ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ

   Համագործակցություն ու միաբանություն

17.05.2017, Հայոց աշխարհ

  

Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթեց Հանրապետական կուսակցությունը, իրավունք ստանալով Դաշնակցության հետ ձեւավորել կառավարություն եւ կյանքի կոչել իր ծրագրերը:

Սակայն, կարծում ենք, ճիշտ կլինի անդրադառնալ նաեւ մյուս քաղաքական ուժերի առաջ քաշած ծրագրերին՝ դրանք համադրելով ՀՀԿ-ի ծրագրերին, փորձելով գտնել այն ընդհանրություններն ու նաեւ հակադրությունները, որոնք առկա են այս դաշտում: Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի համագործակցության լայն հարթակ ստեղծել կառուցողական աշխատանքի համար: Չէ՞ որ խորհրդարանական կառավարումն իր բնույթով շատ ավելի բազմակարծություն ու համագործակցություն է ենթադրում ու նաեւ պահանջում, քան կառավարման այլ մոդելները:

Ի՞նչ է առաջարկում Հանրապետականը: Ալգորիթմը հետեւյալն է. նախանշել նպատակները, կատարել ախտորոշում, վերհանել խնդիրները եւ ուրվագծել տեսլականը, հավաքագրել գաղափարներ ու առաջարկել լուծումներ, քրտնաջան աշխատել ու գնալ կայունացման:

Նախ՝ կարեւորենք այն նպատակները, որոնք քաղաքական ուժերը հռչակել են որպես առաջնահերթություններ՝ իրենց գործունեության մեջ:

Անվտանգություն եւ առաջընթաց- հռչակել է ՀՀԿ-ն: Ըստ էության, մյուս քաղաքական ուժերի կարգախոսները նույնպես իրենց առաջնահերթությունն են համարում թե՛ անվտանգությունը, թե՛ առաջընթացը: «Ծառուկյան դաշինքի» «Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակն է» կարգախոսն ունենալով այն գիտակցությունը, որ նոր ժամանակաշրջան է սկսվում մեր իրականության մեջ, կոչ է անում լծվել դրա կառուցմանը, որի հեռանկարում ե՛ւ անվտանգության ապահովումն է, ե՛ւ առաջընթացի անհրաժեշտությունը:

ՀՅԴ-ի առաջնահերթությունն էլ է նույնը. Նոր սկիզբ ՝ բոլոր վերոհիշյալ հանգամանքներով պայմանավորված, Արդար Հայաստան, որին կարելի է հասնել միայն անվտանգության ու առաջընթացի առկայությամբ ու պայմաններում:

Մյուս քաղաքական ուժերը հռչակում են. կա ընտրություն, կա ելք, խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն, անվտանգ, առանց ստվեր, մրցունակ, ազատ եւ ուժեղ Հայաստան։ Մի՞թե մեր բոլորի նպատակն ու առաջնահերթությունը դա չէ, եւ մի՞թե այդ ամենին հասնելու նախապայմանը անվտանգությունն ու առաջընթացը չէ: Այլ հարց է, որ դրան հասնելու ճանապարհներն են փոքր-ինչ տարբեր, սակայն, կարծում եմ, ցանկության դեպքում դրանք համադրելի են ու զուգահեռ:

Նպատակներն, ինչպես արդեն ասվեց, նախանշված են, եւ դրանք, ըստ էության, նույնահունչ են: Հաջորդ քայլը համատարած ախտորոշումն է, որն այժմ էլ լայն թափով իրականացվում է կառավարության կողմից: Դա հնարավորություն է տալիս վերհանել բոլոր համակարգային խնդիրները, դրանց լուծման ընթացքում համակողմանի եւ խորքային լուծումներ տալու համար:

Կարեւորագույն ուղղությունը մեր իրականության մեջ, վստահ եմ, տնտեսության համակողմանի եւ շարունակական զարգացումն է: Ուշադրությամբ ուսումնասիրելով տարբեր քաղաքական ուժերի ծրագրային դրույթները՝ արձանագրում ենք, թե ինչպես են նրանք դա պատկերացնում:

Մասնավորապես ՀՅԴ-ն իր ծրագրում արձանագրում է. «Նույնիսկ ամենալիբերալ ու պահպանողական քաղաքական ուժերն ամբողջ աշխարհում աջակցում են իրենց երկրների ձեռնարկություններին» եւ առաջարկում. «Առաջնային համարվող, ռազմավարական եւ սոցիալական նշանակություն ունեցող ձեռնարկությունների հետ, պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում, կիսել բիզնես ռիսկը եւ ապահովել մատչելի ֆինանսավորում: Պետությունը պետք է վերանայի տնտեսական հարցերում պասիվ դիտորդի իր կարգավիճակը: Անհրաժեշտ է առավել ակտիվորեն աջակցել այդ ձեռնարկություններին, նրանց հետ ստեղծել համատեղ ընկերություններ, տրամադրել վենչուրային ֆինանսավորում, փոխառություններ եւ այլ արտոնություններ: Պետությունը պետք է մտածի իր արտադրողի մասին»:

