ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ

21.11.2017, Հայոց աշխարհ


Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի շուրջ իրադարձությունների զարգացման ընթացքն ամենայն համոզչությամբ վկայում է, որ ցայսօր ԱՄՆ-ը հետեւողականորեն ընթանում է ԵԱՏՄ-ի կայացմանը դիմակայելու ուղեգծով: Ավելին՝ այդ ուղեգիծն իր արտացոլումն է գտնում նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության մեջ:

Որպեսզի այս հավաստիացումը մերկապարանոց չհնչի, հիշենք, թե ինչ փորձությունների ենթարկվեց, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունը վերջին տարիների ընթացքում: Ինչո՞ւ է նպատակահարմար թվում վերլուծել հենց Ռուսաստանի վրա Արեւմուտքի երկրների գործադրած ճնշումը: Կարծում եմ, որ պատասխանը պարզ է, քանզի գաղտնիք չէ, որ հենց Ռուսաստանի տնտեսությունն է ԵԱՏՄ զարգացման լոկոմոտիվը:

Միաժամանակ միանգամայն հասկանալի է, որ Ռուսաստանի տնտեսության թուլացումը, առավել եւս՝ խափանումը, անխուսափելիորեն կվարկաբեկի նրա գրավչությունը եւ մեծ հարցականի տակ կդնի ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման նպատակահարմարությունն ինչպես նրա անդամների, այնպես էլ Եվրասիական ինտեգրացիայի նախագծով այլ հետաքրքրվողների համար:

Հետեւելով ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնեւ (Կազիմիր) Բժեզինսկու «պատգամներին»՝ «հակաեվրասիականության» գաղափարախոսները որպես գլխավոր հարվածային ուժ, որը կարող է ջախջախիչ հարված հասցնել ԵԱՏՄ-ին, ընտրել են Ուկրաինան: Իր ելույթներում Զ.Բժեզինսկին հատուկ դեր էր  հատկացնում Ուկրաինային արդի աշխարհում, որը, Ադրբեջանի, Հարավային Կորեայի, Թուրքիայի եւ Իրանի կողքին, նրա կարծիքով, «սկզբունքայնորեն կարեւոր աշխարհաքաղաքական կենտրոն» է:

Ընդ որում՝ նա հատուկ դեր էր հատկացնում Ուկրաինային՝ համարելով, որ. «Քանի դեռ Ուկրաինան անկախ է, Ռուսական կայսրության (իմա՝ նաեւ հենց Ռուսաստանի- Ա.Գ.) վերականգնումն անհնար է, նրա (Ուկրաինայի) գոյությունն իսկ կդրդի Ռուսաստանին ժողովրդագրական խնդիրների եւ Արեւելքից ճնշման ներքո դիմել եվրոպական ընտրությանը»:

2014թ. փետրվարի 21-ին, այսինքն՝ պետական հեղաշրջումից մի քանի օր առաջ, Կիեւի կենտրոնում Եվրամայդանի մասնակիցների եւ իրավապահ մարմինների միջեւ արյունահեղ դիմակայության ֆոնին, որի հետեւանքով ավելի քան հարյուր մարդ զոհվեց, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւ խորհրդարանական ընդդիմության առաջնորդները, Լեհաստանի, ԳԴՀ-ի եւ Ֆրանսիայի բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ, ստորագրեցին «Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիրը»: Հիշեցնեմ, որ փաստաթղթով նախատեսվում էր վերադարձ խորհրդարանա-նախագահական կառավարման ձեւի, «ազգային վստահության կառավարության» ձեւավորում, սահմանադրական բարեփոխում եւ երկրի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացում մինչեւ 2014թ. վերջ: Այս փաստաթղթի ստորագրումից մեկ օր հետո՝ 2014թ. փետրվարի 22-ին, Գերագույն ռադան պաշտոնանկ արեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, դրանով իսկ կատարվեց «ամենաանթաքույց պետական հեղաշրջումը պատմության մեջ»:

Ինչպեսեւ պետք էր սպասել, «հակաեվրասիականների» մարտավարությունը փոխվեց. Ռուսաստանի դեմ սանձազերծվեց պատժամիջոցների պատերազմը: Որդեգրվեց 20-րդ դարի 80-ականներին իրեն հաջող դրսեւորած ԽՍՀՄ տնտեսության խափանման ուղեգիծը, որը հանգեցվում էր նավթի գների կտրուկ իջեցմանը: ԽՍՀՄ այն տարիների տնտեսությունը շատ բանով կախված էր էներգակիրների գնից եւ չկարողացավ դիմակայել նավթի գնի խափանարար իջեցմանը: Այն ժամանակ սա կարողացավ դեր խաղալ, բայց մեր օրերում դա չհանգեցրեց ցանկալի արդյունքի:

Կարեւոր է ըմբռնել, որ «հակաեվրասիականների» գործողությունները երկարաժամկետ բնույթ են ունենալու, եւ դրանք բնավ էլ լոկ կախված ու պայմանավորված չեն լինելու միայն ԱՄՆ-ում եւ ԵՄ երկրներում առաջացող քաղաքական կոնյունկտուրայով: Առնվազն միջնաժամկետ հեռանկարում նման իրադրության պահպանման գլխավոր պատճառներից մեկը, ըստ իս, լինելու են այն հսկայական անհամամասնությունները, որոնք գոյություն ունեն համաշխարհային ֆինանսական համակարգում, որը համաշխարհային պահուստային արժույթների, առաջին հերթին՝ ԱՄՆ դոլարի, մի փոքր ավելի պակաս՝ եվրոյի եւ զգալիորեն ավելի պակաս՝ բրիտանական ֆունտ ստեռլինգի, ճապոնական իենի եւ շվեյցարական ֆրանկի պատանդն է դարձել:

Ինչ նկատի ունեմ: Համաձայն The World Factbook-ի (ԱՄՆ ԿՀՎ Տեղեկագիր, ԿՀՎ փաստերի գիրք- Ա.Գ.) տվյալների՝ ԱՄՆ պետական պարտքը (օնլայն) ս.թ. նոյեմբերի 18-ին, տեղի ժամանակով ժամը 10։05-ին, կազմել է 20 տրլն 535 մլրդ 645 մլն 715 հազ. դոլար, այն դեպքում, երբ այդ երկրի ՀՆԱ-ն 2016թ. տվյալներով կազմել է 18 տրլն 570 մլրդ դոլար, Ֆրանսիայի պետական պարտքը կազմել է 5 տրլն 360 մլրդ դոլար՝ ՀՆԱ (2016թ. մարտի 31-ի դրությամբ) 2 տրլն 734 մլրդ դոլարի պարագայում, Գերմանիայի նույն ցուցանիշը այդ նույն ժամանակամիջոցում կազմել է՝ պետական պարտք - 5 տրլն 326 մլրդ, ՀՆԱ - 3 տրլն 980 մլրդ դոլար, Իտալիայի պետական պարտքի մեծությունը կազմել է, համապատասխանաբար՝ 2 տրլն 444 մլրդ դոլար՝ ՀՆԱ 2 տրլն 235 մլրդ-ի պարագայում:

Մեծ Բրիտանիայի պետական պարտքը 2016թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է 8 տրլն 126 մլրդ դոլար, ՀՆԱ-ն 2016թ. արդյունքներով՝ 2 տրլն 786 մլրդ դոլար, Ճապոնիայի պետական պարտքը 2016թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 240 մլրդ դոլար՝ ՀՆԱ 5 տրլն 238 մլրդ դոլարի պարագայում: Շվեյցարիայի նույն ցուցանիշները կազմում են՝ պետական պարտքը 2016թ. մարտի 31-ի դրությամբ՝ 1 տրլն 664 մլրդ դոլար՝ ՀՆԱ 496 մլրդ դոլարի պարագայում: Այսինքն՝ մենք բախվում ենք մի իրադրության, երբ տարեցտարի տեղի է ունենում համաշխարհային պահուստային արժույթներ թողարկող պետությունների պետական պարտքի ծավալի ավելացում, պարտք, որը մեծ մասամբ գերազանցում է այդ երկրներում արտադրվող ամենամյա համախառն ներքին արդյունքը:

Համաշխարհային ֆինանսական համակարգում ստեղծված այս պատկերը, աշխարհի զարգացող խոշոր տնտեսությունների համար, ինչպիսիք են Ռուսաստանը, Բրազիլիան եւ այլ երկրները, հրատապ է դարձնում իրենց տնտեսությունների կախվածության աստիճանի զգալի իջեցման խնդիրը, եթե ըստ էության խոսենք, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի, Եվրոպական Կենտրոնական բանկի տպագրասարքի ինտենսիվ աշխատանքի աստիճանից եւ համաշխարհային պահուստային արժույթներ թողարկող այլ երկրների տպագրասարքերի աշխատանքից: Այո, սա չափազանցություն չէ, նման եզրահանգման հիմնավորումը ես ներկայացրել եմ ավելի վաղ հրապարակված իմ հոդվածներում, եւ սա այլ վերլուծության թեմա է:

Առանց արդի աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական իրողությունների խոր ընկալման դժվար կլինի համարժեք տեղեկատվական ուղեկցում ապահովել ԱՊՀ եւ ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների համար:

Ավելին՝ դժվար կլինի համաշխարհային հանրության գիտակցությանը հասցնել Եվրասիական տնտեսական միության կամ էլ այնպիսի խոշոր միջազգային կազմակերպությունների ձեւավորման բացառիկ պահանջվածությունը, ինչպիսին է, օրինակ, ՇՀԿ-ն, որոնք ձգտում են համատեղ ջանքերով նվազեցնել իրենց տնտեսությունների կախվածությունը համաշխարհային պահուստային արժույթներ թողարկող պետություններից: Եվ եթե ԵԱՏՄ գործունեությունը գնահատենք այս դիրքերից, ապա իրավունք կունենանք պնդելու, որ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացները նպատակաուղղված են արդար համաշխարհային տնտեսակարգի ստեղծմանը, համակողմանի  եւ հավասարակշռված տնտեսական աճի աջակցությանը, պետությունների սոցիալական եւ մշակութային զարգացմանը՝ իրավահավասար գործընկերության հիմքի վրա, իրենց երկրների ժողովուրդների կենսամակարդակի անշեղ բարձրացմանը եւ կենսապայմանների բարելավմանը:

Ավելին՝ ԵԱՏՄ ամրապնդումը եվրասիական տարածաշրջանի երկու խոշոր տնտեսական միավորումների՝ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության մերձեցման միակ իրական հնարավորությունն է: Դա կհանգեցներ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ազատ առեւտրի միասնական գոտու ձեւավորմանը:

Էլ չեմ ասում այն մասին, որ այս ինտեգրացիոն նախագծի իրագործման պարագայում կարելի կլիներ վստահաբար ասել, որ համաշխարհային տնտեսությունը կդառնա շատ ավելի հավասարակշռված, ինչն, իր հերթին, դրականորեն կանդրադառնա Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ, առհասարակ՝ աշխարհում քաղաքական լարվածության մեղմացմանը:

Այսինքն՝ մենք լավատեսության որոշակի չափով կարող ենք պնդել, որ կայացած Եվրասիական տնտեսական միությունը խաղաղության եւ բարգավաճման երաշխավորն է:              

  

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր