ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱԿ ԱԿԱՆ Է ԴՐՎԱԾ

05.07.2018, Հայոց աշխարհ

 

Հունիսի 25-29-ը Աթենքում, Հունաստանի խորհրդարանում տեղի ունեցավ Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովի 25-րդ հոբելյանական գլխավոր խորհրդաժողովը՝ «Խորհրդարանական դեմոկրատիան եւ քրիստոնեական արժեքները. Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովը (ՈՒՄՎ) 25 տարեկան է» թեմայով։

Գլխավոր վեհաժողովի աշխատանքին մասնակցում էին Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի 23 երկրների խորհրդարանների պատգամավորներ։

ՈՒՄՎ գլխավոր խորհրդաժողովի լիագումար նիստում ելույթ ունեցավ նաեւ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։

«Այսօրվա դրությամբ կարելի է առանց չափազանցության պնդել, որ միջազգային հարաբերությունների տակ ական է դրված, որը ամեն պահի կարող է աշխարհը ներքաշել պատերազմի մեջ։ Ինչ նկատի ունեմ։ Առաջին հերթին, առեւտրային պատերազմի սկիզբը մի կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ մյուս կողմից՝ Եվրոպայի միջեւ, ԱՄՆ բավական բարդ հարաբերությունները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Ռուսաստանի հետ։

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, բերեմ սոսկ մի քանի թիվ։ ԱՄՆ համախառն ներքին արդյունքը 2017թ. արդյունքներով կազմել է 19 տրլն 284 մլրդ դոլար։ Պետական արտաքին պարտքն այսօրվա դրությամբ (ելույթից առաջ նայել էի Նյու Յորքում այդ ցուցանիշի on-line դինամիկայի տվյալները) կազմում է 21 տրլն 160 մլրդ դոլար (նշենք, որ ԱՄՆ պետական պարտքը Օբամայի իշխանության գալու ժամանակ կազմում էր մոտ 10 տրլն դոլար)։ Այսինքն՝ ներկայում ԱՄՆ պետական պարտքը կազմում է ՀՆԱ 109,7%-ը կամ ԱՄՆ ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի գերազանցումը կազմում է ավելի քան 800 մլրդ դոլար։

Պակաս տագնապալի չէ իրավիճակը նաեւ այդ երկրի արտաքին առեւտրում։ 2017թ. ԱՄՆ առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է 566 մլրդ դոլար, ընդ որում՝ Չինաստանի հետ առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է 375,2 մլրդ դոլար, Եվրամիության հետ՝ 151,4 մլրդ դոլար, Մեքսիկայի հետ՝ 71,1, Ճապոնիայի հետ՝ 68,8, Կանադայի հետ՝ 17,6 մլրդ դոլար։ Ուստի պողպատի եւ ալյումինիումի ներմուծման մաքսատուրքերի աճը պատահական չէ, որ առնչվել է հենց այս երկրներին։ Եվ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որդեգրել է ամեն գնով ԱՄՆ պետական պարտքը եւ առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը նվազագույնի հասցնելու ուղեգիծ։

Ուստի բնավ պատահական չէ, որ այս նպատակով Միացյալ Նահանգները բարձրացրել է պողպատի (մինչեւ 25%) եւ ալյումինի (մինչեւ 10%) ներմուծման առեւտրային մաքսատուրքերը։ Այս թվերը նշում եմ նրա համար, որ ԱՄՆ ղեկավարությունն ըստ երեւույթին գիտակցում է, որ սոսկ դիվանագիտական պայմանավորվածություններով ԱՄՆ պետական պարտքն ու առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը նվազագույնի հասցնելն անհնար կլինի։ Իսկ դրա համար, ամերիկյան ստրատեգների կարծիքով, հարկավոր է ստեղծել լարվածության օջախներ ողջ մոլորակում, որոնք ԱՄՆ-ը կդարձնեն հուսալի խաղաղ հանգրվան կապիտալի ներհոսքի համար եւ դրականորեն կազդեն այդ երկրի արտաքին առեւտրի վրա։

Ցավոք, լարվածության այդ հնարավոր օջախներից մեկը կդառնա մեր տարածաշրջանը, որտեղ մեր աչքերի առջեւ հասունանում է պայթյունավտանգ իրավիճակ, մասնավորապես՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջեւ։ Այս տարածաշրջանը բնավ էլ պատահաբար չի ընտրվել։ Բավական է ասել, որ մեր հարեւանությամբ է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը կրկին ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցներին, որը դուրս է եկել 2015թ. ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Իրանի միջեւ կնքված իրանական միջուկային ծրագրի գործարքից։

Եվ ահա, Իրանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ ծավալվող իրադարձությունների վերլուծությունը վկայում է, որ այսօր մեր տարածաշրջանում Ադրբեջանի գործողությունների պատճառով պատերազմ է հասունանում։ Այ, մեր վրացի գործընկերներն այստեղ խոսում էին արդիականության գլոբալ հիմնախնդիրների լուծման գործում Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովի ավելի լայն մասնակցության անհրաժեշտության, պահանջվածության մասին։

