ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ՝ ՆՇԱՆԱԿԵՏ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ

10.05.2016, Հայոց աշխարհ

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո անցած վերջին հինգ շաբաթներին ծավալված իրադարձությունների վերլուծությունը վկայում է Ադրբեջանի եւ ԼՂՀ միջեւ նոր պատերազմի սանձազերծման անխուսափելիության մասին (եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արտակարգ միջոցներ չձեռնարկեն)։

   Ափշերոնյան «բազեներն» արդեն չեն էլ թաքցնում բացառապես ռազմական ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու իրենց մտադրությունները։ Այժմ ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի անմիջապես մերձակայքում, վերջինի տարածքում կենտրոնացված է տանկերի, համազարկային կրակի հրթիռային համակարգերի (PC3O, ՀԿՀՀ), այդ թվում՝ «Սմերչ», 6 միավոր TOC-1A կայանքների, հրետանային ուրիշ համակարգերի մեծ քանակություն, ականանետեր, այլ ռազմատեխնիկա եւ կենդանի ուժ։

   Կան բազմաթիվ վկայություններ եւ փաստեր այն մասին, որ Ադրբեջանի՝ ղարաբաղա-ադրբեջանական դիմակայության երկայնքով տեղակայված զինվորական ստորաբաժանումները հիմնականում համալրված են այդ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից՝ թալիշներից, լեզգիներից, քրդերից, ավարներից, թաթերից, ծախուրներից։ Ի՞նչ է սա նշանակում։ Հանգամանքների պատահական զուգադիպությո՞ւն, համընկնո՞ւմ, թե՞ մանրակրկիտ ծրագրված արյունոտ քաղաքականություն, որը հետապնդում է հեռուն գնացող նպատակներ։

    Ինչի՞ են ուզում հասնել ափշերոնյան քաղաքական գործիչները, որոնք ծրագրել են մոտ ժամանակներս արյունոտ նոր սպանդ սանձազերծել Լեռնային Ղարաբաղի դեմ, որի հնոցը կնետվեն հազարավոր լեզգի, ավար, թալիշ, թաթ, քուրդ նորակոչիկներ։ Հո թուրքական զինված ուժերի հրահանգիչնե՞րը չեն գնալու առաջնագիծ մարտական գործողությունների ժամանակ։ Մի՞թե պաշտոնական Բաքուն կարծում է, թե կկարողանա տոտալ քարոզչության միջոցով իր երկրի էթնիկ փոքրամասնությունների մեջ (որոնց ազգային իրավունքները եւ ազատություններն արդեն քանի տասնամյակ ոտնահարվում են այդ երկրում) մի ինչ-որ հավաքական ինքնության զգացում առաջացնել։

   Ընթերցողը տողերիս հեղինակին կարող է կշտամբել իրավիճակը չափից ավելի դրամատիկացնելու համար։ Ավաղ, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի ադրբեջանական հատվածում ծավալվող իրադարձությունների տրամաբանությունը վկայում է նման սցենարի իրագործման շատ բարձր հավանականության մասին։ Եթե ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ սկսի, դրանք կվերածվեն շատ ավելի մեծ արյունահեղության, քան եղավ վերջին քառօրյա պատերազմի ընթացքում, քանի որ այժմ շփման գծի երկու կողմերում էլ կենտրոնացած են, մի կողմում՝ Ադրբեջանի խոշոր զինված ուժերը, մյուս կողմում՝ համարժեք, ջախջախիչ պատասխան տալու պատրաստ ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերը։

   Ընթերցողներին տեղեկացնելու համար մեջբերում կատարեմ OSTKRAFT վերլուծաբանական կենտրոնի տեղեկանքից. «Փակ տվյալներով, որոնք հնչեցնում են OSTKRAFT վերլուծաբանական կենտրոնի՝ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի աղբյուրները, Ադրբեջանի իրական կորուստները կազմել են մոտ 800 մարդ (նկատի են առնվում քառօրյա պատերազմի ընթացքում կրած կորուստները.- Ա.Գ.)։ Հենց այս կորուստների չափն է ստիպել Ադրբեջանի ղեկավարությանը՝ դադարեցնել ագրեսիան եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»։

   Կարծում ենք, Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ռազմական գործողությունների հնարավոր, չափազանց վտանգավոր հետեւանքների գիտակցումը միայն կօգնի հասկանալ Հայաստանի ղեկավարության վերջին օրերի գործողությունների տրամաբանությունը։

   Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 28-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ, ինչպես լրագրողներին տեղեկացրեց Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, կարեւորել է բանակցությունների վերսկսմանն ուղղված քայլերը։ Առաջին՝ վստահության միջոցների ձեւավորում եւ ղարաբաղա-ադրբեջանական դիմակայության գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում։ Երկրորդ՝ միջազգային հանրության հասցեական հայտարարությունների պահանջվածություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետ կապված։ Երրորդ՝ (միջազգային հանրության- Ա.Գ.) երաշխիքներ, որ Ադրբեջանը չի դիմի նոր ագրեսիայի եւ ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։

   Կարծում եմ, որ յուրաքանչյուր պատասխանատու քաղաքական գործիչ ըմբռնումով եւ հավանությամբ է ընկալել Հայաստանի նախագահի այս կշռադատված եւ կառուցողական հայտարարությունը, որը նա արել է ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմից ընդամենը երեք շաբաթ անց։ Սեփական քաղաքացիների հանդեպ իրականացրած հանցագործությունների (որոնք հանգեցրին Ադրբեջանի ԶՈՒ 800 զինծառայողի կորստին) գիտակցումից ելնելով, թե հասկանալով, որ բանակցային գործընթացի շարունակման համար Հայաստանի նախագահի առաջադրած միանգամայն օբյեկտիվ պայմանները, ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից դրանց ընդունման պարագայում, ի ցույց կդնեն ադրբեջանական իշխանությունների իսկական դեմքը, որոնք արդեն երկրորդ տասնամյակն է՝ ամենօրյա ռեժիմով սադրում են միջադեպեր ԼՂՀ-Ադրբեջան սահմանին՝ հանգեցնելով զոհերի զինվորականների եւ խաղաղ բնակչության շրջանում, ադրբեջանական կողմը դրանք դիմավորեց սվիններով։

   Ավելին, հայկական կողմի առաջադրած պայմանների ընդունումը կնշանակի պետական քաղաքականության մակարդակի բարձրացված ադրբեջանական հայատյաց քարոզչության վերջ։ Երրորդ՝ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիաների չթույլատրման անսասան երաշխիքների հաստատման սպառիչ միջոցների ընդունումը կարող է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը դուրս բերել որակապես նոր մակարդակի, որը կարող է դառնալ առաջին քայլը համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին։

   Ցավոք, Սերժ Սարգսյանի այս բացառիկ ակտուալ նախաձեռնությունը դեռեւս չի արժանացել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համարժեք հրապարակային արձագանքին։ Փոխարենը՝ ադրբեջանական կողմը տիեզերական աղմուկ բարձրացրեց Հայաստանի կառավարության եզրակացության հետ կապված, որն ընդունվել է մայիսի 5-ին «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկման արդյունքներով։

   Չարժե կասկածել, որ յուրաքանչյուր անաչառ քաղաքական գործիչ «կա՞ արդյոք այլընտրանք նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած պայմաններին» հարցին, մեր կարծիքով, կտա միանշանակ պատասխան. հայկական առաջարկությունների ցանկացած այլընտրանք փաստացի կնշանակի քարտ-բլանշ տալ ադրբեջանական իշխանություններին՝ նոր պատերազմ սկսելու համար։

   Թուրքիան, Ադրբեջանին դրդելով ռազմական գործողությունների, հույս ունի վերջապես առնվազն շփման եզր գտնել Ռուսաստանի ղեկավարության հետ, էլ չեմ ասում այն մասին, որ օգտվելով հարավկովկասյան տարածաշրջանում լարվածության խորացումից՝ զգալիորեն ակտիվացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում։ Ավելին, թուրք «բազեներն» ամեն բան կանեն, որպեսզի իրականացվի իրենց վերջնանպատակը. Ռուսաստանին եւ ՀԱՊԿ գծով նրա դաշնակիցներին ներքաշել ՆԱՏՕ-ի հետ ռազմական դիմակայության մեջ։

   Հայաստանի նախագահի կշռադատված առաջարկությունները բանակցային գործընթացի վերսկսման պայմանների մասին փաստորեն չեղյալացման են տանում վտանգավոր այն սցենարները, որոնք փայփայում է Օսմանյան կայսրության վերածննդի բաղձանքով տառապող թուրքական ղեկավարությունը։ Մերօրյա նեոօսմանների այս վտանգավոր նախագծի իրագործումը կարող է պատերազմի եւ քաոսի հորձանուտ ներքաշել ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաեւ Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը, Ռուսաստան-ՆԱՏՕ եւ Ռուսաստան-Եվրոպա ռազմական դիմակայության պարագայում։ Ուստի կարելի է առանց չափազանցության ասել. կրակում են Հայաստանի վրա՝ նշանակետ ունենալով աշխարհը։

   Ավաղ, սա չափազանցություն չէ։

 

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր