ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅԱՍՏԱՆ, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ

11.02.2010

Հիրավի, հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, ժամանակներ, երբ ՀԱԿ-ի «պայծառատեսները»  և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն գրեթե միաժամանակ են արձագանքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող ցանկացած հայտարարության: Հավատարիմ մնալով ավանդույթին` նրանք այս անգամ ևս անհապաղ արձագանքեցին Լոնդոն մեկնելու ճանապարհին Սերժ Սարգսյանի ուղերձին, որը նա ինքնաթիռից հղել էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Եթե Ահմեդ Դավութօղլուն հասկացել էր ուղերձում բարձրացված հարցերի, տրված գնահատականների լրջությունը թուրքական կողմի համար, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայիս «արտգործնախարար»  Վլադիմիր Կարապետյանը ուղերձի հրապարակումից ժամեր անց շտապել էր իր «հեղինակավոր»  կարծիքը փաթաթել էլեկտրոնային լրատվամիջոցների ընթերցողների վզով: Եթե դա սույն երիտասարդի կարծիքն է (ով, ի դեպ, վերջերս փայլեց անսպասելի լկտիությամբ), ապա դա հասկանալի ու ներելի է: Տղան ո՞ւմ հետ է ժամանակին աշխատել, որ ի՞նչ սովորեր:

Սակայն եթե դա ՀԱԿ-ի տեսակետն է, ապա ակամայից երկակի զգացում ես ունենում: Մի կողմից բավարարվածություն ես զգում, որ ՀՀ Նախագահի արտաքին քաղաքականության ախոյաններն աչքի են ընկնում հարցերը վերլուծելու և մեկնաբանելու բացարձակ մակերեսայնությամբ, երևույթ, որն ընդգծում է նրանց անվտանգ լինելը: Մյուս կողմից էլ մտահոգվում ես` մինչև երբ կարելի է հանդուրժել, որ ներկայիս խիստ բախտորոշ ժամանակաշրջանում մեր երկրի ազգաբնակչությունը պարտադրված լինի «սնվել» հիմնականում օտարի շահերը պաշտպանող, երկրի ներքին դիմադրողականությունը թուլացնող ուժերի քարոզչությամբ: Այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված թուրքական կողմի կայծակնային արձագանքը Սերժ Սարգսյանի ուղերձին, որտեղ մասնավորապես ասված է. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, և դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը»: Ի՞նչ է ասվածից հետևում: Սույն թվականի հունվարի 12-ին, երբ ՀՀ Սահմանադրական դատարանն ընդունեց հայ-թուրքական արձանագրությունների` Սահմանադրությանը համապատասխանելու մասին հայտնի որոշումը, թուրքական կողմը դրսևորեց աննախադեպ ակտիվություն խնդիր ունենալով վիժեցնել հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման ողջ գործընթացը: Թուրքական դիվանագիտության հայաստանյան ջատագովները խոր հիասթափություն ապրեցին, երբ ԱՄՆ Պետքարտուղարության գրեթե ողջ ղեկավար կազմը Հիլլարի Քլինթոնի գլխավորությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը դիտարկեց որպես առաջընթաց քայլ` արձանագրությունների վավերացման ճանապարհին:

Միարժեք դրական էր մեր ռազմաքաղաքական դաշնակից` Ռուսաստանի Դաշնության պաշտոնական արձագանքը, ինչպես նաև Եվրամիության, միջազգային այլ կառույցների կողմից տրված գնահատականները ՀՀ ՍԴ-ի ընդունած որոշմանը: ՀՀ Նախագահը, փաստորեն, նշելով, որ հարցը «գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում», հասկացնում է թուրքական կողմին, որ վերջիններս ՀՀ ՍԴ-ի որոշման գնահատման հարցում որդեգրած իրենց բացասական դիրքորոշումներով, ըստ էության, հակադրվում են միջազգային հանրության ընդհանրացված տեսակետներին: Ուստիև հայ-թուրքական արձանագրությունների վավերացման այս ժամանակաշրջանը շատ պատասխանատու է, որը, Սերժ Սարգսյանի բնութագրմամբ, «իրավամբ պատմական է և դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը»: Հաշվի առնելով ընթացող գործառույթներում միջազգային հանրության և պաշտոնական Երևանի գնահատականների համահունչ լինելու փաստը, ինքնին հասկանալի է, որ ՀՀ Նախագահն իր ուղերձում, ըստ էության, զգուշացնում է, որ արձանագրությունների վավերացումը ձախողվելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի թուրքական կողմի վրա: Ասելով, որ «երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ առանց նրանց միջնորդության դժվար կլիներ առաջընթաց գրանցել»

Սերժ Սարգսյանը դրանով իսկ փաստում է միջազգային հանրության և ՀՀ-ի կողմից կատարվածի երկուստեք դրական գնահատումը ի տարբերություն պաշտոնական Անկարայի դիրքորոշման: Ասել կուզի, որ թուրքական կողմը ձգձգելով արձանագրությունների վավերացումը, չի բաժանում մինչ այժմ տեղի ունեցածի շուրջ միջազգային հանրության վերաբերմունքը: Ուղերձում այս մտքին հաջորդող նախադասությամբ` «Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որքան էլ բարեկամ պետությունները շահագրգռված լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մեջ, չեն կարող անել այն, ինչ ի զորու են անել մեր երկու ժողովուրդները», ՀՀ Նախագահը թե՛ Աբդուլլահ Գյուլին, թե՛ միջազգային հանրությանը մեսիջ է ուղարկում: Դրա իմաստն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացումը համարելով անհրաժեշտ քայլ, Սերժ Սարգսյանը վերցնում է իր բաժին պատասխանատվությունը մեր ժողովրդին բացատրելու, համոզելու շատ դժվարին գործը և նմանատիպ մոտեցում է սպասում իր թուրք գործընկերոջից: Առավել համարձակ է նաև ՀՀ Նախագահի ուղերձի մեկ այլ գնահատականը. «Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ և թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձևավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին»:

Սերժ Սարգսյանը ՀՀ Մեծ Եղեռնի 95-ամյա տարելիցի նախաշեմին ուղերձով դիմելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, համայն աշխարհին ցուցանելի է դարձնում հայի տեսակի վեհանձն լինելու, քրիստոնեական դավանանքին հավատարիմ մնալու իրողությունը: Դրանով իսկ թուրքական կողմին նա կանգնեցնում է երկընտրանքի առջև: Կամ մտացածին պատճառաբանությամբ Թուրքիան վիժեցնում է արձանագրությունների վավերացումը, բացահայտելով իր իսկ կողմից 2008 թ. օգոստոսին հռչակած Հարավային Կովկասում Կայունության և զարգացման պլատֆորմի սին լինելը, ինչպես նաև արաբա-իսրայելական հաշտության միջնորդական իր առաքելության կեղծ լինելը, էլ չասենք Իրանի Իսլամական Հանրապետության և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորման առաքելության շինծույությունը: Քանզի հավատ չի կարող ներշնչել մի այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում լարվածություն է պահպանվում Հարավային Կովկասի տարածաշրջանում և դրան զուգահեռ արտաքին քաղաքականության մեջ հայտարարվում է «զրո պրոբլեմ հարևանների հետ», ավելին` մեր տարածաշրջանում Կայունության և զարգացման պլատֆորմի մասին: Երկրորդ հնարավոր տարբերակն այն է, որ թուրքական ներկայիս ղեկավարությունը` ի դեմս նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, արտգործնախարար Դավութօղլուի, նրանց թիկունքում կանգնած «Կայություն և զարգացում»  իշխող կուսակցության, իրենց մեջ ողջամտություն և քաղաքական կամք ու հեռատեսություն են գտնում` «հանդես բերելու վճռականություն, կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան»: Հենց դա էլ կոչ է անում Սերժ Սարգսյանն իր ուղերձում: Ի հեճուկս ՀԱԿ-ի «իմաստուն»  վերլուծաբանների, ինչպես նաև դարանակալած, ստվերում գործող այլ բախտախնդիրների, որոնք վերջին շրջանում զանազան դրածոների միջոցով ծղրտում են, ավարտելով խոսքս` ուզում եմ ասել. բարի վերադարձ Հայաստան, պարոն Նախագահ:

Արտաշես Գեղամյան

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