ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ

18.05.2016, Հայոց աշխարհ

Մայիսի 14-ին վարչապետը Ազգային ժողովի պատգամավորների հետ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցերի եւ խնդիրների քննարկում անցկացրեց։

Իմ կարծիքով, տեղի ունեցավ անկեղծ եւ օգտակար բանավեճ։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի դեմ շարունակվող չհայտարարված պատերազմի պայմաններում հակակոռուպցիոն քաղաքականության, դրա գործունակության բարձրացման հարցերը բացառիկ հրատապ են դառնում։ Ուստի կառավարության կողմից այդ աշխատանքը դեռեւս բավարար չափով արդյունավետ չհամարելը նպատակ ունի լրջորեն իմաստավորել պետության կենսագործունեության այս կարեւորագույն հատվածում ստեղծված իրադրության պատճառները, նրա ազգային անվտանգության ապահովումը։

Չէ՞ որ այն փաստն ընդունելը, որ պետությունն առայժմ «չի հաղթահարել» կոռուպցիան, վկայում է, որ պետության կողմից կառավարման գործառույթների կատարումը չի վերացնում (կամ էլ նվազագույնի չի հասցնում) այն պատճառներն ու պայմանները, որոնք ծնում եւ սնում են կոռուպցիան մեր կյանքի տարբեր ոլորտներում։

Ավելին, մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ պետության կողմից իր հակակոռուպցիոն գործառույթների կատարումը պատշաճ չափով չի ուղեկցվում կոռուպցիոն իրավախախտումների կանխմանն ուղղված մեխանիզմների ստեղծմամբ եւ արմատավորմամբ, այն է.

ներդնել հանրային կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձանց կաշառելուն խոչընդոտող իրավական մեխանիզմներ;

   ստեղծել իրավական պայմաններ, որոնք կապահովեն կոռուպցիոն իրավախախտումների պատճառով հասցված վնասի փոխհատուցման անխուսափելիությունը;

   իրականացնել կոռուպցիա ծնող գործոնների պարբերական, գործուն մշտադիտարկում;

   ձեւավորել հակակոռուպցիոն հանրային գիտակցություն։

Այստեղ հատկապես կուզենայի նաեւ առանձնացնել այն խնդիրները, որոնք ուղղված են իրավական բարեփոխման իրականացմանը՝ նպատակ ունենալով էապես նվազեցնել կոռուպցիոն ռիսկեր պարունակող անորոշ իրավական որոշումների թիվը։ Ընդ որում՝ շատ կարեւոր է օժանդակել քաղաքացիների եւ կազմակերպությունների՝ կոռուպցիայի փաստերի եւ կոռուպցիա ծնող գործոնների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման իրավունքին՝ զանգվածային լրատվամիջոցներում դրանց հետագա լուսաբանմամբ։

Բնականաբար կոռուպցիայի դեմ պայքարի ամբողջական համակարգի ստեղծմանը պետք է նախորդի կոռուպցիայի պատճառների մանրակրկիտ ուսումնասիրությունը, պետք է սահմանվեն պետական օրգանիզմի այն ոլորտները, որոնք առավելապես եւ հատկապես են ենթարկված կոռուպցիայի վտանգին, պետք է բացահայտվեն կոռուպցիայի դրդապատճառները, որոշվեն ուղղակի եւ անուղղակի տնտեսական կորուստները։

Այս եւ այլ հարցերի պատասխաններն այս կամ այն չափով արտացոլված են կառավարության, պետական եւ հասարակական կազմակերպությունների տարբեր հաշվետվություններում եւ որոշումներում։ Այս առնչությամբ կուզենայի ուշադրություն հրավիրել բավական հետաքրքիր մի փաստաթղթի վրա՝ «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում», որը հաստատվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին Փարիզում, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների Հակակոռուպցիոն ցանցի (այսուհետ՝ ՀԿՑ) լիագումար նիստում։

Նշեմ, որ ՀԿՑ-ն ստեղծվել է 1998թ.՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հովանու ներքո, եւ կոչված է աջակցելու հակակոռուպցիոն բարեփոխումներին Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Մոնղոլիայում, Տաջիկստանում, Ուկրաինայում եւ Ուզբեկստանում։

ՀԿՑ-ի 2014թ. հոկտեմբերի 10-ի փաստաթղթում նշվում է, որ դեռեւս 2012թ. դեկտեմբերին ներկայացված հակակոռուպցիոն բարեփոխման 18 հանձնարարականներից 1-ը Հայաստանը կատարել է հիմնովին, 13 հանձնարարական կատարել է մասամբ եւ ընդհանրապես չի կատարել 3 հանձնարարական։ Հենց այդ ժամանակ էլ ՀԿՑ-ն տվել է 22 նոր հանձնարարական, ընդ որում՝ նախորդ հանձնարարականներից մեկը կրկին գործող է համարվել։

Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության մասին վերը ներկայացված անգամ այսքան հակիրճ վերլուծությունը մտածել է տալիս, որ նրա համեստ արդյունքները պայմանավորված են բնավ ո՛չ հարցի էության չիմացությամբ, այլ հակակոռուպցիոն քաղաքականության գործընթացների կառավարման անարդյունավետ համակարգով եւ պետական, հասարակական ու ոչ կառավարական կազմակերպությունների՝ այս ուղղությամբ գործադրվող ջանքերի թույլ համակարգմամբ։ Սա չէր կարող չանդրադառնալ Հայաստանի պետական սեկտորում Կոռուպցիայի ընկալման ինդեքսի (այսուհետ՝ ԿԸԻ) (Corruption Perception Index) վրա։

Նշեմ, որ ԿԸԻ-ն դասակարգվում է 1-100 միավորների սանդղակով։ Զրոն նշում է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր մակարդակը, իսկ հարյուրը՝ ամենացածրը։ Եվ ահա, 2015թ. ըստ ԿԸԻ-ի երկրների վարկանիշի՝ 167 երկրների շարքում, որոնցում այս ցուցանիշի ուսումնասիրություն է կատարվել Համաշխարհային բանկի, Զարգացման Ասիական եւ Աֆրիկյան բանկերի, ամերիկյան Freedom House կազմակերպության կողմից, Հայաստանը 35 միավորով ԿԸԻ-ի վարկանշային ցանկում զբաղեցրել է 95-րդ տեղը (Վրաստան՝ 48, Թուրքիա՝ 66, Ադրբեջան՝ 119)։

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ կառավարության առջեւ սուր կերպով դրված է իր հակակոռուպցիոն գործունեության արդիականացման խնդիրը։ Ընդ որում՝ այդ խնդրի իրագործումը միանգամայն հնարավոր է, քանի որ բավական ամբողջական տեղեկատվություն ունենք, որը պատշաճ ձեւով մշակելով կարելի կլինի այդ աշխատանքը «հարմարեցնել» ըստ նպատակների իրագործման, այսպես կոչված, SMART տեխնոլոգիայի, որն առ այսօր ամենատարածված եւ արդյունավետ կառավարչական համակարգերից մեկն է հանդիսանում։

Այդ տեխնոլոգիայի համաձայն՝ Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը հարկ է պատշաճ ձեւով համակարգել, որպեսզի հստակ մատնանշվեն այն հինգ կարեւորագույն բնութագրում-նպատակները, որոնք պետք է առկա լինեն, քանզի միայն դրանց առկայությունը կարող է պայմաններ ապահովել այն բանի համար, որպեսզի նպատակը ճիշտ դրվի եւ իրականացվի։

Եվ այսպես, առաջին պահանջը (Specific-կոնկրետ), որն անհրաժեշտ է SMART տեխնոլոգիայի ներդրման համար. ցանկացած նպատակ պետք է լինի կոնկրետ, այսինքն՝ հասկանալի եւ առավելագույն չափով հստակ։ Օրինակ, ենթադրենք, թե դրվում է խնդիր՝ կրկնակի ավելացնել հարկային մուտքերն ի հաշիվ ՀՀ-ում ստվերային բիզնեսի կրճատման։ Կարծում ենք, որեւէ մեկը չի կասկածում, որ սա միանգամայն որոշակի նպատակ է։

Այդ նպատակի երկրորդ կարեւորագույն բնութագիրը նրա չափելիությունն է (Measurable-չափելի)։ Այո, իսկապես այս նպատակը միանգամայն չափելի է, քանի որ ստվերային տնտեսության կրճատման պարագայում մենք ամրագրում ենք համապատասխանաբար ՀՆԱ-ի աճ եւ հարկային մուտքերի համամասնական ավելացում։

Երրորդ կարեւորագույն բնութագիրը դրված նպատակի իրականանալիությունն է (Achievable-իրականանալի)։ Ակնհայտ է, որ առաջադրված նպատակը միանգամայն իրականանալի է։ Նման պնդման համար բավական է համեմատել ՏՀԶԿ երկրների տնտեսությունների հարկային բեռը մեր երկրի համապատասխան ցուցանիշի հետ։

Օրինակ, 2014թ. ՀՀ-ում հարկային մուտքերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ, դրանց տեսակարար կշիռը կազմել է 21,9%, իսկ 2015թ. արդյունքներով, համապատասխանաբար՝ 20,8%, այն դեպքում, երբ ՀՀ-ի հետ համադրելի կամ նրան փոքր-ինչ գերազանցող հարկային դրույքներ ունեցող երկրների հարկային մուտքերի տեսակարար կշիռը զգալիորեն բարձր է։ Այսպես, Եվրամիության երկրների հարկերի տեսակարար կշիռը կազմում է միջինը 45,2% (2015թ. վերջի դրությամբ)։ Օրինակ, ԱՊՀ երկրներում պատկերն այսպիսին է. Բելառուսում՝ 35,2%, Տաջիկստանում՝ 30,2%, Ղրղըզստանում՝ 29,5%, Ուկրաինայում՝ 28,2%, Վրաստանում՝ 28,0%, Ադրբեջանում՝ 25,2%։

Չորրորդ բնութագիրը դրված նպատակի ճշտության, ակտուալության (Relevant-ակտուալ) սահմանումն է, այսինքն՝ իրո՞ք տվյալ խնդրի կատարումը թույլ կտա հասնել առաջադրված գլխավոր՝ հարկային մուտքերի կրկնապատկման նպատակին։ Պատասխանը միանշանակ է՝ այո՛, թույլ կտա։ Չէ՞ որ ստվերային տնտեսության մակարդակի կրկնակի կրճատումը կհանգեցնի ոչ միայն հարկային մուտքերի աճին։ Այն, անշուշտ, հնարավոր կլինի միայն հարկային ոլորտում կոռուպցիոն ռիսկերի զգալի նվազման պայմաններում։

Ես միտումնավոր փոքր-ինչ մանրամասն անդրադարձա կոնկրետ առաջադրված նպատակի համար SMART տեխնոլոգիայի իրագործման մեխանիզմին, որպեսզի ցույց տրվի, որ այս տեխնոլոգիայի ավելի լայն ներդրումը այն բոլոր բաժիններում, որոնք կազմում են հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունների իմաստն ու բովանդակությունը, զգալիորեն եւ երաշխավորված ձեւով կբարձրացնի դրա արդյունավետությունը։ Այստեղ հակակոռուպցիոն քաղաքականության գլխավոր ուղղությունների ցանկը նշելն իմաստ չունի, քանի որ դրանք հասանելի են ինտերնետում, որտեղ կարելի է ծանոթանալ նաեւ աշխարհի առաջատար երկրներում պետության հակակոռուպցիոն գործառույթի իրագործման առաջավոր փորձին։ Այո, ես չսխալվեցի՝ աշխարհի առաջատար երկրներ ասելով, քանի որ գլոբալացման պայմաններում տնտեսությունների, այդ թվում՝ զարգացած եւ մասամբ զարգացող երկրների ֆինանսական շուկաների փոխկապվածությունը թույլ է տալիս կապիտալի, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժ, ընդ որում՝ էապես բարձրացնելով համաշխարհային տնտեսական համակարգի համատարած փլուզման ռիսկը՝ խոշոր շուկաներից թեկուզեւ մեկի տապալման պարագայում։

