ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ՞ ՌՈԳՈԶԻՆԸ

Եթե Ադրբեջանին վաճառված զենքն ուղղվի ՌԴ-ի դեմ

09.04.2016, Հայոց աշխարհ

Ապրիլի 16-17-ը Ռեյնլանդ-Պֆալց երկրի Լայնսվայլեր կոմունայում Բունդեստագը,Գերմանիայի արտգործնախարարության օժանդակությամբ, անցկացնելու է խորհրդարանական աշխատաժողով «ԵԱՀԿ ԽՎ եւ նրա անդամների հնարավորությունները, մասնավորապես ձգձգվող հակամարտությունների լուծմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերում իրենց ավանդը ներդնելու ուղղությամբ» խորագրով։

ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Իլկկա Կաներվայի եւ ԵԱՀԿ ԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Դորիս Բուրնեթի հրավերով աշխատաժողովի աշխատանքներին մասնակցելու է այդ կազմակերպությունում ԱԺ պատվիրակության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։

Մեր թղթակիցը հետաքրքրվեց Ա.Գեղամյանից՝ հատկապես ի՞նչ շեշտադրումներ են լինելու նրա ելույթում։

 -Նախեւառաջ պարտքս եմ համարում ԵԱՀԿ գործընկերներիս, հատկապես ԳԴՀ-ի (որը 2016թ. նախագահելու է այդ կազմակերպությունում), զգուշացնել այն վտանգավոր իրողության մասին, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինուժում լայնորեն ընդգրկված են «Իսլամական պետության» արյունարբու ահաբեկիչները։

Արդեն իսկ փաստացի բազում վկայություններ կան առ այն, որ ապրիլի 3-ին եւ 4-ին ԻՊ-ի կողմից «մայրաքաղաք» հռչակված սիրիական Ռաքա քաղաքից 60-70 ադրբեջանցի զինյալներ Թուրքիայով վերադարձել են Ադրբեջան եւ ներկայումս համալրել են ադրբեջանա-ղարաբաղյան ռազմական գործողությունների գոտում գործող ադրբեջանական զինուժը (http://news2.ru/story/490905/), (http://lifenews.ru/news/194789), (http://regnum.ru/news/2111403)։

Այդ պարագայում պատկերացրեք, որ նրանք կռվելու են նաեւ Ռուսաստանից գնված զենքով։ Եվ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ադրբեջանական ահաբեկիչները, ճիշտ այդ նույն զենքով զինված, հատկապես հրադադարի պահպանման պայմաններում, կրկին չեն վերադառնա Սիրիայում եւ Իրաքում կռվող ԻՊ-ի շարքերը։

Այստեղ է, որ Ռուսաստանի՝ Ադրբեջանին վաճառված զենքը կարող է ուղղվել ՌԴ-ի զինուժի դեմ, որ, կարծես թե, բեկում մտցրեց միջազգային ահաբեկիչների դեմ մահու-կենաց պատերազմում։

Երեւույթ, որ բացառել երբեք չի կարելի, առավել եւս՝ հաշվի առնելով ՌԴ-Թուրքիա մերօրյա լարված հարաբերությունները։ Դեպքերի նման զարգացումներում թե ի՞նչ բացատրություններ կտա ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, դա քննարկման առանձին թեմա է։

Խմբագրության կողմից. երեկ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, թե Ռուսաստանը շարունակելու է Ադրբեջանին զենքի մատակարարումը՝ համաձայն կնքված պայմանագրերի։

Արտաշես Գեղամյանի հետ հարցազրույցը ամբողջությամբ կարդացեք մեր առաջիկա համարում։