Իսկ չէ՞ որ ՀՀԿ-ն դա համարում է իր առաջնահերթ նպատակներից մեկը, եւ ներկա կառավարությունն իր առաջին իսկ քայլերից մեկով կարեւորեց տնտեսական ներդրումներն ու զարգացումը, կենտրոնանալով այդ ոլորտի վրա, ստեղծելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, Ներդրողների ակումբը, հավաքագրելով գաղափարներն ու առաջարկությունները, եւ բազմակողմանի քննարկումներ անցկացնելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այսօր էլ հետեւողականորեն առաջ է ընթանում այս ուղիով: Այնպես որ, այստեղ համագործակցության լայն հորիզոններ ունենք:

«Ծառուկյան դաշինքն» առաջարկում է. «Ապահովել հանրապետության յուրաքանչյուր մարզում հարկերից ազատված առնվազն մեկ արդյունաբերական գոտու գործունեությունը», եւ կամ՝ «յուրաքանչյուր տարածաշրջանի համար կառավարության կողմից հաստատել հատուկ պետական ծրագրեր՝ հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական պայմանները եւ գյուղմթերքների արտադրության առանձնահատկությունները»:

Իսկ չէ՞ որ կառավարությունն արդեն իսկ ձեռնարկել է Սյունիքում՝ Իրանի հետ սահմանին, Ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները, տարածաշրջանային ծրագրերի առաջքաշման, քննարկման ու ներդրման գործընթացն էլ ամբողջ թափով հենց այս պահին ընթանում է: Կա՞ այստեղ համագործակցության դաշտ «Ծառուկյան դաշինքի» հետ: Կարծում եմ, որ կա, եւ բավական լայն դաշտ:

«Ելք» դաշինքն առաջարկում է. «Որպես գործազրկության վերացման, բյուջեում ուղղակի հարկերի ավելացման միջոց կդիտարկվի ծանր արդյունաբերությունը»՝ «հնարավորինս փակելով արտադրական ցիկլը՝ հումք արտահանող երկրից վերածվել վերջնական ու մրցունակ ապրանք արտադրող երկրի», նաեւ. «Պետությունը կխրախուսի գյուղացիական ճյուղային ասոցիացիաների ստեղծումը, որոնք հանդես գալով որպես իրավաբանական անձ՝ կզբաղվեն գյուղացիական համքարությունների շահերի պաշտպանությամբ եւ մեծածախ մատակարարումների կազմակերպմամբ»:

Հարկ է արձանագրել, որ ՀՀԿ-ն ու կառավարությունն ավելի մեծ կարեւորություն տալով այս հարցերին, բազմակողմանի մոտեցումներ ցուցաբերելով, արդեն իսկ ստեղծելով Ռազմարդյունաբերական պետական կոմիտեն, նախատեսում են հայրենական արդյունաբերությանն իջեցված պատվերներով էականորեն զարգացնել այս ոլորտը, նույնը կիրառելով նաեւ այլ ապրանքարտադրողների նկատմամբ: Այստեղ էլ, կարծում եմ, համագործակցության լայն շերտեր են նկատվում:

Բավականին հետաքրքիր տնտեսական ծրագիր էր ներկայացվել «Ազատ դեմոկրատների» կողմից՝ հեղինակված նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի տնտեսագիտական լաբորատորիայի կողմից: Ու չնայած այս քաղաքական ուժը տեղ չգտավ խորհրդարանում, կարծում եմ, նրանց առաջ քաշած ծրագրային դրույթներից շատերը, համահունչ լինելով ՀՀԿ-ի եւ կառավարության մոտեցումներին, ունեն կենսագործվելու հեռանկարներ: Մասնավորապես, ակտիվ ներդրումային քաղաքականության, ենթակառուցվածքների արդիականացման ու զարգացման, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման եւ տարբեր այլ ոլորտներում:

Այնպես որ, կառուցողական համագործակցության լայն դաշտի առկայությունն ակնառու է:

  

   ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

   «Ազգային Միաբանություն կուսակցության»փոխնախագահ, ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր

 

Последние видеоматериалы

Новые книги