Միաժամանակ, արդի պայմաններում շուկան կարող է փլուզվել նրա կոռուպցիոնության մակարդակի բարձրացման հետեւանքով։ Այսինքն՝ կարող է հավաստի լինել այն պնդումը, որ տնտեսության գլոբալացումն իր մեջ կրում է նաեւ կոռուպցիայի գլոբալացումը։

Հավանաբար այս պատասխանատվության գիտակցումն է իր կարեւոր դերը խաղացել նաեւ այն բանում, ինչի մասին օրերս մեզ տեղեկացրեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովում ունեցած իր ելույթում։ Դեսպան Պ.Սվիտալսկին ասաց, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 15 միլիոն եվրո կոռուպցիայի դեմ պայքարի համար, եթե ապահովվեն կոնկրետ արդյունքներ։

Եվ վերջապես, նպատակային բնութագրերից հինգերորդը, որն անհրաժեշտ է SMART տեխնոլոգիայի ներդրման համար, ժամանակային միջակայքի սահմանումն է (Time-bound-սահմանափակ ժամանակ), որի ավարտին գլխավոր նպատակը պետք է իրականացված լինի, կատարվի առաջադրված խնդիրը։

Իր մյուս առավելություններից բացի, կառավարչական գործունեությունում SMART տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս էապես նվազեցնել հակակոռուպցիոն քաղաքականության հաջող իրագործման կախվածությունն անբարեխիղճ պաշտոնատար անձանցից։ Ավելին, թույլ է տալիս վերհանել հակակոռուպցիոն գործունեության կոնկրետ հատվածի համար պատասխանատու յուրաքանչյուր պետական ծառայողի աշխատանքի արդյունավետությունը։

Հոդվածում շոշափվում է, ըստ իս, առաջադրված խնդիրների միայն որոշ մասը, որոնք անհրաժեշտ են կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության զգալի բարձրացման համար։ Կարծում եմ՝ այն նպատակների իրագործման համար, որոնց պետք է հասնել հակակոռուպցիոն քաղաքականության միջոցով, առաջին հերթին անհրաժեշտ է գիտակցել, որ պայքարը կոռուպցիայի դեմ երկրի ազգային անվտանգության ամրապնդման խնդիր է եւ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարների եւ նրանց թուրք հովանավորների ներկա ագրեսիվ նկրտումները։

Իսկ թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրը՝ ասվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մայիսի 12-ի հայտարարությունում. «Կառավարությունն ունի բավական քաղաքական կամք՝ կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը: Այսուհետ պարբերաբար խոսելու ենք կատարված քայլերի մասին եւ գնահատելու ենք միայն դրանց շատ կոնկրետ արդյունքները»:

Ասվածին կուզենայի ընդամենն ավելացնել անկաշառ անձանցով պետական պաշտոնները փոխարինելու համար խթաններ ստեղծելու անհրաժեշտությունը։

 

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

   ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար,

   «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

 

Հ.Գ. - Համաձայնեք, որ քաղաքական կամքի իրագործման համար հազիվ թե ՀՀ կառավարությանը 15 մլն եվրո պահանջվի, որի հատկացման մասին շատ ինքնատիպ արտահայտվեց Պ.Սվիտալսկին. «Երբ ես ասում եմ, որ Հայաստանի համար կա այդպիսի գումար, դա նշանակում է, որ այն հատկացվել է, բայց միջոցներն առայժմ չեն բաշխվել», հետն էլ ճշտելով, որ եթե արդյունքներ չլինեն, ապա փողը Հայաստանին չի տրվի։