Լիովին համամիտ եմ նրանց հետ եւ հենց այս համատեքստում էլ խնդրում եւ հորդորում եմ ՈՒՄՎ գործընկերներիս՝ այսօր նախազգուշացնել Ադրբեջանին, նրա թիկունքում կանգնած Թուրքիային վտանգավոր գործողություններից, որոնք կարող են վերաճել պատերազմի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Բոլորին է հայտնի, որ Թուրքիան է Ադրբեջանի տիկնիկավարը, եւ որպեսզի պատերազմ՝ նոր ղարաբաղյան պատերազմ չսկսվի, մենք բոլորս պետք է առաջին հերթին նախազգուշացնենք Թուրքիային՝ սադրիչ քաղաքականություն չվարել։

Վախից կամ սարսափից չէ, որ խոսում եմ այս մասին։ Բնավ ոչ, քանի որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ի տարբերություն Ադրբեջանի, կռվելու են ոչ թե տարածքի, այլ իրենց Հայրենիքի համար։ Ուստի այս ամբիոնից կրկին ուզում եմ հայտարարել, որ 21-րդ դարում անմեղ զինվորների՝ ինչպես հայ ու արցախցի, այնպես էլ ադրբեջանցի զինվորների արյունը հեղելը՝ սոսկ Ադրբեջանի ղեկավարության աշխարհաքաղաքական նկրտումներին հագուրդ տալու համար, անաքրոնիզմ է։ Ներկայում Ադրբեջանը բացահայտ պատրաստվում է պատերազմի։

Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, մեջբերումներ կատարեմ ոչ թե թերթային հրապարակումներից, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթից, որը բոլորովին վերջերս՝ ս.թ. մայիսի 16-ին, Նախիջեւանի ուսուցիչների ինստիտուտի կոլեկտիվի առջեւ ունեցած ելույթում ասել էր. «Դուք ապրում եւ արարում եք այստեղ թշնամու հետ դեմ-հանդիման... Նախչիվանում տեղակայված արդիական սպառազինությունը, այդ թվում հեռահար գործողության հրթիռները, կարող են ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական թիրախ։ Այսինքն՝ լիովին ապահովված են անվտանգության հարցերը»։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ պատերազմի կոչ։

Ադրբեջանի նախագահի այս ռազմատենչ բացականչությունն օրեր անց որսաց նաեւ այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նա հայտարարեց, թե «ադրբեջանական բանակը պատրաստ է ամեն պահի կատարել օկուպացված տարածքների ազատագրման եւ երկրի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը։ Այս խնդրի կատարման հրամանը քաղաքական հարց է, եւ նման հրաման կտրվի ամենահարմար պահին՝ միջազգային քաղաքական իրադրության հաշվառմամբ»։ Այսինքն՝ պատերազմն սկսելու համար ադրբեջանական կողմը «հարմար պահի» է սպասում։

Ցավոք, եթե ռազմական գործողություններ սկսվեն Հարավային Կովկասի տարածաշրջանում, ապա դա կարժանանա համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնի հավանությանը, որը խիստ շահագրգռված է, որպեսզի «զսպի» իբր միջուկային գործարքը խախտած Իրանին՝ պետություն, որը մարմնավորում է հնագույն մի քաղաքակրթություն, եւ որն այսօր, որպես Իրանի Իսլամական Հանրապետություն, ամենաբարեկամական հարաբերություններն ունի հնագույն քրիստոնեական այնպիսի քաղաքակրթության հետ, ինչպիսին է Հայաստանը։ Երկիր, որը դեռեւս 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Թող որ մեր բոլորի՝ ժամանակակից հասարակությունում քրիստոնեական արժեքներ կրողներիս կողմից իմ ելույթն ընկալվի որպես պատերազմ թույլ չտալու կոչ։ Այլապես հերթական անգամ մենք կդառնանք եւս մեկ խաղաղարար առաքելության կազմակերպման վկաներն այն բանից հետո, երբ նոր ադրբեջանական ագրեսիա կսկսվի, այն բանից հետո, երբ կսկսվի Ադրբեջանի պատերազմը Հայաստանի եւ Արցախի դեմ։

Եվ ինչո՞ւ մենք, որ ակնկալում ենք Ադրբեջանի հայտնի ռազմատենչ քաղաքական գործիչների հնարավոր արկածախնդրությունը, չկանխենք պատերազմի սանձազերծումն արդեն հիմա, քանի դեռ նրանք ռազմական ագրեսիան չեն սկսել, եւ մեր վճռական «ոչ»-ը չասենք Արցախ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմի հրահրիչներին, թեկուզեւ այն պատճառով, որ դա հղի է, ոչ ավել, ոչ պակաս՝ 3-րդ համաշխարհային պատերազմի սանձազերծմամբ։ Եվ սա չափազանցություն չէ»։

Գլխավոր խորհրդաժողովի աշխատանքի արդյունքներով ընտրվեց ՈՒՄՎ նախագահ։ Վեհաժողովի նախագահ դարձավ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական եւ կրոնական միավորումների հարցերի կոմիտեի նախագահ Սերգեյ Գավրիլովը։ Նորացվեց նաեւ ՈՒՄՎ Միջազգային քարտուղարությունը, որի կազմի մեջ ընտրվեց ՈՒՄՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը։

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ,

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

www.amiab.am

Последние видеоматериалы

Новые книги