ԻՆՉՊԵՍ ԱՇԽԱՏԵԼ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ     

29.03.2018, Հայոց աշխարհ

 

Նկարում՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորներ Կոնստանտին Ֆեոդորովիչ Զատուլինը, Վիկտոր Պետրովիչ Վոդոլացկին, Վլադիմիր Իվանովիչ Կատենևը, Պավել Վալենտինովիչ Շպերովը, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի աշխատակազմի ղեկավար Միխայիլ Իոսիֆովիչ Կրոտովը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գևորգի Աշոտյանը, Արտաշես Մամիկոնի Գեղամյանը, Արարատ Անուշավանի Զուրաբյանը, Հերմինե Միքայելի Նաղդալյանը (Երևան, 26 մարտի 2018թ.)

 

Կասկածից վեր է, որ ներկայում աշխարհում ստեղծված պայմաններն արմատապես տարբերվում են 2015թ. սկզբի՝ հունվարի պայմաններից, երբ Հայաստանը մտավ Եվրասիական տնտեսական միություն։

   Բավական է ասել, որ այժմ աշխարհը թեւակոխել է սառը պատերազմի փուլ։ Ընդ որում, մեծ է դրա՝ թեժ պատերազմի վերածվելու վտանգը։ Դրա համար բավական է կարդալ իրենց իսկ՝ ամերիկացի քաղաքագետների, մասնավորապես ամերիկյան նախկին բարձրաստիճան դիվանագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության տեսաբաններից մեկի՝ Ռիչարդ Հաասի վերլուծական նյութերը։

   Ըստ նրա, ԱՄՆ-ը այժմ իր արդի պատմության «ամենավտանգավոր պահն» է ապրում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը միաժամանակ երեք ճակատով պատերազմ է վարում. «Դոնալդ Թրամփն այժմ տրամադրված է պատերազմ վարել երեք ճակատով՝ քաղաքական պայքար ընդդեմ Բոբ Մյուլլերի (Ռոբերտ Մյուլլեր, հատուկ դատախազ, որը հետաքննում է Դոնալդ Թրամփի «ռուսական դոսյեն»), տնտեսական՝ ընդդեմ Չինաստանի, առեւտրային այլ գործընկերների, ինչպես նաեւ իսկական՝ ընդդեմ Իրանի եւ Հյուսիսային Կորեայի։ Սա ամերիկյան արդի պատմության ամենավտանգավոր պահն է, այն զգալի չափով հրահրել ենք մենք ինքներս, այլ ոչ թե ինչ-որ իրադարձություններ»։ Բայց հարցն այն է, որ մենք գործ ունենք միջազգային լարվածության չթուլացման երկարաժամկետ հեռանկարի հետ, եւ նման եզրահանգման գալը խորքային տնտեսական պատճառներ ունի։

   Բավական է նշել, որ Միացյալ Նահանգների դաշնային արտաքին պարտքը գերազանցել է 20 տրիլիոն դոլարը, ինչը կազմում է այդ երկրի ՀՆԱ 107,48 տոկոսը։ Ինչպե՞ս է ԱՄՆ-ը դուրս գալու պարտքի այդ փոսից։ Նշենք նաեւ, որ ԱՄՆ դաշնային (պետական) պարտքը առաջիկա տասնամյակներին աճելու է։ Այսպես, ԱՄՆ Դաշնային բյուջեի դեֆիցիտը 2018 ֆինանսական տարում, որը սկսվել է 2017թ. հոկտեմբերի 1-ից, հավասար կլինի 832 մլրդ դոլարի, իսկ 2019թ.՝ 984 մլրդ դոլարի, ընդ որում՝ բյուջեն կազմելիս նախատեսվում էր ԱՄՆ տնտեսության կայուն երեք տոկոսանոց աճ։ Եթե դա տեղի չունենա, ապա ԱՄՆ դաշնային պարտքը էլ ավելի մեծ կլինի։

   Այստեղ տեղին է հիշել Միացյալ Նահանգների քառասուներորդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի խոսքերը, որը մի առիթով նկատել էր. «Մենք տրիլիոն դոլարի պարտք ունենք ոչ այն պատճառով, որ հարկերի բավականաչափ քանակություն չունենք։ Մենք տրիլիոն դոլարի պարտք ունենք, որովհետեւ մենք չափից շատ ենք ծախսում»։

   Իսկ հիմա, ինչպես արդեն ասվեց, ԱՄՆ դաշնային պարտքը անցել է 20 տրլն դոլարը եւ առաջիկա տարիներին կշարունակի ավելանալ։ Այսինքն՝ նորից լրիվ թափով գործի կդրվի ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տպագրասարքը։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ ինչպես 2018թ., այնպես էլ 2019-ին ԱՄՆ Դաշնային բյուջեի ծախսերն ամփոփ տեսքով 1 տրլն 816 մլրդ դոլարով կգերազանցեն բյուջեի եկամուտները։ Եվ այս ամենը հնարավոր է լոկ ԱՄՆ դոլարի գերակայության շնորհիվ՝ որպես համաշխարհային հիմնական պահուստային արժույթ։

   Բնականաբար նման իրադրությունը չի կարող բավարարել այնպիսի տերությունների, ինչպիսին են Ռուսաստանը եւ Չինաստանը, ի դեպ՝ ինչպեսեւ արագ զարգացող տնտեսություն ունեցող այլ երկրների, որոնք չեն կարող համակերպվել այն բանի հետ, որ ի հաշիվ իրենց երկրների հարկատուների՝ նրանք ակամա պահում են ԱՄՆ քաղաքացիների տնտեսապես չապահովված բարձր կենսամակարդակը։

   Վտանգավոր գծին է մոտենում նաեւ Եվրոպական միության լոկոմոտիվ երկրների պետական արտաքին պարտքը։ Այսպես, Գերմանիայի արտաքին պարտքը (2016թ. մարտի 31-ի դրությամբ) կազմել է 5 տրլն 326 մլրդ դոլար այն դեպքում, երբ այդ երկրի ՀՆԱ-ն՝ ըստ գնողունակության պարիտետի, կազմել է 4 տրլն 150 մլրդ դոլար (2017թ. արդյունքներով), այսինքն՝ ՀՆԱ 128,3%-ը, Ֆրանսիայի արտաքին պարտքը կազմել է 5 տրլն 360 մլրդ դոլար (2016թ. մարտի 31-ի դրությամբ), այն դեպքում, երբ ՀՆԱ-ն, ըստ ԳՈՒՊ-ի, կազմել է 2 տրլն 880 մլրդ դոլար (2017թ. արդյունքներով) կամ ՀՆԱ 189,7%-ը, Իտալիայում արտաքին պարտքը կազմել է 2 տրլն 444 մլրդ դոլար (2016թ. մարտի 31-ի դրությամբ), երբ ՀՆԱ-ն, ըստ ԳՈՒՊ-ի, կազմել է 2 տրլն 307 մլրդ դոլար (2017թ. արդյունքներով) կամ ՀՆԱ 105,7%-ը։

   Կուզենայի ուշադրություն հրավիրել Մեծ Բրիտանիայի համապատասխան ցուցանիշների վրա։ Այսպես, այդ երկրի ՀՆԱ-ն, ըստ ԳՈՒՊ-ի, 2 տրլն 880 մլրդ դոլար (2017թ. արդյունքներով) պարագայում Մեծ Բրիտանիայի արտաքին պարտքը 2016թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է 8 տրլն 126 մլրդ դոլար կամ ՀՆԱ 282,2%-ը։ Այսպիսով, եվրոգոտու առաջատար պետությունները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիան կուտակել են այդ երկրների ՀՆԱ-ն էապես գերազանցող պետական պարտք։

   Վերոնշյալ պետությունները, համաշխարհային պահուստային արժույթ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի պարագայում՝ եվրո, Մեծ Բրիտանիայի պարագայում՝ ֆունտ ստեռլինգ թողարկող երկրներ լինելով, անշուշտ, ինչպեսեւ ԱՄՆ-ը, որոշակի մեծ առավելություններ ունեն՝ ազգային արժույթով իրենց բյուջեների, վճարային հաշվեկշռի դեֆիցիտի ծածկման հնարավորություն։ Այդ հնարավորությունը, իր հերթին, օժանդակում է այդ երկրների ազգային արտադրողների դիրքերի ամրապնդմանը համաշխարհային շուկայի մրցակցային պայքարում։ Սրա հետ, անկասկած, չեն ցանկանում հաշտվել ո՛չ Չինաստանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ աշխարհի զարգացող մյուս տնտեսությունները։

   Նման դիմակայությունը, համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների որոշ ստրատեգների կարծիքով, կարելի կլինի հանգուցալուծել, եթե, օրինակ, ներսից խափանվի Եվրասիական տնտեսական միությունը՝ ապակայունացնելով իրավիճակը ԵԱՏՄ անդամ երկրներում։ Եվ իհարկե, դրված է, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնությունում իրավիճակն ապակայունացնելու խնդիրը։ Սակայն նշենք, որ մարտի 18-ին Ռուսաստանի նախագահի ընտրություններից հետո ապակայունացման եւ կառավարելի քաոսի վերաբերյալ այդ ռազմավարների ակնկալիքները հօդս ցնդեցին, բայց Ռուսաստանի դաշնակից երկրներում վիճակն ապակայունացնելու կամ էլ նրանց միջեւ վստահությունը սասանելու այդ հարցերը բնավ հանված չեն համաշխարհային քաղաքականության ուժի որոշ կենտրոնների օրակարգից։

   Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ մարտի 15-ին Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների՝ Աստանայում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ հրապարակված հոդվածների եւ դրանց մեկնաբանությունների խորագրերի առատությանը։ Ինչպես նշվում էր էլեկտրոնային պարբերականներից մեկում, «վերջերս հանդիպեցին (Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարները- Ա.Գ.)՝ առաջին անգամ առանց Ռուսաստանի մասնակցության՝ տարածաշրջանի երկրների միջեւ միասնականություն, անկախություն եւ համագործակցություն ցուցադրելով, ասում են տնտեսագետները եւ քաղաքագետները»։

   Մտահոգիչ է, որ Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի նախագահները եւ Թուրքմենստանի խորհրդարանի նախագահը համակարծիք էին այն հարցում, թե «ամենագլխավորն այն է, որ մենք ունենք ընդհանուր ըմբռնում եւ ցանկություն՝ ընդլայնելու մեր գործընկերությունը, եւ ընդառաջ գնալ մեկս մյուսին։ Ուստի մենք պայմանավորվեցինք ամեն տարի մեզ համար մեծ տոնի՝ Նովրուզի (մահմեդականների ժողովրդական տոն, որը նվիրվում է գարնանային գիշերահավասարին) նախօրեին կանոնավոր կերպով նման հանդիպումներ անցկացնել»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է Նուրսուլթան Նազարբաեւը՝ համաձայն նրա պաշտոնական կայքում արված հայտարարության։

   Վերջին ժամանակներս դժվարացել են առեւտրային հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ այն բանից հետո, երբ ս.թ. մարտի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց կարգադրություն պողպատի ներկրման 25% եւ ալյումինի ներկրման 10% մաքսատուրք մտցնելու մասին։ ԳԴՀ նախարարների կաբինետի ներկայացուցիչ Գեորգ Շթրայթերն ասել է. «Մենք այդ մաքսատուրքերը համարում ենք հակաօրինական, մենք կքննարկենք, թե ինչպես արձագանքենք դրանց... Դրանք պարույրը ձգելու վտանգ են պարունակում... Միակողմանի միջոցների ընդունումը պողպատաձուլման եւ ալյումինի արդյունաբերության մեջ ավելորդ արտադրահզորությունների խնդրի լուծման սխալ ճանապարհ է»։ Մաքսատուրքեր մտցնելը, իհարկե, զայրացրեց Եվրոպային, ուստի ԱՄՆ-ը ստիպված էր հայտարարել մինչեւ ս.թ. մայիսի 1-ը այդ տուրքերը մտցնելու ժամկետը հետաձգելու մասին։

   Կարծում եմ, մեզ համար կարեւոր է հասկանալ, որ լարված հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ երկարատեւ բնույթ են ունենալու։ Ես կարծում եմ, որ բնավ հարթ չեն լինելու նաեւ առեւտրային հարաբերություններն ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ։

   Ահա, այս իրողությունների պայմաններում մենք պետք է աշխատենք, ավելին՝ կարողանանք կշռադատված, գրագետ ձեւով պատասխանել ԵԱՏՄ-ի վրա անխուսափելի հարձակումներին։ Ըստ իս, դա փայլուն հաջողվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որովհետեւ նա նրբին աշխատանք է տանում Արեւմուտքի գործընկերների հետ։ Հայաստանը, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը լինելով, մշտապես հայտարարում է այդ մասին։

   Միաժամանակ մեր երկրի քաղաքական ղեկավարությունն ընդգծում է, որ դա բնավ չի նշանակում, թե Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները կհանգեցնեն, մասնավորապես, Հայաստանի եւ Եվրամիության, Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ համաշխարհային քաղաքականության ուժի այլ կենտրոնների միջեւ հարաբերությունների սառեցմանը։ Եվ ահա այս համատեքստում էլ, ըստ իս, պետք է իրականացվի ժողովրդական դիվանագիտությունը, որն արդեն մեկ տարի չէ, ինչ կազմում է Հայաստանի հանրային դիվանագիտության բովանդակությունը։ Այն պետք է հենվի այդ երեւույթի վրա, որ չկան անհաղթահարելի հակասություններ պետությունների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ։

   Դրա վկայությունն է այն փաստը, որ Ռուսաստանի մերձավորագույն դաշնակիցը՝ Հայաստանը, կառուցել եւ կառուցում է բնականոն, կառուցողական փոխհարաբերություններ Եվրոպական միության հետ։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի եւ Եվրամիության 25-ամյա հարաբերությունների կարեւոր շրջադարձային պահ դարձավ 2017թ. նոյեմբերին Բրյուսելում «Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի» ստորագրումը։

  

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր