ՆԱՎԹՆ ՈՒ ԳԱԶԸ ԴՅՈՒՐԱՎԱՌ ԵՆ

Եվ երկար են այրվում

20.02-21.02.2018, Հայոց աշխարհ

Եվ այսպես. փետրվարի 8-ին` «Ենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում, որին մասնակցում էին ԵԱԿ-ն ներկայացնող 700 հազար անդամների պատվիրակները, ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Կարելի էր եւ անուշադրության մատնել սույն փաստը, եթե չլիներ մի շատ կարեւոր հանգամանք, այն է՝ չնայած ապշերոնցի հռետորի ելույթում տեղ գտած գնահատականների, մեղմ ասած, անհավասարակշռության ակնհայտ նշանների առատությանը՝ երկար տարիների ընթացքում առաջին անգամ նրա խոսքում նկատվեց ամենամոտ ապագային միտված գործողությունների հստակ ռազմավարություն։

    Ռազմավարություն, որի հեղինակն, անկասկած, Ի.Ալիեւը չէ։ Նա ընդամենը գործիք է տիկնիկավարների ձեռքին, որոնք երազում են ապակայունացնել իրադրությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում եւ Իրանում, այլեւ Ռուսաստանի Դաշնության հյուսիսկովկասյան հանրապետություններում։

   Ընթերցողն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ ի՞նչ կապ ունի այստեղ ԵԱԿ VI համագումարում ապշերոնցի սուլթանի արտասանած ճառը։ Այս հարցին պատասխանելու համար մի քանի մեջբերում կատարենք այդ «պատմական» ելույթից։

   «Պետք է նշեմ նաեւ, որ մենք չպետք է մոռանանք եւ չենք մոռանում մեր պատմական հողերը։ Դա պետք է դառնա մեր հետագա գործունեության կողմնորոշիչը, ինչպես եւ մենք այսօր էլ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մեր պատմական հողերն են Իրեւանի խանությունը, Զանգեզուրը, Գեյչան։ Այս մասին պետք է իմանա ե՛ւ երիտասարդ սերունդը, ե՛ւ ողջ աշխարհը։ Ուրախ եմ, որ այս հարցի՝ մեր բուն հողերի պատմության հետ կապված, այսօր ստեղծվում են պատկառելի գիտական աշխատություններ, նկարահանվում են ֆիլմեր, կազմակերպվում են ցուցահանդեսներ։

   Առաջիկա տարիներին մենք պետք է ավելի ակտիվ լինենք այս ուղղությամբ, աշխարհի տարբեր անկյուններում պետք է իրականացվեն ցուցահանդեսներ, շնորհանդեսներ։ Որովհետեւ Իրեւանը մեր պատմական հողն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողեր։ Սա մեր քաղաքական եւ ռազմավարական նպատակն է, եւ մենք պետք է մոտենանք դրան»։

   Այո, նման բան կարդալով կարելի է հասկանալ սույն մտավարժանքին ռուս հայտնի հրապարակախոս Ալեքսանդր Նեւզորովի գնահատականի օբյեկտիվությունը, որը նա տվել է փետրվարի 14-ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերից, իր հեղինակային «Նեւզորովյան չորեքշաբթիներ» հաղորդման ժամանակ. «Այնտեղ մենք ունենք հարգելի Ալիեւին, որը պարզապես, թվում է, վտանգավոր գիժ է՝ Երեւանի մասին իր խոսակցություններով... Կա մոլագար Էրդողանը... Պորոշենկոն մի առանձին պտուղ է։ Կա զզվելի Ասադը։ Բայց անգամ այս պերսոնաժների ֆոնին մենք ունենք այդ վտանգավոր գժին Ադրբեջանում։ Այ, նրան ես ոչ թե ածելի, անգամ մեկ սանտիմետրից ավելի մեծ մեխ թույլ չէի տա, որ տային, եւ ավելի լավ կլինի առհասարակ դրանց փոխարեն ատամփորիչ տալ հարգարժան Իլհամին։

   Նա չէ՞ որ տեսակետ է հայտնել, թե հարկավոր է վերամիացնել Երեւանը, վերադարձնել։ Դե, ասենք թե՝ լավ, նախագահական մառազմ է, նախագահական հնարք։ Բայց անմիջապես վրա տվեցին ակադեմիկոսները, պատմաբանները եւ հիմնավորեցին, պետք է ասել, նախագահական այդ զառանցանքը։ Եվ այդ առասպելն արդեն ստեղծվել է, ե՛ւ այն ապրելու է, ե՛ւ այն երբեւէ, վաղ թե ուշ, ե՛ւ արյունահեղություն, ե՛ւ բեկումներ, եւ՛ ատելության ակնհայտ բռնկումներ է առաջացնելու»։

   Դժվար է չհամաձայնել Ա.Նեւզորովի այս անկեղծ, խոր եւ արդարացի գնահատականներին։ Ակամա հարց ես տալիս. մի՞թե Ի.Ալիեւը չգիտի, որ Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետություն է։ Մի՞թե նրա նախանձախնդիր երկրպագու-պաշտողներից ոչ մեկը չի տեղեկացրել նրան, որ ՀԱՊԿ Կանոնադրության 7-րդ հոդվածում (2010թ. դեկտեմբերի 10-ի փոփոխություններով) գրված է. «Կազմակերպության նպատակներին հասնելու համար անդամ պետությունները նրա շրջանակներում հավաքական անվտանգության գործուն համակարգի ձեւավորման համատեղ միջոցներ են ձեռնարկում, որն ապահովելու է հավաքական պաշտպանություն անվտանգությունը, կայունությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի ծագման դեպքում եւ հավաքական պաշտպանության իրավունքի իրագործումը, ներառյալ Կազմակերպության կոալիցիոն (հավաքական) ուժերի ստեղծումը»։

   Ավելին՝ ինչի՞ եւ ո՞ւմ վրա էր հույսը դնում Ի.Ալիեւը, երբ իր ելույթով ոչ միայն արհամարհում, այլեւ, ըստ էության, ջնջում էր 2009-2013թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հինգ համատեղ հայտարարությունների բովանդակությունը։

   Ի.Ալիեւը ԵԱԿ VI համագումարում ինքնամոռաց հայտարարում էր. «Իհարկե, ռազմական ոլորտում մեր կողմից վարվող քաղաքականությունը լիովին արդարացրել է իրեն։ Մենք արդեն շատ տարիներ իրականացնում ենք այդ քաղաքականությունը... Հիմա բոլոր միջազգային վարկանիշերն արտացոլում են մեր բանակի ուժը։ Այդ ուժը թույլ է տալիս մեզ լուծել ցանկացած խնդիր։

   2016թ. ապրիլյան մարտերը թշնամուն եւ ողջ աշխարհին ցույց տվեցին, թե ինչի է ընդունակ ադրբեջանական բանակը։ Մեր փառահեղ պատմական հաղթանակը մարտադաշտում, իհարկե, ստեղծում եւ ստեղծելու է նոր հնարավորություններ հարցի արդարացի լուծման համար։ Առաջիկա տարիներին կարվի անհրաժեշտ ամեն ինչ ռազմական պոտենցիալի ուժեղացման, բանակաշինության համար»։

   Ինչ վերաբերում է Ի.Ալիեւի՝ վերը բերված հոխորտանքին «2016թ. ապրիլյան մարտերի մասին, որոնք ցույց տվեցին, թե ինչի է ընդունակ ադրբեջանական բանակը», ապա հենց Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ն.Սադիկովն է խոստովանել, որ 2016թ. ապրիլի 2-6-ը Ադրբեջանի Զինված ուժերի կորուստը կազմել է 558 սպանված (նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի կորուստը 5,5 անգամ ավելի քիչ է եղել- Ա.Գ.) եւ 1293 վիրավոր։

   Ադրբեջանի ԶՈՒ կրած իրական կորուստների մասին բնակչությանն ապատեղեկացնելով՝ Ի.Ալիեւը ճամարտակում է, թե, իբր. «Մեր (ասել է թե՝ ադրբեջանական- Ա.Գ.) գործողությունների արդյունքում Հայաստանը վերածվել է քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային փակուղու, եւ այդ երկրի հետագա զարգացումը, իհարկե, շատ մթին է»։

   Ապշերոնցի սուլթանի համար, ըստ երեւույթին, 2015թ. հունվարից Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ, առավել եւս, 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում պաշտոնական Երեւանի կողմից «Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի» ստորագրումը «քաղաքական փակուղու», որում, իբր, հայտնվել է Հայաստանը, բավական տարօրինակ հաստատումն է։

   Իսկ «տնտեսական փակուղու», որում, Ի.Ալիեւի կարծիքով, իբր հայտնվել է մեր երկիրը, վկայությունն են դարձել, ըստ երեւույթին, Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական գործունեության մասին վերջին տվյալները, որոնք այդքան «անխղճաբար» հրապարակվել են Ազգային վիճակագրական ծառայության կողմից։ Այսպես. 2017թ. հունվար-դեկտեմբերին, ինչպես վկայում է ԱՎԾ-ն, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն անցած տարի, 2016թ. համեմատ, ապահովել է 126,9% աճի տեմպ, ընդ որում՝ ԱՊՀ երկրների հետ արտաքին առեւտրաշրջանառության տեսակարար կշիռն ընդհանուր ծավալում կազմել է 30,3%, իսկ Եվրոպական միության երկրների հետ՝ 24%։

   Անդրադառնալով Ի.Ալիեւի հետագա մտավարժանքներին համակողմանի «փակուղու» մասին, որում, իբր, հայտնվել է Հայաստանը, տպավորություն է ստեղծվում, թե նրա մտքերը ուր որ է տեղափոխվելու են Հայկական ԽՍՀ Սիսիանի շրջանի հեռավոր այն գյուղակը, որտեղ երկար տարիներ ապրել է Հեյդար Ալիեւի ընտանիքը։ Պետք է խոստովանել, որ այդ գյուղակը, ավաղ, շատ հետամնաց էր, ինչն էլ, դատելով ըստ ամենայնի, իր բացասական կնիքն է դրել գյուղացիների հաջորդ սերունդների գիտակցության վրա։

   Այս առնչությամբ կուզենայի պարզապես հիշեցնել Ի.Ալիեւին, որ XXI դարում, երբ բուռն զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները եւ այլն, եւ այլն, նա անզոր է մեկուսացնել Հայաստանը «միջազգային բոլոր նախագծերից», որոնք նրա գիտակցության մեջ զուգորդվում են լոկ նավթա- եւ գազամուղների հետ, որոնք, սակայն, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի սանձազերծման դեպքում մի ակնթարթում կարող են պայթեցվել։ Կարծում եմ, Ալիեւը լսելով չէ, որ գիտե, որ նավթն ու գազը դյուրավառ են եւ երկար են այրվում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը ԵԱԿ VI համագումարում, որի քառորդ մասը նվիրված էր Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու հանգեցվում էր հայկական երկու պետությունների դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծման անհրաժեշտությունը հիմնավորելուն, մեզ համար միանգամայն սպասելի էր։ Չէ՞ որ տարիներ շարունակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները գրեթե ոչ մի կերպ չեն արձագանքել ապշերոնցի սուլթանի բացահայտ քամահրական վերաբերմունքին Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համառ հորդորներին։

   Ավելին՝ անարձագանք են մնացել նաեւ Ադրբեջանի՝ բարձր մակարդակով ընդունված պայմանավորվածություններին հակասող գործողությունները։ Այս ամենն Ադրբեջանի ղեկավարության կողմից ընկալվել է որպես լռելյայն հավանություն՝ մասնավորապես այդ երկրի ռազմականացմանը։

   Այս պայմաններում ադրբեջանական իշխանությունների խոսափողը համարվող քաղաքագետներն արդեն բացահայտ հայտարարում եւ «հիմնավորում» էին այն անհրաժեշտությունը, թե «թուրքական ռազմակայաններ պետք է հիմնվեն նաեւ Ադրբեջանի տարածքում, այդ թվում՝ Նախիջեւանում, եւ թող ոչ ոք չասի, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ, իբր, իրավունք չունի առանց Բրյուսելի հետ համաձայնեցման երրորդ երկրում ռազմակայան բացել։ Թուրքիան ռազմակայան բացել է, չէ՞, Կատարում, եւ ՆԱՏՕ-ի կողմից ոչ մի դժգոհություն չի հնչել։ Ուրեմն նույնը կարելի է անել նաեւ Ադրբեջանում» («Թուրքիան կարող է եւ պետք է ռազմակայան ունենա Ադրբեջանում», EADaily, 28 հոկտեմբերի 2017թ.)։

   Ըստ երեւույթին, Ադրբեջանի իշխանամերձ քաղաքագետների հիշողության մեջ դեռեւս թարմ են Թուրքիայի ղեկավարության գործողությունները 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին. այն ժամանակ, երբ Ռուսաստանը, Եվրամիությունը, ՄԱԿ-ը կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, Թուրքիայի նախագահ Էրդողանը ադրբեջանական ղեկավարությանը համառորեն կոչ էր անում շարունակել մարտական գործողություններն ընդհուպ մինչեւ հաղթական ավարտը, ընդ որում՝ երդվելով հայտարարում էր, որ Թուրքիան համակողմանիորեն կաջակցի Ադրբեջանին։

   Ընթերցողը, բնականաբար, կարող է հարցնել. իսկ ո՞րն էր ԱՄՆ-ի դերը։ Եվ ահա, 2018թ. փետրվարի 13-ին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսին հրապարակել է «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» ամենամյա զեկույցը։ Զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված հատվածում նշվում է, որ «երկու կողմերի փոխզիջման գնալ չցանկանալը, կողմնակի ճնշման մեծացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը եւ Հայաստանի կողմից ռուսական նոր զենքի ձեռքբերումը 2018թ. կարող են հանգեցնել խոշորամասշտաբ մարտական գործողությունների Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», որոնք, ինչպես ասվում է զեկույցում, կարող են ներգրավել Ռուսաստանին՝ տարածաշրջանային իր դաշնակցին աջակցություն ցուցաբերելու համար։

   Հետեւելով այս ամենամյա զեկույցի տրամաբանությանը՝ Թուրքիան եւ Իսրայելը, որոնք Ադրբեջանին ամենաարդիական զենք մատակարարողներն են, նույնպես կարող են ներգրավվել հակամարտության մեջ՝ իրենց տարածաշրջանային դաշնակցին աջակցություն ցուցաբերելու համար։ Ավելին՝ 2017թ. Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է. «Ղարաբաղյան հիմնախնդիրը նույնպիսի արնածոր վերք է Թուրքիայի համար, ինչպեսեւ Ադրբեջանի համար է... Ցավոք, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի դադարեցնի ադրբեջանական տարածքների օկուպացիան, այդ հարցը լուծելն անհնար կլինի։

   Օկուպացիային անհապաղ պետք է վերջ դրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքների եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա... Կարծում ենք, որ միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ, պետք է ավելի ակտիվ աշխատի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ»։

   Թուրքիայի նախագահը, մի կողմից, չափազանց վտանգավոր է մեկնաբանում հակամարտության կարգավորման իր տեսլականը՝ միաժամանակ լիովին անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների նախազգուշացումն առ այն, որ «այդ դրույթները (նկատի ունեն հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքները՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունք) պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, քանի որ դրանցից որոշներին մյուսների նկատմամբ նախապատվություն տալու ամեն փորձ բացառում է հավասարակշռված որոշում ընդունելու հնարավորությունը»։

   Ինչ վերաբերում է Ադրբեջանին Իսրայելի կողմից զենքի մատակարարումներին, ապա մեջբերում կատարենք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Իլհամ Ալիեւի՝ 2016թ. դեկտեմբերին արված հայտարարության սղագրությունից. «Մենք ակտիվորեն համագործակցում ենք պաշտպանական արդյունաբերության ոլորտում, եւ այդ համագործակցությունը շարունակվում է արդեն երկար տարիներ։ Ես մի թիվ նշեմ, որպեսզի ցույց տամ, թե որքան մասշտաբային է այդ համագործակցությունը. ադրբեջանական եւ իսրայելական ընկերությունների միջեւ պաշտպանական սարքավորումների գնման պայմանագրերի գումարը մոտենում է 5 միլիարդ դոլարի»,- մեջբերվում են Ալիեւի խոսքերը երկու առաջնորդների անգլալեզու հայտարարությունների սղագրությունում, որը տարածել է Նեթանյահուի մամուլի ծառայությունը։

   Ընդ որում՝ հարկ է նշել, որ վաճառվող իսրայելական ռազմատեխնիկան միշտ վերջին սերնդին է պատկանում՝ չզիջելով ամերիկյան, բրիտանական, գերմանական կամ իտալական համանման նմուշներին՝ հաճախ անգամ գերազանցելով դրանց։ Սակայն, չգիտես ինչու, «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» ամենամյա զեկույցում այս փաստին եւ դրա հետեւանքներին համապատասխան ուշադրություն չի հատկացվում, ինչպես «Հայաստանի կողմից ռուսական նոր զենքի ձեռքբերման» պարագայում է արվում։

   Այստեղ արդեն չենք խոսում այն մասին, որ Բաքուն Իսրայելից գնում է ոչ միայն սպառազինություն, այլեւ ռազմական տեխնոլոգիաներ, օրինակ, հրթիռների եւ հարվածող անօդաչու թռչող սարքերի արտադրության գծով։ Իսկ ինչ վերաբերում է Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ դեռեւս իբր թե պահպանվող լարվածությանը, ապա դա արդեն չթաքցվող սակարկություն է կողմերից յուրաքանչյուրի դերի եւ Մերձավոր Արեւելքում իր ազդեցության ուժեղացման մասին։ Եվ այդ սակարկության ամենազզվելի դրսեւորումը Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման մանիպուլացումն է՝ կապված այն իրավիճակի հետ, որը ժամանակի տվյալ պահին ստեղծվում է իսրայելա-թուրքական երկկողմ հարաբերություններում։

   Ասվածի ամենավերջին հաստատումը Իսրայելի Կնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի չընդունման փաստն է։ Այսպես. փետրվարի 14-ին Կնեսեթի լիագումար նիստում քննարկվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին օրինագիծը։ Այն մերժվեց 41 «դեմ» - 28 «կողմ» ձայների հարաբերակցությամբ։ Ձեռնպահներ չկային։

   Կարծում եմ, որ ասվածից կարելի է եզրակացնել, որ Ի.Ալիեւի ռազմաշունչ ճառը ԵԱԿ VI համագումարում, ԱՄՆ Ազգային հետախուզական վարչության տնօրեն Դենիել Քոութսի հրապարակած «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» ամենամյա զեկույցում պարունակվող գնահատականները, այդ զեկույցում Ռուսաստանն ավելի քան 60 անգամ հիշատակելը, Իսրայելի Կնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա մասին օրինագծի չընդունումը (որպեսզի չզայրացնեն Թուրքիային), թուրքական բանակի կասկածելի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը քրդերի դեմ, որոնց ակտիվորեն աջակցում է ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ը, վկայում են, որ սիրիական խճճված հանգույցում ստեղծվում է կառավարելի քաոսի փոքր-ինչ նորացված տարբերակը, որին ջանալու են անպայման ներգրավել Իրանին եւ Ռուսաստանին։

   Ընդ որում՝ այս ռազմավարության հեղինակների մտահղացմամբ, եթե Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմական գործողություններ նախաձեռնվեն, ինչին կոչում է ապշերոնցի սուլթանը, ապա Ռուսաստանը կներգրավվի նոր ռազմական հակամարտության մեջ, ինչի մասին «մարգարեանում» է Դեն Քոութսը։ Այս բոլոր փաստերի համադրումը վկայում է, որ Իլհամ Ալիեւը ԵԱԿ VI համագումարում ունեցած իր ելույթում ըստ էության հնչեցրել է գաղափար Հարավային Կովկասում Ռուսաստանի՝ պատերազմին ներգրավվելու գործընթացի սկսման մասին։

   Թե ինչն է նրան դրդել անել դա՝ պարզ կդառնա ամենամոտ ապագայում։

  

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր