ՈՉ ԹԵ ԽՈՍՔԵՐՈՎ, ԱՅԼ ԳՈՐԾՈՎ

31.07.2018, Հայոց աշխարհ

2018թ. ամառային արձակուրդների շրջանը լուրջ մտորումների ժամանակ է դարձել «եղելությունների եւ խոհերի» (մոտավորապես այնպես, ինչպես Գերցենի մոտ է) մասին, որոնք աչքերիդ առջեւ վերստեղծում են անցած վերջին տասնամյակների հայաստանյան կյանքի համայնապատկերը։

Մտովի տեղափոխվում եմ անցած դարի 80-ական թթ. վերջ-90-ական թթ. սկիզբ։ Աչքերիս առջեւ հառնում է չարագուշակ ամսաթիվը՝ 1990թ. հունվարի 13։ Հենց այդ օրը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում սկսվեցին բնիկ հայ ժողովրդի զանգվածային ջարդերը։ Միայն 1990թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը խորհրդային բանակը, այնուամենայնիվ, զորք մտցրեց Բաքու։ Հենց այդ ժամանակ էլ հրաշքով փրկված տասնյակ հազարավոր հայեր փախուստի դիմեցին Հայաստան։

Մեր անձնազոհ բուժաշխատողները տագնապով լի այդ օրերին օր ու գիշեր, տառացիորեն ինքնաթիռների սանդուղքների մոտ դիմավորում էին Բաքու-Երեւան չվերթի ուղեւորներին։ Հենց վայրէջքուղու վրա հատկապես կարիք ունեցողներին առաջին բուժօգնություն էր ցուցաբերվում, իսկ նրանց, ովքեր կարող էին ինքնուրույն շարժվել, ուղեկցում էին մինչեւ շտապօգնության մեքենաներ կամ օդանավակայանի շենքում սարքավորված հատուկ վերականգնողական կենտրոններ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի «Շտապ օգնության» ամբիոնի վարիչ, հրաշալի և բարեսիրտ պրոֆեսոր Արա Միքայելի Մինասյանը, Ռուսաստանի ռազմական «Էրեբունի» օդակայանի թռիչքային ռազմական բազայի հրամանատար, օդաչու աս, գնդապետ Ալեքսանդր Գեորգիի Պետրովը, Արտաշես Գեղամյան ավագը և Արտաշես Գեղամյան կրտսերը (Երևան, հունիս, 2014 թ.):

 

Ընթերցողը, բնականաբար, կարող է հարց տալ. իսկ ինչո՞ւ այս ամենի մասին չէի գրել կամ հիշատակել իմ ելույթներում կամ հոդվածներում։ Բանն այն էր, որ Բաքվից փախստականների բուժօգնության ցուցաբերման կազմակերպիչն ու համակարգողը Երքաղխորհրդի գործադիր կոմիտեի առողջապահության վարչության պետ, մեծարգո Արա Մինասյանն էր։ Այն դաժան ժամանակներում տողերիս հեղինակը Երեւանի քաղաքապետն էր, եւ ինձ Արա Մինասյանի հետ կապում էր ոչ միայն համատեղ աշխատանքը Երքաղխորհրդի գործադիր կոմիտեում, այլեւ վաղեմի համատեղ աշխատանքը Հայկական ԽՍՀ ուսանողական կազմակերպություններում (XX դարի 70-ականների վերջին ես ՀԼԿԵՄ Կենտկոմի ուսանող երիտասարդության բաժնի վարիչն էի, իսկ Արա Մինասյանը՝ Երեւանի բժշկական ինստիտուտի ուսգիտխորհրդի նախագահը)։

Բայց մեր բարեկամությունն ավելի խոր արմատներ ուներ։ Նրա հորը՝ Մկրտիչ Մինասյանին, նրա աներոջը՝ Գրիգոր Հասրաթյանին (ըստ իս՝ Երեւանի ամենատաղանդավոր քաղաքապետն է եղել մեր մայրաքաղաքի ողջ խորհրդային պատմության ընթացքում) եւ հորս՝ Մամիկոն Գեղամյանին, ժամանակի փորձությունն անցած բարեկամություն էր կապում։

Եվ նորից հարգարժան ընթերցողը տարակուսելով կարող է հարցնել՝ այդ դեպքում առավել եւս ես պետք է չլռեի Արա Մինասյանի ու նրա գործընկերների կողմից փրկված հարյուր եւ հազարավոր մեր բաքվեցի հայրենակիցների կյանքերի մասին։ Չեմ ձանձրացնի ընթերցողին. Արա Միքայելովիչի ավագ որդին՝ Միքայելը (այժմ արդեն կարելի է համարձակորեն ասել), անվիճելի է՝ տաղանդավոր եւ բարձրամակարդակ դիվանագետը, եւ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի դուստրը՝ հիասքանչ Անուշը, Բաքվի իրադարձություններից տարիներ հետո դարձան ամուսիններ։ Եվ ահա, կանխատեսելով ոչ անհայտ անհաջողակների՝ քաղաքականության դուրսպրծուկների անտաշ արձագանքը, իրենց էժանագին հարձակումների ողջ զինանոցն իմ հասցեին, որոնք շարունակվում են ահա արդեն երեք տասնամյակ, ես ձեռնպահ եմ մնացել Արա Մինասյանի՝ իր կյանքի սխրանքն լուռ իրականացնող մարդու աշխատանքային առօրյայի մասին ողջ ճշմարտությունը պատմելուց։

   Մի խոսքով՝ «սեփական մաշկիս մասին» յուրովի մտածելն ու Սերժ Սարգսյանի հանդեպ ստորաքարշության եւ պնակալիզության մեջ «մեղադրված լինել» չցանկանալը դրդել են ինձ լռել այս ողջ ընթացքում։ Ընդ որում՝ համոզված էի, որ հնարավոր քննադատներս զանգվածաբար կլինիկական հիշողության կորստի մեջ կհայտնվեին, եթե հիշատակեի Արցախի ազատագրական պատերազմի տարիներին Արա Մինասյանի բարձր պրոֆեսիոնալ եւ անձնազոհ գործունեության մասին՝ արդեն «Շտապօգնություն» գիտաբժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի պաշտոնում։

   Մտաբերում եմ, թե ինչպես մի անգամ պատահաբար «Շտապօգնության» կլինիկայում ինձ հանդիպեց Արցախյան պատերազմի հայտնի ժողովրդական հերոսի՝ ամենաանվախ կամավորական ջոկատներից մեկի հրամանատար, ողբերգականորեն զոհված Վոժդի դուստրը։ Իմ տագնապահույզ հարցին՝ հո բան չի՞ պատահել, ի՞նչն է նրան հիվանդանոց բերել, հերոս ֆիդայու աղջիկը, թեթեւակի շառագունելով, լուսավոր ժպիտով պատասխանեց. «Չէ, պարզապես հորս կարոտն ու նրա կորստի ցավը մեղմում եմ նրա ընկերոջ՝ պրոֆեսոր Արա Մինասյանի հետ շփվելով»։

   Այդ հանդիպումից հետո արդեն աչքերիս առջեւ ասես սկսեցին վերակենդանանալ հերոսաբար զոհված հայ ֆիդայիների՝ Արցախի ազատատենչ ժողովրդի ազատագրության համար պայքարող մարտիկների վառ կերպարները, որոնցից շատերը նույնպես հպարտանում էին քնքշորեն մեր մեծ ախպեր, դոկտոր, մեծատառով մարդ անվանվող պրոֆեսոր Արա Միքայելովիչ հետ իրենց ծանոթությամբ ու բարեկամությամբ։ Երբ գրում եմ այս ամենի մասին, բնավ նպատակ չեմ հետապնդում դառնալ հարգարժան պրոֆեսոր Արա Մինասյանի կենսագիրը։

   Ոչ, այդ առաքելությունն իմ ուժերից վեր է, քանզի ես չեմ կարողանա լիովին ներկայացնել հազարավոր ֆիդայիների, Հայաստանի հասարակ քաղաքացիների երախտագիտությունը, ովքեր հանձին նրա տեսել եւ շարունակում են տեսնել իրականում, եւ ոչ թե խոսքերով ու հաճախ՝ անտեղի, կիրառվող արտահայտությունը՝ նոր վերածնված Հայաստանի Հանրապետություն, որտեղ հիրավի բարձր օրինավորության եւ հասարակ մարդկանց հանդեպ կարեկցանքի մարմնացումն է հանդիսանում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Մինասյանը։

  

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր

Последние видеоматериалы

Новые книги