ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԱՄՈՒՐՋ ԵԱՏՄ-Ի, ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ

20.10.2017, Հայոց աշխարհ

2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև կստորագրվի «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այդ կապակցությամբ մի քանի հարց ուղղեցինք Ազգային ժողովի պատգամավոր, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցությսն հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանին:

– Պարոն Գեղամյան, օրեր առաջ հրապարակվեց Հայաստանի և Եվրամիության միջև սպասվող Համաձայնագրի տեքստը: Այդ տեքստը ուսումնասիրելուց հետո ի՞նչ կարող ենք եզրակացնել: Ի վերջո սա ա՞յն փաստաթուղթն է, որին այսքան տարի բանակցելուց հետո վերջնական տեսքով մենք սպասում էինք:

– Նախ, ասեմ, որ սպասվելիք Համաձայնագրի ստորագրումը, դա մեծագույն հաղթանակ է մեր դիվանագիտության և երկրի ժողովրդավար լինելու փաստի արձանագրման առումով: Բավական է հիշել, որ չորս տարի առաջ պետք է նախաստորագրվեր Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Ասոցացման համաձայնագիրը, սակայն քանի որ Հայաստանը արդեն իսկ հայտնել էր Եվրասիական տնտեսական միությանը իր անդամակցելու որոշման մասին՝ զրկվեց հնարավորությունից Եվրամիության հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Ըստ որում` դեռ այն ժամանակ, մեր դիվանագիտությունը, քաղաքական իշխանությունները և´ հեռատեսություն, և´ ճկունություն դրսևորեցին, հայտարարելով, որ ի վերջո Ասոցացման համաձայնագիրը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ քաղաքական և տնտեսական: Մերոնք, նշեցին, որ պատրաստ են այսօր իսկ ստորագրել համաձայնագրի քաղաքական հատվածը: Ինչ վերաբերում է տնտեսական մասին, ապա ոչ, քանի որ Հայաստանը Մաքսային միությանը անդամակցելով և Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին արդեն իսկ հայտ էր ներկայացրել: Կրկնում եմ, պաշտոնապես ասվել էր, որ Հայաստանը պատրաստ է Ասոցիացման համաձայնագրի քաղաքական մասը վավերացնել: Եվրամիության մեր գործընկերները հայկական կողմին պատասխանեցին, որ այդ պահին դա անհնարին է: Դրանով իսկ, փաստորեն, իրենք հաստատեցին, որ Ասոցացման համաձայնագրում ներառված տնտեսական համագործակցության բաղադրիչը ունի քաղաքական ենթատեքստ, այսինքն՝ քաղաքականացված է: Մինչդեռ դրանից տարիներ առաջ «Արևելյան Գործընկերության» նախաձեռնողները՝ հանձինս Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու և Շվեդիայի արտգործնախարար (հետագայում Շվեդիայի վարչապետ) Կառլ Բիլդտի ասել էին, որ «Արևելյան Գործընկերությունը» քաղաքական ուղղվածություն ամենևին չունի: Հետագա զարգացումները վերստին փաստեցին, որ «Արևելյան գործընկերությունը», ինչի վերջնարդյունքը պետք է լիներ  Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, այնքան էլ չեզոք չէ, և որ մեր եվրոպացի գործընկերները, մեղմ ասած, ճշգրիտ չէին իրենց այդ հայտարարության մեջ: Հիմա անցավ շուրջ չորս տարի և այդ չորս տարիներից հետո էլ Հայաստանը հաստատակամ է իր դիրքորոշման մեջ, հաստատակամ է իր իսկ կողմից արված հայտարարությունների ոգուն և հիմա, նշենք, եվրոպացիները նույնպես որոշակի էվոլյուցիա ապրեցին Հայաստանի Հանրապետության իրենց ընկալումների մեջ և գնում են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրմանը: Եվ հիմա արդեն կարելի է հստակորեն ասել, որ դա ոչ միայն Հայաստանի հաղթանակն է, այլ, ինչու չէ, Եվրամիության, և Եվրասիական տնտեսական միության: Այսինքն` Հայաստանի Նախագահի այն հայտարարությունը, որի` «Արևելյան Գործընկերության» ծրագրի շրջանակում Հայաստանը ունենալու է բացառիկ դերակատարություն, այլևս փաստ է, որովհետև մեր երկիրը իր կողմից վարած հավասարակշիռ քաղաքականության և որն ամենակարևորն է՝ ազնիվ քաղաքականության շնորհիվ, արդեն կարող է կամուրջ դառնալ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև:

– Պարոն Գեղամյան, ստացվում է, որ սա այն փաստաթո՞ւղթն է, որը մենք կարող էինք ստորագրել դեռևս չորս տարի առաջ, երբ այն ժամանակ Եվրոպան մերժեց Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը:

– Միարժեքորեն պնդել դա, չի կարելի, բայց, անտարակույս, կարելի է հաստատել, որ Հայաստանը առաջին իսկ օրվանից հավատարիմ մնաց իր ստանձնած պարտավորությունների կատարմանը, և ինչու ոչ խոսքը նաև բարոյական պարտավորությունների մասին է: Հայաստանն այսօր էլ շարունակում է ապացուցել, որ ինքը երբեք և ոչ մի դրույթ, որը պայմանավորված է իր կողմից ստանձնած պարտավորություններին` Եվրասիական տնտեսական միությանը, ՀԱՊԿ-ին անդամագրվելով, չի հակասելու Եվրամիության հետ համաձայնագրով պայմանավորված նոր պարտավորություններին: Ինչի հետ համաձայն են նաև մեր եվրոպացի գործընկերները և դա, կրկնում եմ, բացառիկ կարևորության երևույթ է: Հաշվի առնենք նաև այն, որ ճիշտ վերջերս Սոչիում Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի ժամանակ մեր երկրի նախագահն աննախադեպ առաջարկ արեց, արդեն իսկ լիազորված լինելով Իրանի իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնությունով, երբ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է նաև կամուրջ դառնալ Իրանի` մի կողմից և Եվրասիական տնտեսական միության միջև, մյուս կողմից: Ուրեմն տեսեք, մի դեպքում ձևավորվում է Իրան–Հայաստան–Եվրասիական տնտեսական միություն համագործակցություն, մյուս կողմից` Հայաստան–Եվրամիություն–Եվրասիական տնտեսական միություն գործնեության լայն հրապարակ: Հավատացնում եմ ձեզ, որ դա չափազանց մեծ նվաճում է և վկայում է միայն և միայն մեր երկրի կողմից վարվող հավասարակշռված, բազմավեկտոր, բայց նաև շատ ազնիվ քաղաքականության օգտին և իհարկե արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերություններում լիարժեք սուբյեկտ լինելու անհերքելի փաստի մասին:

– Բայց, փաստորեն, տնտեսական բաղադրիչը այս համաձայնագրում առկա չէ՞: Քաղաքական առումով այդ դեպքում ի՞նչ ենք ակնկալում:

– Հակառակը, տնտեսական բաղադրիչը առկա է, պարզապես այս՝ Հայաստան-Եվրամիություն «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ոչ մի դրույթ չի հակասում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին, իսկ սա ի՞նչ է նշանակում: Եկեք հարցին մի քիչ լայն նայենք: Սա նշանակում է, որ իր ներուժով Եվրասիական տնտեսական միությունը կարող է, արդեն իսկ նմանատիպ համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: Եվ եթե այս կամ այն հարցի շուրջ տարընթերցումներ կան, կամ այլևայլ մեկնաբանություններ, ապա դա կարելի է մեր երկրի օրինակով հղկել և այդ ամենը հնարավորություն կընձեռի ամենախոստումնալից համաձայնագրի կնքմանը, այն է՝ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև: Այսինքն, մենք այդ ժամանակ կունենաք Ջիբրալթարից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր ազատ տնտեսական շուկա, որը օդի և ջրի պես անհրաժեշտ է ոչ միայն Եվրամիությանը և Եվրասիական տնտեսական միությանը, այլ ինչու չէ, նաև մեր հարավային բարեկամ երկրին` Իրանին:

 – Իսկ ո՞րն է կարևոր այս համաձայնագրի  քաղաքական բաղադրիչի առումով:

– Քաղաքական բաղադրիչի առումով, ինքնին, երևույթն արդեն իսկ ամենակարևորն է: Երևույթ, որն արձանագրում է մի իրողություն, երբ կարելի է, այո´, «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիր կնքել Հայաստանի և Եվրամիության միջև առանց ապակայունացնելու մեր երկրի ներքին վիճակը: Ավա´ղ, հակառակ երևույթի ականատեսը մենք եղանք Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում: Արդեն, ինքնին, ամենամեծ քաղաքական նվաճումը դա է, որ այսօր, ցավոք, պատժամիջոցների տակ գտնվող մեր գործընկերը, ի դեմս Ռուսաստանի Դաշնության ունենում է այնպիսի մի իմաստուն դաշնակցի, որն իր քաղաքականությամբ հուշում է եվրոպացիներին` դուք անհաղթահարելի հակասություն չունեք թե´ Ռուսաստանի հետ և թե´ Եվրասիական տնտեսական միության հետ: Սա արդեն իսկ իր մեջ քաղաքական ամենամեծ նշանակություն ներառող փաստ է: Մնացած բոլոր խնդիրները, հավատացնում եմ ձեզ, ածանցյալ կլինեն այդ հիմնական նվաճումից: Եվ այսպես կարող ենք արձանագրել, որ Հայաստանը դառնում է կամուրջ Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության և Իրանի միջև: