայթունավտանգ: Դա էլ իր հերթին մեծավմասամբ պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայությամբ, հայ-թուրքական հարաբերությունների հարթման  գործընթացի սառեցմամբ, վրաց-աբխազական և վրաց-հարավօսական հարաբերությունների չթուլացող լարվածությամբ: Առանձնապես անհրաժեշտ է նշել նաև շատ անորոշ, միաժամանակ մեծ լարումով հղի այն իրավիճակը, որը ձևավորվում է Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ, հատկապես ս.թ. հունիսի 9-ին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից ընդունված արդեն իսկ չորրորդ բանաձևից հետո: Բանաձև, որը նախատեսում է էլ ավելի  խստացնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ՝ կապված երկրում իրականացվող միջուկային ծրագրերի հետ:

Ինչպիսի՞ ելակետային իրողություններ է առաջնային համարում ՀԱԿ առաջնորդը, որոնք՝ թելադրող են «Հայաստանի քաղաքական վարքագիծըե որոշելիս և, ամենակարևորը՝ ինչպիսի վտանգներ  են դարանակալում Հայոց պետականությանը:

Լևոն Տեր-Պետրոսյանը առաջնային է համարում այն, որ «Առանց Ղարաբաղի հակամարտության  և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման ու ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն համգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը: Այս պարզագույն ճշմարտության չգիտակցումն արդեն իսկ հանգեցրել է անշրջելի կորուստների, որոնցից ամենավտանգավորը վերջին տասներկու տարիների ընթացքում Հայաստանի և Ղարաբաղի  բնակչության թվաքանակի զգալի նվազումն է, ինչի հետևանքները, շուտափույթ լուծումներ չգտնելու պարագայում, աղետալի են լինելուե: Ըստ էության, ՀԱԿ-ՀՀՇ-ի առաջնորդը հայոց պետականության լինել-չլինելու հարցն ուղղակիորեն պայմանավորում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմամբ ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Ուշագրավ է, որ այս պնդումը ճիշտ և ճիշտ կրկնում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն միտքը, որ նա արտահայտել էր 2009 թ. սեպտեմբերին թուրքական «Միլիեթե թերթին տված հարցազրույցում: Այդ հրապարակման մեջ վարչապետն ասել էր. «Հայաստանն այսօր վերապրում է դժվարին օրեր, գործնականում նա տնտեսություն չունի, տնտեսությունը կործանվում է և ամեն անգամ նրանք խնդրում են մեզ բացել սահմանը: …Հայաստանը շատ աղքատ երկիր է դրությունն այնտեղ գնալով վատանում էե: Միգուցե՞ Տեր-Պետրոսյանը նմանատիպ հայտարարությամբ իրեն պաշտոնից օտարելուց 12 տարի անց փորձում է ներքին և արտաքին լսարաններում արդարացնել իր տխրահռչակ պարտվողական քաղաքականությունը:

 

Եթե հիշում եք, ապա 1998թ. նա պատրաստ էր երևութական, հիպոթետիկ տնտեսական զարգացման և սոցիալական վիճակի բարելավման դիմաց զոհասեղանին դնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճակատագիրը: Անկախություն, որը նվաճվել էր Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի Հանրապետության և համայն հայության հազարավոր հայորդիների թափած արյան գնով: Իր այս հայտարարությամբ նախկին նախագահը կրկին ու կրկին դիմում է մի կողմից մեր ժողովրդին, որի ներկայիս սոցիալական վիճակը, անտարակույս, խիստ մտահոգիչ է, մյուս կողմից՝ քաջալերում է թուրքական ու ադրբեջանական իշխանություններին, որ ոչ մի պարագայում չթուլացնեն, լինեն անդրդվելի Հայաստանի Հանրապետության շրջափակումը շարունակելու հարցում: Բացեիբաց ասվում է, որ վերջին հաշվով՝ «…կուրորեն ձգտել ստատուս-քվոյի պահպանմանը նշանակում է խորացնել առկա ժողովրդագրական ճգնաժամը և փութացնել ազգային աղետըե: ՀԱԿ-ի առաջնորդի այս պնդման կապակցությամբ ճշմարտության առաջ չմեղանչելով նշենք, որ Կոնգրեսի անդամ այն գործիչները, որոնք կարող են պրոֆեսիոնալ մակարդակով վերլուծել Հայաստանի ներկա տագնապահարույց տնտեսական վիճակը, ամենևին էլ հակված չեն երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծայրաստիճան բարդ իրավիճակի պատճառները պայմանավորել զուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորմամբ և հայ-թուրքական հարաբերությունների սառեցմամբ: Հիշատակենք թեկուզ վերջին շրջանում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առաջարկած տնտեսագիտական մշակումները կամ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի, ՀՀ Կենտրոնական Բանկի  երբեմնի նախագահ Բագրատ Ասատրյանի կողմից մամուլում հրապարակված վերլուծություները: Երկրի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները նրանք իրավացիորեն բացատրում են տնտեսության  հիմնական ոլորտներում գործող օլիգոպոլիաներով, որոնք վիժեցնում են մրցակցային դաշտի ձևավորումը, բանկային համակարգի ծայրաստիճան ոչ արդյունավետ գործունեությամբ և իրականացվող սխալ դրամավարկային քաղաքականությամբ: Սակայն այս հարցերը այս վերլուծության նյութը չեն:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար (1998-2007 թթ.) Վ.Օսկանյանին, որի անունն իր ելույթում ՀԱԿ-ի առաջնորդը հեռատեսորեն չի հիշատակում (էհ¯, խառը ժամանակներ են, և չի բացառվում, որ վաղը, մյուս օրը նրանք կրկին թիմակիցներ դառնան. չէ որ իրենց հովանավորները նույն, այլևայլ ուժերն են), ապա նրա այն պնդման քննադատությունը, թե «Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակումների պայմաններումե,- միանգամայն տեղին է: Այստեղ ես պիտի համաձայնեմ էքս-նախարարի մտքի տրամաբանվածությանն այն իմաստով, որ, ինչպես  հայտարարում է Լ.Տեր-Պետրոսյանը, «100 տարի հետո Հայաստանը կարող է զարգացած, բայց հայազուրկ տարածք լինելե: Միայն թե իզուր է ՀԱԿ-ի առաջնորդն այստեղ կանգ առնում: Արժեր, որ նա շարունակեր միտքը՝ նկատելով, որ նման ճակատագրից հնարավոր է խուսափել՝ միայն շուտափույթ նախաձեռնելով գործնական կտրուկ միջոցներ՝ միտված հանրապետության տնտեսական ամբողջ համակարգի առողջացմանը:

Լուրջ մտահոգություն է հարուցում ՀՀ առաջին նախագահի կողմից հնչեցրած հետևյալ «թանկարժեքե միտքը.  «Հեռու չէ այն օրը, երբ մենք մեր իսկ ձեռքերով կիրականացնենք ցարերի ու թուրքերի երազանքը և կունենանք Հայաստան առանց հայերիե: Պատմական գիտությունների մեր դոկտորը, չգիտես ինչու, փորձում է Օսմանյան կայսրությունում իրար հաջորդող սուլթանական կառավարությունների կողմից հայերի նկատմամբ իրականացվող դաժան բռնությունները նույն հարթակի վրա դնել Ռուսաստանի կայսրության հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականության հետ: Թվում է, Լևոնին չէր խանգարի իր հիշողության մեջ  թարմացնել այն գազանությունները, որոնք օսմաններն իրականացնում էին հայերի նկատմամբ 1808, 1819, 1829  և 1835, կամ էլ 1860-1870 թվականներին, երբ հուսահատության եզրին հասցված Զեյթունի, Վանի, Մարաշի հայ ազգաբնակչությունը ոտքի ելավ թոթափելու թուրքական ատելի իշխանությունների լուծը: Թարմացնել և հետո միայն համեմատություններ անել ռուսաական ցարիզմի կողմից իրականացվող քաղաքականության հետ: Եվ վերջապես, պետք է կատարյալ ցինիկ լինել, որպեսզի հավասարության նշան դնել արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի, Թալեաթի, Էնվերի, Ջամալի և երիտթուրք մյուս պարագլուխների ոճրագործությունների, և ռուսական ցարերի կողմից վարած քաղաքականության միջև: Որքան պետք է ատես Ռուսաստանը և նրա միապետերին, որպեսզի հանդգնես նման համեմատություններ անել: Մի՞թե Լևոնը ծանոթ չէ Սենատի հրամանագրի հետ, որը Պետրոս Մեծն ստորագրել է 1711 թվականին: Այդ հրամանագիրն էր, որ 2003 թ. հոկտեմբերի 6-ին հիշատակեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ ելույթ էր ունենում Հայերի Համաշխարհային կոնգրեսի ամբիոնից. «Ռուսական մեծ բարեփոխիչ Պետրոս Մեծ ցարը իր հրամանագրերից մեկում գրել էր հետևյալը. Հայերին հնարավորինս գուրգուրել ու գործը դյուրացնել ըստ պատշաճին, որպեսզի տրամադրել նրանց առավել գալուստյանըե: Կարդալով այս տողերը, Վլադիմիր Պուտինն ավելացրեց իր կողմից՝ «Անցել է ընդամենը հազիվ 300 տարի: Ասված է՝ արված էե:

Կարծում եմ, անձին, որն իրեն համարում է հայ ժողովրդի՝ ըստ արժանվույն չգնահատված առաջնորդ, չէր խանգարի ծանոթանալ նաև 1723թ. պարսկական արշավանքից առաջ Պետրոս Մեծի ստորագրած հայտարարագրի բովանդակությանը, որտեղ արտահայտված է ռուսաց ցարի վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ «…և մենք մեր կայսրական արտասովոր գթասրտությամբ հանդեպ մեր ժողովուրդը, սույնով հայտարարում ենք, որպեսզի նրանք մեր պետության ներս ժամանեին առանց որևէ անհանգստության, և եթե  կամենային՝ բնակվեին և ապրեին, և առանց որևէ  արգելքի իրենց առևտուրը  իրականացնեին, հուսադրելով, որ մենք ոչ միայն իրենց վաճառականներին կպաշտպանեինք …, այլև առավելագույն շահույթի ու օգուտների համար որոշ առանձնահատուկ արտոնություններով կապահովեինք և մեծաողորմածաբար կշնորհեինքե: Լ.Տեր-Պետրոսյանին չէր խանգարի համագումարի ամբիոնից, նախքան Ռուսաստանի ցարերին թուրքերի հետ համեմատելը, բարձրաձայնել Կայսերական Մեծություն Եկատերինա Երկրորդի հրամանագիրն՝ ուղղված հայերին, ուր նախորոշվում է. «Բարեհաճում եմ Ձեզ օգտվել մեր պետությունում ոչ միայն  բոլոր այն իրավունքներից և առավելություններից, որոնցով հնուց ի վեր մեզանից վայելում են բոլոր մեր և մեր նախնիների հպատակները, բայց և դրանից ավելի… (դրան կցվում է արտոնությունների մի երկար ցանկ)ե: Կարծում եմ, վատ չէր լինի նաև, եթե ՀՀՇ 16-րդ համագումարի պատվիրակների ուշադրությանը ներկայացվեր հետևյալ մեջբերումը 1768թ. հունիսի 30-ին  Եկատերինա Երկրորդի ստորագրած հրովարտակից, ուր, մասնավորապես, նշված է՝ « … ինչպես մեր բարձր նախնիները, որոնք արժանի են երանելի և հավերժ քաղցր հիշատակի Նորին Գերազանցություն թագավոր-կայսր Պետրոս Մեծը և թագուհի-կայսրուհի Եկատերինա Ալեքսեևնան, որոնք արտահայտել էին հրովարտակներում իրենց հատուկ բարյացկամ վերաբերմունքը քրիստոնյա հայ ժողովրդին, .., մենք, ի շարունակություն մեր նախնիների այդ պատգամներին, խոստանում ենք ընկերակցել մեր թագավորական ողորմածությամբ և ակնածանքով  նաև ազնվագույն Սիմեոն պատրիարքին, այնպես էլ նրա ապագա պատրիարքական գահաժառանգներին, ինչպես նաև յուզբաշիներին ու կառավարիչներին և ամբողջ ազնվաբարո հայ ժողովրդինե: (Կաթողիկոս Սիմեոն Երևանցին գլխավորել է Հայ Առաքելական եկեղեցին 1763-ից մինչև 1780թթ.- Ա.Գ.): Քանի որ իր ելույթում ՀԱԿ-ի առաջնորդը հիշատակել է ռուսաց թագավորներին, ապա ճիշտ տեղին կլիներ, եթե նա համագումարի ամբիոնից մեջբերում աներ նաև Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Առաջինից, որը հայերին այսպիսի գնահատականների է արժանացրել. «Միապետին հավատարիմ ողջ հայ ժողովրդին և բոլոր խավերին, որոնք կազմավորում են այն, մեր կայսերական ողորմածությունը… Նրանք առանձնանում էին օրինակելի կայունությամբ եվ նվիրվածությամբ և խռովահույզ իրավիճակներում մնում էին կարծր ու անսասան իրենց ջերմեռանդությամբ ուղղված Մեզ և Մեր Գահին, զոհաբերելով իրենց ունեցվածքը ու բոլոր միջոցները և կյանքը... Տրված է Մեր գլխավոր բնակարանում Տեպլիցե քաղաքում, որը Բոհեմիայում է սեպտեմբերի 15-րդ օրը, Քրիստոսի ծնունդի 1813-րդ տարումե:

Ամենևին էլ պատահական չէ, որ արեցի այս մեջբերումները ցարական հրամանագրերից, հրովարտակներից ու դեկլարացիաներից, պարզապես հարկադրված էի, որովհետև ներկայումս հետխորհրդային երկրներում ավելի ու ավելի հստակ նկատվում է Ռուսաստանի Կայսրության և Խորհրդային Միության դերի նսեմացումը նորանկախ  երկրների ստեղծման և կայացման գործում: Լինեն դրանք Մերձբալթյան երկրները, Մոլդովան թե Վրաստանը, իսկ հիմա էլ նաև՝ Հայաստա՞նը: Թե դա ո՞ւմ կարող է ձեռնտու լինել՝ առանձին վերլուծության նյութ է, սակայն պարզից էլ պարզ է, որ նման շահարկումները կապված հայ ժողովրդի պատմության մեջ ռուսաց ցարերի խաղացած բացասական դերի հետ, նախ սուտ են, և ապա՝ խիստ  վնասաբեր մեր պետության համար:

Ինչ վերաբերում է Լ.Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը տագնապահարույց է, ապա դա իրոք այդպես է: Սակայն վատ չէր լինի, եթե Լ.Տեր-Պետրոսյանը խնդրո առարկայի վերաբերյալ իր գնահատականները հիմնավորեր պաշտոնական  վիճակագրությամբ: Իսկ վիճակագրությունը, ավա¯ղ, շատ խոսուն է: Այսպես, 1990թ. Խորհրդային Հայաստանում արձանագրվել է 79882 երեխայի ծնունդ: Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին (1991-1997թթ.) այդ ցուցանիշը կրճատվեց և 1997թ. կազմեց ընդամենը 43929, այսինքն արձանագրվեց ավելի  քան 45%-ի կրճատում: Ռ. Քոչարյանի  իշխանավարման վերջին տարում՝  2007թ. նորածինների թիվը կազմել է 40844, շուրջ 7% ավելի քիչ քան Տեր-Պետրոսյանի նախագահության վերջին տարում: Պատկերն ամբողջացնելու համար նշենք, որ Ս.Սարգսյանի նախագահության երկրորդ տարում՝ 2009թ., երկրում արձանագրվել է դրական տեղաշարժ՝ ծնվել է 44999 երեխա: Ինչպես տեսնում ենք, առաջընթացը դրական է, սակայն դա բնավ չպետք է ինքնահանգստացման առիթ հանդիսանա պետության համար բացառիկ կարևորության այնպիսի հարցում, որպիսին է երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավումը:

Այսպիսով, վերն ասվածից կարելի է հանգել որոշակի եզրակացության՝ ՀՀՇ-ի համագումարում Տեր-Պետրոսյանի ճառի գլխավոր միտքը հետևյալն է. Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում թուրք-ադրբեջանական իշխանություններն ի դեմս ՀՀ առաջին նախագահի, ունեն իրենց զինակիցն ու եռանդուն պաշտպանը: Բայց ավելի քան համոզված եմ,ՀԱԿ-ի անդամներից բոլորը չէ, որ այս հարցում կպաշտպանեն Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը:

Երկրորդ գլխավոր հարցը, որը տեղ է գտել ՀՀՇ-ի համագումարում ՀԱԿ-ի առաջնորդի ելույթում, հանգում է նրան, որ «…պատերազմի վերսկսման վտանգը  նույնքան իրական է այսօր, որքան էր երեկ, և լինելու է վաղը: Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ և, մանավանդ, խաբել ժողովրդին: Ժողովուրդը պետք է իմանա իշխանությունների վարած քաղաքականության  համար իր վճարած գինըե:

Դժվար է չհամաձայնվել նման եզրահանգման հետ: Այստեղ ավելորդ չէ հիշել հայտնի պատմաբան Կորնելի Նեպոտի (94-24 մ.թ.ա.) թևավոր դարձած խոսքը՝ Si vis pacem, para bellum («Եթե ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմիե), որ նա արտաբերել էր մ.թ.ա. IV դարի ֆիվացի զորավար Էպամինոդի կենսագրության մեջ: Հիրավի մեր օրերում էլ միայն հուսալի պաշտպանությունը, հզոր զինված ուժերը և գաղափարապես համախմբված ազգն են ի զորու երաշխավորել խաղաղություն, սպանել զավթիչների պատերազմական նկրտումները: Եթե այս տեսանկյունից գնահատելու լինենք  իշխանությունների, արմատական ընդդիմության, ինչպես նաև Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի գործունեությունը, ապա մենք շատ ու շատ անելիք ունենք:

Դրա հետ մեկտեղ ուզում ես Տեր-Պետրոսյանից ստանալ որոշ հարցերի պատասխանները: Աստված մի արասցե, եթե ինքը նորից գա իշխանության՝ ի՞նչ գին է պատրաստ վճարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման դիմաց: Արդյո՞ք դա լինելու է այն նույն զինաթափման, անձնատուր լինելու պատրաստակամությունը, որ նա հայտնում էր իր նախագահության  վերջին տարում… Անհասկանալի է նաև այն, թե ՀԱԿ-ի առաջնորդը՝ խոսելով  պատերազմական  գործողությունները վերսկսելու վտանգի մասին, ինչո՞ւ է անտեսում ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ 2008թ. նոյեմբերի 2-ին ստորագրված Մայնդորֆյան հայտարարագրի առանցքային դրույթը ԼՂ-ի հարցը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մասին, փաստաթուղթ, որի տակ դրված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի  նախագահների ստորագրությունները: Միգուցե Լևոնը մոռացկոտաբար կարևորություն չի տալիս նաև Ռուսսատանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններին՝ արված 2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում (Իտալիա) և  2010թ. հունիսի 26-ին Մոսկոկում (Կանադա), որտեղ նշված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն և միայն խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու պահանջը:

Երրորդ պնդումը, որը հնչեցրել է ՀԱԿ-ի առաջնորդը ՀՀՇ-ի համագումարում, հանգում է նրան, որ՝ « … այլևս ոչ ոք չի կասկածում, որ հայ-թուրքական  հարաբերությունները  չեն  կարգավորվելու մինչև չավարտվի Ղարաբաղի կարգավորման գործընթացը… Որքան պիտի Թուրքիայի ղեկավարները  կրկնեն այս բանը, որպեսզի բոլորը վերջապես հասկանան իրականությունը: Հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի հարցի միջև փոխկապակցության չգոյության մասին պնդումները, որոնք լուրջ չեն եղել ի սկզբանե, այսօր արդեն  իսպառ իմաստազրկվել ենե: Ահա այսպես զայրալից վշտանում է ճառախոսը: Նկատենք, որ այս խստաշունչ դատապարտումն առաջին հերթին և վերստին ուղղված է ընդդեմ Ռուսաստանի իշխանություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրամիության հասցեին: Այս կապակցությամբ հիշեցնենք ընթերցողներին, որ 2009թ. դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ, տիկին Քլինթոնը կրկին վերահաստատել է Ամերիկայի պատրաստակամությունը՝ միջամտելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործին, ընդգծելով, որ ամերիկյան վարչակազմը ԼՂ-ի հակամարտության կարգավորման  և հայ-թուրքական հարաբերությունների հարթման խնդիրները դիտարկում է  որպես երկու տարբեր գործընթաց:

Տեղին է նաև հիշեցնել, որ ընթացիկ տարվա հունվարին Երևան կատարած աշխատանքային այցի ժամանակ  ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խնդրո առարկայի վերաբերյալ պատասխանելով լրագրողի հարցին՝ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցերը փոխկապակցված չեն, և դրանք մեկտեղելը «կոռեկտ չէե:

Եվ վերջապես, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քէթրին Էշտոնը այս տարվա ապրիլին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ Հայաստանին և Թուրքիային կոչ էր արվում առանց նախապայմանների վավերացնել 2010 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:

Այս կապակցությամբ ավելորդ չէ հիշատակել 2010 թ. ապրիլի 30-ին թուրքական հեռուստատեսությամբ վարչապետ Ռեջեփ Էրդողանի թուրք ժողովրդին հղած ուղերձը. «Մենք նույնպես, - ասել է նա, - ընդունում ենք, որ գործընթացը (նկատի ունի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը - Ա.Գ.) պետք է ընթանա առանց նախապայմանների, բայց մենք դրանից առաջ մեկ հարց դրեցինք: Մենք դա դիտարկում ենք որպես խաղաղության գործոն մեր տարածաշրջանում, իսկ տարածաշրջանում խաղաղության հարցում կա երկու հիմնական դերակատար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա պրոբլեմի չլուծված լինելը, անշուշտ, մեր կողմից սկսած հարաբերությունների նորմալացման ճանապարհին դառնում է դժվարությունների պատճառե: Ինչպես տեսնում ենք, տվյալ հարցում Թուրքիայի վարչապետն իր գնահատականներով նույնիսկ ավելի պակաս անվերապահ է, քան ՀՀ նախկին նախագահը: Մի խոսքով՝ լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի Պապն է՝ սա է, ահա, ՀԱԿ-ի առաջնորդի դիրքը:

Այնուհետև Լ.Տեր-Պետրոսյանն իր ելույթում տրտնջում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն Արևմուտքի համար այդպես էլ առաջնահերթություն չդարձավ: Այնուհետև միայն իրեն հատուկ վեհամտությամբ նա սկսում է խրատներ կարդալ Արևմուտքին՝ «… եթե Ղարաբաղի հարցն Արևմուտքի համար առաջնահերթություն չէ, ապա նա պետք է ազնվություն ունենա խոստովանելու այս իրողությունը՝ հակամարտող կողմերին այլընտրանքի հնարավորություն ընձեռելու համարե: Այս դրույթը չնայած իր թվացյալ «անշառությանե կրում է վտանգի սերմեր: Ըստ էության, նման հայտարարությունը խարխլում է հայ ժողովրդի հավաքական կամքը՝ ինքնուրույնաբար պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճակատագրի համար: Հայաստանի և համայն հայության համար այդ ճակատագրական հարցի լուծումը նա, ըստ էության, լիովին վերահասցեագրում է Արևմուտքին: Ավելին, ՀԱԿ-ՀՀՇ-ի առաջնորդի դիրքորոշումն այս հարցում ճիշտ հակասում է խնդրո առարկայի շուրջ Ռուսաստանի Դաշնության մոտեցումներին: Մոտեցումներ, որոնք բազմիցս արտահայտվել են ՌԴ-ի նախագահ Դ.Մեդվեդևի և վարչապետ Վ.Պուտինի կողմից:  Նման հայտարարությամբ ի՞նչ խնդիր է ճգնում լուծել Տեր-Պետրոսյանը:

Վերջերս, հունիսի առաջին տասնօրյակին Ստամբուլում, Ասիայում վստահության ամրապնդման Միջազգային կոնֆերանսի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ադրբեջանցի հեռուստալրագրողի հարցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, նշեց. «Ես ինչպես համարել եմ, այնպես էլ հիմա պատրաստ եմ կրկնել՝ վստահ եմ բացարձակապես, որ այդպիսի բարդ, միջպետական սուր պրոբլեմների լուծումը, դրանց լուծման պատասխանատվությունը դրված է այդ երկրների ղեկավարության ուսերին: Միայն զույգ պետությունները, միայն երկու ժողովուրդները միմյանց հետ գործնական երկխոսությամբ կարող են գտնել երկուստեք ընդունելի հանգուցալուծումներ և զիջումներ… Գործընթացի մյուս բոլոր մասնակիցները կարող են հանդես գալ միայն որպես ընդունված պայմանավորվածությունների կատարման երաշխավորներ: Ահա այսպես է մտադիր գործել Ռուսաստանըե:

Ակնհայտ է, որ Լ.Տեր-Պետրոսյանը մի կողմից մեղմորեն շողոքորթում է Արևմուտքին՝ իբր մինչև Արևմուտքը չմիանա Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին, այս հարցում առաջընթաց ակնկալելն իզուր է: Մյուս կողմից, նա փորձում է մեր քաղաքացիների մտքում ենթագիտակցության մակարդակով նսեմացնել, փոքրացնել Ռուսաստանի դերը ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործում, մի երկրի, որը մեր ռազմավարական դաշնակիցն է և որն այս հարցում դրսևորում է սկզբունքայնություն և հետևողականություն, ինչն էլ մեծապես պաղեցնում է ապշերոնյան քաղաքական այրերի ռազմատենչ ավյունը: Դա փաստ է, որին ոչինչ հնարավոր չէ հակադրել:

ՀԱԿ-ՀՀՇ-ի առաջնորդի համագումարյան ելույթի եզրափակիչ հատվածն արժանի է հատուկ ուշադրության: Դատեք ինքներդ: Լևոնը բարբառում է. «Եթե ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա  առնվազն Եվրամիության երկրներից շատերն ինչ-որ կերպ համակերպվել են այս մտքին (առ այն, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը հանդիսանում է Ռուսաստանի ազդեցության գոտի - Ա.Գ.) և ակնհայտորեն մտադիր չեն ակտիվորեն միջամտելու Հարավային Կովկասի գործերին: Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Հետևաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում: Նման վարքագիծը կապված է ո°չ ցանկությունների, ո°չ էլ կողմնորոշումների, այլ բացառապես իրականության գիտակցման և քաղաքական ռեալիզմի հրամայականի հետե:

Այսպիսով, Լ.Տեր-Պետրոսյանը շատ ծանր է համակերպվում այն իրողությանը, որ Արևմուտքը «ինքնաօտարվել էե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի լուծումից: Ասել կուզի, թե նրան բացարձակապես չի գոհացնում Եվրախորհրդարանի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ 2010 թ. մայիսի 10-ին ընդունած որոշումը, ուր նշված է Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու, ինչպես նաև «հայկական զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերելուե մասին: Այս բանաձևի ընդունումից կարճ ժամանակ անց ակնհայտ դարձավ, որ ընդունված որոշումը ադրբեջանական իշխանություններին, Թուրքիայի օրհնությամբ, դրդեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հրահրել ռազմական գործողություններ: Այստեղ կա մի շատ կարևոր նրբերանգ՝ ՀԱԿ-ՀՀՇ-ի առաջնորդը հանդուրժողականորեն է գնահատում ԱՄՆ-ի դերակատարությունը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում: Դրա հետ մեկտեղ, դիմելով Եվրամիությանը, նա կարծես թե նախատում է ԱՄՆ-ին, որ վերջինս հաշտվել է այն մտքի հետ, թե Հարավային Կովկասը ընկալվում է որպես «Ռուսաստանի ազդեցության գոտիե:

Հիրավի, այստեղ մենք գործ ունենք բյուզանդական քաղաքականության վառ դրսևորման հետ,  միայն թե գավառական մակարդակով: Ըստ որում, իրեն եզակի ընդդիմադիր ուժ հռչակած ՀԱԿ-ի առաջնորդը սպառնում է, որ եթե զարգացումները ընթանան նույն հունով, ապա նա… գնահատելով իրականությունը՝ հարկադրված կլինի ենթարկվել «քաղաքական ռեալիզմի հրամայականինե:

Արտաշես Գեղամյան

«Ազգային Միաբանություն կուսակցությանե նախագահ